Դարանաղի

Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի գավառ

Դարանաղի, Աղյաց գավառ, Դարալիստե, Դարանա, Դարանալիս, Դարանաղ, Դարանաղե, Դարանաղիկ, Դարանաղիք, Դարանաղյաց աշխարհ, Դարանաղյաց գավառ, Դարանաղյաց երկիր, Դարանաղյաք, Դարանիսա, Դարյաց գավառ, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհում[1]։ Համապատասխանում է ուշ ժամանակների Կամախին (Քեմախ)։ Հայտնի էր իր արգավանդ հողերով և հանքային ջրերով։

Անվանում խմբագրել

Լատիներեն աղբյուրներում նույնացված է Անալիբլայի հետ, որը համարվում է 7-րդ դարի «Աշխարհացույց»-ի Աղյուն կամ Առյուծ գավառը։ Հարուստ էր աղահանքներով, որի պատճառով էլ նրա անունը սովորաբար կապում են աղի հետ։

Աշխարհագրություն խմբագրել

Տարածվում էր Արևմտյան Եփրատի հովտում։ Հնում մտնում էր Ստրաբոնի հիշատակած Ակիլեսենեի (հետագայում՝ Եկեղեցյաց գավառ) կազմի մեջ։

Իր տարածքով համապատասխանում է այժմյան Թուրքիայի Կամախի շրջանին, գտնվում էր Երզնկայից հարավ-արևմուտք։ Հրաբխային սարահարթ է, ունի սառնորակ աղբյուրներ, հարուստ է հանքային ջրերով։ Պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են Թորդան գյուղը և Անի ամրոցը։

Գավառի կենտրոնը Անի ավանն էր՝ Արևմտյան Եփրատի առ ափին, որի մոտ էր գտնվում Կամախը՝ նույն գետի ձախ ափին։ Մյուս պատմական վայրերից են Սեպուհ լեռը, Մանյա այրքը և Թորդան ավանը։

Պատմություն խմբագրել

Հայ պատմագիրներից Դարանաղիի գավառը առաջին անգամ հիշատակում է Փավստոս Բուզանդը, ով այդ Եկեղեցյաց գավառները համարել է Լուսավորչի տոհմի սեփականությունը։

Հեթանոսության շրջանում Դարանաղի գավառը կրոնական մեծ կենտրոն էր․ այստեղ էին գտնվում (Անի ամրոցում) Արամազդ աստծո մեհյանը, Արշակունի թագավորների պանթեոնը[2]։ Ըստ Փավստոս Բյուզանդի, 4-րդ դարի 2-րդ կեսին՝ 360 թվականին, երբ Սասանյան Շապուհ II արքայի զորքերն ավերել են Արշակունյաց դամբարանը, նրանք միայն չեն կարողացել քանդել Սանատրուկի շիրիմը Դարանաղյաց Անի բերդում՝ Արշակունիների հանգստարանում, որը «հսկայաշեն, հաստապինդ և ճարտարագործ կառուցվածք էր»[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեծ Հայքի վարչական բաժանումը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988։
  3. Հայ ժողովրդի պատմություն, հատոր1, գլուխ երեսուներորդ, Հայաստանի քաղաքական վիճակը մ․ թ․ II դարում. էջեր 766–767.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 311