Աշոտ Հովհաննիսյան (պատմաբան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան (հունիսի 17, 1887 կամ 1887[1], Շուշի, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 30, 1972 կամ 1974[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, դասախոս։ Նրա հիմնարար երկերից են Ֆրիկը պատմաքննական լույսի տակ գրքույկը, Նալբանդյանը և նրա ժամանակը և Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության երկհատոր աշխատությունները։
Աշոտ Հովհաննիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1887 կամ 1887[1] |
Ծննդավայր | Շուշի, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունիսի 30, 1972 կամ 1974[1] |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Հայաստան և Հայկական ԽՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Շուշիի ռեալական ուսումնարան և Ենայի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | պատմաբան, ակադեմիկոս, պետական գործիչ |
Աշխատավայր | Գևորգյան հոգևոր ճեմարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Ավարտել է Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետը՝ 1913 թվականին պաշտպանելով Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը դոկտորական ավարտաճառը[3]։ Եղել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայ կազմակերպության (ՍԴԲՀԿ) անդամ 1904-1906 թվականներին[4], Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) անդամ 1906 թվականից[5]։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1914-1917 թվականներ), Մոսկվայի արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում (1918-1919 թվականներ), Երևանի պետական համալսարանում (1921-1926 թվականներ)։ Եղել է Խորհրդային Հայաստանի հիմնադիր գործիչներից․ լուսավորության ժողովրդական կոմիսար 1920-1921 թվականներին, ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար՝ 1922-1927 թվականներին։ Ստալինյան «Մեծ զտման» ժամանակ բռնադատվել է (1937 թվական), վերապրել աքսորը։ Պատմական գիտությունների դոկտոր է 1956 թվական, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս՝ 1960 թվականին[6]։
Կենսագրություն
խմբագրելԱշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1887 թվականի հունիսի 17-ին Շուշի քաղաքում, մահացել է 1972 թվականի հունիսի 30-ին Երևանում։ Սկզբնական կրթությունը ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում։ Ավարտել է Շուշիի ռեալական դպրոցը։ Նրա պատանեկության և վաղ երիտասարդական տարիներին Շուշին հասարակական-քաղաքական հակամարտ հոսանքների, գաղափարական իրարամերժ խմբավորումների մի ուրույն կենտրոն էր։ Աշոտ Հովհաննիսյանն անվերապահորեն կանգնում է սոցիալ-դեմոկրատական հոսանքի ուղղության վրա։ Վլադիսլավ Կասպարովի և իր դասընկերոջ՝ Հայկ Գյուլիքևխյանի հետ նա 1905 թվականին ղեկավարում է ռեալական դպրոցի աշակերտական դասադուլը և գրում հակացարական բովանդակություն ունեցող թռուցիկներ, որոնցում հայոց լեզվի դասավանդումն ուսումնարանում պարտադիր դարձնելու պահանջ է ներկայացնում։
Բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում (սովորել է Ենայի, Հալլեի, Մյունխենի համալսարաններում), մասնագիտացել տնտեսագիտության և փիլիսոփայության բնագավառում։ Աշոտ Հովհաննիսյանը 1906 թվականի սեպտեմբերին մեկնում է Գերմանիա՝ ընդունվում Ենայի համալսարանի փիլիսոփայության բաժինը։ Ենայի համալսարանում ուսումնառության տարիներին նա ունկնդրել է ժամանակի նշանավոր գիտնականներ Ռուդոլֆ Էյկենին, Օտտո Լիբմանին, Էռնստ Հեկկելին և այլ հայտնի անհատականությունների։ Աշոտ Հովհաննիսյանը բուռն մասնակցություն է ունենում ուսանողական միությունների աշխատանքներին, 1906 թվականի վերջերին անդամակցում է ՌՍԴԲԿ արտասահմանյան կազմակերպությանը։
Գերմանիայի համալսարաններում ընդունված կարգի համաձայն՝ նա սովորում է ոչ թե մեկ, այլ մի քանի համալսարաններում։ Ենայից հետո Հովհաննիսյանը ուսումը շարունակում է Հալլեի համալսարանի տնտեսագիտության և Մյունխենի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում։
1913 թվականին վերադարձել է Շուշի և դասավանդել հոգևոր ճեմարանում։ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի առաջարկությամբ նա 1914 թվականի սեպտեմբերին տեղափոխվում է Վաղարշապատ և նշանակվում Գևորգյան ճեմարանի քաղաքատնտեսության, լատիներենի, գերմաներենի և ընդհանուր պատմության առարկաների դասախոս։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Գևորգյան ճեմարանը դադարեցնում է իր գործունեությունը. ուսուցիչներն ու սաները ցրվում են։ Աշոտ Հովհաննիսյանը նույն թվականի հուլիսին վերադառնում է Շուշի, որտեղ խմբագրում է «Նեցուկ» թերթը, որի համարներում տպագրված հրապարակախոսական հոդվածներում և խմբագրականներում պաշտպանում է սոցիալիստական հեղափոխություն իրագործելու ծրագիրը։ Ստեփան Շահումյանի հրավերով նա 1917 թվականի վերջերին տեղափոխվում է Բաքու,որտեղ գործուն մասնակցություն է ունենում Բաքվի խորհրդի, այնուհետև Բաքվի խորհրդային իշխանության (Կոմունա) աշխատանքներին։ Նշանավոր հեղափոխական Նադեժդա Կոլեսնիկովայի հետ գլխավորում է Բաքվի խորհրդի ժողովրդական կրթության բաժինը։ Նույն խորհրդում աշխատում է որպես կուլտուր-լուսավորական բաժնի վարիչ, խմբագրում է «Բանվորի խոսք» թերթը։ Բաքվի կոմունայի անկումից հետո (1918 թ., օգոստոսի 10) Աշոտ Հովհաննիսյանը որոշ ժամանակ հանգրվանում է Աստրախանում, որտեղ խմբագրում է «Կարմիր բանվոր» թերթը, քաղաքական աշխատանք կատարում «Իվան Կոլեսնիկով» շոգենավի կոլեկտիվում։ Այնուհետև տեղափոխվում է Մոսկվա։ 1918-1919 թվականներին եղել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պրոֆեսոր, միաժամանակ, Հայկական գործերի կոմիսարիատում՝ հրատարակչական բաժնի վարիչ։
1920 թվականի գարնանը գործուղվում է Դոնի Ռոստով, որտեղ խմբագրում է «Բանվորի կռիվ» թերթը և քաղաքական աշխատանք կատարում հայ բնակչության շրջանում։ 1920 թվականին վերադառնում է Երևան և Բորիս Լեգրանի առաքելության կազմում մասնակցում Հայաստանի Հանրապետության (1918-1920) կառավարության հետ բանակցություններին։
Զբաղեցրել է ՀԽՍՀ առաջին լուսժողկոմի պաշտոնը։ Նա է ստորագրել հայոց լեզուն հանրապետությունում պետական ճանաչելու, անգրագիտությունը վերացնելու, պետական հրատարակչություն կազմակերպելու, կուլտուր-լուսավորական ինստիտուտի ստեղծման, Երևանի համալսարանի կազմակերպման, կուլտուր-պատմական ինստիտուտի ստեղծման, Երևանի հեղափոխական թանգարանի հիմնադրման և այլ դեկրետներ։ 1921-1927 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար։ 1921-1926 թվականներին դասախոսել է ԵՊՀ-ում։ Հետագա տարիներին կատարել է գիտամանկավարժական աշխատանք (Մոսկվա, Երևան)։
1927 թվականի հուլիսին ազատվում է զբաղեցրած պաշտոնից և տեղափոխվում Լենինգրադ, որտեղ Մ. Սալտիկով-Շչեդրինի անվան գրադարանում մեկ տարի աշխատելուց հետո հրավիրվում է Մոսկվա։ 1928–1931 թվականներին աշխատում է Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի կաբինետի վարիչ, այնուհետև՝ 1931-1934 թվականներին ԽՍՀՄ Ազգությունների ինստիտուտի փոխտնօրեն, 1934–1935 թվականներին Նյութական մշակույթի պատմության պետական ակադեմիայի մոսկովյան բաժանմունքի տնօրեն և վերջում՝ 1935-1937 թվականներին, ԽՍՀՄ պատմության ինստիտուտի փոխտնօրեն։ 1937 թվականին անհիմն բռնադատվել է, 1943 թվականին՝ բանտից ազատվել, վերջնականապես արդարացվել է 1954 թվականին։ Նույն թվականից աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում, ղեկավարել նոր պատմության բաժինը։ Նա 1955 թվականից նորից պաշտպանում է դոկտորական ատենախոսություն, իսկ 1960 թվականին ընտրվում ԳԱ ակադեմիկոս։ Նրան գիտության վաստակավոր գործչի կոչում է շնորհվում 1961 թվականին։
Աշխատություններ
խմբագրելԱշոտ Հովհաննիսյանը 1913 թվականին Մյունխենում հրատարակում է «Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը» աշխատությունը, որը պաշտպանում է որպես դոկտորական ատենախոսություն և ստանում փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան։
Կենտկոմի առաջին քարտուղար աշխատած տարիներին իր խմբագրած գրական, գիտական և քաղաքական «Նորք» հանդեսում են տպագրվել նրա «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը», «Հայաստանի հեղափոխության հուլիսն ու հոկտեմբերը», «Նժդեհի բացատրությունը Լեռնահայաստանի անկման պատճառների մասին», «Դաշնակցությունը և պատերազմը», «Դաշնակցական Հայաստանի գործերից», «Դաշնակցության սոցիալական ծագումը», «Ամերիկահայ կոմունիստական շարժումը» և այլ ուսումնասիրություններ։ Հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ազատագրական մտքի, հայ-ռուսական հարաբերությունների պատմությանը։ Նա հայագիտության պահեստապաշարը հարստացրեց «Ֆրիկը պատմաքննական լույսի տակ» (1955, «Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության» (հ․ 1-2, 1957, 1959), «Նալբանդյանը և նրա ժամանակը» (հ․ 1-2, 1955, 1956) մենագրություններով։ Այդ աշխատություններում բացահայտելով հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունը, նպատակներն ու դրսևորումները՝ հանգել է այն եզրակացության, որ հայ ժողովրդի պետական անկախության վերականգնման գաղափարն իշխող է եղել դարեր շարունակ՝ Արշակունիների կործանման ժամանակաշրջանից (V դ․) մինչև XIX դ․ 2-րդ կեսը[7]։
1960-ական թթ․ վերջին հրատարակել է մի շարք հոդվածներ, որոնք «Ուրվագծեր XIX դ․ 2-րդ կեսի արևելահայ հասարակական հոսանքների և ազգային քաղաքական կուսակցությունների պատմություն» չհրապարակված աշխատության առանձին մասեր են։ Նրանցում քննարկված են հայ քաղ․ կուս-ների կազմավորման, նրանց գաղափարախոսության և գործելակերպի բարդ հարցերը։
Մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի հրատարակած «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի ստեղծմանը, եղել նրա գլխավոր խմբագիրը և հեղինակը (հհ․ IV, V, VI)։ Կազմել և հրատարակել է (Վ․ Հակոբյանի հետ) XVII դ․ հայ ձեռագրերի հիշատակարանները (հ․ 1, 2, 1974, 1977)։ Խմբագրել է «Հայ-ռուսական հարաբերությունները XVIII դ․ առաջին երեսնամյակին» փաստաթղթերի ժող․ (1964, ռուս․)։ ՀԽՍՀ պետ․ մրց․ (1985, հետմահու)։
Խմբագրական կոլեգիայի անդամ
խմբագրելԽմբագրական կոլեգիա` Աղայան Է. Բ., Առաքելյան Բ. Ն., Գալոյան Գ. Ա., Երեմյան Ս. Տ., Խաչիկյան Լ. Ս., Հակոբյան Ա. Մ., Հովհաննիսյան Ա. Գ., Ներսիսյան Մ. Գ.: Հայ Ժողովրդի Պատմություն, Հ. 1.» ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտ. Երևան։ ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1971
Երկեր
խմբագրել- Ֆրիկը պատմաքննական լույսի տակ, Ե․, 1955։
- Դրվագներ հայ ազատագրական մտքի պատմության, գիրք 1, Ե,․ 1957, գիրք 2, Ե․ 1959.
- Հուշեր և բնութագրումներ, Ե․, 1969[8]։
Գրականություն
խմբագրել- Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, Ե․, 1973 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 14)։
- Խուդավերդյան Կ․, Աշոտ Հովհաննիսյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), ՊԲՀ, 1987, № 3։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 2,0 2,1 2,2 Иоаннисян Ашот Гарегинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Հովհաննիսյան, Աշոտ (2016). Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը. Երևան: Հովհաննիսյան ինստիտուտ. ISBN 978-9939-1-0315-0.
- ↑ Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 580-581։
- ↑ Ազատյան, «Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն», էջ 616։
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Աշոտ Հովհաննիսյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Նորայր Սարուխանյան, «Ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի կյանքը և պատմագիտական ժառանգությունը» (Ծննդյան 125-ամյակի առթիվ) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 271-278
- Վարդան Ազատյան, ««Ոչ եղիցի չեղեալ, զոր ինչ եղևն»․ Աշոտ Հովհաննիսյանի ավարտաճառը և նրա գործուն պատմագիտությունը», տե՛ս Աշոտ Հովհաննիսյան, Իսրայել Օրին և հայ ազատագրական գաղափարը (Երևան։ Հովհաննիսյան ինստիտուտ, 2016), էջ 567-709։
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 568)։ |