Բացել գլխավոր ցանկը

Տիգրան Կրտսեր (ծն.թ. անհտ.- մ.թ.ա. մոտ 58, Հռոմ), Արտաշեսյաններ արքայազն, Ծոփքի Հայոց փոխարքա մ.թ.ա. մոտ 69-66-ին։ Տիգրան Բ Մեծի կրտսեր որդին։ Դաստիարակվել է մոր՝ Կլեոպատրայի խնամատարությամբ, ստանալով հելլենիստական կրթություն։ Մ.թ.ա. 69-67-ին մասնակցել է հայ-հռոմեական պատերազմին։ Սակայն մ.թ.ա. 67-ին Տիգրան Բ Մեծը հռոմեական զորքերից ազատագրել է Հայաստանի հվ. և հվ.-արմ. Շրջանները և մտել Կապադովկիա, դժգոհ և անջատողական նկրտումներ ունեցող հայ ստրկատիրական ավագանու որոշ ներկայացուցիչների սատարմամբ Տիգրանը ապստամբել է հոր դեմ։ Հավանաբար նրան խրախուսել են մայրը և պապը՝ Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը, որը հույս ուներ թոռան գահակալմամբ Հայաստանը ծառայեցնել իր քաղաքական շահերին։ Տիգրան Բ Մեծը հարկադրված է եղել վերադառնալ Կապադովկիայից և ճնշել Տիգրանի ապստամբությունը։ Վերջինս, դավադրության մասնակից մի խումբ հայ մեծամեծների ուղեկցությամբ, փաղել է Պարթևաստան։ Պարթևաց Հրահատ III թագավորը ընդունել է Տիգրանին, տվել իր դստերը նրան կնության՝ նպատակ ունենալով ապստամբ արքայազնին գործիք դարձնել հայկական գերիշխանության դեմ պայքարում։ Դաշինք կնքելով Հռոմի հետ, մ.թ.ա. 66-ին գարնանը Հրահատ III արշավել է Հայաստան՝ Տիգրանին գահ բարձրացնելու նպատակով, և պաշարել Արտաշատը։ Սակայն պարտություն կրելով հայկական զորքերից, նահանջում է Պարթևաստան, իսկ Տիգրանը մոր հետ փախել է Պոնտոս։ Տեղեկանալով, որ Միհրդատ VI Եվպատորը ծանր պարտւթյուն է կրել հռոմեական զորավար Պոմպեոսից, Տիգրանը ժամանել է հռոմեական ռազմաճամբարը։ Պոմպեոսը նույնպես ցանկացել է Տիգրանին օգտագործել Տիգրան Բ Մեծի դեմ պայքարում։ Բայց հայոց թագավորը, երբ հաշտության առաջարկով անձամբ ներկայացել է բախտախնդիր արքայազնի ծառայությունից։ Տիգրան Բ Մեծի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագռով Տիգրանը ճանաչվել է Ծոփքի և Կորդուքի թագավոր, ինչպես նաև Հայոց գահի ժառանգորդ՝ հոր մահից հետո։ Հայաստանից գանձվելիք 6000 տաղանդ ռազմատուգանքը վճարվել է Տիգրանի տիրույթներից։ Պլուտարքոսի վկայությամբ, Արտաշատի պայմանագրից դժգոհ Տիգրանը ընդվզել է Պոմպեոսի դեմ, որի համար կալանքի է ենթարկվել, ընտանիքի հետ գերեվարվել Հռոմ, իբրև ռազմագերի՝ ցուցադրվել հաղթահանդեսում, ապա արգելափակվել բանտում։ Ասկոնիոսի, Կիկերոնի, Ապիանոսի և Դիոն Կասսիոսի ակնարկություններից ենթադրվում է, որ Պոմպեոսին ընդդիմադիր քաղաքական գործիչները փորձել են Տիգրան Բ Մեծի փոխարեն Հայոց գահին նստեցնել Տիգրանին։ Այդ նպատակով Կլոդիոսը Տիգրանին ինքնագլուխ ազատել է բանտից և գաղտնի նախապատրաստել նրա վերադարձը Հայաստան։ Սակայն մ.թ.ա. 58-ի մայիսին Տիգրանը ենթարկվել է նավաբեկության և Անցիումի մոտ շպրտվել ափ։ Կլոդիոսի ջոկատները Տիգրանին վերադարձել են Հռոմ, որտեղ Պոմպեոսը ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png