Աղասի Խանջյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խանջյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աղասի Ղևոնդի Խանջյան (հունվարի 30, 1901(1901-01-30)[1] կամ նոյեմբերի 30, 1901(1901-11-30), Վան, Օսմանյան կայսրություն[1][2] - հուլիսի 9, 1936(1936-07-09)[1][2], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, ԽՍՀՄ կոմունիստական կուսակցության անդամ, Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար (1930-1936)։

Աղասի Խանջյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1901(1901-01-30)[1] կամ նոյեմբերի 30, 1901(1901-11-30)
ԾննդավայրՎան, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել էհուլիսի 9, 1936(1936-07-09)[1][2]
Մահվան վայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն[2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան և Յա․ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարան (1921)[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և պետական գործիչ
Ծնողներհայր՝ Ղևոնդ Խանջյան
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան
ԱնդամությունՍպարտակ[1][2] և Կենտրոնական գործադիր կոմիտե
 Aghasi Khanjyan Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը

խմբագրել

Ծնվել է 1901 թվականին Վանում, սովորել է Վանի կենտրոնական վարժարանում։ 1917 թվականից զբաղվել է հեղափոխական գործունեությամբ։ 1917 թվականի ապրիլին Ղուկաս Ղուկասյանի հետ կազմակերպել է Երևանի երիտասարդ մարքսիստ–ինտերնացիոնալիստների միությունը։ 1919 թվականի ապրիլին Ղ. Ղուկասյանի և Ա. Բուդաղյանի հետ հիմնադրել է Հայաստանի երիտասարդ կոմունիստների «Սպարտակ» կազմակերպությունը, իսկ նույն թվականի մայիսին նրանց ջանքերով լույս է տեսել «Սպարտակ» ընդհատակյա թերթը։ 1919 թվականի օգոստոսին ձերբակալվել է։ Հեռակա կարգով ընտրվել է (1919 թվականի սեպտեմբեր) Կոմունիստական երիտասարդական կազմակերպության Անդրկովկասյան բյուրոյի անդամ։ 1920 թվականի հունվարին մասնակցել է Երևանում գումարված կուսակցական ընդհատակյա համաժողովին։ ՌԿ(բ)Կ կովկասյան բյուրոյի որոշմամբ հաստատվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի անդամ (1920 թվականի հուլիս)։ 1920 թվականի օգոստոսին դաշնակցական կառավարությունը Խանջյանին ձերբակալել է և դատապարտել 10 տարվա բանտաքսորի։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է ՀԿ(բ)Կ Երևանի կոմիտեի քարտուղար (1920 թվականի ղեկտեմբեր –1921 թվականի փետրվար), 1921 թվականին գործուղվել է Մոսկվա՝ Սվերդլովի անվան կոմունիստական համալսարանում ուսանելու։ 1922–1928 թվականներին կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել Լենինգրադում։ 1928 թվականի օգոստոսին ՀամԿ(բ)Կ Կենտկոմի որոշմամբ Խանջյանը ուղարկվել է Հայաստան, որտեղ ընտրվել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի երկրորդ, իսկ 1930 թվականի մայիսից՝ առաջին քարտուղար։ Ընտրվել է Անդրերկրկոմի բյուրոյի, Անդրֆեդերացիայի, ԽՍՀՄ, ՀՍՍՀ Կենտգործկոմների և ԽՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Եղել է ԽՄԿԿ XV, XVI, XVII համագումարների պատգամավոր։ Խանջյանը մեծ ջանքեր է ներդրել ՀԽՍՀ ժողովրդական տնտեսության զարգացման առաջին և երկրորդ հնգամյակների ծրագրերն իրականացնելու, մշակութային հեղափոխության հաղթանակն ապահովելու և ժողովրդական կրթության գործը կազմակերպելու ուղղությամբ։ Նա առանձին ուշադրություն է նվիրել հայրենադարձության կազմակերպմանը, ինչպես նաև սփյուռքահայության առաջադեմ ուժերի և Խորհրդային Հայաստանի կապերի ամրապնդմանը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1935)[3]:

 

Խանջյանը մահացել է 1936 թվականի հուլիսի 9-ին Թբիլիսիում, ըստ պաշտոնական վարկածի` ինքնասպանության արդյունքում։ Սակայն տարածում ունի այն վարկածը, որ Խանջյանին սպանել է անձամբ Լավրենտի Բերիան։

Խանջյանի դին տեղափոխվել է Երևան հուլիսի 11-ին գնացքով։ Հավաքված մարդկանց բազմությունը դագաղը ոտքով տարել է մինչև Խանջյանի առանձնատուն, որը գտնվում էր Հրազդան գետի ձախ ափին։ Հինգ րոպեն մեկ փոխվում էին դագաղը տանողները, որոնց թվում էին բազմաթիվ մտավորականներ ու քաղաքական գործիչներ։ Ակադեմիկոս Լևոն Օրբելին, ցուցադրելով իր Կենտրոնական գործկոմի անդամի տոմսը, միլիցիոներների շղթայից ներս է անցել ու նույնպես օգնել տանելու դագաղը։ Առանձնատանը այն դրվել է մեծ սենյակում։ Դին քննել են Խանջյանի անձնական բժիշկ Սաղյանը ու հայտնի վիրաբույժ Միրզա-Ավագյանը, ովքեր, տեսնելով Խանջյանի զույգ քունքերի վերքերը, կասկածանքով ասել են, որ այդ վերքերը ինքնասպանի վերքեր չեն, այլ մեկն ու մեկի ձեռքով նա սպանված է։ Ինքնասպանության վարկածը տեղում կասկածի տակ է դրել նաև Եղիշե Չարենցը, ով ասել է այդ մասին Վահրամ Ալազանին։ Շուտով զննում իրականացրած երկու բժիշկներն էլ ձերբակալվել են։ Սաղյանը գնդակահարվում է, իսկ Միրզա-Ավագյանը մահանում է դիզենտերիայից։

Խանջյանը սերտ կապեր է ունեցել բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ։ Նրա մահից հետո Չարենցը, ցնցված այդ լուրից, գրում է «Դոֆին Նաիրական» սոնետների շարքը[4]։ Իսկ Գարեգին Նժդեհի տվյալներով Խանժյանը կյանքի վերջին տարիների ոգեփոխվելով և դառնալով հայանպաստ քան իր կյանքի մնացած կործանարար հատվածը հայ ազգի համար(որի առթիվ հենց ինքը նշում է. Այո պիտի վերադառնան բոլորը, եթե ցեղովեն և մարդկորեն մեռած չեն։ Պիտի վերադառնան բոլոր ուրացողները և մոլորվածները, եթե ցեղի հոգիւց և մարմնից են։ Պիտի վերադառնան իրանց արդար ու մեծահոգի ցեղը, որի համար նահատակի, հերոսի և սուրբի չափ սիրելի Է նաև զղջյալ ուրացողը։ Պիտի վերադառնան բոլորը հայոց պատմությունը սպասում է նրանց։ Պիտի վերադառնան Խանջյանի արյունը վկա),պահանջեր է ներկայացնում Նախիջևանի պատկանելիության և Ղարաբաղի կղիացման դեմ, որի պատճառով ի պատասխան ստանում է կարմիր իշխանության գնդակները։ Երևանում Աղասի Խանջյանի անունով անվանակոչվել է փողոց և թիվ 53 միջնակարգ դպրոցը։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1979 թ հատոր 5
  4. Եղիշե Չարենց, «Վերջին խոսք», Երևան, հայագիտկ հրատ. 2007, էջ 189, ISBN 987-99941-980-5-4
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Խանջյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Խանջյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 13