Հակոբ Զորյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զորյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հակոբ Նշանի Զորյան (օգոստոսի 25, 1894[1], Օրդու, Տրապիզոնի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1942, Ուրալ), հայ պատմաբան, տնտեսագետ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1925), պրոֆեսոր (1931), ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի թղթակից անդամ (1926)։
Հակոբ Նշանի Զորյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1894, օգոստոսի 25 |
Ծննդավայր | Օրդու, Տրապիզոնի նահանգ |
Մահացել է | 1942 |
Մահվան վայր | Ուրալ |
Կրթություն | Պերպերյան վարժարան, Լոզանի համալսարան և HU Berlin |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր և դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ և պատմաբան |
Աշխատատու | Երևանի պետական համալսարան |
Կենսագրություն
խմբագրել1908-1912 թվականներին սովորել է Կոստանդնուպոլսի Պերպերյան վարժարանում, 1919-1920 թվականներին` Լոզանի համալսարանում, 1925 թվականին ավարտել է Բեռլինի համալսարանի քաղաքատնտեսական ֆակուլտետը։
Գերմանիայում մասնակցել է ուսանողական սոցիալական շարժմանը։ Հակոբ Զորյանը Սողոմոն Թեհլիրյանի հետ գործուն մասնակցություն է ունեցել «Նեմեսիս» գործողությանը և Թալեաթ փաշայի սպանությանը (1921 թվականի մարտի 15-ին)։
1925 թվականից դասախոսել է ԵՊՀ-ում. 1930-1937 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1931-1937 թվականներին, միաժամանակ՝ պատմության ֆակուլտետի դեկան։ 1927-1929 թվականներին՝ Հանրային գրադարանի տնօրեն, 1932-1935 թվականներին՝ Կուլտուրայի պատմության ինստիտուտի տնօրեն, 1936-1937 թվականներին՝ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն։ 1930-1931 թվականներին եղել է Կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտի (այժմ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան) տնօրեն (ռեկտոր)։
Աշխատությունները վերաբերում են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական պատմությանը, հայ խորհրդային պատմագրությանը։ Նրա գիտական պատկառելի ժառանգության մեջ առանձնակի արժեք ունեն «Արաբների հարկային քաղաքականությունը ավատատիրական Հայաստանում» (1927թ.), «Արաբական շրջանում ֆեոդալական Հայաստանի քաղաքի և գյուղի միջև ստեղծված հակադրությունը» (1927-28թթ), «Ֆեոդալական Հայաստանի գյուղացիական շարժումները 10-րդ դարում» (1928թ.), «Արտաշատի, Վաղարշապատի և Դվինի պրոբլեմը» (1935թ.), «Ներդասակարգային պայքարը հայ Արշակունիների թագավորության վերջին շրջանում» (1936թ.) և այլն:
1937 թվականին դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ: Մանկավարժ կնոջ (Եսթեր Զորյան) և համալսարանի մի խումբ դասախոսների հետ ձերբակալվել է («պրոֆեսորների գործը»)։ Հինգ տարի անցկացրել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Մահացել է Սիբիրյան աքսորավայրում՝ 1942 թվականին: Հետմահու արդարացվել է[2]։
Գրականություն
խմբագրել- Հովհաննիսյան Պ., Հակոբ Զորյան, «Երևանի համալսարան», 1976, N 2։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://am.hayazg.info/index.php?curid=3706
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.