Հին Աթենք
Հին Աթենք, քաղաք-պետություն (պոլիս) Ատտիկայում։ խոշոր դեր է խաղացել Հին Հունաստանի պատմության մեջ և մշակութային կյանքում։ Ըստ ավանդության, Պոլիսն առաջացել է սինոյկիսմոսի (համաբնակեցման)՝ աթենական ակրոպոլիսի շուրջը Ատտիկայի մեկուսի տոհմական համայնքների միավորման շնորհիվ, որը տևել է մի քանի հարյուրամյակ։ Այդ միավորումը վերագրվում է Թեսևս թագավորին։ Նրան է վերագրվում նաև աթենական համայնքի բնակչության բաժանումը եվպատրիդների, գեոմորների և դեմիուրգների։ Խոշոր հողատարածություններն աստիճանաբար կենտրոնանում էին տոհմական ազնվականության (եվպատրիդների) ձեռքում, իսկ ազատ բնակչության մեծ մասը կախման մեջ էր ընկնում նրանից։ Զարգանում էր պարտային ստրկությունը։ Ստրուկներից և ազատներից բացի Աթենքում կար նաև միջանկյալ խավ՝ այսպես կոչված մետեկները՝ անձնապես ազատ, բայց քաղաքական և տնտեսական որոշ իրավունքներից զուրկ մարդիկ։ Պահպանվում էր դեմոսի բաժանումը ֆիլաների, ֆրատրիաների և տոհմերի։ Աթենքը կառավարում էին ազնվականներից ամեն տարի ընտրվող 9 արքոնտները և արեոպագոսը՝ ավագների խորհուրդը։ Գույքային անհավասարության աճին զուգընթաց խորանում էին սոցիալ-տնտեսական հակասությունները, և սրվում պայքարը տոհմային ազնվականության ու դեմոսի միջև։ Սովորութային օրենքներն առաջին անգամ գրի առնվեցին մ.թ.ա. 621 թվականին, արքոնտ Դրակոնի օրոք։ Դա որոշ չափով սահմանափակեց դատավոր-արիստոկրատների կամայականությունները։ Մ.թ.ա. 594 թվականին դեմոսի ուժեղ ճնշման տակ Սոչոնը անցկացրեց բարենորոգումներ, որոնք Էապես փոխեցին Աթենքի սոցիալ-քաղաքական ողջ կարգը։ Սակայն բարենորոգումներից դժգոհ էին ինչպես գյուղացիները, որոնք չհասան հողի վերաբաժանմանը, այնպես էլ նախկին արտոնությունները կորցրած տոհմային ավագանին։ Մ.թ.ա. մոտ 560 թվականին Աթենքում տեղի ունեցավ քաղաքական հեղաշրջում, հաստատվեց Պիսիստրատոսի բռնապետությունը, որի քաղաքականությունն ուղղված էր տոհմային ավագանու դեմ։ Նրա ժամանակ Աթենքը իր ազդեցությունը տարածեց էգեյան ծովի մի շարք կղզիների վրա, ամրացավ Հելլես-պոնտոսի երկու ափերին։ Քաղաքը մեծացավ, գեղեցկացավ նոր շենքերով և արձաններով։ Կառուցվեց ջրմուղ։ Պիսիստրատոսի և նրա որդիների օրոք արքունիք հրավիրվեցին լավագույն արվեստագետներ։ Պիսիստրատոսի մահից (մ.թ.ա. 527 թվականին) հետո իշխանությունն անցավ նրա երկու որդիներին, սակայն նրանք այն երկար պահել չկարողացան։ Ինչպես և ամբողջ Հունաստանում, բռնապետությունն Աթենքում կարճատև եղավ։ Իշխանությունը գրավելու տոհմային ավագանու փորձը պատճառ դարձավ դեմոսի ապստամբության՝ Կչիսթենեսի գլխավորությամբ։ Հաղթանակն ամրապնդվեց բարենորոգումներով, որոնց շնորհիվ ոչնչացվեցին տոհմական կարգերի վերջին մնացորդները, պետությունը դարձավ ստրկատերերի դասակարգի տիրապետության գործիք։ Հույն-պարսկական պատերազմներում (մ.թ.ա. 500-449 թվականներ) առաջատար դերը պատկանում էր Աթենքին։ Նա հունական սակավաթիվ պոլիսներից Էր, որոնք պաշտպանեցին հոնիական քաղաքների ապստամբությունը, փայլուն հաղթանակ տարան պարսիկների դեմ Մարաթոնի մոտ (մ.թ.ա. 490 թվական), մասնակցեցին հունական քաղաքների պաշտպանական դաշինքին։ Սալամինի ճակատամարտը (մ.թ.ա. 480 թվական), որը բեկում առաջացրեց պատերազմում, տեղի ունեցավ աթենացիների նախաձեռնությամբ և ամենից առաջ նրանց ու ստրատեգոս Թեմիստոկլեսի շնորհիվ ավարտվեց պարսիկների նավատորմի լրիվ ջախջախմամբ։ Հաջորդ տարիներին Աթենքը, գլխավորելով Դելոսյան միությունը, որը շուտով վերածվեց աթենական ծովային տերության, ամբողջովին իր ձեռքը վերցրեց ռազմական գործողությունների ղեկավարությունը։ Աթենք թևակոխեց իր առավելագույն վերելքի ժամանակաշրջանը։ Զարգացած արհեստագործության, առևտրի և ծովագնացության հիման վրա, օլիգարխիական (Արիստիդեսի, ապա Կիմոնի գլխավորությամբ) և դեմոկրատական (Թեմիստոկլեսի, հետագայում Եփիալտեսի և Պերիկլեսի գլխավորությամբ) խմբավորումների միջև սուր պայքարի պայմաններում Աթենքում հաստատվեց այն ժամանակների համար առավել առաջադիմական պետական կարգը՝ ստրկատիրական դեմոկրատիան, որը բարձր զարգացման հասավ հատկապես Պերիկլեսի օրոք (այսպես կոչված Պերիկլեսի ոսկե դարը)։ Աթենքում էին ապրում և ստեղծագործում Հերոդոտոսը, Անաքսագորասը, Ֆիդիասը, Էսքիլեսը, Սոֆոկլեսը, Եվրիպիդեսը, Արիստոֆանը։
Հին Աթենք | |
---|---|
Տեսակ | պոլիս, հնագիտական հուշարձան, քաղաք-պետություն և Samian Ware Discovery Site? |
Մայրցամաք | Եվրոպա |
Երկիր | Հին Աթենք և Հունաստան |
Վարչատարածք | Ատիկա |
Մասն է | Հին Հունաստան |
Ձևավորում | մ. թ. ա. 508 |
Իր քաղաքական և տնտեսական տիրապետությունն ընդլայնելու և Հունաստանի մյուս պոլիսների վրա գերիշխելու անզուսպ ձգտման ճանապարհին Աթենքը բախվում էր հունական պոլիսների մի այլ խմբավորման՝ Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության հետ, որը և հանգեցրեց ամբողջ Հունաստանի համար կործանարար Պելոպոնեսյան պատերազմին (մ.թ.ա. 431-404 թվականներ)։ Պարտություն կրելով Աթենքը ընդմիշտ կորցրեց իր առաջատար դերը Հունաստանում։ Մ.թ.ա. 338 թվականին Քերոնեի ճակատամարտում աթենական քաղաքական գործիչ Դեմոսթենեսի գլխավորած հակամակեդոնական կոալիցիայի պարտությունից հետո Աթենքը և հունական մյուս պոլիսները ենթարկվեցին Մակեդոնիայի գերիշխանությանը։ Մ.թ.ա. 146 թվականին Աթենքը, ինչպես և ամբողջ Հունաստանը, ընկավ Հռոմի տիրապետության տակ։ Մ.թ.ա. 88 թվականին Աթենքը հարեց Միհրդատ VI Պոնտացու հակահռոմեական շարժմանը։ Մ.թ.ա. 86 թվականին Կոռնելիոս Սուլլայի զորքը գրոհով գրավեց Աթենքը և կողոպտեց քաղաքը։ Միայն անցյալի նկատմամբ ունեցած հարգանքից դրդված՝ Սուլլան ձևական ազատություն շնորհեց նրան։ Աթենքը վերջնական անկում ապրեց մ.թ.ա. III դարում սկսած, երբ բարբարոսները ներխուժեցին Բալկանյան Հունաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |