Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հայաստանի ազգային ագրարային համալսարան (նախկին անվանումներ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարան, Հայկական գյուղատնտեսական ակադեմիա), հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատություն։ Համարվում է ագրարային բնագավառի համար կադրեր պատրաստող առաջատար բուհը։
Հապավում | ՀԱԱՀ |
---|---|
Տեսակ | հիմնադրամ և համալսարան |
Միջազգային անվանում | Armenian National Agrarian University |
Հիմնադրված է | 1930[1] |
Ռեկտոր | Վարդան Ուռուտյան [2] |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | 74 Տերյան փողոց, Երևան 0009 |
Պարգևներ | |
Կայք | anau.am |
Armenian National Agrarian University Վիքիպահեստում |
Հայաստանի Հանրապետության Կառավարության 1994 թվականի հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան[3]։
Ակադեմիական հեղինակություն
խմբագրելՀԱԱՀ-ն համագործակցում է ԱՊՀ երկրների ագրարային բուհերի և կազմակերպությունների, եվրոպական մի շարք (Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարան՝ Գերմանիա, Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարան, Կասսելի համալսարան՝ Գերմանիա), ամերիկյան (Ֆրեզնոյի) համալսարանների հետ։ Տեխասի գյուղատնտեսության ու մեքենայացման (A & M) համալսարանի հետ համագործակցության շնորհիվ 2000 թ. հիմնադրվեց hայ-ամերիկյան համատեղ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը (ԱՈՒԿ)։
Համալսարանը շարունակում է համագործակցել հեղինակավոր շատ բուհերի և այնպիսի միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերի հետ, ինչպիսիք են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնը, Նիդեռլանդների Գյուղատնտեսության բնագավառում կիրառական հետազոտությունների զարգացման միջազգային կենտրոնը (ICRA), Հյուսիսատլանտյան դաշինք («Գիտություն հանուն խաղաղության» ծրագիր), Էստոնիայի գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնը, «Կենսաբազմազանություն» միջազգային կազմակերպությունը (Հռոմ), ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), Չորային տարածքներում գյուղատնտեսական հետազոտությունների միջազգային կենտրոնը (ICARDA) և այլն։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում գործում է դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտական հինգ խորհուրդ՝ գյուղատնտեսության արտադրության մեքենայացման և մեքենաների, ագրոնոմիայի, անասնաբուժության, անասնաբուծության, գյուղատնտեսության արտադրության, տնտեսագիտության։ Նշված խորհուրդներում դոկտորի և թեկնածուի գիտական աստիճան է շնորհվում ագրարային ոլորտի 17 մասնագիտությունների գծով։ Մասնագետների պատրաստումը հաջողությամբ զուգակցվել է տեսական և կիրառական նշանակություն ունեցող գիտական հիմնախնդիրների լուծման հետ։ Աշխատանքներ են տարվել խաղողի և դաշտային մշակաբույսերի տարբեր սորտերի ստացման և ներդրման, նոր արդյունավետ պեստիցիդների ստացման և փորձարկման, գյուղատնտեսական բույսերի մշակման տեխնոլոգիաների կատարելագործման, լեռնային երկրագործության մեքենայացման և այլ բնագավառներում։
ՀԱԱՀ պատմական ակնարկ
խմբագրելՀայկական գյուղատնտեսական ակադեմիան կազմավորվել է 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորման արդյունքում։ Հիմք ընդունելով ներկայացված առաջարկությունները՝ ԽՍՀՄ Կենտգործկոմը և Ժողկոմխորհը 1930 թ. հուլիսի 23-ին որոշում են ընդունում (N 40/237) Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը։ 1932 թ. ինստիտուտում կազմակերպվում է հեռակա ուսուցումը՝ սկզբում միայն ագրոնոմիական, իսկ հետագայում մյուս մասնագիտությունների գծով։ 1928 թ. հունիսի 28-ին ՀամԿ(բ) կ Անդրկովկասի երկրկոմը որոշում ընդունեց Երևանում հիմնադրել Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտ։ Նույն թվականի հուլիսի 12-ին իր աշխատանքները սկսեց բուհի ստեղծման կազմկոմիտեն, որի նախագահ նշանակվեց հողագործության ժողովրդական կոմիսար Ա.Երզնկյանը։ Սեպտեմբերի 18-ին, ինստիտուտի առաջին հրամանի համաձայն, տնօրեն նշանակվեց պրոֆեսոր Բ. Գ. Մասինոն, իսկ նոյեմբերի 8-ին կայացավ ինստիտուտի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Հայաստանի քաղաքական և կուսակցական ղեկավարները՝ Ա. Խանջյանը, Ա. Մռավյանը, Ս. Կասյանը, Ռ. Դաշտոյանը և ուրիշներ։ 1930 թ. Երևանի գյուղատնտեսական ինստիտուտում գործում էր անասնաբուծական ֆակուլտետ։ Մեկ տարի անց՝ 1931 թ. հոկտեմբերի 25-ին, որոշում է ընդունվում անասնաբուժական ինստիտուտի և անասնաբուծական ֆակուլտետի բազայի վրա հիմնադրել Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը, որը հետագայում՝ 1932 թ., վերանվանվում է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։
1932 թ. ինստիտուտին առընթեր հիմնադրվել է հեռակա ուսուցման ինստիտուտը, որը 1950 թ. վերակազմավորվել է հեռակա ուսուցման ֆակուլտետի։ Հայաստանի Կառավարության 1994 թ. հուլիսի 7-ի որոշման համաձայն՝ Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների բազայի վրա կազմավորվեց Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, որը հետագայում Կառավարության 2005 թ. սեպտեմբերի 15-ի թիվ 1597 որոշմամբ վերանվանվեց Հայաստանի պետական ագրարային համալսարան։ Իսկ 2012 թվականի հունիսի 14-ի թիվ 872-Ն որոշմամբ վերանվանվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան։ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի առաջին ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Ա. Ց. Խաչատրյանը (1994-1998), իսկ 1998 թվականից մինչ 2018 թվականը բուհը ղեկավարել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ Ա. Պ. Թարվերդյանը։ 2018թ. դեկտեմբերի 25-ին ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ համալսարանի ռեկտոր է ընտրվել տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանը։
Համալսարանի առկա ուսուցման համակարգում ուսանողների թիվը կազմում է մոտ 4400, հեռակա ուսուցման համակարգում՝ 5800, քոլեջում՝ 157։ Մագիստրատուրայի առաջին և երկրորդ կուրսերում ագրարային համալսարանի բոլոր մասնագիտությունների գծով սովորում է ավելի քան 450 ուսանող։ Առկա և հեռակա համակարգի ասպիրանտների թիվը 240 է, որից շուրջ 200-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, 4-ը՝ Սիրիայից։ Բոլոր մասնագիտությունների համար մշակվել են չափորոշիչներ և դրանց համապատասխան ուսումնական պլաններ ու ծրագրեր, որոնք կրթական համակարգ են ներդրվել 2004-2005 ուսումնական տարվանից։
Ֆակուլտետներ
խմբագրելԱգրոբիզնես և շուկայաբանություն
խմբագրելԱգրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը կազմավորվել է 2008 թվականին։ Ֆակուլտետը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Ագրոբիզնես և շուկայաբանություն
- Ագրարային քաղաքականություն և տարածաշրջանի զարգացում
- ԱՊՀ խորհրդատվություն և տեղեկատվություն
- Ապահովագրական գործ
- Ապրանքագիտություն և ապրանքի որակի փորձաքննություն։
Ֆակուլտետը սերտ կապեր ունի Տեխասի A&M համալսարանի ծրագրով գործող Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ԱՈւԿ) հետ։
Ագրոբիզնես և տնտեսագիտություն
խմբագրելԿազմավորվել է 2018 թվականին՝ 1967 թվականից գործող Տնտեսագիտության ֆակուլտետի և 2008 թվականին կազմավորված Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետի միավորմամբ։ Ըստ զարգացած երկրների փորձի՝ ագրարային ոլորտի տնտեսագետների բարձրագույն կրթությունը կազմակերպվում է ագրարային բուհերում։
Տնտեսագիտական ֆակուլտետը պատրաստում է տնտեսագետներ 5 մասնագիտության գծով՝
- Ագրարային արտադրության էկոնոմիկա և կառավարում
- Ագրոպարենային համակարգի հաշվապահական հաշվառում և աուդիտ
- Սննդարդյունաբերության էկոնոմիկա և կառավարում
- Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում
- Հողագույքային հարաբերություններ։
Ագրոնոմիա
խմբագրելՍտեղծվել է 1930 թվականին, մինչև 1943 թվականը կոչվել է դաշտավարական, այնուհետև՝ ագրոնոմիական ֆակուլտետ։ Ֆակուլտետի հիմնադրման գործում մեծ է ականավոր գիտնական, ֆակուլտետի առաջին դեկան Պ. Բ. Քալանթարյանի ավանդը։
Ագրոնոմիական ֆակուլտետի առաջնահերթ խնդիրն է գյուղատնտեսության ոլորտն ապահովել բարձր որակավորում ունեցող մասնագետներով հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Ագրոնոմիա
- Բույսերի պաշտպանություն
- Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և գենետիկա
- Ագրոէկոլոգիա
- Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում։
Անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն
խմբագրելՖակուլտետը հիմնադրվել է 1928 թվականին Անդրկովկասյան անասնաբուժական ինստիտուտի կազմում՝ որպես անասնաբուժական ֆակուլտետ։ Իսկ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետը ստեղծվել է 1930 թվականին, ապա 1932 թվականին տեղափոխվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ։ 1994 թ. Հայկական գյուղատնտեսական և Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտների միավորումից հետո ֆակուլտետը վերանվանվեց անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետ, իսկ 2003 թվականին երկու ֆակուլտետների միավորմամբ կազմավորվեց անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը։
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծական ֆակուլտետը մասնագետներ է պատրաստում 3 մասնագիտությունների գծով՝
- Անասնաբուժություն
- Անասնաբուծություն
- Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն։
Գյուղատնտեսության մեքենայացում և ավտոմոբիլային տրանսպորտ
խմբագրելԿազմավորվել է 1942 թվականին, որի առաջին դեկանն է եղել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արտաշես Մաթևոսյանը։ Գյուղատնտեսական ակադեմիայի հիմնադրումից հետո գյուղմեքենայացման և հիդրոմելիորացիայի ֆակուլտետների միավորման արդյունքում ձևավորվեց ճարտարագիտական ֆակուլտետը, որը 2005 թ. կազմալուծվեց՝ բաժանվելով գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարության և հողային կադաստրի ֆակուլտետների։ 2009 թ. այն վերանվանվեց գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետ։
Գյուղատնտեսության մեքենայացման և ավտոմոբիլային տրանսպորտի ֆակուլտետը պատրաստում է ճարտարագետներ հետևյալ մասնագիտությունների գծով.
- Գյուղատնտեսության մեքենայացում
- Գյուղատնտեսական մեքենաներ և սարքավորումներ
- Փոխադրումների կազմակերպումն ու կառավարումն ագրոպարենային համակարգում
- Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում
- Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
Հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր
խմբագրելՖակուլտետը կազմավորվել է 1951 թվականին` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետի «Հիդրոմելիորացիա» մասնագիտության բազայի վրա։ Հետագայում ֆակուլտետը մի քանի անգամ վերակազմավորվեց, իսկ 2005-2006 ուսումնական տարվանից որոշվեց ճարտարագիտական ֆակուլտետը նորից բաժանել երկու՝ գյուղատնտեսության մեքենայացման և տրանսպորտային փոխադրումների ու հիդրոմելիորացիայի, հողաշինարարության և հողային կադաստրի ֆակուլտետների՝ հաշվի առնելով հիդրոմելիորացիա, հողաշինարարություն և հողային կադաստր մասնագիտությունների կարևոր դերը գյուղատնտեսության զարգացման գործում։
Պատրաստում է ինժեներներ հետևյալ մասնագիտությունների գծով՝
- Հողաբարելավում, հողային և ջրային պաշարների օգտագործում և պահպանում
- Հողաշինարարություն և հողային կադաստր
- Կենսագործունեության անվտանգություն և անվտանգությունը արտակարգ իրավիճակներում։
Պարենամթերքի տեխնոլոգիաներ
խմբագրել1995 թվականին Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում հիմնադրվում է տեխնոլոգիական ֆակուլտետը, որը 1998 թվականին միավորվում է ագրոնոմիական ֆակուլտետի հետ։ Իսկ 2002 թ. կազմավորվում է պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետը։
Ֆակուլտետի շրջանավարտները ստանում են տեխնիկայի և տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի աստիճան ներքոհիշյալ մասնագիտությունների գծով.
- Հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա
- Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն
- Պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա
- Մսի և մսամթերքի տեխնոլոգիա
- Կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա
- Ձկան և ձկնամթերքի տեխնոլոգիա
- Մանկական և ֆունկցիոնալ սննդի տեխնոլոգիա
- Կաշվի և մորթու տեխնոլոգիա
- Գյուղատնտեսական և պարենային արտադրանքի փաթեթավորման տեխնոլոգիա և դիզայն
- Գյուղատնտեսական հումքի և պարենամթերքի փորձաքննություն, ստանդարտացում և սերտիֆիկացում։
ՀԱԱՀ ամբիոններ
խմբագրելԱգրոնոմիական ֆակուլտետ
- Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ գյուղ.գ.թ., դոցենտ Արմինե Աշոտի Մանվելյան)
- Բուսաբուծության և հողագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ գյուղ.գ.թ., դոցենտ Գագիկ Ազատի Թովմասյան)
- Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ գյուղ.գ.թ., դոցենտ Մարինե Սաշայի Մարկոսյան)
- Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ գյուղ.գ.թ., դոցենտ Մանվել Վլադիմիրի Բադալյան)
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ
- Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Մարինա Գեորգիի Կարախանյան)
- Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.թ., դոցենտ Նունե Ռուբիկի Սիմոնյան)
- Ընդհանուր քիմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ քիմ.գ.դ., դոցենտ Լուսինե Ռոմիկի Հարությունյան)
- Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., դոցենտ Սմբատ Հարութի Դավեյան)
- Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ Հայկ Սաշայի Կիրակոսյան)
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետ
- Բարձրագույն մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ ֆիզ.մաթ.գ.դ., պրոֆեսոր Աղավարդ Խաչատուրի Խաչատրյան)
- Ավտոտրակտորների և գյուղատնտեսական մեքենաների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Արամայիս Մյասնիկի Եսոյան)
- Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Արմեն Ստեփանի Մարգարյան)
- Կենսագործունեության անվտանգության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տեխն.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Թելմանի Հակոբյան)
- Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոն (ամբիոնի վարիչ՝ գյուղ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Մարկոսի Եղիազարյան)
- Հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոն (ամբիոնի վարիչի ժ/պ՝ գյուղ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Մարկոսի Եղիազարյան)
Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ
- Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ անաս.գ.թ., դոցենտ Սիրանուշ Հարությունի Ալթունյան)
- Թերապիայի, վիրաբուժության և ծննդագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ անաս.գ.թ., դոցենտ Կարինե Աբերիկի Սուքիասյան)
- Համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ անաս.գ.թ., դոցենտ Արթուր Ռոբերտի Մկրտչյան)
- Անասնաբուծության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ գյուղ.գ.թ., դոցենտ Տիգրան Ժիրայրի Չիթչյան)
- Գյուղատնտեսական կենդանիների մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի և ախտաբանական անատոմիայի ամբիոն (ամբիոնի վարիչ՝ անաս.գ.թ., դոցենտ Աշխեն Գրիգորի Գրիգորյան)
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ
- Ագրարային էկոնոմիկայի ֆակուլտետ (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Վարդան Սամվելի Ալեքսանյան)
- Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Աշոտ Երջանիկի Ոսկանյան)
- Ֆինանսահաշվային ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ. Ամալյա Մկրտչի Գալստյան)
- Տվյալագիտության ամբիոն (ամբիոնի վարիչ՝ տնտ.գ.թ., դոցենտ Հակոբ Հայկի Խաչատրյան)
- Հասարակական գիտությունների ամբիոն (ամբիոնի վարիչ՝ պատմ.գ.թ., դոցենտ Համո Կարենի Սուքիասյան)
ՀԱԱՀ գիտահետազոտական ինստիտուտներ
խմբագրելԳիտական կենտրոնը կազմավորվել է 1998 թ. օգոստոսին՝ ՀԳԱ-ի գիտության վարչության վերակազմավորման արդյունքում։ Դեռևս 1972 թ. Հայկական գյուղատնտեսական, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում գործել են գիտահետազոտական սեկտորներ, որոնց հիմնական նպատակն է եղել համակարգել ու կազմակերպել ինստիտուտներում կատարվող տնտպայմանագրային գիտական թեմաների աշխատանքները։ Գիտական կենտրոնի կազմում են ընդգրկված գիտական պրոբլեմային լաբորատորիաները, ասպիրանտուրայի, մագիստրատուրայի, հրատարակչական-խմբագրական, արտոնագրման բաժինները։ ՀՊԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ գիտական կենտրոնի կազմում 2005 թ. հունվար ամսից գործում են հետևյալ պրոբլեմային լաբորատորիաները՝
- պեստիցիդների և բույսերի պաշտպանության
- բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի
- մելիորացիայի, ջրային պաշարների կառավարման, հողաշինարարության և երկրագործության
- գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի և սելեկցիայի, կերակրման
- անասնաբուժության և անասնաբուծական սանիտարական փորձաքննության
- էկոլոգիական և օրգանական գյուղատնտեսության
2010 թ. կենդանական ծագման հումքի և մթերքների, գինու և կոնյակի տեխնոլոգիայի, մոլեկուլային կենսաբանության և կենսատեխնոլոգիայի պրոբլեմային լաբորատորիաների հիմքի վրա կազմավորվեցին պարենամթերքի տեխնոլոգիաների, սննդի անվտանգության և կենսատեխնոլոգիայի, իսկ գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման պրոբլեմային լաբորատորիայի հիմքի վրա՝ գյուղատնտեսության մեքենայացման, էլեկտրիֆիկացման և ավտոմոբիլային տրանսպորտի գիտահետազոտական ինստիտուտները։
2009 թ. գիտական կենտրոնի կազմում ստեղծվեցին միջազգային գիտական դրամաշնորհների, 2010 թ.` տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինները։ Գիտական կենտրոնը սերտորեն համագործակցում է ինչպես մեր երկրի գյուղատնտեսական բնագավառի, այնպես էլ միջազգային գիտական կենտրոնների հետ, որոնցից են ICARDA-ն, IPGRI-ն, IFPRI-ն, Հունաստանի գյուղատնտեսական հետազոտական կենտրոնը։ Կենտրոնը համակարգում է համալսարանում կատարվող ագրարային գիտահետազոտական աշխատանքները` վերահսկելով գիտական թեմաների ֆինանսական գործունեությունը, գիտական հետազոտությունների ընթացքն ու արդյունքների ներդրումը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Հ․ Մ․ Այվազյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 3 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1999, էջ 246 — 896 էջ. — 5000 հատ, ISBN 5-89700-010-7։
Աղբյուրներ
խմբագրել- Երևանի քաղաքապետարանի կայք, Հայաստանի պետական ագրարային համալսարան
- Համալսարանի կայք, Ընդհանուր տեղեկություններ Արխիվացված 2012-04-21 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 117)։ |