Կորդուք

Մեծ Հայքի Կորճայք նահանգի գավառ

Կորդուք, գավառ Մեծ Հայքի Կորճայք նահանգի կազմում[1][2]։ Հայոց հարավային սահմանագավառը։

Աշխարհագրություն խմբագրել

Հյուսիսում Արևելյան Տիգրիս գետով բաժանված էր Մոկք նահանգից և գրավում էր Արևելյան Տիգրիս ու Խաբուր-սու (Տիգրիսի ձախակողմյան վտակ) գետերի միջև ընկած լեռնային շրջանները։ Տիգրիս, Ջերմ և Արևելյան Խաբուր գետերի միջև։ Արևմուտքից սահմանակից էր Հայոց Միջագետքին, հյուսիս-արևմուտքից՝ Աղձնիք, հյուսիսից Մոկս նահանգներին, արևելքից՝ Կորճայքի Տմորիք գավառին, հարավից՝ Ադիաբենեին (Ասորեստան)։ Հունահռոմեական պատմիչները Կորդուքի բնակավայրերից հիշատակում են Փինակա (այժմ՝ Փինիկ գյուղ), Սարիսա և Սիդալագա բերդաքաղաքները։ «Աշխարհացոյցը» հիշում է Կորդուքի Թման ավանը (Հռիփսիմեանց պատմության մեջ՝ Թմնիս, ասորերեն՝ Թեմանոն, արաբերեն՝ Թամանոն, այժմ՝ Թմնին գյուղ)։

Պատմություն խմբագրել

Ըստ Պլինիոս Ավագի՝ գավառանունն առաջացել է տեղաբնիկների կորտ, կորդ կամ գորդ ցեղանունից։ Կորդուքի անունով է կոչվում նաև Կորդվաց լեռնաշղթան։ Ադիաբենեում բնակվող արամեացիները, հայերին ու նրանց երկրին առաջին անգամ ծանոթանալով Կորդուքի միջոցով, Հայաստանը կոչել են Կարդու, Քարդու (Աստվածաշնչի հին ասորական և հին արաբական թարգամանություններն այդ անունները գործածել են Հայաստան անվան փոխարեն)։ Հայ մատենագիրները Կորճայք նահանգը հաճախ կոչել են Կորդուաց աշխարհ։ Հայ հնագույն պատմության մեջ Կորդուքը հիշատակվում է Կադմեաց տուն (հայոց անվանադիր նախնի Հայկի թոռան և Արամանյակի որդու՝ Կադմոսի անունով)։

Ասորեստանի թագավոր Թիգլաթպալասար I-ի (մ.թ.ա. 1115-1077 թվականներ) տարեգրության մեջ Կադմեաց տունը հիշատակվում է Կադմուխի երկիր անունով, իսկ նրա բնակիչներին՝ ասորեստանցիներին, անվանել են նաև կուրիտներ կամ ընդհանուր հորջորջմամբ՝ բաբխեցիներ (լեռնականներ)։

Մ.թ.ա. 401 թ. 7 օր անդադար հալածելով Հայաստանով նահանջող հույն զինվորներին (10 հազար)՝ Կորդուքի հայերը զգալի կորուստներ են պատճառել նրանց և դուրս մղել իրենց հողերից։ Ստրաբոնը Կորդուքի հայերին անվանում է քաջ պատերազմիկներ, ներհուն արվեստագետներ և ճարտարապետներ։ Անտիկ պատմիչները Կորդուքը անվանել են «արգավանդ գավառ» (Ամմիանոս), «գինեվետ երկիր» (Քսենոփոն

Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժամանակ (մ.թ.ա. 2-րդ-մ.թ. 4-րդ դար) Կորդուքի իշխանը եղել է Հայաստանի հարավային զորաթևի կուսակալը՝ բդեշխը։

Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում (I-IVդդ.) Կորդուքում հաստատվել են ասորական համայնքներ։ 640 թ. Կորդուքը գրավել են արաբները։ Արաբական և հատկապես սելջուկյան նվաճումներից (XIդ.) հետո Կորդուքում հաստատվել են քրդական վաչկատուն աշիրաթներ։

XVI դարում ընկնելով թուրքական տիրապետության տակ՝ Կորդուքը մտցվել է Դիարբեքիրի նահանգի Ջազիրա-Բոհտան հուքյումեթի մեջ, սակայն օսմանյան գերիշխանությունն այնտեղ եղել է անվանական (սուլթանությունը քրդերին հնազանդեցրել է միայն 1840-ական թվականների վերջին)։ 1868 թ. մտել է Դիարբեքիր նահանգի Բոհտան գավառի մեջ։ 1878 թվականին Կորդուքի հյուսիսարևմտյան հատվածը՝ Արվահը կամ Դեհը, անցավ նորաստեղծ Բիթլիս վիլայեթին։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը մեծաթիվ հայեր էին բնակվում Կորդուքի Դարաբան, Դեհ (Տըհ), Դերգոլ, Դերիմ, Դերշըմըշ, Թիլ (Թելուկ), Կոտմուս (Կոտմոս), Հարգոլ, Մլյանց, Շերնակ (Շրնախ), Պարիս, Սևադի, Փինիկ, Ֆնդըք ավաններում և գյուղերում։

1915 թ. Մեծ եղեռնի ժամանակ՝ հայերի և ասորիների կոտորածից ու բռնագաղթից հետո, Կորդուքը հիմնականում դարձել է քրդաբնակ։ Մինչև 1980-ական թվականները Կորդուքի որոշ շրջաններում դեռ հանդիպում էին սակավաթիվ, գերազանցապես՝ քրդախոս հայեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կորդուք գավառ
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 645