Կարապետ Մելիք-Օհանջանյան
Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան (մարտի 4, 1893 - փետրվարի 22, 1970, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային բանասեր, հայագետ-արևելագետ, թարգմանիչ։ Պրոֆեսոր (1935), Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1965)[1]։
Կարապետ Մելիք-Օհանջանյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1893 Կալեր |
Մահացել է | փետրվարի 22, 1970 (76 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թարգմանիչ, բանասեր, հայագետ և արևելագետ |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Ալմա մատեր | Լազարյան ճեմարան և HU Berlin |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պրոֆեսոր (1935), ակադեմիկոս (1965) և բանասիրական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Պարգևներ |
ԿենսագրությունԽմբագրել
Կարապետ Մելիք-Օհանջանյանը ծնվել է 1893 թվականի փետրվարի 20-ին (նոր տոմարով՝ մարտի 4-ին) Մեղրու շրջանի Կալեր մելիքանիստ գյուղում, Աղաբեկ Մելիք-Օհանջանյանի տոհմիկ բազմանդամ իշխանական տոհմում։ Նախնիները գաղթել են Ղարադաղից և հաստատվել Կալերում[2]։
Նախնական կրթությունն ստացել է Գանձակում, ընդունվել Տղայոց գիմնազիա, այնուհետև 1903 թվականին տեղափոխվել է Մոսկվա և սովորել է Լազարյան ճեմարանում։ 1911 թվականին, ավարտելով ճեմարանի դասարանական բաժինը, նա 1912 թվականին ընդունվել է մասնագիտական լսարանների արևելագիտական բաժինը։ 1913 թվականի հունվարին հայ գրերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ ճեմարանում կազմակերպված գիտական նստաշրջանում Կարապետ Մելիք-Օհանջանյանը հանդես է եկել ընդարձակ զեկուցումով՝ նվիրված հայ տպագրության պատմությանը։ Իսկ 1914 թվականին, պրոֆեսոր Կ. Կոստանյանի հանձնարարությամբ, նա գրել է «Մամիկոնյանների նախարարական տոհմը ըստ Փավստոս Բուզանդի Հայոց պատմության» անդրանիկ գիտական հետազոտությունը։ Լազարյան ճեմարանի պրոֆեսորական խորհրդի որոշմամբ 1914 թվականին գործուղվել է Գերմանիա՝ գերմաներենի մեջ հմտանալու և սանսկրիտ սովորելու։ 1915-1917 թվականներին եղել է ազատ ունկնդիր Բեռլինի համալսարանում։ 1920 թվականին վերադարձել է Երևան, աշխատել արական գիմնազիայում, ապա՝ Հայկական կարմիր բանակի քաղլուսվարչությունում՝ որպես կուլտուրկրթական բաժնի վարիչ և «Կարմիր բանակ» թերթի խմբագիր։ Միաժամանակ Հայաստանի ժողովրդական համալսարանում դասավանդել է հայ գրականություն և գերմաներեն։ 1921 թվականին գլխավորել է Հայաստանի գիտական ինստիտուտը Էջմիածնում, 1922-1925 թվականներին դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1930-1937 թվականներին եղել է Հայաստանի գիտությունների ինստիտուտի, այնուհետև՝ նյութական կուլտուրայի պատմության, կուլտուրայի պատմության, պատմության և գրականության ինստիտուտների գիտական քարտուղարը, հայ հին գրականության ու ժողովրդական բանահյուսության բաժինների վարիչ[3]։
1937 թվականի հուլիսի 25-ին Կարապետ Մելիք-Օհանջանյանին ձերբակալում են իբրև դաշնակցական ընդհատակյա կազմակերպության կենտկոմի անդամ, որն ակտիվ աշխատանք է կատարում խորհրդային կարգերի դեմ զինված ապստամբություն բարձրացնելու, խորհրդային Իշխանությունը տապալելու և դաշնակցական ազգային-բուրժուական կառավարությունը վերականգնելու նպատակով։ 1941 թվականին նա դատապարտվել է 5 տարվա ազատազրկմամբ և աքսորով։ 1944 թվականի վերջերից, Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու միջնորդությամբ, Կ. Մելիք-Օհանջանյանը բնակություն է հաստատել Երևանում։ 1946 թվականին Մելիք-Օհանջանյանը դարձյալ արտաքսվել է Երևանից և միայն Արտեմ Միկոյանին հղած դիմումից հետո և վերջինիս պաշտոնական կարգադրությամբ է, որ նրան իրավունք է տրվել վերջնականապես հաստատվելու Երևանում։
1946 թվականի Կ. Մելիք-Օհանջանյանն աշխատանքի է ընդունվել ԳԱ գրականության ինստիտուտում ավագ գիտաշխատողի պաշտոնով, միաժամանակ, համատեղության կարգով դասախոսություններ է կարդացել Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտում։
Կարապետ Մելիք-Օհանջանյանը վախճանվել է Երևանում[5], 1970 թվականի փետրվարի 22-ին, 77 տարեկան հասակում[6]։
ԱշխատություններԽմբագրել
Մելիք-Օհանջանյանը զբաղվել է բանագիտությամբ, հայ հին գրականությամբ և հայ ժողովրդի պատմությամբ, արևելագիտությամբ, համեմատական տեքստաբանությամբ, գրական, գիտական և բանահյուսական հուշարձանների թարգմանությամբ։ Նրա գրչին են պատկանում «Տիրան-Տրդատի վեպը ըստ Փավստոս Բուզանդի» (1947), «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» ( 1964), «Միթրա-Միհրը «Սասնա ծռերի» մեջ» (1946), «Լենինը հայ ֆոլկլորի մեջ» աշխատությունները։ Մանուկ Աբեղյանի հետ ձեռնարկել և իրականացրել է «Սասնա ծռերի» գիտական հրատարակությունը։ Գրի է առել «Սասնա ծռերի» ութ նոր պատում, ռուսերեն է թարգմանել «Սասնա ծռերի» 10 ընտիր պատում՝ ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ ծանոթագրություններով։ Մեծ է Մելիք-Օհանջանյանի վաստակը հայ հին գրականության հետազոտման և գրապատմական հուշարձանների գիտական հրատարակության բնագավառում («Էջեր հայ միջնադարյան գեղարվեստական արձակից» (1957), «Կորյունը և նրա «Վարք Մաշտոցին» (ռուսերենով, 1962), «Կիրակոս Գանձակեցի, «Պատմություն Հայոց» (1961), «Պատմութիւն Փարէզի և Վեննայի» (1966)]։ Արևելագիտական-հայագիտական արժեքավոր ուսումնասիրություն է նրա «Ֆիրդուսին և Իրանի վիպական մոտիվները «Շահնամեում» և հայ մատենագրության մեջ»։ Ռուսերեն է թարգմանել Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» (1948) 1-ին հատորը։
ԿոչումներԽմբագրել
1935 թվականին Հայաստանի լուսժողկոմատին առընթեր պետական գիտխորհուրդը Կարապետ Մելիք-Օհանջանյանին շնորհել է գիտահետազոտական ինստիտուտների իսկական անդամի և պրոֆեսորի կոչում։
1962 թվականին Կարապետ Մելիք-Օհանջանյանին շնորհվել է Հայաստանի Խորհրդային Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, 1963 թվականին նա պարգևատրվել է Հայկական ԽԱՀ Գերագույն խորհրդի պատվոգրով, իսկ 1965 թվականին, մի խումբ հայ մտավորականների ջանքերով, նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2020-07-22
- ↑ Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան (Ծննդյան 100-ամյակի առթիվ) բանասիրական գիտությունների դոկտոր Ս. Բ. Հարությունյան
- ↑ «bookreader demo»։ serials.flib.sci.am։ Վերցված է 2020-07-22
- ↑ «Երևանում կտեղադրվի Կարապետ Մելիք-Օհանջանյանի հուշատախտակը»։ yerevan.today։ Վերցված է 2020-07-22
- ↑ «AV Production - Կարապետ Մելիք-Օհանջանյան»։ avproduction.am։ Վերցված է 2020-07-22
- ↑ «Կարապետ Մելիք-Օհանջանյան»։ Կարեն Հովհաննիսյան (ru-RU)։ 2014-03-03։ Վերցված է 2020-07-22
ԳրականությունԽմբագրել
- Ղանալանյան Ա., Կարապետ Աղաբեկի Մելիք-Օհանջանյան, Երևան, 1978 (Նյութեր Հայկական ԽՍՀ գիտնականների կենսամատենագիտության, համար 23)։
ԱղբյուրներԽմբագրել
- Բանասիրական գիտությունների դոկտոր Ս. Բ. Հարությունյան «Ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյան» (Ծննդյան 100-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1994, էջ 100-114
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 395)։ |