Շահաստան, Շահրաստան (պհլ․ sahr — քաղաք և stan — տեղ), միջնաբերդի շուրջ կամ առջև տարածվող քաղաքահատվածի (բուն քաղաք) անվանումը Հայաստանում, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի երկրներում։ Հայկական քաղաքներում (Անի, Դվին, Կարս, Մանազկերտ, Կարին, Վան և այլն)։ Շահաստանը սովորաբար պարսպապատվել է (երբեմն՝ անպարիսպ, օրինակ՝ Արծնը)։ Շահաստանը եղել է քաղաքի գործարար կենտրոնը, ունեցել խիտ կառուցապատում։ Այդտեղ են գտնվել շուկաները, առևտրական տները, արհեստանոցները, հյուրատները, քաղաքի աշխարհիկ և հոգևոր ավատատերերի, պաշտոնյաների, առևտրա վաշխառուական վերնախավի, մասամբ նաև արհեստավորների և մանր առևտրականների տները։ Չքավոր բնակչության թաղամասերը գտնվել են Շահաստանից և քաղաքի պարիսպներից դուրս՝ կազմելով քաղաքի երրորդ՝ արվարձանային, հատվածը։ Շահաստան հասկացությունն օգտագործվել է նաև ընդհանրապես առևտրական-արհեստավորական խոշոր կենտրոն (քաղաք) իմաստով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 419 CC-BY-SA-icon-80x15.png