1930-ականների բռնաճնշում
1930-ականների բռնաճնշումները Խորհրդային միությունում ճնշման միջոցների շարան էր 1930-1940-ական թվականներին։ 1936-1938 թվականներին «Մեծ զտումն» հասել է իր գագաթնակետին՝ ունենալով ավելի մեծ զոհեր և ավելի խիստ պատիժներ և իր շրջանակում ներառել Խորհրդային Միության ամբողջ բնակչության քան Խորհրդային Միության այլ «զտումները»[1]։
1930-ականների բռնաճնշումները Հայաստանում
խմբագրել1930-1940-ական թվականններերին Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում չկար մի կոմունիստ կամ մի մարդ, որն իրեն ապահով զգար կոմունիստական կուսակցությունից վտարման, աքսորման, ձերբակալման կամ մահի դիմաց։ Խորհրդային Հայաստանում «Մեծ զտումն» սկսվեց 35-ամյա Հայաստանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի ձերբակալումով և սպանությունով, որը տեղի ունեցավ 1936 թվականի հուլիսի 9-ին Թիֆլիսում[1][2]։ Դրանից հետո բռնությունները ծավալվեցին, 1937 թվականի սեպտեմբերի 15-21-ի շաբաթվա մեջ հասնելով գագաթնակետին, երբ զանգվածային ձերբակալումները բանտերը հեղեղեցին։ Ամենալուրջ մեղադրանքները և բազում մահապատիժներ ներկայացվեցին 1937 թ.-ի դեկտեմբերին։ 1938 թվականի հունվարից հոսանքը շուռ եկավ և «զտիչների զտումն» սկսվեց, որը տևեց մինչև 1939 թվականի փետրվարը։
Թեև Հայաստանում տարբեր բնույթի մեղադրանքներ էին ներկայացվում, ներկայացրած մեղադրանքների զգալի մասը «ազգայնականությունն» էր։ 1926 թվականին որոշում էր ընդունվել այն մասին, որ եկեղեցին հրաժարվի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ը նշելուց։ Մինչև 1937 թվականի վերջը Հայաստանում փակվել էր շուրջ 800 եկեղեցի։ 1930–1938 թվականներին բռնություն էր գործադրվել 164 հոգևորականի նկատմամբ, որոնցից 91-ը գնդակահարվել էին։ Իսկ ՀԿԿ Կենտկոմը 1938 թվի օգոստոսի 4-ին որոշում ընդունեց Էջմիածնի վանքը փակելու և հայ հոգևորականության համազգային կենտրոնը՝ Էջմիածնի կաթողիկոսությունը վերացնելու մասին[2]։
1920-1930-ական թվականներին Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների է ենթարկվել 18.315 մարդ, որից 4585-ը գնդակահարվել է։ Խորհրդային մեկ այլ աղբյուրի համաձայն, 1937 թվին 854 ուսուցիչ աշխատանքից ազատ են արձակվել, իսկ 448-ը ստաժավորվել են։ Ըստ մեկ արտագաղթողի զեկույցի, Գառնի գյուղի չափահաս բնակչության 18%-ը մեկ գիշերում ձերբակալվել է[1]։ Միայն 1930-1938 թվականներին Խորհրդային Հայաստանում ձերբակալվել է 14.904 մարդ, որից 4531-ի համար ընդունվել է գնդակահարության որոշում[2]։
Ստալինյան բռնաճնշումների հետևանքով սպանված նշանավոր հայեր
խմբագրել- Աբրահամ Գուլոյան (1893–1938 թթ.), ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ, Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, խորհրդային պետական, կուսակցական գործիչ։
- Ալեքսանդր Բեկզադյան (1879–1939 թթ.), Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, ԽՍՀՄ դեսպան Նորվեգիայում և Հունգարիայում, խորհրդային հեղափոխական, պետական գործիչ, իրավաբանության դոկտոր։
- Ակսել Բակունց (1899–1937 թթ.), գրող, արձակագիր, գրականագետ, թարգմանիչ, կինոսցենարիստ, գյուղատնտես։
- Աղասի Գալոյան (1899–1938 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուսակցական հանձնաժողովի քարտուղար, ՀամԿ(բ)Կ Անդրֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի անդամ, ՀԿ(բ)Կ Կենտկոմի Բյուրոյի անդամ։
- Աղասի Խանջյան (1901–1936 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, Խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ԽՄԿԿ անդամ։
- Անդրեյ Մելիք–Շահնազարով (1887–1937 թթ.), Հայկական հրաձգային դիվիզիայի հրամանատար, Ալեքսանդրապոլի կայազորի առաջին հեծելազորային գնդի հրամանատար, ռազմական գործիչ, գնդապետ։
- Աշխարհբեկ Քալանթար (1884–1942 թթ.), Հայաստանի Կրթության և Մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանության բաժնի հիմնադիր-տնօրեն, ՀԽՍՀ Հնությունների պահպանության կոմիտեի գիտական քարտուղար, ԵՊՀ Հին Արևելքի պատմության և Հնագիտության ամբիոնների հիմնադիր, հայագետ, հնագետ, պատմաբան, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1938-1942 թթ.՝ 4 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ անազատության մեջ։
- Աստվածատուր (Ասատուր) Խաչատրյան (1862–1938 թթ.) – ՀԽՍՀ Գիտությունների և Արվեստի ինստիտուտի անդամ, պատմագիտության պրոֆեսոր, հայտնի քրդագետ։
- Արամայիս Երզնկյան (1879–1938 թթ.), Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Հայաստանի Օգնության կոմիտեի առաջին նախագահ, պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ։
- Արխա Զորիկ (Զոհրապ Գասպարի Մամիկոնյան 1870–1937 թթ.) – Հայ ազգային – ազատագրական պայքարի նշանավոր գործիչ, ՀՅԴ անդամ, ֆիդայի։ 1936 թվականին աքսորվել է ՌԽՖՍՀ Ալթայի երկրամաս։ 1937 թվականին մահացել է աքսորավայրում։
- Արմենակ Խանփերյանց (1902–1950 թթ.), ԽՍՀՄ ավիացիայի մարշալ, Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ։
- Արմենակ Հովսեփյան (1882–1937 թթ.), ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ դատախազի տեղակալ, ՀԽՍՀ թեթև արդյունաբերության, այնուհետև՝ արդարադատության Ժողկոմ։
- Արշակ Շիրինյան (1883–1920 թթ.) – Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, ՀՅԴ անդամ, հայ քաղաքական գործիչ։ Դավադրաբար ձերբակալվել և սպանվել է Գորիսի բանտում տեղի կոմունիստների կողմից։
- Արշակ Տոնյան (1888–1942 թթ.) – ԵՊՀ Բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, ԵՊՀ Տեխնիկական, այնուհետև՝ Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետների դեկան, մաթեմատիկոս, մանկավարժ։ Բռնադատվել է 1937-1942 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Վախճանվել է աքսորավայրում։
- Արշավիր Մելիքյան (1879–1937 թթ.), Հայաստանի հանրապետության խորհրդարանի անդամ, ՌՍԴԲԿ անդամ, ՀԿ(բ)Կ անդամ, հեղափոխական, կուսակցական գործիչ, փիլիսոփայության պրոֆեսոր, մանկավարժ, հրապարակախոս։
- Արսեն Եսայան (1898–1938 թթ.), ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, Հայաստանի Օգնության կոմիտեի նախագահ, ԽՄԿԿ անդամ, կուսակցական, պետական գործիչ։
- Արտակ եպիսկոպոս Սմբատյանց (1876–1937 թթ.), տարբեր ժամանակներում Շիրակի, Սյունյաց, Վիրահայոց և Արարատյան թեմերի առաջնորդ։
- Արտաշես Գևորգյան (1894–1937 թթ.), Հայ վրիժառու, Ջեմալ փաշային ահաբեկողը։ Գնդակահարվել է Ջեմալ փաշային սպանելու մեղադրանքով։
- Բագրատ Բորյան (1882–1938 թթ.) – ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, ԽՄԿԿ անդամ, ՌՍԴԲԿ Բաքվի կոմունայի անդամ, Սաբունչի-Բալախանիի շրջանի կարմիր գվարդիայի հրամանատար։ Գրել է «Հայաստանը, միջազգային դիվանագիտությունը և ԽՍՀՄ-ը» երկհատոր նշանակալից պատմագիտական աշխատությունը։
- Բագրատ Վարդազարյան (1869–1938 թթ.) – Արքեպիսկոպոս, իրավաբան։
- Գայ (Հայկ Բժշկյանց) (1887–1937 թթ.), Հայկական 6–րդ կամավորական գնդի հրամանատար, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի հերոս, ՀԽՍՀ ժողկոմ, կորպուսի հրամանատար, գեներալ–գնդապետ։
- Գարեգին Նժդեհ (Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան 1886–1955 թթ.) – Լեռնահայաստանի սպարապետ, ռազմական, քաղաքական և պետական գործիչ, գնդապետ, հրապարակախոս, փիլիսոփա։
- Գրիգորի Եվանգուլով (1871–1938 թթ.) – Հայ ականավոր իրավաբան, Ռուսաստանի պետական խորհրդի օրինականության գծով ստատ-քարտուղարի օգնական, Ռուսական կայսրության մի շարք օրենքների նախագծերի հեղինակ։
- Գուրգեն Էդիլյան (1885–1942 թթ.) – ԵՊՀ Մանկավարժական ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մանկավարժ, հոգեբան, հասարակական գործիչ, մի շարք մանկավարժական և հոգեբանական գրքերի հեղինակ։ Ձերբակալվել է 1936 թվականին։ Դատապարտվել է 10 տարվա ազատազրկման։ 1936-1942 թվականներին լինելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում՝ վախճանվել է 1942 թվականին Սիբիրյան աքսորավայրում։
- Գրիգոր Ջաղեթյան (1885–1938 թթ.), Հայաստանի հանրապետության ֆինանսների նախարար, ՀԽՍՀ Պետական բանկի կառավարիչ, ՀՅԴ անդամ, ֆինանսիստ, հասարակական, պետական գործիչ։
- Գուրգեն Վանանդեցի (1898–1937 թթ.), գրականագետ, դասախոս։
- Գևորգ Ալիխանյան (1897–1937 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, պետական, կուսակցական գործիչ։
- Գևորգ Հանեսօղլյան (1891–1937 թթ.) – ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահ, ՀԽՍՀ Ժողտնտխորհի նախագահ, Հայաստանի Արհմիությունների խորհրդի նախագահ, ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի քարտուղար, ԽՄԿԿ անդամ, պետական, կուսակցական աշխատող։
- Դանուշ Շահվերդյան (1882–1941 թթ.), ՀԽՍՀ դատախազ, պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ, բոլշևիկյան հեղափոխական շարժման մասնակից։
- Դավիթ Անանուն (Տեր-Դանիելյան 1879–1942 թթ.) – ՍԴ Հնչակյան կուսակցության, այնուհետև՝ ՀՅԴ, 1905 թվականից՝ Հայ սոցիալ-դեմոկրատական բանվորական կազմակերպության (Սպեցիֆիկներ) անդամ, Երևանի հեղափոխության թանգարանի տնօրեն, հայ հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ Մի քանի պատմագիտական գրքերի հեղինակ։ Առավել արժեքավոր է նրա «Ռուսահայերի հասարակական զարգացումը» եռահատոր աշխատությունը։
- Դրաստամատ Տեր–Սիմոնյան (1895–1937 թթ.), ՌՍԴԲԿ անդամ, Հայաստանի գրողների միության նախագահ, կուսակցական, պետական գործիչ, լրագրող, հրապարակախոս։
- Եղիա Չուբար (1898–1937 թթ.), լրագրող, կինոսցենարիստ, հրապարակախոս, խմբագիր, գրական–հասարակական գործիչ։
- Եղիշե Չարենց (1897–1937 թթ.), Հանճարեղ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրատարակիչ։
- Երվանդ Խոջամիրյան (1889–1938 թթ.), ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ պետական գործիչ, ՀԿ(բ)Կ անդամ, ՀԽՍՀ մասնագիտական կրթության գլխավոր վարչության պետ, ՀԽՍՀ Բանգյուղտեսչության և լուսավորության ժողկոմի տեղակալ, բոլշևիկյան հեղափոխական շարժման մասնակից։
- Զապել Եսայան (1878–1943 թթ.), Հայ ականավոր արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ԵՊՀ դասախոս։ Մահացել է աքսսորավայրում։
- Էդվարդ Չոփուրյան (1894–1938 թթ.) – Հայկական ԽՍՀ պետական հրատարակչության տնօրեն, ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ, լրագրող-պոլիգրաֆիստ։
- Թադևոս Ավդալբեգյան (1885–1937 թթ.), տնտեսագետ, հայագետ, գրականագետ, պատմաբան, բառարանագիր, հրապարակախոս։
- Թևան Ստեփանյան (1892–1941 թթ.), պետական, ռազմական գործիչ, խմբապետ, ՀՅԴ անդամ։
- Իսահակ եպիսկոպոս Տեր–Միքայելյան (1868–1938 թթ.), Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ, եպիսկոպոս։
- Լևոն Արիսյան (1903–1938 թթ.), ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, պետական, կուսակցական գործիչ, մանկավարժ, փիլիսոփա։
- Լևոն Կարախան (1889–1937 թթ.), ԽՍՀՄ արտաքին գործերի Ժողկոմի տեղակալ, ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում, պետական գործիչ, դիվանագետ, ՌՍԴԲԿ անդամ։
- Խոսրով Հեքիմյան (1875–1937 թթ.), բժիշկ, վիրաբույժ։
- Խորեն Ա Մուրադբեկյան (1873–1938 թթ.), Ամենայն հայոց կաթողիկոս, մանկավարժ։
- Խորեն Աբրահամյան (1900–1937 թթ.), ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Կենտրոնական Գործկոմի անդամ, Հայկական 76–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար։
- Կարեն Միքայելյան (1883–1942 թթ.), արձակագիր, թարգմանիչ, փիլիսոփա։
- Հակոբ Աթոյան (1895–1937 թթ.), ՀԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Կենտրոնական Գործադիր կոմիտեների անդամ, Հայկական 76–րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ, գեներալ–մայոր։
- Հակոբ Զորյան (1894–1942 թթ.), ԵՊՀ Պատմության ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, Հայաստանի հանրային գրադարանի տնօրեն, ականավոր պատմաբան, տնտեսագետ, Փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր, «Նեմեսիս» գործողության մասնակից։
- Հակոբ Հովհաննիսյան (1875–1941 թթ.) – ՀԽՍՀ ԳԱ Հայկական մասնաճյուղի Կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Երևանի պետական բժշկական համալսարանի Կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
- Համազասպ Սրվանձտյանց (1873–1921 թթ.) – Հայկական կամավորական 3–րդ գնդի հրամանատար, Բաքվի Կոմունայի Հայկական բրիգադի հրամանատար, հայ ազգային–ազատագրական պայքարի գործիչ, խմբապետ, ՀՅԴ անդամ։
- Հայկ Հովսեփյան (1891–1937 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ռազմական գործիչ, Հայկական 76–րդ լեռնահրաձգային դիվիզիայի կոմիսար և քաղբաժնի պետ։
- Հայկազ Կոստանյան (1898–1938 թթ.), ՀԿ(բ)Կ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար, կուսակցական, պետական գործիչ։
- Հարություն Միրզա–Ավագյան (1879–1938 թթ.), Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, Երևանի պետական համալսարանի Բժշկական ֆակուլտետի Անատոմիայի և վիրաբուժության ամբիոնի վարիչ, Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 2, այնուհետև` հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ, բժիշկ, վիրաբույժ, պրոֆեսոր։
- Հովհաննես Հախվերդյան (Իվան Ախվերդով 1873–1931 թթ.), Հայաստանի հանրապետության ռազմական նախարար, գեներալ–լեյտենանտ։
- Հովհաննես Հակոբյան (1876–1937 թթ.), Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամ, Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչ, ՀԽՍՀ Պատմության և գրականության ինստիտուտի անդամ, պատմագիտության պրոֆեսոր, հրապարակախոս, խմբագիր, մի շարք պատմագիտական գրքերի հեղինակ։
- Հովհաննես Քաջազնունի (1867–1938 թթ.), ՀՅԴ անդամ, Կովկասի քաղաքների միության Հայկական խորհրդի անդամ, Անդրկովկասյան սեյմի անդամ, Հայաստանի Առաջին հանրապետության վարչապետ, այնուհետև՝ պառլամենտի նախագահի տեղակալ, ճարտարապետ, պրոֆեսոր։ Նրա ճարտարապետական նախագծերով Անդրկովկասում, այդ թվում՝ Հայաստանում կառուցվել են մի շարք շենքեր։
- Հովսեփ Տեր–Աստվածատրյան (Իոսիֆ Տեր-Աստվածատուրով 1886–1937 թթ.) – Հայաստանի ջրային տնտեսության վարչության գլխավոր ճարտարագետ, այնուհետև՝ պետ, ջրաէներգետիկ, Հայաստանում ջրատեխնիկայի և ջրաէներգետիկայի հիմնադիրներից։
- Հրանտ Գալիկյան (1889–1938 թթ.), ՀԽՍՀ Գերագույն դատարանի նախագահի, այնուհետև՝ դատախազի տեղակալ, ՍԴ Հնչակյան կուսակցության անդամ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի դեկան, պետական աշխատող, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան, պրոֆեսոր, լրագրող, խմբագիր։
- Հուսիկ Պողոսյան (1886–1937 թթ.), քիմիկոս, ինժեներ–տեխնոլոգ, Երևանի Պոլիտեխնիկական համալսարանի քիմիական ֆակուլտետի դեկան։
- Միսաք Էփրիկյան (1892–1938 թթ.) – Հայպետհրատի, ապա՝ Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն, խորհրդահայ հրատարակիչ, խմբագիր։
- Միքայել Ենգիբարյան (1902–1937 թթ.), ԵՊՀ ռեկտոր, ՀԿ(բ)Կ անդամ, կուսակցական–պետական գործիչ։
- Մկրտիչ Ջանան (1892–1938 թթ.), դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ։
- Մովսես Սիլիկյան (Մոիսեյ Սիլիկով 1862–1937 թթ.), Ռուսական բանակի գեներալ–մայոր, ռազմական գործիչ։
- Ներսիկ Ստեփանյան (1898–1937 թթ.), ՀԽՍՀ Լուսավորության ժողկոմ, ԽՄԿԿ անդամ, տնտեսագետ, կուսակցական գործիչ, պրոֆեսոր։
- Նիկոլայ Ավշարով (18…–1937 թթ.) – Անդրկովկասյան զինվորական շրջանի բժշկա-սանիտարական վարչության պետ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ։
- Նիկոլայ Ղորղանյան (Կորգանով 1878–1921 թթ.) – Հայաստանի առաջին հանրապետության դերակալ գեներալ, հայ ազգային–ազատագրական պայքարի գործիչ։
- Նշան Մակինց (1896–1938 թթ.) – ՀԽՍՀ պետական հրատարակչության, այնուհետև՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուսակցական հրատարակչության տնօրեն, հրատարակիչ։
- Շավարշ Բասենցյան (1874–1937 թթ.), խմբապետ, հայ ազատագրական շարժման գործիչ։
- Չոլո (Հարություն Աբրահամյան 1878–1937 թթ.), ՀՅԴ անդամ, ֆիդայի, հայ ազատագրական շարժման գործիչ։ Բռնադատվել է 1937 թվականին։ Հինգ ամիս գտնվելով Թալինի բանտում՝ ենթարկվել է անմարդկային կտտանքների։ Մահացել է բանտում։
- Պապա Քալանթարյան (1887–1942 թթ.) – ՀԽՍՀ Հողագործության Ժողկոմի տեղակալ, Երևանի պետական համալսարանի հիմնադիրներից, ԵՊՀ Գյուղատնտեսական ֆակուլտետի առաջին դեկան, Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի պրոռեկտոր, ՀԽՍՀ Ագրոհողագիտության գիտահետազոտական կայանի տնօրեն, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ագրոքիմիկոս, մանրէաբան։ Բռնադատվել է 1937-1942 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Վախճանվել է աքսորավայրում։
- Պետիկ Թորոսյան (1899–1938 թթ.), ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահի տեղակալ, ՀԽՍՀ Արդարադատության Ժողկոմ, հանրապետության դատախազ, ԽՄԿԿ անդամ, կուսակցական, պետական աշխատող, իրավաբան։
- Պետրոս Մոճոռյան (1869–1937 թթ.) – ՍԴ Հնչակյան կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի վարչության քարտուղար, Կովկասի կառավարչապետ Գ. Գոլիցինի ահաբեկողներից, գրականագետ։
- Պյոտր Կուզնեցով (Դարբինյան 1895–1938 թթ.) – ԽՄԿԿ անդամ, Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Ժողկոմխորհների և Կենտգործկոմների անդամ, ՀԿ(բ)Կ Կենտկոմի քարտուղար։
- Պողոս Մակինցյան (1884–1938 թթ.), ՀԽՍՀ Ներքին գործերի Ժողկոմ, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի Անդրկովկասյան մասնաճյուղի գիտքարտուղար, ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, գրականագետ, թարգմանիչ, հրապարակախոս։
- Ռուբեն Դաշտոյան (1879–1937 թթ.), ԽՍՀՄ և Անդրերկրկոմի Կենտգործկոմի անդամ, ԽՄԿԿ անդամ, հեղափոխական, կուսակցական գործիչ։
- Ռուբեն Քալանթարյան (1896–1937 թթ.) – ՀՅԴ անդամ, գյուղատնտես, մեղվաբույծ։
- Սահակ Թորոսյան (1884–1937 թթ.) – ՀՅԴ Արևելյան բյուրոյի անդամ, Հայաստանի առաջին հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստանի հանրապետության խորհրդարանում ՀՅԴ խմբակցության նախագահ։
- Սահակ Տեր–Գաբրիելյան (1886–1937 թթ.), ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ, Հայ Հեղկոմի և ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ լիազոր ներկայացուցիչ Խորհրդային Ռուսաստանում։
- Սարգիս Աբովյան (1869–1942 թթ.) – ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, ՀԽՍՀ Հողժողկոմի տեղակալ, Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի տնօրեն, Երևանի պետական համալսարանի Գյուղատնտեսական ֆակուլտետի դեկան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1937-1942 թթ.՝ 5 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Վախճանվել է աքսորավայրում։
- Սարգիս Լուկաշին (1883–1937 թթ.), ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ, կուսակցական–պետական գործիչ։
- Սարգիս (Սերգո) Խանոյան (1877–1937 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ Ֆինանսների ժողկոմ, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ, Անդրֆեդերացիայի Արդարադատության Ժողկոմ, ՀԽՍՀ դատախազ, Հայաստանի Օգնության կոմիտեի նախագահ, քաղաքական, պետական, կուսակցական գործիչ, լրագրող, խմբագիր։
- Սարգիս Կասյան (1876–1937 թթ.), Հայ Հեղկոմի նախագահ, ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի Կենտրոնական գործադիր կոմիտեների նախագահ, ՀԿ(բ)Կ անդամ, կուսակցական–պետական գործիչ։
- Սենեքերիմ Տեր–Հակոբյան (1881–1938 թթ.), Էջմիածնի Մատենադարանի տնօրեն, բանասեր, մանկավարժ։
- Սիմեոն Հակոբյան (1880–1942 թթ.), Երևանի պետական համալսարանի Պատմագրական ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, պրոֆեսոր, խմբագիր։ Գրականագիտական մի շարք գրքերի հեղինակ է։
- Սիրական Տիգրանյան (1875–1947 թթ.), Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար, ՀՅԴ անդամ, հասարակական, քաղաքական գործիչ, իրավաբան։
- Սպանդարատ Կամսարական (1876–1942 թթ.) – ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, ՀԽՍՀ «Կարմիր խաչ՚ ընկերության վարչության նախագահ, Երևանի պետական համալսարանի Բժշկական ֆակուլտետի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, վիրաբույժ, համաճարակաբան։
- Սուրեն Շադունց (1898–1937 թթ.), ՀԽՍՀ կուսակցական և պետական գործիչ։
- Վահան Թոթովենց (1894–1938 թթ.), Երևանի պետական համալսարանի դասախոս, գիտքարտուղար, հանճարեղ արձակագիր, թարգմանիչ։
- Վահան Խորենի (Վահան Տեր–Գևորգյան (1884–1920 թթ.) – ՀՅԴ անդամ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր, հասարակական – քաղաքական գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, խմբագիր։ Դավադրաբար ձերբակալվել և սպանվել է Գորիսի բանտում տեղի կոմունիստների կողմից։
- Վահան Տեր-Առաքելյան (1883–1941 թթ.) – Կարսի ամրոցի շտաբի պետ, Սարդարապատի ճակատամարտի մասնակից, երգիչ, թարգմանիչ, արձակագիր։
- Վաղարշակ Տեր-Վահանյան (1893–1936 թթ.), ՌՍԴԲԿ անդամ, ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ, խմբագիր, գրականագետ։
- Վարազդատ Տերոյան (1887-1938 թթ.), ՀայՀեղկոմի լիազոր Մերձավոր Արևելքի օգնության Ամերիկյան կոմիտեում, փիլիսոփա, թարգմանիչ, մանկավարժ։
- Վլադիմիր Տամրուչի (1892–1950 թթ.) – ԽՍՀՄ Հարավ-արևմտյան ռազմաճակատի ավտոզրահատանկային զորքերի հրամանատար, ռազմաճակատի հրամանատարի տեղակալ, ԽՍՀՄ տանկային զորքերի գեներալ-լեյտենանտ, ՀԽՍՀ ռազմական գործերի ժողկոմատի շտաբի օպերատիվ բաժնի, ապա՝ ՀԽՍՀ 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ։ Բռնադատվել է 1943-1950 թթ.՝ 6 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում։ Մահացել է բանտում։
- Վռամ Ալեքսանդրյան (18…–1938 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի բաժնի վարիչ, խորհրդահայ ռազմական, քաղաքական գործիչ, գնդապետ։
- Վռամ Կոստանյան (1899–1941 թթ.) – ՀԽՍՀ Ժողկոմխորհի անդամ, գործերի կառավարիչ, ՀԽՍՀ Կենտգործկոմի անդամ, Երևանի քաղխորհրդի անդամ, ԵՊՀ ռեկտոր, տնտեսագիտության պրոֆեսոր։
- Տաճատ Խաչվանքյան (1896–1940 թթ.), Տաղանդաշատ նկարիչ։
- Տիգրան Ջրբաշյան (1889–1937 թթ.), ՀԽՍՀ Աշխարհա–երկրաբանական ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Աշխարհա–երկրաբանական ֆակուլտետի առաջին դեկան, ԵՊՀ Երկրաբանության և միներալոգիայի ամբիոնի վարիչ, լեռնային ինժեներ, երկրաբան, պրոֆեսոր։
- Փեթարի Իսրո (1885–1938 թթ.) – ՀՅԴ անդամ, ֆիդայի։
- Քրիստափոր Արարատյան (1876–1937 թթ.), Հայաստանի հանրապետության ռազմական նախարար, ականավոր ռազմական գործիչ, գեներալ–մայոր։
Ստալինյան բռնաճնշումների հետևանքով աքսորի և բանտարկության դատապարտված նշանավոր հայեր
խմբագրել- Աթայան Ռոբերտ (1915–1994 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, երաժիշտ, երաժշտագետ, մի քանի մասնագիտական գրքերի հեղինակ է։ Բռնադատվել է 1934–1935 թթ.՝ մոտ վեց ամիս անցկացնելով Երևանի բանտում, այնուհետև 3 տարի շարունակ գտնվել է ՀԽՍՀ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի հսկողության ներքո։
- Ալազան Վահրամ (Գաբուզյան 1903–1966 թթ.) – Անդրֆեդերացիայի և ՀԽՍՀ Կենտրոնական գործադիր կոմիտեների անդամ, ԽՄԿԿ անդամ, Հայաստանի Գրողների միության վարչության առաջին քարտուղար, գրական-հասարակական գործիչ, արձակագիր։ Բռնադատվել է նախ 1936–1947 թթ., այնուհետև՝ 1949–1954 թթ.՝ ընդհանուր առմամբ 17 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Տառապանքի ուղիներով» հուշագրությունում։
- Ակինյան Ներսես (1883–1963 թթ.) – Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր, հայ պատմաբան, բանասեր, ձեռագրագետ։ 1928 թվականին բռնադատվել է 2 տարվա աքսորի՝ այնուհետև արտասահման մեկնելու թույլտվությամբ, որից և օգտվել է։
- Ակունյան Հովհաննես (1868–1947 թթ.) – ՀԽՍՀ Ժողովրդական տնտեսության խորհրդի ժամանակավոր նախագահ, քիմիկոս, պրոֆեսոր, մի քանի մասնագիտական գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1939–1944 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Աճառյան Հրաչյա (1876–1953 թթ.) – ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ, Չեխոսլովակիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական բաժնի թղթակից-անդամ, Երևանի պետական համալսարանի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ, ականավոր լեզվաբան, բանասեր, մի քանի տասնյակ լեզվաբանական գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
- Անանյան Վախթանգ (1905–1980 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ականավոր արձակագիր, հայ գրականության մեջ որսորդական պատմվածքի հիմնադիրը, բազմաթիվ գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
- Առաքելյան Կամսար (1900–1964 թթ.) – ՀԿ(բ)Կ Ղամարլուի (Արտաշատ) շրջկոմի առաջին քարտուղար, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պատմաբան։ Բռնադատվել է 1938–1954 թթ.՝ 16 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
- Արամյան Վալտեր (1909–1994 թթ.) – Արձակագիր։ Բռնադատվել է 1932–1955 թթ.՝ 23 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Կոլիմա» վիպակում և «Հյուսիսային պատմվածքներ» պատմվածքաշարում։
- Արզումանյան Անուշավան (1904–1965 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ ԳԱ Համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Բաքվի պետական համալսարանի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1937–1940 թթ.՝ 3 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
- Արիստակեսյան Վահրամ (1899–1978 թթ.) – ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պարարվեստի ուսումնարանի հիմնադիր-տնօրեն, նշանավոր պարուսույց, բալետմայստեր, բժիշկ, Հայկական ազգագրական պարի անսամբլի լավագույն մենապարողներից։ Բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում՝ անազատության մեջ։ Արդարացվել է 1957 թվականին։
- Արմեն Մկրտիչ (Ալիքյան–Հարությունյան 1906–1972 թթ.) – ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Հոկտեմբեր» գրական միության հիմնադիրներից, խորհրդահայ նշանավոր արձակագիր։ Բռնադատվել է 1937–1946 թթ.՝ 9 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Պատվիրեցին հանձնել Ձեզ» պատմվածքների ժողովածուի էջերում։
- Բունիաթյան Նիկողայոս (Բունիաթով 1878 (1884)–1943 թթ.) – Երևանի առաջին գլխավոր ճարտարապետը, ԽՍՀՄ Ճարտարապետական ակադեմիայի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար, շուրջ 70 շենքերի ճարտարապետական նախագծերի հեղինակ։ Բռնադատվել է 1938 թ.՝ մի քանի ամիս անցկացնելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
- Գաբրիելյան Հենրի (Հարություն 1903–1981 թթ.) – ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Պատմության և Գրականության ինստիտուտի տնօրեն, ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի տնօրեն, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ՀԿ(բ)Կ Կենտկոմի մամուլի բաժնի վարիչ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1937–1941 թթ.՝ 4 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Գյուլիքևխյան Հայկ (1886–1951 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի տնօրեն, Հայաստանի պատմության և գրականության ինստիտուտի տնօրեն, ԽՄԿԿ անդամ, Երևանի պետական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, փիլիսոփայության պրոֆեսոր, խորհրդահայ գրաքննադատ, հասարակական գործիչ։ Բռնադատվել է 1938–1945 թթ.՝ 7 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Գրձելյան Գևորգ (1884–1977 թթ.) – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, Թիֆլիսի Հայոց գյուղատնտեսական ընկերությունների նախագահ, Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի Այգեգործական ֆակուլտետի դեկան, նույն ինստիտուտի Այգեգործության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ ԳԱ Այգեգործական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ, ԵՊՀ Այգեգործության ամբիոնի վարիչ, գյուղատնտես, դոցենտ։ Հեղինակ է այգեգործության վերաբերյալ մի շարք գիտական և հանրամատչելի գրքերի։ Բռնադատվել է 1937–1955 թթ.՝ 18 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Դաբաղյան Նորայր (1904–1955 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի Մշակույթի և լուսավորության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ԽՄԿԿ անդամ, խորհրդահայ գրականագետ, պրոֆեսոր, խմբագիր։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում՝ անազատության մեջ։
- Դզնունի Դանիել (Ուզունբաջաղյան 1895–1967 թթ.) – Հայկինոյի տնօրեն, ՀԽՍՀ Հայկինեմատոգրաֆիայի հիմնադիրներից, արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան։ Բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
- Եղիազարյան Արտավազդ (Արտո 1899–1974 թթ.) – ԽՄԿԿ անդամ, ՀԽՍՀ և Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ, ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ, ՀԽՍՀ Լուսավորության Ժողկոմ, ՀԽՍՀ պետական, հասարակական գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, տնտեսագետ։ Բռնադատվել է 1937–1955 թթ.՝ ընդհանուր առմամբ 18 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Թերզիբաշյան Վահրամ (1898–1964 թթ.) – ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, գրականագետ, թատերագետ։ Բռնադատվել է 1950–1955 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Լեռ Կամսար (Թովմասյան Արամ 1888–1965 թթ.) – Ականավոր երգիծաբան, արձակագիր։ Բռնադատվել է 1935–1955 թթ.՝ 20 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Բանտիս օրագիրը» և «Չապրված օրեր» գրքերում։
- Հասրաթյան Մորուս (Մարգար 1902–1979 թթ.) – Մատենադարանի տնօրեն, Հայաստանի պատմության պետական թանգարանի տնօրեն, Հայաստանի հեղափոխության թանգարանի տնօրեն, ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր կուսակցական պատմության փոխտնօրեն, Հայկական Մանկավարժական ինստիտուտի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, պատմական և բանասիրական գիտությունների թեկնածու։ Բռնադատվել է 1938–1940 թթ.՝ 2 տարի անցկացնելով ՀԽՍՀ բանտերում։
- Հովհաննիսյան Աշոտ (Իոնեսյան 1887–1972 թթ.) – ՀԿ(բ)Կ Կենտկոմի առաջին քարտուղար, ՌՍԴԲԿ անդամ, ՀԽՍՀ Լուսժողկոմ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, պատմաբան, ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ։ Մոտ մեկ տասնյակ պատմագիտական գրքերի հեղինակ է։ Բռնադատվել է 1937–1949 թթ.՝ 12 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
- Ղամբարյան Ստեփան (1879–1948 թթ.) – ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի նախագահության անդամ, ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Օրգանական քիմիայի բաժնի վարիչ, ԵՊՀ Օրգանական քիմիայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1938–1944 թթ.՝ 6 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Մազմանյան Միքայել (1899–1971 թթ.) – ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճարտարապետ, նախագծել է մի քանի քաղաքների, թաղամասերի և մի շարք շենքերի ճարտարապետական նախագծերն ու հատակագծերը։ Բռնադատվել է 1938–1954 թթ.՝ 16 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Մահարի Գուրգեն (Աճեմյան 1903–1969 թթ.) – ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, տաղանդաշատ արձակագիր, բանաստեղծ։ Բռնադատվել է նախ 1936–1947 թթ., այնուհետև՝ 1949–1954 թթ.՝ ընդհանուր առմամբ 17 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Ծաղկած փշալարեր» վիպակում, ինքնակենսագրական և այլ պատմվածքներում և այդ տարիներին գրած նամակներում։
- Մելիք-Աղամիրյան Հմայակ (1887–1986 թթ.) – ՀԽՍՀ պետպլանի փոխնախագահ, քիմիկոս, ճարտարագետ-տեխնոլոգ, մասնակցել է Խորհրդային Հայաստանի մի քանի գործարանների հիմնադրմանը։ Բռնադատվել է 1937–1944 թթ.՝ 7 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
- Մելիք-Օհանջանյան Կարապետ (Կարո 1893–1970 թթ.) – Էջմիածնի գիտական ինստիտուտի նախագահ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ազգագրագետ, բանասեր, հայագետ, արևելագետ, թարգմանիչ։ Բռնադատվել է 1937–1942 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Նավակատիկյան Հովհաննես (1888–1952 թթ.) – Երևանի պետական համալսարանի պրոռեկտոր, ԵՊՀ Ֆիզիկամա-թեմատիկական ֆակուլտետի դեկան, ԵՊՀ Ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը, ֆիզիկոս, մաթեմատիկոս, պրոֆեսոր, մանկավարժ։ Բռնադատվել է 1938–1944 թթ.՝ 6 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Նորենց Վաղարշակ (Երիցյան 1906–1973 թթ.) – ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ։ Բռնադատվել է 1937–1954 թթ.՝ 17 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Շիրմազան Գրիգոր (Շիրմազանյան 1892–1964 թթ.) – Երևանի պետական համալսարանի Տեխնիկական ֆակուլտետի դեկան, ՀԽՍՀ Հողագործության ժողովրդական կոմիսարիատի ջրային վարչության գլխավոր ինժեներ, ՀԽՍՀ վաստակավոր իռիգատոր։ Բռնադատվել է 1937–1955 թթ.՝ 18 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Չալոյան Վազգեն (1905–1981 թթ.) – ՀԽՍՀ Կերպարվեստի, պատմության և գրականության թանգարանի տնօրեն, ՀԽՍՀ ԳԱ թղթակից-անդամ, ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր։ Հեղինակ է մոտ մեկ տասնյակ փիլիսոփայական գրքերի։ Բռնադատվել է 1936–1937 թթ.՝ մոտ մեկ տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում։
- Չուբարյան Գրիգոր (1888–1962 թթ.) – ՀԽՍՀ Արդարադատության ժողկոմի առաջին տեղակալ, ՀԽՍՀ առաջին Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի կազմող, Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, հասարակական-քաղաքական գործիչ, նշանավոր իրավաբան, իրավագետ, դատապաշտպան։ Բռնադատվել է նախ 1937–1948 թթ., այնուհետև՝ 1949–1956 թթ.՝ ընդհանուր առմամբ 18 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Պարսամյան Վարդան (1909–1990 թթ.) – ՀԽՍՀ Գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մոտ մեկ տասնյակ պատմագիտական գրքերի հեղինակ։ Բռնադատվել է 1936 թվականին՝ երեք ամիս անցկացնելով Երևանի բանտում։
- Ջանյան Բոգդան (Օհանջանյան 1917–2010 թթ.) – Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի գրողների մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար, բանաստեղծ։ Բռնադատվել է 1948–1954 թթ.՝ 6 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Կյանքը հրացանի փողի տակ» հուշագրությունում։
- Ջուհարյան Թորգոմ (1905–1988 թթ.) – ՀԽՍՀ վաստակավոր ուսուցիչ, ՀԽՍՀ ԳԱ Հայոց լեզվի և գրականության սեկտորի վարիչ, Երևանի պետական համալսարանի Մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Մի քանի գիտամանկավարժական գրքերի հեղինակ է։ Բռնադատվել է 1938–1940 թթ.՝ 2 տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում։
- Ռոտինյան Լևոն (1879–1964 թթ.) – ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայկական մասնաճյուղի ֆիզիկական քիմիայի բաժնի վարիչ, Երևանի պետական համալսարանի, այնուհետև՝ Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնների վարիչ, ԵՊՀ Ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ Ժողտնտխորհի քիմիայի գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիկական քիմիայի բաժնի վարիչ, ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ Բռնադատվել է 1938–1943 թթ.՝ 5 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Ստեփանյան Ստեփան (1897–1982 թթ.) – ԽՄԿԿ անդամ, Կովկասյան բանակի 1-ին հայկական հրաձգային գնդի դպրոցի պետ, գնդի հրամանատար, դիվիզիայի հրամանատարի տեղակալ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի անցկացնելով Երևանի բանտում։ 1941–1945 թթ. մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին։
- Վեսպեր (Մարտիրոս Դաբաղյան 1893–1977 թթ.) – Բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, մանկավարժ։ Բռնադատվել է 1949–1955 թ.՝ 6 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
- Վշտունի Ազատ (Կարապետ Մամիկոնյան–Թաշճյան 1894–1958 թթ.) – Հայաստանի պրոլետարիական գրողների ընկերակցության նախագահ։ Բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ։ Բռնադատվել է 1937–1939 թթ.՝ 2 տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում՝ զրկված լինելով ազատությունից։
- Տրոցկի Նիկոլայ (1878–1957 թթ.) – ԽՍՀՄ ԳԱ Հայկական մասնաճյուղի Բուսաբանության սեկտորի վարիչ, Հայկական անասնաբուժական ինստիտուտի կերահայթայթման ամբիոնի վարիչ, Երևանի պետական համալսարանի Բույսերի ձևաբանության և կարգաբանության ամբիոնի վարիչ։ Բռնադատվել է 1936–1938 թթ.՝ 2 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1955 թվականին։
- Քոչար Գևորգ (1901–1973 թթ.) – ԽՍՀՄ Շինարարության և Ճարտարապետության ակադեմիայի թղթակից-անդամ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ բազմաթիվ շենքերի և մի քանի քաղաքների նախագծերի հեղինակ-ճարտարապետ։ Բռնադատվել է 1938–1954 թթ.՝ 16 տարի անցկացնելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում, որտեղ նույնպես մինչև 1960 թվականը շարունակել է աշխատել որպես ճարտարապետ։
- Քոչար Երվանդ (Քոչարյան 1899–1979 թթ.) – ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական նկարիչ, քանդակագործ, «Սասունցի Դավիթ» և «Վարդան Մամիկոնյան» արձանների հեղինակը։ Բռնադատվել է 1941–1943 թթ.՝ 2 տարի գտնվելով ՀԽՍՀ բանտերում՝ զրկված լինելով ազատությունից։
- Քոչարյան Արամ (1903–1977 թթ.) – ՀԽՍՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Շամշադինի երաժշտական արշավախմբի ղեկավար։ Հեղինակ է «Տերն ու ծառան» օպերայի, երաժշտական գրքերի, երգերի, խմբերգերի, գործիքային երկերի, ժողովրդական և աշուղական երգերի մշակումների։ Բռնադատվել է 1931–1933 թթ.՝ 2 տարի գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։
Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների ենթարկվածների վիճակագրություն
խմբագրել- 1921 թ. Խորհրդային Հայաստանում բռնադատվել է 1400 մարդ։
- 1921–1930 թթ. բռնադատվել է 1246 մարդ, որից գնդակահրավել է 44–ը։
- 1930–1938 թթ. բռնադատվել է 14.904 մարդ, որից գնդակահրավել է 4531–ը։
- 1939 թ. բռնադատվել է 765 մարդ, որից գնդակահրավել է 10–ը։
- 1940–1953 թթ. բռնադատվել է 21.494 մարդ, որից 1949 թ. բռնադատվել է 13.272 մարդ։
- 1920–1953 թթ. ընդհանուր առմամբ բռնադատվել է մոտ 42000 մարդ, որից մոտ 7.000-ը գնդակահարվել է։
Գրականություն
խմբագրել- XX «Սովետական դպրոցների, բանտերի և աքսորավայրերի մէջ», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1962, թիւ 7-8, էջ 73-78, թիւ 9-10, էջ 27-40, թիւ 11-12, էջ 43-49, 1963, թիւ 1, էջ 67-74, թիւ 2, էջ 49-58, թիւ 3, էջ 40-55, թիւ 4, էջ 57-65, թիւ 5, էջ 69-78, թիւ 6, էջ 72-79, թիւ 7, էջ 74-80, թիւ 8, էջ 75-80, թիւ 9, էջ 75-80, թիւ 10, էջ 60-69, թիւ 11, էջ 72-78, թիւ 12, էջ 58-68։
- Ալեքսանդր (Ակսել) Բակունց. Մեղադրական գործ, թիվ 4131, աշխատասիրությամբ՝ Դավիթ Գասպարյանի, Երևան, 1999։
- Ալեքսանդր Սոլժենիցին «ԳՈՒԼԱԳ Արխիպելագը (1918–1956 թթ.)», հատ. I, Երևան, 1994, 630 էջ։
- Ալեքսանդր Սոլժենիցին «ԳՈՒԼԱԳ Արխիպելագը (1918–1956 թթ.)», հատ. II, Երևան, 1994, 678 էջ։
- Ալեքսանդր Սոլժենիցին «ԳՈՒԼԱԳ Արխիպելագը (1918–1956 թթ.)», հատ. III, Երևան, 1994, 620 էջ։
- Աղանիկ Հեբոյան «Մորուք Կարո (հայ ընտանիքի իրապատում)», Երևան, 1998, 2-րդ հրտ., Երևան, 2015, 244 էջ։
- Ամատունի Վիրաբյան «Հայաստանը Ստալինից մինչև Խրուշչով (հասարակական-քաղաքական կյանքը 1945-1957 թթ.)», Երևան, 2001։
- Անտոնինա Մահարի «Իմ ոդիսականը», Անթիլիաս, 1994։
- Արմենակ Մանուկյան «Հայ առաքելական եկեղեցու բռնադատված հոգևորականները 1930-1938 թվականներին», Երևան, 1997։
- Արմենակ Մանուկյան «Քաղաքական այլախոհությունը Հայաստանում 1950–1988 թվականներին», Երևան, 2005։
- Արմենակ Մանուկյան «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում 1920–1953 թվականներին», Երևան, 1999։
- Արմենակ Մանուկյան «Քաղաքական կյանքը Հայաստանում 1920–1940 թվականներին», Երևան, 2002։
- Արմէն Սէւան «Բանտարկեալի մը յուշերը», Պուէնոս Այրէս, 1970, Երևան, 2011։
- Բոգդան Ջանյան «Կյանքը հրացանի փողի տակ», Երևան, 2001։
- Դավիթ Գասպարյան «Փակ դռների գաղտնիքը», Երևան, 1994։
- Եղիշե Չարենց. Նա այրեց «Կապիտալը», կազմողներ՝ Ա. Մանուկյան, Ն. Աթաբեկյան, Երևան, 1997։
- Երևանի պետական համալսարան (Կենսագրական հանրագիտարան), Երևան, 2009։
- Էդիկ Գևորգյան, Մհեր Կարապետյան «Խորհրդային Հայաստանը 1920-1991 թվականներին», Երևան, 2007։
- Էդուարդ Մելքոնյան «Հայկական բարեգործական ընդհանուր միությունը Խորհրդային Հայաստանում 1923-1937 թթ.», Երևան, 1999։
- Էլլէն Բիւզանդ «Հայուհիները Երևանի Չեկայի բանտում», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1965, թիւ 8, էջ 3-14, թիւ 9, էջ 42-54։
- Լեոնիդ Գենդլին «Ստալինի սիրուհու խոստովանանքը», Երևան, 1999, 336 էջ։
- Լեռ Կամսար «Բանտիս օրագիրը», Երևան, 2010, 270 էջ։
- Լեռ Կամսար «Չապրված օրեր», Երևան, 2016։
- Հ. Յ. Դաշնակցությունը և Խորհրդային իշխանությունը (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), կազմող` Վլադիմիր Ղազախեցյան, Երևան, 1999, 370 էջ։
- Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), Երևան, 2010, 800 էջ։
- Ղարիբջանյան Լ. Պ. «Երևանի պետական համալսարանը», Երևան, 1994։
- Մանուկյան Գոհար, Մխիթարյան Լուսինե «Փաստաթղթեր (ռուսերեն) 1930-ական թվականների քաղաքական բռնաճնշումների մասին», «Բանբեր Հայաստանի Արխիվների», Երևան, 2003, թիվ 2, էջ 67-87։
- Մինասեան Բ. «Տասը տարի, տասն ամիս և տասնեօթ օր խորհրդային բանտերում և աշխատանքային ճամբարներում (1944, 3-ը յունուար – 1954, 17-ը նոյեմբեր)», Աթէնք, 1991, 86 էջ։
- Սարգսյան Ս. «Պետիկ Թորոսյան (Քաղաքական կենսագրություն)», Երևան, 1990։
- Սարոյան Է. «Վահրամ Արիստակեսյան», Երևան, 1979։
- Ստանիսլավ Կուլչիցկի «Ինչո՞ւ էր նա մեզ ոչնչացնում (Ստալինը և ուկրաինական հոլոդոմորը)», Երևան, 2010։
- Ստեփան Ստեփանյանց «Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք», Երևան, 1994։
- Սուրեն Ղազարյան «Դա չպետք է կրկնվի», Երևան, 1988։
- Վալտեր Արամյան «Կոլիմա», Երևան, 1994, 2006։
- Վահան Նաւասարդեան «Բերիա (Խորհրդաւոր ոճիրներու մթին աշխարհէն)», «Հայրենիք» ամսագիր, Բոստոն, 1954, թիւ 4, էջ 1-13, թիւ 5, էջ 41-54։
- Վահրամ Ալազան «Տառապանքի ուղիներով», Երևան, 1990։
- Վարդան Հարությունյան «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում», Երևան, 2014։
- Վլադիմիր Ղազախեցյան «1937-ը Հայաստանում», Երևան, 2005, 76 էջ։
Գեղարվեստական գրականություն Ստալինյան բռնաճնշումների մասին
խմբագրել- Մկրտիչ Արմեն «Պատվիրեցին հանձնել Ձեզ», Երևան, 1964:
- Մկրտիչ Արմեն «Պատվիրեցին հանձնել Ձեզ», Երևան, 2004:
- Վալտեր Արամյան «Հյուսիսային պատմվածքներ», տե'ս «Վերադարձ», Երևան, 1983:
- Սերո Խանզադյան «Հորս հետ և առանց հորս», Երևան, 1986:
- Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր», Բեյրութ, 1986:
- Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր», Երևան, 1988:
- Գուրգեն Մահարի «Ծաղկած փշալարեր», Երևան, 2009:
- Անատոլի Ռիբակով «Արբատի զավակները», Երևան, 1988:
- Անատոլի Ռիբակով «35 և մյուս թվականները», Երևան, 1990:
- Բորիս Պաստեռնակ «Դոկտոր Ժիվագո», Երևան, 1990:
Աղբյուրներ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մարի Մատթէոսեան. Խորհրդային քաղաքականությունների ազգեցությունը Հայաստանում (անգլերեն՝ The Impact of Soviet Policies in Armenia). էջեր 155–156.
- ↑ 2,0 2,1 2,2 «Քաղաքական բռնությունները»։ Վերցված՝ 2013 թ․ փետրվարի 5։ Արխիվացված 2012-10-16 Wayback Machine «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «1930-ականների բռնաճնշում» հոդվածին։ |