Մովսես Սիլիկյան
Մովսես Միխայիլի Սիլիկյան (սեպտեմբերի 14, 1862, Վարդաշեն, Նուխիի գավառ, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 10, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական և հայկական բանակների ռազմական գործիչ, ազգային հերոս, ռուսական բանակի գեներալ-մայոր (սեպտեմբերի 22, 1917), Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (մայիսի 28, 1919), ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (ապրիլի 24, 1919)։ Ազգությամբ ուդի էր[Նշում 1]։
Մովսես Սիլիկյան | |
---|---|
սեպտեմբերի 14, 1862 - դեկտեմբերի 10, 1937 | |
Ծննդավայր | Նուխիի գավառ, Վարդաշեն |
Մահվան վայր | Երևան, Ավանի ձոր |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Հայաստան և ԽՍՀՄ |
Ծառայության տարիներ | 1884-1920 |
Կոչում | գեներալ-լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԳործունեություն
խմբագրել1882 թվականի օգոստոսի 28-ին Մովսես Սիլիկյանն ընդունվել է Մոսկովյան II զինվորական գիմնազիան, որն ավարտել է 1884 թվականի օգոստոսի 14-ին՝ ենթապորուչիկի կոչումով։
Ապա ավարտում է Ալեքսանդրովյան III զինվորական ուսումնարանը և սպայական շինարարական դպրոցը[1][2], որից հետո նշանակում է ստացել Կարսում տեղակայված Կուբանյան 155-րդ գնդում որպես վաշտի հրամանատար։ 1914 թվականին Մովսես Սիլիկյանին շնորհվել է գնդապետի աստիճան[3]։
Առաջին Համաշխարհային պատերազմ
խմբագրելՄասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական (Կովկասյան) ռազմաճակատի մարտական գործողություններին։ Եղել է Կովկասյան VI հրաձգային գնդի հրամանատար, որը գործել է գեներալ Թովմաս Նազարբեկյանի (Ֆոմա Նազարբեկով, 1855–1931 թվականներ) Կովկասյան II հրաձգային բրիգադի կազմում։ 1915 թվականի նոյեմբերին բրիգադը վերակազմավորվում է հրաձգային դիվիզիայի։
Պատերազմի սկզբում Կովկասյան VI հրաձգային գունդը II հրաձգային բրիգադի կազմում մարտական գործողություններ է մղում Հյուսիսային Պարսկաստան ներխուժած թուրքական զորամասերի և համիդեական գնդերի դեմ։ Հակառակորդին Պարսկաստանի հյուսիսային շրջաններից ետ մղելուց և Դիլմանի ճակատամարտում (1915 թվականի ապրիլի 18-19) Խալիլ բեյին պարտության մատնելուց հետո գեներալ Թովմաս Նազարբեկյանին հանձնարարվում է հետապնդել Խալիլի ուժերին։ 1915 թվականի մայիսի 9-ի դրությամբ Մովսես Սիլիկյանի գունդն ապահովում էր բրիգադի ձախ թևը քրդական հնարավոր հարձակումներից[4]։ Իսկ հունիսի 28-ին գունդը հրաման է ստանում անցնել Դերիկ գյուղը, որտեղ գտնվում էր IV կորպուսի շտաբը[5]։
1915 թվականի դեկտեմբերին Կովկասյան բանակի հրամանատար, գեներալ Նիկոլայ Յուդենիչը սկսել էր Էրզրումի (Կարին) գրավման օպերացիան։ Թովմաս Նազարբեկյանի դիվիզիան և նրա կազմում գործող VI հրաձգային գնդի առջև դրված էր մարտական առաջադրանք՝ ապահովել օպերացիայի գաղտնիությունը, մատակարարման և հաղորդակցության ուղիները թուրք-քրդական հարձակումներից։
1916 թվականի հունվարի 5-ին գնդապետ Մովսես Սիլիկյանը Թովմաս Նազարբեկյանին ուղղած զեկուցագրում հայտնում է, որ գունդը հասել է Դայար և զբաղեցրել դիրքեր[6]։ Հունվարի 10-ին Կովկասյան I բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Պ. Կալիտինի հրամանով VI գունդը՝ մեկ մարտկոցով, արագացված երթով Ալաշկերտի հովտից շարժվում է Էրզրում՝ մասնակցելու քաղաքի գրավման օպերացիային[7]։ Հունվարի 22-ին գունդը տեղակայվում է Էկիբատ գյուղում, իսկ հունվարի 24-ին՝ Հասան Կալեում[8]՝ որպես բանակային պահեստազոր[9]։
Էրզրումի գրավման օրը՝ 1916 թվականի փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը, VI գունդը մտնում է քաղաք։ Գնդապետ Մովսես Սիլիկյանը նշանակվում է Էրզրումի զինվորական պարետ[8]։ Քաղաք մտնելուց անմիջապես հետո գնդի անձնակազմը ձեռնամուխ է լինում դասալիքների և կողոպտիչների հայտնաբերմանն ու ձերբակալմանը, հրդեհների մարմանը և հրետանային ու համբարակային պահեստները հսկողության տակ վերցնելուն, պարեկապահակային ծառայության[10]։ Գեներալ Պ. Կալիտինի առաջին հրամաններից մեկը Մովսես Սիլիկյանին լինում է այն, որ նա արգելի հայերի մուտքը Էրզրում[10]։ Գեներալի նման վերաբերմունքը բացատրվում է հայերի նկատմամբ ունեցած անբարյացկամությամբ։ Կորպուսի հրամանատարին հետաքրքրել էր Էրզրումի Սուրբ Աստվածածին եկեղեցում երիտթուրքական իշխանությունների կողմից հայերից կողոպտված գույքը, որի զգալի մասը չէին հասցրել դուրս տանել։ Առաջինն այդ մասին տեղեկանում է գնդապետ Մովսես Սիլիկյանը, որը շտապում է հեռագրել Թիֆլիսի քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանին՝ խնդրելով ուղարկել մի վստահելի անձ, որը կտնօրինի հայերին պատկանող գույքը[11]։
1916 թվականի մարտի վերջին Սիլիկյանի գունդը տեղակայվում է Բիթլիսում (Բաղեշ), իսկ ապրիլի սկզբին հրաման է ստանում քաղաքում թողնել երկու գումարտակ և մեկ գումարտակով ու լեռնային չորս թնդանոթով շարժվել Մուշ, քանի որ վերջինիս ուղղությամբ շարժվում էին թուրքական Դարդանելյան VII և VIII դիվիզիաները։ Մովսես Սիլիկյանը նշանակվում է Մուշ քաղաքի կայազորի պետ։
Շուտով Մուշ են գալիս Կովկասի հայոց բարեգործական ընկերության աշխատակիցներ Կարո և Արմեն Սասունիներն ու Հմայակ Մանուկյանը ողջ մնացած բնակչությանն օգնություն ցույց տալու և քրդական գերությունից հայերին ազատելու համար։ Կարո Սասունին առաջարկում է ռուսական հրամանատարությանը՝ գեներալ Զաքար Մդիվանիին, թույլատրել Խնուսում հայերից կազմակերպել աշխարհազորային-ինքնապաշտպանական խմբեր՝ միլիցիա։ Նրանք ոչ միայն կպաշտպանեին բնակչությանը քրդական հարձակումներից, այլև կիրականացնեին ռուսական բանակի հաղորդակցության ուղիների հսկումը և կհետախուզեին հակառակորդի դիրքերը։
Սակայն գեներալ Զաքար Մդիվանին թույլատրում է զբաղվել զուտ գաղթականական գործերով։ Գնդապետ Մովսես Սիլիկյանի խորհրդով՝ նույն խնդրանքով Կարո Սասունին դիմում է 66-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ Իպպոլիտ Սավիցկուն[12]։ Վերջինիս անմիջական օգնությամբ Սասունին ստանում է զենք, զինամթերք, հագուստ և պարեն։ Զենքը տրվում է սասունցիներից և մշեցիներից կազմված մարտական խմբերին, որոնք իրականացնում են որոնողական, հետախուզական և մարտական գործողություններ։ Ստացված տեղեկությունները հաղորդվում են Սիլիկյանին[12]։
Մովսես Սիլիկյանի հրամանատարության ներքո գործել է Դրոյի ենթակայության տակ գտնվող Հայկական II կամավորական խումբը, որը գնդապետին խորը հիացմունք և հարգանք էր պատճառել իր մարտական պատրաստվածությամբ, քաջությամբ ու կարգապահությամբ։ Խորհրդային տարիներին գեներալ Թովմաս Նազարբեկյանին գրած մի նամակում Մովսես Սիլիկյանը հետևյալ գնահատականն է տվել Դրոյի խմբին.
Դրոյի դրուժինան՝ դա փառահեղ դրուժինա է, Հայաստանի հպարտությունն ու գեղեցկությունն է[12]։ |
Իսկ 1928 թվականին Նազարբեկյանին գրած նամակներից մեկում Սիլիկյանը հաղորդել է, որ II խմբի կատարած քաջագործությունների մասին ինքը գրել է Կովկասյան IV բանակային կորպուսի հրամանատարությանը և Դրոյին ու աչքի ընկած մարտիկներին ներկայացրել է Գեորգիևյան խաչով պարգևատրելու համար։ Ինչպես վկայում է Մովսես Սիլիկյանը.
Հետագայում ես իմացա, որ նրանք մերժել է այդ պարգևները և խնդրել այլևս ներկայացումներ չանել[13]։ |
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո Սիլիկյանը նշանակվում է Վանի ջոկատի հրամանատար։ Ջոկատը կազմված էր երեք շարային գնդերից[14]։ Որոշ ժամանակ անց նա նշանակվում է բրիգադի հրամանատար[14]։ Օգոստոսի 22-ին Մովսես Սիլիկյանին շնորհվում է գեներալ-մայորի կոչում[3]։
Մինչև 1918 թվականի հունվարը Սիլիկյանը գտնվել է Վանում, ապա Թիֆլիսի հայոց ազգային խորհրդի հրամանով այլ հայ սպաների հետ գալիս է Թիֆլիս, որտեղ Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկյանի հրամանով Սիլիկյանը նշանակվում է II հրաձգային դիվիզիայի հրամանատար[3]։
Հայաստանի Հանրապետություն
խմբագրել1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրով հայկական զինուժը չպետք է գերազանցեր մեկ դիվիզիայից։ Գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանի հուլիսի 26-ի թիվ 99 հրամանի համաձայն՝ Առանձին հայկական դիվիզիայի հրամանատար է նշանակվում գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը[15]։
1919 թվականի մարտի 25-ին ստեղծվում է ՀՀ բանակի ռազմական խորհուրդ, որի նախագահ է նշանակվում գեներալ-լեյտենանտ Թովմաս Նազարբեկյանը։ Ապրիլի 24-ին, ի թիվս այլոց, խորհրդի անդամ է նշանակվում Սիլիկյանը[16]։ Հունիսի 1-ին Մովսես Սիլիկյանին շնորհվում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։
1918 թվականի դեկտեմբերին սկսվում է Հայ-վրացական պատերազմը[17]։ Գեներալ Սիլիկյանին է հանձնարարվում մարտական գործողությունների ընդհանուր հրամանատարությունը[18]։ Նա պետք է հսկողության տակ վերցներ մինչև Խրամ գետը տանող շրջանը։ Գետը հանդիսանալու էր հայ-վրացական սահմանը[19]։
1920 թվականի ապրիլին Մովսես Սիլիկյանը նշանակվում է Նոր Բայազետի (Գեղարքունիք) և Շարուր-Դարալագյազ (Վայոց ձոր) գավառների գեներալ-նահանգապետ։ Նա միաժամանակ վարել է Նոր Բայազետ գավառում տեղակայված զորքերի շտաբի պետի պաշտոնը[20]։ Ինչպես պարզաբանել է Մովսես Սիլիկյանը 1935 թվականի նոյեմբերի 29-ին ՆԳԺԿ քննիչ Իսրայելյանին, իր նշանակման բուն նպատակն էր աջակցել Դրոյի հրամանատարության ներքո գտնվող ջոկատին անցնել Լեռնային Ղարաբաղ՝ տեղի հայ բնակչությանն ադրբեջանական բանակի դեմ մղվող պայքարում օգնելու համար[21]։
Նոր Բայազետում զգալի էր բոլշևիկյան ազդեցությունը։ Նրանք, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր դրությունից, հակակառավարական ակտիվ քարոզչություն են տանում բնակչության և հատկապես զինվորների շրջանում։
Մովսես Սիլիկյանից ու նրա շտաբից աննկատ չեն մնում բոլշևիկների ակտիվությունը։ Գեներալը տեղեկանալով, որ բոլշևիկ Հովհաննես Սարուխանյանը հակապետական լայն քարոզչություն է ծավալել՝ նրան արտաքսում է գավառից[20]։ Սակայն մայիսի 7-ին Սարուխանյանը, չնայած արգելքին, վերադառնում է Նոր Բայազետ։ Պատմաբան Համլետ Հարությունյանը, վկայակոչելով բոլշևիկյան մամուլը և արխիվային փաստաթղթերը, նշում է, որ Սարուխանյանն, արհամարհելով «գեներալի սպառնալիքները և առատաձեռն խոստումները», հետևյալն է հայտարարել.
Կոմունիստները երբեք չեն նահանջում իրենց գաղափարներից և ոչ մի դեպքում չեն կատարում թշնամու թելադրանքները[22]։ |
Մայիսի 10-ին Մովսես Սիլիկյանը Ղարանլուղ (այժմ՝ Մարտունի) գյուղում հանդիպում է Սարուխանյանին, որը հակապետական քարոչություն էր ծավալել բնակավայրում տեղակայված հայ զինվորների շրջանում[22]։ Հավանաբար, Մովսես Սիլիկյանը փորձել է անձնական հանդիպման ժամանակ համոզել բոլշևիկ քարոզչին դադարեցնել հակակառավարական քարոզչությունը և գործն արյունահեղության չհասցնել։ Որպես գեներալ-նահանգապետ՝ Մովսես Սիլիկյանն ուներ բոլոր հնարավորությունները Սարուխանյանին ձերբակալելու համար։ Գեներալը, սակայն, չի դիմում կտրուկ միջոցների, որը հնարավորություն է տալիս Հ. Սարուխանյանին 300 զինվորների գլուխն անցած մայիսի 12-ին մտնել Ղարանլուղ և ձերբակալել մի քանի սպաների, այդ թվում՝ Մովսես Սիլիկյանին։ Վերջինիս կալանումը կատարվում է Սարուխանյանի անմիջական մասնակցությամբ։
«Աշխատավոր» թերթը հետևյալն էր գրում. Մովսես Սիլիկյանի այն հարցին, թե՝ «չէ՞ որ դուք ինձ ազնիվ խոսք տվեցիք բանակին ձեռք չտալ պ. Սարուխանյան», վերջինս պատասխանել է. «Ես այն ժամանակ ձեզ ստեցի, ընկեր Սիլիկյան»[23]։
Մայիսի 19-ի կեսօրին կառավարական զորքը մտնում է Նոր Բայազետ և բանտից ազատում է կալանված բոլոր սպաներին[24][Նշում 2]։
Հայաստանի խորհրդայնացումից հետո
խմբագրել1921 թվականի սեպտեմբերին աքսորից վերադառնալուց հետո Մովսես Սիլիկյանը հաստատվում է Երևանում և աշխատանքի անցնում շվեդական «Բալթիկ» բաժնետիրական ընկերության Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) մասնաճյուղում՝ որպես հաշվապահ և վաճառող[25]։ Ընկերությունում Սիլիկյանն աշխատում է 1,5 տարի և 1923 թվականին ծառայության է անցնում «Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում» կամ Ամերկոմում, որտեղ աշխատում է մինչև 1929 կամ 1930 թվականը։ Կոմիտեն զգալի դեր է ունենում հայ գաղթականության և հատկապես որբ երեխաների փրկության գործում[26]։
Գեներալ Թովմաս Նազարբեկյանի անձնական արխիվում պահպանվել են Մովսես Սիլիկյանի մի քանի նամակ, ինչպես նաև մեզ չհասած նամակներից արված քաղվածքներ։ Նազարբեկյանը, որը բնակվում էր Թիֆլիսում, նախաձեռնել էր հուշագրություն, որը վերաբերում էր Առաջին համաշխարհային պատերազմի ռուս-թուրքական ռազմաճակատում ընթացած մարտական գործողություններին, 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերին[27]։ Մի շարք օպերացիաների, դեպքերի և անձերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ու ճշտումներ կատարելու համար գեներալը դիմել է Սիլիկյանին՝ խնդրելով օժանդակել այդ խնդրում։ Վերջինս օգնել կամ հուշել է, թե ում պետք է դիմել։ Տեղեկանալով, որ Թովմաս Նազարբեկյանը քաղվածքներ է կատարում իր նամակներից, Սիլիկյանը պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել այդ աշխատանքը՝ խնդրելով իրեն ուղարկել այդ նամակներն ու նյութերը։ Նա գրում է.
Ես կկազմեմ մանրամասն գրություն և այդ ամենն ողջ նյութի հետ կուղարկեմ Ձեզ՝ Ձեր գրառումների համար։ Շատ ուրախ կլինեմ այդ գործում Ձեզ օգնելու համար[28]։ |
Քրեական գործ
խմբագրել1927 թվականին Մովսես Սիլիկյանը ձերբակալվում է անվտանգության մարմինների կողմից, որոնք չկարողանալով ապացուցել առաջադրված մեղադրանքները՝ օգոստոսին վարչական կարգով նրան աքսորում են Դոնի Ռոստով։ Նույն թվականի հոկտեմբերին նրան թույլատրվում է վերադառնալ Երևան[29]։ 1935 թվականի նոյեմբերի 25-ին Մովսես Սիլիկյանը կրկին ձերբակալվում է։ Ձերբակալման և Սվերդլովի 99 (այժմ՝ Բուզանդ) բնակարանի խուզարկության հրամանը ստորագրողների թվում է Անդրկովկասի Դաշնության ՆԳԺԿ վարչության պետ Խաչիկ Մուղդուսին (Խաչատուր Աստվածատրյան)[30]։ Գեներալն ամբաստանվել է միապետական հայացքների և նախկին դաշնակցական Հռիփսիմե Մուշեղյանի հետ կապ ունենալու համար։ Սիլիկյանին հարցաքննող քննիչ Իսրայելյանը հայտնել է, որ Հռիփսիմեի ամուսինը ծառայել է նախկին ՀՀ-ի հակահետախուզությունում[31]։ Քննիչը պահանջում է, որ Մովսես Սիլիկյանը հաստատի, որ «Բալթիկ» ընկերության աշխատակից Գևորգ Քրմոյանն իրեն 1922 թվականին հայտնել է, որ նախկին ՀՀ կառավարությունը նախատեսում է վերականգնել իշխանությունը Հայաստանում և կազմել է կառավարություն, որտեղ Սիլիկյանը վարելու է զինվորական նախարարի պաշտոնը։ Գեներալը կտրականապես հերքում է դա՝ ավելացնելով, որ նման հնարավորություն եղել է 1919 թվականին, սակայն ինքը հրաժարվել է։
1936 թվականին հունվարի 23-ի հարցաքննության ժամանակ Մովսես Սիլիկյանը հայտնում է, որ մինչև 1928 թվականը նամակագրություն է ունեցել Թովմաս Նազարբեկյանի հետ, իսկ Հ. Մուշեղյանի հետ ծանոթ է եղել Կարսից, որտեղ նրա եղբայրն ունեցել է լուսանկարչատուն[32]։ Այդ տիկնոջ հետ հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել Վանում, որտեղ նա աշխատել է սանիտարական լազարեթում[33], իսկ Ամերկոմում ծառայելիս ծանոթացել է Վարազդատ Տերոյանի հետ։ Մովսես Սիլիկյանը հերքել է, որ վերը նշված անձանց հետ վարել է հակախորհրդային և հակապետական բնույթի զրույցներ, ինչպես օրինակ՝ «Իրանում երբեք խորհրդային իշխանություն չի հաստատվի»[34]։ Քննիչի հարցին, թե՝ ո՞վ է Տյոմա Սիլիկովը, գեներալը պատասխանում է, որ նա իր հորեղբոր տղան է՝ Արտյոմը, նախկին ռուսական բանակի Գլխավոր շտաբի սպա։ Նա ծառայել է գեներալ Ա. Դենիկինի բանակում, ապա վտարանդվել է արտասահման[35]։ 1936 թվականի հունվարի 26-ի հարցաքննության ժամանակ Մովսես Սիլիկյանը կրկին պնդում է, որ իրեն մեղավոր չի համարում[36]։
1936 թվականի փետրվարի 27-ի որոշման մեջ ՆԳԺԿ-ի քաղաքական գաղտնի բաժնի լիազոր Ջամջյանը, ուսումնասիրելով Մովսես Սիլիկյանի դեմ հարուցված թիվ 4061 գործը, եկել է եզրակացության, որ բոլոր մեղադրանքները հետաքննությունն ապացուցել է։ Լիազորը, սակայն, հաշվի առնելով Սիլիկյանի տարիքը (74 տարեկան), որոշում է նրան ազատել կալանքից՝ Երևանից չբացակայելու պայմանով, մինչև որ ԽՍՀՄ ՆԳԺԿ Հատուկ խորհրդակցությունը չընդունի համապատասխան որոշում[37]։ Փետրվարի 29-ին Սիլիկյանը պարտավորագիր է գրում Երևանից չբացակայելու մասին և ազատ է արձակվում[38]։
Մարտի 16-ին ՀԽՍՀ դատախազի տեղակալ Միքայելյանը, քննելով Սիլիկյանի դեմ հարուցված մեղադրանքները, առանձնացրել է հետևյալները.
- Նոր Բայազետում կոմունիստներին հետապնդելը,
- 1921 թվականին աքսորից վերադառնալուց հետո «գերմանոֆիլ» Վարազդատ Տերոյանի հետ ունեցած մտերիմ հարաբերությունները,
- Դաշնակցական ընդհատակյա կազմակերպության Կենտրոնական կոմիտեի անդամ Հ. Մուշեղյանի հետ հանդիպելը։
Քննելով վերը նշված հարցերը՝ Միքայելյանը եզրակացնում է, որ Սիլիկյանի դեմ հարուցված մեղադրանքներն ապացուցված են և քրեական գործը պետք է հանձնել ՆԳԺԿ Հատուկ խորհրդակցությանն առանց դատական կարգի[39]։
Ապրիլի 5-ին, սակայն, պետական անվտանգության լեյտենանտ Սարկիսովը, քննելով Սիլիկյանի դեմ հարուցած մեղադրանքները, եզրակացրել է, որ դրանք ապացուցվել են մասնակիորեն, ուստի պետք է գործը կարճել՝ հանձնել արխիվ և Երևանից չբացակայելու որոշումն համարել անվավեր[40]։ Սակայն, Սիլիկյանը երկար չմնաց ազատության մեջ. 1937 թվականին նա ձերբակալվում է չորրորդ անգամ։ Նոյեմբերի 16-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ-ի Եռյակը գեներալին դատապարտում է մահապատժի, որն ի կատար է ածվում նոյեմբերի 22-ին[41]։
Հետմահու արդարացում
խմբագրելՀայկական բանակի գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքը չեղարկվեց միայն 1987 թվականի նոյեմբերի 10-ին, երբ ՀԽՍՀ Գերագույն դատարանը չեղյալ հայտարարեց ՆԳԺԿ-ի Եռյակի որոշումը[42][Նշում 3]։ Այս վճռի պատճառը եղել է Սիլիկյանի որդու՝ Գեորգիի դիմումը ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Վ. Չեբրիկովին[43]։ Միաժամանակ Գեորգի Սիլիկյանը խնդրել է հայտնել հոր մահվան հանգամանքները, տարեթիվը և վայրը։
1988 թվականի հունվարի 14-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի նախագահ Մարիուս Յուզբաշյանը դիմում է ՀԽՍՀ արդարադատության նախարար Ա. Դադայանին՝ խնդրելով հրահանգել, որ Երևանի Սպանդարյան շրջանի Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (ՔԿԱԳԲ) գրանցվի Մովսես Սիլիկյանի մահը, որը տեղի է ունեցել 1937 թվականի նոյեմբերի 22-ին[44][Նշում 4]։
Կարծիքներ
խմբագրելԱյդ ժամանակվա հայ գեներալներից ամենատաղանդավորը Սիլիկյանն էր...։ |
Պարգևներ
խմբագրել- Հայաստանի Առաջին Հանրապետության Գեորգիևյան խաչ շքանշան (նոյեմբերի 18, 1918),
- Ռուսաստանի Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1910),
- Սուրբ Գեորգիի շքանշան (1916)։
Տես նաև
խմբագրելՆշումներ
խմբագրել- ↑ 1935 թվականի նոյեմբերի 29-ին ՀԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԳԺԿ) պետական անվտանգության վարչությունում տված ցուցմունքում Մովսես Սիլիկյանը պարզաբանել է, թե ինչու է որոշ դեպքերում ազգությունը նշել հայ [«քանի որ չէին հասկանում, թե ինչ ազգ է ուտին». տե՛ս Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 6։ Հարցաքննության արձանագրության «Ընտանեկան դրությունը» բաժնում նշված է ոմն Կոնստանտին Ալեքսանդրի Զդանովսկի։ Քրեական գործում նշված անձի վերաբերյալ այլ տեղեկություն չկա (տե՛ս նույն տեղում, թ. 5)։ Ուտիների ծագումնաբանության մասին ավելի մանրամասն տե՛ս Գ. Ռ. Առաքելյան. Ակնարկ Ուտի ազգաբնակչության պատմության.― ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», 2003, -1, էջ 93–98։
- ↑ 1935 թվականի նոյեմբերի 29-ի ՀԽՍՀ ՆԳԺԿ պետական անվտանգության վարչությունում հարցաքննության ժամանակ Մովսես Սիլիկյանը պարզաբանել է իր ազատման մանրամասները։ Նա հայտնել է, որ իր բանտախցիկի դուռը բաց է եղել, և ինքը դուրս գալով՝ թաքնվել է գյուղացիներից մեկի տանը (տե՛ս ՀԱԱ, ֆ.1191, ց.1, գ.1124, թ. 9)։
- ↑ Բառացի նշանակում է՝ օպերատիվ հաշվառման գործերի գունավորում՝ որակավորում։ Պետական անվտանգության օպերատիվ աշխատակիցը, հիմք ընդունելով կասկածյալի արարքի կամ հանցանքի վտանգավորությունը, տվել է համապատասխան գունավորում՝ որակավորում կամ գնահատական։ Նման որակավորման ցանկը սահմանվում էր ՆԳԺԿ-ի, իսկ հետագայում՝ ՊԱԿ-ի հատուկ հրամանով։
- ↑ 1988 թվականի հունվարի 25-ին ՀԽՍՀ ՊԱԿ-ի X բաժնի պետ փոխգնդապետ Ե. Աթթարյանը դիմում է Ադրբեջանի ԽՍՀ գործընկերոջը՝ փոխգնդապետ Բ. Ջամբարովին, խնդրելով, որպեսզի Բաքու քաղաքի բնակիչ Գեորգի Սիլիկովին տեղեկացնի, որ հայրը 1937 թվականի նոյեմբերի 16-ին դատապարտվել է պատժի առավելագույն չափի՝ գնդակահարության։ Գ. Սիլիկովը հոր մահվան վկայականը կարող է ստանալ Երևանի Սպանդարյան շրջանի ՔԿԱԳԲ-ից։ Փետրվարի 10-ին Բ. Ջամբարովը պատասխան գրությամբ հայտնում է, որ Գ. Սիլիկովը հրավիրվել է ՊԱԿ և նրան բանավոր տեղեկացվել է հոր մահվան հանգամանքների և մահվան վերաբերյալ տեղեկանք ստանալու հնարավորության մասին. տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 19, թ. 20 և շրջ.։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Г. Аветисян (2008). Генералы-армяне в Российской империи. Ереван. էջեր 181–182.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ըստ Մովսես Սիլիկյանի 1935 թվական նոյեմբերի 29-ին ՀԽՍՀ ՆԳԺԿ պետական անվտանգության վարչությունում տված ցուցմունքի՝ 1904 թ. ավարտել է Օրանինենբաումի (Լոմոնոսով) սպայական հրաձգային դպրոցը կապիտանի կոչումով (տե՛ս ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 6 շրջ.):
- ↑ 3,0 3,1 3,2 Г. Аветисян (2008). Генералы-армяне в Российской империи. Ереван. էջ 181.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 2, թ. 59 շրջ.:
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 3, թ. 4 շրջ.:
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 9, թ. 21 շրջ.։
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 10, թ. 9 շրջ.:
- ↑ 8,0 8,1 ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 2, թ. 11 շրջ.:
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 2, թ. 9 շրջ.:
- ↑ 10,0 10,1 ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 2, թ. 12 շրջ.:
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 9, թ. 28 շրջ.–29։
- ↑ 12,0 12,1 12,2 Սասունի, Կ․ (1966). Թրքահայաստանը Ա. աշխարհամարտի ընթացքին (1914–1918). Պեյրութ. էջեր 120–121.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 22, թ. 9 շրջ։
- ↑ 14,0 14,1 ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 7:
- ↑ Հարությունյան, Կ․ (2002). Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին. Երևան. էջ 19.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Հարությունյան, Կ․ (2002). Հայկական ազգային զորամիավորումները 1918–1945 թվականներին. Երևան. էջ 20.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Ավելի մանրամասն տե՛ս Սարդարյան, Կ․ (2002). Հայ-վրացական հարաբերությունները 1918–1921 թթ․. Երևան.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Վիրաբյան Վ․ Հ․ (2003). 1918 թ. վրաց-հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները. Երևան. էջեր 137–208.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ Սարդարյան, Կ․ (2002). Հայ-վրացական հարաբերությունները 1918–1921 թթ․. Երևան. էջեր 55–60.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 20,0 20,1 Հարությունյան, Հ․ (2011). 1920 թ. մայիսյան ապստամբությունը Նոր Բայազետ գավառում. Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջ 84.
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 8 շրջ.:
- ↑ 22,0 22,1 Հարությունյան, Հ․ (2011). 1920 թ. մայիսյան ապստամբությունը Նոր Բայազետ գավառում. Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջ 85.
- ↑ Հարությունյան, Հ․ (2011). 1920 թ. մայիսյան ապստամբությունը Նոր Բայազետ գավառում. Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջ 86.
- ↑ Հարությունյան, Հ․ (2011). 1920 թ. մայիսյան ապստամբությունը Նոր Բայազետ գավառում. Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջ 89.
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 14 շրջ.։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 37 շրջ.։
- ↑ Հուշագրության մի մասը տպագրվել է. տե՛ս Армянский корпус против турецких войск (ноябрь 1917 г.– июль 1918 г.). Воспоминания генерала Ф. И. Назарбекова. Сост. Г. М. Шатирян, ред. Г. А. Аветисян.– «Вестник архивов Армении», 1992, ¹ 3, с. 34–153.
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 28, թ. 98:
- ↑ ՀԱԱ, ֆ. 45, ց. 1, գ. 28, թ. 98։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 38
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 3։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 15։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 10։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 19։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 18։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 35։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 39։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 40։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 41-42։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 43։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 16, 19։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1124, թ. 38։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 16։
- ↑ ՀԱԱ, ֆ. 1191, ց. 1, գ. 1125, թ. 19։
Գրականություն
խմբագրել- Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ։ Երևան, 2009 թ., էջ 118-119։
- Карапетян М. Л., Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան (ծննդյան 150-ամյակի առթիվ), Вестник общественных наук НАН РА, N 4, 2012, с. 291-294 (ռուս.)
Աղբյուրներ
խմբագրել- Սահակյան, Ռուբեն (2012). Գեներալ-լեյտենանտ Մովսես Սիլիկյան (կենսագրության անհայտ էջեր). Երևան: Պատմաբանասիրական հանդես. էջեր 63-74։. ISBN 0135-0536.
{{cite book}}
: Check|isbn=
value: length (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |