Սարդարապատի ճակատամարտ 1918 թ., տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտը հաճախ անվանում են «20-րդ դարի Ավարայր»[1]։

Սարդարապատի հերոսամարտ
Թվական1918 թվականի մայիսի 22-29
Մասն էԱռաջին աշխարհամարտ Կովկասյան ճակատ
ՎայրՍարդարապատ
ԱրդյունքՀայերի հաղթանակ
Հակառակորդներ
Թուրքիա Օսմանյան Կայսրություն{{{2}}} Հայաստան
Հրամանատարներ
Թուրքիա Յակուբ Շևքի

Թուրքիա Քյազըմ Կարաբեքիր

Թուրքիա Փիրսելիմօղլու Համդի բեյ
Հայաստան Թովմաս Նազարբեկյան
Հայաստան Մովսես Սիլիկյան
Հայաստան Դանիել Բեկ-Փիրումյան
Հայաստան Պողոս Բեկ-Փիրումյան
Հայաստան Քրիստափոր Արարատյան
Կողմերի ուժեր
1-ին Կովկասյան բանակային կորպուս / 36-րդ դիվիզիա / 106-րդ հետևակ գունդ
107-րդ հետևակ գունդ
108-րդ հետևակ գունդ
Առանձին հեծյալ գունդ
Առանձին հրաձգային հարվածային գումարտակ
Հրետանային բրիգադ (2 դիվիզիոն) / 40 հրանոթ
Քրդական անկանոն հեծելազոր / 1500
Այլ անկանոն և օժանդակ ուժեր
Ընդհանուր՝ 7,5-10 հզր (ստույգ տվյալներ չկան)
II դիվիզիա / V գունդ / 800 (մայիսի 21-ի դրությամբ, հետագա օրերի համալրումներից հետո՝ 1300-1400),
VI գունդ / 1000-1500 (մայիսի 23-ին տեղափոխվել է Բաշ-Ապարանի ճակատ),
II հեծյալ գունդ / 200-400
Պարտիզանական հետևակ գունդ / 700-900 (1200),
Պարտիզանական հեծյալ գունդ / 800-900
II դիվիզիա / Սահմանապահ գումարտակ / 200,
II դիվիզիայի շտաբի պարեկային վաշտ / 200,
Իգդիրի զորաջոկատ / Վանի I գունդ / 400-600,
Վանի II գունդ / 400-600,
I հատուկ բրիգադ / I հատուկ հեծյալ գունդ / 500,
I հատուկ բրիգադ / Երզնկայի հետևակ գունդ / 700-800,
III հատուկ բրիգադ / II հատուկ հեծյալ (Զեյթունի) գունդ / 300-500,b
III հատուկ բրիգադ / Մակվի գումարտակ / 300,
II հատուկ բրիգադ / Կարաքիլիսայի հետևակ գունդ,
Խնուսի հետևակ գունդ / III հատուկ բրիգադ / Վանի IV գունդ,
Անկանոն հեծյալ ջոկատ / 150-200,
Եզդիական հեծյալ գումարտակ / 300,
Խառը կամավորական ջոկատներ / 500+,
Հրետանային 4 մարտկոցներ / 16 հրանոթ
Ընդհանուր՝ 9-10 հզր (մայիսի 21); 6-6,5 հզր (մայիսի 22-23-ից հետո)
Ռազմական կորուստներ
3500Ոչ ավելի, քան մի քանի հարյուր (ստույգ տվյալները բացակայում են)
Ընդհանուր կորուստներ

Նախապատմություն

խմբագրել

Օսմանյան բանակի արշավանքն Արևելյան Հայաստան

խմբագրել
 
Թովմաս Նազարբեկյան

1917 թվականին Ռուսաստանում հոկտեմբերյան հեղաշրջումից և ապա դեկտեմբերի 5-ին Երզնկայում Օսմանյան կայսրության 3-րդ բանակի և Անդրկովկասի կոմիսարիատի միջև կնքված զինադադարից հետո Կովկասյան ճակատից, մասնավորապես` Արևմտյան Հայաստանի տարածքից նահանջող ռուսական զորքերին սկսեցին փոխարինել նոր կազմավորվող փոքրաթիվ հայկական զորաջոկատները։ Օգտվելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից՝ օսմանյան կառավարությունը ծրագրեց վերանվաճել համաշխարհային պատերազմի ընթացքում ռուսական բանակի գրաված տարածքները, ապա նաև ներխուժել Արևելյան Հայաստան ու Հարավային Կովկաս[2]։

1918 թվականի փետրվարին հարձակման անցնելով՝ թուրքական 3-րդ բանակը հաջորդաբար սկսեց գրավել Արևմտյան Հայաստանի բնակավայրերը։ Ապրիլին՝ Տրապիզոնի հաշտության բանակցությունների ձախողումից հետո 3-րդ բանակի հրամանատար Մեհմեդ Վեհիբ փաշան զորքերը շարժեց դեպի Անդրկովկաս։ Նորահռչակ Անդրկովկասի Դաշնային Հանրապետության ղեկավարության զիջողական քաղաքականությունից օգտվելով՝ թուրքական զորքերը ապրիլի 25-ին գրավեցին նաև Կարսի լավ ամրացված ամրոցը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով Ալեքսանդրապոլի համար։ Կարսի գրավումից հետո օսմանյան զորքերի հրամանատարությունը Անդրկովկասի իշխանությունների առջև նոր պայմաններ առաջ քաշեց՝ Ախալքալաքի, Ախալցխայի և Ալեքսանդրապոլի, ինչպես նաև Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթգծի հանձնում, որով թուրքական զորքերը կարող էին փոխադրվել դեպի Թավրիզ և Անդրկովկասյան բոլոր երկաթուղիներն ազատ օգտագործել մինչև բրիտանացիների դեմ պատերազմի ավարտը։ Չսպասելով Բաթումում Անդրկովկասի պատվիրակության հետ բանակցությունների ավարտին՝ թուրքական զորքերն արագ հարձակումով մայիսի 15-ին գրավեցին նաև Ալեքսանդրապոլը՝ նվաճման սպառնալիք ստեղծելով ամբողջ Արևելյան Հայաստանի համար[3]։

Արևելյան Հայաստան ներխուժելու համար թուրքական ռազմական հրամանատարությունը կատարեց զորքերի վերախմբավորում։ 3-րդ բանակի 1-ին Կովկասյան բանակային կորպուսի (հրամանատար՝ գեներալ-մայոր Քյազըմ Կարաբեքիր փաշա) և 2-րդ Կովկասյան բանակային կորպուսի (հրամանատար՝ գեներալ-մայոր Յակուբ Շևքի փաշա) ստորաբաժանումներից Կարսում ստեղծվեց հատուկ զորախումբ՝ Յակուբ Շևքի փաշայի ընդհանուր հրամանատարությամբ։ Այդ զորախմբի կազմում հայկական ուժերի դեմ գործելու էին 1-ին Կովկասյան բանակային կորպուսի 36-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Փիրսելիմօղլու Համդի բեյ)՝ Ալեքսանդրապոլ-Երևան ուղղությամբ, և 9-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Ռուշթու փաշա)՝ Ալեքսանդրապոլ-Համամլու-Բաշ-Ապարան-Երևան ուղղությամբ, և 2-րդ Կովկասյան բանակային կորպուսի 11-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Ջավիդ Էրդել)՝ Ալեքսանդրապոլ-Ղարաքիլիսա-Դիլիջան-Ելիզավետպոլ ուղղությամբ, 5-րդ դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Մյուրսել)՝ Ալեքսանդրապոլ-Վորոնցովկա-Թիֆլիս ուղղությամբ։ Այդ զորախմբից բացի դեպի Արևելյան Հայաստան արշավանքի ռազմական գործողություններին մասնակցում էր նաև 2-րդ բանակի 4-րդ բանակային կորպուսի 12-րդ դիվիզիան, որը Սարդարապատի ճակատամարտի նախօրյակին հսկում էր Սուրմալուի լեռնանցքները և մարտական առաջադրանք ուներ ներխուժելու Իգդիրի շրջան[4][5][6]։

հակառակորդի հարձակմանը դիմակայելու համար Հայկական կորպուսի հրամանատար, հայկական զինված ուժերի ընդհանուր հրամանատար գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը որոշեց պաշտպանել դեպի Երևան և Թիֆլիս տանող ռազմավարական նշանակության երկու ճանապարհները[7]

Ալեքսանդրապոլից դուրս եկած հայկական ուժերի մի մասը՝ Հայկական կորպուսի 1-ին դիվիզիայի որոշ ստորաբաժանումներ, ինչպես նաև Հայկական հատուկ հավաքական ջոկատի կազմում եղած մի քանի ստորաբաժանումներ, Ալեքսանդրապոլ-Սարդարապատ ուղղությամբ նահանջեց դեպի Արարատյան դաշտ[8]։ Այստեղ Մովսես Սիլիկյանի ընդհանուր հրամանատարությամբ ձևավորվեց հայկական զորքերի երևանյան զորախումբը, որի առջև դրվեց Երևանի ուղղությամբ թուրքական հարձակումը հետ մղելու խնդիր։

Իրադրությունը Երևանում ճակատամարտի նախօրեին

խմբագրել

Թուրքական զորքերի արշավանքը ծանր կացության մեջ դրեց հայկական քաղաքական ղեկավարությանն ինչպես Թիֆլիսում, այնպես էլ Երևանում։ Մայիսի 19-ին՝ Սուրմալու ներխուժելուց հետո, թուրք գեներալ Հալիլ բեյը (Էնվեր փաշայի հորեղբայրը) Բաթումում հայտարարեց, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն»։ Մյուս կողմից, Բաթումի բանակցություններում հայկական պատվիրակությունը (Ալեքսանդր Խատիսյան, Հովհաննես Քաջազնունի) Անդրկովկասի կառավարության հայ անդամ Խաչատուր Կարճիկյանին հղած հեռագրով խորհուրդ էր տալիս «ռազմական դիմադրություն ցույց չտալ թուրքերին»[9]։

Թուրքական զորքերի հարձակման հետևանքով Ալեքսանդրապոլի գավառում, Արարատյան դաշտում ու Երևանում տիրող խուճապի արդյունքում Երևանի քաղաքային խորհուրդը մայիսի 18-ի ընդլայնված նիստում ընդունեց Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանի առաջարկությունը՝ քաղաքն առանց դիմադրության թուրքերին հանձնելու, քաղաքի բնակչությունը տարհանելու և Քանաքեռի բարձունքում դիրքավորվելու վերաբերյալ։ Սակայն Երևանը հանձնելու մասին ընդունված որոշումը գործնական հետևանք չունեցավ, քանի որ Երևանում Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի լիազոր գործադիր մարմինը՝ Հատուկ կոմիտեն, Երևանի ազգային խորհրդի ղեկավար Արամ Մանուկյանի գլխավորությամբ կտրուկ դեմ հանդես եկավ նման զարգացմանը և բեկանեց այդ որոշումը (Երևանում և Երևանի նահանգում փաստացի գերագույն իշխանությունը պատկանում էր Հատուկ կոմիտեին)[10]։ Շուրջ 1500 բնակիչների օգնությամբ Արամ Մանուկյանի հրահանգով Երևանի մատույցները պաշտպանական ամրություններով ապահովելու աշխատանքներ տարվեցին, մասնավորապես, Եռաբլրի տարածքում[9]։

Մայիսի 18-ին Արամ Մանուկյանը Երևանի պարետ Արշավիր Շահխաթունու ուղեկցությամբ այցելեց Էջմիածին՝ կաթողիկոս Գևորգ 5-րդին հորդորելու անվտանգության նկատառումներով ժամանակավորապես թողնել Էջմիածինը և մեկնել Բյուրական[11]։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն կտրուկ հրաժարվեց, այլև զորքին կոչ արեց վճռական դիմադրություն ցույց տալ հակառակորդին[11]։

Արամ Մանուկյանը հետագա օրերին Երևանում ու շրջակայքում իրավիճակը կայունացնելու և հետագա զարգացումները հօգուտ հայկական կողմի շրջելու հարցում անփոխարինելի դեր ունեցավ։ Մայիսի 19-ի առավոտյան նա հայկական 1-ին դիվիզիայի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանի առջև խնդիր դրեց կանգնեցնել հայկական զորքերի նահանջը և ամեն գնով կանխել դեպի Երևան թուրքական զորքերի հարձակումը։ Ա․ Մանուկյանը խոստացավ կարճ ժամանակում կատարել այդ նպատակի համար անհրաժեշտ կազմակերպչական աշխատանքներ, հավաքագրել մարդուժ, զենք-զինամթերք[12]։ Հետագա օրերին Աստաֆյան փողոցում, Անգլիական այգում, Ուսուցչական սեմինարիայի առջև և այլ վայրերում կազմակերպվեց կամավորների հավաքագրում, որոնք ճակատամարտի սկզբում համալրեցին զորքերը։

Սարդարապատի ճակատամարտը

խմբագրել

Կողմերի մարտակազմերը

խմբագրել

Թուրքական կողմ

խմբագրել

Ալեքսանդրապոլ-Երևան ուղղությամբ արշավող թուրքական 36-րդ դիվիզիայի կազմում էին 106-րդ, 107-րդ և 108-րդ հետևակ գնդերը, հրաձգային մեկ գումարտակ, երկու հրետանային դիվիզիոն։ Թուրքական զորքն ուժեղացված էր կորպուսային առանձին հեծալազորային գնդի և քրդական 1 500-ոց հեծյալ գնդի ուժերով։ Թուրքական ուժերի ընդհանուր թվաքանակը կազմում էր 7 500 - 10 000 զինվոր ու սպա՝ ներառյալ քրդական ուժերը։ Թուրքերի տրամադրության տակ կար 40 հրանոթ[13]։

Հայկական կողմ

խմբագրել

Սարդարապատի ճակատում հայկական կողմի ուժերն ընդգրկված էին երևանյան զորախմբի կազմում, որի ստորաբաժանումների մյուս մասը մասնակցեց թուրքական 9-րդ դիվիզիայի դեմ Բաշ-Ապարանի ճակատամարտին։ Զորախմբի հրամանատարն էր գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, շտաբի պետը՝ գնդապետ Ալեքսանդր Վեքիլյանը։ Շտաբը Վաղարշապատում էր՝ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքում։Սարդարապատի ճակատում կռվող ուժերի ընդհանուր հրամանատարը Երևանյան զորախմբի հրամանատարի տեղակալ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանն էր, շտաբի պետը՝ կապիտան Ալեքսանդր Շնեուրը։ Ներառված էին Հայկական կորպուսի 2-րդ դիվիզիան՝ ոչ լրիվ կազմով, և Հայկական հատուկ հավաքական ջոկատի (1917 թ․ վերջին արևմտահայ կամավորականներից կազմված զորախումբ, նախքան Սարդարապատի ճակատամարտը կռվել է Կովկասյան ճակատում) կազմում եղած մի քանի ստորաբաժանումներ։ 2-րդ դիվիզիայի (հրամանատար՝ Մովսես Սիլիկյան) կազմում էին 5-րդ (3 գումարտակի կազմով, հրամանատար՝ գնդապետ Պողոս-Բեկ Փիրումյան) և 6-րդ (12 վաշտ, հրամանատար՝ փոխգնդապետ Աբրահամ Դոլուխանյան) գնդերը, 2-րդ հեծյալ գունդը՝ 4 հեծելավաշտով (գնդապետ Զալինյան), պարտիզանական հետևակ գունդը՝ 8 վաշտով (գնդապետ Ալեքսեյ Պերեկրյոստով), պարտիզանական հեծյալ գունդը՝ 3 վաշտով (գնդապետ Կորոլկով), սահմանապահ գումարտակը (փոխգնդապետ Սիլին), 2-րդ դիվիզիայի շտաբի պարեկային վաշտը։ 1-ին դիվիզիայի 4-րդ գնդի մեկ գումարտակ կանգնած էր Դավալուում՝ որպես հարավային ուղղության պաշտպանական զորաջոկատ։

Հայկական հատուկ հավաքական ջոկատի ստորաբաժանումներից Երևանյան զորախմբի կազմում ընդգրկվել էին 3-րդ հատուկ բրիգադից Վանի 1-ին (գնդապետ Յուզբաշև) և 2-րդ (գնդապետ Չախմախչև) հետևակ գնդերը՝ 2-ական գումարտակով (տեղակայված էին Իգդիրի շրջանում), Մակվի գումարտակը, 2-րդ հատուկ հեծյալ՝ Զեյթունի գունդը (4 հեծելավաշտ, գնդապետ Սալիբեկյան), 2-րդ հատուկ բրիգադի զորամասերը՝ Խնուսի և Կարաքիլիսայի (գյուղաքաղաք հին Բայազետի գավառում) հետևակային գնդերը (գնդապետ Կազիմիրսկի), 1-ին հատուկ բրիգադից՝ Երզնկայի գունդը (6 վաշտ, հրամանատար՝ Կարապետ Հասան-Փաշայան), ինչպես նաև 1-ին հատուկ հեծյալ գունդը (հրամանատար՝ զորային ավագ Պավել Զոլոտարյով)[14][15][16]։

Երևանյան զորախմբի կազմում կար հրետանային 5 մարտկոց՝ գնդապետ Քրիստափոր Արարատյանի ընդհանուր հրամանատարությամբ։ Զորախմբի կազմում ճակատամարտին մասնակցեցին նաև արևմտահայ ու արևելահայ կամավորականների մի քանի ջոկատներ (Թռուցիկ Հովսեփի, Մակեդոնի, Բուլանըխցի Մուրադի և ուրիշների հրամանատարությամբ), եզդիների հեծյալ գումարտակը (հրամանատարներ՝ Ուսուբ բեկ և Ջանգիր աղա), մեծ թվով աշխարհազորայիններ։ Հայկական զորքերի ընդհանուր թիվը ճակատամարտի առաջին օրերին կազմում էր շուրջ 9 000 - 10 000 զինվոր ու սպա, իսկ ուժերի մի մասը Բաշ-Ապարանի ճակատ տեղափոխելուց հետո՝ շուրջ 6 000 - 6 500։ Հայերն իրենց տրամադրության տակ ունեին 28 հրանոթ, որոնցից 16-20-ն են օգտագործվել ռազմական գործություններում[13]։

Ճակատամարտին նախորդած զորաշարժերը

խմբագրել

Ալեքսանդրապոլի գրավման նախօրեին Ախուրյան գետի երկայնքով ձգվող ճակատում կանգնած հայկական ջոկատների հիմնական խնդիրներից էր Ալեքսանդրապոլից դեպի Երևան և դեպի Թիֆլիս տանող երկաթգծերն ու ճանապարհները պաշտպանելը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո թուրքական գերազանցող ուժերի առաջխաղացման պատճառով այդ ջոկատները ստիպված էին նահանջել՝ մի մասը դեպի Համամլու-Ղարաքիլիսա, մյուսները՝ դեպի Արարատյան դաշտ։ Մայիսի 19-ին թուրքական 36-րդ դիվիզիան, Ախուրյանի մերձակա Գետափ կիսակայարանը գրավելով, ռազմերթով շարժվեց Երևանի ուղղությամբ[17]։ 2-րդ հատուկ բրիգադի ստորաբաժանումների մի մասը՝ Խնուսի և Կարաքիլիսայի հետևակային գնդերից, ինչպես նաև 1-ին հատուկ բրիգադի մի մասը (Երզնկայի հետևակ գունդը և այլ զորամասեր) մայիսի 16-19-ը Ախուրյանի ձախ ափից՝ Անի և Արագած կայարաններից, երկաթգծի երկայնքով աստիճանաբար հետ քաշվեցին դեպի Սարդարապատ։ Նահանջի ընթացքում, դեռևս նախքան թուրքական հիմնական ուժերի հետ մարտի բռնվելը, նրանք թիկունքից ու թևերից կրակային հարվածներ էին ստանում 36-րդ դիվիզիայի առաջապահ քրդական հեծելազորի կողմից[18][19]։ Ալեքսանդրապոլ-Երևան ճանապարհով հայկական այդ զորամասերի կազմակերպված նահանջը կարևոր դեր խաղաց Երևանյան զորախմբի համար ժամանակ շահելու և ուժերի վերախմբավորում կատարելու համար։ Դեռևս մայիսի 16-17-ին Երևանյան զորախմբի՝ Սարդարապատի շրջանում տեղակայված զորաջոկատների մի մասը շտապ ուղարկվեց Արաքս և Ղարաբուրուն կայարաններ՝ դեպի Արարատյան դաշտ արշավող թուրքերին դիմադրելու համար, իսկ որոշ ջոկատներ ուղարկվեցին Երևան՝ կամավորներով ու զինամթերքով համալրվելու և մարտերին պատրաստվելու համար[20]։

 
Հայ կամավորական ջոկատները կռվից առաջ
 
Հայկական բանակի օրհնումը Սարդարապատի ճակատամարտից առաջ

Ստեղծված պայմաններում Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանի և կորպուսի շտաբի պետ գնդապետ Եվգենի Վիշինսկու հրամանով կատարվեց հայկական ուժերի վերախմբավորում ու վերադասավորում։ Նպատակն էր թուրքերի հարձակումները կանգնեցնել առանձին շրջաններում՝ Ալեքսանդրապոլ-Սարդարապատ ուղղությամբ և Ղարաքիլիսայում[21]։ Մայիսի 19-ին շտաբից ստացած հրամանի համաձայն[22] գեներալ Մովսես Սիլիկյանը որոշեց իր տրամադրության տակ եղած ուժերը կենտրոնացնել Էջմիածնի շրջանում և հակահարձակման միջոցով կանխել թուրքերի հարձակումը Երևանի վրա։ Մայիսի 20-ին հայկական առաջապահ ուժերը ստիպված թողեցին Արաքս և Ղարաբուրուն կայարանները, նահանջեցին նաև երկաթգծից հյուսիս ընկած նախալեռնային շրջաններից՝ Մաստարայից, Թալինից, Աշնակից՝ կենտրոնանալով Սարդարապատում։ 1-ին հատուկ բրիգադի նահանջող զորամասերը՝ Երզնկայի գունդը և Խնուսի գնդից կես վաշտ (Կարապետ Հասան-Փաշայանի ընդհանուր հրամանատարությամբ), մայիսի 20-ի երեկոյան Սարդարապատից տեղափոխվեցին ավելի խորք ու տեղակայվեցին Խզնաուզ գյուղում[23]՝ Էջմիածնից հս-արմ մոտ 6 կմ։

Ալեքսանդրապոլ-Երևան ուղղությամբ թուրքական զորքերի արշավանքի հետևանքով Սուրմալուն պաշտպանող հայկական ջոկատների համար ստեղծվեց Երևանյան զորախմբի հիմնական ուժերից կտրվելու և շրջապատվելու վտանգ։ Մայիսի 18-ին հակառակորդը հարձակվեց Կողբի հայկական ուժերի վրա։ Սիլիկյանի հրամանով մարտով նահանջեցին դեպի Կարակալայի կամուրջ։ Մայիսի 19-ին թուրքական 4-րդ կորպուսի զորամասերը՝ հիմնականում 12-րդ հետևակային դիվիզիան[24], Բայազետի շրջանից ներխուժեցին Սուրմալու՝ այն գրավելուց հետո Արաքսը գետանցելու և Երևանյան զորախմբի թիկունք դուրս գալու նպատակով։ Իգդիրից հարավ ընկած լեռնանցքներում ու բարձունքներում որոշակի դիմադրությունից հետո հայկական ուժերը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը) ստիպված նահանջեցին Իգդիր, այնուհետև, Երևանյան զորախմբի հրամանատարությունից այն թողնելու հրաման ստանալով, մայիսի 20-ին առանց մարտի նահանջեցին ու Մարգարայի կամրջով անցան Արաքսի ձախ ափ՝ իրենց հետևից այրելով այդ և Կարակալայի կամուրջները։ Այդպիսով Սուրմալուն գրաված թուրքական զորքերը Սարդարապատի ռազմաբեմից կտրված մնացին։ Հայկական կողմից կամուրջների մոտ տեղի կամավորների միջոցով ամուր պաշտպանություն կազմակերպվեց, որը ձախողեց ճակատամարտի օրերին գետանցելու և հայերին թիկունքից հարվածելու թուրքական փորձերը[25]։

Ռազմաճակատի թիկունքը հարավից ապահովելու՝ Դավալուի ուղղությամբ կամ Շարուրի կողմից Արաքսը գետանցելով թուրքական հարձակումը կանխելու համար Սիլիկյանի հրամանով այդ կողմում ծավալվեց 3-րդ հատուկ բրիգադի ստորաբաժանումների մի մասը, որի գլխավոր ուժը Վանի 4-րդ գունդն էր (բրիգադի հրամանատար` գնդապետ Տիգրան Բաղդասարյան)։

Ճակատամարտի ընթացքը

խմբագրել

Սարդարապատի գրավումը թուրքերի կողմից․ հայերի հակահարձակումը

խմբագրել

Մայիսի 21-ին թուրքական 108-րդ հետևազորային գունդը հեծյալ և հրետանային ստորաբաժանումների հետ Արաքս կայարանի շրջանից շարունակեց հարձակումը։ Սարդարապատի ջոկատը, հրետանային պաշտպանական մարտեր վարելով, սկսեց նահանջել և երեկոյան՝ 17:00-ին մոտ, հետ քաշվեց դեպի Քյուրաքյանլու - Քյորփալու - Հայի Զեյվա գյուղերի բնագիծը։ Թուրքերն ընդհուպ մոտեցան Քյորփալուին (Էջմիածնից շուրջ 7 կմ ամ)։ Երկաթգծի ուղղությամբ առաջ շարժվելով՝ այդ օրը երեկոյան թուրքերը գրավեցին Սարդարապատ կայարանը (այժմ՝ Արմավիր քաղաքի տարածքում) և շուրջ 2 կմ դեպի հարավ գտնվող համանուն գյուղը, ապա նաև Գեչրլու գյուղը։ Շարունակելով հարձակումը՝ թուրքական ուժերն օրվա վերջին գրավեցին նաև Վերին Կոլիբեկլու (այժմ՝ Ակնալիճ գյուղի տարածքում) բնակավայրը և երկաթգծի ուղղությամբ առաջացան մինչև Ղամըշլու կիսակայարան (այժմ՝ Զարթոնք գյուղի տարածքում)՝ Երևանից 20 կմ հեռավորության վրա։Երկաթգծի երկայնքով արշավող թուրքական ուժերի նպատակն էր առաջանալ դեպի Զանգիբասար։ Դրանով նրանք երկաթգծից հարավ գտնվող հայկական զորաջոկատներին, տեղի բնակչությանը և շուրջ 100 000 արևմտահայ գաղթականությանը կդնեին Երևանից կտրվելու և կոտորվելու սպառնալիքի տակ[21] Սակայն Ղամըշլուից արևելք՝ Արտաշար գյուղի մոտ տեղակայված կապիտան Խորեն Իգիթխանյանի հրետանային մարտկոցը կարողացավ հակառակորդին գամել տեղում[7]։

 
Քրիստափոր Արարատյան

Չնայած նահանջին՝ զգալիորեն ուժեղացվեց Արաքսի քանդված կամուրջների ձախափնյա պաշտպանությունը։ Միաժամանակ Երևանից արագորեն ռազմաճակատ տեղափոխվեցին օրեր առաջ համալրման ուղարկված հայկական զորաջոկատները[26]։

Երևանյան զորախմբի հրամանատար Մովսես Սիլիկյանը իր շտաբի պետ գնդապետ Ա․ Վեքիլյանի հետ մշակեց ակտիվ հակահարձակմամբ արշավող թուրքական ուժերին Սարդարապատից հետ շպրտելու մարտավարական ծրագիր։ Մայիսի 21-ի երեկոյան Սարդարապատի ճակատում գործող բոլոր զորաջոկատներին տրվեց հաջորդ օրվա իրենց մարտական առաջադրանքը՝ ռազմական գործողությունները փոխհամաձայնեցված կատարելու հրահանգով։ Սարդարապատի ճակատում կռվող հայկական զորքի կազմում էին 5-րդ և 6-րդ գնդերը, 2-րդ հատուկ բրիգադի Կարաքիլիսայի հետևակ գունդը (փոխգնդապետ Արեշյան), պարտիզանական հետևակ գունդը, եզդիական հեծյալ գումարտակը, արևմտահայ կամավորական ջոկատները, հրետանային 4 մարտկոցներ։

Մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը Մոլլաբայազետ գյուղի շրջանում հայ աշխարհազորայինները և Ջանգիր աղայի գլխավորությամբ եզդիական 300-հոգանոց հեծյալ ջոկատը փոխհրաձգության մեջ մտան թուրքական զորքի՝ տեղի մուսուլմանների զինված անկանոն խմբերի հետ՝ թույլ չտալով նրանց թևերից ու թիկունքից հարվածել հայկական զորամասերին։ Այդ հրաձգությունը Դոլուխանյանին և Պերեկրյոստովին հնարավորություն ընձեռեց մարտական կարգի բերելու իրենց գնդերը, իսկ կապիտաններ Սերգո Աթանեսյանին ևՎլադիմիր Սակկիլարիին՝ դասավորելու իրենց հրետանին[27]։

Հայկական զորքի շրջադարձային հակահարվածը գլխավորեց Երևանյան զորախմբի փոխհրամանատար, Սարդարապատի ճակատում կռվող ուժերի հրամանատար գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը։ Մայիսի 22-ի վաղ առավոտյան նրա ընդհանուր հրամանատարությամբ հայկական ուժերն ամբողջ ճակատով հարձակման անցան Քյուրաքյանլու - Քյորփալու - Հայի Զեյվա -Ղուրդուղուլի գյուղերի բնագծերից։ Ճակատի կենտրոնում հարձակումն իրականացրեցին 5-րդ և 6-րդ գնդերը, որոնք հրետանային ու գնդացրային ստորաբաժանումների օգնությամբ կարողացան հուժկու գրոհով ոչնչացնել թուրքական առաջապահ զորքը Ղամըշլու կիսակայարանի շրջանում։ Մասնավորապես, Քյորփալու, Ակնա (Այղր) լճի մոտակայքից, Թափադիբի գյուղի այգիներից և Սարդարապատից հարավ գտնվող՝ պատմական Արգիշտիխինիլի բնակավայրի բլրի վրայից Խ․ Իգիթխանյանի, Վ․ Սակկիլարիի, Նիկոլայ Կլիչի և Ս․ Աթանեսյանի հրետանային մարտկոցները, ինչպես նաև գնդի ու այլ զորամասերի գնդացրային ստորաբաժանումները միաժամանակյա դիպուկ կրակով կարողացան ճնշել հակառակորդի հրետանու կրակը և նոսրացնել հետևակի ու հեծելազորի շարքերը, որից հետո հայկական հետևակն աշխարհազորային ուժերի աջակցությամբ անցավ ամբողջ թափով հակահարձակման։ Թևերից ու թիկունքից հակառակորդին հարվածեցին Պերեկրյոստովի կամավորական գունդը, Իգդիրի, Զեյթունի և Խնուսի ջոկատները, 1-ին հատուկ հեծյալ գունդը (վերջինի կազմում իր հեծյալ դասակով ճակատամարտին մասնակցել է նաև հեծելազորի կրտսեր սպա (կորնետ) Հովհաննես Բաղրամյանը)։ Թուրքական ուժերը, ընդունելով ճակատային մարտը, փորձեցին ակտիվ դիմադրություն ցույց տալ, որը որոշ հատվածներում ուղեկցվեց նաև սվինամարտով։ Սակայն մեծ կորուստներ կրելուց հետո ստիպված էին փախչել[28]։

Շարունակելով առաջխաղացումը՝ հայկական զորամասերն օրվա ընթացքում հետ գրավեցին Գեչրլուն, Մոլլաբայազետը, Սարդարապատ գյուղն ու կայարանը և դրանից աջ ընկած դաշտային շրջանը։ Հայկական զորքերի աջ թևում 5-րդ գնդի մի գումարտակ վաղ առավոտյան հարձակվեց Կոշ-Թալիշ ուղղությամբ և մինչև երեկո մղված մարտերով ազատագրեց Ուջան և Կոշ գյուղերը։ Օրվա մարտերում թուրքական առաջապահ ուժերը գլխովին ջախջախվեցին՝ տալով ավելի քան 500 սպանված ու վիրավոր։ Հայկական զորքերը, մարտերի արդյունքում հաղթանակ տանելով, առաջ շարժվեցին 15-20 կմ-ով[13]։

Մայիսի 22-ին պարտություն կրելուց հետո, օգտվելով այն հանգամանքից, որ հայկական զորքը ելման դիրքերից չկտրվելու նկատառումով չշարունակեց կրնկակոխ հետապնդումը՝ թուրքական գլխավոր ուժերը նահանջեցին Արաքս կայարանի ուղղությամբ՝ ամրանալով կայարանի մատույցներում և այդ ուղղությամբ երկաթգծից հարավ և հյուսիս գտնվող բարձունքներում։ Ճակատամարտի հետագա օրերին երկուստեք մարտավարական բավական մեծ նշանակություն ունեցան հատկապես Արաքս կայարանից հյուսիս գտնվող 449 (Թյուլքի-թափա) և 440 (Չիմնի Ղըռ) բարձունքները, որտեղ նույնպես այդ ժամանակ դիրքավորվեցին նահանջած թուրքական ստորաբաժանումները։

Մայիսի 23-ին Սարդարապատի գլխավոր ճակատում ակտիվ մարտական գործողություններ տեղի չունեցան, միայն ձախ թևում Իգդիրից նահանջած զորաջոկատը մարտի բռնվեց Ջաֆարաբադի շրջանում։ Այդ մարտում հաղթանակից հետո Իգդիրի զորաջոկատը միավորվեց Սարդարապատի զորաջոկատի հետ Դանիել Բեկ-Փիրումյանի ընդհանուր հրամանատարության ներքո, իսկ Արաքսի կամուրջների պաշտպանությունը վստահվեց 2-րդ հատուկ հեծյալ՝ Զեյթունի գնդի ստորաբաժանումներին, որոնք որպես պահեստազոր տեղակայված էին Շահրիար գյուղում[29]։ Ճակատի մյուս ուղղություններով կողմերը զբաղված էին հիմնականում հակառակորդի դիրքերի հետախուզությամբ և մարտակազմերը հետագա գործողություններին պատրաստելով։ Մայիսի 22-ին և 23-ին զորքերին աջակցության համար ճակատ այցելեցին մի խումբ հոգևորականներ՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանի և Զավեն արքեպիսկոպոսի գլխավորությամբ։ Մայիսի 22-ի վճռական մարտից առաջ հանդիպելով 5-րդ գնդի զինվորներին և ոգևորիչ ճառ արտասանելով՝ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը Պողոս Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ կռվող գունդը մկրտեց «Մահապարտներ» անունով[30]։

Ընդհանուր իրադրությունը ճակատամարտի առաջին օրերին

խմբագրել

Մայիսի 22-ի մարտերից հետո զորախմբի հրամանատար Մովսես Սիլիկյանը իր տրամադրության տակ եղած զորաջոկատների մի մասը՝ 6-րդ գունդը, 2-րդ հեծյալ գունդը, պարտիզանական հեծյալ գունդը և այլ ստորաբաժանումներ շտապ տեղափոխեց Բաշ-Ապարանի ճակատ՝ կանխելու այդ ուղղությամբ Երևանի վրա արշավող թուրքական զորքերի առաջխաղացումը։ Սարդարապատի ճակատում հայերի առաջին հաղթանակը բեկումնային նշանակություն ունեցավ ոչ միայն զորքի մարտական տրամադրվածության բարձրացման ու հետագա հաղթանակների համար, այլև Երևանի նահանգի հայ բնակչության և արևմտահայ գաղթականների խուճապային տրամադրությունների հաղթահարման համար։ Մայիսի 24-ին գեներալ Մովսես Սիլիկյանը ճակատամարտին զինվորագրվելու կոչով դիմեց ժողովրդին․

  «Հայե՛ր, շտապեցեք հայրենիքն ազատելու․․․․ Ժամանակ չէ դանդաղելու։ Մինչև հիսուն տարեկան ունեցող բոլոր տղամարդիկ պարտավոր են զենքի տակ գալու. ես պահանջում եմ ամենքից ներկայանալ իրենց զենքերով ու փամփուշտներով հայրենիքի պաշտպանության համար․․․․»[31]:
- Մովսես Սիլիկյան (Մայիսի 22, 1918)
 

Երևանից ու շրջակա գյուղերից բնակչությունը ջուր և սննդամթերք, անհրաժեշտ այլ իրեր էր ուղարկում ռազմաճակատում կռվողներին։

Սարդարապատի ճակատում առաջին պարտությունից հետո հաջողություն գրանցելու և առաջխաղացումը հեշտացնելու նպատակով թուրքական հրամանատարությունը նախաձեռնեց հայկական զորքերի թիկունքը թյուրքաբնակ գյուղերի խռովություններով թուլացնելու գործելակերպը։ Դեռևս հայերի հակահարձակման առաջին օրը՝ մայիսի 22-ին, նման խռովություն եղավ Դավալու - Ղամարլու շրջանում։ Այդ օրը, երբ անվտանգության նկատառումներով Դավալուի հայ բնակչությունը գնացքով տեղափոխվեց Ղամարլու, տեղափոխությունն ապահովող Վանի 4-րդ գունդը ճանապարհին առջևից և հետևից ենթարկվեց շրջակա թուրքական և քրդական գյուղերի հրոսակախմբերի (շուրջ 5 000) զանգվածային հարձակմանը։ 5 ժամ տևած կռիվը հատկապես կատաղի էր Ավշար և Շիրազլու գյուղերի մատույցներում, որոնք գրավեց հայկական զորաջոկատը։ Սակայն օրվա վերջում գունդը կենտրոնացավ Յուվա գյուղում։ Հայկական կողմի կորուստները կազմեցին 37 սպանված և վիրավոր, թուրքերինը՝ 100-ից ավելի[32]։

Հետագա օրերին՝ մինչև Սարդարապատի ճակատամարտի ավարտը և հունիսի սկզբին Դիլիջանի ճակատ մեկնելը, Ղամարլուի շրջանը վերահսկող Վանի 4-րդ գունդը հուսալիորեն պաշտպանեց Երևանյան զորախմբի թիկունքը Շարուրի կողմից, ինչպես նաև ձախողեց թուրքական զորքերի՝ այդ շրջանում Արաքսի գետանցման փորձը։

Մարտական հետագա գործողությունները

խմբագրել

Մայիսի 24-ին թուրքական կողմը հարձակում ձեռնարկեց, բայց հայկական հրետանու դիպուկ կրակից զգալի կորուստներ կրելով՝ հետ շպրտվեց։ Կողմերի ելման դիրքերը մնացին անփոփոխ։ Պարտությունները և ծանր կորուստները թաքցնելու համար թուրքական հրամանատարությունը հնարեց Աղին կայարանում թուրքական զինվորական գնացքաշարի խորտակման կեղծ պատմություն և տարածեց մամուլի միջոցով[33]։

Մարտերից հետո Մ․ Սիլիկյանի հրամանով կատարվեց հայկական ուժերի վերախմբավորում։ Կենտրոնական՝ Սարդարապատ-Արաքս կայարան ուղղությամբ դիրքավորվել էին հայկական գլխավոր հարվածային ուժերը՝ 5-րդ հրաձգային գնդի վաշտերը, ինչպես նաև 1-ին հատուկ հեծյալ գնդի մեկ հեծելավաշտ, երևանյան զորախմբի շտաբի պարեկային վաշտը։ Ձախ թևում՝ երկաթգծից հարավ, Սարդարապատ և Մոլլաբայազետ գյուղերի ուղղությամբ տեղակայված էին պարտիզանական հետևակ գունդը, 1-ին հատուկ հեծյալ գնդի մյուս ստորաբաժանումները, երկրորդ մարտկոցի չորս հրանոթ, Քյարիմարխ գյուղում՝ Իգդիրի զորաջոկատը (Վանի 1-ին և 2-րդ գնդերը), այնուհետև, 2-րդ հատուկ հեծյալ (Զեյթունի) գունդը, Կարաքիլիսայի գունդը, Մակեդոնի և Թռուցիկ Հովսեփի կամավորական ջոկատները՝ Արաքսի ափամերձ շրջանում։ Սարդարապատի ջոկատի աջ թևում՝ կենտրոնական ուղղության առաջապահ զորամասերից ավելի հետ քաշված, արագ զորաշարժերի համար նախատեսված ուժերն էին՝ Խզնաուզում տեղակայված Երզնկայի գունդը և Խնուսի ջոկատից կես վաշտ, և Կոշում տեղակայված Մակվի գումարտակն ու Կարաքիլիսայի գնդի մեկ վաշտ։Աջ թևի առաջապահ դիրքերում՝ Արագածի լանջերին, կապիտան Պանդուխտի պարտիզանական հեծելաջոկատն էր։ Սարդարապատի ջոկատի կազմում 5-րդ գնդի որոշ ստորաբաժանումներ առանձնացված էին որպես ընդհանուր պահեստազոր՝ Վերին Կուլիբեկլու (Ակնալիճ գյուղի շրջանում) և Թուրքի Զեյվա գյուղերում[33]։

Մայիսի 25-ին 5-րդ գնդի առաջապահ ստորաբաժանումները հրետանային 4 մարտկոցների և կապիտան Տաճատ Հովակիմյանի գնդացրային ջոկատի աջակցությամբ գրոհեցին 440-րդ և 449-րդ բարձունքները։ Սակայն հայկական ուժերը հանդիպեցին թուրքերի համառ դիմադրությանը և, կորուստներ տալով, նահանջեցին ելման դիրքեր։ Այդ ընթացքում հայերի ձախ զորասյունը Սարդարապատ գյուղից երկաթգծի երկայնքով գրոհեց դեպի Արաքս կայարան և մոտ 3 կմ հեռավորությամբ կանգ առավ՝ հանդիպելով թուրքերի առաջապահ զորամասերի համառ դիմադրությանը։ Պարզվեց, որ Արաքս կայարանում տեղակայված է հակառակորդի բավական ուժեղ խմբավորում, այնինչ հայկական հետախուզությունը զեկուցել էր, թե թուրքերի հիմնական ուժերը կանգնած են Ղարաբուրուն կայարանում և Ներքին Թալինում։

Մայիսի 26-ի վաղ առավոտյան թիկունքից առաջ քաշվեցին 5-րդ գնդի պահեստային վաշտերը։ Զորախմբի հրամանատար Մովսես Սիլիկյանի ռազմագործողությունների ծրագրով նախատեսվում էր աջ, կենտրոնական և ձախ զորասյուների միաժամանակյա հարձակումով գրավել Արաքս և Ղարաբուրուն կայարանները և երկաթգծից աջ ու ձախ՝ Արագածի լանջերից մինչև Ախուրյանի ափեր ընկած ամբողջ տարածքով գրոհելով՝ հակառակորդին հետ մղել դեպի Ալեքսանդրապոլ[34]։

Նույն օրն առավոտյան 5-րդ գնդի առաջին գումարտակն իր հրամանատարի՝ շտաբս-կապիտան Վարդան Ջաղինյանի ինքնակամ հրամանով անհաջող հարձակում ձեռնարկեց Չիմնի Ղըռ (440) բարձունքի վրա և, տալով մեծ կորուստներ՝ այդ թվում նաև Ջաղինյանը, հետ քաշվեց դեպի ելման դիրքեր։ Ճակատի մյուս հատվածներում ակտիվ գործողություններ տեղի չունեցան, միայն գնդապետ Ա․ Պերեկրյոստովի պարտիզանական գունդը գնդացիրներով հարվածեց Արաքս կայարանում տեղակայված թուրքական ուժերին[34]։

Մայիսի 25-26-ի ճակատային անհաջող գրոհներից հետո Մովսես Սիլիկյանը նոր ծրագիր մշակեց. Խզնաուզում և Կոշում տեղակայված զորաջոկատների արագ զորաշարժ կատարել և թուրքերի գրաված բարձունքներին թիկունքային հարվածներով աջակցել ճակատային գրոհներին։ Միաժամանակ հիմնական ճակատի կենտրոնական և ձախ թևերն ուժեղացվեցին թիկունքից առաջ քաշված՝ Իգդիրի գնդի և պարտիզանական գնդի պահեստային ուժերով[34][35]։

Մայիսի 27-ի լուսաբացին Խզնաուզի ջոկատը սկսեց զորաշարժ կատարել և արդեն կեսօրին հաջողությամբ շրջանցեց թուրքական առաջապահ ուժերի ձախ թևը։ Նույն ժամանակ Խզնաուզի ջոկատից աջ հարձակվող Կոշի ջոկատը, չկարողանալով հաղթահարել թուրքերի դիմադրությունը Ներքին Կալակուտ (Պարտիզակ գյուղից արևմուտք) գյուղի մոտ՝ ստիպված կանգ առավ․ որպես օգնություն՝ Երզնկայի գնդի հրամանատար գնդապետ Կ․ Հասան-Փաշայանն ուղարկեց երկու վաշտ։

Սարդարապատի գլխավոր ճակատում նույն օրն առավոտյան 9-ին հայկական հրետանին շուրջ կես ժամ հուժկու համազարկեր հասցրեց հակառակորդի դիրքերին՝ հատկապես 440 և 449 բարձունքներում՝ ճնշելով նրա հրետանու և գնդացրային ջոկատների կրակը[36]։ Կենտրոնական ուղղության ուժերն այնուհետև անցան դիրքային հարձակման՝ վճռական գրոհի համար սպասելով աջից զորաշարժ կատարող ուժերի թիկունքից հարձակմանը։Գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանը, զորքին ոգևորելու համար զինվորական համազգեստի կարմիր աստառը դուրս շրջած, անձամբ ղեկավարեց մարտը[37]։ Խզնաուզի ջոկատը, թուրքական ձախ թևը կեսօրին շրջանցելուց հետո, կտրուկ թեքվեց դեպի հարավ՝ դուրս գալով 440 և 449 բարձունքների թիկունքը։ Մարտավարական այս փայլուն զորաշարժից հետո հարձակման անցան Սարդարապատի ջոկատի կենտրոնական ուղղության հիմնական ուժերը և Երզնկայի գնդի աջակցությամբ ժամը 14-ին մոտ վերջապես կարողացան գրավել այդ և հարակից այլ բարձունքները։

  «․․․․Շղթաները ոտքի ելան և «ուռա» գոռալով առաջ վազեցին, իսկ թուրքերը խուճապի մատնվեցին, որովհետև նրանց թիկունքն անցած ջոկատը կրակ էր բացել պաշարակիր սայլերի և թիկունքի վրա։ Քիչ անց թուրքերը փախուստի դիմեցին՝ լքելով ամբողջ ռազմամթերքը, վիրավորներին ու սպանվածներին։ ….Ճակատամարտը շահված էր, Հայաստանը՝ փրկված»։
- Ալեքսանդր Շնեուր
 

Նույն օրը Պերեկրյոստովի ձախ զորասյունն էլ, երկաթգծի երկայնքով հարձակվելով, գրավեց Արաքս կայարանը, իսկ երեկոյան նաև Մաստարա կիսակայարանը (այժմ՝ գ․ Դալարիկ), որտեղ էլ կանգ առավ։ Իսկ Պանդուխտի հեծյալ ջոկատը, Ներքին Կալակուտից հարավ հարձակման անցնելով, Կոշի ջոկատի և Խզնաուզի՝ օգնության հասած վաշտերի հետ միասին հաղթահարեց թուրքական ուժերի դիմադրությունը, ապա խորը ճեղքում իրականացրեց դեպի հյուսիս-արևմուտք։ Մայիսի 27-28-ին, ճնշելով հակառակորդի մանր ջոկատները, Պանդուխտի ջոկատը սրընթաց ռազմարշավով՝ Թալինի, Գյոզլուի և Ղրմըզլուի վրայով հասավ մինչև Սոգյութլու, որտեղ նրան միացավ տեղի 1000-հոգանոց ջոկատը։ հակառակորդից գրավվեց մեկ հրանոթ, մեծ թվով գերիներ վերցվեցին[38]։

Այսպիսով մայիսի 27-ի վճռական մարտերի ընթացքում թուրքերը կատարյալ պարտություն կրեցին՝ խուճապահար նահանջելով դեպի Ղարաբուրուն կայարան-Ղարաբուրուն լեռ գիծը։ Ճակատամարտը շահած, սակայն հանգստի կարիք ունեցող Սարդարապատի ջոկատին հրամայվեց կանգ առնել և ամրանալ Մաստարա կիսակայարանի բարձունքներում։ Այդ օրվա ընթացքում Մարգարայի մոտ հետ մղվեց նաև Արաքսը գետանցել փորձող քրդական 100-հոգանոց մի հրոսակախումբ։

Մայիսի 27-28-ի գիշերը հայկական ուժերն առաջանալով հասան Ղարաբուրուն կայարան-Կարմրասար լեռ գծին։ Իսկ մայիսի 28-ի ցերեկը Ղարաբուրուն-Աշնակ բնագծում տեղի ունեցած կարճատև մարտից հետո, դարձյալ չդիմանալով հայկական կողմի գրոհներին, թուրքերը սկսեցին նահանջել դեպի Արագած կայարան - Ղրմըզլու - Վերին Աղջաղալա, բայց այդ բնագծում ևս չդիմանալով՝ շուտով հետ մղվեցին դեպի ավելի հյուսիս։ Այդ օրվա մարտերի արդյունքում հայկական կողմը գրավեց Ղարաբուրուն և Արագած կայարանները, ինչպես նաև Ներքին ու Վերին Թալինները և Մաստարան, իսկ հայկական հետախուզական ջոկատները հասան մինչև Անի կայարան՝ պարզելով, որ մինչև Անի և Աղին կայարաններ թուրքական ուժեր չկան, բոլորը նահանջել են։ Սակայն հաջորդ օրը՝ մայիսի 29-ին, զգալի համալրում ստանալով, թուրքերը հակահարձակման անցան Արագած կայարանի վրա։ Հայկական առաջապահ ուժերը, թուրքական հրետանու ճնշման, ինչպես նաև թուրքական հեծելազորի կողմից ձախ թևի շրջանցման վտանգի տակ ստիպված նահանջեցին և ամրացան Ղարաբուրուն կայարանում։ Մինչդեռ ռազմաճակատի աջ թևում հայկական ուժերն ամբողջ օրը ծանր մարտեր մղեցին Շիրվանջուղ գյուղի մոտ[39]։ Հենց այդ օրը՝ մայիսի 29-ին, երևանյան զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանը երկրորդ անգամ կոչով դիմեց զորքին ու ժողովրդին՝ դեպի Ալեքսանդրապոլ հաղթական մարտերը շարունակելու վերաբերյալ։

  «Հայե՛ր։ Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում է, և թուրք զորքերը նահանջում են։ Մենք պետք է հետ առնենք Ալեքսանդրապոլը, որն այնպես նենգորեն գրավեցին թուրքերը։ Նրանք պահանջում են ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառները՝ Էջմիածին վանքի հետ միասին և Երևանի, Նախիջևանի գավառների մեծ մասը։ Մի՞թե մենք պետք է տանենք այդպիսի անարգանք։ Հայե՛ր, շտապով խմբվեցեք, վռնդե՛ք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողից։ Դեպի՛ զենք բոլորդ։ Դեպի՛ Ալեքսանդրապոլ»:Աշխատանք // Գ․ տարի, չորեքշաբթի, 5 (23) Յունիս, 1918, թիւ 5 (205).
- Մովսես Սիլիկյան
 

Սակայն Բաթումում հայկական պատվիրակության կողմից թուրքական եռօրյա ժամկետով (մայիսի 26-29) վերջնագրի ընդունման կապակցությամբ նույն օրը զինադադար հաստատվեց։ Գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանով հայկական բոլոր զորքերի հարձակումները դադարեցին։ Դա ազդարարեց Սարդարապատի ճակատամարտի ավարտը։ Զինադադարի և հարձակման դադարեցման մասին լուրը խիստ դժգոհությամբ ընդունվեց ինչպես Սարդարապատի ճակատի զինվորների, այնպես էլ հրամանատարական կազմի շրջանում[40]։ Հայկական հրետանու հրամանատար գնդապետ Քրիստափոր Արարատյանի հաղորդմամբ, թեև զինադադարի հաստատման պահին երևանյան զորախմբի դրությունը մեծապես նպաստավոր էր, սակայն Ղարաքիլիսայի ճակատում հայերի կրած լիակատար անհաջողությունը ստիպեց դադարեցնել հարձակումը, քանի որ Երևանը բաց կմնար հյուսիս-արևելքից հակառակորդի ներխուժման առջև[13]։ Որոշ տեսակետների համաձայն՝ Սարդարապատի ճակատում հարձակման դադարեցումը պայմանավորված էր նաև հայկական կողմի զինապահեստների գրեթե դատարկ լինելու և մյուս կողմից, թուրքական ուժերի՝ թարմ համալրումներ ստանալուց հետո հակահարձակման անցնելու վտանգով[41]։

Բաթումում զինադադարի հաստատումից հետո Սարդարապատի ճակատում որոշ հատվածներում մարտական գործողությունները շարունակվեցին, սակայն էական փոփոխություններ տեղի չունեցան։ Բաթումի հաշտության պայմանագրի կնքումից հետո՝ հունիսի 14-ին, հայկական բոլոր ուժերը զբաղեցրած դիրքերից հետ քաշվեցին պայմանագրով նախատեսված սահմանագիծ[42]։

Սարդարապատի ճակատամարտում թուրքական կողմի կորուստները կազմեցին շուրջ 3 500 սպանված և վիրավոր, մինչդեռ հայերի կորուստներն անհամեմատ ավելի պակաս էին, թեև հստակ տվյալներ չկան[42]։

Ճակատամարտի նշանակությունը

խմբագրել
 
Սարդարապատի հերոսամարտին նվիրված հայկական հուշադրամը

Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց 50-65 կմ, վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման և, մասնավորապես մյուս ճակատներում՝ Բաշ-Ապարանում հաղթական հակահարվածի և Ղարաքիլիսայում հերոսական պաշտպանության ապահովման գործում։ Սարդարապատի հերոսամարտը տեղի բնակչությանն ու արևմտահայ գաղթականներին փրկեց անխուսափելի ջարդերից։ Կազմակերպչական մեծ ջանքերի գնով տարած հաղթանակը նպաստեց նաև Երևանում գործող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տեղի ղեկավար մարմինների ու առաջատար գործիչների դերի ամրապնդմանը[43]․ փաստացի հիմք դրվեց նորահռչակ Հայաստանի Հանրապետության կայացմանը։

Գրականություն

խմբագրել
  • «Հայկական հարց» հանրագիտարան, Երևան, 1996

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 20-րդ դարի Ավարայր
  2. Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. հատոր 1, Երևան, էջ 20-30։
  3. William Edward David Allen, Paul Muratoff, Caucasian Battlefields: A History of the Wars on the Turco-Caucasian Border 1828-1921 (Cambridge University Press) էջ 457-469 — 614 էջ։
  4. William Edward David Allen, Paul Muratoff, Caucasian Battlefields: A History of the Wars on the Turco-Caucasian Border 1828-1921 (Cambridge University Press) էջ 470-476 — 614 էջ։
  5. Halil Bal Brest-Litovsk Antlaşması'ndan Sonra Türkiye ve Ermeniler // Yakın Dönem Türkiye Araştırmaları, Caucasus Divisions, Axis History Forum. — Էջ  40-47.
  6. Caucasus Divisions, Axis History Forum.
  7. 7,0 7,1 Սերժ Աֆանասյան, Սարդարապատի հաղթանակը, Հայաստան, մայիս 1918, «Իրավաբան. գրակ. հրատ.», էջ 34-35։
  8. Արամ Նազարյան Արևմտյան Հայաստանի մասին դեկրետը. արևմտահայ զորամասերի կազմավորումը // Հայագիտությունը դպրոցում. — Էջ  11-17.
  9. 9,0 9,1 Հայոց պատմություն, գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), հ. 3, Երևան, էջ 641։
  10. Արշալոյս Աստվածատրեան, Սարդարապատի պատմաշինութիւնը, Պէյրութ էջ 82։
  11. 11,0 11,1 Արշ. Շահխաթունու հուշերը․ 1918 թվի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան էջ 21-25։
  12. Արմեն Ասրյան Արամ Մանուկյանի գործունեությունը Սարդարապատի հերոսամարտի օրերին // Կանթեղ. — Т. 2. — Էջ  164-172.
  13. 13,0 13,1 13,2 13,3 Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 174։
  14. Արամ Նազարյան, Արևմտյան Հայաստանի մասին դեկրետը. արևմտահայ զորամասերի կազմավորումը, Հայագիտությունը դպրոցում էջ 11-17։
  15. Մ․ Կարապետյան, Հայկական ազգային բանակային կորպուսի ստեղծման պատմությունից, 1 (82), Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի», էջ 6-12։
  16. Հովակիմ Մելիքյանի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի», էջ 68։
  17. Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 170։
  18. Ալեքսանդր Շնեուրի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան էջ 36-39։
  19. Հովակիմ Մելիքյանի հուշերը․ 1918 թվի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում. — Երևան — Էջ  64-65.
  20. Մանասեր Մանասերյանի հուշերը․ 1918 թվի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան էջ 31։
  21. 21,0 21,1 Հայոց պատմություն, գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), հ. 3, Երևան, էջ 642։
  22. Սերժ Աֆանասյան, Սարդարապատի հաղթանակը, Հայաստան, մայիս 1918, «Իրավաբան. գրակ. հրատ.», էջ 31։
  23. Հովակիմ Մելիքյանի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի», էջ 65-66։
  24. William Edward David Allen, Paul Muratoff, Caucasian Battlefields: A History of the Wars on the Turco-Caucasian Border 1828-1921 (Cambridge University Press) էջ 475 — 614 էջ։
  25. Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 172։
  26. Մանասեր Մանասերյանի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի», էջ 33։
  27. Հայոց պատմություն, գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), հ. 3, Երևան, էջ 643։
  28. Մանասեր Մանասերյանի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան, «Բանբեր Երևանի համալսարանի», էջ 35-37։
  29. Հայոց պատմություն, գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), հ. 3, Երևան, էջ 644։
  30. Սերժ Աֆանասյան, Սարդարապատի հաղթանակը, Հայաստան, մայիս 1918, «Իրավաբան. գրակ. հրատ.», էջ 43։
  31. Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 29։
  32. Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 176։
  33. 33,0 33,1 Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 177։
  34. 34,0 34,1 34,2 Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 178-179։
  35. Հայոց պատմություն, գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), հ. 3, Երևան, էջ 645։
  36. Գր. Շիրինյանի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան էջ 74։
  37. Ալեքսանդր Շնեուրի հուշերը․ 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մասնակիցների հուշերում, Երևան էջ 126-127։
  38. Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 181։
  39. Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Սիլիկովի օրագրից՝ Երևանյան զորախմբի գործողությունների մասին, մայիսի 21-հուլիսի 3, 1918 (ռուս․), Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 161-162։
  40. Սերժ Աֆանասյան, Սարդարապատի հաղթանակը, Հայաստան, մայիս 1918, «Իրավաբան. գրակ. հրատ.», էջ 55։
  41. Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, հ. հատոր 1, Երևան, էջ 37։
  42. 42,0 42,1 Սարդարապատ Բաշ-Ապարան Ղարաքիլիսա։ 1918 թ. մայիսյան հերոսամարտերը, Երևան էջ 185։
  43. Հայոց պատմություն, գիրք երկրորդ (XVII դ. երկրորդ կես - 1918 թ.), հ. 3, Երևան, էջ 646։