Նորվեգիա
Նորվեգիա (նորվեգերեն՝ Norge (բուկմոլ) կամ Noreg (նյունորսկ)), պաշտոնական անվանում՝ Նորվեգիայի Թագավորություն (նորվ.՝ Kongeriket Norge), ինքնիշխան և միատարր (ունիտար) միապետություն, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արևմտյան հատվածը, Յան Մայեն կղզին և Շպիցբերգեն կղզեխումբը[5]։ Անտարկտիկայում գտնվող Պետրոս I-ի կղզին և մերձարկտիկական Բուվե կղզին կախյալ տարածքներ են, ուստի թագավորության կազմի մեջ չեն մտնում։ Նորվեգիան հավակնում է նաև Անտարկտիդայի մաս կազմող Մոդ թագուհու երկրին։ Մինչև 1814 թվականը Թագավորության կազմի մեջ էին մտնում Ֆարերյան կղզիները (1035 թվականից), Գրենլանդիան (1261 թվականից) և Իսլանդիան (1262 թվականից), իսկ մինչև 1468 թվականը՝ նաև Շետլանդյան և Օրկնեյան կղզիները։
Նորվեգիան ունի 385,207 կմ² տարածք և 2016 թվականի մայիսի տվյալներով՝ 5,213,985 բնակչություն[6]։ Ամենաերկարը Շվեդիայի հետ սահմանն է՝ 1,619 կմ։ Հյուսիս-արևելքից սահմանակցում է Ֆինլանդիային և Ռուսաստանին, հարավից՝ Սկագերակ նեղուցին և Դանիային։ Նորվեգիան երկարաձիգ ափեզր ունի Ատլանտյան օվկիանոսով և Բարենցի ծովով։
Հարալդ V-ը՝ Գլյուքսբուրգների գերմանադանիական հարստությունից, Նորվեգիայի ներկայիս միապետն է։ 2013 թվականին վարչապետ դարձավ Էռնա Սուլբերգը, որը փոխարինեց Յենս Ստոլտենբերգին։ Սահմանադրական միապետություն համարվող Նորվեգիայում, 1814 թվականի Սահմանադրության համաձայն, պետական իշխանությունը բաժանված է խորհրդարանի, կառավարության և Գերագույն դատարանի միջև։ Նորվեգիայի Թագավորությունը ստեղծվել է մի քանի մանր թագավորությունների միաձուլման արդյունքում։ Համաձայն ավանդական ժամանակագրության՝ Թագավորությունը շարունակաբար գոյություն ունի սկսած 872 թվականից, այսինքն՝ արդեն 1144 տարի։ Այս երկիրը հաջորդաբար ղեկավարած միապետների ցուցակն ընդգրկում է ավելի քան 60 թագավոր և կոմս։
Նորվեգիայի տարածքը ենթարկված է թե՛ վարչական և թե՛ քաղաքական բաժանման։ Ընդ որում, վարչական ու քաղաքական բաժանման միավորները 2 մակարդակով են՝ կոմսություններ (շրջաններ) և մունիցիպալիտետներ (տեղական ինքնակառավարման մարմիններ)։ Սաամի ժողովուրդը որոշակի ինքնորոշում (self-determination) և ազդեցություն ունի իր բնակության վանդական տարածքներում՝ Սաամի խորհրդարանի և Ֆինմարկի համաձայնագրի միջոցով։ Նորվեգիան սերտ կապեր ունի Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրախորհրդի, Անտարկտիկայի պայմանագրի և Հյուսիսային Խորհրդի հիմնադիր անդամ է, Եվրոպական տնտեսական գոտու, Առևտրի համաշխարհային կազմակերպության և Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ է, ինչպես նաև Շենգենյան գոտու մաս է։
Երկիրը պահպանում է շուկայական տնտեսության և սկանդինավյան բարեկեցության մոդելի համադրումը համընդհանուր առողջապահական և սոցիալական ապահովության համակարգի հետ։ Ունի նավթի, բնական գազի, հանածոների, անտառանյութի, ծովամթերքի, քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի մեծ պաշարներ։ Նավթի արդյունահանումը կազմում է երկրի ՀՆԱ-ի մոտ քառորդ մասը[7]։ Մերձավոր Արևելքից դուրս նավթի և բնական գազի ամենամեծ արդյունահանողն է[8][9]։
Նորվեգիան Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ցանկում 4-րդն է՝ որպես մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր եկամուտ ունեցող երկիր[10]։ Կենտրոնական հետախուզական վարչության ՀՆԱ-ի ցանկում (2015 թվականի տվյալներ), որտեղ բացի ինքնիշխան պետություններից, ներառված են նաև որոշ տարածքներ և տարածաշրջաններ, Նորվեգիան զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը[11]։ 2001-2006 թվականներին[12], իսկ ապա՝ 2009-2015 թվականներին Նորվեգիան աշխարհում մարդկային զարգացման ամենաբարձր գործակիցն է ունեցել[13][14][15][16]։ 7 տարի շարունակ՝ մինչև 2015 թվականը, ունեցել է Legatum բարեկեցության ամենաբարձր գործակիցը[17]։ Երկիրն ունի նաև Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության «Ավելի լավ կյանք» գործակցի, Համաշխարհային ինտեգրման և Ժողովրդավարության ամենաբարձր գործակիցը[18]։
Ծագումնաբանություն
խմբագրելՆորվեգիան ունի երկու պաշտոնական անվանում՝ Noreg՝ նյունորսկում (հին նորվեգերեն՝ Noregr) և Norge՝ բուկմոլում (հին նորվեգերեն՝Noregi, Noregr-ի տրական հոլով)։
Նորվեգիա անվանումը ծագել է հին անգլերեն Norðrveg(r) բառից, որը առաջին անգամ հիշատակվել է 880 թվականին և նշանակում է «հյուսիսային ճանապարհ» կամ «դեպի հյուսիս տանող», որով անգլոսաքսերն անվանել են Նորվեգիայի անտլանտյան ափեզերքը[19][20]։ Նույն ձևով են կառուցված նաև suðrvegar «հարավային ճանապարհ»-ը՝ Գերմանիայի և austrvegr «արևելյան ճանապարհ»-ը՝ Բալթիկ ծովի համար։ Բրիտանիայի անգլոսաքսերը Նորվեգիայի թագավարությունը 880 թվականին անվանել են նաև Norðmanna land[19][20]։
Լեզվաբան Միխայել Շուլթեն նշում է, որ հին նորվեգերեն Nuruiak, Nuriki (Nur- :նեղուց, -riki :թագավորություն) անվանումները և ավելի ուշ՝ Noregr (Nore- :նեղուց -gr :ուղի) անվանումը, որը Նորվեգիայի բնակիչների ինքնանվանումն էր, վերաբերում էր ներկղզեխբային հարավարևմտյան Նորվեգիայի նավագնացության ուղուն[19][20]։ Սա Նորվեգիայի առաջին թագավոր՝ Հարալդ Շիկահերի կառավարման տարածքն էր, որի պատճառով էլ անվանումը տարածվեց ամբողջ երկրի վրա։ Ավելի նոր մեկնաբանության համաձայն՝ Norvegr բառում nor(ve), նշանակում է նեղ (նորվ.՝ norve) և -(ve)gr (նորվ.՝ veg) նշանակում է նավարկման ուղի[19][20]։ Բառի ամենահին նշանակությունը մեկնաբանվում է «նեղուցով նեղ ուղի»[19][20]։ Nore բառը դեռ օգտագործվում է տեղանուններում և ունի նույն նշանակությունը[19][20]։
849 թվականի մի լատիներեն ձեռագրում նշված է Northuagia անվանումը, այն դեպքում, երբ մոտ 900-ականներին թվագրվող ֆրանսերեն ժամանակագրության մեջ օգտագործվել են Northwegia և Norwegia անվանումները[21]։ Օտտար Հալոգալանցին 9-րդ դարի վերջում Անգլիայում այցելում է Ալֆրեդ Մեծին, երկիրն անվանվում էր Norðwegr և norðmanna land[21]։
Հին նորվեգերեն norðmaðr 9-րդ դարում լատինականացվել է Nortmannus և նշանակել է ինչպես նորվեգացի, այնպես էլ վիկինգ՝ ծնունդ տալով նորմանների անվանմանը[22]։ Նորվեգիայի քրիստոնեությունն ընդունելուց հետո՝ Noregr և Noregi բառերը դարձան ամենատարածվածները, բայց 15-րդ դարի ընթացքում երկու նոր ձև Noreg(h) և Norg(h)e տարածվեցին միջնադարյան Իսլանդիայի ձեռագրերում՝ պահպանվելով մինչև մեր օրերը։
Պատմություն
խմբագրելՆախնադար
խմբագրելԱռաջին բնակիչները պատկանել են Արենսբուրգյան մշակույթին (մ․թ․ա․ 11-10-րդ հազարամյակ), որը վաղ Դրիասի (Վաքսելյան սառցե շրջանի վերջին փուլ) վերին հին քարեդարյան մշակույթ էր։ Մշակույթն այսպես է կոչվել է Արենսբուրգ գյուղի անունով, որը գտնվում է Գերմանիայի Համբուրգ քաղաքից 25 կմ հյուսիս-արևելք, որտեղ պեղվել են նետերի փայտե ձողեր և սայրեր[23]։ Նորվեգիայում մարդկության բնակության առաջին հետքերը հայտնաբերվել են ափամերձ շրջաններում, որտեղ մ․թ․ա․ 11000-8000 թվականներին հալվել է վերջին սառցե դարաշրջանի հսկայական ծանծաղուտային սառցադաշտը։ Ամենահին գտածոները թվագրվում են մ․թ․ա․ 9500-6000 թվականներին և հայտնաբերվել են հյուսիսում՝ Ֆինմարկի (Կոմսա մշակույթ) և հարավ-արևմուտքում՝ Ռոգալանդի (Ֆոսնա մշակույթ)։ Երկու տարբեր մշակույթների մասին տեսությունները 1970-ականներին մերժվեցին։
Ափամերձ շրջանում հնագետների հայտնաբերված վերջին գտածոների հիման վրա ենթադրվում է, որ տարբերությունները կարող էին ծագել տարբեր գործիքներ օգտագործելու պատճառով և ոչ թե այն բանր համար, որ դրանք տարբեր մշակույթներ են եղել։ Ծովային կենդանական աշխարհը հնարավոր է դարձրել ձկնորսների և որսորդների բնակությունը, որոնք ենթադրաբար ապրել են դեռ մ․թ․ա․ 10.000 թվականին, երբ ցամաքը դեռ սառույցով էր պատված։
Երկրի հարավային հատվածում հայտնաբերվել են մ․թ․ա․ 5000 թվականին թվագրվող բնակատեղիներ։ Այս բնակատեղիներից հայտնաբերված գտածոները թույլ են տալիս ենթադրել, որ նրանք զբաղվել են որսորդությամբ և ձկնորսությամբ։ Գործիքները տարբերվում են չափերով և սովորաբար պատրաստված են տարբեր տեսակի քարերից։ Ուշ շրջանի գործիքներն ավելի լավ են պատրաստված։ Որսորդության և ձկնորսության շրջաններում հայտնաբերվել են ժայռապատկերներ, որտեղ պատկերված են եղնիկներ, արջեր, թռչուններ, որմզդեղներ, հյուսիսային եղջերուներ, փոկեր, կետեր և ձկներ (հատկապես՝ սաղմոն և վահանձուկ), որոնք բոլորը կարևոր էին այստեղ բնակվող մարդկանց կյանքում։ Ֆինմարկի Ալտայի փորագրությունները, որոնք Սկանդինավյան երկրներում ամենամեծն են, ստեղծվել են ծովի մակարդակի վրա, մ․թ․ա․ 4200-500 թվականներին և ցույց են տալիս ջրի մակարդակի բարձրացումը վերջիին սառցե դարաշրջանի ավարտից հետո։
Բրոնզե դար
խմբագրելՄ․թ․ա․ 3000-2500 թվականներին Արևելյան Նորվեգիա թափանցեցին նոր բնակիչներ (ռազմական կացինների մշակույթ)։ Նրանք հնդեվրոպական ֆերմերներ էին, որոնք աճեցնում էին հացահատիկ և պահում կովեր և ոչխարներ։ Արևմտյան ափի ձկնորս-որսորդների պոպուլյացիները նույնպես հետզհետե փոխարինվեցին ֆերմերների պոպուլյացիաներով, չնայած այն բանին, որ որսորդությունն ու ձկնորսությունը մնում էին որպես կյանքի պահպանման երկրորդական միջոցներ։
Մ․թ․ա․ 15000 թվականին հետզհետե հայտնաբերվեց բրոնզը, բայց քարը դեռ շարունակվում էր օգտագործվել։ Նորվեգիայի տարածքից քիչ քանակով բրոնզե իրեր են հայտնաբերվել, գտածոները հիմանականում զենքեր են և ապարանջաններ, որը կարող էր իրեն միայն առաջնորդը թույլ տալ։ Հսկա դամբարաններ են պատրաստվել ծովափին՝ հյուսիսում ձգվելով մինչև Հարստադ, ինչպես նաև հարավում՝ ցամաքի վրա։ Ժայռապատկերները տարբերվում էին քարեդարյան ժայռապատկերներից։ Արևի, կենդանիների, ծառերի, զենքերի, նավերի և մ արդկանց պատկերները հատուկ ոճային էին։
Այս շրջանի հազարավոր ժայռապատկերներ պատկերում են նավեր, հսկա քարե դամբարանային հուշարձանները, որոնք հայտնի են քարե նավեր անվանումով, ցույց են տալիս, որ նավագնացությունն ու նավերը մեծ դեր են խաղացել այս մշակույթում[24]։
Նորվեգիայի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել հավանաբար մ․թ․ա․ 6-րդ հազարամյակից։ Հետագայում բնիկները խառնվել են գերմանական ցեղերին, որոնք եկել են Սկանդինավիայի հարավից մոտ մ․ թ․ ա․ 17-րդ դարում։ Բնակիչները զբաղվել են որսորդությամբ ու ձկնորսությամբ, մ․ թ․ սկզբին ապրել են նահապետական-տոհմատիրական կարգով, որը քայքայվել է 8-9երում։ Հիմնական սոցիալական խավը կազմել են ազատ համայնականները (բոնդերը) և տոհմացեղային ավագանին (յառլերը), ռազմական առաջնորդները՝ կոնունգները, իրենց նշանակությունը մեծապես պահպանել են ժողովրդական ժողովները (թինգի)։ 9-11-րդ դարերի մեծ չափերի են հասել նորմանների (վիկինգների) առևտրակողոպտչական արշավանքները Իսլանդիա և այլ երկրներ։ 9-10-րդ դարերի սահմանագծին սկսվել է Նորվեգիայի քաղաքական միավորումը (կոնունգ Հարալդ Գեղեցկածամը իր իշխանությանն է ենթարկել մի շարք մարզեր և ստեղծել թագավորություն), որն ավարտվել է 11-րդ դարում Օլաֆ II (1016-1028) թագավորի օրոք։ 10-րդ դարի վերջից սկսվել է Նորվեգիայի քրիստոնեացումը։ Ստեղծված վաղ ֆեոդական պետության պայմաններում ուժեղացել է շահագործումը, որի հետևանքն էին գյուղացիական ապստամբությունները և ժողովրդական շարժումները 12-րդ դարի 2-րդ կեսին և 13-րդ դարում։ Նորվեգիայի գյուղացիներին հաջողվել է մնալ անձնապես ազատ։ 1262 թվականին Նորվեգիան իրեն է ենթարկել Իսլանդիան։ 1319 թվականին կնքվել է Նորվեգիայի անձնական ունիան Շվեդիայի հետ, 1380 թվականին՝ Դանիայի, որի հետևանքով Նորվեգիան տնտեսապես և քաղաքականապես ենթարկվել է Դանիային, իսկ 1397 թվականին կնքվել է Կալմարյան ունիան Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի (Իսլանդիայի հետ) միջև։ 1536 թվականին Նորվեգիայումում բռնի անցկացվել է Ռեֆորմացիա՝ Լյութերականության ձևվ, որը նպաստել է դանիական տիրապետության ամրապնդմանը։ Ուժեղացել է դանիական լուծը և նորվեգացիների ֆեոդական շահագործումը, որը հանգեցրել է գյուղացիական խոշոր ապստամբությունների (15-րդ դարի կես-16-րդ դարի սկիզբ)։ 17-18-րդ դարերում Նորվեգիան ներքաշվեց Դանիայի մղած ավերիչ պատերազմների մեջ։ Նորվեգական բուրժուազիան, որը սկսել էր ձևավորվել 17-րդ դարի վերջին, պայքարում էր Դանիայից Նորվեգիան անջատելու համար։ Դանիան պարտություն կրելով Շվեդիայից, 1814 թվականին նրան հանձնեց Նորվեգիան։ Շվեդիան ուժով Նորվեգիային պարտադրեց շվեդա-նորվեգական ունիա (1814-1905)։ Նորվեգական ժողովուրդը պայքար ծավալեց հանուն անկախության։ 1887 թվականին հիմնադրվեց նորվեգական բանվորական կուսակցությունը (ՆԲԿ)։ 1905-1907 թվականների ռուսական հեղափոխության ազդեցությամբ, Եվրոպայում բանվորական շարժման ակտիվացումը մի կողմից, իմպերիալիստական հակասությունների աճը՝ մյուս կողմից, Նորվեգիային հնարավորություն տվեցին 1905 թվականին խզել Շվեդիայի հետ ունիան։
Պատմագիտություն
խմբագրել12-րդ դարի վերջին գրվել են «Նորվեգական թագավորների պատմություն» (վանական Թեոդրիկ), «Սագա Սվեռիրի մասին» (հին իսլանդերեն), 13-րդ դարի սկզբին «Նորվեգիայի պատմություն» աշխատությունները, ավելի ուշ՝ Օլաֆ Սուրբ թագավորի մասին առաջին սագաները, 13-րդ դար վերջին՝ «Քաղվածքներ նորվեգական թագավորների մասին սագաներից» անանուն ժամանակագրությունը, որը հին նորվեգերենով Նորվեգիայի պատմության առաջին երկն է։ Նորվեգիայի վաղ շրջանի պատմության վերաբերյալ մի շարք գործեր գրվել են Իսլանդիայում կամ Նորվեգիայում՝ իսլանդացիների կողմից։ 17-18-րդ դարերից Դանիայից Նորվեգիայի քաղաքական կախվածության պայմաններում նորվեգական պատմագիտությունը սերտորեն կապված էր դանիականի հետ։ Նոր ժամանակի նորվեգական առաջին խոշոր պատմաբանը լուսավորականության ներկայացուցիչ Դ․ Շենինգն էր։ Նորվեգական պատմագիտությունը զգալիորեն զարգացել է 19-րդ դարում, երբ հետաքրքրության առարկա են դարձել ազգային հարցերը, երկրի ազգային-ազատագրական խնդիրները և այլն։ 19-րդ դարի 1-ին կեսի խոշոր պատմաբաններն էին լիբերալ-ռոմանտիկ ուղղության ներկայացուցիչներ Ռ․ Կեյսերը և Պ․ Ա․ Մունկը։ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին ձևավորվել է նոր, պոզիտիվիստական, ազգային-դեմոկրատական ուղղությունը, որի առաջացումը կապված է Է․ Սարսի անվան հետ։ Սարսը իդեալիստական հիմքի վրա ստեղծել է Նորվեգիայի պատմության կապակցված մի աշխարհայացք, ընդգծել նորվեգական ժողովրդի պատմական ճակատագրի բացառիկությունը և նրան բնորոշ գյուղացիական դեմոկրատիան, պատմական ընթացքը դիտել իբրև ներդաշնակ էվոլյուցիոն երևույթ։ Սարսի ոգով կազմվել է «Նորվեգիայի պատմություն նորվեգական ժողովրդի համար» (1907-1917) 13 հատորանոց աշխատությունը (բացի Է․ Սարսից, հեղինակներ են Ս․ Բուգգեն, է․ Հերցբերգը և ուրիշներ)։ Պատմության հետազոտության մեթոդների կատարելագործումը, նոր նյութերի կուտակումը, հասարակական-տնտեսական խնդիրների առաջին պլան քաշվելը (1905 թվականին շվեդա-նորվեգական ունիայի կազմալուծումից հետո)՝ 20-րդ դարի 10-20-ական թվականներին նպաստեցին Նորվեգիայի պատմության մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ հին տեսակետների վերանայմանը։ Այդ գործում էական դեր խաղացին սոցիալ-դեմոկրատ պատմաբաններ Հ․ Կուտը և Է․ Բուլը, որոնք զգալիորեն կրում էին մարքսիզմի ազդեցությունը։ Նրանք հանդես եկան Նորվեգիայի բացառիկության տեսակետի դեմ և ցույց տվեցին նրա պատմական զարգացման նմանությունը համաևրոպականին, փորձելով շատ հարցեր մեկնաբանել դասակարգային պայքարի սկզբունքից։ Նոր տեսակետների ազդեցությամբ կազմվեց «Նորվեգական ժողովրդի կյանքը և պատմությունը դարերի ընթացքում» (1930-1938) ընդարձակ աշխատությունը (Է․ Բուլ, Ս․ Ստեն և ուրիշներ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին նկատվեց ազգայնական միտումների աշխուժացում, թուլացավ հետաքրքրությունը հասարակական-տնտեսական պատմության և դասակարգային պայքարի նկատմամբ։ Մեծ տեղ գրավեց երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության և ժամանակակից արտաքին քաղաքականության ակունքների ուսումնասիրությունը (Մ․ Սկոդվին, Ն․ Էրվիկ և ուրիշներ)։ 1962 թվականից սկսել է լույս տեսնել նորվեգական պատմաբանների նոր կոլեկտիվ աշխատանքը «Մեր ժողովրդի պատմությունը»։ 20-րդ դարի նորվեգական պատմաբանները զգալի ավանդ են ներդրել նաև համաշխարհային պատմության մշակման մեջ, մասնավորապես՝ տարբեր ժողովուրդների մշակութային զարգացման համեմատական ուսումնասիրության և ազգագրության, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային հարաբերությունների պատմության, Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում զանգվածային շարժումների ուսումնասիրության մեջ։ Պատմության հարցերը լուսաբանող հիմնական հրատարակությունն է «Historisk Tidsskrift»-ը (1870 թվականից)։
Աշխարհագրություն
խմբագրելՏարածքը 385,2 հզ. կմ² է, ձգվում է հարավ-արևմուտքից հյուսիս-արևելք 1750 կմ երկարությամբ և 7–430 կմ լայնությամբ։
Նորվեգիայի ափերը ողողում են Բարենցի ծովը՝ հյուսիս-արևելքից, Նորվեգական ծովը արևմուտքից և Հյուսիսային ծովը հարավ-արևմուտքում[25]։ Նրա մաս է համարվում նաև Սվալբարդ կղզեխումբը և Յան-Մայեն կղզին, որը գտնվում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում։ Նորվեգիայից կախված տարածք է համարվում Ատլանտյան օվկիանոսի հարավում գտնվող Բուվե կղզին։
Լեռնային երկիր է։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Սկանդինավյան լեռները, հյուսիսում Ֆինմարկեն սարահարթն է։ Ծովամերձ նեղ (40–50 կմ) շերտն զբաղեցնում են դաշտավայրերը։ Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդներով։
Ընդերքում կան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի հանքավայրեր։ 1960–1970-ական թվականներին Հյուսիսային ծովում հայտնաբերվել են նավթի և գազի հարուստ պաշարներ, Շպիցբերգեն կղզեխմբում՝ բարձրորակ քարածուխ։
Կլիման չափավոր ծովային է, տարածքի 1/3-ն ընկած է բևեռային շրջագծից հյուսիս։ Հյուսիսատլանտյան տաք հոսանքով պայմանավորված՝ ձմեռը մեղմ է, ծովերը չեն սառչում։ Գետային ցանցը խիտ է։ Գետերը (ամենախոշորներն են Գլոմման, Լոգենը) սահանքավոր են, ջրառատ, արագահոս և ունեն ջրաէներգետիկ մեծ պաշարներ։ Լճերն զբաղեցնում են տարածքի 4 %-ը։ Ամենախոշորը Մյոսան է։ Մեծ տարածություններ ծածկված են սոճու և եղևնու անտառներով։ Կենդանիներից կան աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, նապաստակ և այլն։
Կենսաբազմազանություն
խմբագրելԿենսաբազմազանությունը ներառում է 16000 տեսակի միջատներ (մոտ 4000-ը դեռ ենթակա է նկարագրման), 20000 ջրիմուռներ, 18000 քարաքոսներ, 1050 մամուռներ, 2800 անոթային բույսեր, 7000 սնկեր, 450 թռչուններ, որոնցից 250-ը բնադրում են Նորվեգիայում, 90 կաթնասուններ, 45 քաղցրահամ ջրերի ձկներ, 150 ծովային ձկներ, 1000 քաղցրահամ ջրերի անողնաշարավորներ և 3500 ծովային անողնաշարավորներ[26]։ Այս տեսակներից մոտ 40000-ը գիտականորեն նկարագրված են։ 2010 թվականի Կարմիր գիրքը ներառում է 4599 տեսակ[27]։
Կենդանիներից կա աղվես, լուսան, կուղբ, կզաքիս, կնգում, որմզդեղն, հյուսիսային եղջերու, նապաստակ, մեծ թվով նորվեգական լեմինգ։ Շատ են թռչունները։ Ջրերը հարուստ են ձկներով։
17 տեսակ համարվում է կրիտիկական վիճակում գտնվող, հիմնականում այն պատճառով, որ նրանք ամբողջ աշխարհում են կրիտիկական վիճակի տակ գտնվող տեսակներ են։ Դրանցից է, օրինակ, կուղբը, որի թվաքանակը Նորվեգիայում կարծես վտանգված չէ։ Վտանգված տեսակների թիվը 3682 է, որը ներառում է 418 տեսակի սնկեր, որոնցից շատերը կապված են հնադարյան անտառների պահպանված փոքրածավալ շրջանների հետ[28], 36 թռչուններ և 16 կաթնասուններ։ 2010 թվականին, վտանգված կամ խոցելի տեսակների թիվը 2398 էր, որոնցից 1250-ը՝ խոցելի էին, իսկ 871-ը՝ վտանգված, 276-ը՝ կրիտիկական վիճակում գտնվող։ Սա ներառում էր մոխրագույն գայլը, արկտիկական աղվեսը[27]։
Նորվեգիայի ջրերում բնակվող ամենամեծ գիշատիչը կաշալոտն է և ամենամեծ ձուկը՝ հսկայական շնաձուկը։ Ցամաքային ամենամեծ գիշատիչը բևեռային արջն է, իսկ գորշ արջը՝ Նորվեգական շրջանի ամենամեծ գիշատիչն է։ Ցամաքային ամենամեծ կենդանին որմզդեղն է, այն Նորվեգիայում հայտնի է իր մեծության և ուժի պատճառով և անվանվում է skogens konge, «անտառի թագավոր»։
Նորվեգիան լեռնային երկիր է, գտնվում է Ֆենասկանդինավիայում։ Տարածքի գրեթե 2/3-ը գտնվում է ավելի քան 500 մ բարձրության վրա։ Դաշտավայրերն զբաղեցնում են ծովամերձ նեղ (40-50 կմ) շերտը։ Հյուսիսային և Նորվեգական ծովերի ափերը մասնատված են ֆիորդերով։ Ափերին մոտ կան մեծ քանակությամբ խոշոր ու փոքր կղզիներ, շխերներ։ Տարածքի մեծ մսան զբաղեցնում են Սկանդինավյան լեռները (ամենաբարձր կետը՝ 2470 մ՝ Գալհյոպիգեն լեռ)։ Հյուսիսում ցածրադիր (300-500 մ) Ֆինմարկեն սարահարթն է։ Երկրաբանական առումով Նորվեգիայի հարավարևելյան մասը պատկանում է Բալթիական վահանին, իսկ հյուսիսարևմտյան մեծ մասը՝ կալեդոնյան ծալքավոր մարզին։ Նորվեգիայի տարածքը անթրոպոգենում ծածկված է եղել սառույցով։
Լեզուներ
խմբագրելՊաշտոնական լեզուն նորվեգերենն է։ Դասական գրական նորվեգական լեզուն՝ բոքմալը, կամ Riksmol մշակվել է դանիական լեզվի հիման վրա` Նորվեգիայի վրա Դանիայի տիրապետության ժամանակ (1397-1814 թթ.): 19-րդ դարի վերջում, ի տարբերություն Բոկմալի, գյուղական նորվեգական բարբառների հիման վրա միջնադարյան հին սկանդինավյան բարբառների խասռնուրդով, ստեղծվեց նոր գրական լեզու՝ Lannsmol: Լաննսմոլը պաշտոնական ճանաչում ստացավ 19-րդ դարում։ Դրա ստեղծեղը լեզվաբան Իվար Օսենն էր։ Ե´Վ բոկմալը, և´ նյունորսկը համարվում են հավասար գրական լեզուներ, բայց առաջինը ավելի լայն տարածում ունի և հիմանական լեզուն է Նորվեգիայի բնակիչների մոտավորապես 85-90 %-ի համար։ Նյունորսկը առավել տարածված է Վեսթլենդում, որտեղ ապրում է այդ լեզվով խոսողների մոտ 87%-ը, և այն լայնորեն օգտագործվում է գյուղական վայրերում։ 20-րդ դարի առաջին կեսին Նյունորսկի և Բոկմալի միջև պաշտոնապես իրականացվեց «մերձեցման քաղաքականությունը» (նորվեգերեն tilnærmingspolitikken)՝ նպատակ ունենալով ապագայում ստեղծել «ընդհանուր նորվեգական» նորմ (սամնոշք, նորվեգական սամնորսկ), բայց 1966 թվականին որոշվեց հրաժարվել այս քաղաքականությունից։ 2005 թվականին թագավորական հրամանագրով կվեներենին տրվել է ազգային փոքրամասնության լեզվի կարգավիճակ։
Միգրացիա
խմբագրելԻր գրեթե ողջ պատմության ընթացքում նորվեգական հասարակությունը էթնիկապես միատար է եղել։ Մինչ 1980-ական թվականները, բնակչության ժողովրդագրական ծերացման բացասական տնտեսական հետևանքները դանդաղացնելու նպատակով, Նորվեգիայում ընդունվեց լիբերալ ներգաղթի քաղաքականություն։ 20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին Աֆրիկայի, Ասիայի,Եվրոպայի և Լատինական Ամերիկայի տնտեսապես հետամնաց երկրներից փախստականներն ու ներգաղթյալները սկսեցին ակտիվորեն տեղափոխվել Նորվեգիա։ Այսպիսով, 2021թվականի դրությամբ Նորվեգիան բազմազգ պետություն է՝ էթնոմշակույթային, կրոնական,ռասսայական և ազգային լայն բազմազանությամբ։ Նորվեգիայի բնակչության 74,7% էթնիկ նորվեգիացիներ էին, իսկ 1,360,175 մարդ (25,23%)՝ ներգաղթյալներ նրանց հետնորդները։ Միգրանտների մեծ հոսք է նկատվում հյուսիսային նահանգներում, ինչը կապված է կլիմայական առումով անբարենպաստ այս շրջաններ աշխատույժ ներգրավելու կառավարության քաղաքականության հետ։ Միգրացիայի մնացորդը դրական է, չնայած այն հանգանանքին, որ տարեցտարի արտագաղթողների թիվը ավելանում է և արդեն 2010 թվականին հասել է 31506 մարդու։ Նորվոգիայում արտաքին միգրացիայից բացի, կա նաև ներքին միգրացիա ինչպես քաղաքների, այնպես էլ շրջանների միջև որոնցից առաջինը երկու անգամ ավելի զարգացած է, քան երկրորդը։ 2010 թվականին մեկ այլ քաղաքների տեղափոխվածների թիվը հասել է ռեկորդային՝ 214,685 մարդ։ Պակիստանցի նորվեգացիները Նորվեգիայի ամենամեծ ոչ եվրոպական փոքրամասնությունն են։ Պակիստանցի 32700 նորվեգացիների մեծ մասն ապրում է Օսլոյում և շրջակայքում։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է Իրանից և Սոմալիից ներգաղթյալների թիվը։ 2004 թվականին ԵՄ-ի ընդլայնումից հետո ներգաղթյալների մեծ ալիք եկավ Կենտրոնական և Հուսիսային Եվրոպայից, հատկապես Լեհաստանից, Շվեդիայից և Լիտվիայից։ 2011 թվականին ներգաղթյալների ամենաարագ աճող խմբերը եղել են Լեհաստանից,Շվեդիայից և Լիտվիայից։
Օգտակար հանածոներ
խմբագրելԿան երկաթի, նիկելի, պղնձի, մոլիբդենի, կոբալտի, արծաթի հանքանյութեր, Հյուսիսային ծովի շելֆում 1970 թվականին հայտնաբերվել են նավթ և գազ։
Կլիմա
խմբագրելԿլիման չափավոր ծովային է։ Ծովերը չեն սառցակալում։ Ձմեռը մեղմ է, որը պայմանավորված է Սկանդինավյան թերակղզու ափերի մոտով անցնող հյուսիս-ատլանտյան տաք հոսանքով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 2-ից մինչև -12°С է, հուլիսինը՝ 10-19°С[12]: Տարեկան տեղումները արևմտյան լանջերին 2000-3000 մմ են, արևելյան լանջերին և Ֆինմարկենում՝ 300-600 մմ։ Կան սառցադաշտեր (շուրջ 5 հազար կմ2)։
Գետեր
խմբագրելԽիտ է, գետերը լեռնային են, սահանքավոր, բազմաթիվ բարձր (մինչև 600 մ) ջրվեժներով, հարուստ հիդրոռեսուրսներով (առաջին տեղը Արևմտյան Եվրոպայում)։ Ամենախոշոր գետերն են Գլոմման, Լոգենը)։ Լճերն զբաղեցնում են տարածքի մոտ 4%ը։ Խոշոր լճերից է Մյոսան։ Նորվեգիայի տարածքում լավ արտահայտված են տունդրայի և անտառների զոնաները։ Անտառները գրավում են տարածքի ավելի քան 1/4-ը։
Տնտեսություն
խմբագրելԱրդյունաբերություն
խմբագրել Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նորվեգիան ունի զարգացած արդյունաբերություն։ Երկրում էլեկտրաէներգիայի ավելի քան 99 %-ը արտադրվում է ջրէկներում (բնակչության 1 շնչին ընկնող էլեկտրաէներգիայի արտադրությամբ Նորվեգիան աշխարհում գրավում է առաջին տեղը)։
Առավել զարգացած է գունավոր մետաղաձուլությունը (հատկապես՝ մագնեզիումի, ալյումինի, նիկելի, պղնձի արտադրությունը), նավթաքիմիան, փայտամշակումը, թաղանթանյութ-թղթի, թեթև և սննդի ճյուղերը։ Մեքենաշինության մեջ առանձնանում են նավաշինությունը, էլեկտրատեխնիկան և ռադիոէլեկտրոնիկան։
Արտադրանյութեր | 1938 | 1960 | 1980 |
---|---|---|---|
Էլեկտրաէներգետիկա, միլիարդ կվտ•ժամ | 9,9 | 31 | 84,0 |
Նավթ, միլիոն տ | - | - | 24,0 |
Երկաթի հանքանյութ, միլիոն տ | 1 | 1,6 | 3,8 |
Թուջ, հզ. տ | 174 | 373 | 630 |
Ֆեռոձուլվածքներ, հզ. տ | - | 345 | 840 |
Պողպատ, հզ. տ | 67 | 490 | 900 |
Ալյումին, հզ. տ | 29 | 168 | 650 |
Ցինկ, հզ. տ | 47 | 44 | 77 |
Նիկել, հզ. տ | - | 30 | 37 |
Պղինձ, հզ. տ | 11 | 22 | 25 |
Ազոտական պարարտանյութեր, հզ. տ | 90 | 260 | 535 |
Թղթի զանգված, հզ. տ | 900 | 1516 | 1430 |
Թուղթ և ստվարաթուղթ, հզ. տ | 366 | 789 | 1420 |
Ցեմենտ, միլիոն տ | 0,3 | 1,2 | 2,2 |
Տառեխի յուղ, հզ. տ | - | - | 200 |
Ձկնալյուր, հզ. տ | - | - | 350 |
Գյուղատնտեսություն
խմբագրելԲուսաբուծության նպատակներով օգտագործվում է երկրի տարածքի միայն 3 %-ը։ Այդ պատճառով էլ գյուղատնտեսության հիմնական ճյուղն անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկային և կերային մշակաբույսեր, կարտոֆիլ, բանջարեղեն։ Զարգացած են նաև մուշտակագործությունը (գլխավորապես՝ ջրաքիսի) և ձկնորսությունը (փրփրուկի և տառեխի)։
Համախառն ներքին արդյունք
խմբագրել- Նորվեգիայի համախառն ներքին արդյունքը, 2000-2021 (մլրդ ԱՄՆ դոլար)[29]
^* կանխատեսում
- Նորվեգիայի տնտեսության տարբեր ոլորտների մասնաբաժինը համախառն ներքին արդյունքում, 2011-2021[31]
Քաղաքական համակարգ
խմբագրելՆորվեգիան համարվում է աշխարհում ամենազարգացած ժողովրդավարություն և իրավական համակարգ ունեցող պետություններից մեկը։ 1814 թվականից 25 տարեկան և բարձր տղամարդկանց 45%-ը քվեարկելու իրավունք ուներ, մինչդեռ Միացյալ Թագավորությունում նրանց տոկոսը կազմում էր 20 (1832), Շվեդիայում՝ 5 (1866) և Բելգիայում՝ 1.15 (1840)։ 2010 թվականից Նորվեգիան Ժողովրդավարական գործակցով դասկարգվում է որպես աշխարհի ամենաժողովրդավարական պետությունը։
Նորվեգիայի գործող սահմանադրությունն ընդունվել է 1814 թվականի մայիսի 17-ին՝ ոգեշնչված 1776 թվականի ԱՄՆ անկախության հռչակագրից և 1789 թվականի Ֆրանսիական մեծ հեղափոխությունից։ Ըստ սահմանադրության՝ Նորվեգիան ունիտար սահմանադրական միապետություն է՝ կառավարման խորհրդարական ձևով, որտեղ պետության գլուխը թագավորն է, որը ձևականորեն ունի ընդարձակ լիազորություններ, իսկ կառավարությունը գլխավորում է վարչապետը։ Իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների միջոցով, ինչպես որ սահմանված է պետության գերագույն իրավական փաստաթղթով՝ սահմանադրությամբ։
Գործադիր իշխանությունը պաշտոնապես միապետի ձեռքում է։ Այնուամենայնիվ, կառավարման խորհրդարանական համակարգի ներդրումով միապետի պարտականությունները կրում են զուտ ներկայացուցչական և արարողակարգային բնույթ, ինչպիսիք են վարչապետի և մյուս նախարարների պաշտոնական նշանակումը և լիազորությունները դադարեցնելը։ Միապետը նաև Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, գլխավոր դիվանագիտական պաշտոնյան է արտաքին հարաբերություններում և համարվում է միասնության խորհրդանիշը։ Գլյուքսբուրգների գահատոհմից Հարալդ V-ը 1991 թվականին թագադրվեց որպես Նորվեգիայի թագավոր․ 14-րդ դարից առ այսօր առաջինն է, որը ծնվել է Նորվեգիայում։ Հոկոնը՝ Նորվեգիայի գահաժառանգը կամ թագաժառանգը (կրոնպրինցը), գահի և թագավորության իրավական և օրինական ժառանգն է։
Գործնականում գործադիր իշխանությունը վարչապետի ձեռքում է։ Սահմանադրորեն օրենսդիր իշխանությունն իրականացվում է կառավարության և խորհրդարանի միջոցով, սակայն վերջինս գերագույն օրենսդիր և միապալատ մարմինն է։ Նորվեգիան ներկայացուցչական ժողովրդավարական պետություն է։ Խորհրդարանը կարող է օրենք ընդունել 169 ներկայացուցիչների պարզ մեծամասնականով, որոնք ընտրվում են 19 ընտրատարածքներից 4 տարի ժամկետով համամասնական ընտրահամակարգի հիման վրա։
150 ներկայացուցիչներն ընտրվում են անմիջապես 19 ընտրատարածքներից, ևս 19 տեղ («հավասարեցնող տեղեր») հատկացում է համազգային ընտրության հիման վրա, որպեսզի խորհրդարանում ներկայացուցչությունը համապատասխանեցվի քաղաքական կուսակցությունների համընդհանուր քվեարկությանը։ Կուսակցությանը 4% ձայն է հարկավոր, որպեսզի խորհրդարանում «հավասարեցնող տեղ» ստանա։ Ընդհանուր առմամբ խորհրդարանը 169 անդամ ունի։
Նորվեգիան սահմանադրական միապետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1814 թվականին (էական լրացումներ և փոփոխություններ են կատարվել 1905 թվականին, 1946 թվականին)։ Պետության գլուխը թագավորն է, որը ձևականորեն ունի ընդարձակ լիազորություններ․ նշանակում և ազատում է վարչապետին, նախարարներին և այլ պաշտոնյաների, հաստատում է օրենքներ, հայտարարում պատերազմ, կնքում հաշտություն և այլն։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և պետական եկեղեցու գլուխը։ Օրենսդրական բարձրագույն մարմինը ստորտինգն է (պառլամենտը), որի որոշումներն օրենքի ուժ են ստանում թագավորի ստորագրելուց հետո։ Ընտրական իրավունքից օգտնվում են 20 տարին լրացրած բոլոր քաղաքացիները։ Գործադիր իշխանության բարձրագույն մարմինը կառավարությունն է՝ վարչապետի գլխավորությամբ։ Բոլոր նախարարները թագավորի գլխավորությամբ կազմում են պետական խորհուրդ, որը քննարկում է կարևորագույն օրինագծերն ու կառավարման հարցերը։ Ֆյուլկեում կառավարում է ֆյուլկեսմանը, որին կից գործում է գյուղական և քաղաքային կոմունաների խորհուրդների նախագահներից կազմված ֆյուլկեստինգը (մարզային խորհուրդ)։ Կոմունաներում գործում են տեղական ինքնավարության ընտրովի մարմիններ։ Դատական համակարգը կազմում են գերագույն դատարանը, առաջին և երկրորդ ատյանի դատարանները։ Պատգամավորների, նախարարների և գերագույն դատարանի անդամների հանցավոր արարքների համար կարող է կազմվել հատուկ դատարան (պետական դատարան)։ Նորվեգիան պետություն է, որը հիմնված է սահմանադրական միապետության և պառլամենտական դեմոկրատիայի սկզբունքների վրա։ Երկրի սահմանադրությունը գործում է 1841 թվականից։ Թագավորը հանդիսանում է պետության և գործադիր իշխանության ղեկավարը։ 1991 թվականից Նորվեգիայի թագավորը Հարալդ V-ն է։ Երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը պառլամենտն է՝ Սթորտինգը, որը բաղկացած է 169 պատգամավորներից։ Սթորտինգի ղեկավարը վարչապետն է։ Երկրի տարածքը բաժանվում է 19 մարզերի՝ ֆյուլքեների։
Մարզեր |
Տարածությունը՝ հզ. կմ2 |
Բնակչությունը՝ հզ. մարդ(1973) |
Վարչական կենտրոնը |
---|---|---|---|
Ակերսհուս | 4,9 | 340 | Օսլո |
Բերգեն | 0,050 | 213 | |
Բուսկերուդ | 14,9 | 202 | Դրամմեն |
Էստֆոլ | 4,2 | 225 | Մոս |
Էուստագդեր | 9,2 | 82 | Արենդալ |
Հեդմարկ | 27,3 | 180 | Համար |
Հուրալան | 15,6 | 379 | Բերգեն |
Մյորե օգ Ռոմսդալ | 15,1 | 227 | Մոլդե |
Նուր Տրյոննելագ | 22,5 | 119 | Սթեյնհիեր |
Նուրլան | 38,3 | 241 | Բուդյո |
Ռուգալան | 9,1 | 275 | Ստավանգեր |
Սյոր Տրյոննելագ | 18,9 | 237 | Տրոնհեյմ |
Սոգն օգ Ֆյուրանե | 18,6 | 102 | Լեյկանգեր |
Վեստագդեր | 7,3 | 127 | Քրիստիանսան |
Վեստֆոլ | 2,2 | 179 | Տյոնսբերգ |
Տելեմարկ | 15,3 | 157 | Շիեն |
Տրոմս | 26,0 | 140 | Տրոմսյո |
Օպլան | 25,3 | 175 | Լիլլեհամմեր |
Օսլո | 0,453 | 473 | |
ֆինմարք | 48,6 | 77,7 | Վադասյո |
Նորվեգիայի արքայական հարստություն
խմբագրելՆորվեգիայի արքայատոհմը ծագում է գերմանա-դանիական Գլյուքսբուրգների գահատոհմից։ Նրա լրիվ անունն է Շլեզվիգ-Հոլշթայն-Զոնդերբուրգ-Գլյուքսբուրգների գահատոհմ (House of Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg): Նորվեգիական ներկայիս իշխող արքայատոհմի պատմությունը սկսվում է 1905 թվականից, երբ Նորվեգիայի խորհրդարանի որոշմամբ նորվեգիական գահին բազմեց Դանիայի թագավորության Ֆրեդերիկ VIII արքայի երկրորդ որդին՝ Կարլը (Քրիստիան Ֆրեդերիկ Կարլ Գեորգ Վալդեմար Աքսել), որը վերանվանվեց վաղեմի նորվեգական Հոքոն անվամբ, այսպիսով դառնալով Հոքոն VII Գլյուքսբերգ (ծնվել է 1872 թվականին վախճանվել 1957 թվականին), Նորվեգիայի արքա՝ 1905 թվականից մինչև 1957 թվականը)։ Հոքոն VII-ին իր որդին՝ Ալեքսանդր Գլյուքսբերգը, որը նույնպես վերանվանվեց վաղեմի նորվեգիական անվամբ, դառնալով Ուլաֆ V (ծնվ. 1903թ. վախճ. 1991 թ.), Նորվեգիայի արքա՝ 1957—91թթ.: Ուլաֆ V-ին էլ հաջորդեց իր որդին՝ Հարալդ V-ը (ծնվ. 1937թ.), որը Նորվեգիայի արքան է 1991 թվականից առ այսօր։ Հարալդ V-ի օրինական հաջորդը՝ գահաժառանգն ու թագաժառանգն է Հաաքոնը (Haakon Magnus, Haakon, Crown Prince of Norway):
Զինված ուժեր
խմբագրելՆորվեգիայի զինված ուժերը (Նորվեգիայի ԶՈՒ) ստեղծվել են 1814 թվականին։ Դրանք կազմված են հետևյալ հինգ զորատեսակից՝
- Նորվեգիայի բանակ (Նորվեգիայի ցամաքային զորքեր, ՑԶ), նորվեգերեն՝ նորվ.՝ Hæren, անգլերեն՝ անգլ.՝ Norwegian Army, ստեղծվել են 1814-ին,
- Նորվեգիայի Թագավորական Ռազմաօդային ուժեր (ՌՕՈՒ), նորվեգերեն՝ նորվ.՝ Luftforsvaret, անգլերեն՝ անգլ.՝ Royal Norwegian Air Force,, ստեղծվել են 1912-ին,
- Նորվեգիայի Թագավորական Ռազմածովային ուժեր (ՌԾՈՒ), նորվեգերեն՝ {{lang-no|Sjøforsvaret)), անգլերեն՝ անգլ.՝ Royal Norwegian Navy,
- ՌԾՈՒ-ի մասն է կազմում Առափնյա պաշտպանությունը, նորվեգերեն՝ նորվ.՝ Kystvakten,
- Նորվեգիայի կիբեռ զորքեր, անգլերեն՝ անգլ.՝ Norwegian Cyber Force,
- Նորվեգիայի Ներքին գվարդիա (Ներքին պահակազոր) կամ տարածքային (տեղական) պաշտպանության զորքեր (երկրապահ ուժեր) նորվեգերեն՝ նորվ.՝ Luftforsvaret, անգլերեն՝ անգլ.՝ Home Guard, ստեղծվել են 1946-ի դեկտեմբերի 6-ին։
Սառը պատերազմի ժամանակ Նորվեգիայի ԶՈՒ-ի ընդհանուր թիվը 39 հազար մարդ էր, այդ թվում, 25 հազար մարդ՝ ժամկետային ծառայության (1977)։ Վերջին տասնամյակներում զինված ուժերի թիվը նվազել է, իջնելով մինչև 25 հազար մարդու, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողները։ 2009 թվականի զորահավաքային պլանի համաձայն՝ լրիվ զորահավաքի դեպքում զենքի տակ կդրվի մոտավորապես 83 հազար մարտական անձնակազմ։ Նորվեգիայում գործում է պարտադիր զինակոչի մասին օրենսդրական դրույթը։ Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ ներառվում է 6–12 ամսվա ուսուցումը[32]։
2013 թվականին Նորվեգիան դարձավ Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի առաջին և աշխարհի չորրորդ երկիրը, որն օրենսդրորեն զինակոչի ենթարկեց կանանց՝ տղամարդկանց հետ հավասարապես։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած Սառը պատերազմից հետո ժամկետային պարտադիր զինծառայության զինակոչիկների կարիքը զգալիորեն նվազել էր, քիչ քանակությամբ մարդիկ են պարտավոր զինծառայություն կատարել, եթե նրանք ցանկություն չունեն[33]։
Նորվեգիայի Զինված Ուժերը ենթակա են Նորվեգիայի պաշտպանության նախարարությանը։ Նորվեգիայի ԶՈՒ-ի Գերագույն գլխավոր հրամանատարը երկրի միապետն է, տվյալ դեպքում՝ ներկայումս թագավորող Հարալդ V արքան։ Գերագույն գլխավոր հրամանատարը զինված ուժերի ընդհանուր ղեկավարությունն իրականացնում է զորատեսակների և տեղական պաշտպանության զորքերի գլխավոր տեսուչների միացյալ շտաբի և Հյուսիսային ու Հարավային Նորվեգիայի հրամանատարությունների միջոցով։ Բանակը համալրվում է համընդհանուր պարտադիր զինծառայության օրենքի հիման վրա (զինակոչային տարիքը՝ 20)․ ծառայությունը ցամաքային զորքերում 12, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 15 ամիս է։ Ցամաքային զորքերը (20 հազար մարդ) կազմված են մեկ բրիգադային խմբից, առանձին տանկային էսկադրոններից, հետևակային գումարտակներից և հրետանային զորագնդերից (պահեստայիններ՝ 120 հազար մարդ)։ Ռազմաօդային ուժերում (սառը պատերազմի ժամանակ՝ 10 հազար մարդ) հաշվվում է 145 մարտական ինքնաթիռ են (պահեստայիններ՝ 18 հազար մարդ)։ Ռազմածովային ուժերը (սառը պատերազմի ժամանակ՝ 10 հազար մարդ) կազմված են նավատորմից (15 սուզանավ, 7 պահակային նավ, 26 հրթիռային և 20 տորպեդային կատերներ և այլն) և առափնյա հրետանուց (պահեստայիններ՝ 22 հազար մարդ)։ Գլխավոր ռազմածովային բազաներն են՝ Աննեյան, Բարդուֆոսը, Բուդյոն, Օռլավսվենը, Ռամսունդը և այլն։
Հաշվի առնելով 1940 թվականին տեղի ունեցած Նորվեգիայի զավթումը Գերմանիայի կողմից, 1949 թվականի ապրիլի 4-ին Նորվեգիան դարձավ Հյուսիսատլանտյան Դաշինքի (ՆԱՏՕ) հիմնադիր պետություններից մեկը։ Ներկայումս Նորվեգիան մասնակցում է Միջազգային անվտանգությանն աջակցող զորքերին՝ (International Security Assistance Force, ISAF), որոնք ռազմական գործողություններ են վարում Աֆղանստանում 2001 թվականից մինչև այժմ (Պատերազմ Աֆղանստանում (2001–ից մինչև այժմ)[34]։ Դրանից զատ, Նորվեգիան մասնակցում է մի շարք առաքելությունների, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի, ինչպես նաև՝ Եվրամիության Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության (Common Security and Defence Policy) շրջանակներում։
Կուսակցություններ
խմբագրել Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Նորվեգական բանվորական կուսակցություն
Հիմնադրվել է 1887 թվականին։ Մտնում է Սոցինտերնի մեջ։ Ունի ավելի քան 160 հազար անդամ (1980)։ Միավորում է բանվորներին և ծառայողներին, ինչպես նաև մանր ֆերմերների, գյուղատնտեսական աշխատողների, քաղաքային մանր բուրժուազիայի և մտավորականության մի մասը։
Խեյրե կուսակցություն
Հիմնադրվել է 1885 թվականին։ Արտահայտում է խոշոր բուրժուազիայի շահերը։ Ունի մոտ 150 հազար անդամ։
Քրիստոնեական ժողովրդական կուսակցություն
Հիմնադրվել է 1933 թվականին։ Միավորում է բուրժուազիայի կղերական խավերին։ Ունի ավելի քան 45 հազար անդամ։
Կենտրոնի կուսակցություն
Հիմնադրվել է 1920 թվականին։ Արտահայտում է գլխավորապես խոշոր և միջին հողատերերի ու անտառատերերի շահերը։ Ունի ավելի քան 65 հազար անդամ։
Վենստրե կուսակցություն
Հիմնադրվել է 1884 թվականին։ Արտահայտում է միջին և մանր բուրժուազիայի, ինչպես նաև ծառայողների ու մտավորականության մի մասի շահերը։ Ունի մոտ 11 հազար անդամ։
Սոցիալիստական ձախ կուսակցություն
Հիմնադրվել է 1975 թվականին։ Ունի մոտ 5 հազար անդամ։
Նորվեգիայի կոմունիստական կուսակցություն
Հիմնադրվել է 1923 թվականին։ Նորվեգիայի արհմիությունների կենտրոնական միավորում (ՆԱԿՄ), ունի ավելի քան 600 հազար անդամ։ Մտնում է ԱԱՄԿ-ի կազմի մեջ
Ժողովրդագրություն
խմբագրելՊատմական բնակչություն | ||
---|---|---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
1500 | 140 000 | — |
1665 | 440 000 | +0.70% |
1735 | 616 109 | +0.48% |
1801 | 883 603 | +0.55% |
1855 | 1 490 047 | +0.97% |
1900 | 2 240 032 | +0.91% |
1950 | 3 278 546 | +0.76% |
2000 | 4 478 497 | +0.63% |
2010 | 4 858 199 | +0.82% |
2013 | 5 096 300 | +1.61% |
2060 (ենթադր․) | 7 032 687 | +0.69% |
Աղբյուր՝ Նորվեգիայի վիճակագրություն[35][36] |
2013 թվականի հոկտեմբերի դրությամբ Նորվեգիայի բնակչությունը կազմում էր 5,096,300 մարդ։ Նորվեգացիները բնիկ հյուսիս-գերմանական ժողովուրդներ են։ Ուշ 20-րդ դարից սկսած Նորվեգիան որպես ներգաղթի երկիր հետաքրքիր է Հարավային և Կենտրոնական Եվրոպայի, Միջին Արևելքի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրների համար։ Բոլոր այս խմբերը խոսում են տարբեր լեզուներով, ունեն տարբեր մշակույթ և կրոն։
2012 թվականին իրականացված պաշտոնական հետազոտությունը ցույց է տալիս, որ ընդհանուր բնակչության 86%-ը[37] ունի նվազագույնը մեկ ծնող, որը ծնվել է Նորվեգիայում։ Ավելի քան 710,000 (14%)[38] մարդու նախնիներում կան ներգաղթյալներ, 117,000 ներգաղթյալների երեխաներ, որոնք ծնվել են Նորվեգիայում։
Այս 710,000 ներգաղթյալներից և նրանց նախնիներից՝
- 323,000 (39%), ը[38] ծագումով Արևմուտքից են (Ավստրալիա, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա)
- 505,000 (61%), ը[38] ծագումով ոչ արևմտյան երկրից են (հիմնականում Մարոկկո, Իրաք, Սոմալի, Պակիստան, Իրան)։
2013 թվականին Նորվեգիայի կառավարությունը զեկուցեց, որ Նորվեգիայի բնակչության 14%-ը ներգաղթյալներ են կամ ներգաղթյալների երեխաներ, որոնց 6%-ը Նորվեգիա է եկել ԵՄ-ից, Հյուսիսային Ամերիկային և Ավստրալիայից, 8.1%-ը՝ Ասիայից, Աֆրիկայից և Լատինական Ամերիկայից[39]։
2012 թվականին 660,000 ներգաղթյալներից 407,262-ը ստացել են Նորվեգիայի քաղաքացիությունժ (62.2%)[40]։
Ներգաղթյալները բնակվում են Նորվեգիայի մունիցիպալիտետներում։ 2012 թվականին ամենաշատ ներգաղթյալներ ունեցող քաղաքները կամ մունիցիպալիտետներն են Օսլոն (32%) և Դրամենը (27%).[41] The share in Stavanger was 16%.[41]։ Ռոյտերզի համաձայն՝ Օսլոն Եվրոպայի ամենաարագ աճող քաղաքն է ներգաղթյալների թվի պատճառով[42]։ Վերջին տարիներին, Նորվեգիայի բնակչության աճը հիմնականում պայմանավորված է ներգաղթով։ 2011 թվականին նորածինների 16%-ը ուներ ներգաղթյալ ընտանիք։
Նորվեգիայի ազգային փոքրամասնություններից են սամիները, որոնք Նորվեգիայի հյուսիսի բնիկ ժողովուրդներից են և բնակվում են Նորվեգիայի և Շվեդիայի կենտրոնական և հարավային հատվածներում, ինչպես նաև Ֆինլանդիայի հարավում և Ռուսաստանում՝ Կոլայի թերակղզում։ Մյուս ազգային փոքրամասնությունը քվեններն են, որոնք ծագումով ֆիննախոս ժողովուրդներ են, որոնք 18-20-րդ դարերում ներգաղթել են Նորվեգիայի հյուսիս։ 19-րդ դարից մինչև 1970-ականները, Նորվեգիայի կառավարությունը փորձել է ձուլել սամիներին և քվեններին՝ ստիպելով նրանց ընդունել մեծամասնության լեզուն, մշակույթը և կրոնը[43]։ Այս նորվեգականացման գործընթացի պատճառով շատ սամիներ և քվեններ իրենց նույնականացնում են ինչպես բնիկ նորվեգացիներ[44]։
Բնակչություն
խմբագրելԲնակչությունը 2014 թվականի դրությամբ կազմում է 5,109,059 մարդ[6]։ Բնակիչների 98%-ը նորվեգացիներ են։ Ազգային փոքրամասնություններից են սաամները և կվենները (նորվեգացի ֆիններ), բնակվում են նաև շվեդներ, դանիացիներ և այլք։ Պաշտոնական լեզուն նորվեգերենն է, կրոնը՝ լութերականությունը, տոմարը՝ գրիգորյանը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 12,8 մարդ է։ Խիտ է բնակեցված Օսլո-Ֆիորդին հարող դաշտավայրը (1 կմ2 վրա 50 մարդ)։ Քաղաքային բնակչությունը 50% է։ Խոշոր քաղաքներն են Օսլոն, Բերգենը, Տրոնհեյմը, Ստավանգերը, Քրիստիանսանը, Դրամմենը։
Հայերը Նորվեգիայում
խմբագրելՀայերը առաջին ալիքը Նորվեգիա եկել է 1970, երկրորդ ալիքը՝ 1990-ական թվականներից։ Ներկայումս հայերի թիվը հասնում է 2.000-ի, որոնք կենտրոնացած են Օսլոյում։ Առավելապես արհեստավորներ են, սպասարկման ոլորտի աշխատողներ։
Գործում է Հայ-նորվեգական միությունը, որը համայնքը ներկայացնում է երկրի իշխանությունների առջև, և բացել է հայկական կիրակնօրյա մեկ դպրոց[45]։
Տրանսպորտ
խմբագրելԾովային առևտրական նավատորմի տոննաժը 20,9 միլիոն բրուտտո ռեգիստրային տ է (1980, հինգերորդ տեղը աշխարհում, գերակշռում են տանկերները)։ Օգտագործվում է գլխավորապես ուրիշ երկրների բեռները փոխադրելու համար։ Գլխավոր նավահանգիստները՝ Օսլո, Բերգեն, Ստավանգեր, Նարվիկ։ Երկաթուղիների երկարությունը 4,3 հազար կմ է[46], ավտոճանապարհներինը՝ 79 հազար կմ[47]։ Գլխավոր օդանավակայաններն են Ֆոռնեբուն (Օսլո), Սուլան (Ստավանգեր) և Բուդյոն[48]։ Կա 97 օդանավակայան։
Բժշկաաշխարհագրական բնութագիր
խմբագրել1978 թվականի տվյալներով ծնունդը կազմել է 1000 բնակչին 12,8, մահացությունը՝ 10, մանկական մահացությունը՝ 1000, ողջ ծնվածին 8,6։ Կյանքի միջին տևողությունը 72,6 տարի է։ Մահացության հիմնական պատճառներն են սրտի իշեմիկ հիվանդությունը, չարորակ նորագոյացությունները, գլխուղեղի անոթային ախտահարումները, թոքաբորբերը, դժբախտ պատահարները և այլն։ Տարածված են մանկական վարակիչ հիվանդությունները, տուբերկուլոզը, վեներական հիվանդությունները։ 1975 թվականին կար 866 հիվանդանոց՝ 56,6 հազար մահճակալով (1000 բնակչին՝ 14,1 մահճակալ), 78 տեղական և գյուղական հիվանդանոց՝ 2,0 հազար մահճակալով։ Գոյություն ունի մոր և մանկան առողջության պահպանման 1,4 հազար կենտրոն։ 1977 թվականին աշխատում էին 7,5 հազար բժիշկ (1000 բնակչին 1,8 բժիշկ), 4,0 հազար ատամնաբույժ, 1,4 հազար դեղագործ և մոտ 23,7 հազար միջին բուժաշխատող։ Բժիշկներ է պատրաստում համալսարանների բժշկական 2 ֆակուլտետ։ Նորվեգիաում գործում են Սանկտ Օլաֆս Քիլլե, Սաննեֆիորդ, Լարվիկ բալնեոլոգիական առողջարանները, արևմտյան ափին՝ Բերգեն մերձծովյան կլիմայական կայանը, Օսլոյի մոտակայքում՝ Խանկե կլիմայացեխաբուժական առողջարանը։
Լուսավորություն
խմբագրելԼուսավորությունը ժամանակակից կրթական համակարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (5-6 տարեկանները), ութամյա ժողովրդական և մեկամյա լրացուցիչ դպրոցները (դպրոցական ռեֆորմի մասին 1959 և 1969 օրենքների համաձայն իրականացվում է 9-ամյա պարտադիր ուսուցում), միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատությունները (4-5-ամյա գիմնազիաները), պրոֆեսիոնալ ուսումնարաններն ու միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունները։ Բարձրագույն կրթության համակարգում կա 4 համալսարան․ Օսլոյի (հիմնականում 1811 թվականին), Բերգենի (1948), Տրոնհեյմի և Նորվեգիայի բարձրագույն մանկավարժական դպրոցները (1922) և Տրոմսյոյի (1972), ինչպես և ճարտարապետության, առևտրի, գյուղատնտեսական, անասնաբուծական բարձրագույն դպրոցները և այլ ուսումնական հաստատություններ։ Խոշոր գրադարաններն են՝ համալսարանների, քաղաքային (Օսլոյում)։ Թանգարաններն են՝ Նորվեգիայի ժողովրդական (հիմնականում 1894 թվականին), Ազգային հնությունների համալսարանական (1828), Ազգային պատկերասրահը (1837), Կիրառական արվեստի (1876), Կենդանաբանական (1820) և այլն։
Գիտություն
խմբագրելԲնական և տեխնիկական գիտություններ
խմբագրելՆորվեգիայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները պայմանավորել են նավաշինության և նավագնացության վաղ զարգացումը։ Նորվեգացիների նախնիներն արդեն VIII դարի վերջին կառուցել են սրահատակ նավեր և կատարել երկարատև նավարկություններ, որոնք հանգեցրել են Իսլանդիայի (IX դարի վերջ), Գրենլանդիայի (X դար վերջ), Հյուսիսային Ամերիկայի (մոտ 1000) հայտնադործմանը։ Նորվեգիայի միացումը (1380) Դանիային երկար ժամանակ երկիրը վերածել է խուլ գավառի։ Գիտության զարգացման համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել միայն XVII-XVIII դարերում, երբ Նորվեգիայում սկզբնավորվել են կապիտալիստական հարաբերությունները, և ուժեղացել են կապերն այլ պետությունների հետ։ XVII դարի սկզբին են վերաբերում Յո․ Մունկի բևեռային ճանապարհորդությունները։ XVIII դարում երևան են եկել Է․ Պոնտոպիդանի «Նորվեգիայի բնական պատմության նկարագրության փորձեր» (1752-1753) և Յու․ Է․ Գուններուսի «Նորվեգիայի ֆլորան» (1766-1772) աշխատությունները, հիմնադրվել է առաջին մասնագիտական ուսումնական հաստատությունը՝ Կոնգսբերգի հանքային գործի ուսումնարանը (1758), կազմակերպվել է Թագավորական գիտական ընկերությունը թանգարանով (1760, Տրոնհեյմ)։ 1811 թվականին Քրիստիանիայում (Օսլո) հիմնվել է համալսարան, որտեղ XIX դարի 20-ական թվականներին երկրի մագնիսականության բնագավառում աշխատող ֆիզիկոս Կ․ Հանստենի շուրջը ձևավորվել է օժտված երիտասարդների մի խմբակ, որի անդամներից էին մաթեմատիկոս Նիլս Հենրիկ Աբելը, երկրաբան Բ․ Մ․ Կեյլհաուն (1830-1850 թվականներին կազմել է Նորվեգիայի առաջին երկրաբանական քարտեզը) և ուրիշներ։ Բնական գիտությունների զարգացումը զգալիորեն արագացել է Նորվեգիայում արդիական հեղաբեկմանը զուգընթաց (XIX դարի 40-ական թվականներ)։ Աշխատանքներ են ծավալվել Նորվեգիայի բնության (Պ․ Կ․ Ասբյեռնսեն), բուսական աշխարհի (Մ․ Ն․ Բլյուտ), ծովային կենդանական աշխարհի (Մ․ Սարս և Գ․ Ու․ Սարս) ուսումնասիրման ուղղությամբ, արագորեն զարգացել է երկրաբանությունը (Տ․ Հիերուլֆ)։ Նշանակալի են եղել մաթեմատիկոսների (Ս․ Լի, Լ․ Սիլով, Կ․ Բյերկնես) հաջողությունները։ Քիմիկոսներ Կ․ Մ․ Գուլդբերգը և Պ․ Վաագեն 1864-1867 թվականներին սահմանել են գործող զանգվածների օրենքը։ Բժիշկ Գ․ Հանսենը նկարագրել է (1871) բորի ցուպիկը։ Կատարվել են օդերևութաբանական կարևոր հետազոտություններ (Հ․ Մոն, Վ․ Կ․ Բյերկնես)։ 1857 թվականին հիմնադրվել է Գիտությունների և գրականության նորվեգական ակադեմիան, 1858 թվականին Երկրաբանության, 1866 թվականին՝ Օդերևութաբանության համալսարանները, 1872 թվականին՝ Տրոմսյոյի թանգարանը, 1874 թվականին՝ ինժեներական, 1889 թվականին՝ Երկրաբանության ընկերությունները։ XIX դարի վերջից սկսվել է նորվեգական արդյունաբերության բուռն աճը։ Զարգացել են կիրառական հետազոտությունները, շարունակվել են բժշկագիտական ուսումնասիրությունները (Ց․ Բեկ, Ռ․ Եսինգ)։ Մաթեմատիկոսներն աշխատանքներ են կատարել թվերի տեսության (Ա․ Տուե, Ա․ Սելբերգ, Վ․ Բրուն), տոպոլոգիայի (Պ․ Հեգոր), մաթեմատիկական տրամաբանության (Տ․ Սկոլեմ) և այլ բնագավառներում։ Սկսել են զարգանալ գիտական նոր ուղղություններ՝ քվանտային մեխանիկա, միջուկային ֆիզիկա, ռադիոքիմիա, բջջաբանություն, գենետիկա և այլն։ Կարևոր հետազոտություններ են կատարվել շերտագրության, հնէաբանության, հանքագոյացման և պետրոգրաֆիայի ուղղությամբ։ Երկրաքիմիայի վերաբերյալ հիմնարար աշխատանքներ է կատարել Վ․ Մ․ Գոլդշմիտը՝ այդ գիտության հիմնադիրներից մեկը։ Զգալի են եղել օդերևութաբանների հաջողությունները՝ կապված «բերգենյան դպրոցի» հետ։
Ճանաչում են ստացել երկրաֆիզիկոսներ Կ․ Ստերմերի և Լ․ Վեգարդի աշխատանքները բևեռափայլերի ուսումնասիրման վերաբերյալ, աստղաֆիզիկոս Ս․ Ռոսսելանի աշխատությունները։ XX դարում կազմակերպվել են բազմաթիվ գիտական հիմնարկներ։ Տրոնհեյմի բարձրագույն տեխնիկական դպրոցին (հիմնադրվել է 1900 թվականին) և մի քանի խոշոր ֆիրմաներին կից ստեղծվել են արդիական առաջին լաբորատորիաները։ Ստեղծվել են երկրաֆիզիկայի, ֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, միներալոգիայի, հնէաբանության և այլ համալսարաններ ու լաբորատորիաներ Բերգենում և Օսլոյում, աստղադիտարան Տրոմսյոյում, կենսաբանության կայաններ Բերգենում և Տրոնհեյմում, 1917 թվականին հիմնադրվել է Նորվեգիայի եղանակի ծառայություն։ Նորվեգացի գիտնականները մեծ ավանդ ունեն Արկտիկայի և Անտարկտիկայի հետազոտման գործում։ 1886 թվականին Ֆրիդրիխ Նանսենը, Օ․ Սվերդրուպը և ուրիշներ դահուկներով առաջին անգամ կտրեցին անցան Գրենլանդիան, 1893-1896 թվականներին Նանսենը գլխավորեց «Ֆրամ» նավի արշավախումբը։ «Յոա» (1903-1906) և «Մոդ» (1918-1920) նավերով ու «Նորվեգիա» դիրիժաբլով (1926) դեպի Արկտիկա և «Ֆրամ» նավով (1910-1912) դեպի Անտարկտիկա հայտնի արշավախմբեր է ղեկավարել Ռուալ Ամունդսենը․ նա առաջինն է հասել (1911) Հարավային բևեռ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) հետո արագորեն զարգանում են կիրառական հետազոտությունները առողջապահության, գյուղատնտեսության և անտառատնտեսության, ձկնագործության, մետալուրգիայի, նավաշինության և այլ բնագավառներում։ Օսլոյի մոտ ստեղծվել է Բլինեռն գիտական համալիրը, ուր զետեղված են համալսարանը, ինչպես նաև պետական և արդիական գիտահետազոտական հիմնարկները։ 1960-ական թվականներից Շվեդիայի, Դանիայի, Ֆինլանդիայի և 9 այլ երկրների մասնակցությամբ տարվում են Նորվեգիայում (Հալլեն) միջուկային ռեակտոր կառուցելու և շահագործելու, իսկ Շվեդիայի և Դանիայի հետ համատեղ՝ ատոմային ուժային կայանքներով բեռնատար նավերի շինարարության աշխատանքներ։ Նորվեգիան մասնակցում է մաթեմատիկայի, երկրաֆիզիկայի, օվկիանոսագիտության, աստղագիտության և այլ բնագավառներին վերաբերող միջսկանդինավյան ծրագրերին։ Համաշխարհային ճանաչման են արժանացել Օ․ Հասսելի հետազոտությունները օրգանական մոլեկուլների կառուցվածքի վերաբերյալ (նոբելյան մրցանակ, 1969), Թ․ Հեյերդալի նավարկությունները «Կոն-Տիկի» լաստանավով (1947), «Ռա» պապիրուսե նավակով (1969, 1970) և «Տիգրիս» նավով (1977)։ Զարգանում են ագրոքիմիան, հողագիտությունը, զոոտեխնիկան (կաթնատու անասնապահություն, մսաբրդատու ոչխարաբուծություն)։
Տնտեսագիտություն
խմբագրելԱրդիական հեղաշրջումը և կապիտալիզմի բուռն զարգացումը, որը Նորվեգիայում սկսվեց XIX դարի 40-ական թվականներին, տեղի էին ունենում տնտեսական լիբերալիզմի ուժեղ ազդեցության ներքո։ Ըստ դրա նորվեգական տարբերակի, որը մշակել էին Ա․ Շվեյգորը, Տ․ Աշեհոուգը և ուրիշներ, պետությունը պետք է աջակցեր միայն երկրի տնտեսական զարգացման գործում առավել մեծ ներդրման հնարավորություն ունեցող մասնավոր արտադրողներին, և այնպիսի ձեռնարկությունների կազմակերպմանը (մասնավոր-կապիտալիստական ձևով), որոնք շատ կարևոր են ամբողջ էկոնոմիկայի հաջող զարգացման համար։ Արտաքին տնտեսական քաղաքականության բնագավառում տնտեսական լիբերալիզմի կողմնակիցները հանդես էին գալիս երկրների միջև առևտրի ազատության ու մաքսային բոլոր արգելքների վերացման օգտին։ Տնտեսական լիբերալիզմի հետ Նորվեգիայում տարածում է ստացել փոխադարձ կապերի կամ միությունների տեսությունը։ Դրա հիմքում այն դրույթն էր, որ տնտեսական առաջնթացը հնարավոր է միայն ձեռնարկատերերի ջանքերի ու կապիտալների միավորման շնորհիվ։ Այս տեսության կողմնակիցները (Ու․ Բրոկ, Ա․ Ստաբել և ուրիշներ) ոչ միայն զարգացնում, այլև կենսագործում էին տեսության դրույթները՝ հիմնելով մասնավոր բանկեր ու արդիական ընկերություններ։ XIX դարի վերջին-XX դարի սկզբին Նորվեգիայի վարում էր պրոտեկցիոնիզմի քաղաքականություն։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամից և, հատկապես, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տնտեսագիտության մեջ իշխող դիրքեր գրավեցին քեյնսականության ու նեոքեյնսականության կողմնակիցները (Է․ Բրուֆոս, Ռ․ Ֆրիշ, Յու․ Ֆոգտ և ուրիշներ), սակայն որոշակի ազդեցություն ունեին նաև տնտեսական նեոլիբերալիզմի տեսաբանները (Բ․ Կեյլհաու, Է․ Պետերսեն)։ Վերջիններս ձգտում էին հիմնավորել ազատ մրցակցության սկզբունքների իրականացման հետ էկոնոմիկայի պետական մոնոպոլիստական կարգավորման զուգակցման անհրաժեշտությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո էապես զարգացավ էկոնոմետրիան, որի ներկայացուցիչները (Ռ․ Ֆրիշ, Լ․ Յուհանսեն, Տ․ Հովելմո) զբաղվում են արտադրական ֆունկցիաների, ինչպես նաև բարեկեցության տեսությունների զարգացման ու կիրառման խնդիրներով։ Ռ․ Ֆրիշի ու Լ․ Յուհանսենի գլխավորությամբ մի խումբ տնտեսագետներ էկոնոմետրիկական մոդելներն օգտագործում են տնտեսական երկարաժամկետ (մինչև XX դարի վերջը) կանխատեսումների ու ծրագրավորման (տնտեսական զարգացման քառամյա ծրագրերի ստեղծման) համար։
Գիտական հիմանարկներ
խմբագրելՆորվեգիայում կա ավելի քան 300 գիտահետազոտական հիմնարկ, արդիական և առևտրական ֆիրմաների 300 լաբորատորիա և մոտ 40 գիտական ընկերություն։ Գիտահետազոտական հիմնարկները ստորաբաժանվում են պետական, բուհական, մասնավոր և անկախ հիմնարկներիների։ Ամենամեծ հետազոտական հիմք ունեն Օսլոյի (90 գիտահետազոտական ինստիտուտ և լաբորատորիա) և Տրոնհեյմի (50 գիտահետազոտական ինստիտուտ և լաբորատորիա) համալսարանները։ Պետական գիտահետազոտական հիմնարկները գտնվում են նախարարությունների տնօրինության տակ։ Խոշորագույններն են՝ Ատոմային էներգիայի (հիմնականում 1948 թվականին), Բևեռային (1948), Արդիական հետազոտությունների կենտրոնական (1950) ինստիտուտները, պաշտպանության նախարարության գիտահետազոտական ինստիտուտ, նորվեգական հաշվողական կենտրոնը և այլն։ Մասնավորներից են՝ «Նորատոմ», «Նորսկ հիդրո» կոնցեռնների գիտահետազոտական ինստիտուտները և լաբորատորիաները, սննդի գիտահետազոտական ինստիտուտ։ Գիտահետազոտական ինստիտուտների ֆինանսավորումը կատարվում է պետության (60%), մասնավոր բաժանմունքի (30%), արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների (7%) կողմից։ Նորվեգիան գիտական կապեր ունի աշխարհի բազմաթիվ երկրների հետ և ավելի քան 50 միջազգային գիտական կազմակերպությունների անդամ է։
Մշակույթ
խմբագրելՓիլիսոփայություն
խմբագրելՆորվեգիայում փիլիսոփայության ինքնուրույն զարգացումն սկսվել է XVIII դարի 2-րդ կեսին։ XIX դարի 1-ին կեսին, նորվեգական փիլիսոփայությանը գերազանցապես հետաքրքրել են պատմության, անհատի և ազատության խնդիրները։ Առաջին նշանավոր նորվեգական պրոֆեսիոնալ փիլիսոփան Ն․ Տրեսկաուն է, Ջոն Լոկի էմպիրիզմի հետևորդը, որը պաշտպանել է պատմության և բնության անընդհատ զարգացման ըմբռնումը։ XIX դարի 2-րդ կեսին պոզիտիվիստական և էվոլյուցիոնիստական գաղափարների դեմ պայքարում տիրապետող դիրք են գրավել աջ հեգելականները (Մ․ Յա․ Մոնրադ, Գ․ Վ․ Լյունգ և այլն)։ XIX դարի վերջին-XX դարի սկզբին սպեկուլյատիվ-իդեալիստական փիլիսոփայությունը իր տեղը զիջել է պոզիտիվիզմին, որը ձգտել է հենվել փորձարարական հոգեբանության վրա (հիմնադիրներն են Ա․ Օլը և Կ․ Օրշը)։ Պոզիտիվիզմի գաղափարները թափանցել են նաև իրավունքի, պատմագիտության, գրականության բնագավառները։ XX դարի սկզբին աճել է հետաքրքրությունը սոցիոլոգիայի և մշակույթի խնդիրների նկատմամբ, տարածվել են կրոնական երանգավորում ունեցող հումանիզմի գաղափարները (Կ․ Կոլլին)։ XX դարի կեսին Է․ Շյոթի աշխատանքները սկզբնավորել են Նորվեգիայում տրամաբանական պոզիտիվիզմի տարածումը։ «Էմպիրիկական իմաստաբանության» հիմնադիր Ա․ Նեսսի գաղափարները ընկած են Օսլոյի լեզվաբանական վերլուծության դպրոցի հիմքում։ Մեծ թափով զարգացել են էմպիրիկ սոցիոլոգիան և սոցիալական հոգեբանությունը (Ա․ Նեսս, Ի․ Գուլվոգ)։ Մարքսիզմի տարածումը Նորվեգիայում սկսվել է XIX դարի 80-ական թվականներին և արագացել Նորվեգիայի Կոմունիստական Կուսակցության կազմավորումից հետո (1923)։ Ժամանակակից մարքսիստների (Հ․ Ւ․ Կլեվեն, Ա․ Պետերսեն) հետազոտություններում շեշտվում են դասակարգային պայքարի, նորվեգական հասարակության սոցիալական կառուցվածքի փոփոխության, սոցիալիզմին անցման խնդրրները։
Մեդիա
խմբագրելԱռավել ազդեցիկ թերթերն են՝ «Աֆտենպոստեն» («Aftenposten», 1860 թվականից), «Դագբլադետ» («Dagbladet», 1869 թվականից), «Վերդենս գանգ» («Verdens Gang», 1945 թվականից), «Ադրեսսեավիսեն» («Adresseavisen», 1767 թվականից), «Արբեյդերբլադետ» («Arbeiderbladet», 1884 թվականից), «Բերգենս տիդենե» (Bergens Tidende», 1868 թվականից), «Ստավանգեր աֆտենբլադ» («Stavanger Aftenblad», 1893 թվականից), «Վորտ լանդ» («Vort Land», 1945 թվականից), «Նաշունեն» («Nationen», 1896 թվականից), շաբաթաթերթերից և այլն․ «Օրիենտերինգ» («Orientering», 1953 թվականից), «Ֆրիհետեն» («Friheten», 1923, կոմունիստական կուսակցության օրգան)։ Նորվեգական հեռագրական բյուրո (ՆՀԲ) ինֆորմացիոն գործակալությունը հիմնադրվել է 1867 թվականին։ Ռադիոհաղորդումներն սկսվել են 1933 թվականին, հեռուստահաղորդումները՝ 1960 թվականին։
Գրականություն
խմբագրելՆորվեգական գրականության շատ գծեր վերականգնվել են հին իսլանդական գրականության տվյալներով։ Այդ գրականությունն ստեղծել են Նորվեգիայից գաղթածները, որոնք զարգացրել են բանավորժողովրդական ստեղծագործության՝ Իսլանդիա բերած ավանդույթները։ Հնադարյան սկալդական պոեզիան ստեղծողները՝ սկալդերը, եղել են նորվեգացիները։ Պահպանված զուտ նորվեգական ծագում ունեցող հուշարձանները կապված են ֆեոդորական հասարակարգի և քրիստոնեության հետ։ XIV-XV դարերից առաջացել է բալլադը։ Այդ շրջանում գրականության ընդհանուր զարգացումը խաթարվել է, որովհետև երկիրն անկում է ապրել և ենթարկվել Դանիային։ Նորվեգիայի գրական լեզուն երկար ժամանակ դարձել է դանիերենը։ Նորվեգական նոր գրականության սաղմերը գոյացել են XVI դարից։ Աչքի ընկնող ստեղծագործությունները երևան են եկել միայն XVII դարում (Պ․ Դասսի (1647-1707), «Ձայն Նուռլանի» (1678-1692) պոեմը)։ XVIII դարում նորվեգական գրականության վերելքը կապված է ազգային-հայրենասիրական տրամադրությունների ուժեղացման հետ։ Նորվեգացի գրողներ Լ․ Հոլբերգը (1684-1754), Յո․ Ն․ Բրունը (1745-1816), Յո․ Գ․ Վեսսելը (1742-1785) հիմնավոր ավանդ են ներդրել դանիական գրականության զարգացման գործում։ XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի գրականության մեջ գերիշխում են դրամատուրգիան և քնարերգությունը։ Նորվեգիան Դանիայից անջատելու համար մղվող պայքարի շրջանը և ունիան Շվեդիայի հետ (1814) նախ արտացոլվեցին հրապարակախոսության ու քնարերգության մեջ։ 1830-ական թվականներին գրական կյանքի կենտրոնում բանաստեղծ և դրամատուրգ Հ․ Ա․ Վերգելանն էր (1808-1845)՝ արմատական-ազատագրական ուղղության ղեկավարը։ XIX դարի 40-ական թվականներին գրականության շարժումն իր արտահայտությունը գտավ ազգային ոոմանտիկայում։ Այն գլխավորեց Յո․ Ս․ Վելհավենը (1807-1873)։ 1850-ական թվականների սահմանագլխին ազգային ռոմանտիկայի դեմ հանդես եկան Պ․ Բոտտեն-Հանսենը (1824-1869), Օ․ Վինյեն (1818-1870), Հ․ Իբսենը (1828-1906)։ Սոցիալական խնդիրներն առավել սուր են Ա․ Հիելլանի (1849-1906) և Ք․ Էլստեր Ավագի (1841-1881) գործերում։ 80-ական թվականներին շատ գրողներ զգալի տեղ են հատկացրել այսպես կոչված բիոլոգիզմին, որը զուգակցվել է ծայրահեղ ինդիվիդուալիմի հետ։ 80-ական թվականների վերջերին և 90-ական թվականների սկզբներին գրականություն մտած գրողների երկերում առաջնային է դառնում իռացիոնալ սկզբունքը (Կ․ Համսուն, 1859-1952)։ 1890-ական թվականների սկզբներին տարածվեց իմպրեսիոնիստական բնույթի քնարերգությունը։ Սակայն արդեն 90-ական թվականների վերջերին և 1900-ական թվականներ սկզբներին գերիշխում էր ռեալիզմը։ XX դարի ռեալիստական գրականությունը ներառավ սիմվոլիզմի, իմպրեսիոնիզմի, նատուրալիզմի տարրեր։ Սիգրիդ Ունսետի (1882-1949) գլխավոր թեմաներից մեկը կանանց ազատագրության հարցն է։ Տ․ Էրյասետերը (1886-1968) հրատարակեց «Գուդբրանդ Լանգլեյտե» (1913-1927) եռերգությունը, որը երիտասարդ մարդու բնավորության ձևավորման պատմությունն է։ Ա․ Հաուկլանը (1873-1933), Կ․ Ուպդալը (1878-1961, «Պար ստվերների թագավորությունում», 1911-1924), Յո․ Ֆալկբերգետը (1879-1967), Օ․ Բրոտենը (1881-1939) պատկերել են բանվորական միջավայրի սոցիալական ընդհարումները։ 1914-1918 թվականների առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները, Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը Ռուսաստանում և սոցիալիզմի կառուցումը ԽՍՀՄ-ում արձագանք գտան Նորվեգիայի հասարակական կյանքում։ 1929-1933 թվականների համաշխարհային տնտեսական ճգնաժամը և բանվորական շարժման ուժեղացումը, ֆաշիզմի սպառնալիքը ուշադրություն հրավիրեցին մարքսիզմի վրա։ Միևնույն ժամանակ հետաքրքրություն առաջացրեց միստիցիզմը Ա․ Բերգսոնի, Զ․ Ֆրեյդի փիլիսոփայությունը։ Ինտուիտիվիզմի, ինդիվիդուալիզմի կողմնակիցները խմբվեցին դրամատուրգ էքսպրեսիոնիստ Ռ․ Ֆանգենի (1895-1946) շուրջը։ Նրանց հակադրվում էր Մարքսի գաղափարները պրոպագանդող «Mot Dag» հանդեսը, որը ղեկավարում էր Է․ Ֆալկը (1887-1940)։ 1936-1937 թվականներին Նորվեգիայի առաջադիմական ուժերի գլուխ էր կանգնած «Veienfrom» հանդեսը, որ հրատարակում էր նորվեգական գրականության մեջ սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր, բանաստեղծ, դրամատուրգ և արձակագիր Ն․ Գրիգը (1902-1943)։ Հեղափոխական մոտիվներ են հնչում Ռ․ Նիլսենի (1901-1929) և Ա․ Պոշե Օսենի (ծնված 1901) պոեզիայում։ Ս․ Հուլի (1890-1960), Հ․ Կրոգի (1889-1962) ստեղծագործության մեջ բուրժուական իրականության քննադատությունը զուգորդվում է հոգեբանական խոր վերլուծության հետ։ Տ․ Վեսոսը (1897-1970) և Ա․ Սաննեմոսեն (1899-1965), որ հակված էին սիմվոլիստական ընդհանրացումների, ստեղծեցին անհատի դաստիարակության վերաբերյալ վեպեր։ Ունսետը, Դուունը, Ֆալկբերգետը, Ուպդալը դիմեցին պատմավեպի ժանրին։ Ա․ Էվեռլանը (1889-1968) և Դ․ Ռեյս-Անդերսենը (ծնված 1896) ռեալիստական բանաստեղծություններում ցույց տվեցին ֆաշիզմի ու պատերազմի սպառնալիքը։
Գերմանաֆաշիստական զորքերի կողմից Նորվեգիայի օկուպացման տարիներին (1940-1945) գրողները մասնակցեցին հակաֆաշիստական պայքարին։ Դիմադրության շարժմանն են նվիրված հետպատերազմյան գրականության շատ ստեղծագործություններ։ Այդ թեման եղել է Տուրբորգ Նեդրեոսի (ծնված 1906) «Պահարանի ետևում կացին կա» (1945), «Վերջին պոլկան» (1964) պատմվածքների ժողովածուների, Էվենսմուի «Փախստականներ» (1945) ինքնակենսագրական վեպի, Բորգենի «Սիրո արահետ» (1946) և «Երկնագույն կատար» (1964), Ի․ Սվինսոսի (ծնված 1912) «Հինգ տարի» (1951) և «Մարտերից հետո» (1954), Է․ Բոլստադի (ծնված 1905) «Սպեկուլյանտը» (1947) վեպերի, Ս․ Հելմեբակի (ծնված 1922) «Սարսափելի ձմեռ» (1964) վեպի և «Վաճառվում է հերոսի մահ» (1968) պիեսի կենտրոնում։ Գերիշխում է ռեալիստական վեպը։ Ֆ․ Ալնեսի (ծնված 1932) «Գեմինի» (1969) վեպը ինչ-որ «տիեզերական» աշխարընկալման անհրաժեշտության մասին է։ Ա․ Մյուկլեն (ծնված 1915) «Երգ կարմիր սուտակի մասին» (1956) վեպում, Բյոռնեբուն «Ընչազուրկը» վեպում (1966) հանդես են եկել բուրժուական կեղծ բարեպաշտության դեմ։ Բարձր քաղաքացիականությամբ են աչքի ընկնում բանաստեղծուհի Հագերուպի ժողովածուները։ 60-ական թվականներին դրամատուրգիայի համար բնորոշ է արդիական թեմատիկան։ Սոցիալական գնահատականների հստակությամբ աչքի է ընկնում Ա․ Հիելանի (1907-1963) «Նա ասաց՝ ոչ» հակապատերազմական պիեսը։ «Թռչնասերները» (1966) պիեսում Բյոռնեբուն նախազգուշացնում է ֆաշիզմի վերածնվելը։ Հ․ Հագերուպի (ծնված 1933) «Անցյալից եկած մարդը» (1962) պիեսը և «Կատուների ամրոցը» (1967) պիեսների ժողովածուն ունեն էքսպրեսիոնիստական գրելաձև։ Հետաքրքրական են բանվորների կյանքը նկարագրող պիեսները ձեռնարկություններում և բանվորական ավաններում բեմադրելու՝ որոշ դրամատուրգների փորձերը (Կ․ Հագերուպ, «Այստեղ իմ տեղն է», 1972)։ Նորվեգիայի գրողների միությունը ստեղծվել է 1893 թվականին։
Ճարտարապետություն
խմբագրելՆորվեգիայի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարաշրջանների ժայռապատկերներ։ Մ․ թ․ I հազարամյակի կեսերին տարածվել է «կենդանապատկերների ոճը»։ VIII դարի վերջին և IX դարի սկզբին (այսպես կոչված՝ վիկինգների դարաշրջան) ձևավորվել է միջնադարյան արվեստը, շարունակվել «կենդանապատկերների ոճի» զարգացումը (ընդգրկելով երկրաչափական նախշազարդեր և մարդկային կազմվածքներ, հետագայում՝ նաև բուսական նախշազարդեր և կենցաղային տեսարաններ), կառուցվել են հիմնակմախքով փայտե շինություններ։ Նորվեգիայի միջնադարյան ճարտարապետության բարձրագույն նվաճումը XI դարում ձևավորված ինքնատիպ փայտե «ստավկիրկա» եկեղեցիներն են (եկեղեցիներ Ուրնեսում, 1060-1130, Բորգուննում, մոտ 1150 և այլն)։ Քարի ճարտարապետությունն սկզբնավորվել է XII-XIV դարերում, անգլիական ռոմանական (Ստավանգերի տաճարը, 1130-1300) և գոթական (Տրոնհեյմի տաճարը, մոտ 1140-1320) ճարտարապետության ազդեցությամբ։ XIII-XIV դարերում զարգացել է նորվեգական գոթական կերպարվեստը (եկեղեցիների որմնանկարներ, քանդակագործություն, մանրանկարչություն)։ Անկախությունը կորցնելուց և տնտեսական անկումից հետո արգելակվել է Նորվեգիայի գեղագիտական մշակույթի զարգացումը։ XVI դարի 2-րդ կեսից Նորվեգիայի շինարարները կրկին անդրադարձել են համաևրոպական գեղագիտական ոճերին․ Վերածննդի ճարտարապետության տարրերը կիրառվել են XVI դարի 2-րդ կեսի-XVII դարի շինություններում, XVIII դարում գերիշխել են բարոկկոյին և ռոկոկոյին բնորոշ գծերը, XVIII դարի վերջին-XIX դարի սկզբին երևան են եկել վաղ կլասիցիզմի ոճով կառույցներ։ Սակայն դաստակերտների և քաղաքային տների ճարտարապետության մեջ պահպանված կղմինդրե թեք տանիքները, փայտե թեթև սրահներն ու լոջիաները կապված են նորվեգական փայտի ճարտարապետության ավանդույթներին։ XVII դարից-XIX դարի սկզբի կերպարվեստում եվրոպական ոճերի ազդեցությունը (բարոկկո և ռոկոկո) առանձնապես նկատելի կերպով է դրսևորվել ինտերիերների հարդարանքում (վարպետները մեծ մասամբ արտասահմանից էին)։ XIX դարի սկզբին Դանիայի իշխանությունից Նորվեգիայի ազատագրվելը և որոշ ինքնավարություն ձեռք բերելը նպաստեցին նորվեգական ազգային մշակույթի զարգացմանը։ 19-րդ դարի 1-ին կեսի որոշ չափով չոր ակադեմիական կլասիցիզմին XIX դարի 2-րդ կեսին փոխարինել են էկլեկտիկան (կեղծ ռոմանական ձևեր, անգլիական նեոգոթիկա) և հայրենական փայտի ճարտարապետության դեկորատիվ տարրերի ընդօրինակումը (ճարտարապետ Հ․ Մունթե)։ XIX դարում ազգային առաջին խոշոր նկարիչը Յու․ Ք․ Կ․ Դալն էր (Օսլոյի Ազգային պատկերասրահի, հնությունների պահպանության ընկերության կազմակերպման նախաձեռնողներից, ստեղծել է բնանկարներ)։ XIX դարի կեսին մեծացել է հետաքրքրությունը դեպի ժողովրդի կյանքը արտացոլող թեմաները (Ա․ Տիդեման), ազգային բնապատկերը (Հ․ Դուդե, Ֆ․ Կոլլետ)։ 1870-1880-ական թվականներին, ծանոթանալով ֆրանսիական արվեստին, Նորվեգիայի նկարիչները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել գեղանկարչական յուրահատուկ խնդիրների նկատմամբ (Հ․ Բակկեր, Է․ Պետերսեն, Հ․ Հեյերդալ, Ֆ․ Թաուլով և ուրիշներ)։ XIX դարի քանդակագործները, որպես կանոն, սովորել են Կոպենհագենում և այս կամ այն կերպ ընդօրինակել կլասիցիստ Բ․ Տորվալդսենին (Հ․ Սիքելսեն, Ս․ Շեյբրոկ և ուրիշներ)։ XIX դարի վերջի մի շարք գեղանկարիչների (Ք․ Կրոգ, Դ․ Սունթե) դեմոկրատական և հայրենասիրական գաղափարներով տոգորված նկարները վկայում են կազմավորված ռեալիստական ազգային դպրոցի մասին։ Ռեալիստական ավանդույթների հետ են կապված նաև քանդակագործ Դ․ Վիգլանի աշխատանքները։ Այդ շրջանում է ձևավորվել նաև Է․ Մունքի արվեստը։
XX դարի 1-ին երկու տասնամյակում ճարտարապետության մեջ շարունակել է գերիշխել էկլեկտիկան, 1920-ական թվականների վերջին 1930-ական թվականների սկզբին զարգացել է ֆունկցիոնալիզմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հիմնականում ուշադրություն է դարձվել քաղաքների մեծացման և վերակառուցման խնդիրներին («Մեծ Օսլոյի» նախագիծը, 1948-1950), բնակարանների մասսայական շինարարությանը։ Ճարտարապետները կրկին անդրադարձել են ժողովրդական ճարտարապետությանը։ 1960-ական թվականներին զարգացել է բրուտալիզմը (կոպիտ, ընդգծված ծանր ձևեր, մերկ կոնստրուկցիա, ռատուշա Ակսերում, Օսլոյի մոտ, 1963, ճարտարապետներ՝ Հ․ Լունդ, Ն․ Սլետտու)։ Գյուղական վայրերում տարածված են ագարակատիպ բնակավայրերը, կառույցները փայտից են, քարե հիմքի վրա, շրջապատված սրահներով և փորագրազարդված։ XX դարի 1-ին կեսին կերպարվեստում մեծ դեր է խաղացել մոնումենտալ-դեկորատիվ արվեստը (Ա․ Ռևոլ, Պ․ Կրոգ և ուրիշներ)։ XX դարի 2-րդ կեսին գոյակցում են բազմազան ուղղություններ։ Դեմոկրատական ռեալիստական ավանդույթները պահպանում են մի շարք գեղանկարիչներ (Հ․ Ֆիննե), գրաֆիկներ (Վ․ Տվետերոս, Պ, Գոգեն)։ XX դարի քանդակագործությունում զարգացել է նեոկլասիցիստական ուղղությունը (Վ․ Ռասմուսսեն, Է․ Բաստ և ուրիշներ)։ Դեկորատիվ-կիրառական արվեստին (կահույք, խեցեղեն, մանածագործվածք, մետաղյա կերտվածքներ) հատկանշական են ռացիոնալ պարզ ձևերը, հարդարանքում հաճախ օգտագործվում են ազգային բանահյուսության վերամշակված տարրեր։ Կիրառական արվեստը (ձուլածո և կռածո մետաղե իրեր, փայտե ձևավոր անոթներ, ջուլհակություն, ասեղնագործություն, ժանյակագործություն և այլն) հնուց մեծ դեր է խաղացել գյուղական կենցաղում․ ավանդական շատ տեսակներ ներկայումս պահպանվում են միայն երկրի հեռավոր շրջաններում։
Խոհանոց
խմբագրելՆորվեգական խոհանոցն առաջին հերթին պայմանավորված է սկանդինավյան սառը կլիմայով։ Նորվեգական խոհանոցի հիմնական բաղադրիչներն են ձուկը, միսը, ձավարեղենը, հացը և կաթնամթերքը։ Պաշարները ձմռանը պահպանելու համար լայնորեն կիրառվում է սննդի պահպանումը, ինչպիսիք են՝ չորացումը, թթվայնեցումը, խմորումը։ Ամենատիպիկ կերակրատեսակներից են լյուտեֆիսկը (ալկալային լուծույթով թրջված, այնուհետև ջրի մեջ թաթախված չոր ձուկ), ֆորիկոլը (գառան միս կաղամբով և կարտոֆիլով), ռակֆիսկ (ֆերմենտացված իշխան), բաց սենդվիչներ։
Երաժշտություն
խմբագրելՆորվեգիայի երաժշտության վաղեմությունը վկայում են պեղումներով հայտնաբերված հուշարձանները (մ․ թ․ ա․ II դար), նվագարանների պատկերները քարի վրա (մ․ թ․ II դար) և փայտե զարդամոտիվներում, սկալդերի երաժշտական գործիքները (գիգ և ֆել ջութակներ, լուր եղջերափող, կրոգարպ, լանգարպ կամ լանգելեգ տավիղներ) հիշատակող սագաները։ Պահպանվել են հին ժողովրդական նվագարաններ՝ բուկկեհոռն (այծեղջյուր), պրիլլար (ցուլեղջյուր), տրիլլեհոռն (եղջերափողակ), սելյե (սրինգի տեսակ)։ Հայտնի են ֆել նվագող Ս․ Ֆենեսբանե և Հ․ Ռունգե ժողովրդական շրջիկ բանաստեղծ-երգիչների անունները։ Նորվեգիան հնուց հռչակված է ժողովրդական վիրտուոզ ջութակահարներով (Կ․ Լուրոսեն, Ն․ Ռեկվե), որոնց ավանդույթը XIX դարում շարունակել է Թ․ Աուդունեսենը։ Ժողովրդական եղանակներն (սլոտներ) ու գործիքային մեղեդիները (լյուարսլոտներ, լանգելեյկսլոտներ) պահպանել են ինքնատիպությունը։ Յուրօրինակ են լեռնային ոգիների (տրոլներ և գնոմներ), անտառի կույսերի (գուլդրաներ) և հսկաների մասին երգերը։ Ժողովրդական երգերի ժանրերից են՝ օրորոցային, սիրային, կատակային, մրցույթային (հանպատրաստից), ձկնորսական, առանձնապես ինքնատիպ են հովվական (հաուկինգ, լիլյինգ) երգերը, որոնք ավարտվում են փոխկանչերի ու եղջերափողակների ձայնանմանությամբ։ Պահպանվել են վիկինգների, սկալդերի, ասպետների, առաջին արքաների մասին քնարապատմողական երգեր (XII-XVI դարեր), ժողովրդական տղամարդկանց պարերին հատուկ են հախուռն տեմպը և սուր ռիթմերը (սպրինգգար, հալլինգ և այլն)։ Միջնադարյան եկեղեցական երաժշտությունը կրել է եվրոպական ազդեցություններ։ XVI դարում տարածվել է ժողովրդական երգիչների՝ զինգմայստերների արվեստը։ XIV-XVI դարերում Դանիայի իշխանության տակ գտնվող Նորվեգիայի ազգային պրոֆեսիոնալ արվեստը համարյա չի զարգացել։ Նորվեգիայի առաջին ականավոր երաժիշտներն են՝ երգեհոնահար և դիրիժոր Ֆ․ Դրոտը, կոմպոզիտոր Ա․ Ֆլինտենբերգը, երգեհոնահար Ֆ․ Ֆոգելը (XVIII դարի 2-րդ կես-XIX դարի սկիգբ) XVIII դարի վերջին հանդես է եկել երգեհոնահար-կոմպոզիտորներ Լիննեմանների ընտանիքը («Նորվեգական Բախեր»), որոնցից առավել հայտնին՝ նորվեգական երաժշտական բանահյուսության առաջին հավաքող, մանկավարժ և տեսաբան Լ․ Մ․ Լիննեմանն է։ Ժողովրդական մեղեդիներն առաջինը օգտագործել է Վ․ Տրանեն։ 1850-1860-ական թվականներին սկսել է ձևավորվել ազգային երաժշտական դպրոցը, հիմնադիրներն են՝ նորվեգական ռոմանսի ստեղծող Հ․ Հիերուլֆը, կոմպոզիտոր, ջութակահար Ու․ Բուլը, ազգային հիմնի հեղինակ Ո․ Նուրդրոկը։ Նրանց գործունեությունը հող է նախապատրաստել Է․ Գրիգի ստեղծագործության ծաղկման համար։ Գրիգի հետևորդներից են՝ նորվեգական առաջին սիմֆոնիաո և դիրիժոր Յու․ Սվենսենը, ռոմանտիկներ Յու․ Հալվորսենը, Կ․ Սինդինգը, Ռ․ Վագների ոճով երաժշտական դրամաների հեղինակ Դ․ Սկյելլերուպը։ Ազգային հիմքի և գերմանացի ուշ ռոմանտիկների ազդեցության զուգակցումը բնորոշ է Յա․ Բորգստրյոմի, Պ․ Լասսոնի, Ս․ Լիի, Հ․ Կլեվեի, Յու․ Բակկեր-Լուննեի երկերին։ Կ․ Դեբյուսիի ազդեցությունը զգալի է Ա․ Հուրումի, Տ․ Տուրյուսսենի, Դ․ Մ․ Յուհանսենի գործերում։ XX դարի սկզբի ազգային ուղղվածություն ունեցող կոմպոզիտորներից են՝ Ա․ Էգգենը, Ու․ Հիելլանը, Լ․ Ի․ Յենսենը, Հ․ Լին, Մ․ Մ․ Ուլֆեստադը, երգչուհիներից՝ Ս․ Առնոլդսոնը և Գ․ Գրորուդը։ ժամանակակից նորվեգական երաժշտական հիմնադիրն է Ֆ․ Ու․ Վալենը (Ա․ Շյոնբերգի աշակերտը), որը նորվեգական երաժշտություն է ներմուծել դոդեկաֆոնիա և ազդել բազմաթիվ սկանդինավյան կոմպոզիտորների վրա։ Առանձնանում է Հ․ Սեվերուդի ստեղծագործությունը (նրա 7-րդ սիմֆոնիան երգչախմբի հետ նվիրված է ֆաշիստական զավթիչների դեմ ԽՍՀՄ հաղթանակներին, 1944)։
XX դարի կեսի առավել հայտնի կոմպոզիտորներից են՝ Կ․ Էգգեն, Բ․ Բրուստադը, Շ․ Հալը, Ք․ Անդերսենը, Կ․ Կոլբերգը, Կ․ Նյուստեդը։ Նորվեգիայում բարձր զարգացման է հասել եկեղեցական երաժշտությունն ու երգեհոնահարությունը (Լ․ Նիլսեն, Ա․ Սանվոլ և ուրիշներ)։ 1940-ական թվականների վերջերից Նորվեգիայի երաժշտություն է ներթափանցել Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Պ․ Հինդեմիթի, Բ․ Բարտոկի ազդեցությունը։ Երաժիշտներից են՝ կոմպոզիտորներ Լ․ Յենսենը, Ու․ Հիելլանը, Ու․ Ֆալենը, Ս․ Յուրդանը, դիրիժորներից՝ Է․ Ֆյելստադը, Օ․ Գրյուներ-Հեգգեն, Կ․ Դարագուլյուն, երգչուհիներից՝ Կ․ Ֆլագստադը։ 1950-ական թվականներին ստեղծվել է նորվեգական ավանգարդիստ-կոմպոզիտորների խումբ՝ Բ․ Ֆոնգար, Ֆ․ Ու․ Առնեստադ, Ա․ Նուրհեյմ, Ա․ Յանսոն։ Նորվեգիայում գործում է 8 երաժշտական միավորում, այդ թվում՝ Նորվեգիայի կոմպոզիտորների միությունը, Երաժշտության հարցերով զբաղվող կոմիտե (1946 թվականից), Նորվեգական օպերա Օսլոյում (1958 թվականից), 2 կոնսերվատորիա՝ Օսլոյում (1883 թվականից) և Բերգենում (1905 թվականից), սիմֆոնիկ նվագախումբ, ֆիլհարմոնիկ ընկերությանը կից լարային կվարտետ, Օսլոյի համալսարանին կից երաժշտագիտության բաժանմունք (1954 թվականից)․ Բերգենում «Հարմոնիա» ընկերությանը կից գործում է նվագախումբ, կազմակերպվում են ամենամյա Մայիսյան ազգային երաժշտական փառատոներ (1953 թվականից)[49]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.statkart.no/Documents/Standard/SOSI-standarden%20del%201%20og%202/SOSI%20standarden/SOSI%20standarden%204.5/Administrative%20og%20statistiske%20inndelinger-4%205.pdf
- ↑ 2,0 2,1 https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/geos/no.html
- ↑ https://www.ssb.no/befolkning/folketall/statistikk/befolkning
- ↑ Human Development Report — UNDP, 2023.
- ↑ National Research Council (U.S.). Polar Research Board (1986). Antarctic treaty system: an assessment. National Academies Press. ISBN 978-0-309-03640-5. Վերցված է 2011 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ 6,0 6,1 «Population». Statistics Norway. 2012 թ․ մարտի 19. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
- ↑ «UPDATE 1-Statistics Norway raises '07 GDP outlook, cuts '08». Ռոյթերս. 2007 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Country Comparison :: Crude oil – production». CIA – The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Country Comparison :: Natural gas – production». CIA – The World Factbook. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 16-ին.
- ↑ «The World's Richest Countries». forbes.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «The World Factbook». Central Intelligence Agency Library. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 23-ին.
- ↑ 12,0 12,1 «Human development indices 2008» (PDF). Human Development Report. hdr.undp.org. 2008 թ․ դեկտեմբերի 18. Վերցված է 2009 թ․ մայիսի 12-ին. Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
թեգ. «autogenerated1» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ: - ↑ «2017 Human Development Report». United Nations Development Programme. 2017. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Human Development Index 2009» (PDF). Human Development Report. hdr.undp.org. 2009 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Human Development Report 2011» (PDF). United Nations. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Norway top country in human well-being. United Press International, 15 March 2013. Retrieved 27 August 2013.
- ↑ «This Is the World's Most Prosperous Nation (Hint: It's Not the U.S.)». TakePart. 2015 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ «Index of Public Integrity». integrity-index.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
- ↑ 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «Nomino 6:6». Nomino. Season 2 (Norwegian). 2016 թ․ հոկտեմբերի 4. Event occurs at 22:18. NRK. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 5-ին.
{{cite episode}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 «Sår tvil om Norges opphav» (Norwegian). Forskning.no for Universitetet i Agder. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 21,0 21,1 Sigurðsson and Riisøy: Norsk historie 800–1536. Page 24.
- ↑ «Etymologie de Normand» (French). Centre National de Ressources Textuelles et Lexicales. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Passarino, G; Cavalleri, G. L.; Lin, A. A.; Cavalli-Sforza, L. L.; Børresen-Dale, A. L.; Underhill, P. A. (2002). «Different genetic components in the Norwegian population revealed by the analysis of mtDNA and Y chromosome polymorphisms». European Journal of Human Genetics. 10 (9): 521–9. doi:10.1038/sj.ejhg.5200834. ISSN 1018-4813. PMID 12173029.
- ↑ Ling 2008. Elevated Rock Art. GOTARC Serie B. Gothenburg Archaeological Thesis 49. Department of Archaeology and Ancient History, University of Gothenburg, Goumlteborg, 2008. ISBN 978-91-85245-34-5.
- ↑ "factbook"
- ↑ «NOU 2004». Regjeringen.no. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 30-ին.
- ↑ 27,0 27,1 Norwegian Red List 2010. Artsdatabanken.no
- ↑ "WWF – Norway's forest heritage under threat". panda.org. 15 April 2003
- ↑ «GDP (current US$) | Data». data.worldbank.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Norway - budget balance in relation to GDP 2017-2027». Statista (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Norway - share of economic sectors in the gross domestic product 2021 Statistic». Statista (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «NDF official numbers». NDF. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ Gwladys Fouche and Balazs Koranyi (14 June 2013): "Norway becomes first NATO country to draft women into military" Արխիվացված 2013-07-08 Wayback Machine, Ռոյթերս. Retrieved 15 June 2013.
- ↑ «Forsvarsnett: Norwegian forces abroad». mil.no. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Tabell 0 Hele landet. Folkemengde 1. januar og endringer i året. 1951» (Norwegian). Statistics Norway. Վերցված է 2007 թ․ հունվարի 27-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Population 1 January. Registered 2010. Projected 2011–2060 in fourteen variants. 1 000». Statistics Norway. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Persons with immigrant background by immigration category, country background and gender. 1 January 2012 (Corrected 30 April 2012). ssb.no
- ↑ 38,0 38,1 38,2 Questions about immigrant-related statistics (2013 թ․ հունիսի 20). «Key figures Immigration and immigrants – SSB». Ssb.no. Վերցված է 2014 թ․ փետրվարի 15-ին.
- ↑ 12 prosent av befolkningen er innvandrere Statistics Norway Կաղապար:No icon retrieved 26 April 2013
- ↑ "Three categories of immigration background, country of birth and citizenship by country background and sex. 1 January 2012". Statistics Norway. 26 April 2012. Retrieved 27 April 2012. Archived 7 August 2011.
- ↑ 41,0 41,1 Innvandrere og norskfødte med innvandrerforeldre, 25 April 2013 Statistics Norway. Retrieved 30 December 2013
- ↑ Hare, Sophie. "Factbox – facts about Norway" Արխիվացված 2012-09-23 Wayback Machine, Ռոյթերս. 22 July 2011. Retrieved 22 July 2011.
- ↑ Eivind Bråstad Jensen. 1991. Fra fornorskningspolitikk mot kulturelt mangfold. Nordkalott-Forlaget.
- ↑ I. Bjørklund, T. Brantenberg, H. Eidheim, J.A. Kalstad and D. Storm. 2002. Australian Indigenous Law Reporter (AILR) 1 7(1)
- ↑ «Հայերը Նորվեգիայում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
- ↑ Statistisk sentralbyrå
- ↑ «Statistisk sentralbyrå». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ Norges Statsbaner. «Train facts». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ http://www.lastfm.ru/tag/norwegian
Արտաքին հղումներ
խմբագրել- Norway.no, Norway's official portal
- Statistics Norway
- State of the Environment Norway
- Norway entry at Encyclopædia Britannica
- Norway Արխիվացված 2016-01-26 Wayback Machine from UCB Libraries GovPubs
- Norway profile from the BBC News
- Norway.info, official foreign portal of the Norwegian Ministry of Foreign Affairs
- Official facts about Norway
- VisitNorway.com, official travel guide to Norway.
- vifanord – a digital library that provides scientific information on the Nordic and Baltic countries as well as the Baltic region as a whole.
- National Anthem of Norway ՅուԹյուբում
- Key Development Forecasts for Norway from International Futures
- World Bank Summary Trade Statistics Norway
- Նորվեգիայի պաշտոնական կայքը Ռուսաստանում Արխիվացված 2017-02-02 Wayback Machine
- Նորվեգիայի զբոսաշրջիկների պաշտոնական պորտալ
- Բոլորը Նորվեգիայի մասին ռուսերեն
- Ռուսական պորտալ Նորվեգիայի մասին
- Культурологические статьи о Норвегии Արխիվացված 2010-06-18 Wayback Machine
- Ближе к Норвегии, вместе с Norvegus.ru
- Норвегия Вики
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորվեգիա» հոդվածին։ |
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |