Եկբատան, հնագույն քաղաք պատմական Մարաստանում, վերջինիս մայրաքաղաքը։ Համապատասխանում է ներկայիս պարսկական Համադան քաղաքին։

Եկբատան
Տեսակհնագիտական հուշարձան, մայրաքաղաք, քաղաք և բնակելի տարածք
Երկիր Իրան
ՎարչատարածքՀամադան
ԼեռնաշղթաԶագրոս
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրական դիրք խմբագրել

Ներկայումս համարվում է[1], որ պատմական Եկբատանը գտնվել է ժամանակակից Իրանի Համադան քաղաքի տարածքում` Զագրոսի լեռնային համակարգի Ալվանդ լեռան ստորոտին։ Ունեցել է նպաստավոր աշխարհագրական դիրք` գտնվելով Զագրոսը հատող արևելքից արևմուտք տանող կարևորագույն ճանապարհներից մեկի վրա[1]։

Պատմություն խմբագրել

Հերոդոտոսը Եկբատանի կառուցումը վերագրում է Մարաստանի թագավորության կիսաառասպելական հիմնադիր Դեովկեսին[2], ինչը տեղի է ունեցել մ.թ.ա. 8-րդ դարի վերջում կամ 7-րդ դարի սկզբում[1][3]։ Ըստ Հերոդոտոսի նկարագրության Եկբատանը կառուցված է եղել բլրի վրա՝ շրջապատված յոթ պարիսպներով։ Քաղաքի բարձրադիր մասում՝ 7-րդ պարսպի ներսում, գտնվել են արքունի պալատը և գանձարանը։

Եկբատանը հանդիսացել է Մարական թագավորության մայրաքաղաքը մինչև վերջինիս կործանումը։ Մ.թ.ա. 550 թ. Աքեմենյան հարստության հիմնադիր Կյուրոս Բ Մեծը պարտության է մատնել Մարաստանի վերջին թագավոր Աստիագեսին, գրավել Եկբատանը և գանձարանը տեղափոխել Անշան[1]։ Կյուրոսի և նրան հաջորդող թագավորների օրոք քաղաքը հանդիսացել է Աքեմենյանների ամառային նստավայրը, այնտեղ է գտնվել նրանց գանձարանը[1]։

Մ.թ.ա. 330 թվականին քաղաքը գրավել է Ալեքսանդր Մակեդոնացին, որի ձեռքն է անցել նաև Աքեմենյանների գանձարանը, թալանվել է արքայական պալատը։ Մ.թ.ա. 305 թվականից քաղաքը եղել է Սելևկյանների իշխանության ներքո։ Նրանցից Անտիոքոս Դ Եպիփանեսի օրոք (իշխել է մ.թ.ա. 175-163 թվական) վերջինիս անունով կոչվել է Եպիփանիա։ Մարաստանի Սելևկյան սատրապ Տիմարքոսը ապստամբել է Անտիոքոս Դ-ի հաջորդ Դեմետրիոս Ա-ի դեմ և անկախ թագավորություն հռչակել՝ Եկբատանի կենտրոնով, որտեղ նրա անունով հատվել է դրամ։ Քաղաքում դրամ են հատել նաև Սելևկյան թագավորներ Դեմետրիոս Ա-ն և Ալեքսանդր Բալասը[1]։

Մ․թ․ա․ 140-ական թվականներին Եկբատանը գրավել է Պարթևստանի Արշակունի թագավոր Միհրդատ Ա-ն։ Պարթև Արշակունիները շարունակել են օգտագործել Եկբատանը որպես ամառային նստավայր։ Մ.թ.ա. 130 թվականին Սելևկյան թագավոր Անտիոքոս Է-ն փորձել է հետ գրավել քաղաքը, սակայն հաջողության չի հասել[1]։

Մ.թ.ա. 87 թվականին կամ 86 թվականին հայկական զորքերը՝ Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ, գրավել են Մարաստանը և պաշարել Եկբատանը։ Այդ պաշարման ժամանակ հրկիզվել է պարիսպներից դուրս կառուցված արքունի դղյակը՝ Ադրաբանան։ Պարթևների Գոդերձ Ա թագավորը ստիպված է եղել ճանաչել Տիգրան Մեծի գերիշխանությունը և նրան զիջել արքայից արքա տիտղոսը։

Պարթևական թագավորության կործանումից (մ․թ․ 224 թվական) հետո Եկբատանն աստիճանաբար անկում է ապրել։ Միջին դարերում Եկբատանի ավերակներից ոչ հեռու բարձրացել է ներկայիս Համադան քաղաքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 - Encyclopædia Iranica
  2. Հերոդոտոս, «Պատմություն», Գիրք 1, 98-99
  3. «Ecbatana | ancient city, Iran | Britannica»։ www.britannica.com (անգլերեն)։ Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21