Թևան Ստեփանյան, (1892-1941) հայ պետական, ռազմական գործիչ, որը 1920-1921 թվականներին Ղարաբաղում գլխավորել է բոլշևիկների դեմ ապստամբությունը։

Թևան Ստեփանյան
1892 թ. - 1941 թ.
ԾննդավայրՏումի
Մահվան վայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ Բաքու

Կենսագրություն խմբագրել

Թևան Ստեփանյանը ծնվել է 1892 թվականին Դիզակի (այժմ՝ Հադրութի) շրջանի Տումի գյուղում։ Մասնակցել է Առաջին աշխարհամարտին։ Պատերազմից վերադառնալով հայրենի գյուղ՝ ջոկատ է կազմակերպել Դիզակի արևելյան գյուղերը թուրք-թաթարների հարձակումներից պաշտպանելու համար։ Իսկ երբ 1920 թվականի ամռանը կարմիր բանակի զորամասերը ներխուժում են Դիզակի գյուղերը և Արցախ ներմուծված խորհրդային մարմինների օգնությամբ իրագործում բռնագրավումների քաղաքականություն, Թևան Ստեփանյանն ըմբոստանում է դրա դեմ, որի համար էլ բանտարկվում է։

Թևանին հաջողվում է փախչել բանտից և պայքար ծավալել տեղական բոլշևիկյան և խորհրդային մարմինների ու կարմիր բանակի զորամասերի դեմ։ Թևանը սերտ կապեր է հաստատում Դրոյի և Գարեգին Նժդեհի հետ և նրանց հանձնարարությամբ զբաղվում Դիզակի հարավային սահմաները ամրապնդելու խնդրով։ Թևանին հաջողվում է ազատագրել Դիզակի և Վարանդայի շրջանները։

1920 թվականի մայիսի կեսերին Թևան Ստեփանյանի գլխավորած հակախորհրդային շարժումը ճնշելու համար Արցախում կենտրոնացված 11-րդ կարմիր բանակի զորամասերը հարձակման են անցնում, բայց պարտության են մատնվում։ Այնուամենայնիվ, 1921 թվականի ապրիլի կեսերին Թևանը անհավասար մարտերում անհաջողության է մատնվում, փոխադրվում Զանգեզուր և միանում Նժդեհի ուժերին։ 1921 թվականի մայիսին տարագրվում է Պարսկաստան։

Ձերբակալություն խմբագրել

1941 թվականի նոյեմբերի սկզբին Պարսկաստանում ձերբակալվում է խորհրդային գործակալների կողմից, բերվում Բաքու։

Հարցաքննություն խմբագրել

ՊԱԿ-ի գնդապետ Էդվարդ Մարտիրոսովը, որը եղել է Թևան Ստեփանյանին ձերբակալող խմբի ղեկավարը, գրում է, որ դատավարության վերջին օրը Թևանը արյունոտված պիջակի գրպանից հանելով մի փոքրիկ քսակ պարզում է դեպի Մարտիրոսովը և ասում.

«Այս քսակի մեջ ես պահում եմ մի բուռ հող, որը վերցրել եմ հայրենի Ղարաբաղից։ Այս բուռ հողը իմ սրտի մեջ պահում եմ քսան տարուց ավելի։ Ես այս հողի համար եմ պայքարել, այս հողը հային պահելու համար են ինձ հետապնդել և օտարել իմ հայրենի Ղարաբաղից։ Այս հողը, իբրև սրբություն, որպես մեր քաջ նախնիների արյամբ ամրացած, կրել եմ մարմնիս վրա և ուժ ու եռանդ ստացել։ Որտեղ էլ որ մեռնեի, իբրև պատգամ պիտի խնդրեի այս մեկ բուռ հողը շաղ տան գերեզմաննիս վրա։ Խնդրում եմ կատարեք իմ այս պատգամը…»

Թևանի դատավճիռն էր՝ գնդակահարություն[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. LLC, Helix Consulting. «Հադրութում կկանգնեցվի Թևան Ստեփանյանի կիսանդրին - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել