Պոնտոսի թագավորություն
Պոնտոսի թագավորություն կամ Պոնտական կայսրություն, եղել պարսկական Միհրդատների տոհմի կողմից հիմնադրված պետություն[1][2][3][4], որը հնարավոր է ուղղակի սերում է Դարեհ I Մեծից և Աքեմենյան դինաստիայից[4]: Թագավորությունը հռչակվել է Միհրդատ I-ի կողմից մ.թ.ա. 281 թվականին մինչ այն նվաճեց Հռոմեական հանրապետությունը մ.թ.ա. 63 թվականին: Այն իր հզորության գագաթնակետին հասավ Միհրդատ VI Եվպատորի օրոք, ով նվաճեց Կողքիսը, Կապադովկիան, Բյութանիան, Խերսոնես Տավրիկյան հունական գաղութները և Ասիա հռոմեական պրովինցիան: Հռոմի հետ երկարատև Միհրդատյան պատերազմներից հետո, Պոնտոսը պարտվեց և դրա մի մասը կցվեց Հռոմեական հանրապետությանը որպես Բյութանիա և Պոնտոս պրովինցիա, իսկ արևելյան մասը շարունակեց գոյատևել որպես կախյալ թագավորություն:
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ամասիա, Սինոպ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Թագավորություն | |||
Պետության գլուխ | թագավոր |
Մշակութապես թագավորությունը հելլենացված էր[5], որի պաշտոնական լեզուն հունարենն էր[6]:
Պոնտոսի առանձնահատկություններԽմբագրել
Պոնտոսի թագավորությունը բաժանվում էր երկու տարբեր շրջանների, ափամերձ տարածաշրջան և ներքին Պոնտոս: Ափամերձ հատվածը սահմանակցում էր Սև ծովին և մյուս կողմից բաժանվում էր լեռներով, որոնք կոչվում էին Պոնտական լեռներ և զուգահետ անցնում էին ափի հետ: Պոնտոսի գետերի ավազանները նույնպես զուգահեռ էին ափի հետ և բավականին բերքառատ էին, ինչը թույլ էր տալիս աճեցնել հացահատիկ, պտղատու ծառեր և բուծել խոշոր եղջերավոր անասուններ: Ափամերձ հատվածում կային մեծ թվով հունական քաղաքներ, ինչպիսիք էին Ամաստրիսը և Սինոպը, վերջինս դարձավ Պոնտոսի մայրաքաղաքը: Ափամերձ հատվածը հարուստ էր անտառափայտով, ձկնորսությանմ և ձիթապտուղով: Պոտնոսը նաև հարուստ էր երկաթով և արծաթով հիմնականում Կերասունի մոտակայքում: Կար նաև պղինձ, կապար, ցինկ և արսեն: Ներքին Պոնտոսը ուներ հարուստ գետերի ավազաններ, որտեղով անցնում էին Գայլ և Իրիս գետերը: Ներքին Պոնտոսի գլխավոր քաղաքն էր Ամասիա, որը Պոնտոսի վաղ շրջանի մայրաքաղաքն էր, որեղ Պոնտոսի թագավորները կառուցել էին իրենց թագավորական պալատները: Բացի Ամասիայից և մի քանի այլ քաղաքներից ներքին Պոնտոսը հիմնականում բաղկացած էր փոքր գյուղերից: Պոնտոսի թագավորությունը բաժանվում էր շրջանների, որոնք կոչվում էին Էպարխներ[7]:
Ներքին և ափամերձ Պոնտոսները նաև բաժանվում էին մշակութային առումով: Ափամերձ մասում հիմնականում ապրում էին հույներ և նրանք զբաղված էին գլխավորապես ծովային առևտրով: Ներքին Պոնտոսի բնակչությունը հիմնականում ուներ պարսկական արմատներ: Ներքին Պոնտոսը նույնպես ուներ հզոր ամրոցներ և մեծ պարիսպներ: Թագավորության աստվածները հիմնականում սինկրետիկ էին, որոնք նմանվում էին պարսկական և հունական աստվածներին:
ՊատմությունԽմբագրել
Միհրդատյան դինաստիաԽմբագրել
Պոնտոս տարածաշրջանը սկզբնական շրջանում պարսկական Կապադովկիա սատրապության մասն էր կազմում: Պարսկական դինաստիան, որը հիմնեց թագավորությունը, մ.թ.ա. 4-րդ դարում կառավարում էր Կիոս քաղաքը Միսիայում, որի առաջին անդամն էր Միհրդատ Կիոսեցին: Նրա որդի Արիոբարզանես II-ը դարձավ Փռյուգիայի սատրապ: Նա դաշնություն կնքեց Աթենքի հետ և ապստամբեց պարսկաստանի թագավոր Արտաքսերքսես II-ի դեմ, սակայն կահընկեց եղավ իր որդու` Միհրդատ II Կիոսեցու կողմից[8]: Միհրդատը մնաց կառավարիչ Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումներից հետո և դարձավ Անտիգոնես I Միաչքանու վասալը, ում անցավ Փոքր Ասիան Տրիպարադիսուսի բաժանումից հետո: Միհրդատը սպանվեց Անտիգոնուսի կողմից մ.թ.ա. 302 թվականին, քանի որ վերջինս կասկածում էր, որ Միհրդատը բանակցություններ է վարում նրա թշնամի Կասսանդերի հետ: Անտիգոնեսը մտադիր էր սպանել նաև Միհրդատի որդուն, ում անունը նույնպես Միհրդատ էր, սակայն Դեմիտրիոս I-ը զգուշացրեց նրան և Միհրդատը կարողացավ փախչել վեց ձիավորի հետ[9]: Միհրդատը սկզբում գնաց Պափլոգոնիա և հետո Ամասիա: Նա կառավարեց մ.թ.ա. 302-ից 266 թվականները և սկզբում մարտնչեց Սելևկոս I Նիկատորի դեմ և մ.թ.ա. 280 թվականին հռչակեց իրեն հյուսիսային Կապադովկիայի և Պափլոգոնիա թագավոր: Հետագայում նա ընդարձակեց թագավորությունը դեպի Սանգրիուս գետը արևմուտքում: Նրա որդի Արիոբարզանեսը նվաճեց Ամասրա քաղաքը մ.թ.ա. 279 թվականին, որը առաջին կարևոր նավահանգիստն էր Սև ծովի ափին: Միհրդատը նաև դաշնություն կնքեց նոր ժամանած գալաթիացիների հետ և պարտության մատնեց Պտղոմեոս Լագոսի ուղարկած զորքին: Պտղոմեոսը ներխուժեց նրա տարածք Առաջին Սիրիական պատերազմի ժամանակ ընդդեմ Անտիոքի մ.թ.ա. 270-ական թվականների կեսերին և դաշնություն կնքեց Միհրդատի թշնամի Հերակլեա Պոնտացու հետ[10]:
Պոնտոսի թագավորությունԽմբագրել
Պատմությանը քիչ բան է հայտնի Արիոբարզանեսի կարճատև կառավարումից, նրա մահից հետո թագավոր դարձավ նրա որդի Միհրդատ II-ը, ով հարձակման ենթարկվեց գալաթիացիների կողմից: Միհրդատ II-ին օգնության ձեռք մեկնեց Հերակլեա Պոնտացին, ով նույնպես պատերազմում էր գալաթիացիների դեմ այդ ժամանակ: Միհրդատը օգնեց Անտիոք Հիեաքսին ընդդեմ նրա եղբայր Սելևկիոս II-ի: Սելևկիոսը պարտություն կրեց Անատոլիայում Հիերաքսի, Միհրդատի և գալաթիացիների կողմից: Միհրդատը նաև հարձակվեց Սինոպի վրա մ.թ.ա. 220 թվականին, սակայն չկարողացավ նվաճել քաղաքը: Նա ամուսնացավ Սելևկիոս II-ի քրոջ հետ և իր դստերը կնության տվեց Անտիոք III-ի հետ, որի դիմաց ճանաչվեց նրա նոր թագավորությունը և սերտ կապեր հաստատվեցին Սելևկյանների կայսրության հետ: Աղբյուրները լռում են Միհրդատ II-ի մահից հետ Միհրդատ III-ի կառավարման տարիների վերաբերյալ[11]:
Ֆարնակաս I Պոնտացին (մ.թ.ա. 189–159) ավելի հաջողակ էր, քան իր նախորդները, քանի որ կարողացավ նվաճել ափամերձ հունական քաղաքները: Նա միացավ Պրուսիաս I ընդդեմ Էումենես Պերգամոնեցու դեմ պատերազմին և հաշտություն կնքեց մ.թ.ա. 183 թվականին: Նա նվաճեց Սինոպը մ.թ.ա. 182 թվականին և չնայած Հռոմից սպառնացին դրա վերաբերյալ, ոչինչ չարվեց: Ֆարնակեսը նաև նվաճեց ափամերձ քաղաքներ Օրդուն, Կերասունը և Տրապիզոնը, արդյունքում վերահսկողություն ձեռք բերեց Անատոլիայի հյուսիսային առափնյա հատվածի հանդեպ: Չնայած Հռոմի ջանքերին խաղաղություն հաստատել տարածքում, Ֆարնակասը պատերազմում էր ընդդեմ Էումենես Պերգամոնեցու և Արիարաթես Կապադովկացու դեմ: Չնայած սկզբում հաջող էր մարտնչում, սակայն մ.թ.ա. 179 թվականին ստիպված հաշտություն կնքեց: Նա վերադարձրեց բոլոր հողերը, որոնք նվաճել էր գալաթիացիներից և Պափլոգոնիան, և թողեց Սինոպ քաղաքը[12]: Իր ազդեցությունը հյուսիսում վերադարձնելու համար նա հաշտություն կնքեց Խերսոնես Տավրիկյան և Սև Ծովի քաղաքների հետ, ինչպիսիք էր Վառնան բուլղարական ափին: Ֆարնակասի եղբայր Միհրդատ IV-ի կառավարման տարիներին խաղաղ էր և նա վարում էր հռոմամետ քաղաքականություն: Նա օգնություն ողղարկեց Հռոմի դաշնակից Ատտալոս II-ին ընդդեմ Պրուսիաս II-ի մ.թ.ա. 155 թվականին[13]:
Նրան հաջորդած Միհրդատ V Պոնտացին մնաց Հռոմի բարեկամը և մ.թ.ա. 149 թվականին ուղարկեց նավեր և փոքր զորաբանակ Հռոմին մարտնչելու Պունիական պատերազմում: Նա նաև զորքեր ուղարկեց Արիստոնիկոսի դեմ պատերազմում, ով հավակնում էր Պարգեմոնի գահին Ատտալոս III-ի մահեից հետո: Քանի որ Ատտալոսը ժառանգներ չուներ Պարգեմոնը անցավ Հռոմին և կազմեց Ասիա պրովինցիայի մի մասը: Հռոմին հավատարիմ լինելու համար Միհրդատին շնորհվեց Մեծ Ֆրիգիա տարածաշրջանը: Կապադովկիայի թագավորությանը անցավ Լիկաոանիան: Դրա հետևանքով Պոնտոսը ուղղակի հակամարտության մեջ մտավ գալաթիացիների հետ, քանի որ Պրիգիան ուղղակի սահման չուներ Պոնտոսի հետ: Միհրդատը նաև ժառանգեց Պափլոգոնիայի մի մասը նրա թագավոր Պիլաեմենեսի մահից: Միհրդատ V-ը ամուսնացրեց իր դստերը Կապադովկիայի թագավորի հետ, որից հետո փորձեց նվաճել Կապադովկիան, սակայն պատերազմի մանրամասները անհայտ են: Հելլենիզացիան շարունակվեց Միհրդատ V-ի օրորք:
Քանի որ Միգրդաի մահից հետո նրա որդիները դեռ երեխա էին, Պոնտոսը անցավ նրա կնոջը` Լեոդիսիային: Նա իր որդիներից նախընտրեց Խրեստուսին և Միհրդատ VI-ին զրկեց գահից: Ըստ առասպելների Միհրդատը դրանից հետո ճանապարհորդել է Փոքր Ասիայով և սովորել բազմաթիվ լեզուներ: Նա վերադարձել է մ.թ.ա. 113 թվականին, որպեսզի գահընկեց անի մորը, որից հետո նրա մայրը նետվել է բանտ և իր եղբոր հետ սպանվել[14]:
Միհրդատ VI ԵվպատորԽմբագրել
Միհրդատ VI Եվպատորը վարում էր հակահռոմեական քաղաքականություն` գովաբանելով հունական և պարսկական մշակույթները ընդդեմ հռոմեական ազդեցության: Հռոմը մինչ այդ հիմնադրել էր Ասիա պրովինցիան Անատոլիայում և հետ էր վերցրել Մեծ Ֆրիգիան Պոնտոսից Լեոդիսիայի կառավարման ժամանակ: Միհրդատը սկսեց ընդարձակել իր երկիրը` ժառանգելով Փոքր Հայքը թագավոր Անտիպատերից և նվաճելով Կողքիսի թագավորությունը: Կողքիսը կարևոր տարածաշրջան էր Սև ծովի աձին, հարուստ ոսկով, մոմանյութերով և մեղրով: Խերսոնես Տավրիկյան քաղաքը օգնող նրան սկյութների հյուսիսում: Միհրդատը ուղարկեց 6.000 զինվոր գեներալ Դիոֆանտուսի գլխավորությամբ: Դեպի Ղրիմ մի շարք արշավանքներից հետո նա վերահսկեց ամբողջ Խերսոնեսի վրա: Միհրդատը նաև զարգացրեց առևտրական կապերը Սև ծովի արևմտյան ափի քաղաքների հետ[15]:
Այդ ընթացքում հռոմը կռվում էր Յուգուրթական և Կիմբրական պատերազմներում: Միհրդատը և Նիկոմեդեսը միասին ներխուժեցին Պափլոգոնիա և բաժանեցին միմյանց միջև: Հռոմը դեսպան ուղարկեց, սակայն նրա պահանջները մերժվեցին: Միհրդատը նաև նվաճեց Գալաթիայի մի մասը, որը իր հոր թագավորության մասն էր կազմում և ներխուժեց Կապադովկիա, որտեղի թագուհին էր նրա քույր Լեոդիսիան: Մ.թ.ա. 116 թվականին Կապադովկիայի թագավոր Արիարատես VI-ը սպանվեց կապադովկիացի ազնվական Գորդիուսի կողմից Միհրդատի ցուցումով և Լեոդիսիան կառավարեց որպես Արիարատեսի որդիների ռեգենտ մինչև մ.թ.ա. 102 թվականը: Երբ Նիկոմեդես III-ը ամուսնացավ Լեոդիսիայի հետ, նա փորձեց նվաճել տարածաժրջանը, սակայն Միհրդատը ավելի շուտ նվաճեց այն, իր զարմիկ Արիարատես VII-ին կարգեց Կապադովկիայի գահին: Շուտով պատերազմ բռնկվեց երկուսի միջև և Միհրդատը մեծ բանակ հավաքեց, սակայն Արիարատես VII-ը սպանվեց մինչ որևէ ճակատամարտ տեղի կունենար: Դրանից հետո Միհրդատը իր ութ տարեկան որդուն` Արիարատես IXին կարգեց Կապադովկիայի թագավոր, իսկ Գորդիուսին` ռեգենտ: Մ.թ.ա. 97 թվականին Կապադովկիան ապստամբեց, սակայն Միհրդատը արագորեն ճնշեց այն: Դրանից հետո Միհրդատը և Նիկոմեդես III-ը դեսպաններ ուղղարիեցին Հռոմ: Հռոմի սենատը որոշեց, որ Միհրդատը պետք է զորքերը հանի Կապադովկիայից, իսկ Նիկոմեդեսը` Պափլոգոնիայից: Միհրդատը մերժեց և Հռոմը նվաճեց Կապադովկիան: Մ.թ.ա. 91/90 թվականին, մինչ Հռոմը զբաղված էր Դաշնակցային պատերազմով Իտալիայում, Միհրդատը դաշնություն կնքեց իր փեսա և Հայաստանի թագավոր Տիգրան Մեծի հետ և նվաճեցին Կապադովկիան, իսկ Հռոմի կողմից նշանակված Արիոբարզանեսը փախավ Հռոմ: Միհրդատը դրանից հետո նվաճեց Բյութանիան և Նիկոմեդեսի փոխարեն գահին նստացրեց Սոկրատես Խրեստուսին[16]:
Առաջին Միհրդատյան պատերազմԽմբագրել
Հռոմեական բանակը Մանիուս Ակուիլիուսի գլխավորությամբ մ.թ.ա. 90 թվականին ժամանեց Փոքր Ասիա, մինչև ստիպեց Միհրդատին և Տիգրանին նահանջել: Կապադովկիայում և Բյութանիայում Հռոմի կողմից նշանակվեցին միապետներ, որոնք Հռոմի սենատորներին տրված կաշառքների պատճառով մեծ պարտքեր կուտակեցին Հռոմի հանդեպ և Նիկոմեդես IV-ը Ակուիլիուսի թույլտվությամբ հարձակվեց Պոնտոսի վրա, որպեսզի մարի պարտքերը: Նա թալանեց Ամաստրա քաղաքը և վերադարձավ մեծ ավարով: Միհրդատը ներխուժեց Կապադովկիա և Հռոմը պատերազմ հայտարարեց[17]:
Մ.թ.ա. 89 թվականի ամռանը Միհրդատը ներխուժեց Բյութանիա և պարտության մատնեց Նիկոմեդեսին և Ակուիլիուսին: Նա արագորեն շարժվեց դեպի Հռոմեական Ասիա և դիմադրությունը կոտրեց: Մ.թ.ա. 88 թվականին նա նվաճեց պրովինցիայի մեծ մասը: Նրան ջերմորռն ընդունեցին շատ քաղաքներում, քանի որ դժգոհ էին Հռոմի հարկերից: Նույն տարում Միհրդատը հրամայեց կոտորել մոտ 80.000 հռոմեացիների և իտալացիների, ինչը հայտնի դարձավ 'Էֆեսյան երեկույթ' անվամբ: Փոքր Ասիայի շատ հունական քաղաքներ ուրախությամբ կատարեցին հրամանները, ինչը նշանակում էր, որ այլևս Հռոմի հետ դաշնակից չեն լինելու: Նույն թվականի ամռանը Միհրդատը պաշարեց Հռոդոսը, սակայն չկարողացավ այն նվաճել[18]:
Աթենքում հակահռոմեական ուժերը բավականություն ստացան նորություններով և շուտով դաշինք կնքեցին Միհրդատի հետ: Միասնական պոնտա-աթենական նավատորմը Դելոսը մ.թ.ա. 88 թվականին և ճանապարհ բացեց դեպի Աթենք: Շատ հունական քաղաքներ միացան Միհրդատին, ներառյալ Սպարտան, Աքեյան լիգան և Բեոտիյան լիգայի մեծ մասը, բացառությամբ Ֆեսպիից: Մ.թ.ա. 87 թվականին Լուցիոս Կոռնելիուս Սուլլան Իտալիայից ուղարկեց հինգ լեգիոն: Նրանք շարժվեցին դեպի Բեոտիա, որն արագորեն անձնատուր եղավ, դրանից հետո պաշարեցին Աթենքը և Պիրեյոսը: Աթենքը ընկավ մ.թ.ա. 86 թվականին: Ուժեղ դիմադրությունից հետո պոնտական զորավար Արխելաուսը թողեց Պիրեյոսը և Սուլան կարողացավ ավերել քաղաքը: Դրանից հետո Միհրդատը իր որդի Արկաթիասի գլխավորությամբ մեծ բանակ ուղարկեց Հունաստան Թրակիայով[19]:
Սուլլան այժմ շարժվեց դեպի հյուսիս` Բեոտիայում համալրելով իր բանակը: Խերոնեայի ճակատամարտում Սուլլան մեծ կորուստներ պատճառեց Արխելաուսին, ով այնուամենայնիվ չնահանջեց և շարունակեց հարձակվել հունական քաղաքների վրա պոնտական նավատորմի օգնությամբ: Արխելաուսը վերախմբավորվեց և երկրորդ անգամ ճակատամարտեց մ.թ.ա. 85 թվականին, սակայն նորից պարտվեց և կրեց ծանր կորուստներ: Այս կորուստների արդյունքում նա վերադարձավ Փոքր Ասիա` ճանապարհ բացելով հռոմեացիների համար դեպի Բյութանիա և Միհրդատը ստիպված էր հաշտություն խնդրել: Միհրդատը և Սուլլան հանդիպեցին մ.թ.ա. 85 թվականին Դարդանիա քաղաքում: Սուլլան պահանջեց, որ Միհրդատը վերադարձնի Հռոմեական Ասիան, Բյութանիան և Կապադովկիան: Նա նաև ստիպված էր վճարելու ռազմատուգանք 2.000 տաղանդ: Միհրդատին մնում էր մնացած տարածքները և նա դառնում էր Հռոմի դաշնակիցը[20]:
Երկրորդ և երրորդ Միհրդատյան պատերազմներԽմբագրել
Սուլլայի հետ կնքված հաշտությունը երկար չտևեց: Մ.թ.ա. 83-ից 82 թվականների Միհրդատը պատերազմեց և հաղթեց Լիցինիոս Մուրենային, ում Սուլլան նշանակել էր Ասիայի պրովինցիայում: Այսպես կոչված Երկրորդ Միհրդատյան պատերազմը ավարտվեց առանց որևէ տարածքային փոփոխության: Հռոմեացիները արդեն սկսել էին պաշտպանել Լիկիայի և Պամփիլիայի ափամերձ հատվածները ծովահեններից` վերահսկողություն հաստատելով Պիսիդիայի և Լիկաոնիայի նկատմամբ: Երբ մ.թ.ա. 74 թվականին կոնսուլ Լյուցիոս Լուկուլլոսը նվաճեց Կիլիկիան, Միհրդատը ստիպված էր կռվել հռոմեական զորավարների դեմ երկու ճակատով: Կիլիկիայի ծովահենները վերջնական պարտություն չէին կրել և Միհրդատը դաշինք կնքեց նրանց հետ: Նա նաև դաշինք կնքեց Իսպանիայի Կվինտոս Սերտորիոսի հետ, ով օգնեց վերակազմավորել նրա զինվորների մեծ մասին հռոմեական լեգիոնական ոճով:
Երրորդ Միհրդատյան պատերազմը բռնկվեց, երբ մ.թ.ա. 75 թվականին մահացավ Բութանիայի թագավոր Նիկոմեդես IV-ը առանց ժառանգի և թագավորությունը թողեց Հռոմին: Մ.թ.ա. 74 թվականին Հռոմը մոբիլիզացրեց իր բանակները Փոքր Ասիայում, հավանաբար Միհրդատի դեմ, սակայն աղբյուրները միանշանակ չեն այս հարցում: Մ.թ.ա. 73 թվականին Միհրդատը ներխուժեց Բութանիա և նրա նավատորմը հաղթեց հռոմեացիներին Քաղկեդոնում և պաշարեց Կիզիկուսը: Լուկուլլոսը իր հինգ լեգիոններով շարժվեց դեպի Պիսիդիա և Միհրդատը ստիպված էր նահանջել Պոնտոս[21]: Մ.թ.ա. 72 թվականին Լուկուլլոսը ներխուժեց Պոնտոս Գալաթիայով և Հալիս գետի հյուսիսային ափով շարժվեց առաջ ու պաշարեց Ամիսուսը, որը անառիկ մնաց մինչև մ.թ.ա. 70 թվականը: Մ.թ.ա. 71 թվականին նար Իրիս և Լիկուս գետերի ավազանով շարժվեց և իր տեղակայման վայրը հիմնեց Կաբերիայում: Միհրդատը ուղարկեց իր հեծելազորը, որպեսզի կտրի հռոմեացիների մատակարարման ուղիները, սակայն մեծ կորուստներ կրեց: Միհրդատը չէր ցանկանում ճակատամարտել հռոմեացիների դեմ և նահանջեց Փոքր Հայք, որտեղ իր դաշնակից Տիգրան Մեծից օգնության հույս ուներ: Նրա թուլացած հեծելազորի և նահանջի պատճառով պոնտական բանակը շարքից դուրս էր եկել: Այս իրադարձություններից օգտվելով Միհրդատի որդի Մաչարեսը, ով Ղրիմյան Բոսֆորի ղեկավարն էր, Հռոմի հետ դաշինք էր փնտրում: Միհրդատը փախավ Հայաստան[22]:
Մ.թ.ա. 69 թվականին Լուկուլլոսը 12.000 զրոքով Կապադովկիայից ներխուժեց Հայաստան: Նպատակը Տիգրանի նոր մայրաքաղաք Տիգրանակերտն էր: Տիգրանը նահանջեց, որպեսզի հավաքի իր զորքերը: Լուկուլլոսը պաշարեց քաղաքը և Տիգրանը վերադարձավ իր զորքով, ներառյալ մեծ թվով ծանր զինված հեծյալներով Կատաֆրակտոսներով, ինչը մի քանի անգամ գերազանցում էր Լուկուլլոսի բանակին: Չնայած դրան Լուկուլլոսը հաղթանակ տարավ Տիգրանակերտի ճակատամարտում: Տիգրանը նահանջեց հյուսիս, մինչդեռ Լուկուլլոսը ավերեց քաղաքը և շարժվեց դեպի հարավ` անկախություն շնորհելով Ծոփքին և վերադարձնելով Սիրիան Սելևկյան թագավոր Անտիոք XIII-ին: Մ.թ.ա. 68 թվականին Լուկուլլոսը ներխուժեց Հյուսիսային Հայաստան` թալանելով երկիրը և նվաճելով Մծբինը, սակայն Տիգրանը խուսափեց ճակատամարտելուց: Միևնույն ժամանակ Միհրդատը ներխուժեց Պոնտոս և մ.թ.ա. 67 թվականին պարտության մատնեց հռոմեական մեծաքանակ զորքին Զելայի մոտ: Լուկուլլոսի զորքը արդեն հյուծվել էր և նա ստիպված էր նահանջել Պոնտոս, որից հետո Գալաթիա: Նրան փոխարինեցին երկու նոր կոնսուլներ իրենց թարմ լեգիոններով, Մարցիոս Ռեքսը և Ացիլիոս Գլաբրիոն: Միհրդատը այժեմ վերադարձրեց Պոնտոսը, իսկ Տիգրանը ներխուժեց Կապադովկիա[23]:
Միջերկրական ծովում ծովահենների ակտիվության աճի հետ Հռոմի սենատը Գնեոս Պոմպեոսին նշանակեց կայրության գլխավոր կոնսուլ Միջերկրական ծովում մ.թ.ա. 67 թվականին: Պոմպեոսը հաղթեց ծովահեններին և դարձավ Փոքր Ասիայում զորքերի հրամանատար ընդդեմ Պոնտոսի: Պոմպեոսի զորը հաշվվում էր մոտ 45.000 լեգիոներ, ներառյալ Լուկուլլոսի զորքերը և հաշտություն կնքեց պարթևներին, որոնք հարձակվում և շեղում էին Տիգրան Մեծին արևելքից: Միհրդատի բանակը հաշվվում էր 30.000 զինվոր և 2.000-3.000 ձիավոր, որոնք տեղակայված էին Փոքր Հայքի բարձունքներում: Պոմպեոսը շրջափակեց Միհրդատին և վեց շաբաթ անց վերջինս ստիպված հեռացավ հյուսիս: Պոմպեոսը անակնկալի բերեց Միհրդատի զորքին գիշերային հարձակմամբ և ծանր կորուստներ պատճառեց: Ճակատամարտից հետո Պոմպեոսը հիմնադրեց Նիկրոպոլիս քաղաքը: Միհրդատը նահանջեց Կողքիս, որից հետո մ.թ.ա. 65 թվականին Ղրիմ, իր որդի Մաչարեսի մոտ: Պոմպեոսը դրանիշց հետո շարժվեց արևելք դեպի Հայաստան, որտեղ նրան հանդիպեց Տիգրան Մեծը և նրա ոտքերի մոտ դրեց իր թագը: Պոմպեոսը Տիգրանից վերցրեց կայսրության մեծ մասը, սակայն թույլատրեց Տիգրանին մնալ Հայաստանի արքա: Մինչդեռ Միհրդատը կազմակերպում էր Ղրիմի պաշտպանությունը, նրա որդի Պարնակեսը ապստամբեց նրա դեմ, Միհրդատը կամ սպանվեց կամ ինքնասպան եղավ[24]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ The Foreign Policy of Mithridates VI Eupator, King of Pontus, by B. C. McGing, p. 11
- ↑ Children of Achilles: The Greeks in Asia Minor Since the Days of Troy, by John Freely, p. 69–70
- ↑ Strabo of Amasia: A Greek Man of Letters in Augustan Rome, by Daniela Dueck, p. 3.
- ↑ 4,0 4,1 http://www.iranicaonline.org/articles/pontus
- ↑ Children of Achilles: The Greeks in Asia Minor Since the Days of Troy, by John Freely, p. 69–70
- ↑ The Foreign Policy of Mithridates VI Eupator, King of Pontus, by B. C. McGing, p. 11
- ↑ Crook, Lintott & Rawson "The Cambridge Ancient History. Volume IX. The Last Age of the Roman Republic, 146–43 B.C.", p. 133–136.
- ↑ Xenophon "Cyropaedia", VIII 8.4
- ↑ Appian "the Mithridatic wars", II
- ↑ McGing, 16–17.
- ↑ McGing, 17–23.
- ↑ Polybius "Histories", XXIV. 1, 5, 8, 9 XXV. 2
- ↑ Polybius, XXXIII.12
- ↑ Cambridge Ancient v. 9, p. 133.
- ↑ Cambridge Ancient v. 9, p. 137–138.
- ↑ Cambridge Ancient v. 9, 141–144.
- ↑ Appian, II
- ↑ Cambridge Ancient v. 9, 146–49.
- ↑ Cambridge Ancient v. 9, 150–54.
- ↑ Cambridge Ancient v. 9, 155–60.
- ↑ Cambridge Ancient v. 9, 229–36.
- ↑ Cambridge Ancient v. 9, 237–39.
- ↑ Cambridge Ancient v. 9, 240–44.
- ↑ Cambridge Ancient v. 9, 249–54.