Վիեննա
Վիեննա[2] (գերմ.՝ Wien), Ավստրիայի մայրաքաղաքը։ Գտնվում է Դանուբի ափին` Ալպերի Վիեննական անտառ լեռնազանգվածի ստորոտին։ Տրանսպորտային խոշոր հանգույց, գետային նավահանգիստ, միջազգային օդանավակայան (Շվեխատ)։ Մեքենաշինության, նավթավերամշակման, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերական կենտրոն։ Միջազգային բազմաթիվ կազմակերպությունների նստավայր է: Վիեննան ՄԱԿ-ի երրորդ նստավայրն է Նյու Յորքից և Ժնևից հետո: Վիեննայի միջազգային կենտրոնը (UNO-City) ներառում է միջազգային բազմաթիվ կազմակերպություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակ, Նավթ արտահանող երկրների կազմակերպություն, ԵԱՀԿ: Վիեննան միջազգային հանդիպումների, բանակցությունների վայր է։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Վիեննա | |||||
Wien | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ներքին բաժանում | Ներքին Քաղաք[1], Լեոպոլդշտադտ[1], Լանդշտրասսե[1], Վիդեն[1], Մարգարետեն[1], Մարիահիլֆ[1], Նոյբաու[1], Յոզեֆշտադտ[1], Ալզերգրունդ, Ֆավորիտեն, Զիմմերինգ, Մայդլինգ, Հիտցինգ, Պենցինգ, Ռուդոլֆսհայմ-Ֆյունֆհաուս, Օտտակրինգ, Հերնալս, Վերինգ, Դյոբլինգ, Բրիգիտտենաու, Ֆլորիդսդորֆ, Դոնաուշտադտ և Լիզինգ | ||||
Քաղաքապետ | Միքայել Հոյպլ | ||||
Հիմնադրված է | 1-ին դար թ. | ||||
Առաջին հիշատակում | 1-ին դար | ||||
Տվյալ կարգավիճակում | 881 թվականից | ||||
Մակերես | 414,65 կմ² | ||||
ԲԾՄ | 151—542 մ | ||||
Բնակչություն | 1 730 278 մարդ (2012) | ||||
Խտություն | 4025 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | +43 1 | ||||
Փոստային ինդեքսներ | 1010—1239, 1400, 1450 | ||||
Ավտոմոբիլային կոդ | W | ||||
ISO | AT-9 | ||||
Պաշտոնական կայք | wien.gv.at | ||||
| |||||
Բազում դարերի ընթացքում Վիեննան եղել է Հաբսբուրգների նստավայրը, իսկ Սրբազան Հռոմեական կայսրության շրջանում դարձել է Եվրոպայի մշակութային ու քաղաքական կենտրոն:
1910 թվականին Վիեննան ուներ 2 միլիոն բնակիչ՝ այդ ցուցանիշով աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը Լոնդոնից, Նյու Յորքից և Փարիզից հետո: Առաջին համաշխարհային պատերազմից հետո, որը հանգեցրեց կայսրության վերջնական փլուզման, Վիեննայի բնակչությունը կրճատվել է քառորդ մասով:
2001 թվականին Վիեննայի Հին քաղաքը և Շյոնբրունը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
Mercer հետազոտական միջազգային ընկերության` 2012 թվականի մայիսին հրապարակված տվյալներով, համեմատելով կյանքի որակը աշխարհի 221 քաղաքներում, Վիեննան հինգերորդ անգամ զբաղեցրել է առաջին տեղը[3][4]: The Economist ամսագրի` 2011 թվականի տվյալներով տվյալներով Վիեննան հարմարավետության առումով երկրորդ տեղն է զբաղեցրել Մելբուրնից հետո[5]:
ՍտուգաբանությունԽմբագրել
Մ.թ.ա. 4-րդ դարում այժմյան Վիեննայի տեղում կելտական ցեղերը հիմնել են մի գյուղակ և այն անվանել «Վինդոբոնա» (Vindobona), որը նրա առաջին բնակիչների լեզվով նշանակել է «սպիտակ դաշտ»։ Մ.թ. 1-ին դարից այն եղել է հռոմեական ճամբար նույն անունով։ Այս անվանումը ժամանակի ընթացքում ենթարկվել է հնչյունափոխությունների և դարձել Վիեննա (գերմ.՝ Wien)։
ԱշխարհագրությունԽմբագրել
Վիեննայի մակերեսը 415 կմ² է: Այդպիսով` քաղաքը Ավստրիայի ամենափոքր վարչական մասն է: Քաղաքի տարածքը բաշխված է հետևյալ կերպով.
Կառուցապատված հողեր | 11,3 % |
Ճանապարհային տարածքներ | 11,1 % |
Երկաթուղային տարածքներ | 2,2 % |
Զբոսայգիներ | 28,4 % |
Ջրային տարածքներ | 4,6 % |
Խաղողի այգիներ | 1,7 % |
անտառային տարածքներ | 16,6 % |
Գյուղատնտեսական տարածքներ | 15,8 % |
Այլ | 8,3 % |
ԴիրքԽմբագրել
Քաղաքը գտնվում է Ավստրիայի արևելյան մասում` Ալպերի ստորոտին` Դանուբ գետի ափին: Սլովակիայի և Հունգարիայի սահմաններից հեռու է 60 կմ: Վիեննայով է հոսում Դանուբը իր վտակով` Դանուբի ջրանցքով: Քաղաքով է հոսում նաև Վիեննա գետը: Պատմականորեն քաղաքը ձևավորվել է Դանուբից հարավ, սակայն վերջին երկու հարյուրամյակների ընթացքում քաղաքը տարածվել է գետի երկու կողմերում: Քաղաքի` ծովի մակարդակից ունեցած առավելագույն բարձրությունը Գերմանսկոգել շրջանում է (542 մ), իսկ ամենափոքր բարձրությունը` Լոբաու շրջանում (151 մ): Քաղաքը շրջապատում է Վիեննայի անտառը[6]:
Աշխարհագրական հարմար դիրքը նպաստել է արևելաեվրոպական երկրների հետ բազմաբնույթ կապերի զարգացմանը: Դա հատկապես նկատելի է եղել 1989 թվականից հետո, երբ բացվել է երկաթե վարագույրը: Այսպես` Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայից Վիեննան գտնվում է 60 կմ հեռավորությամբ. սա եվրոպական երկու մայրաքաղաքների մեջ եղած ամենակարճ հեռավորությունն է (բացառություն են Վատիկանն ու Հռոմը):
Իր ձևով Վիեննան շրջան է հիշեցնում, որ կիսվում է Դանուբ գետով: Նրա կենտրոնական մասը` Հին քաղաքը, գրեթե համընկնում է Ներքին քաղաք վարչական շրջանին: Ռինգշտրասե օղակաձև փողոցը կրպակների շղթա է, որով շրջապատված է Հին քաղաքը: Փողոցի պատմությունն սկսվում է 1857 թվականից, երբ կայսրը որոշում է քանդել իրենց պաշտպանական նշանակությունը կորցրած ամրությունները` դրա տեղում զբոսավայրեր և պատմական ոճով կառույցներ հիմնելով, որոնք ներկայումս քաղաքի տեսարժան վայրերն են դարձել: Գյուրտել փողոցը ձևավորում է քաղաքն ընդգրկող երկրորդ օղակաձև ճանապարհը: Այն նույնպես ստեղծվել է 19-րդ դարի երկրորդ կեսին ռազմական նշանակությունը կորցրած պաշտպանական կառույցների ավերակներից ազատվելու արդյունքում: Գյուրտելից այն կողմ գտնվում են քաղաքի նախկին արվարձանները, որոնք պաշտոնապես Վիեննայի մաս են կազմել 1892 թվականին:
Վարչական բաժանումԽմբագրել
Վիեննան բաժանված է վարչական 23 շրջանների.
- Ներքին քաղաք (Innere Stadt)
- Լեոպոլդտշտադտ (Leopoldstadt)
- Լանդշտրասե (Landstraße)
- Վիդեն (Wieden)
- Մարգարետեն (Margareten)
- Մարիահիլֆ (Mariahilf)
- Նոյբաու (Neubau)
- Յոզեֆշտադտ (Josefstadt)
- Ալզերգրունդտ (Alsergrund)
- Ֆավորիտեն (Favoriten)
- Զիմերինգ (Simmering)
- Մայդլինգ (Meidling)
- Հիթցինգ (Hietzing)
- Պենցինգ (Penzing)
- Ռուդոլֆսհայմ Ֆյունֆհաուս (Rudolfsheim-Fünfhaus)
- Օտակրինգ (Ottakring)
- Հերնալս (Hernals)
- Վերինգ (Währing)
- Դյոբլինգ (Döbling)
- Բրիգիտենաու (Brigittenau)
- Ֆլորիդսդորֆ (Floridsdorf)
- Դոնաուշտադտ (Donaustadt)
- Լիզինգ (Liesing)
ԿլիմաԽմբագրել
Ձմեռ. օդի միջին ջերմաստիճանը +1 °C է, հազվադեպ լինում են −12 до −18° ցրտեր, ձյան տեղումները հաճախակի են: Գարուն. վրա է հասնում փետրվարի վերջին և տևում է մինչև մայիսի կեսերը: Եղանակը կայուն չէ, խիստ փոփոխական է: Կարող են դիտարկվել ինչպես ձմեռային ցրտեր, այնպես էլ ամառային շոգեր: Ցրտերը սովորաբար անցնում են մարտին, որոշակի տարիների կարող են շարունակվել մինչև մայիսի կեսերը: Ամառ. օդի միջին ջերմաստիճանը +20 °C է: Հաճախ լինում է չոր և շոգ` մինչև +38 °C: Աշուն. դրսևորվում է սեպտեմբերի վերջին տասնօրյակին: Աշնան սկիզբն ու վերջը բնորոշվում են շոգերի վերադարձով և չոր, հարմարավետ եղանակով: Խոր աշունը վրա է հասնում նոյեմբերի վերջին` սահուն անցնում կատարելով մեղմ ձմռան:
Վիեննան արևային քաղաք է, որտեղ արտահայտված են տարվա բոլոր չորս եղանակները:
Վիեննայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.8 (62.2) |
20.3 (68.5) |
25.4 (77.7) |
27.4 (81.3) |
31.5 (88.7) |
36.5 (97.7) |
36.1 (97) |
39.5 (103.1) |
31.8 (89.2) |
24.8 (76.6) |
21.3 (70.3) |
16.4 (61.5) |
37.0 (98.6) |
Միջին բարձր °C (°F) | 3.8 (38.8) |
6.1 (43) |
11.5 (52.7) |
16.1 (61) |
21.3 (70.3) |
24.0 (75.2) |
26.7 (80.1) |
26.6 (79.9) |
21.1 (70) |
15.3 (59.5) |
8.1 (46.6) |
4.6 (40.3) |
15.3 (59.5) |
Միջին օրական °C (°F) | 1.2 (34.2) |
2.9 (37.2) |
6.4 (43.5) |
11.5 (52.7) |
16.5 (61.7) |
19.1 (66.4) |
21.7 (71.1) |
21.6 (70.9) |
16.8 (62.2) |
11.6 (52.9) |
5.5 (41.9) |
2.4 (36.3) |
11.4 (52.5) |
Միջին ցածր °C (°F) | −0.8 (30.6) |
0.3 (32.5) |
3.5 (38.3) |
7.8 (46) |
12.5 (54.5) |
15.1 (59.2) |
17.4 (63.3) |
17.5 (63.5) |
13.6 (56.5) |
8.8 (47.8) |
3.6 (38.5) |
0.5 (32.9) |
8.3 (46.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −17.6 (0.3) |
−16.4 (2.5) |
−10.4 (13.3) |
−2.1 (28.2) |
4.9 (40.8) |
6.8 (44.2) |
10.9 (51.6) |
10.1 (50.2) |
5.6 (42.1) |
−1.8 (28.8) |
−7.0 (19.4) |
−15.4 (4.3) |
−17.6 (0.3) |
Տեղումներ մմ (դյույմ) | 21.3 (0.839) |
29.3 (1.154) |
39.1 (1.539) |
39.2 (1.543) |
60.9 (2.398) |
63.3 (2.492) |
66.6 (2.622) |
66.5 (2.618) |
50.4 (1.984) |
32.8 (1.291) |
43.9 (1.728) |
34.6 (1.362) |
547.9 (21.57) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 18.6 (7.32) |
15.6 (6.14) |
8.3 (3.27) |
1.5 (0.59) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
7.9 (3.11) |
16.4 (6.46) |
68.3 (26.89) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 5.3 | 6.0 | 8.1 | 6.3 | 8.3 | 9.3 | 8.2 | 8.5 | 6.9 | 6.0 | 7.5 | 7.6 | 88 |
Միջին ամսական արևային ժամ | 70.1 | 101.6 | 142.9 | 197.5 | 238.5 | 237.9 | 263.1 | 251.6 | 181.6 | 132.3 | 66.7 | 51.8 | 1935,5 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 25.6 | 35.5 | 40.1 | 48.2 | 50.6 | 49.6 | 54.4 | 56.8 | 53.8 | 40.6 | 23.9 | 19.8 | 41.58 |
աղբյուր: Central Institute for Meteorology and Geodynamics[7] |
Վիեննան եվրոպական այն քիչ մայրաքաղաքներից է, որտեղ խաղող է աճեցվում:
ՊատմությունԽմբագրել
Վաղ շրջանԽմբագրել
Ներկայիս Վիեննայի բնակեցման պատմությունը սկսվում է նեոլիթի դարաշրջանից, երբ Դանուբի ափերին զարգացել են հողագործությունն ու անասնապահությունը (Ք. ա. 6-րդ հազարամյակ). Վիեննայի հովտափոսը դրա համար լավագույն հնարավորություն է ընձեռել: Լեոպոլդսբերգ լեռան ստորոտի՝ դորիական ցեղերով բնակեցման պատմությունն սկսվել է բրոնզե դարի կեսերից և ավարտվել հռոմեացիների գալուստով:
Վիեննայի` որպես բնակավայրի պատմությունն սկսվում է Ք. ա. 1-ին դարից, երբ ներկայիս քաղաքի տեղում հռոմեական լեգեոնները կառուցվել են պաշտպանական շինություններ: Դրանք կոչվել են «Վինդոբոնա», որ նշանակում է «Վինդոսի անդաստան»: Ռազմական ճամբարի շուրջը սկսեցին կառուցվել քաղաքացիական շինություններ: Հնագիտական պեղումները չեն հաստատում ներկայիս քաղաքի տարածքում դորիական բնակավայրի գոյությունը:
5-րդ դարի սկզբին Վինդոբոնում հրդեհ է բռնկվում, իսկ դարավերջին հռոմեացիները լքում են տեղանքը:
Այն փաստը, որ Վիեննայի կենտրոնի տեղագրությունը համընկնում է Վինդոբոնի ճամբարի տեղագրության հետ, խոսում է այն մասին, որ հռոմեացիների գնալուց հետո այնտեղ մարդիկ են ապրել, որոնք ապաստան են գտել այն ժամանակներում դեռևս կանգուն ամրոցային պատերի մոտ` դրանց քարերը որպես շինանյութ օգտագործելով:
Պեղումները ցույց են տալիս, որ 6-րդ դարում կյանքը ամրոցների մոտ կենտրոնացված էր հռոմեական նստավայրի հյուսիսարևելյան մասում: Բնակչության անվանումը հայտնի չէ, սակայն նրանց մեջ եղել են ավարներ և սլավոններ[8]: Այդ սլավոնների հետնորդները ներկայումս էլ ապրում են Վիեննայի Վերինգ և Դյոբլինգ շրջաններում:
9-րդ դարում արևմուտքից եկած Կարոլինգները հռոմեական նախկին ճամբարի հյուսիսարևելյան մասում կառուցում են ոչ մեծ ամրոց և մինչ օրս պահպանված Սուրբ Ռուպրեխտի եկեղեցին [9]: Դեռևս փոքր բնակավայրի բնակիչների թիվն սկսում է աճել: Հենց 9-րդ դարին են վերաբերում Վիեննայի մասին առաջին հիշատակումները. Զալցբուրգի մատյաններում պահպանվել է 881 թվականի հիշատակում այն մասին, որ Վիեննայի մոտ տեղի է ունեցել բախում հունգարների հետ («… bellum cum ungaris ad Uueniam…»): Սակայն հստակ չէ` արդյոք դա քաղաքն է, թե Վիեննա գետը, ինչպես որ հայտնի չէ ընդհարման ելքը:
12-րդ դարի կեսերին Վիեննան դառնում է ավստրիական Բաբենբերգների նստավայրը: 1155 թվականին հերցոգ Հենրի II Բաբենբերգը տուն է կառուցել Ամ Հոֆ հրապարակում: 1137-1147 թվականներին կառուցվել է Սուրբ Ստեփանոսի տաճարի տեղում կառուցվել է առաջին եկեղեցին (ժամանակակից տաճարը կառուցվել է 13-15-րդ դարերում): 1278 թվականից Վիեննան դառնում է Հաբսբուրգների ամրոցը: 1469 թվականին Ֆրիդրիխ III կայսեր ջանքերով Հռոմի պապի թույլտվությամբ Վիեննայում հիմնվում է եպիսկոպոսություն:
1529 թվականին Վիեննայի վրա անհաջող հարձակում են գործում թուրքերը: Թշնամուց գրեթե 20 անգամ քիչ ուժերով Վիեննայի բնակիչներին հաջողվում է վճռական հաղթանակ տանել: Թուրքերի աննախադեպ ծանր պարտությունը Օսմանյան կայսրության` Եվրոպա թափանցելու ջանքերի վերջակետն է դնում: Կես դար անց` 1683 թվականին, կաթոլիկ երկրների միասնական զորաջոկատները Վիեննայի մոտ թուրքերին առավել խայտառակ պարտության են մատնում, ինչից հետո Օսմանյան կայսրությունը հրաժարվում է Եվրոպան նվաճելու քաղաքականությունից:
1679 թվականին Վիեննայում ժանտախտի համաճարակ է սկսվում: Քաղաքի բնակչությունը, որ 100.000 մարդ էր կազմում, նվազում է երեք անգամ: Ժանտախտի հիշատակին Պեստզոյլի մոտ կանգնեցվում է Ժանտախտի սյուն: Սակայն 1713 թվականին քաղաքում նոր համաճարակ է բռնկվում. միայն Սուրբ Ստեփանոսի տաճարի կատակոմբներում 11.000 մարդ է թաղվում: Համաճարակի հիշատակին հետագայում կառուցվում է Կարլսկիրխե եկեղեցին:
16-րդ դարից սկսած` Վիեննան դառնում է ավստրիական Հաբսբուրգների բազմազգ պետության մայրաքաղաքը: 18-րդ դարում Վիեննայում զարգանում է մանուֆակտուրային արդյունաբերությունը:
19-20-րդ դարերԽմբագրել
18-20-րդ դարերում Վիեննան դառնում է համաշխարհային երաժշտական մշակույթի կենտրոն:
1805 և 1809 թվականներին Վիեննա են մտնում Նապոլեոնի զորքերը: 1814 թվականին քաղաքում կայանում է Վիեննայի վեհաժողովը, որն ստիպում է վերանայել Եվրոպայի քարտեզը:
19-րդ դարի առաջին կեսին ի հայտ է գալիս բիդերմայեր ոճը, որի հիմնադիրներն են եղել վիեննացի նշանավոր նկարիչներ, կոմպոզիտորներ, թատերական գործիչներ: Վիեննան դառնում է համաեվոպական մշակույթի կենտրոն: Բիդերմայեր ոճի դարաշրջանն ավարտվում է 1848 թվականի հեղափոխությամբ, որին քաղաքի բնակիչները ակտիվ մասնակցություն են ունենում:
19-րդ դարի վերջին Վիեննայում շարունակում են մեծ զարգացում ապրել մշակույթը, գիտությունն ու կրթությունը: Համաշխարհային համբավ են ձեռք բերում Վիեննայի համալսարանն ու գիտությունների ակադեմիան:
20-րդ դարի սկզբին Վիեննան ավելի քան 2 միլիոն բնակչությամբ դառնում է Եվրոպայի խոշորագույն բնակավայրերից մեկը: Սակայն Առաջին աշխարհամարտում Ավստրո-Հունգարիայի պարտությունից հետո Վիեննան կորցնում է իր ազդեցությունը: Դրան նպաստում են նաև գնաճը և սոցիալիստների ու պահպանողականների պայքարը: Քաղաքապետարանը, փորձելով պահպանել ֆինանսների և լայն զանգվածների հավասարակշռությունը, մատչելի բնակարանաշինության ծրագիր է սկսում, սակայն չի կարողանում չի կարողանում կանխել կուսակցությունների բախումը. 1927 թվականին Վիեննայում սկսվում են զանգվածային անկարգություններ, որի հետևանքով 89 մարդ է զոհվում:
1934 թվականին իշխանության գլուխ եկած նացիոնալ-սոցիալիստական ուժերը չեն կարողանում պահպանել երկրի անկախությունը. 1938 թվականի մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Վիեննա են մտնում գերմանական զորքերը:
1945 թվականի ապրիլի 13-ին Վիեննական գործողության արդյունքում Վիեննա են մտնում խորհրդային զորքերը: Անգլո-ամերիկյան ռմբակոծություններից, ապա նաև փողոցային մարտերից քաղաքը խիստ տուժում է, սակայն քաղաքի պատմական կենտրոնը հիմնականում անվնաս է մնում: 1960 թվականին ավարտվում է Սուրբ Ստեփանոսի տաճարի վերականգնումը: 1955 թվականին վերաբացվում են օպերային թատրոնն ու «Բուրգթատրոնը» (Burgtheater):
1945 թվականի հուլիսին ստորագրվում է քաղաքի օկուպացման պայմանագիրը, որի համաձայն քաղաքը բաժանվում է չորս տիրապետությունների` խորհրդային, ամերիկյան, անգլիական և ֆրանսիական: Կառլ Ռեները ստեղծում է ավստրիական ժամանակավոր կառավարություն, որը ղեկավարվում էր Գերմանիայի բաժանմունքից: Քաղաքը բաժանած խորհրդային և դաշնակից զորքերը Վիեննան լքում են 1955 թվականին, երբ Ավստրիան հռչակվում է անկախ և չեզոք երկիր:
1950-ական թվականների երկրորդ կեսին Վիեննայում նորից սկսվում է զարգանալ բնակարանաշինությունը: 1970-1980 թվականներին լրջորեն վերակառուցվում է քաղաքի կենտրոնը, ինչի շնորհիվ քաղաքը փրկվում է բրյուսելիզացիայից: Ժամանակակից Վիեննայում իրենց կենտրոններն ունեն Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը և միջազգային մի շարք այլ կազմակերպություններ:
ՏրանսպորտԽմբագրել
Վիեննայում զարգացած է հասարակական տրանսպորտը: Այն հետևյալ բաղկացուցիչներն ունի.
- Ճեպընթաց գնացքներ S-Bahn, որոնք պատկանում են Ավստրիական պետական երկաթուղային ընկերությանը,
- Վիեննայի մետրոպոլիտեն, ավտոբուսային գծեր ու տրամվայներ (Wiener Linien ընկերություն),
- Վիենա - Բադեն տրամվայի գիծ (Badner Bahn),
- Ավտոբուսային մասնավոր երթուղիներ,
- City Airport Train ճեպընթաց գնացքներ, որոնք միջազգային Շվեխատ օդանավակայանից ուղևորվում են քաղաքի կենտրոն:
Տրամվայների գործարկումը Վիեննայում սկսվել է 1865 թվականին: Ներկայումս քաղաքի տրամվային ուղիների երկարությունը կազմում է մոտ 179 կմ: Այդպիսով` Վիեննայում է գտնվում տրամվայի ամենաերկար և ամենահին գծերից մեկն աշխարհում: 1989 թվականին Վիեննայում հայտնվում են քաղաքային առաջին երկաթգծերը (Stadtbahn): Ավտոբուսային երթուղիները գործարկվել են 1907 թվականի մարտի 23-ին:
Ավտոմայրուղիներն ու երկաթգծերը Վիեննան կապում են Ավստրիայի և Եվրոպայի այլ քաղաքներին: Գլխավոր միակ կայարանը կառուցման ընթացքում է (մասամբ բացվել է 2012 թվականի դեկտեմբերին): Հեռագնա ուղերթերը սպասարկվում են Հարավային, Հյուսիսային, Արևմտյան և Ֆրանց Իոսիֆի կայարանները: Վիեննայի միջազգային Շվախտ օդանավակայանը օդային ուղիղ կապ է ապահովում Եվրամիության շատ երկրների հետ: Այն Կենտրոնական Եվրոպայի ամենախոշոր օդանավակայանն է ուղևորների սպասարկման թվով: Օդանավակայանի հետ համագործակցում են ավելի քան 60 ավիաընկերություններ աշխարհի տարբեր մասերից: 2005 թվականին օդանավակայանը սպասարկել է մոտ 14 միլիոն ուղևորի:
Քաղաքի ջրային կապն ապահովվում է Դանուբ գետով: Այն 60.000 մ² ընդհանուր մակերեսով Եվրոպայում ամենախոշորն է բեռնավագոնների սպասարկման առումով: Վիեննայի նավահանգստում գրանցված են ավստրիական և արտասահմանյան 120 ընկերություններ, որոնցում աշխատում է ավելի քան 5.000 մարդ: 2005 թվականին կենտրոնով փոխադրվել է ավելի քան 9 միլիոն տոննա բեռ:
Գիտական հաստատություններ և համալսարաններԽմբագրել
- Տնտեսագիտական հետազոտությունների ավստրիական ինստիտուտ
- Վիեննայի միջազգային տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ
- Վիեննայի համալսարան[10]
- Վիեննայի տեխնիկական համալսարան[11]
- Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարան
- Գյուղատնտեսական համալսարան (բնական ռեսուրսներ և կիրառական արվեստ)
- Վիեննայի պետական բժշկական համալսարան
- Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
- Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի ինստիտուտ
- Անասնաբուժական համալսարան
Մասնավոր համալսարաններԽմբագրել
- Վեբստերի համալսարան
- Մոդուլ համալսարան
- Զիգմունդ Ֆրեյդի համալսարան
Տեսարժան վայրերԽմբագրել
- Վիեննայի պետական օպերա - աշխարհում ամենից մեծ հեղինակություն վայելող օպերաներից մեկը
- Շյոնբրուն - ավստրիական միապետների նստավայրը
- Սուրբ Ստեփանոսի տաճար - քաղաքի խորհրդանիշերից մեկը
- Բելվեդեր պալատական համալիր
- Հունդերտվասերի տուն - ճարտարապետ Հունդերտվասերի տունը
- Հոֆբուրգ - Հաբսբուրգների վիեննական նստավայրը
- ՄԱԿ-ի` Վիեննայի միջազգային կենտրոն
- Կարլսկիրխե - կաթոլիկ եկեղեցի
ԱյգիներԽմբագրել
- Շյոնբրունի կենդանաբանական այգի, որ կենդանիներով բնակեցվել է 1752 թվականին: Այն աշխարհում գործող կենդանաբանական այգիներից ամենահինն է:
- Լայնցի կենդանաբանական այգի - Վիեննական անտառի մի մասը: Մեծ մասամբ գտնվում է Վիեննայի 13-րդ շրջանում: Մի փոքր մասը գտնվում է Ստորին Ավստրիայում:
- Վիեննայի համալսարանի բուսաբանական այգի
- Պրատեր - հասարակական զբոսայգի և հանգստի վայր
- Ծովի տունը Վիեննայի 6-րդ շրջանի Էստերգազի այգում: Տեղակայված է Երկրորդ աշխարհամարտի տարիներին կառուցված աշտարակում: Ունի մոտ 4.000 մ² տարածք, որտեղ ներկայացված է ավելի քան 10.000 ծովային կենդանի: Հիմնական շեշտը դրված է ակվարիումների վրա:
ԵրաժշտությունԽմբագրել
- Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբ - աշխարհում մեծ հեղինակություն վայելող նվագախումբ է, որն ամեն տարի ավանդաբար անցկացնում է ամանորյա համերգ:
- Վիեննայի համերգասրահ - դասական երաժշտության կենտրոն:
- Վիեննայի պետական օպերա - Եվրոպայի առաջատար օպերաներից մեկը, որը մեծ դեր ունի այն հարցում, որ Վիեննան երաժշտական մայրաքաղաքի պատվավոր ճանաչում է ձեռք բերել:
- Mnozil Brass - ջազային հանրահայտ համույթ:
Ժանտախտի սյունը Վիեննայում
ՏնտեսությունԽմբագրել
2007 թվականին Mercer Human Resource Consulting ընկերությունը հրապարակել է մարդկանց կյանքի որակին նվիրված ամենամյա հետազոտության արդյունքները, որի համաձայն Վիեննան արդեն մի քանի անգամ զբաղեցրել է առաջին տեղը Եվրամիությունում: Քաղաքը լավագույն գնահատանքի է արժանացել ենթակառուցվածքների, հասարակական տրանսպորտի, բանկերի և ֆինանսների, անվտանգության, մշակույթի բնագավառներում: Այդ ցուցանիշը ուրախացրել է ոչ ոչ միայն Վիեննայի բնակիչներին, այլև միջազգային ընկերություններին, որոնք հաճույքով են աշխատում քաղաքում:
«Եվրոստատ» վիճակագրական ընկերության տվյալներով Վիեննան բարեկեցության բարձր աստիճանով աչքի ընկնող քաղաք է. համախառն արտադրանքը միջին եվրոպական ցուցանիշի համեմատ 178 % է: Անշարժ գույքի շուկան աճում է դանդաղ, բայց հաստատուն այն դեպքում, երբ եվրոպական շատ քաղաքներում այն ճգնաժամ է ապրում: Վարկանիշի ձևավորման համար հաշվի են առնվել հինգ հանգամանքներ` կյանքի որակ, ենթակառուցվածքներ, սոցիալական ինտեգրում, շրջակա միջավայրի պահպանություն, աշխատանքի արտադրողականություն:
ՔաղաքականությունԽմբագրել
Քաղաքի օրենսդիր մարմինը Վիեննայի համայնքային խորհուրդն է (Wiener Gemeinderat), գործադիր մարմինը` Վիեննայի քաղաքային սենատը (Wiener Stadtsenat), որը կազմված է Վիեննայի Բուրգոմիստրից (Bürgermeister von Wien) և քաղաքային խորհրդականներից (Stadtrat):
Մինչև 1918 թվականը Վիեննայի քաղաքականությունը ձևավորվում էր քրիստոնյա-սոցիալիստների կուսակցությունը, որի ղեկավարը` Կարլ Լյուգերը, երկար ժամանակ Վիեննայի քաղաքապետն է եղել: Երկար ժամանակ Վիեննան եղել է ավստրիական սոցիալ-դեմոկրատների հենարանը: Նրանք իշխանության էին եկել դեռևս Առաջին հանրապետության տարիներին (1918-1934)` անցկացնելով մի շարք սոցիալական բարեփոխումներ, բարելավելով հազարավոր աշխատողների կյանքի որակը: Վիեննայի քաղաքապետարանի` այդ տարիներին անցկացրած բարեփոխումները ողջունեցին ողջ Եվրոպայի սոցիալիստները, որոնք քաղաքն անվանեցին «կարմիր Վիեննա» (Rotes Wien): Սոցիալ-դեմոկրատների իշխանության միակ ընդհատումը եղել է 1934-1945 թվականներին, երբ երկրում իշխում էր ավստրոֆաշիզմը, ապա նացիոնալիզմը և Գերմանիայի և Ավստրիայի անշլյուսը:
1994 թվականին հեղինակություն վայելող բուրգոմիստր Հելմուտ Ցիլկի փոխարեն ղեկավար է ընտրվում մեկ այլ սոցիալ-դեմոկրատ` Մայքլ Հոյպլը: 1996-2001 թվականներին սոցիալ-դեմոկրատները քաղաքը ղեկավարում են Ավստրիայի ժողովրդական կուսակցության հետ: 2005 թվականին քաղաքային ընտրությունների ժամանակ սոցիալ-դեմոկրատները ստանում են ձայների 49 %-ը, մինչդեռ նրանց հակառակորդ կուսակցությունը` ընդամենը 18 %:
2010 թվականի հոկտեմբերի 10-ի քաղաքային ընտրությունները կտրուկ փոխեցին ուժերի հարաբերակցությունը. սոցիալ-դեմոկրատները, չկարողանալով ապահովել ձայների բացարձակ մեծամասնություն, ստացան ընդամենը 44 % ձայն[12]: Նրանց գլխավոր հակառակորդներն ստացան 13 %, իսկ աջ պահպանողականների Ազատության ավստրիական կուսակցությունը, գրեթե կրկնապատկելով նախկինում ստացած ձայների թիվը, ստացավ 27 % ձայն` դրանով պատգամավորների քանակով երկրորդը դառնալով Վիեննայի քաղաքապետարանում[13]:
ԴավանանքԽմբագրել
Վիեննան Հռոմի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոսական կենտրոն է: 2001 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչության կրոնական դավանանքը հետևյալ հարաբերակցությունն ունի.
- Կաթոլիկություն - 49.2%
- Դավանանք չունեցողներ - 25.7%
- Իսլամ - 7.8%
- Ուղղափառություն - 6.0%
- Բողոքականություն (հիմնականում` լյութերականություն) - 4.7%
- Հուդայականություն - 0.5%
- Այլ կրոններ - 6.3%
ՍպորտԽմբագրել
Քաղաքին է պատկանում գեղասահքի աշխարհի առաջնությունների անցկացման ռեկորդը. դրանք այնտեղ կազմակերպվել են 11 անգամ, որոնցից առաջինը՝ 1907 թվականին:
ՖուտբոլԽմբագրել
Վիեննայում գործում է ավելի քան 50 ֆուտբոլային ակումբ, այդ թվում` Ավստրիայի ֆուտբոլային ամենահին ակումբը` «Ֆյորստ Վենան»: Այն հիմնադրվել է 1894 թվականին: Քաղաքում են գործում Բունդեսլիգայի երկու թիմեր` «Աուստրիան» և «Ռապիդը»: Այս երկու թիմերի մեջ խաղերը կայանում են երկրի գլխավոր մարզադաշտում` «Էրնստ Հապելում»: Մյուս թիմերից հայտնի են «Վիներ Շպորտկլուբը», «Վիներ Վիկտորիան», «Ֆլորիդսդորֆերը»: Կանաց թիմերից առանձնանում են «Լանդհաուսը», որը քաղաքը ներկայացնում է Բունդեսլիգայում:
Քույր քաղաքներԽմբագրել
Քույր քաղաքի նման հարաբերություններ
Աստղագիտության մեջԽմբագրել
Վիեննայի պատվին անվանակոչվել են (397) Վիեննա աստերոիդը, որը հայտնաբերվել է 1894 թվականին, և (231) Վինդոբոնա աստերոիդը, որ հայտնաբերվել է 1882 թվականին:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://www.wien.gv.at/bezirke/
- ↑ Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 48։ ISBN 99941-56-03-9
- ↑ Quality of Living worldwide city rankings 2011 — Mercer survey
- ↑ Quality of Living worldwide city rankings 2012 — Mercer survey
- ↑ Liveability ranking: Melbourne storm
- ↑ Все столицы мира /Сост. О. В. Зыкина, Л. А. Бурлацкая, Г. А. Гальперина, Н. В. Иванова. — М.: Вече, 2005. С. 72.
- ↑ «Klimadaten von Österreich 1971–2000 – Wien-Innere-Stadt» (German)։ Central Institute for Meteorology and Geodynamics։ Վերցված է 16 February 2015
- ↑ Археологические раскопки в Вене
- ↑ https://www.google.am/search?q=%D0%A6%D0%B5%D1%80%D0%BA%D0%BE%D0%B2%D1%8C+%D0%A1%D0%B2%D1%8F%D1%82%D0%BE%D0%B3%D0%BE+%D0%A0%D1%83%D1%84%D0%B5%D0%BA%D1%82%D1%83%D1%80%D0%B0&tbm=isch&source=iu&pf=m&ictx=1&fir=kjObcPzBpdZRVM%253A%252CNcZrch4lOkF70M%252C_&usg=__8LsBOzAfxCn1liD8LWfQRCsuXKw%3D&sa=X&ved=0ahUKEwiIqMC11KzXAhVRoaQKHcVFD1EQ9QEIRjAG#imgrc=kjObcPzBpdZRVM:
- ↑ Willkommen an der Universität Wien
- ↑ Technik für Menschen
- ↑ FPÖ triumphiert mit Anti-Islam-Wahlkampf(գերմ.)
- ↑ SPÖ verliert die Absolute(գերմ.)(չաշխատող հղում — պատմություն)
ԳրականությունԽմբագրել
- «Вена»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Արտաքին հղումներԽմբագրել
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |