Գևորգ Ալիխանյան

հայ քաղաքական գործիչ

Գևորգ Սարգսի Ալիխանյան (1897[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 13, 1938(1938-02-13), Կոմունարկա, Q4238230?, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ պետական գործիչ։

Գևորգ Ալիխանյան
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Թբիլիսիի հոգևոր ճեմարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և հեղափոխական
Ազգություն հայ
Ծննդյան օր 1897[1]
Ծննդավայր Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Վախճանի օր փետրվարի 13, 1938(1938-02-13)
Վախճանի վայր Կոմունարկա, Q4238230?, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Կոմունարկայի կրակահրապարակ
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Հայկական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ամուսին Ruth Bonner?

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցում։ 1917-1918 թվականներին աշխատել է կուսակցության Թիֆլիսի կոմիտեում։ 1918 թվականին Կովկասյան երկրամասային կոմիտեն նրան գործուղում է Լոռի։ Հետո նա անցնում է Բաքու և այստեղ աշխատում որպես քաղաքի շրջաններից մեկի կուսկազմակերպիչ։ Բաքվի կոմունայի անկումից հետո նա մնում է քաղաքում՝ որպես պրոֆեսիոնալ-ընդհատակյա աշխատող։ Հետագայում փոխադրվում է Թիֆլիս և այստեղ 1919 թվականին ընտրվում Թիֆլիսի կոմիտեի անդամ ու քարտուղար։ Հենց այդ պաշտոնում էլ ձերբակալվում և բանտ է նետվում։

Բաքվում խորհրդային կարգերի վերահաստատումից հետո 1920 թվականի ապրիլից նորից աշխատում է այնտեղ որպես Բաքվի կոմիտեի ագիտպրոպբաժնի վարիչ, իսկ տարվա վերջից աշխատում է Հայաստանում որպես ՀԿ(բ)Պ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։ Փետրվարյան ապստամբությունից հետո տեղափոխվում են Մոսկվա, որտեղ աշխատում է որպես կուսակցության Բաումանի շրջկոմի ագիտպրոպբաժնի վարիչ։

1923-1925 թվականներին աշխատում է Լենինգրադում՝ որպես Վասիլեօստրովսկի շրջկոմի կազմբաժնի վարիչ։ Լենինգրադի կուսակցական կազմակերպությունից որպես պատգամավոր, նա մասնակցում է կուսակցության XII և XIII համագումարներին։

Լենինգրադում Ալիխանյանը ժողովներում և մամուլում սուր քննադատության է ենթարկում Զինովևին, որի համար վտարվում է մարզից և աշխատանքի ուղարկվում Սիբիր։ Այստեղ նա ընտրվում է Չիտա քաղաքի շրջկոմներից մեկի քարտուղար։

Կենտկոմի որոշումով Ալիխանյանը ետ է կանչվում 1926 թվականին և նորից աշխատանքի է անցնում Լենինգրադում՝ սկզբում որպես Վոլոդարսկու կուսշրջկոմի և ապա որպես Վիբորգյան կուսշրջկոմի կազմբաժնի վարիչ։ 1927 թվականին ընտրվում է կուսակցության XV համագումարի պատգամավոր։ Հենց այդ շրջանում լույս է տեսնում նրա «Ինքնաքննադատության և ներպարտիական դեմոկրատիայի մասին» գրքույկը։ 1929 թվականին Ալիխանյանը սովորում է ՀամԿ(բ)Կ Կենտկոմի մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ Այդ շրջանում լույս է տեսնում նրա «Պարտիայի սոցիալական կազմի կարգավորման հարցերը» գրքույկը՝ Գևորգ ստորագրությամբ։

Դասընթացներն ավարտելուց հետո 1930 թվականին աշխատում է Բաքվում՝ որպես Բայիլովյան շրջկոմի քարտուղար, որտեղից և ընտրվում է կուսակցության XVI համագումարի պատգամավոր։ Համագումարից հետո նա աշխատանքի է ուղարկվում Տաշքենդ, որտեղ մինչև 1931 թվականի հունիսը աշխատում է որպես ՀամԿ(բ)Կ Միջինասիական բյուրոյի կազմբաժնի վարիչ։ Այնուհետև ետ է կանչվում Մոսկվա և աշխատում Կոմինտերնի գործադիր կոմիտեում՝ որպես կադրերի բաժնի վարիչ։ 1935 թվականին մասնակցում է Կոմինտերնի VII կոնգրեսին։ Այստեղ նա աշխատում է մինչև իր ձերբակալումը՝ 1937 թվականի մայիսը։ Նա ուսումնասիրում է օտար լեզուներ և հոդվածներ է գրում[2][3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «Советские правители Армении». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 15-ին.
  3. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 9-11։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Ալիխանյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 173