Ծոփք
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծոփք (Ծոփաց աշխարհ, Չորրորդ հայք, Հունարեն՝ Sophene), Մեծ Հայքի երկրորդ նահանգը։ Ք.ա 3-րդ դարի առաջին կեսին ստեղծվել է Ծոփքի և Կոմմագենեի միացյալ թագավորությունը։
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | գավառ |
Գլխավոր քաղաք | Արշամշատ |
Այլ քաղաքներ | Արկաթիակերտ, Լուսաթառիճ, Պաղին, Կողոբերդ, Բալու, Հերապոլիս, Կթառիճ, Ճապաղջուր, Չմշկածագ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Ազգային կազմ | |
Կրոնական կազմ | |
Անվան Ծագում
խմբագրելՉորրորդ Հայք անունը այս երկրի համար գործածության մեջ մտավ 536 թվականին Հուստինիանոս կայսրի կատարած վարչական վերափոխությունից հետո, երբ նա Հայաստանի այս մասը վերածեց բյուզանդական պրովինցիայի և կոչեց Չորրորդ Հայք։ Հնում այս երկիրը կոչվում էր Ծոփք։ Ֆեոդալական հարաբերությունների խորացման և Ծոփքի՝ առանձին նախարարությունների մասնատվելու հետևանքով փոխվեց նաև նրա նախկին ընդհանուր անունը(Ծոփք) և երկիրը կոչվեց Նախարարական Հայաստան կամ Սատրապական Հայաստան, որը 536 թվականին անվանվեց Չորրորդ Հայք։
Աշխարհագրություն
խմբագրելՉորրորդ Հայքը տարածվում էր Արևմտյան Տիգրիսի վերին Արածանիի ստորին հոսանքների շրջաններում, հյուսիսում, հյուսիս-արևելքում և արևելքում սահմանակից էր Բարձր Հայքին, Տուրուբերանին և Աղձնիքին, հարավում Միջագետքից բաժանված էր Մասիուսի լեռներով, իսկ արևմուտքում Եփրատ գետով սահմանակցվում էր Փոքր Հայքին ու Կապադովկիային։
Չորրորդ Հայքի ռելիեֆը բազմազան է։ Այստեղ կան և բարձր լեռնաշղթաներ, և գետահովիտներ, և դաշտեր։ Նա ամբողջությամբ ոռոգվում է Արևմտյան Տիգրիսով ու Արածանիով։ Կլիման ևս բազմազան է։ Նրա հարավային մասի՝ Հայկական Տավրոսից հարավ ընկած շրջանների կլիման չոր մերձարևադարձային է, մինչդեռ հյուսիսային մասի կլիման բարեխառն է և ստանում է բավարար քանակությամբ տեղումներ։
Չորրորդ Հայքում առանձնապես բերրի հողեր ունեն Խարբերդի և Բալահովիտի դաշտերը։ Հյուսիսային լեռնային շրջաններում մեծ տարածում ունեն անտառները, նշանավոր է նավթի, պղնձի, կապարի և արծաթի հանքավայրերով; Նրա պղնձի, կապարի և արծաթի հանքերը մարդկությանը հայտնի են հնագույն ժամանակներից և արտահանվել են բավական մեծ քանակությամբ; Գունավոր մետաղների հանքավայրերը հիմնականում գտնվում են Արևմտյան Տիգրիսի ճյուղերից մեկի՝ Արղանա գետի հովտում։
Վարչական բաժանում
խմբագրելԾոփքը ըստ «Աշխարհացոյց»ի բաղկացած էր հետևյալ10 գավառներից.
- Խորձյան (Խորձեան)- կենտրոնը՝ Կողոբերդ
- Հաշտյանք (Հաշտեանք)- կենտրոնը՝ Կթառիճ
- Պաղնատուն- կենտրոնը՝ Պաղին
- Բալահովիտ- կենտրոնը՝ Արշամշատ
- Փոքր Ծոփք (Ծոփք Շահունեաց)- կենտրոնը՝ Հերապոլիս
- Անձիտ- կենտրոնը՝ Անձիտ բերդ
- Դեգիք- կենտրոնը՝ Կռնի բերդ
- Գավրեք (Գաւրէք)- կենտրոնը՝ Լուսաթառիճ
- Անգեղատուն- կենտրոնը՝ Անգղ
- Մեծ Ծոփք-կենտրոնը՝ Բնաբեղ
Պատմություն
խմբագրելՔ.ա 2-րդ հազարամյակում Ծոփքի տարածքում ձևավորվել են առաջին ցեղային միավորումները։ Այս երկրամասը նախաուրարտական և ուրարտական շրջանում մտնում էր Նաիրյան երկրների կազմի մեջ և հայտնի էր Ծուպանի անունով, ուրարտական պետության անկման շրջանում միացել էր արմենների ցեղային միությանը։ Խեթական թագավոր Սուպիլուլիումա[1] I–ի արձանագրություններում արդեն հիշատակվում է Ծոփքի միասնական իշխանության մասին, որը ընդդիմացել է խեթական հզոր պետության և ապաստան տվել խեթացի դժգոհ տարրերին։ Ք.ա 13–9-րդ դարերում պարբերաբար ենթարկվելով Ասորեստանի կողոպտչական արշավանքներին՝ կասեցվել է Ծոփքի զարգացումը։ Ք.ա 9-րդ դարի վերջին քարորդից Ծոփքը, ընդգրկելով Վանի թագավորության կազմում, նոր վերելք է ապրել։ Աքեմենյանների տիրապետության ժամանակաշրջանում (6-4 Ք.ա) այս երկրամասը Հայաստանի մի շարք այլ շրջանների հետ միասին կազմում էր պարսից աշխարհակալության 13-րդ սատրապությունը, որը Քսենոփոնի մոտ կոչված է Արևմտյան Հայաստան (Արևմտյան Արմենիա)։
Ք.ա 4-րդ դարի սկզբից Ծոփքը[2] եղել է Երվանդունիների հայկական պետականության կազմում։ Աշխարհագրականորեն մոտիկ գտնվելով հելլենիստական կենտրոններին՝ Ծոփքը ապրել է տնտեսական և մշակութային նոր առաջընթաց։ Սակայն Ք.ա 3-րդ դարի կեսին Ծոփքը Սելևկյան պետության միջամտությամբ անջատվել է Մեծ Հայքից և կազմել ինքնուրույն թագավորություն։ Ք.ա 3-րդ դարի վերջին Անտիոքոս III Մեծը նվաճել է Ծոփքը և դարձրել Սելևկյան պետության նահանգ՝ այստեղ ստրատեգոս կարգելով Զարեհին։ Հռոմի դեմ Մագնեզիայի ճակատամարտում[3] Անտիոքոս III Մեծի պարտություից հետո Զարեհը Ծոփքը հռչակել է կրկին անկախ թագավորություն։ Արտաքին քաղաքականության հարցերում Զարեհը դաշնակվել է Մեծ Հայքի թագավորին՝ Արտաշես Ա–ին։ Զարեհին հաջորդել է Արկաթիասը, որը հիմնել է նոր մայրաքաղաք՝ Արկաթիակերտը։ Արկաթիոսը սպանվել է Սելևկյան Անտիոքոս IV թագավորի դեմ կռվում։ Ծոփքի գահն անցել է Արկաթիոսի եղբորը՝ Մեհրուժանին, իսկ նրանից հետո՝ Արտանեսին։
Ք.ա 94 թվականին Տիգրան Բ Մեծը տապալել է Արտանեսին և Ծոփքը վերամիավորել Մեծ Հայքին[4]։ Մեր թվարկության չորրորդ դարին վերաբերող գրավոր վկայություններից երևում է, որ այդ ժամանակ Ծոփքը մասնատված էր վեց նախարարությունների(Շահունյաց Ծոփք, Անձիտ, Բալահովիտ, Հաշտյանք, Անգեղատուն և Մեծ Ծոփք)։ 4-րդ դարում Սասանյան Պարսկաստանի կողմից Հայաստանի դեմ մղվող զավթողական պատերազմներից օգտվելով Հռոմեական կայսրությունը գրավում է Ծոփքը։ Սկզբնական շրջանում՝ ավելի քան 170 տարի Հռոմի (ապա Բյուզանդիայի) տիրապետությունն այս երկրում ուներ սոսկ գերիշխանության բնույթ։ Այստեղ հայկական նախարարությունները պահպանում էին իրենց ֆեոդալական բոլոր իրավունքներն ու մենաշնորհումները, կայսրության կողմից կառավարիչ էր նշանակվում։ Բյուզանդիայի գերիշխանությունն արտահայտվում էր միայն նրանով , որ հայ նախարարները համարվում էին կայսրի վասալները և պարտավոր էին կայսրության սահմաններն այս մասում պաշտպանել Պարսկաստանի հարձակումներից։ Նախարարական հայաստանի վարչաքաղաքական վիճակն արմատապես փոխվեց Հուստինիանոս կայսրի օրոք՝ նրա կատարած ռազմական և վարչական ռեֆորմների ու ժառանգական կարգի մասին արձակած հրովարտակների հետևանքով։ Հուստինիանոսի այդ վերափոխումներով Նախարարական Հայաստանը վերածվեց Բյուզանդական կայսրության պրովինցիայի՝ Չորրորդ Հայք անունով։ 6-րդ դարի վերջերին, Մորիկ կայսեր օրոք, Չորրորդ Հայքի որոշ շրջաններ միացվեցին Հյուսիսային Միջագետք պրովինցիային։
7–9-րդ դարերում Ծոփքը դարձել է արաբա–բյուզանդական պատերազմների ասպարեզ և ձեռքից ձեռք անցել։ 9-րդ դարում Ծոփքի արևելյան գավառները անցել են հայ Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները մտել Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ։ 11-ից մինչև 13-րդ դարի սկզբները Չորրորդ Հայքը մտնում էր սելջուկյան պետության մեջ, որը 12-րդ դարից մասնատված էր առանձին էմիրությունների և սուլթանությունների, իսկ 13-րդ դարում Հայաստանի մյուս մասերի հետ միասին գրավվում է թաթար-մոնղոլների կողմից։ 1555 թվականին և 1639 թվականին Սեֆյան Իրանի և օսմանյան Թուրքիայի միջև կնքած պայմանագրով Ծոփքը զավթել են օսմանյան թուրքերը։ Ծոփքի հոծ հայությունը բնաջնջվել է 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, փրկված բեկորները տարագրվել են զանազան երկրներ։
Ճանապարհներ
խմբագրելՀին Հայաստանի «աշխարհ»-ների մեջ Ծոփքն ամենից վաղ և ամենից սերտ հարաբերություններ ուներ Արևմուտքի և Արևելքի երկրների հետ։ Ծոփքի վրայով էր անցնում Դարեհ Ա-ի ժամանակ (522-484 թվականին.Ք.ա) կառուցված Պարսից «Արքայական» կոչվող ճանապարհը, որն Աքեմենյանների Սուզա մայրաքաղաքը կապում էր Միջերկրական ծովի ափից ոչ հեռու գտնվող Սարդես քաղաքի հետ։
Այս ճանապարհի Ամիդ (Դիարբեքիր)--Խարբերդ—Մելիտինե(Մալաթիա) հատվածն անցնում էր Ծոփքի վրայով, որը հետագա դարերում էլ պահպանեց իր առևտրատնտեսական նշանակությունը։ Դրանից բացի, Ծոփքում գուրծում էին մի քանի տեղական ճանապարհներ։ Իբրև ջրային ճանապարհ օգտագործվում էր Արածանիի ստորին հոսանքը։ Սակայն այստեղ նավարկություն էր կատարվում միայն գետի հոսանքին համընթաց ուղղությամբ։ Նշված ճանապարհների, հատկապես Պարսից «Արքայական ճանապարհ»-ի վրա ծոփքում առաջացել էին մի շարք ճանապարհային կայաններ և մի քանի խոշոր առևտրական քաղաքներ (Արշամաշատ, Արակաթիոկերտ), որոնք միաժամանակ արհեստագործության և մշակույթի կարևոր կենտրոններ էին։
Չորրորդ Հայքի ճանապարհները 7-8-րդ դարերում, արաբաբյուզանդական հարատև պատերազմների, ապա սելջուկյան ու մոնղոլական ավերիչ արշավանքների պատճառով, կորցրել էին իրենց նախկին նշանակությունը։ Այդ դարերում Չորրորդ Հայքի նախկին բարեկարգ քաղաքները, որոնք դարձել էին արհեստագործության ու առևտրի նշանավոր կենտրոններ, մասամբ ավերվում են, մասամբ էլ վեր են ածվում բերդերի։
Գավառներ
խմբագրելԽորձյան
խմբագրելՏարածվում էր այժմյան Խորձյան գետի վերին հոսանքի շրջանում՝ առավելապես նրա աջ կողմում։ Մեծ մասամբ ծածկված էր խիտ անտառներով; Գրավում էր այժմյան Դերսիմի մի մասը։ Խորձյանի պատմական վայրերից նշանավոր է Արտալես բերդը (գրվում է նաև Արտալեսոն ձևով)։ Արտալեսը գտնվում էր Հայաստանի առաջին բաժանման գծի վրա։ Հենց այդ էր պատճառը, որ Հուստինիանոսը առանձնակի ուշադրություն դարձրեց նրա ամրացման վրա։ Հավանաբար այս գավառում էր գտնվում նաև Խոզան բնակավայրը, որը Ասողիկի և Արիստակես Լաստիվերցու մոտ հիշատակված է իբրև քաղաք[5]։
Հաշտյանք
խմբագրելՏարածվում էր Արածանիի աջ կողմում։ Արևելքում սահմանակից էր Տուրուբերանի Տարոն գավառին, իսկ արևմուտքում՝ Չորրորդ Հայքի Խորձյան և Պաղնատուն գավառներին։ Տարածքով Հաշտյանքը համընկնում է այժմյան Ճապաղջրի շրջանին։ Հաշտյանքի մի մասը պատկանում էր Արշակունիների կրտսեր ժառանգներին[5]։
Գավառի պատմաաշխարհագրական նշանավոր վայրը Կթառիճ բերդն էր։ Հուստինիանոս կայսրի հրամանի մեջ, ինչպես և բյուզանդական այլ աղբյուրներում, այս բերդը կոչված է Կիթարիզոն։ Հուստինիանոսի ժամանակ Կթառիճը, որպես սահմանային բերդ, հիմնովին վերակառուցվեց և ամրացվեց՝ վերածվելով բյուզանդական կայազորի կայանի։ Հետագայում բերդի շուրջը ծավալվեց նույնանուն ֆեոդալական փոքր քաղաքը։ Բերդի դիրքը շրջապատի նկատմամբ իշխող էր։ Բավական հեռու տարածությունից սառնորակ ջուր էր բերված քաղաքի ներսը։ Հեղեղումներից պաշտպանվելու համար այսգավառի բնակավայրերի զգալի մասը հին ժամանակներից ի վեր պարսպապատել են[5]։
Պաղնատուն
խմբագրելՏարածվումն էր Խորձյանից հարավ՝ Արածաբնիի աջ կողմում։ Գավառի նշանավոր վայրը Պաղին բերդն էր, որը գտնվում էր այժմ ավերակ դարձած Պաղին գյուղի տեղում։ Պաղինը հին Հայաստանի ամուր բերդերից մեկն էր։ Այս գավառից էր Հովսեփը, որը պատկանում էր Սահակի և Մեսրոպ Մաշտոցի կողմից արտասահման կրթության ուղարկված «առաջին թարգմանիչների» թվին[5]։
Անգեղտուն
խմբագրելԱնգեղտունը տարածվում էր Մեծ Ծոփքից արևելք՝ Զիբենե գետի վրա ընկած լեռնային շրջանում, Հայկական Տավրոսի հարավահայաց լանջերին։ Ավանդության համաձայն, այս գավառից էր առասպելական Տորքը, որը կոչվում է Տորք Անգեղ։ Անգեղտունը պատկանում էր նույնանուն նախարարությանը։ Նրա գլխավոր բերդը Անգեղը կամ Անգղն էր, որը և համարվում էր Անգղյան նախարարների ոստանը։ Ենթադրվում է, թե այս բերդը հնագույն ժամանակների արմենական ցեղային միության կենտրոնն էր։ Անուղղակի մի քանի վկայություններից կարելի է ենթադրել, որ Անգղ բերդը 4 դարում որոշ ժամանակ անցել էր Արշակունյաց արքունիքի ձեռքը[5]։
Բալահովիտ
խմբագրելՏարածքով Բալահովիտ գավառը համընկնում է այժմյան Բալուի շրջանին, որը փռված է Արածանիի հովտում՝ Ճապաղջրի և Խարբերդի միջև։ Դաշտային գավառ է։ Ունի արգավանդ հողեր։ Գավառի և նրա կենտրոնի՝Բալու քաղաքի անունը կապված է այստեղ հնագույն ժամանակներում բնակված բալ կամ բաղ ցեղի անվան հետ։ Գավառի նշանավոր վայրը Բալու բերդն էր, որն այժմ էլ գոյություն ունի իբրև փոքր քաղաք և գտնվում է Արածանիի աջ ափին։
Չորրորդ Հայքի մյուս երեք գավառները՝ Փոքր կամ Շահունյաց Ծոփքը, Դեգիքը և Գորեքը հին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում ավելի աննշան դեր են խաղացել։ Անգամ հայտնի չէ Դեգիքի և Գորեքի դիրքը։ Դրանց մեջ անհամեմատ ավելի հաճախ է հիշատակվում Շահունյաց Ծոփքի անունը։ Վերջինս համապատասխանում է այժմյան Չմշկածագի շրջանին՝ Խարբերդից հյուսիս[5]։
Անձիտ, Անձիթ կամ Հանձիթ
խմբագրելԱյս գավառի անունը հնագույն ծագում ունի։ Տարածվում էր Արածանիի ստորին հոսանքի շրջանում՝ առավելապես նրա ձախ կողմում, համապատասխանում է այժմյան Խարբերդի շրջանին, որը հայտնի է բերրի հեղերով։
Գավառի պատմաաշխարհագրական վայրերից նշանավոր են. Մազարա.-Քաղաք։ Հավանաբար գտնվում էր Ծովք լճից արևելք գտնվող լեռնանցքների շրջանում, որոնց վրայով անցնում էր «Արքայական ճանապարհ»-ը։ Մազարան այդ ճանապարհի կարևոր կայաններից մեկն էր և միաժամանակ ամուր բերդն էր։ Խարրբերդ կամ Քարբերդ.- Համապատասխանում է այժմյան Խարփութին (Էլյազիզ),որը գտնվում է Եփրատի ստորին հոսանքի ձախ կողմում՝ մի փոքրիկ սարավանդի վրա։ Ըստ հիշատակությունների,10-13-րդ դարերում եղել է ամուր բերդ։ Ռանդեա կամ Հռանդեա.- Գտնվում էր Արածանիի ձախ ափին՝ Խարբերդից հյուսիս-արևելք։ Այս վայրը հայ ժողովրդի պատմության մեջ նշանավոր է դարձել նրանով, որ այստեղ 62 թվականին հայ- պարթևական միացյալ զորքերը խայտառակ պարտության մատնեցին հռոմեական ատվարաթիվ բանակին, որի գլխավոր հրամանատարն էր Պետոսը։ Պարտություն կրած հռոմեական զորավարը ստիպված է լինում հաշտություն խնդրել։ Նույն վայրում 63 թվականին կնքվում է դաշնագիր, որով փաստորեն Հայաստանում սկսվում է Արշակունիների թագավորության շրջանը։
Չորրորդ Հայքում հիշատակված են մի շարք վայրեր, որոնք հայտնի չէ, թե որ գավառների մեջ են մտել։ Դրանց շարքին է պատկանում նաև Արշամաշատ նծանավոր քաղաքը։ Սա հավանաբար գտնվում էր Հանձիտ գավառում՝ տարանցիկ ճանապարհի վրա։ Եղել է հելլենիստական տիպի քաղաք՝ առևտրի ու արհեստագործության կարևոր կենտրոն։ Արշամաշատն իր ծաղկման շրջանն է ապրել 11-րդ դարում (ք.ա)[5]։
Մեծ Ծոփք
խմբագրելԱյս գավառի անունը, ինչպես և Շահունյաց Ծոփք անունը, գործածության մեջ է եղել մոտավորապես 4-րդ դարից սկսած, երբ նախկին Ծոփքը արդեն մասնատված էր առանձին նախարարությունների՝ գավառների։ Մեծ Ծոփքը տարածվում էր Արղանա գետի ավազանում։ Հարավում իր մեջ էր ընդգրկում նաև Ամիդի(Դիարբեքիրի) շրջանը։ Սակայն 6-րդ դարի վերջերին Ամիդի շրջանը Մորիկ կայսեր կողմից բաժանվում և միացվում է Հյուսիսային Միջագետքի պրովինցիային։ Հավանաբար հենց այդ ժամանակ Մեծ Ծոփքի մյուս մասն էլ միացվում է Աղձնիքին՝ կազմելով վերջինիս Նփրկետ գավառի մի մասը[5]։
Մեծ Ծոփքի պատմական վայրերից են. Բնաբեղ.- Բերդ։ 4-րդ դարի ամուր բերդերից մեկն էր։ Այդ ժամանակ Բնաբեղը պատկանում էր Արշակունյաց արքունիքին, և այստեղ էր պահվում արքունական գանձերի մի մասը։ Բնաբեղի դիրքը չի ճշտված, հավանաբար գտնվում էր Արղանա գետի ափին՝ տավրոսյան լեռների շրջանում։ Արկաթիոկերտ.- Հելլենիզմի դարաշրջանում եղել է Ծոփքի ծաղկած քաղաքներից մեկը։ Դժվար է իմանալ, թե երբ է հիմնադրվել, սակայն ստույգ հայտնի է, որ 3-րդ դարի վերջերին և 2-րդ դարի սկզբունքներին (ք.ա) արդեն դարձել էր առևտրի և արհեստագործության նշանակալի կենտրոն։ Քաղաքի աշխարհագրական դիրքը չի ճշտված։ Հավանաբար գտնվում էր Ծոփքի միջով անցնող վերը նշված ճանապարհի վրա։ Արղանա կամ Արզնի.- Համապատասխանում է այժմյան Արղանամադանին, որը գտնվում է Արղանա գետի ափին՝ Դիարբեքիրից հյուսիս։ Սա այժմ էլ հայտնի է որպես գունավոր մետաղների, առավելապես պղնձի հարուստ հանքատեղի։ Արղանայի պղնձահանքերը շահագործվել են դեռևս ուրարտական ժամանակներից։ Ամիդ.- Համապատասխանում է այժմյան Դիարբեքիրին, որը գտնվում է Արևմտյան Տիգրիսի աջ ափին, այնտեղ, որտեղ Տիգրիսը շեղվելով հարավային ուղղությունից, հոսում է դեպի արևելք։ Բազմաթիվ աշխարհների, պատմագիրների ու գիտնականների մոտ Ամիդ- Դիարբեքիր քաղաքը շփոթված է Տիգրանակերտ-Մարտիրուպոլսի հետ։ Մինչդեռ դրանք բոլորովին այլ քաղաքներ են։ Տիգրանակերտ-Մարտիրուպոլիսը գտնվում էր Ամիդ- Դիարբեքիրից հյուսիս-արևելք՝ Բաթման գետի աջակողմյան վտակ Ֆարկինի (Ֆարկին-սու) ափին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://khechoyanani.home.blog/2019/09/29/%D5%AE%D5%B8%D6%83%D6%84/ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր
- ↑ Ստորագրութիւն հին Հայաստանեայց
- ↑ http://publications.ysu.am/wp-content/uploads/2020/01/Artak-MovsisyanLiana-Karapetyan.pdf
- ↑ http://tert.nla.am/archive/NLA%20AMSAGIR/hayagitharcer/2020(1).pdf Հայագիտության հարցեր
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Թ.Հակոբյան Հայաստանի Պատմական աշխարհագրություն Երևան 1984
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայկական Սովետական Հանրագիտարան
- Երևանի քաղաքապետարան պաշտոնական կայք
- Հելլենիստական դարաշրջանի Կոմմագենեի և Ծոփքի պատմությունից
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 139)։ |