Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թատրոն (այլ կիրառումներ)

Թատրոնը (հուն․՝ θέατρον, թարգմ. տեսարանների վայր, տեսարան) արվեստի ճյուղ է, որտեղ արտահայտման հիմնական միջոցը դերասանն է, ով կիրառելով թատերական տարբեր հնարքներ, գործողությունների միջոցով հանդիսատեսին է հասցնում այն, ինչ կատարվում է բեմի վրա։ Որպես դերասան կարող է հանդես գալ ինչպես մարդը, այնպես էլ օրինակ տիկնիկը, կամ էլ ինչ-որ առարկա, որին ղեկավարում է մարդը։ Թատրոնը համարվում է ամենաազդեցիկ գործիքը, որով կարելի է ներգործել մարդու վրա, քանի որ հանդիսատեսը, տեսնելով այն, ինչ կատարվում է բեմի վրա, նույնացնում է իրեն այս կամ այն կերպարի հետ, որի արդյունքում էլ տեղի է ունենում ինքնամաքրում՝ կատարսիս։

Սառա Բեռնարը Համլետի դերում, 1899 թ.

Թատրոնի հիմնական անձնակազմի մեջ մտնում են ռեժիսորը, դերասանները, դիմահարդարները, լուսավորողները, հսկիչները, բեմանկարիչները և այլն[1]։

Թատրոնի պատմություն խմբագրել

Անտիկ թատրոն խմբագրել

 
Տերը (աջ) և նրա ծառան (ձախ) ներկայացման մեջ, մ.թ.ա.350/340

Թատրոնն առաջացել է Դիոնիսոսին նվիրված առասպելների բեմադրություններից։ Այն ժամանակներում հայտնի էր պիեսների 2 ժանր՝ ողբերգություն և կատակերգություն և երկուսն էլ ունեին դիցաբանական կամ պատմական բովանդակություն։ Բոլոր դերերը խաղում էին տղամարդիկ։ Դերասանները (ի սկզբանե բեմում կար 2 դերասան, երրորդին ավելացրեց Սոփոկլեսը) հանդես էին գալիս վիթխարի դիմակներով և պլատֆորմներով։ Բեմական ձևավորումներ չկային։ Կանանց ոչ միշտ էր թույլատրվում հաճախել թատրոն, հատկապես կատակերգությունների, և, որպես կանոն, տղամարդկանցից առանձին էին նստում։ Հին Հունաստանում դերասանի մասնագիտությունը պատվաբեր էր համարվում, իսկ Հռոմեական կայսրությունում՝ ամոթալի։

Այդ ժամանակների հայտնի դրամատուրգներից էին Էսքիլոսը, Սոփոկլեսը, Եվրիպիդեսը, որոնք համարվում են հունական ողբերգության հայրերը, Արիստոփանեսը՝ կատակերգության հայրը։ Հռոմում հայտնի էին Պլավտոսը, ով կատակերգություններ էր գրում և Սենեկան, ով մշակում էր Եվրիպիդեսի ստեղծագործությունները։

Այդ ժամանակաշրջանի հայտնի պիեսներից էին՝ «Պրոմեթևսը շղթայված», «Էլեկտրա», «Օրեսթեա» տրիլոգիան, որոնցից շատերը դեռևս շարունակվում են բեմադրվել։

Հին Հունաստանում դրամատուրգները մարզիկների պես մրցում էին միմյանց հետ, և այստեղ հաշվի էր առնվում հասարակության կարծիքը։ Սոփոկլեսը ոչ մի անգամ վերջին տեղը չի զբաղեցրել այս մրցումներում։

Միջնադարյան թատրոն խմբագրել

 
Սատանայի կերպար հնդկական երաժշտական դրամայում

Միջնադարյան թատրոնը ձևավորվել է 10-11-րդ դարերում՝ լատինական սկզբունքներով, սակայն չի հանդիսացել անտիկ դրամայի շարունակությունը։ Թատերական գործողությունները՝ ժեստերը, ձայնային էֆեկտները, զգեստափոխումները սերել են գիստրիոններից՝ շրջիկ դերասաններից, կատակերգակներից, ձեռնածուներից։

Թատրոնի հնագույն ձևը դա Զատկի բեմականացված ծիսակատարությունն է (Ludus paschalis), որի հիմքը երկխոսությունն էր, որը երբեմն բառացիորեն կրկնում էր պատարագակարգը։ Պատարագային բեմականացումների վայր ծառայել է եկեղեցու տարածքը, և միայն 13-րդ դարում են ներկայացումները սկսում բեմադրել հրապարակներում։

Սուրբ Նիկողայոսի տոնից հետո բեմադրվում են ներկայացումներ, որոնք չունեին պատարագային ուղղվածություն։ Ներկայացումներում հանդիսատեսին ներկայացվում էր տարածված լեգենդների կերպարների հետ կապված տարբեր իրադարձություններ։

13-րդ դարի երկրորդ կեսից սկսում են բեմականացնել ամեն ինչ՝ Աստվածաշնչի պատմությունները, «Աղվեսի մասին վեպը», Ջովաննի Բոկաչչոյի թարգմանված վեպերը։

Համաշխարհային թատրոն խմբագրել

Արևելքի թատրոն խմբագրել

 
Դիմակով դերասաններ ներկայացման մեջ

Արևելյան թատրոններում (Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի, Ինդոնեզիայի թատրոններ) դեռևս պահպանվում են դրամատիկական, տիկնիկային, երաժշտական թատրոնների հին ավանդույթները։ Թատերական գործունեության բոլոր ձևերը շարունակվում են այս երկրների մշակութային ավանդույթների մեջ, չնայած, որ արևելյան թատրոններում ձևավորվել են բազմաթիվ և բազմազան ձևեր և տեսակներ։ Ամենից առաջ դա ներկայացումների սիմվոլիզմն է։ Թատրոնը նախատեսված էր նրանց համար, ովքեր հասկանում էին միմիկայի, պլաստիկայի, ժեստերի էությունը։ Այստեղ երևան եկան ծիսակատարությունների լեզվային առեղծվածների առանձնահատկությունները։ Սա անհրաժեշտ էր դերասանին կարգավիճակ շնորհելու համար. թատերական արվեստը պատվաբեր գործ էր համարվում, իսկ թատերական ներկայացումը ծիսական բնույթ էր կրում։ Ներկայացումը համարվում էր յուրահատուկ երկխոսություն աստվածների միջև։

Աֆրիկայի թատրոն խմբագրել

Աֆրիկական թատրոնի սկզբնակետը համարվում է կենդանիների պաշտամունքը, որը բավականին տարածված էր որսորդությամբ զբաղվող աֆրիկյան ցեղերի շրջանում։ Այն ուղեկցվում էր պարերով, երգերով, ռիթմիկ հարվածային գործիքների (թմբուկների, մարիմբաների) երաժշտությամբ։ Այս ծիսակատարությունը կատարվում էր ցեղի համար նշանակալի իրադարձության՝ հաջող որսի, բերքահավաքի կամ էլ հաշտեցման ժամանակ։

Թատրոնի տեսակներ խմբագրել

Դրամա խմբագրել

 
Թատերականացված գյուղական խնջույք, 1600 թ.
(հեղ. Պիտեր Բրեյգել Կրտսեր)

Դրաման արձակի յուրահատուկ տարատեսակ է, որը ներկայացվում է բեմականացումներում[2]։ «Դրամա» տերմինը ծագում է հին հունարեն «գործողություն» բառից։ Դրամայի բեմականացումը դերասանների կողմից թատրոնում՝ բեմի վրա և հանդիսատեսի առջև, ենթադրում է համատեղ արտադրանք և միասնական ընդունելություն։ Այդ երկուսն էլ իրենց ազդեցությունը կարող են ունենալ դրամատիկական ստեղծագործությունների կառուցվածքի վրա[3]։ Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ» և Սոփոկլեսի «Էդիպուս արքա» ողբերգությունները (մ.թ.ա.429 թ.) դրամայի գլուխգործոցներն են համարվում[4], իսկ ժամանակակից գործերից՝ Յուջին Օ'Նիլի 1956 թվականին գրված «Երկար օրը գնում է գիշեր»-ը (Long Day's Journey into Night)[5]։

Դրաման, որը համարվում է պոեզիայի ժանր, միշտ հակադրվել է դյուցազներգության և քնարերգության հետ սկսած Արիստոտելի «Պոետիկա» (մ.թ.ա.335 թ.) ստեղծագործության ժամանակներից, որը համարվում է դրամատիկական թեորիայի ամենավաղ աշխատությունը[6]։ «Դրամա» անվանումը որպես ներկայացման յուրահատուկ տեսակի անվանում, օգտագործվում է 19-րդ դարից։ Դրամա է կոչվել այն ներկայացումը, որը տարբերվում էր կատակերգությունից և ողբերգությունից, օրինակ՝ Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն» (1873 թ.) և Անտոն Չեխովի «Իվանով» (1887 թ.) ստեղծագործությունները։

Դրաման հաճախ ուղեկցվում է երաժշտությամբ և պարով. օպերայում սովորաբար դրաման երգում են, մյուզիքլներում առկա են և՛ երգերը, և՛ երկխոսությունները։ Կան դրամայի որոշ տեսակներ, որոնք ուղեկցվում են երաժշտությամբ, որպեսզի ավելի ընդգծվի երկխոսությունը. դրանք մելոդրամաներն են և ճապոնական նոերը[7]։ Պատմության որոշակի ժամանակաշրջանում (հին հռոմեական և ժամանակակից ռոմանական) որոշ դրամաներ գրվում էին կարդալու համար և ոչ թե խաղալու[8]։ Իմպրովիզացիայի թատրոնում, դրաման նախապես գրված չէ, դերասանները ինքնաբերաբար ստեղծում են այն հանդիսատեսի առջև[9]։

Երաժշտական թատրոն խմբագրել

Երաժշտությունը և թատրոնը հնագույն ժամանակներից ի վեր սերտորեն փոխկապակցված են միմյանց հետ, օրինակ՝ աթենքյան ողբերգությունը պարային դրամա էր, որ բեմադրվում էր երգչախմբի կատարմամբ (ներկայացման մեջ հնչում էր ավլոս երաժշտական գործիքը, որը նման է ժամանակակից կլարնետին)[10]։ Արդի երաժշտական թատրոնը ներառում է իր մեջ երաժշտություն, երկխոսություն և պար։ Այն առաջացել է 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին հայտնի ժանրերից՝ կոմիկական օպերայից (հատկապես Ջիլբերտ և Սալիվան), վարիետեից (թատրոն, որի խաղացանկը բաղկացած է թատերական, երաժշտական և կրկեսային ժանրերի ներկայացումներից), վոդևիլներից, մյուզիք հոլից[11]։ Էդվարդյան երաժշտական կատակերգություններից, 20-րդ դարի մյուզիքլներից և 1920-30-ական թվականների կատակերգություններից հետո մյուզիքլները ձեռք բերեցին ավելի դրամատիկ ուղղվածություն[12]։ Վերջին տասնամյակների հայտնի մյուզիքլներից են «Իմ հրաշալի լեդին» (1956 թ), «Վեստսայդյան պատմություն (մյուզիքլ)» (1957 թ), «Մազեր» (1967 թ), «Մերժվածները» (1980 թ), «Օպերայի ուրվականը» (1986 թ)[13]։ Մյուզիքլները, որոնք բեմադրվում են Բրոդվեյում և Վեստ Էնդում, շատ հաճախ ունեն բազմամիլիոնանոց բյուջե, որն էլ թույլ է տալիս բեմադրության մեջ օգտագործել բազում թանկարժեք հանդերձանք և դեկորացիաներ։

Կատակերգություն խմբագրել

 
Թատերական դիմակներ (ողբերգության և կատակերգության), ռոմանական աշխատանք, մ.թ. 2-րդ դար

Այն թատերական ներկայացումները, որտեղ որպես պատմություն պատմելու միջոց օգտագործվում է հումորը որակվում են որպես կատակերգություններ։ Սա ներառում է թե «Բոինգ-Բոինգ» ժամանակակից ֆարսը, և թե «Ինչպես կուզեք» դասական ներկայացումը։ Այն թատրոնը, որը սառը, վիճելի և արգելված առարկաները դիտավորյալ արտահայտում է հումորի միջոցով, կոչվում է սև կատակերգություն (սև հումոր

Ողբերգություն խմբագրել

Ողբերգությունը դրամայի յուրահատուկ ձև է, որը պատմականորեն եզակի և կարևոր դեր է խաղում արևելյան քաղաքակրթության ինքնասահմանման մեջ[14]։ Այս ձևը հաճախ օգտագործվել է պատմական շարունակականության և մշակութային ինքնության վրա զգալի ազդեցություն թողնելու համար՝ ինչպես Ռայմոնդ Ուիլյամսն է գրել․ «Հույները և Ելիզավետականները մի մշակութային ձևի մեջ, Հելլենները և քրիստոնյաները ընդհանուր գործունեության մեջ»[15]։ 2500 տարի առաջ Աթենքի թատրոններում ողբերգությունների ստեղծումից, որոնցից պահպանվել են Էսքիլոսի, Սոփոկլեսի և Եվրիպիդեսի աշխատանքների մի մասը միայն, Ուիլյամ Շեքսպիրի, Լոպե դե Վեգայի, Ժան Ռասինի և Ֆրիդրիխ Շիլլերի եզակի ստեղծագործություններից մինչև Յոհան Ստրինդբերգի ժամանակակից նատուրալիստական ողբերգությունը, Սեմյուել Բեքեթի՝ մահվան, կորստի, տառապանքների վերաբերյալ արդիական մտքերը, Հայներ Մյուլլերի՝ ողբերգական կանոնի պոստմոդեռնիստական ստեղծագործությունները, ողբերգությունը պահպանվել է որպես մշակութային փորձարկման, պայքարի, փոփոխությունների կարևոր միջոց[16]։ Գնալով Արիստոտելի «Պոետիկայի» (մ.թ.ա.335 թ.) հետքերով, ողբերգությունը օգտագործվել է ժանրային տարբերակումներ անելու համար, թե ընդհանրապես պոեզիայի կտրվածքով (որտեղ ողբերգությունը բաժանվում է էպիկականի և լիրիկականի), և թե դրամայի կտրվածքով (որտեղ ողբերգությունը հակադրվում է կատակերգությանը։ Ժամանակակից դարաշրջանում ողբերգությունը հակադրվել է նաև դրամային, մելոդրամային, տրագիկոմեդիային և էպիկական թատրոններին[17]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Թատերական գրադարան
  2. Էլամ (1980, 98)
  3. Pfister (1977, 11).
  4. Ֆերգյուսոն (1949, 2–3).
  5. Burt (2008, 30–35).
  6. Ֆրենսիս Ֆերգյուսոն
  7. Օպերան, մյուզիքլը, մելոդրաման և նոն Բենհամում (1998 թ.)
  8. Սենեկա և Բայրոն, Բենհամ (1998 թ.)
  9. Gordon (1983), Duchartre (1929), Johnstone (1981) and Spolin (1963).
  10. Rehm (1992, 150n7).
  11. Jones (2003, 4–11).
  12. Fraser Charlton "What are EdMusComs?" (FrasrWeb 2007, accessed May 12, 2011).
  13. Kenrick, John (2003). «Մյուզիքլների պատմությունը». Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  14. Banham (1998, 1118) and Williams (1966, 14–16).
  15. Williams (1966, 16).
  16. Williams (1966, 13–84) and Taxidou (2004, 193–209).
  17. Carlson (1993), Pfister (1977), Elam (1980) and Taxidou (2004).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 145