Իջևանատուն, հյուրանոցային տիպի հաստատությունների ընդհանուր անվանումը միջնադարյան Հայաստանում։ Պատմական ակնարկներում, վիմագիր արձանագրություններում պահպանվել են բազմաթիվ հոմանիշ բառեր՝ իջևան, հոգետուն, քարավանատուն, պանդոկ, հյուրատուն, օտարանոց, ասպնջականոց, խան, կայան։

Սակայն, որպես կառույցներ, դրանք մեծ մասամբ առանձնահատկություններով և տարբեր ֆունկցիոնալ լուծումներով որոշակի ճարտապետական տիպեր են։ Իջևանատներ կառուցում էին մայրուղիների, առևտրական ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Ծառայում էին հասարակությանը, քարավաններին, օտարական ճանապարհորդներին, աղքատ անցորդներին (վերջիններիս հանգստի տեղ և անվճար սնունդ էին տալիս)։ Կառուցվել են վաղ ժամանակներից, պահպանված տիպերի մի մասը պատկանում է 12–14-րդ դարերում։ Հայաստանի որոշ գյուղեր մինչև օրս անվանվում են իջևան, որը վկայում է հնում այդ տեղում իջևանատուն լինելու մասին։

Իջևանատուն

Իջևանատները շինվում էին ոչ միայն քաղաքներում ու գյուղերում, որոնց միջով անցնում էր ճանապարհը, այլև այդ երկու բնակավայրերի արանքում եղած բաց դաշտերում, երբեմն էլ՝ լեռնացքների վրա, երբ ճանապարհն անցնում էր լեռնային անմարդաբնակ վայրերով։

Պատմական Արցախի շատ վայրերում մնացել են միջնադարյան այդպիսի իջևանների ավերակներ թե՛ բնակավայրերի մոտ, թե՛ լեռնացքների վրա և թե՛ բաց ու ընդարձակ դաշտերում։ Այդպիսի մի լավ պահպանված հուշարձան է Հադրութ-Մարտունի խճուղու 10-րդ կմ հատվածում, այժմյան Ղարդաբազար գյուղի կենտրոնում բարձրացող բլրի արևմտյան լանջին գտնվող իջևանատուն կոչվող համալիրը։

Իջևանատան համալիրը կառուցված է ազատ հատակագծման սկզբունքով՝ ելնելով միայն տեղանքից ու կողմնորոշումից։ Այստեղ ռելիեֆը թողնված է անփոփոխ, և կառույցներն են հարմարեցված տեղանքին։ Բլրի գագաթին գտնվող տաճարը կառուցված է սրբաշատ մոխրագույն քարից, գրեթե քառանկյուն հորինվածքով։ Շենքը աչքի է ընկնում պատերի հաստությամբ։

Տաճարից 40 մ ցած (դեպի հարավ-արևմուտք) բլրի լանջով ձգվող կիսամշակ քարով շարված պատը կենտրոնական մասում ունի երեք կամարակապ դուռ։ Դռների ետևում ընդարձակ սրահն է, որի հյուսիսային և հարավային կողմում գտնվում են միանավ դահլիճների դռները։ Ավելի քան 100 մ² տարածություն ունեցող 4 դահլիճներն ամբողջապես գտնվում են բլրի մեջ։ Արտաքուստ բոլորովին չեն երևում այդ դահլիճները։ Սրահի և դահլիճների թաղակապ ծածկը բնական ապառաժ բլուրն է։ Իջևանատան համալիրի մեջ մտնող մյուս շինությունները գտնվում են բլրի ստորն լանջին։ Հիմնական մուտքը տեղադրված է սրահի ուղղությամբ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Շահեն Մկրտչյան, Հայաստան հրատարակչություն, Երևան-1985

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 382