Սիրական Տիգրանյան
Սիրական Թադևոսի Տիգրանյան (1875, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937), հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ։
Սիրական Տիգրանյան | |
---|---|
Ծնվել է | 1875 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1937 |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Sirakan Tigranyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Թիֆլիսի արական գիմնազիան։ Ընդունվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը։ Իրավաբանի դիպլոմը նրան իրավունք է տվել Էջմիածնի հոգևոր ճեմարանում զբաղեցնելու իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների ուսուցչի պաշտոն։
Երկրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Երևանի նահանգի ոչ մուսուլման ազգաբնակչության կողմից։ Եղել է էսեռների խմբի անդամ, ղեկավարել է դումայի 8 Բաժինը։ Աշխատել է խղճի ազատության, ժողովրդական կրթության հանձնաժողովներում։ Դուման ցրելուց հետո շնորհազրկվել է, ապա աքսորվել ու փախել։
1918 նոյեմբերի 4-ից մինչև 1919 ապրիլի 27 եղել է Հայաստանի առաջին Հանրապետության Արտաքին գործերի նախարարը, Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում[1]։
1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության գոյության տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ՝ Արտաքին գործերի նախարարը, ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարար, Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ։
Խորհրդային իշխանության հաստատումից հետո տեղափոխվել է Իրան, ավելի ուշ՝ վերադարձել Հայաստան։ 1924 թ. և 1933 թ. Հայաստանի Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ)[2] կողմից ձերբակալվել է որպես ակտիվ դաշնակցական, և երկու դեպքում էլ ազատ է արձակվել։
Սիրական Տիգրանյանը ձերբակալվել է 1937 թվականին դեկտեմբերի 3-ին։ 2 օր անց՝ դեկտեմբերի 5-ին ՆԳԺԿ եռյակի որոշմամբ դատապարտվել է գնդակահարության այն մեղադրանքով, որ «դաշնակցական կառավարությունում» զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, դաշնակցական մամուլում հանդես է եկել խորհրդային իշխանությունների դեմ, եղել է Դաշնակցություն կուսակցության անդամ։ Դատավճիռը իրականացվել է նույն օրը[3]։
Արդարացվել է 1958 թ. հոկտեմբերի 20-ին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի որոշումով։
Ընտանիքը
խմբագրելՍիրական Տիգրանյանը մեծ ընտանիքի զավակ է եղել։ Նրա եղբայրներից են եղել կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, տարբեր տարիներին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հովսեփ ու Ղազար Տիգրանյանները։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Сиракан Татевосович Тигранян
- ↑ «ՀՀ ԱԱԾ կայքում նշված է, որ կառույցը 1926-1934թթ կոչվել է ՊՔՎ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1191, ցուցակ 9, գործեր 1017, 1018։