Բացել գլխավոր ցանկը
Արշակավանի մոտակայքում գտնվող ժամանակակից թուրքական Բայազեթ քաղաքը
Արշակավանի բերդը

Արշակավան, պատմական քաղաք Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոգովիտ գավառում «ի թիկնաց լերինն Մասեաց», հնում գործող Թավրիզ - Դարոյնք - Կարին (Էրզրում), Տրապիզոն քարավանային տարանցիկ ճանապարհի վրա (այժմ Թուրքիայի տարածքում)։ Հիմնադրվել է Արշակ Բ արքայի կողմից 350-ական թթ.։ Քաղաքը բնակեցնելու համար Արշակ Բ հրովարտակ արձակեց, որի համաձայն այնտեղ կարող էին ապաստան գտնել տերերից փախած ծառաները, պարտապանները, օրինազանցները և բոլոր նրանք, ովքեր ենթակա են հետապնդման ու հալածանքի։ Քաղաքում բնակվողներին տրվեցին արտոնություններ՝ ինչի հետևանքով այն սկսվեց արագորեն համալրվել բնակչությամբ, հատկապես շրջակա գավառներից։ Ըստ հայ պատմիչ Փավստոս Բյուզանդի չափազանցված տվյալների քաղաքն ունեցել է 20,000 ծուխ[1]։ Քաղաքում կառուցվում է արքայի ապարանքը, սկսվում է մայր եկեղեցու շինարարությունը։

Թադևոս Հակոբյանի կարծիքով, «նոր մայրաքաղաքի հիմնադրմամբ Հայոց արքան ձգտում էր ա) նրա բնակչությանը որոշ արտոնություններ տալով նախարարների դեմ մղվող պայքարում նրան դարձնել իր հենարանը բ) նախարարներին ենթակա շինականների հաշվին մեծացնել պետական հարկատու բնակիչների թիվը դ) շինականներին ու «ծառաներին» տրվող արտոնություններն օգտագործել սուր բնույթ ստացած դասակարգային ներհակություններն առժամանակ մեղմացնելու համար»[2]։

Արշակավանի բնակեցման եղանակը չէր կարող դուր գալ հայ նախարարներին և, հատկապես, նրանց, որոնց տիրություներն անմիջականորեն սահմանակից էին քաղաքին։ Դժգոհ էր Արշակավանի հիմնադրումից և հոգևորականությունը՝ Ներսես Ա Մեծ կաթողիկոսի գլխավորությամբ, որին հատկապես մտահոգում էին քաղաքում տիրող ազատ բարքերը։

Արշակավանի մասին պատմող հայ պատմիչներ Փավստոս Բյուզանդը և Մովսես Խորենացին իրար հակասող տեղեկություններ են տալիս Արշակավանի կործանման մասին։ Ըստ Բյուզանդի Արշակավանը բնակչությունից դատարկվել է Աստծո կողմից, որպես պատիժ ուղարկված համաճարակի հետևանքով[1]։ Պատմահոր վկայությամբ, սակայն, քաղաքը ոչնչացրել են ըմբոստ նախարարների միացյալ ուժերը[3]։

ՀղումներԽմբագրել

  1. 1,0 1,1 Փավստոս Բյուզանդ, Հայոց պատմություն, գիրք Դ, գլուխ ԺԳ
  2. Թադևոս Հակոբյան, Պատմական Հայաստանի քաղաքները, էջ 69-70
  3. «Եւ նախարարացն Հայոց ժողովեալ՝ դիմեցին ի վերայ արքունական ձեռնակերտին Արշակաւանի, և մարին գնա սրով սուսերի յառնէ մինչև ցկին, բայց ի տղայոց ստնդիացած. քանզի դառնացեալք էին իւրաքանչիւր ի վերայ ծառայից իւրեանց և յանցաւորաց», Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, գիրք Գ, գլուխ ԻԷ

Արտաքին հղումներԽմբագրել