Սահակ Տեր-Գաբրիելյան

հայ հեղափոխական, քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Տեր-Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սահակ Միրզայի Տեր-Գաբրիելյան (փետրվարի 15, 1886(1886-02-15), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 19, 1937(1937-08-19)[1]), հայ խորհրդային քաղաքական, պետական, կուսակցական գործիչ։ Ժողկոմխորհի նախագահ 1928-1935 թվականներին։

Սահակ Տեր-Գաբրիելյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 15, 1886(1886-02-15)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 19, 1937(1937-08-19)[1] (51 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հեղափոխական
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի վարչապետ
ԿուսակցությունՀԿԿ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շուշիում։ Մտերիմ էր Աղասի Խանջյանի և Մաքսիմ Գորկու հետ. Գորկին, երբ եկել էր Հայաստան, հանգրվանել էր Սահակ Տեր-Գաբրիելյանի տանը[փա՞ստ]։

Հեղափոխական գործունեությունն սկսել է 1900 թվականից։ Մինչև 1908 թ. ընդհատումներով աշխատել է Բաքվի «Բախտ» նավթահանքի գրասենյակում և Կասպիական ընկերությունում։ Ընտրվել է ՌՍԴԲԿ Բաքվի և Բալախանիի կոմիտեների անդամ։ Եղել է Բաքվի բանվորների 1904 թվականի դեկտեմբերյան ընդհանուր գործադուլի կազմակերպիչներից։ 1905-1907 թվականների հեղափոխության տարիներին համագործակցել է Ստեփան Շահումյանի, Սուրեն Սպանդարյանի, Պրոկոֆի Ջափարիձեի, Վ․ Կասպարյանցի, Ալեքսանդր Բեկզադյանի, Սարգիս Կասյանի, Մեշադի Ազիզբեկովի և այլ հայտնի բոլշևիկների հետ։ 1907 թվականիի մայիսին ձերբակալվել է։ Ազատվելուց հետո շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Եղել է Բաքվի բանվորների 1914 թվականի ընդհանուր գործադուլի ղեկավարներից։ 1917 թվականի մարտին ընտրվել է Բաքվի խորհրդային պատգամավոր, մայիսին՝ Խորհուրդների կովկասյան երկրային առաջին համագումարի պատվիրակ։ 1917 թվականի հուլիսին ընտրվել է Բաքվի հասարակական կազմակերպությունների գործադիր կոմիտեի կազմում։

Բաքվում խորհրդային իշխանության հաստատումից հետո՝ 1918 թվականի ապրիլին, որպես Բաքվի խորհրդի գործկոմի նավթի բաշխման և վաճառքի կոմիսար, մեծ աշխատանք է կատարել Խորհրդային Ռուսաստան նավթ փոխադրելու համար։ Այդ նպատակով մայիսին եղել է Մոսկվայում, հանդիպել Վլադիմիր Լենինի հետ, կազմակերպել Բաքվի բանվորներին Խորհրդային Ռուսաստանի կողմից որպես օգնություն տրված դրամական ու ռազմական միջոցների փոխադրումը։ 1918 թվականի հունիսին Բաքվի ժողկոմխորհի կողմից նշանակվել է հակաբոլշևիկյան ընդդիմության դեմ պայքարող արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1919-1920 թվականներին, որպես ՌՍՖՍՀ ԺՏԴԽ-ի գլխավոր նավթային կոմիտեի անդամ զբաղվել է երկրում նավթի և վառելիքի մյուս տեսակների բաշխման գործով։ Միաժամանակ եղել է 12-րդ բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ, բանակի քաղբաժնի պետ։ 1920 թվականի ամռան վերջերին նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետությունում Խորհրդային Ռուսաստանի լիազոր ներկայացուցչության խորհրդական, մասնակցել երկու երկրների միջև համաձայնություն կնքելու բանակցություններին։ 1920 թվականի օգոստոսից ՌԿԿ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի հանձնարարությամբ ղեկավարել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունը մինչև ՀԿԿ Կենտկոմի ձևավորումը։ 1920 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի անդամ, նոյեմբերին՝ Հայաստանում խորհրդային հանրապետություն հռչակող հեղկոմի անդամ։ 1920 թ. վերջից եղել է ՀԽՍՀ-ի լիազոր ներկայացուցիչը Մոսկվայում, 1928-1935 թվականներին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի նախագահն էր, միաժամանակ՝ ԱՍՖՍՀ ԺԿԽ-ի նախագահի տեղակալը։

Եղել է ստալինյան բռնության զոհերից։ Տեր-Գաբրիելյանը համարձակություն էր ունեցել 1931 թվականին Ստալինի ներկայությամբ ընդդիմանալ Լավրենտի Բերիայի առաջ քաշմանը՝ որպես Անդրկովկասյան դաշնության ղեկավար։ Հասկանալի էր, որ նման վերաբերմունքն աննկատ չէր մնալու և ստանալու էր համապատասխան արձագանք։

Ըստ «պաշտոնական ամփոփագրի»՝ 1937 թվականի օգոստոսին Ստալինին հաղորդվում է, որ Տեր-Գաբրիելյանը, որը կալանքի տակ էր, «ինքնասպանություն» է գործել՝ երրորդ հարկի պատուհանից դուրս նետվելով[2]։

Երկեր խմբագրել

  • Հոդվածներ, ճառեր, փաստաթղթեր, Երևան, 1979։

Գրականություն խմբագրել

  • Կարապետյան Հ. Ն., Մեծ պայքարի մարդիկ, Երևան, 1963։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
ՆԱԽՈՐԴՈՂ Սահակ Տեր-Գաբրիելյան ՀԱՋՈՐԴՈՂ
Սարգիս Համբարձումյան 1928, մարտի 22 - 1935, փետրվարի 10 Աբրահամ Գուլոյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 664