Հին շրջանի հայկական կերպարվեստ

Հին շրջանի հայկական կերպարվեստ, Երվանդունիների թագավորության շրջանում (մ.թ.ա. 570-201) քանդակագործություն, խեցեգործություն, կավագործություն, որը շարունակեց զարգանալ Մեծ Հայքի թագավորության (մ.թ.ա. 331- մ.թ. 428) կամ հելլենիզմի դարաշրջանում։ Հանդիսանում է հայկական կերպարվեստի առաջին փուլը։

Մ.թ.ա. 6-մ.թ.ա. 3-րդ դարերում հայկական կերպարվեստը շարունակել է նախորդ շրջանի ձեռքբերումները, ստեղծվել են գեղարվեստական տարբեր ձևավորումներով մետաղե, խեցե, ապակե իրեր, քարե սկահակներ ու կնիքներ, զարդեր, քանդակներ և այլն։ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են արծաթե, պղնձե պտյակներ՝ եղնիկի, քարայծի պատկերներով, և թասեր՝ կենդանական ու բուսական պատկերներով, որոնց նմուշներից պահվում են Փարիզի, Բեռլինի, Լոնդոնի թանգարաններում։

Մ.թ.ա. 3-րդ դարից բազմաթիվ քաղաքների առաջացումը, արհեստների ու առևտրի զարգացումը մեծապես նպաստել են հին հայկական մշակույթի և արվեստի զարգացմանը նոր՝ հելլենիստական ուղիով։ Ըստ մատենագրության՝ Հին Հայաստանի դիցարանի բազմաթիվ աստվածությունների՝ քարից, փայտից, պղնձից և այլ նյութերից պատրաստված արձաններ կամ կուռքեր են դրվել մեհյաններում, որոնք հափշտակվել կամ ոչնչացվել են քրիստոնեության ընդունումից հետո։

Արձաններում հաճախ առկա է հունականի ու տեղական ավանդույթների և ազգագրական առանձնահատկությունների համադրումը։ Լավագույն նմուշներից են Կոմմագենեում՝ Նեմրութ լեռան վրա մ.թ.ա. 1-ին դ.-ում Երվանդունիների օրոք տեղադրված մոնումենտալ քանդակները։ Երևանի և Գյումրիի մերձակայքներում պեղված տղամարդու և կնոջ արձանների գլուխները (մ.թ. 3-րդ դար) վկայում են դիմաքանդակի որոշակի մակարդակի մասին։ Հունա-հռոմեական ոճի բարձրարվեստ նմուշներ են Գառնիի հեթանոսական տաճարի (առաջին դարի 2-րդ կես) բարձրաքանդակներն ու հարթաքանդակները (մ.թ.ա. 70-ական թթ.)։ Նմանատիպ քանդակազարդ շենքեր եղել են նաև Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ գեղարվեստական բարձրարժեք գործեր են Ծոփքի թագավորների և Արտաշիսյան արքաների (Տիգրան Բ Մեծ, Արտավազդ Բ) դիմապատկերներով պղնձե ու արծաթե դրամները։ Հին հայկական արվեստը ցայտուն կերպով դրսևորվել է մետաղագործության, խեցեգործության, ապակեգործության, կիրառական այլ արվեստների, ինչպես և մոնումենտալ գեղանկարչության մեջ։ Գեղարվեստական մետաղագործության արժեքավոր նմուշներից են արծիվների ու եղնիկների բրոնզե ձուլածո արձանիկները (խորհրդանշում են արև և ջուր), 2 արծաթե թասերը, որոնցից մեկը, որի վրա գրված է Հայոց Բակուր Բ թագավորի անունը, զարդարված է թատերական պատկերներով։ Արտաշատում հայտնաբերվել է ոսկե պսակ՝ տերևազարդերով, Գառնիում՝ ոսկե կրծքազարդ (85 մանր մասերով)։

Հելլենիստական արվեստի գործերից են նաև ոսկե ու արծաթե զանազան կախիկները, ականջօղերը, մատանիները, փորագիր պատկերներով մատանու ակերը և այլն։ Գեղարվեստական ստեղծագործության ծավալուն բնագավառ էր խեցեգործությունը։ Կավագործ վարպետներն ստեղծել են խեցե անոթներ, ջրամաններ, մատուցարաններ, թասեր, պնակներ, կավե սրվակներ, ճրագներ և այլնորատիպ կենդանակերպ անոթներ։ Կավանոթների մակերեսները, տարբեր գույներով ներկելուց և փայլեցնելուց բացի, նկարազարդել են հելլենիստական արվեստին բնորոշ երկրաչափական ու բուսական պատկերներով։

Կավագործություն խմբագրել

Մ.թ.ա V-IV դարերից մեզ հասել են լավ թրծված կավից պատրաստված բաց գույնի (մոխրագույն, կարմրավուն, սրճագույն) սափորներ։ Սրանք հարթ հատակով, ուռուցիկ իրանով, գլանաձև վզով և շեփորաձև պսակով անոթներ են, աղեղնաձև երկար կանթերով։ Դրսի կողմից կանթերը տարբեր տեսակի զարդեր ունեն։ Անոթների մեծ մասը դրգի վրա է պատրաստված։ Ընդհանուր առմամբ այդ սափորները իրենց ձևերով և կերպարով տարբերվում են նախորդ՝ երկաթի դարի կավանոթներից, սակայն որոշ հատկանիշներով, հատկապես կանթերի զարդերով, այնուամենայնիվ, կապվում են նրանց հետ։

Մշակութային հետաքրքիր կապեր է դրսևորվում երկկանթանի սափորաձև մի անոթ, հարթ հատակով, դեպի վերև լայնացող իրանով, բարձր պսակով նարնջագույն արտաքինով։ Ուրարտական խեցեգործության հայտնի է անոթների այս տիպը (Արինբերդ և Կարմիր-բլուր), մի հանգամանք, որն ակնարկում է վաղ հայկական խեցեգործության այս ձևի հին ակունքների մասին։ Դրա հետ մեկտեղ նման անոթների ավելի զարգացած ձևերը գերիշխում էին աքեմենյան ժամանակաշրջանի գեղարվեստական մետաղագործության մեջ։ Այդ երևում է պատահական բազմաթիվ հայտաբերումներից, ինչպես և Պերսեպոլիսի բարձրաքանդակներից։

Գնդաձև երկու փոքր «հաղորդակցվող» կճուճներից կազմված անոթը, որը ևս իր նմաններն ունի ուրարտական նյութերի մեջ, հատկապես հետաքրքիր է կարմրավուն և մուգ սրճագույն իր զարդերով՝ բաց ֆոնի վրա։ Այս զարդերը Հայաստանի վաղ շրջանների գունազարդ խեցեղենի ուշ արձագանքն են թվում, որով այդ անոթը թերևս կարելի է կապող օղակ համարել ուրարտական և հելլենիստական ժամանակաշրջանի գունազարդ կավանոթների միջև։ Նույն վաղ հայկական շրջանին պատկանող կավե ըմպանակները կորագիծ հատակ ունեն և ընդգծված անցնում դեպի բարձր, լայնացող պսակը։ Այս տիպի անոթները աքեմենյան և հետագա դարաշրջաններում լայն տարածում են գտել ընդարձակ տերիտորայի վրա՝ Փոքր Ասիա, Անդրկովկաս, Պարսկաստան։ Սրանք ամենայն հավանականությամբ հին արևելյան ծագում ունեն և կապվում են Ասորեստանի և Ուրարտուի մշակույթի հետ։

Քանդակագործություն խմբագրել

Արդեն նախաուրարտական ժամանակաշրջանում տեղի էր ունեցել քարե կուռքերի մարդակերպ դառնալու պրոցեսը, որի մասին վկայում են մի քանի հարթ դեմքերով, պրիմիտիվ քանդակներ։ Սրանց հիման վրա հետագա դարերում մշակվում է մարդակերպ փոքր-ինչ ավելի զարգացած նմուշների մի խումբ, որի մի օրինակը՝ Աղջաղալայից, հավանաբար, ուշ-ուրարտական կամ վաղ-հայկական քանդակագործությանը պետք է վերագրել։ Այս արխայիկ օրինակը կլոր քանդակ է, երեսի մի շարք առանձնացված մանրամասնություններով, ինչպիսիք են՝ գլխի ծածկ և ճակատ, քիթ, բերան և աչքեր։ Բոլորը մի հարթության վրա են վերագրված և բնութագրում են ժողովրդական քանդակագործության առանձնահատկությունները։

Բացի ծավալային արձանագործությունից հին Հայաստանում զարգացած էր նաև քարի գեղարվեստական քանդակը։ Դրա լավագույն նմուշներն են Գառնիի հեթանոսական տաճարի ճոխ ու շքեղ զարդերը։ Ոճավորված բուսական ու երկրաչափական քանդակները կատարված են մեծ արվեստով՝ բարձրաքանդակ ցցուն ու պլաստիկ ձևերով, մեղմ փոխանցումներով և դասական կատարելությամբ։ Ռելիեֆ հյուսվածքները հաճախ արված են թափանցիկ փորագրությամբ։ Առաջին հայացից քանդակները աչքի են ընկնում ձևերի ու մոտիվների միասնությամբ, իսկ մանրազնին դիտումներով երևան է գալիս ձևերի ու մոտիվների բազմազանությունը, որն այնքան բնորոշ է հայկական արվեստին, երևան է գալիս դեռևս հին շրջանի արվեստի մեջ։

Գառնիի հեթանոսական տաճարի քանդակների թվում կան մարդկային պատկերներ։ Դրանք երկու երիտասարդ ատլանտներ են, որոնց բարձրաքանդակները տեղադրված են տաճարի աստիճաններից աջ և ձախ բարձրացող պատերի ճակատին։ Դժբախտաբար այդ քանդակների գլուխները դեռևս հնում ջարդել, կեղծել են, իսկ տեղի անհարմարության պատճառով նրանց ոտքերի համամասնությունները խախտված են։ Այնուամենայնիվ, նրանց մարմինների անատոմիական ընդգծված պատկերումը դրական վկայություն է այդ քանդակների արվեստի մասին։

Գառնիի տաճարը Հին Հայաստանի հելլենիստական բնույթի միակ քանդակազարդ շենքը չէ. նման շենքեր եղել են Արտաշատում, Տիգրանակերտում, Վաղարշապատում և այլուր։ Դրան իբրև վկայություն կարող է ծառայել այն, որ 1958 թվականին Վաղարշապատում, 618 թվականին կառուցված Հռիփսիմե տաճարի ներսում գտնվեցին Գառնիի քանդակներին միանգամայն նման քանդակներով զարդարված քիվի երեք քար, որոնք վերցվելով ինչ-որ հին շենքի ավերակների հիմքերում։

Շենքերը քանդակներով զարդարվում էին նաև ներսից։ Գառնիի պեղումների ժամանակ գտնվել են մարմարի հարթաքանդակների, քանդակազարդ քիվերի և այլ բեկորներ։ Դրանք կատարված են բարձր արվեստով, անտիկ բարձաքանդակների նմանությամբ, և ինչպես կարելի է դատել նրանց փոքր չափսերից, ծառայել են իբրև շենքերի ներսի ճարտարապետական հարդարանք։ Այդպիսի փոքր քիվեր կարող էին ունենալ շենքերի դռների, խորշերի պարակալները, արձանների պատվանդանները, շենքերի ներսում զետեղված ավազանները և մարմարի սարկոֆագները։

Խեցեգործություն խմբագրել

Հայաստանը մ.թ.ա երրորդից առաջին դարերում ունեցել է գեղարվեստական մշակումով և նկարազարդ խեցեղեն անոթներ, որոնց նմուշները հայտնի են Արմավիրից, Արտաշատից, Գառնիից, Դվինից և այլ վայրերից։ Արմավիրում հայտնաբերվել են արջի, ցլի գլուխներով անոթների մասեր և վարդագույն կամ բաց ֆոնի վրա կարմիր, սև երկնագույն ներկերով զարդարած ջրամաններ, ափսեներ, թասեր և այլն, իսկ Գառնիում գտնվել են համարյա ամբողջացող մի նկարուն կարասի բեկորներ՝ գեղեցիկ զարդերով, որոնք տարածված էին հելլենիստական աշխարհում և Հայաստանում։ Հելլենիստական դարաշրջանի համար բնորոշ և կատարյալ են դառնում կավե անոթների ընդհանուր ձևերը, իսկ հաճախ անոթները պատվում էին գունավոր հողերի շփոթով և թրծելուց առաջ փայլեցվում էին քարե կոկիչներով, հաճախ էլ նկարազարդվում։

Գառնիում, Վաղարշապատում և այլուր հայտնաբերվել են զգալի քանակությամբ 1-3-րդ դարերի ապակեղեն՝ կոլբայաձև, գնդաձև, ձվաձև և երկար վզով, ամֆորիսկների և այլ ձևի սրվակներ։ Դրանցից շատերը պատրաստված են կաղապարների մեջ՝ գեղարվեստական բարձր ճաշակով, որը երևան է գալիս թե՛ ընդհանուր ձևերի, թե՛ զարդերի մեջ։ Զգալի է կանելյուրավոր սրվակների թիվը, կան փշատերև ծառերի, կնգուղի տեսքի ուռուցիկ զարդեր, ինչպես և երկրաչափական օրնամենտներ, սափորիկիների ձևի ուռուցիկ զարդեր կրող սրվակներ, թասեր, ինչպես և վերադիր զարդերով անոթներ, թասեր։ Մի սրվակի երկու հանդիպակաց կողմերից յուրաքանչյուրի վրա տեսնում ենք կնոջ ռելիեֆ՝ գլուխ՝ մազերի ալիքաձև սանրվածքով։ Շատ սրվակների գեղարվեստական արտահայտչությունը շեշտվում է ապակուն տրված գույների շնորհիվ։ Հանդիպում են մանուշակագույն, կապույտ, կանաչ, դեղին, նարնջագույն և այլ երանգների ապակիներ։

Կաթնավուն հաստ ապակուց պատրաստված մի մեծ սրվակ օվալի ձև ունի, դեպի վեր՝ սլացիկ նեղանում է, իսկ ոչ շատ երկար վիզը վերջանում է դեպի դուրս ծռվող բոլորակ պսակով։ Անոթը պատրաստված է կաղապարի մեջ, նրա ոտքից վերև և վզի վրա ձույլ ապակին ծոր տալով ստացվել է օղակաձև վերադիր գոտիներ, իսկ ամբողջ անոփը զարդարված է պտտվող ճախարակի օգնությամբ՝ տաշելու միջոցով ստացված բլթակաձև և ձվածիր պատկերների ութ գոտիներով։ Այս անոթը ապակեգործության բարձրարվեստ նմուշ է։

Հայաստանում հայտնաբերված ապակեղենի զգալի մասը ներմուծված է Սիրիայից, մասնավորապես Սիդոնից, սակայն սիրիական և հելլենիստական այլ երկրների ապակեղենի նմանությամբ և նույն տեխնիկայով գեղարվեստական անոթներ արտադրվել են նաև տեղում։

Ապակեգործություն խմբագրել

Արվեստի նոր ոլորտ էր նաև ապակեգործությունը։ Հայաստանում ապակի արտադրվել է դեռևս մ.թ.ա. 11-րդ դար-1 դարերում, բայց զարգացել է նորովի, երբ նոր թվականության սկզբներին հայտնագործվել է ապակեփչման տեխնիկան, ապակե անոթների մակերեսները հարդարվել են գծագիր, փորագիր, վերադիր զարդերով, ամրացվել ձևավոր կանթեր։ Ապակեղենին գեղարվեստական տեսք և հմայք են հաղորդել նաև տարբեր գույներն ու երանգները։

Խճանկար խմբագրել

Անտիկ շրջանի հայկական խճանկարի առաջին նմուշը հայտնաբերվել է Գառնիում՝ 1953 թվականին։ Այն բացվել է ամրոցի 3-րդ դարին թվագրվող բաղնիքի հանդերձարանի հատակին։ Գառնիի խճանկարը բազմերանգ է, պատրաստված տեղում, Ազատ գետի հունից վերցված գույնզգույն քարերից և ունի հարուստ հորինվածք՝ բաղկացած առասպելական ծովային տեսարաններից։

Խճանկարի ընդհանուր ֆոնը բաց-կանաչավուն, ծովային է։ Հորինվածքի կենտրոնում բազմերանգ խորանարդիկների օգնությամբ, երանգների նուրբ համադրությամբ պատրաստված հյուսկեն զարդ ունեցող գեղատեսիլ շրջանակի մեջ զետեղված են օվկիանոսի և ծովի կիսանդրիները, առաջինը՝ թավ մազերով տղամարդու, իսկ երկրորդը՝ գեղաչյա կնոջ կերպարանքով, որի գլխից դեպի աջ ու ձախ տարածվում են խեցգետնի երկու շոշափուկներ։ Այս շրջանակի, որպես կոմպոզիցիոն առանցքի շուրջը պատկերված են հունական ծովային առասպելաբանության մեջ հայտնի հայտնի իկթիոկենտավրոսներ, ներեիդներ, տարբեր աստվածություններ, ձկներ, ձկնորսներ, դելֆին, ոստրեներ և այլն։ Դրանք բազմագույն են՝ երանգների նուրբ փոխանցումներով և բավականաչափ բարձր արվեստով կատարված, թեև մոզաիկան ամբողջությամբ վերցրած կրում է անտիկ արվեստի անկման շրջանի կնիքը։ Հարավային պատի երկարությամբ ձգվող հատվածի վրա արված պատկերները արվեստով և համամասնությամբ զիջում են կյուս հատվածների պատկերներին և կատարված են, հավանաբար, տարբեր վարպետների ձեռքով։

Գառնիի մոզաիկ պատկերները անձնավորում են զանազան երևույթներ կամ հասկացություններ։ Հյուսիսային պատի տակ նրա երկայնքով ձգվող հատվածում պատկերված է թառափի նմանվող մի ձուկ, իխթիոկենտավր, որի գլխից ձախ, ձկան պատկերների վերևում գրված է «ծովի խորք», իսկ իխթիոկենտավրի մեջքին նստած է ներեիդ, որի գլխից ձախ գրված է «Գալենե»՝ «Ծովային անդորր»։ Նրանից աջ զետեղված է ձկնորսների և նավազների հովանավոր աստծու՝ Գլավկոսի պատկերը, իսկ ավելի աջ գտնվում են Աքիլլեսի հոր և մոր՝ Պելեոսի և Թետիսի ոտքերից ցած, արևելյան պատի տակ պետկերված է մի փոքր դելֆին, որից վերև գրված է «Ծովափ»։ Դելֆինից աջ գտնվում է մերկթևավոր ձկնորսի պատկերը, որը, կանգնած նավի ծայրամասում, ծովից հանում է ուռկանը, որի մեջ ձկներ կան։ Ձկնորսի գլխի մոտ մակագրված է՝ Գեղեցկություն։ Ավելի աջ և հարավային պատի տակ նույնպես պատկերված են իխթիոկենտավրներ, ձկներ, ժայռի վրա նստած ձկնորս, որը ձուկ է բռնում կարթով։ Արևմտյան պատի երկայնքով ձգվող հատվածի վրա պատկերված են սիրո աստված Էրոսը, սիրո համոզմունքի և պերճախոսության աստվածուհի Պիթոն և ցանկության աստված Պաթոսը, իսկ հատակի քանդված մասում հավանաբար պետք է լինեին սիրո աստվածուհի Ափրոդիտեի և ամուսնության աստված Հիմենայոսի պատկերները, որոնք սովորական են նման տեսարաններոմ։

Գառնիի խճանկարը ներկայացնում է մի կետսահաստատ տեսարան, որը նշանավորում է կյանքի սկզբնավորումն ըստ հին հունական պատկերացումների՝ օվկիանոսից ու ծովից, և նրա հարատևությունը սիրո և ամուսնության միջոցով։

Գառնիի խճանկարում օգտագործվում է 15 երանգ, որոնց համադրությունը կատարված է մեծ հմտությամբ և մեղմ ու նուրբ անցումներով։ Գույները շատ վառ չեն, սակայն ծովի բաց կանաչ ֆոնի վրա աչքի են ընկնում ավելի բաց լուսավոր, քան մուգ երանգները, որոնք և, խճանկարի բովանդակությանը համապատասխան, առաջացնում են լուսավոր ու կենսուրախ տրամադրություն։

Գառնիի խճանկարը թեև 3-րդ դարի գործ է, բայց նրան հատուկ են ավելի հելլենիստական, քան հռոմեական արվեստին բնորոշ առանձնահատկությունները, որը պետք է բացատրել մի կողմից հելլենիստական արվեստի ավանդների կենսունակությամբ Հայաստանում և մյուս կողմից՝ հռոմեական արվեստի ազդեցության թուլությամբ։ Գառնիի խճանկարի տեղական առանձնահատկությունները երևան են գալիս նաև ամբողջ կոմպոզիցիայի, գույների գամմայի և մարդկային պատկերների արևելյան կերպարների մեջ։

Գառնիի խճանկարը հին Հայաստանի հելլենիստական բնույթի մոնումենտալ գեղանկարչության նշանավոր և եզակի ստեղծագործություն է։ Սակայն նրա բարդ հորինվածքը, գույների գամման, կատարման տեխնիկան և արվեստը վկայում են, որ այն հին Հայաստանի խճանկարչության առաջին գործերի թվին չի պատկանում, այլ, ընդհակառակը, նշանավորում է նրա մայրամուտը, անկումը։ Այն կրկին պիտի վերակենդանանար վաղ ֆեոդալական շրջանում։

Գեղարվեստական ստեղծագործության մեջ կարևորվել է մոնումենտալ գեղանկարչությունը՝ որմնանկարչությամբ և խճանկարչությամբ։ Որմնանկարչության ամենահին օրինակները վերաբերում են ուրարտական դարաշրջանին, պալատներն ու տաճարները զարդարվել են բարձրարվեստ որմնանկարներով, որտեղ պատկերված են աստվածների երթը, որսի տեսարաններ և այլն։ Տարածված էին նաև եզրազարդերը։ Հելլենիստական շրջանի որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել Արտաշատում։

Հայկական խճանկարչության առաջին և համեմատաբար ամբողջ, նմուշը Գառնիի բաղնիքի հանդերձարանի հատակի՝ 15 երանգի քարերով նշանավոր խճանկարն է (մ. թ.ա 3-րդ դար), որտեղ պատկերված են ծով և առասպել, ծովային արարածներ (ձի-ձուկ, ձկնակենտավրոսներ, դելֆին, ձկներ, ձկնորսներ, ջրահարսներ և այլն)։ Խճանկարի կենտրոնում՝ տղամարդու և կնոջ կիսանդրիների վերևում, գրված է. «Ոչինչ չստանալով աշխատեցինք»։ Այն սյուժեով, ոճի ու գույնի առանձնահատկություններով հայկական հելլենիստական շրջանի բարձրարվեստ և նշանավոր ստեղծագործություններից է։ Նեմրութ լեռան վրա։ Այդ ժամանակաշրջանում հայկական (մ. թ. ա. 1-ին դար) կերպարվեստը զարգացել է 2 հիմնական ուղղություններով՝ տեղական ավանդական և հելլենական, որոնք փոխհարստացրել են միմյանց։

Մետաղագործություն խմբագրել

Հանդիպում են միջին չափերի նիզակի երկաթե ծայրեր՝ երկարավուն շեղբերով և սնամեջ կոթառով։ Այսպիսի նիզակի ծայրերն իրենց տիպաբանական նախորդներն ունեն երկաթե դարի նյութերի մեջ։ Դանակները, նույնպես երկաթից, երկու տիպի են. օղակաձև դաստապանով կամ փոքր չափի ուղիղ դաստապանով։

Զարդերի թվում պետք է նշել բրոնզե լարից պատրաստված հյուսածո վզնոցները, տափակ ծայրով։ Սրանք ևս հանդիպում են բրոնզե դարից սկսած։ Ապարանջանների գերակշռող մասը հինգից չորրորդ դարերի համար բնորոշ ներճկումներ ունեն։ Նման տիպի ապարանջաններ, հատկապես ոսկուց, հանդիպում են աքեմենյան մշակույթի հետ առնչվող նյութերում, ինչպես նաև Շոշ (Սուզա) քաղաքի՝ Աքեմենյանների պալատի պատերի վրա պատկերված թիկնապահների ձեռքերին։

Հանդիպում են նաև զանգակաձև կախիչներ և ականջի օղեր, կիսաշրջանաձև ողկույզանման երեք ելուստներով։ Օղերը հիշեցնում են ասորեստանյան ժամանակաշրջանի նման առարկաները և վկայում տեղական և հին արևելյան զարդերի մասին։

Ոսկերչություն խմբագրել

Հայաստանում հելլենիստական դարաշրջանի պերճանքի առարկաները ըստ քննարկումների, տարբեր պատմաբանների աչքերով։ Մովսես Խորենացին, նկարագրելով Արտաշես թագավորի թաղումը, ասում է, թե «Նրա դագաղը ոսկեղեն էր, գահը և անկողինը բեհեզից և մարմինը պատող պատմուճանը ոսկեթել, գլուխը թագ դրած, ոսկյա զենքն առջևը»։ Այստեղ հիշատակված իրերից շատերը գեղարվեստական ստեղծագործություններ էին։ Խորենացին վկայում է, թե Տիգրանի օրոք ոսկյա ու արծաթյա իրերն ու զարդերը, պատվական քարերը, գույնզգույն զգեստները կանանց ու տղամարդկանց համար հավասարապես բազմացել էին, որոնց շնորհիվ «...տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն էլ այն ժամանակի համեմատ դյուցազունների էին նմանվում»։

Երբ հռոմեացիք հաղթեցին Տիգրան Բ-ին, վկայում է Ապիիանոսը, ապա նրա ճակատամարտում ընկած զինվորների վրա գտան ապարանջաններ ու գումարտակներ (վզնոց), բայց զորավարը արգելեց կողոպտել դրանք։

Դիոն Կասսիոսը պատմում է, թե Տրդատ Ա-ի կինը ընկերակցում էր ամուսնուն դեպի Հռոմ՝ համաձայն իր զարմի սովորության գլխին դրած ոսկե խույը՝ փոխանակ գլխադրի։

Աղբյուրներում հիշատակվում է, որ թագավորների խույրերը զարդարվում էին հնդկական աշխարհեն բերված պատվական ակնեղենով և նրանց պսակների արտախույրը և վերջավորությունը փողփողում էին։ Ավագանու ներկայացուցիչների դիադեմաները կամ պատիվները կազմված էին լինում երկու-երեք շարք մարգարիտներից։ Խորենացու վկայությամբ Վաղարշակը Բագարատ Բագրատունուն շնորհում է թագակապ ասպետի պատիվը և արտոնում է՝ «Առանց ոսկւոյ և ականց, զկրտսեր մարգարիտն երեքտակեան վարսակալ ածել՝ յորժամ արքունիս և տան թագաւորին շրջեսցի»։ Իսկ Արտաշեսը թագավորելով՝ «Տայ և առն քաջի պատուականի Արգամայ զխօստացեալ գահն երկրորդական, և պսակ յակնթակապ, և գինդ երկուսին ականջան» և «կարմիր զգեստ միոյ ոտին. Տարգալ ունել ոսկի և պատառաքաղ և ոսկեղենօք ըմպել նուտգօք»։ Նույնպիսի պատիվներ, բայց առանց գինդերի և կարմիր կոշիկի տրվում է Սմբատ Բագրատունուն։

Երբ պարթևական Արշակ թագավորի որդի Արշակը հայոց գահն է բարձրանում, ապա Բագարատ ասպետը նրան մատուցում է ոսկյա և արծաթյա նվերներ, և զարդարում է նրան սաղավարտով, վակասով, պսակում է հայրենի թագով և նստեցնում է նրան ոսկեպատ ականակուռ գահույքի վրա։

Հիշատակվում են նաև արքունական ոսկեպատ կուռքերը, հեթանոսական տաճաներին թագավորների տված ոսկյա և արծաթյա մեծամեծ նվերները։ Պերճանքի առարկաները արքունիքում և ավագանու կենցաղում սովորական էին։ Սակայն սրանցից բացի կային կիրառական արվեստի շատ ուրիշ առարկաներ, որոնցից մի քանի նմուշներ հասել են մեզ։ Դրանց հնագույնները կարող են համարվել Ծոփքի հայ թագավորների հատած դրամները։

Աղբյուրներ խմբագրել

«Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցները»։ Հեղինակ՝ Գ. Հ. Միքայելյան։

Գրականություն խմբագրել

  • Հայ Ժողովրդի Պատմություն էջ 879
  • Աղայան Ծ.Պ., Առաքելյան Բ.Ն, Գալոյան Գ. Ա.,Երեմյան Ս. Տ, Խաչիկյան Լ.Ս, Հակոբյան Ա.Մ, Հովհաննիսյան Ա.Գ, Ներսիսյան Մ.Գ «Հայ ժողովրդի պատմություն», հատոր 1,Երևան 1971,էջ 888-890

Արտաքին հղումներ խմբագրել