Ներսիկ (Ներսես) Ստեփանյան (փետրվարի 14, 1898(1898-02-14) - հունիսի 25, 1937(1937-06-25)), տնտեսագետ, Խորհրդային Հայաստանի պետական և կուսակցական գործիչ։ 1931-ից Անդրկովկասյան կոմունիստական համալսարանի ռեկտոր։ Պրոֆեսոր (1935), ԵՊՀ դասախոս, քաղ-տնտեսության ամբիոնի վարիչ։ Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից։

Ներսիկ Ստեփանյան
Ծնվել էփետրվարի 14, 1898(1898-02-14)
Մահացել էհունիսի 25, 1937(1937-06-25) (39 տարեկան)
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունտնտեսագետ

Կենսագրություն խմբագրել

 
Ներսես Ստեփանյանի հուշատախտակը Երևանի Արամի փողոցում

Ներսիկ Ստեփանյանը ծնվել է Ելիզավետպոլում։ 1918 թվականի վերջին հեղափոխական գործունեության համար ձերբակալվել և աքսորվել է։ Մայիսյան ապստամբության պարտությունից հետո եղել է Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից։ 1920 թվականի հուլիսի ձերբակալվել և դատապարտվել է մահվան, որը փոխարինվել է տասը տարվա բանտարկությամբ։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո աշխատել է Էջմիածնի գավկոմում։ 1922-1927 թվականներին սովորել է Մոսկվայի ժողտնտեսության, 1927-1930 թվականներին՝ Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտներում։ Մոսկվայում սովորելու տարիներին (1924-1927) դասավանդել է Ժողտնտեսության ինստիտուտում, միաժամանակ՝ բանվորական համալսարանի պրոռեկտոր։

1932 թվականից միաժամանակ ղեկավարել է Մարքսիզմ Լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղը։ Դասախոսել է Երևանի պետական համալսարանում, ղեկավարել քաղաքատնտեսության ամբիոնը։

Գլխավորել է կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտի Բաքվի մասնաճյուղը, 1931 թվականից՝ Անդրկովկասյան կոմ-համալսարանի ռեկտոր, 1933 թվականի նոյեմբերի 28–ից մինչև 1934 թվականի հունիսի 26–ը ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար[1]։

1930-ական թվականներին մասնակցել է «Հայկական սովետական հանրագիտարանի» հրատարակության նախապատրաստման աշխատանքներին։

Լինելով Հայաստանի Լուսժողկոմ, միաժամանակ ղեկավարելով կուսպատմության ինստիտուտի հայկական մասնաճյուղը՝ եղել է նվիրյալ ազգային գործիչ[2][3]։

Եղել է Աղասի Խանջյանի ընկերներից, ում հետ միասին լուծել է շատ խնդիրներ՝ կապված կրթության մակարդակի բարձրացման, որակյալ դասագրքերի ստեղծման, նոր դպրոցների բացման։ Նրա նախաձեռնությամբ բացվում են մասնագիտական տեխնիկումներ ադրբեջանցի ու քուրդ բնակչության համար։ 1934 թվականի մարտի 15-ին Սահակ Տեր-Գաբիրելյանի, Արամայիս Երզնկյանի, Երվանք Քոչարի ու Միքայել Մազմանյանի հետ միասին անդամակցել է Լենինի արձանի կառուցման հանձնաժողովին[4]։

Եղել է մտերիմ Եղիշե Չարենցի հետ, ու վերջինիս դեմ ճնշումների ժամանակ բաց արտահայտվել է ի պաշտպանություն Չարենցի[4]։

Բերիայի հասցեին քննադատությունները խմբագրել

Ներսիկ Ստեփանյանը տարիների ընթացքում ավելի ու ավելի սուր էր քննադատում այս օրերի Անդրկովկասի մարզկենտրոնի ղեկավար Լավրենտի Բերիային։ Նա թույլ է տվել իրեն հայտարարել, որ «նրանք չեն անում այն, ինչի մասին երդվում են ամեն քայլափոխին»։ Ասել է․ «Բերիան այս տարիներին միայն մեկ անգամ է Հայաստան եկել այն էլ նրա համար, որ վարկաբեկի Խանջյանին»։ Նա բաց նշել է նաև, որ Բերիայի հեղինակա գիրքը Բոլշևիկյան կուսակցության պատմության մասին Անդրկովկասում լի է անճշտություններ ու մանիպուլյացիաներով։ Ըստ նրա՝ բազմաթիվ անձանց դերը միտումնավոր նվազեցված է, դրանոց թվում նաև Ալեքսանդր Մյասնիկյանինը[4]։

Ձերբակալություն ու մահ խմբագրել

1934 թվականին Ստեփանյանի դեմ Հայաստանի Կենտկոմ դիմում է ներկայացվում՝ տրոցկիստական ու ազգայնական գործունեություն մեղադրանքով։ Մեղադրանքները Խանջյանի միջնորդությամբ հանվում են՝ դրանց անհիմն լինելու պատճառով։ Սակայն Բերիայից հրաման է տրվում բացահայտելու Ստեփանյանին ու նրա բոլոր պաշտպաններին։ 1935 թվականին բացահայտվում է իբր Ստեփանյանի խումբը, որի մեջ են մտել Չարենցը, Բակունցը, Ալազանը, Նորենցը և այլք[4]։

1936 թվականի մայիսի 22-ին ձերբակալվել[5] և մեկ տարի անց՝ 1937 թվականի հունիսի 25-ին գնդակահարվել է Ստալինյան ռեժիմի կողմից։ 1936 թվականի հուլիսի 10-ին Աղասի Խանջյանին հետմահու Անդրկովկասյան կենտկոմից մեղադրել են Ներսիկ Ստեփանյանին աջակցելու ու նրա մեջ տրոցկիստական գործիչ չտեսնելու համար, ինչի արդյունքում իբր Խանջյանը անկարող լինելով իր սխալները լուծել՝ ինքնասպան է եղել[4]։

Հետմահու արդարացվել է՝ իր հետ մի գործով դատապարտված Գ․ Գ․ Բատիկյանի, Կ․ Ս․ Բոխյանի, Ռ․ Մ․ Աղամալյանի, Մ․ Դ․ Կիրշենբլատի, Մ․ Օ․ Խաչատրյանի, Դ․ Ա․ Տեր-Սիմոնյանի հետ[4]։

Երկեր խմբագրել

  • Ստեփանյան Ն. Աշխատանքի բաժանման մասին քննադատություն տիրապետող հայացքների, 1932[6]։
  • Болотников А.А. Происхождение и развитие анализа бесконечно-малых. Вып. 8, 1931 : т.л. (Под ред. А.А. Болотникова, Н.М. Степаньяна)
Նախորդող
Լևոն Արիսյան
ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար
Ներսիկ Ստեփանյան

28 նոյեմբերի 1933 - 26 հունիսի 1934
Հաջորդող
Արտավազդ Եղիազարյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.mincult.am/1/am/?nid=1377
  2. Եղիշե Չարենց «Վերջին Խոսք», «Հայգիտակ», Երևան 2007, էջ 124, ISBN 978-99941-980-5-4
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Агаян, Цатур (1967). Нерсик Степанян.
  5. «Հրանուշ Խառատյան․ «Պատրաստվե՞նք 1936-37-ին, հատկապես, որ այն ծեծում է մեր դուռը»». Hetq.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ Հիմնարար Գիտական Գրադարան catalog › Authority search › Ստեփանյան, Ներսիկ Միքայելի, 1898-1937 (Personal Name)». opac.flib.sci.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.(չաշխատող հղում)