Աստվածատուր Խաչատրյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Խաչատրյան Աստվածատուր, Խաչ (1862[1][2], Սուրբ-Սարգիս, Նառիման, Էրզրումի մարզ, Թուրքիա[1] - 1938[1][2]), հայ [պատմաբան, պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի անդամ (1925

Աստվածատուր Խաչատրյան
Ծնվել է1862[1][2]
Սուրբ-Սարգիս, Նառիման, Էրզրումի մարզ, Թուրքիա[1]
Մահացել է1938[1][2]
Բնակության վայր(եր)Հայկական ԽՍՀ[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և ուսուցիչ
Հաստատություն(ներ)Սանասարյան վարժարան[1], Կեդրոնական վարժարան և Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԳևորգյան հոգևոր ճեմարան[1] և Ստրասբուրգի համալսարան[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Ստրասբուրգի համալսարանում։ Ճեմարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ուսուցչությամբ։ Ստրասբուրգի համալսարանում աշակերտել է մեծանուն լեզվաբան Հ․ Հյուբշմանին։ Համալսարանն ավարտելուց հետո Աստվածատուր Խաչատրյանը 1885 թվականին հրավեր է ստացել Կարինի Սանասարյան վարժարանի վարչության կողմից և շուտով ստանձնել է հայոց լեզվի ուսուցչի պաշտոնը։ 1885-1892 թվականներին և 1896-1912 թվականներին պաշտոնավարել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, միաժամանակ եղել նրա վերջին տեսուչը։ Սանասարյան վարժարանում Խաչատրյանը աշխատել է 27 տարի։

1917-1919 թվականներին եղել է Ազգային վարժարանի տնօրենը։ 1920 թվականին Խաչատրյանը կրկին հաստատվել է Կ․ Պոլսում, վարել է նախ Կեդրոնական, ապա՝ Պերպերյան վարժարանի տնօրենի պաշտոնը[3]։

1915 թվականի հոկտեմբերի 23-ին մատնության հետևանքով աքսորվել է Դիարբեքիր, սակայն փախել է աքսորավայրից և գնացել Կոնիա, որտեղ թաքնվել է երկու տարի։ 1917 թվականին Ավրամ օղլի Անաստաս կեղծանունով փորձել է անցնել Կիպրոս, բայց նյութական միջոցները չեն բավարարել և որոշել է հեռանալ Բաղդադ։ Որպես Միջագետքի հայության ներկայացուցիչ՝ մասնակցել է 1919 թվականի փետրվարին Փարիզում հրավիրված Ազգային համագումարի աշխատանքներին։ Այնուհետև կարևոր առաքելությամբ մեկնել է Հայաստան։ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում ներկա է գտնվել Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Որտեղ ընդգրկվել է համալսարանի դասախոսական կազմում։ 1921 թվականից դասավանդել է Կոստանդնուպոլիս հայկական Կեդրոնական վարժարանում։ 1925 թվականին վերադարձել է հայրենիք՝ Հայաստան, դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1925 թվականին Աստվածատուր Խաչատրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Աստվածատուր Խաչատրյանի գիտամանկավարժական գործնեությունն ընդհատվել է 1937 թվականին։ Անհիմն մեղադրանքով նա ենթարկվել է հալածանքների, ապա բանտարկության։ Մահացել է 1938 թվականին։ Արդարացվել է հետմահու։

Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի նախաբնիկների և հայ ժողովրդի կազմավորման հարցերով։ Ըստ Խաչատրյանի, Հայկական լեռնաշխարհի էթնիկական հիմքը կազմել են տեղաբնիկ սուբարիները, որոնք հետագայում խառնվել են ներխուժած խուռի-միտանի, և ավելի ուշ՝ մուշկ հնդեվրոպական ցեղերի հետ։ Ֆրանսիացի Ն. Դոլենսի հետ Խաչատրյանը գրել է Ուրարտուի պատմությանը նվիրված «Հին հայերի պատմությունը» (1907, ֆրանսերեն) աշխատությունը։

  • Պատմութիւն հին հայերի / Ն. Դօլենս, Ա. Խաչատրյան, Ֆրանս. բնագր. թարգմ.՝ Ռ. Քաջբերունի, Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանի, 1909։
  • Պատմութիւն հին հայերի։ Պրակ առաջին։ Նախնական հայերը, Դոլենս Ն, Խաչատրյան Աստվածատուր, Քաջբերունի Ռ., Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանյանի, 1909։
  • Պատմութիւն հին հայերի։ Պրակ երկրորդ։ Հայերի վերջնական հայրենիքը եւ հայ ազգի կազմակերպութիւնը, Դոլենս Ն, Խաչատրյան Աստվածատուր, Քաջբերունի Ռ. Թիֆլիս, տպ. Ն. Աղանյանի, 1909։
  • Միտանի-Խարրի ժողովուրդը, նրա հայրենիքը յեվ պատմական հնությունը։ Խաչատրյան Աստվածատուր, Յերևան, Տպարան Հերմես Հրատակչության, 1926։
  • Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն։ Հիմնված արձանագրական տվայլների վրա շուրջ 3000-600 նախքան մեր թ. / Աստ. Խաչատրյան, Առաջաբ.՝ Հակ. Զորյան, Յերևան, Մելքոնյան ֆոնդի հրատարակչություն, 1933։
  • Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները / Ա. Խաչատրյան, Կազմ. և խմբ.՝ Վ. Ղազախեցյան, Ա. Վիրաբյան, Ս. Միրզոյան, Հայաստանի ազգային արխիվ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, Ա. հ., 2010:
  • Պատմութիւն հին հայերի։ Պրակ երրորդ։ Ա. Հայոց թագաւորութիւնը Արտաշիսեան հարստութեան ժամանակ։ Բ. Օտար տիրապետութիւները։ Գ. Հին հայերի կրօնը։ Դ. Հին հայերի քաղքականութիւնը։ Ե. Քննադատութիւն հայ պատմագիրների, Դոլենս Ն, Խաչատրյան Աստվածատուր, Քաջբերունի Ռ., Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանյանի, 1910։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 495.
  3. Նշանավոր ճեմականներ, ՊՐԱԿ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչություն, Սուրբ Էջմիածին, 2009
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստվածատուր Խաչատրյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 18