Բացել գլխավոր ցանկը

Եգիպտոսի կազմավորումն ու վերելքը Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանման հետևանքով ձևավորված հելլենիստական պետություններից մեկը Եգիպտոսն էր։ Եգիպտոսը և նրա բնակչությունը հույներին ու մակեդոնացիներին անծանոթ չէին։ Դեռևս մ.թ․ա. V դարի կեսերին Հերոդոտոսը այցելել էր այս երկիրը։ Նրանից հետո մեծ թվով հույներ սկսեցին գալ Նեղոսի հովիտ՝ այստեղ առևտրով զբաղվելու համար[1]։ Չնայած այս ամենին՝ Եգիպտոսը օտարերկրացիների համար շարունակում էր մնալ որպես հեքիաթային երկիր և ընդհուպ մինչև Ալեքսանսդր Մակեդոնացու արշավանքները հույների տեսադաշտից դուրս էր գտնվում։ Ալեքսանդրի օրոք այստեղ տեղակայվեց մակեդոնական կայազոր, որի սպաներն ու զինվորները շուտով սկսեցին ընտելանալ տեղանքին, չնայած որ նրանց շրջապատող աշխարհը շատ տարօրինակ տպավորություն էր թողնում։ Մինչ այդ հույներն ու մակեդոնացիները գաղափար անգամ չունեին անապատի լայնատարած շրջանների մասին։ Նրանց աչքին նույնիսկ Նեղոսն էր հրաշքների հրաշք հանդիսանում։ Եգիպտոսի հին մայրաքաղաք Մեմֆիսից ոչ հեռու՝ անապատ գնացող ճանապարհի վրա վեր էին խոյանում վիթխարի բուրգերը, որոնք կառուցել էին Քեոփս, Քեփրեն և Միկերին փարավոնները։ Այդ ամենից զատ այստեղ կային տեղական աստվածությունների անհամար տաճարներ, որոնցից շատերը վեր էին ածվել իսկական տաճարային քաղաքների։ Դրա վառ օրինակն էր Վերին Եգիպտոսում գտնվող Թեբե քաղաքը։ Այդ տաճարներում կային մեծ թվով քրմեր, որոնք հիմնականում օժտված էին մեծ արտոնություններով։ Ալեքսանդրը նրանց անձեռնմխելի թողեց, քանի որ նրան հարկավոր էր ամենազոր եգիպտական քրմության հովանավորությունը։ Հույների ու մակեդոնացիների համար տարօրինակ էր նաև Նեղոսի հովտի բուսական և կենդանական աշխարհը։ Այն կենդանիները, որոնց վրա Հունաստանում ոչ մի ուշադրություն չէին դարձնում, այստեղ սուրբ էին համարվում, օրինակ՝ կատուները։ Ճիշտ նույն ձևով երկրի նոր տերերին օտար էին նաև նրա հին բնակիչները՝ եգիպտացիները։ Նրանք առաջացել էին սեմիտական և քամիտական տարրերի միախառնումից, սակայն երկար համատեղ ապրելուց հետո Նեղոսի հովտում եգիպտացիները ձևավորվեցին որպես յուրօրինակ և ամբողջական ազգ, որն իր արտաքին տեսքով և հոգևոր պատկերացումներով առանձնանում էր և՛ ասիական բեդվիններից, և՛ Լևանտի բնակիչներից։ Եգիպտական սահմաններից հարավ գտնվող նեգրոիդ ժողովուրդների հետ միայն աննշան կապ էր պահպանվում։

Նրանց լեզուն՝ եգիպտերենը, լուրջ խոչընդոտ էր ներկայացնում եգիպտացիներին օտարերկրացիների հետ շփման համար։ Ի վերջո, այս երկրում կային էլի հույներ՝ Նավկրատիս քաղաքի բնակիչները, որոնք մի քանի հարյուրամյակների ընթացքում արդեն սովորել էին գործ ունենալ եգիպտացիների հետ։ Հարկ կար նաև հաշվի նստել եգիպտական ամենազոր քրմության հետ, որը հողային մեծ տիրույթների էր տնօրինում։ Դեռևս պարսկական արքաները փորձել էին քրմությանը պետական կառավարմանը ենթարկել և Պտղոմեոսն էլ շարունակեց այդ գործը։

Նեղոսի հովտում բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, հատկապես ցորենազգիների մշակությամբ։ Ցորենը և գարին կազմում էին երկրից արտահանվող ապրանքների հիմնական մասը։

  1. Бенгстон Г. Правители эпохи эллинизма. М., 1982, ст. 38