Արտաշես Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Գալուստի Գևորգյան (1894, Միջինթաղ և Խոտորջուր, Սպեր - 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վրիժառու, գնդակահարել է Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։
Արտաշես Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | 1894 թվական |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն, Էրզրումի վիլայեթ, Խոտորջուր գավառակ, Միջինթաղ գյուղ |
Մահացել է | 1937 թվականի օգոստոսի 15 |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | վրիժառու |
Կուսակցություն | ՀՅԴ |
Կենսագրություն
խմբագրելՀայ ժողովրդական վրիժառու Արտաշես Գևորգյանը ծնվել է 1894 թվականին Էրզրումի վիլայեթի Խոտորջուրի գավառակի Միջինթաղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ Եղել է ընդունակ և սրամիտ աշակերտ։ Արտաշեսը դեռևս մանուկ հասակից աչքի է ընկնում նաև իր խիզախությամբ և ճշմարտասիրությամբ։ 1907 թվականին խոտորջուրցի շատ պատանիների և երիտասարդների նման մեկնում է Ռուսական կայսրություն` արտագնա աշխատանքի, որտեղ որպես բանվոր աշխատում է Դոնեցկի ավազանի Գոլուբովկա հանքահորի փռում։ Վերադառնալով հայրենիք` 1910-1912 թվականներին աշակերտում է դերձակի մոտ։ 1912 թվականին դարձյալ մեկնում է Լուգանսկ, որտեղ նրա վրա խոր ազդեցություն է թողնում սոցիալ-դեմոկրատական գաղափարներով համակված Պոպով ազգանունով մի ռուս երիտասարդ։ 1914 թվականին, երբ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը և ռուսական զորքերի կազմում հայ կամավորականների հավաքագրումը` Արտաշեսը չի անդամագրվում հայ կամավորական շարժմանը` գտնելով, որ ցարի զենքը արյունոտ է։ Այնուհանդերձ, 1916 թվականին նա իր եղբոր` Թորգոմ Գևորգյանի (Ազվին) հետ, ով եղել է Զորավար Անդրանիկի (Օզանյան) համհարզը, մտնում է Անդրանիկի զորագունդը և ակտիվ մասնակցում 1916-1919 թվականներին Անդրանիկի մղած բոլոր մարտերին, որի ժամանակ քաջությամբ աչքի է ընկնում հատկապես Խոյ քաղաքից նահանջելիս` Սայտավարի կամրջի պաշտպանության ժամանակ` արժանանալով Զորավար Անդրանիկի դրվատանքին։ 1919 թվականին Արտաշեսը եղբոր հետ Անդրանիկին ուղեկցել է մինչև Բաթում` արտասահման անցնելու համար։ 1922 թվականին Դոնբասում բնակվող մի խումբ խոտորջուրցիներ որոշում են Խորհրդային Հայաստանում հիմնադրել Նոր Խոտորջուր անունով մի գյուղ։ Այդ նպատակով Արտաշեսը Դոնբասից ուղևորվում է Հայաստան` տեղ ընտրելու և կառավարության հանձնարարությունը ստանալու համար։
Ջեմալ փաշայի սպանություն
խմբագրել1922 թվականի հուլիսին, երբ Արտաշեսն իր ծնողների հետ հասնում է Թիֆլիս, այստեղ է գալիս նաև հայատյաց և ջարդարար Ջեմալ փաշան։ 1922 թվականի հուլիսի 21-ին ժամը 22:00-ի սահմաններում Արտաշեսը իր ընկերներ Պետրոս Տեր-Պողոսյանի և Ստեփան Ծաղիկյանի հետ Թիֆլիսում սպանում է 1914-1916 թվականներին հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից մեկին՝ Օսմանյան կայսրության ռազմածովային նախարար Ջեմալ փաշային։ Ջեմալի սպանությունից հետո, վախենալով ձերբակալությունից, Խորհրդային Հայաստան մեկնելու փոխարեն վերադառնում է Դոնբաս։ Ջեմալ փաշայի սպանությունը երկու տարով հետաձգում է խոտորջուրցիների` Խորհրդային Հայաստանում նոր գյուղ հիմնելու ծրագիրը։
Խոտորջուրի կոմունա
խմբագրել1924 թվականին Արտաշեսը հաստատվել է Երևանում։ 1925 թվականին, ստանալով Խորհրդային Հայաստանի կառավարության համաձայնությունը, Ներքին Ախտայի մոտ գտնվող կիսավեր Գորուխ-Գյունեի գյուղում 720 հեկտար տարածության վրա կազմակերպել է գյուղատնտեսական կոլեկտիվ` Խոտորջուրի կոմունան, և դարձել նրա առաջին նախագահը։ Արտաշեսի ղեկավարությամբ Խոտորջուրի կոմունան համեմատաբար մեծ նվաճումների է հասնում։ Նա ոչ միայն գրասենյակային նախագահ էր, այլև կոմունայի շարքային անդամ, իր բազում ընդունակությունների շնորհիվ` կոմունայի հողագործը, հացագործը, պայտառը, դարբինը, դերձակը, ճարտարապետը։ Արտաշեսին պետք է վերագրել այն, որ շատ կարճ ժամանակահատվածում մոտակա Թաքյառլու, Ռնդամալ, Թայչարուխ, Քարվանսարա, Նովո Միխայլովկա, Ախտա գյուղերի հայ, ռուս և ադրբեջանցի գյուղացիները չափազանց մեծ համակրանքով ու սիրով էին լցված դեպի կոմունան և նրա նախագահը։ Շատ անգամ է Խոտորջուրի կոմունան Արտաշեսի գլխավորությամբ օգնության հասել հարևան գյուղացիներին, օգնել կամ լուծել բազմաթիվ կնճռոտ հարցեր։ Սակայն, վրա են հասնում ստալինյան բռնաճնշումները։ 1936 թվականին Արտաշեսը ևս ձերբակալվում է և 1937 թվականի օգոստոսի 14-ի, լույս 15-ի գիշերը ժամը 02:00-ին գնդակահարվում է Ջեմալ փաշային սպանելու մեղադրանքով։ 1956 թվականին Արտաշեսը հետմահու արդարացվել է։
Հիշատակի հավերժացում
խմբագրելԱրտաշես Գևորգյանի անունը փորագրված է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում 2023 թվականի ապրիլի 25-ին բացված «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողին[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Մայրաքաղաքում բացվել է Ազգային արժանապատվության ասպետներին նվիրված աղբյուր-հուշակոթող». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Գրականություն
խմբագրել- Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, Երևան, 2015, 116 էջ, 2-րդ լրացված հրտ., Երևան, 2016, 136 էջ։
- Ով ով է (Հայեր։ Կենսագրական հանրագիտարան), հատ. 1, Երևան, 2005, էջ 276։
- Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 100։
- Ազվին, Ջեմալ փաշայի սպանությունը, Մոսկվա - Երևան, 1991, 92 էջ։