Օսրոյենե, արամեական (ասորական) հելլենիստական տիպի պետություն Հյուսիսային Միջագետքում՝ Եդեսիա մայրաքաղաքով (մ.թ.ա. 132-մ.թ. 216)։ Հիմնական բնակիչները եղել են ասորիները, բնակվել են նաև հայերը, պարթևները, արաբները և հրեաները։

Իշխող գահատոհմի ներկայացուցիչների մեծ մասը կրել են Աբգար անունը։ Ասորական «Ադդայի վարդապետություն» երկի հայերեն հին թարգմանության մեջ Եդեսիայի թագավորությունը (Օսրոյենե) հայկական է համարվում։ Մովես Խորենացին հենվելով այդ թարգմանության, հավանաբար նաև այլ աղբյուրների վրա, Աբգար Ե-ին, ինչպես նաև Օսրոյենեի արքայատան մյուս ներկայացուցիչներին հայ է համարել, բացի այդ պնդել, որ Աբգար Ե-ն ազգակցական կապ է ունեցել հայոց Սանատրուկ թագավորի հետ։

Այլ աղբյուրներ ենթադրում են, թե արքայատունը արաբական ծագում է ունեցել, սակայն հետո արամեացել է։

Տիգրան Բ և Սանատրուկ թագավորների օրոք Օսրոյենեն ժամանակավորապես մտել է Հայաստանի կազմի մեջ։

Աբգար Ա-ին հաջորդած Աբգար Բ-ն Հռոմի եւ Պարթևստանի միջև ծագած պատերազմում աջակցում էր հռոմեացիներին։ Հռոմեական աղբյուրները պնդում են, որ Ք.ա․ 54 թվականին սկսված պատերազմում հենց Աբգար Բ-ն է հիմնական պատճառը դարձել, որ Կրասոսը ծանր պարթություն է կրել պարթևներից։ Հայոց արքա Արտավազդ Բ-ն հռոմեացիներին հորդորել է շարժվել Հայաստանի տարածքով, սակայն Աբգար Բ-ն պնդել է, թե շատ ավելի շահավետ եւ արդյունավետ կլինի, եթե հռոմեական բանակն անցնի անմարդաբնակ Միջագետքով։ Լսելով Աբգարին Կրասոսն ընկնում է պաշարման մեջ եւ ծանր պարտություն կրում։ Հաղթանակից հետո պարթեւների թագավաորի հրամանով Աբգար Բ-ն գլխատվում է։

Արևելաքրիստոնեական, այդ թվում՝ հայկական եկեղեցական ավանդությունը պնդում է, որ Օսրոյենեի՝ մ.թ. I դ. առաջին կեսին ապրած Աբգար V Ուքքաման («Սև») պատմության մեջ քրիստոնեություն ընդունած առաջին թագավորն էր, ընդ որում նա, Հիսուսին Աստծո որդի է ճանաչել դեռևս նրա կենդանության օրոք։

Որոշ գիտնականներ, որեւէ ապացույց չպերելով, անելով միայն ենթադրություններ, նշում են, թե իբր խոսքը ոչ թե Աբգար Ե-ի, այլ Աբգար VIII Մեծ-ի մասին է (177-212) թագավորի մասին է։

216-ին Կարակալլա կայսրը կործանել է Օսրոյենեի թագավորությունը և այն դարձրել հռոմեական նահանգ։ Այնուհետեւ Օսրոյենեն որպես պետություն այլեւս գոյություն չի ունեցել։

Օսրոյենեի արքաներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օսրոյենե» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 570