Բացել գլխավոր ցանկը

Երվանդ Քոչար

հայ նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, նկարիչ, նկարազարդող, արվեստների գործիչ
1rightarrow blue.svgԱյս հոդվածը նկարիչ-քանդակագործի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Քոչար (այլ կիրառումներ)։

Երվանդ Սիմոնի Քոչար (Քոչարյան) (հունիսի 15, 1899(1899-06-15)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 22, 1979(1979-01-22)[3][1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից[5]: Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երևույթներից է:

Երվանդ Քոչար
հայ․՝ Երվանդ Քոչար
Kochar.jpg
Ծնվել էհունիսի 15, 1899(1899-06-15)[1]
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունվարի 22, 1979(1979-01-22)[3][1] (79 տարեկանում)
Վախճանի վայրըԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց
ՈւսուցիչԵղիշե Թադևոսյան և Պյոտր Կոնչալովսկի
Ստեղծագործություն(ներ)«Մելամաղձություն» արձան, «Սասունցի Դավիթ» արձան և Վարդան Մամիկոնյանի հուշարձան
Ժանրդիմապատկեր
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ, նկարազարդող, գծանկարիչ, նկարիչ և արվեստների գործիչ
ԱշխատավայրԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներՌուբեն Քոչար
Կայքkochar.am
Երվանդ Քոչար Վիքիքաղվածքում
Yervand Kochar Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց): Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի(1870-1936)  դասարանում:  1918 թվականին չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կիվներին, Երվանդ Քոչարը Կարո Հալաբյանի հետ ուղևորվում են դեպի Մոսկվա: Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը: Հասնելով Մոսկվա Երվանդ Քոչարը 1918 - 1919 թթ՝ ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում:

1919 թվականին վերադառնալով Թիֆլիս, մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1919-1921 Նկարչություն է դասավանդում Թիֆլիսի գիմնազիաներում: 1920 թվականներին Մասնակցում է «Վրաց  նկարիչների ընկերության   կազմակերպած  Երրորդ Աշնանային» և «Малый круг» ցուցահանդեսներին (Թիֆլիս): 1921 թվականին Վրաստանի ԽՍՀ Ժողկոմը Քոչարին շնորհում է Պետական բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցների գեղանկարչության պրոֆեսորի վկայական: 

1922 թվականի ապրիլին ուղևորվում է արտասահման՝ Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 14-ին բացում է անհատական ցուցահանդես: Նոյեմբերին  ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում  Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստե Ավետիք Իսահակյանի, Ժ. Զաքարյանի դիմաքանդակները,  ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն:Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի թանգարանները: Վենետիկում, ստեղծած դիմաքանդակների համար արժանանում է արծաթե մեդալի:

1923 թվականին ամռանը Հաստատվում է Փարիզում: Նույն տարվա   Սեպտեմբերին «Ապագա» թերթի խմբագրության «Societe des savantes» սրահում Արշակ Չոպանյանի աջակցությամբ բացվում է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը: Ներկայացված աշխատանքները, ի թիվս այլոց, բարձր են գնահատում Էդգար Շահինը եվ Հակոբ Գյուրջյանը: 1924 թվականի փետրվարին մասնակցում է «Անկախականների սալոնի» («Salon des Indépendants») 35  րդ ցուցահանդեսին «Հարություն» եվ «Փոխակերպում»  կտավներով, որոնք իրենց վրա են բևեռում արվեստի նշանավոր քննադատների ուշադրությունը: Տարբեր ամսագրերում՝ «Revue du vrai et du beau» («Ճշմարիտի և գեղեցիկ հանդես»), «La Revue Moderne» («Արդիական արվեստ») և այլն, լույս են տեսնում արվեստաբանական հոդվածներ: «Տեսիլք. Քրիստոսը և Մագթաղինացին», «Բաքոս», «Աղջկա դիմանկար» աշխատանքներով մասնակցում է «Salond’Automne» /«Աշնանային սալոնի»/ ցուցահանդեսին: Քոչարի արվեստի մասին գրում են նշանավոր քննադատներ Կլեման Մորոն, Ռայմոն Սելինգը, Ժյուլ դը Սենթ Հիլլերը և այլոք:

1925 թվականին հունվարին ամուսնանում է Վարդենիի հետ:Այդ տարի մասնակցում է նաև՝ «L’art d’Aujourd’hui»  («Ժամանակակից արվեստ») միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին Պիկասոն, Արպը, Բրանկուզին, Դելոնեն, Լեժեն, Էռնստը, Գրիսը, Կլեեն,Լիպշիցը, Միրոն, Մոնդրիանը, Օզանֆանը և այլոք:

1926 թվականին «Salon des Indépendants» («Անկախականների սալոնի»)  կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում է «Աղջկա դիմանկար», «Պտուղներով հուրին» կտավներով: Որից հետո «Les Artistes d’Aujourd’hui» («Այսօրվա արվեստագետները») հանդեսում տպագրվում է հայտնի քննքադատ Անդրե Պասկալ-Լեվիի  հիացական  հոդվածը: Նույն տարում մեկ այլ ՝«La Sacre du Printemps» պատկերասրահում բացվում է Երվանդ Քոչարի 20 գեղանկար և 21 գրաֆիկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը: Որի առթիվ հրատարակվում է կատալոգ Վալդեմար Ժորժի կողմից: Ցուցահանդեսին արձագանքում են նաև ՝«Revue du vrai et du beau»,   «Les Artistes d’Aujourd’hui»,  «La Revue Moderne»  հանդեսները եվ պարբերականները:

1927 թվականին Քոչարը Կերամիկական զարդա-կիրառական  իրերի  ''SAMARA”  ֆաբրիկայում կատարում է ձևավորման աշխատանքներ:

1928 թվականին «Salon des Indépendants» («Անկախականների սալոնի») կազմակերպած 39-րդ ցուցահանդեսին մասնակցում է 2 գեղանկար-քանդակ  ստեղծագործություններով:Նույն տարվա հունվարին մամուլում տպագրվում են «Անկախականների սալոնի» ցուցահանդեսում Քոչարի քանդակ-գեղանկար աշխատանքների նկատմամբ դրսևորված վանդալիզմը դատապարտող արձագանքներ: Այդ գործերը «Տարածական նկարչության» առաջին մունետիկներն էին: Փետրվարին Սորբոնում դոկտոր Ալենդին դասախոսություն է կարդում   Քոչարի «նոր գեղանկարչության» մասին: Այնուհետև «Van Leer»  պատկերասրահում բացվում է  ,,Les  Pentures dans  l`espace de Kotchar,,  («Քոչարի  տարածական նկարչությունը) անհատական ցուցահանդեսը: Ներկայացված 15 գործերը առանձնանում  էին պլաստիկ - գեղանկարչական նորագույն լուծումներով, ուր ներառված էր ժամանակը՝ որպես լրացուցիչ չորրորդ չափում:

1928 թվականին դեկտեմբերին  թոքախտից  մահանում  է  Քոչարի կինը՝ Վարդենին և դուստրը:

1929 թվականին «BONAPART» հրատարակչության սրահներում կազմակերպված «Panorama de l`art contemporain» («Ժամանակակից արվեստի համայնապատկեր) միջազգային ցուցահանդեսում Քոչարը ներկայացնում է «Տարածական  նկարչություն» շարքի գործեր: Ցուցահանդեսին մասնակցում էին Պիկասոն, Բրաքը, Շագալը, Դելոնեն, Լյուրսան,Մատիսը,   Միրոն, Պիկաբիան, Սյուրվաժը, Ուտրիլոն, Վլամինկը,  և  այլոք: Ծանոթանում է հայտնի մեկենաս, ժամանակակից արվեստի գիտակ՝ «L’Effort Moderne» պատկերասրահի տնօրեն, ամենամսյա  համանուն  հանդեսի հրատարակիչ-խմբագիր Լեոնս Ռոզենբերգի հետ, որը հետագայում դառնում է Քոչարի տաղանդի երկրպագուն:

1930 թվականի հունվարին Քոչարը ամուսնանում է Մելինե Օհանյանի հետ: Նույն տարում ՝Լոնդոնում «The Leicester Galleries» պատկերասրահում  բացվում է «Pictures  by Fernand Leger, Gino Severini, Jean Metzinger, Jean  Viollier also Paintings  in space  by Kotchar» («Լեժեի,  Մեցենժեի, Սեվերինիի,  Վիոլեի ստեղծագործությունների և  Քոչարի «Տարածական նկարչությունը») ցուցահանդեսը:

1932 թվականի Մասնակցում է Լեոնս Ռոզենբերգի պատկերասրահում կազմակերպված «Exposition d`oeuvres  Cubites, Surrealistes et  Abstraites», («Կուբիստական, սյուրռեալիստական, աբստրակտ ստեղծագործությունների») ցուցահանդեսին, ուր ներկայացված էին Բրաքի, Մեցենժեի, դը Կիրիկոյի, Գրիսի, Պիկաբիայի, Կզակիի, Լեժեի, Էռնստի, Հերբինի և  այլոց աշխատանքները:

1934 թվականին «Galerie Vignon» պատկերասրահում բացվում է  «Kotchar – Peinures, Sculptures,   Dessingns » («Քոչարի գեղանկար, գրաֆիկ, քանդակ ստեղծագործությունները») հերթական անհատական ցուցահանդես, որին անդրադառնում են Մորիս Ռեյնալը, Մաքսիմիլլիան Գոթիեն, այլ քննադատներ:

1935 թվականին «Խնձորով աղջիկը» և «Սրճարանում»  նկարներով  մասնակցում  է Բուդապեշտում կազմակերպված ցուցահանդեսին: Նույն տարում մասնակցում է նաև՝  «Les Artistes Musicalistes» («Երաժշտամետ նկարիչներ») ցուցահանդեսին որի կազմակերպիչն եղել է Անրի Վալենսիը (Henri Valensi ) /1883-1960/: Հուլիսին Փարիզում հրապարակվում է «ՈւՂԵՐՁԸ», ուր առաջին անգամ, Քոչարը ամբողջությամբ ներկայանում է Տարածական նկարչության մասին իր արվեստաբանական  հիմնավորումները:

Հաջորդ տարի ՝1936 թվականին մարտի 18-ին «Տարածական նկարչությունը» թեմայով Քոչարը ելույթ է ունենում  «REGAIN» -ի  կողմից կազմակերպված կոնֆերանսում: 1936 թվականին նաև ստորագրում է «Դիմանսիոնիզմի մանիֆեստը» (''Manifeste Dimensioniste''), որի գաղափարներն՝ ըստ նշանավոր արվեստաբան Վ. Ժորժի, նախորդող տասնամյակում արդեն իսկ իրենց արտահայտությունն էին գտել Քոչարի ստեղծագործություններում: Մանիֆեստը ստորագրել են Պիկասոն, Արպը,Կալդերը, Միրոն, Դելոնեն, Դյուշանը, Կանդինսկին, Պիկաբիան և  այլոք:

Այնուհետև 1936 թվականի մայիսին՝ փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս, բնավ չկասկածելով, որ ընդմիշտ է լքում Փարիզը և  Մելինեին: Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում էխ և նույնտ տարվա աշնանը տեղափոխվում է Երեվան:

Դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ: Պաբերաբար մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների: 1937 թվականի Հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է  «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին հոդվածը, որից հետո Քոչարը  մեղադրվում է «Հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական  գործունեության մեջ: Երվանդ Քոչարի ներսիսյանցի ընկերները ՝Անաստաս Միկոյանը և ԽՍՀՄ ճարտարապետների միության փոխնախագահ Կարո Հալաբյանը սատարում են նրան՝ պաշտպանելով զրպարտանքներից:

1941 թվականի Հունիսի 23-ին բանտարկվում է: Երկու տարի անց նոր միայն Անաստաս Միկոյանի և  Կարո Հալաբյանի միջամտությամբ ազատվում է բանտից։

1946 թվականին Երևանի Կ. Մարքսի անվ. Պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժանմունքում դասավանդում է գծանկարչություն: Այդ նույն տարի Կոմիտասի գրաֆիկական դիմանկարի համար արժանանում է երկրորդ մրցանակի (առաջին մրցանակ չի շնորհվել):1946 թվականին Քոչարը ամուսնանում է Մանիկ Մկրտչյանի հետ:

1965 թվականին Հայրենիք վերադառնալուց  30  տարի անց Երևանում բացվում է Քոչարի առաջին  անհատական ցուցահանդեսը: Հայաստանի ԽՍՀ Գերգույն Խորհրդի նախագահության հրամանագրով Ե. Քոչարին շնորհվում է Հանրապետության ժողովրդական նկարչի կոչում:1967 թվականին Շնորհվում է Հայաստանի  ԽՍՀ պետական մրցանակ:

1971 թվականին Երևանում բացվում է Քոչարի  ստեղծագործություների երկրորդ անհատականցուցահանդեսը: ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով պարգևատրվում է  Աշխատանքային  Կարմիր  դրոշի   շքանշանով:

1973 թվականին Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա) բացվում է Քոչարի անհատական ցուցահանդեսը:

1974 -1975 թվականին Կազմակերպվում են անհատական ցուցահանդեսներ Բաքվում  և Թբիլիսիում: Տրետյակովյան պատկերասրահը (Մոսկվա)  և Ռուսական թանգարանը (Ս. Պետերբուրգ) ձեռք են բերում Քոչարի գեղանկար և գծանկար աշխատանքներից:

1976 –1977 թվականին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվում է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի կոչում: Մասնակցում է «Ինքնանկարը ռուսական և Խորհրդային արվեստում1930-1950թթ. շրջիկ ցուցահանդեսին /Մոսկվա, Միության մի շարք քաղաքներ, Բուլղարիա, Լեհաստան, Հունգարիա/:

1978 թվականին Երևանում, Նկարչի տանը  բացվում է  Քոչարի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:

Երվանդ Քոչարը վախճանվեց 1979 թվականին Երևանում։ Նրա անունով է կոչվում Երևանի փողոցներից մեկը։

1984 թվականին Երևանում բացվեց Երվանդ Քոչարի թանգարանը, որտեղ արվեստասերը կարող է հնարավորինս ամբողջական պատկերացում կազմել Մաէստրոյի ստեղծագործական ուղու մասին։ Միայն Երվանդ Քոչարի թանգարանում և Փարիզի Պոմպիդու կենտրոնում կարելի է տեսնել Քոչարի տարածական նկարները։

2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահը Երվանդ Քոչարի թանգարանի հետ համատեղ ներկայացրել է «Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն» ցուցահանդեսը (գեղանկար, գրաֆիկա, քանդակ և տարածական նկարչություն)[6][7]:

 
Երվանդ Քոչարին նվիրված հուշատախտակ Երևանի Դեմիրճյան 27 շենքի պատին

Ստեղծագործական գործունեությունըԽմբագրել

Առաջին շրջանԽմբագրել

Ստեղծագործության առաջին շրջանը կապված է Թիֆլիսյան տարիների հետ: Քոչարին ի վերուստ տրված գեղարվեստական ընդունակությունները դրսևորվեցին դեռ վաղ հասակում, Ներսիսյան դպրոցի առաջին դասարանում, որտեղ նա կրթվեց 1906-1918 թվականներին: Շուտով Քոչարի վրա ուշադրություն է դարձնում նրա գեղանկարչության դասատուն ՝ Հարություն Շամշինյանը: Վերջինիս խորհրդով Քոչարը ընդունվեց Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոց , որի տնօրենն էր Թիֆլիսում հայտնի գեղանկարիչ և ծաղրանկարիչ Օսկար Շմեռլինգը: Այդ շրջանում նրա ստեղծած աշխատանքները հիմնականում դիմանկարներ ու կենցաղային տեսարաններ են: Ստեղծագործական ավելի կայուն ու երկարատև հափշտակության մասին են վկայում արվեստագետի իմպրեսոնիզմին հարող աշխատանքները: Դրանք փոքրադիր յուղանկարներ, ջրանկարներ, մատիտանկարներ են, որոնք կատարվել են 1918 թվականին , մինչ Մոսկվա մեկնելը: Դրանցից են «Պարտեզ Թիֆլիսում», «Պարտեզում» , «Զրույց», «Երեքը պրտեզում», «Մտերմական խոսակցություն»: Իմպրեսիոնիզմով Քոչարի տարվելը գալիս է նրա ուսուցիչներից մեկի՝ հայ ականավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանից[8]: 1918 թվականին նկարչի վրձնած  կտավներում`   «Արդուկով նատյուրմորտ»,  «Սրճամանով նատյուրմորտ»  «Տներն ու ծուխը»,  «Թասով  նատյուրմորտը» ,  «Խաղաթղթով նատյուրմորտը» աշխատանքներում   սեզանիզմին բնորոշ տարեր  են նկատվում: Այս աշխատանքերում   գույնին վերապահված է  ոչ թե  դեկորատիվ, այլ  ձևակազմական  դեր: 

Մինչև 1922 թվականը  Քոչարը մնացել է Թիֆլիսում, շարունակելով իր ստեղծագործական  ակտիվ որոնումները, մի կողմից հենվելով անտիկ  արվեստի  և  Վերածննդի դասական ավանդույթների  վրա, իսկ միուս կողմից` հաշվի առնելով Սեզանի ու  սեզանիստների, հատկապես կուբիստների նվաճումները: Դասական միտումն առավել ցայտուն է  դրսևորվում  Քոչարի գրաֆիկական  առանձին  թերթերում, որոնցից են   «Տղայի գլուխը», «Կանացի դիմանակարը», «Արփենիկ  Հովսեփյանի դիմանկարը» աշխատանքներում:

Դասական և նորարարական  այդ երկու միտումները   հաշտեցնելու փորձ է արված վաղ շրջանի   առավել հաջող գործերից մեկում`1919 վրձնած  «Ի խորոց»  մեծադիր յուղանկարում: Ներկայացված պատանում մերկ մարմինը , անշարժացել է, իսկ նրա  կիսախուփ կոպերով, փակ շրթունքներով  և սուր այտոսկրերով  նիհարուն դեմքը  թվում է  անշունչ անկենդան: Կտավում արտահայտչական գլխավոր  միջոցներն  են  գծանկարն ու  լուսուստվեը: Ֆունկցիոնալ  դեր է կատարում  նաև  գունաշարը: Սևաստվեր  մուգ  ու մարմնագույն  բաց կոլորիտը   պատկերին խստաշունչ  և  մռայլ երանգ է տալիս:

Երկրորդ շրջանԽմբագրել

1922 թվականին  Քոչարը Եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու և այն  ուսումնասիրելու նպատակով  ուղևորվում է Եվրոպա: Առաջին կանգառը  Կոստանդնուպոլիսն էր,  այնուհետև Վենետիկը: Վենետիկում  արվեստագետը   մնում  է Սուրբ Ղազար կղզու հայ մխիթարյան  վանականների  կաթոլիկ միաբանության  հովանու տակ: Այստեղ նա առաջին անգամ լրջորեն զբաղվում է  քանդակագործությամբ `  կերտում է Ավ. Իսահակյանի,  Վենետիկի  կարդինալ Լաֆոնտենի, Ժ. Զաքարյանի  և Աբբահայր Կյուրեղյանի  քանդակները: Այս  դիմաքանդակներում  համոզիչ կերպով բացահայտել է մարդկային բնավորությունը, իսկ պլաստիկական առումով  դրանք լուսաստվերով  հագեցած և լավ մշակված ծավալներ են: Վենետիկում   ստեղծում է նաև մի քանի  երփնագիր գործեր` «Իտալացի բանաստեղծը», «Ղազարոսի հարություն» : «Իտալացի բանաստեղծը» նկարում պատկերված  է  սրճարանի սեղանի մոտ հանգիստ նստած, գինու գավաթով և  ճխամորճով մի երիտասարդ։ Նրա աչքերի արտահայտության մեջ նկատվում է մտքի լարված ու կենտրոնացած աշխատանքը, իսկ ազնվական նուրբ դիմագծերը բանաստեղծի խոր ինտելեկտի կնիքն են կրում։ «Ղազարոսի հարություն»:

1923 թվականին Քոչարը հաստատվում է Փարիզում։ 1923 -1925 թվականներին նրա աշխատանքները ներկայացվում են Աշնանային սալոնում, Անկախականների սալոնում, Գիտական ընկերության ցուցահանդեսում, ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսում, իսկ 1926 թվականի հոկտեմբերի 28–ին Փարիզի ,,Le Sacre du Printemps,, (Սրբազան գարուն ) պատկերասրահում բացվում է նրա անհատական անդրանիկ ցուցահանդեսը[9]։ 1923 -1926 թվականներին Քոչարը մի շարք ուշագրավ աշխատանքներ է ստեղծում՝ «Հաստլիկը հարդարվելիս», «Հուրին», «Պտուղներով հուրին», «Խնձորով աղջիկը», «Արևելյան կանայք», «Տեսիլք» և «Ընտանիք։ Սերունդներ»։ Նկարչի նշված աշխատանքները գրավում են՝ Վալդեմար Ժորժի, Սենտ-էնյանի, Անդրե Պասկալ-Լևիի, Ռայմոն Սելիգի, Մորիս Ռեյնալի և ֆրանսիացի այլ հայտնի քննադատների ուշադրությունը։ Քոչարի մասին գրում են ՝ «L Art Vivant»(Կենդանի արվեստ ),   «La Revue   Moderne  das  Arts  es  de la Vie»(Արվեստների և կյանքի ժամանակակից հանդես), «La Revue du Vrai et  du  Beau»(ճշմարտության և գեղեցկության հանդես),  «Les  Artistes daujourdhui» (Արդի արվեստագետները ), «Cahiers d Art» (Արվեստի տետրեր) գեղարվեստական լրագրերը և ամսագրերը։Քոչարին մեծ ճանաչում է բերում նրա երկրորդ ցուցահանդեսը՝ «Le peinture dans l'espace» (Նկարչություն տարածության մեջ կամ տարածական նկարչություն)  վերնագրով, որը կայացել է 1928 թվականի նոյեմբերին փարիզյան «Van Leer» պատկերասրահում։ «Տարածական նկորչություն» անվան տակ էլ արվեստի պատմության մեջ է մտնում Քոչարի այդ ստեղծագործությունները, որոնցում փորձ է արվում ժխտել մեր սովորական պատկերացումները նկարչության հստակ ձևերի և արտահայտչական հնարավորությունների մասին։ «Տարածական նկորչությունը» հանդիսանում է Քոչարի մտքի փայլուն նվաճումը։

Երրորդ շրջանԽմբագրել

1936 թվականին մայիսին Քոչարը՝ փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս, բնավ չկասկածելով, որ ընդմիշտ է լքում Փարիզը և  Մելինեին:Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում է: Աշնանը տեղափոխվում է Երեվան։ Դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ: Պաբերաբար մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների: 1937 թվականին Պուշկինի[10] մահվան 100-ամյակի կապակցությամ Քոչարը ստեղծում է բանաստեղծին նվիրված   քանդակային շարք: Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ձևավորում է «Քարե հյուրը»  ներկայացումը: Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է  «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին հոդվածը։ 1930-1940 թվականներին Քոչարի ստեղծագործության մեջ առանձնանում են նրա գրաֆիկական աշխատանքները։ 1939 թվականին Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքների շարքը, որը արժանանում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու հիացական գնահատականին և նրա ընտրությամբ էպոսի համահավաք տեքստի լենինգրադյան, ակադեմիական հրատարակությունը տպագրվում է այդ նկարազարդումներով: Գրաֆիկական յոթ պատկերներից բաղկացած շարքում, գրական աղբյուրին համապատասխան, ներկայացված են առասպելական հերոսների չորս սերունդները։ Առաջին թերթը անվանակոչված է «Բերդի անվանադրում»՝ պատկերված է տոհվի ավագ դյուցազուններ Սանասարն ու Բաղդասարը։ Ցուցադրված է ավանդավեպի այն պատահարը, երբ երկվորյակ եղբայրների կառուցած անառիկ ամրոցի շուրջը Սանասարի ձեռքերում պտույտ կատարած ծեր սերմնացանն այն անվանում է «Սասուն»։ Հաջորդ թերթում՝ «Առյուծաձև Մհեր», էպիկական երկրորդ ճյուղի հերոս Մեծ Մհերը ներկայացված է գիշատչի հետ մենամարտելիս։ Հաջորդ չորս թերթերը նվիրված են զրույցի գլխավոր գործող անձին՝ Սասունցի Դավթին։ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը նկարազարդելիս Քոչարը դիմում է ինչպես հին արևելյան և միջնադարի հայ քանդակագործության ավանդույթներին, այնպես էլ ևվրոպական նոր՝ ռենեսանսյան պլաստիկայի գեղարվեստական լեզվին։ Ներկայացված պատկերների հերոսները ներքուստ լարված են, սակայն նկարաշարի բոլոր թերթերն էլ կոմպոզիցիոն զուգակշիռ, հաստատուն կառուցվածք ունեն։ Կերպարները հիմնականում պատկերված են խոշոր պլանով՝ զբաղեցնելով թերթերի ամբողջ մակերեսը։

Այդ տարի Քոչարը նաև «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակներում, անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում, ստեղծում է  «Սասունցի Դավթի» գիպսե արձանը (առաջին տարբերակ)։ Այն տեղադրվում է կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնում մոտ 2 տարի: 1941 թվականին պատերազմի սկսվելու հենց առաջին օրը Քոչարը  ձերբակալվում է: Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի բարեկամ Թուրքիա...»։ Քոչարը մեղավոր է ճանաչվում Հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական  գործունեության մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Սասունցի Դավթի արձանը բարբարոսաբար ոչնչացվում է: Սովետահայ մտավորականները բազմաթիվ դիմումներ են գրում Մոսկվա, խնդրելով ազատ արձակել Երվանդ Քոչարին։ 1943 թվականի օգոստոսին՝ Քոչարը 2 տարի 2 ամիս բանտում անցկացնելուց հետո ազատ է արձակվում։ Բանտում ստեղծում է Մովսես Մովսիսյանի դիմանկարը[11] սատինե թաշկինակի վրա` թվագրված 22.X.1942։

Բանտից հետո Քոչարը կարևոր մի հայտնագործություն է կատարում, իր առանձին կտավներում՝ «Կանացի դիմանկար», 1945, «Տղայի գլխանկար», 1945, « Կապույտ սափորով նատյուրմորտ», 1946, «Կոմիտաս», 1946, նա սովորական յուղաներկերի կամ արծնաներկերի փոխարեն օգտագործել է հատուկ մոմաներկեր, որոնց պատրաստման համար 1948 թվականի փետրվարի 19–ին ՍՍՌՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտարարությունների և հայտնագործությունների կոմիտեի որոշմամբ նրան հեղինակային վկայագիր է տրվում։ Մ․թ․ա 5–րդ դարում հույները մշակել էին մոմաներկերի կիրառման՝ «տաք եղանակը», որը կոչվում է՝ «էնկաուստիկայի» տեխնիկա, դրանով երկար ժամանակ նկարում էին նաև բյուզանդացի նկարիչները։ Բայց երկար չանցած այդ տեխնիկան իր տեղը զիջեց տեմպերային և ապա յուղաներկին։ Մոմաներկերի պատրաստման դեղագիրը ժամանակի ընթացքում աստիճանաբար մոռացվում է։ 18-20-րդ դարերի հնագիտական պեղումները , նոր լույս սփռեցին էնկաուստիկայի վրա։ Քոչարը կարողանում է վերականգնել «սառը եղանակը»՝ որը մի շարք առավելոււթյուններ ուներ։ Յուղաներկերի համեմատությամբ , դրանք չեն ենթարկվում քիմիական քայքայիչ հակազդումներին , չեն մգանում ժամանակի ընթացքում, չեն ծածկվում մանր ճաքերով ու ճեղքվածքներով, ցեն վախենում ցրտից և շոգից, ընդունակ են դարերով պահպանել իրենց սկզբնական թարմությունը։

Գրաֆիկական աշխատանքների մեջ նշանակալից է նաև պարսիկ հանճարեղ բանաստեղծ Նիզամու «Խամսե» հնգամատյանի երրորդ գրքի՝ «Լեյլի ու Մեջնուն» սիրո տաղերգի գրաֆիկական ձևավորման աշխատանքները՝ սիրավեպի հայերեն հրատարակության համար, որը Մկրտիչ Խերանյանի ու Սողոմոն Տարոնցու թարգմանությամբ և Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ 1947 թվականին տպագրվեց Մոսկվայում ՝ Նիզամու ծննդյան 800– ամյա տարեդարձի առթիվ։ Նիզամու դիմանակարի և պոեմի հիմնական բովանդակությունը բացահայտող սյուժետային գծանկարների հետ մեկտեղ Քոչարը գեղարվեստական ուրույն տեսք է տալիս նաև հատորի գրաշապկին, կազմակալին, ճակատանկարին ու անվանաթերթին, ոճավոր նրբաճաշակ գլխազարդերով և վերջնազարդերով եզրապատում է սիրավեպի առանձին դրվագները։ Գրաֆիկական ուշագրավ աշխատանքներից է նաև Սերվանտեսի « Դոն Կիխոտ» վեպի մոտիվներով  1951 թվականին կատարված համանուն պատկերը։

1953 թվականին Քոչարը կերտում է «Բիբլիական Դավիթը» (Դավիթը հաղթում է Գողիաթին)՝ պլաստիկական անհամաչափ, սնամեջ խեղված ձևերով գիպսե գլուխը։ 1955 թվականին Զվարթնոցի տաճար տանող ճանապարհին տեղադրվում է «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ-հուշակոթողը (Ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան):Շուտով Նկարիչը ստեղծում է մի շարք աշխատանքներ, որոնցում վերածնվում են ոչ միայն նրա փարիզյան բնորոշ կերպարներն ու մոտիվները այլև ավանգարդիզմի համարձակ լեզուն, որից Քոչարին փորձում էին տարավարժել Երևանում։ Լինելով մեծ արվեստագետ, նա կանխավ զգում էր, որ երկրին բախտորոշ փոփոխություններ են սպասում։ Քոչարը կրկին դիմում է տարածական նկարչությանը «Խնձորներով կինը», 1960, «Առավոտ», 1962,«Կալանավորներ», 1964, ստեղծում գունագծային սուր, լարված ձևեր և այլաբանական խորհուրդ ունեցող հորինվածքներ՝ «Մերկ կինը», « Գրկախառնություն» , «էքստազ»։

ՑուցահանդեսներԽմբագրել

  1. 1919 թվականին   36 աշխատանքով մասնակցում է Վրաց  նկարիչների ընկերության  կազմակերպած «Երկրորդ Աշնանային ցուցահանդեսին»(Թիֆլիս):       
  2. 1920 թվականին Մասնակցում է Վրաց  նկարիչների ընկերության   կազմակերպած  «Երրորդ Աշնանային» և «Малый круг»ցուցահանդեսներին (Թիֆլիս)։   
  3. 1922 թվականին Կոստանդնուպոլիսում հունիսի 14-ին ունենում է անհատական ցուցահանդես:
  4. 1923 թվականին Փարիզում «Ապագա» թերթի խմբագրության «Societe des savantes» սրահում Արշակ Չոպանյանի աջակցությամբ տեղի է ունենում Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը:
  5. 1924 թվականին Մասնակցում է  «Անկախականների սալոնի» («Salon des Indépendants[12]») 35-րդ ցուցահանդեսին «Հարություն[13]» եվ «Փոխակերպում»  կտավներով։
  6. 1924 թվականին «Տեսիլք. Քրիստոսը և Մագթաղինացին[14]», «Բաքոս», «Աղջկա դիմանկար» աշխատանքներով մասնակցում է «Salond’Automne» («Աշնանային սալոնի») ցուցահանդեսին:
  7. 1925 թվականին մասնակցում է «L’art d’Aujourd’hui» («Ժամանակակից արվեստ») միջազգային ցուցահանդեսին։
  8. 1926 թվականին «Salon des Indépendants» («Անկախականների սալոնի»)  կազմակերպած ցուցահանդեսին մասնակցում է «Աղջկա դիմանկար», «Պտուղներով հուրին» կտավներով:
  9. 1926 թվականին «La Sacre du Printemps» պատկերասրահում բացվում է  20 գեղանկար և 21 գրաֆիկ աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
  10. 1928 թվականին «Salon des Indépendants» («Անկախականների սալոնի»)  կազմակերպած 39-րդ ցուցահանդեսին մասնակցում է 2 գեղանկար-քանդակ  ստեղծագործություններով:
  11. 1928 թվականին «Van Leer»  պատկերասրահում բացվում է  «Les  Pentures dans  l`espace de Kotchar» («Քոչարի  տարածական նկարչությունը)  անհատական ցուցահանդեսը:
  12. 1929 թվականին «BONAPART» հրատարակչության սրահներում կազմակերպված «Panorama de l`art contemporain» («Ժամանակակից արվեստի համայնապատկեր») միջազգային ցուցահանդեսում Քոչարը ներկայացնում է «Տարածական  նկարչություն» շարքի գործերով:
  13. 1930 թվականին Լոնդոնում «The Leicester Galleries» պատկերասրահում  բացվում է «Pictures  by Fernand Leger, Gino Severini, Jean Metzinger, Jean  Viollier also  Paintings  in space  by Kotchar» («Լեժեի,  Մեցենժեի,  Սեվերինիի,  Վիոլեի ստեղծագործությունների և  Քոչարի «Տարածական նկարչությունը») ցուցահանդեսը:
  14. 1932 թվականին մասնակցում է Լեոնս Ռոզենբերգի պատկերասրահում կազմակերպված «Exposition d`oeuvres  Cubites, Surrealistes et  Abstraites», («Կուբիստական, սյուրռեալիստական, աբստրակտ ստեղծագործությունների»)  ցուցահանդեսին։
  15. 1934 թվականին «Galerie Vignon» պատկերասրահում տեղի է ունենում «Kotchar – Peinures, Sculptures,   Dessingns » («Քոչարի գեղանկար, գրաֆիկ, քանդակ ստեղծագործությունները») անհատական ցուցահանդեսը։
  16. 1935 թվականին «Խնձորով աղջիկը[15]»  և  «Սրճարանում[16]»  նկարներով մասնակցում  է Բուդապեշտում  կազմակերպված ցուցահանդեսին:
  17. 1935 թվականին մասնակցում է  «Les Artistes Musicalistes» («Երաժշտամետ նկարիչներ») ցուցահանդեսին:
  18. 1935 թվականին մեկ տարածական նկարով մասնակցում է «Le  Premiere Salon de l’Art Mural» ցուցահանդեսին:
  19. 1936 թվականին «Fenetre ouverte»  պատկերասրահում մասնակցում է «REGAIN »- ի` «Ժամանակակից արվեստի նոր միտումների տեղեկատվության ու կապի կենտրոնի» (Centre  d’Information  et  de Liaison des Tendances Nouvelles  des  Arts  Contemporains) կազմակերպած «Confrontation»  («Առերեսում») ցուցահանդեսին:
  20. 1944 թվականին Փարիզում մնացած Քոչարի ստեղծագործությունները մասնակցում են «Բերրի» պատկերասրահի ցուցահանդեսին (հոկտեմբեր)- կազմակերպիչ՝ Մաքսիմիլլիան Գոթիե։
  21. 1956 թվականին Մոսկվայում հայ արվեստի ու գրականության երկրորդ տասնօրյակի օրերին  մասնակցում է Հայաստանի կերպարվեստի ցուցահանդեսին:
  22. 1929 թվականին Քոչարի տարածական նկարներից մեկը մասնակցում է «Գերանկախական արվեստագետների ընկերակցության» ՝«Association Artistique Les Surindépendants»  կողմից Փարիզի Արդի արվեստի թանգարանում (Musée d’Art   Moderne de la Ville de Paris) կազմակերպած  «Հետադարձ հայացք մեր 25 տարվա ցուցահանդեսներին» (Regard  rétrospectif sur nos 25 Années d’Expositions”) ցուցադրությանը:
  23. 1965 թվականին հայրենիք վերադառնալուց  30  տարի անց Երևանում բացվում է Քոչարի առաջին  անհատական ցուցահանդեսը:
  24. 1966 թվականին ֆրանսիացի մտավորականների նախաձեռնած «Հանրագրից» 11 տարի անց միայն  Փարիզի «Percier» պատկերասրահում բացվեց  «Kotchar et la peinture dans l`espace» անհատական ցուցահանդեսը, առանց հեղինակի ներկայության և առանց նրա երևանյան շրջանի ստեղծագործությունների:
  25. 1970 թվականին մասնակցում է «Հայ մշակույթը Ուրարտուից մինչև մեր օրերը» ցուցահանդեսին  (Փարիզ, Լուվր):
  26. 1971 թվականին Երևանում բացվում է Քոչարի  ստեղծագործություների երկրորդ անհատական ցուցահանդեսը:
  27. 1973 թվականին Արևելքի ժողովուրդների արվեստի պետական թանգարանում (Մոսկվա) բացվում է Քոչարի անհատական ցուցահանդեսը:
  28. 1974-1975 թվականներին Քոչարը ունենում է անհատական ցուցահանդեսներ Բաքվում  և Թբիլիսիում:
  29. 1976-1977 թվականներին մասնակցում է «Ինքնանկարը ռուսական և Խորհրդային արվեստում1930-1950թթ․» շրջիկ ցուցահանդեսներին (Մոսկվա, Միության մի շարք քաղաքներ, Բուլղարիա, Լեհաստան, Հունգարիա):
  30. 1978 թվականին Երևանում, Նկարչի տանը  տեղի է  ունենում Քոչարի գրաֆիկական աշխատանքների անհատական ցուցահանդեսը:
  31. 1980 թվականին Քոչարի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ՝  Հայաստանի Նկարչի տանը բացվում է Քոչարի ստեղծագործությունների հետահայաց ցուցահանդեսը:
  32. 1989 թվականին Քոչարի ծննդյան 90-ամյակի կապակցությամբ Փարիզում «Կ. Պասմաճյան պատկերասրահում» բացվում է ցուցահանդես։
  33. 1990-1991 թվականներին Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը» մասնակցում է Բարսելոնում «Fundació Joan Miró i  Olimpiada Cultural»-ի կողմից կազմակերպված «Antiguitat/Modernitat en l’art  del segle XX» ցուցահանդեսին:
  34. 199-1999 թվականերին Փարիզի Պոմպիդու կենտրոնում գտնվող Քոչարի «Տարածական նկարը» մասնակցում է «Forjar el Espacio. La escultura forjada en  el siglo XX» միջազգային շրջիկ ցուցահանդեսին՝ Մեծ Կանարյան կղզիներ՝ «Centro   Atlantico  de Arte Moderno»  ցուցասրահում , Վալենսիա՝  Խուլիո Գոնզալեսի կենտրոնում (IVAM  Centre Julio González), Ֆրանսիայի Կալե քաղաք «Musée des Beaux – Arts et de  la Dentelle»– ի ցուցասրահներում:
  35. 2010 թվականին 30 տարվա ընդմիջումից հետո Նկարչի տան մեծ սրահում տեղի է ունենում Երվանդ Քոչարի ծննդյան 110-ամյակին նվիրված «Իմ հույսը ժամանակի վրա է» հոբելյանական աննախադեպ ցուցահանդեսը։
  36. 2010 թվականին Քոչարյան 3  ստեղծագործություն, այդ թվում 2 տարածանկար  ներկայացվում է  Մոսկվայի Պուշկինի անվ. պետական թանգարանում կազմակերպված «Ծիածանի երկու գույն. Զույգ ազգերի ճակատագրեր» ցուցահանդեսին:
  37. 2011 թվականին Ազգային պատկերասրահում բացված «Հայ նկարիչները և սյուրռեալիզմը» ցուցահանդեսում առաջին անգամ ցուցադրվում է Քոչարի մի շարք ստեղծագործություններ և տարածական նկար։
  38. 2012 թվականին «Հայ գրքի տպագրության 500 ամյակին» նվիրված միջոցառումների շրջանակում Ամստերդամում  բացվեց «Հայ գրքի սփյուռքը» ցուցահանդեսը, որին ներկայացված էր Քոչարի 2 ստեղծագործություն։
  39. 2013 թվականին Փարիզի Մոդեռն արվեստի թանգարա[17]նի հավաքածուին պատկանող Երվանդ Քոչարի  «Արևելուհիներ[18]»/1926թ./ գեղանկար աշխատանք ներառվեց Ժ.Պոմպիդուի կենտրոնում բացված «Modernites plurielles[19]»  ցուցահանդեսում (21.10.2013 – 29.01.2015)։
  40. 2014 թվականին Երվանդ Քոչարի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Գաֆէսճեան թանգարան-հիմնադրամի հետ համատեղ  բացվեց «Քոչար. Մարտահրավեր Ժամանակին[20]» ցուցահանդեսը։
  41. 2015 թվականին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց  «Երվանդ Քոչար. սերունդների  երկխոսություն[21]»  ցուցահանդեսը։

ՍտեղծագործություններԽմբագրել

Քանդակ աշխատանքներ՝Խմբագրել

  • «Սասունցի Դավիթ[22]», կոփածո պղինձ, 1959 թվական
  • «Վարդան Մամիկոնյան[23]», կոփածո պղինձ, 1975 թվական
  • «Կիբեռնետիկայի մուսան[24]», կոփածո պղինձ, 1972 թվական
  • «Մելամաղձություն[25]», գիպս, 1959 թվական
  • «Բիբլիական Դավիթ[26]», գիպս, 1953 թվական
  • «Զվարթնոցի արծիվը[27]», բրոնզ, 1955 թվական
  • «Կոմիտաս[28]», կոփածո պղինձ, 1971 թվական
  • «Գլխաքանդակ[29]», գիպս, 1933 թվական
  • «Կոմիտաս[30]», գիպս, 1970 թվական

Գեղանկար աշխատանքներԽմբագրել

  • «Պատերազմի արհավիրքը[31]», կտավ/յուղաներկ, 1962 թվական
  • «Էքստազ[32]»,կտավ/ յուղաներ, 1960 թվական
  • «Հարմոնիա[33]», կտավ/ յուղաներկ, 1930 թվական
  • «Հարություն[34]», կտավ/յուղաներկ, 1923 թվական
  • «Կոմիտաս[35]», կտավ, մոմաներկ, 1946 թվական
  • «Արփենիկի դիմանկարը[36]», կտավ/յուղաներկ, 1920 թվական
  • «Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագթաղինացին[37]», կտավ/յուղաներկ, 1924 թվական
  • «Ընտանիք - սերունդներ[38]», կտավ/յուղաներկ, 1925 թվական
  • «Հուրին[39]», կտավ/յուղաներկ, 1925 թվական
  • «Խնձորով աղջիկը[40]», կտավ/յուղաներկ, 1926 թվական
  • «Պտուղներով հուրին[41]», կտավ/յուղաներկ, 1926 թվական
  • «Արևելուհիներ[42]», կտավ/յուղաներկ, 1926 թվական
  • «Ինքնադիմանկար[43]», փայտ, յուղաներկ, 1936 թվական
  • «Մելինեի դիմանկարը[44]», կտավ/յուղաներկ, 1930 թվական
  • «Աղջիկն ու լուսինը[45]», կտավ/յուղաներկ, 1959 թվական
  • «Բանական էակ[46]», կտավ/յուղաներկ, 1933 թվական
  • «Բանալիով կինը[47]», կտավ/յուղաներկ, 1930 թվական


Գրաֆիկական աշխատանքներ՝Խմբագրել

  • «Կոմպոզիցիա բանալիով[48]», ստ. թուղթ/ջրաներկ, խառը տեխնիկա, 1930 թվական
  • «Մարդ-քաղաք[49]», թուղթ, գուաշ, 1933 թվական
  • «Ծնկաչոքը», ստ. թուղթ/մատիտ,1933 թվական
  • «Աղվեսն ու աղջիկը[50]», ստ, թուղթ, գուաշ, 1930 թվական
  • «Ոսկան Երևանցի», թուղթ, գուաշ, 1946 թվական
  • «Դոն Կիխոտ», թուղթ, ջրաներկ, գուաշ, 1951 թվական
  • «Գրկախառնություն», մոմապատ ստ. թուղթ, սեղմում, 1930 թվական
  • «Գրկախառնություն», թուղթ, տուշ, 1959 թվական
  • «Տիգրան Մեծ», թուղթ, գուաշ, 1940 թվական

Երվանդ Քոչարի հայտնի արտահայտություններիցԽմբագրել

  • Երբ մարդը կորած է բոլորի համար, նա գտնում է ինքն իրեն... և իր Աստծուն
  • Լռությունը առեղծվածային պատասխան է, որ ամեն մարդ իրեն հաճելի ձևով է մեկնաբանում, կամ անբացատրելի է, ուստի և ընկալվում է ակնածությամբ:
  • Ոչ ոք չի ուզում մեկնել Այստեղից, որովհետև ոչ ոք չի վերադարձել Այնտեղից .... իսկ նոր եկողներն էլ անլեզու են:
  • Կյանքը սխալների ու ափսոսանքների մի շարան է, որ մարդու հույս ունի ուղղելու սերունդների ընթացքում ... Բայց դա էլ է պատրանք, քանզի ամեն մարդ իր ձևով է ապրում կյանքը և իր ձևով սխալվում:
  • Բնության մեջ ամեն ինչ մաքառում է իր գոյությունը պահպանելու համար: Մարդն է, որ չի բավարարվում միայն դրանով, նա տենչում է ամեն ինչ ունենալ, գիտենալ և տիրանալ ամեն ինչի:
  • Ավելի լավ է շտապել, քան ուշանալ։
  • Մարդը ծնվում է իր անավարտ դեմքով ու բնավորությամբ, բայց նրա ապրելաձևը հղկում ու ավարտում է պակասը։
  • Սերը միակ բանն է, որ ապրում է, երբ սոված է, մեռնում է, երբ կշտանում է։
  • Առանց անկումի ապրել՝ կնշանակի գնալ թույլ դիմադրության գծով:
  • Արվեստագետի համար ստվերը այնքան նյութական է, որքան առարկան. դրանք հավասարապես նկարչական օբյեկտներ են:
  • Առաջնորդին ժողովուրդն է առաջնորդում... իսկ եթե նա չի հասկանում այդ, ժողովուրդը նրան կործանում է:
  • Արվեստը մի խորհուրդ է, և արվեստագետը՝ նրա քուրմը ... Ամեն մի մտադրություն՝ արվեստը ծառայեցնել այլ նպատակի, սրբապղծություն է, քանզի սիրո մեջ ամենը, ինչը սիրուց բացի որևէ ուրիշ նպատակ է հետապնդում, անբարոյականություն է:
  • Մարդու ամենավեհ արտահայտությունը ժպիտն է, ամենաազնիվ մարդկային զգացումը՝ վիշտը: Վիշտն իջնում է մարդու հոգու խորքը և հաղթանակած, մաքրված, փորձի և փորձության միջով բարձրանում է ժպիտի ձևով:ժպիտը մի պսակ է, որ մեր միտքը դնում է հոգու վրա:
  • Բրաք, Պիկասո, Մատիս, Հենրի Մուր, ներկա արվեստը սրանց է պարտք, գրեթե բոլոր նորերը ազդված են սրանցից:
  • Կյանքը ծով է, ալիք կամ վեր է հանում մեզ կամ խորտակում, բայց վերևի ալիքները պետք է իջնեն, ուրենմ՝ հավասարվեն:
  • Արվեստագետը պետք է լինի աղավնու պես միամիտ և օձի պես խորագետ՝ զարգացած և իմաստուն: բայց ստեղծագործելիս պետք է մոռանա ամեն ինչ և միամտորեն մոտենա իր գործին:
  • Արվեստագետը պետք է լինի ռազմիկի պես մոլեռանդ՝ հավատքի մեջ ամրացած ու առանց կասկածի: Այստեղից է, որ արվեստագետներին շատ անգամ մեծամտություն են վերագրում:

ՊատկերներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ervand Kotchar — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
  2. 2,0 2,1 2,2 Кочар Ерванд Семёнович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 RKDartists
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #12421990X // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. Խաչատրյան Շահեն (Թիվ 4, 1979 թ.)։ «Երվանդ Քոչար»։ Սովետական Հայաստան: Էջեր 28,29 
  6. Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն»
  7. Երկխոսություն Քոչարի հետ՝ ազգային պատկերասրահում
  8. Աղասյան Արարատ (2013)։ Երվանդ Քոչարի տարածության մեջ։ Երևան: Ոսկան Երևանցի։ էջեր 3–10։ ISBN 978-99930-0-223-9 
  9. Վալտեմար ժարժ (1923)։ «Քոչարը եւ նկարչությիւնը տարածության մէջ» 
  10. «Երվանդ Քոչարի Թանգարան | Ա.Ս. Պուշկին» (հայերեն)։ Վերցված է 2019-02-09 
  11. «Երվանդ Քոչարի Թանգարան | Մովսես Մովսիսյանի դիմանկարը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-09 
  12. «Salon des Indépendants |»։ Salon des Indépendants (fr-FR)։ 2019-02-05։ Վերցված է 2019-02-07 
  13. «Երվանդ Քոչարի Թանգարան | ՀԱՎԱՔԱԾՈՒ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-07 
  14. «Երվանդ Քոչարի Թանգարան | Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագթաղինացին» (հայերեն)։ Վերցված է 2019-02-07 
  15. «Երվանդ Քոչարի Թանգարան | Խնձորով աղջիկը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  16. «Երվանդ Քոչարի Թանգարան | Բացօթյա սրճարանում» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  17. «Centre Pompidou»։ www.centrepompidou.fr։ Վերցված է 2019-02-08 
  18. «Երվանդ Քոչարի Թանգարան | Արևելուհիներ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  19. Centre Pompidou, Modernités plurielles de 1905 à 1970 | Musée | Centre Pompidou, https://www.youtube.com/watch?v=cxgfOAM_PZU, վերցված է 2019-02-08 
  20. Armenpress, «Քոչար. մարտահրավեր ժամանակին» ցուցահանդես, https://www.youtube.com/watch?v=5pKKCX6kr4M, վերցված է 2019-02-08 
  21. ShoghakatTVcompany, Երվանդ Քոչար. սերունդների երկխոսություն, https://www.youtube.com/watch?v=m-9v06HcOgQ, վերցված է 2019-02-08 
  22. «Երվանդ Քոչարի Թանգարան | Սասունցի Դավիթ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  23. «Երվանդ Քոչարի Թանգարան | Վարդան Մամիկոնյան. հուշարձան» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  24. «Երվանդ Քոչարի Թանգարան | Կիբեռնետիկայի մուսան» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  25. «Երվանդ Քոչարի Թանգարան | Մելամաղձություն» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  26. «Երվանդ Քոչարի Թանգարան | Բիբլիական Դավիթ. գլխաքանդակ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  27. «Երվանդ Քոչարի Թանգարան | Զվարթնոցի արծիվը /ուղենշան կոթող/» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  28. «Երվանդ Քոչարի Թանգարան | Կոմիտաս. հուշարձան» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  29. «Երվանդ Քոչարի Թանգարան | Գլխաքանդակ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  30. «Երվանդ Քոչարի Թանգարան | Կոմիտաս. գլխաքանդակ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  31. «Երվանդ Քոչարի Թանգարան | Պատերազմի արհավիրքը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  32. «Երվանդ Քոչարի Թանգարան | Էքստազ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  33. «Երվանդ Քոչարի Թանգարան | Հարմոնիա» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  34. «Երվանդ Քոչարի Թանգարան | Հարմոնիա» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  35. «Երվանդ Քոչարի Թանգարան | Կոմիտաս» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  36. «Երվանդ Քոչարի Թանգարան | Արփենիկի դիմանկարը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  37. «Երվանդ Քոչարի Թանգարան | Տեսիլք. Քրիստոսն ու Մարիամ Մագթաղինացին» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  38. «Երվանդ Քոչարի Թանգարան | Ընտանիք — սերունդներ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  39. «Երվանդ Քոչարի Թանգարան | Հուրին» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  40. «Երվանդ Քոչարի Թանգարան | Խնձորով աղջիկը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  41. «Երվանդ Քոչարի Թանգարան | Պտուղներով հուրին» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  42. «Երվանդ Քոչարի Թանգարան | Արևելուհիներ» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  43. «Երվանդ Քոչարի Թանգարան | Ինքնանկար» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  44. «Երվանդ Քոչարի Թանգարան | Մելինեի դիմանկարը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  45. «Երվանդ Քոչարի Թանգարան | Աղջիկն ու լուսինը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  46. «Երվանդ Քոչարի Թանգարան | Հոմո սափիենս» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  47. «Երվանդ Քոչարի Թանգարան | Բանալիով կինը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-08 
  48. «Երվանդ Քոչարի Թանգարան | Բանալիով կոմպոզիցիա» (հայերեն)։ Վերցված է 2019-02-09 
  49. «Երվանդ Քոչարի Թանգարան | Մարդ-քաղաք» (հայերեն)։ Վերցված է 2019-02-09 
  50. «Երվանդ Քոչարի Թանգարան | Աղջիկն ու աղվեսը» (հայերեն)։ Վերցված է 2019-02-09 

ԳրականությունԽմբագրել

  • George Waldemar․ «Exposition Ervand Kotchar», (Catalogue), Paris –1926։
  • George Waldemar․ «Kotchar et la peinture dans l'espace», (Catalogue), Paris –1966։
  • George Waldemar․ «Kotchar et la peinture dans l'espace», (Catalogue), Paris –1966։
  • Հենրիկ Իգիթյան «Երվանդ Քոչար», պատկերագիրք, Երևան, 1972:
  • Հենրիկ Իգիթյան «Երվանդ Քոչար», պատկերագիրք, Երևան, 2000:
  • Ռուբեն Զարյան, Հուշապատում, գիրք 3, Երևան, 1981:
  • Վիգեն Իսահակյան, Փարիզ, Քոչար, Անցած օրեր..., Երևան, 2006:

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել