Սերգեյ Խուդյակով
Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց (հունվարի 7, 1902, Մեծ Թաղեր - ապրիլի 18, 1950[1], Մոսկվա, ԽՍՀՄ), Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944)։
Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով | |
---|---|
![]() | |
հունվարի 7 1902 — ապրիլի 18 1950 | |
Ծննդավայր | Մեծ Թաղեր, Հադրութ, Արցախ |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ռազմա-օդային ուժեր |
Կոչում | Սովետական Միության Ավիացիայի մարշալ (1944) |
Հրամանատարն էր | Արևմտյան ռազմաճակատի առաջին օդային բանակ, 12-րդ օդային բանակ |
Մարտեր/ պատերազմներ | Երկրորդ Համաշխարհային Պատերազմ |
Պարգևներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Մարտական ուղիԽմբագրել
Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թվականին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում։ 1917 թվականի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թվականին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20 թվականներին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը։ Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից։ Խանփերյանցը 1922 թվականին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–1936 թվականներին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան։ 1936–1941 թվականներին ծառայել է Բելառուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-1940-ին՝ Բելառուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ։ 1940 թվականին մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին։ Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թվականի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թվականի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ։ 1945 թվականի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում։ Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թվականի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն։ 1945 թվականի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թվականի ապրիլին, գնդակահարվել։ Արդարացվել է 1956 թվականի նոյեմբերին։ 1965 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը։ 1980 թվականին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը։
ՀիշատակԽմբագրել
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ավիացիոն համալսարանը՝ 2005 թվականին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը։ Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում։
ԱղբյուրներԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Ա. Մալխասյան Սովետական բանակի հայ գործիչները Երևան, 1965 թ.:
- Հայկական սովետական հանրագիտարան, հատ. 5, Երևան, 1979:
- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 2, Երևան, 1995:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Худяков Сергей Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 98)։ |