Հուդայի թագավորություն, հրեական հնագույն պետություն Հարավային Պաղեստինում մ.թ.ա. 928-586 թվականներին։ Ստեղծվել է Իսրայել-Հուդայի թագավորության (մ.թ.ա. XI դարի վերջ - մ.թ.ա. X դարի վերջ) տրոհումից հետո։ Մայրաքաղաքը Երուսաղեմն էր։ Հուդայի թագավորությունում իշխել են Դավթի հետնորդները։ Նրան բնորոշ էին հիմնականում միևնույն սոցիալ-տնտեսական երևույթները, ինչպիսիք Իսրայելի թագավորությունում էին։

Մայրաքաղաք Երուսաղեմ

Թագավորներ խմբագրել

  • Առաջին թագավորը Սողոմոն Իմաստունի որդի Ռովոյամն էր (մ.թ.ա. մոտ 928-911 թթ.), որի օրոք Հուդայի թագավորություն են ներխուժել եգիպտացիները՝ փարավոն Շեշոնկի գլխավորությամբ։ Ռոբովամի, Աբիայի (Աբիամ, մ.թ.ա. մոտ 911-908 թթ.), Ասայի (մ.թ.ա. մոտ 908-867 թթ.) օրոք Իսրայելի թագավորության դեմ մղված պատերազմները թուլացրել են այն։
  • Հովսափատի ժամանակ (մ.թ.ա. մոտ 867-842 թթ.) հաշտություն է կնքվել Իսրայելի թագավորության հետ, անցկացվել են դատական և կրոնական բարեփոխումներ։
  • Ազարիան (Ոզիա, մ.թ.ա. մոտ 785-733 թթ.) Եդովմից (երկիր Հուդայի թագավորությունից հարավ) վերագրավել է մի նավահանգիստ Կարմիր ծովի ափին, վերականգնել ծովային առևտուրը Արաբիայի և այլ երկրների հետ։ Նրա օրոք Հուդայի թագավորությանը հարկատու են դարձել Մովաբը (թագավորություն Հուդայի թագավորությունից արևելք) և փղշտացիները (Հուդայի թագավորությունից արևմուտք բնակվող ցեղեր)։
  • Եզեկիան (մ.թ.ա. մոտ 716-687 թթ.) Եսայի մարգարեի ազդեցության տակ անցկացրել է ռազմական, տնտեսական, սոցիալական, կրոնական բարեփոխումներ՝ ամրապնդելու համար երկիրը Ասորեստանի հնարավոր հարձակման դեպքում։ Եգիպտա-ասորեստանյան հակամարտությունների ընթացքում հարել է հակաասորեստանյան խմբավորմանը, սակայն անհաջողության մատնվելով՝ դարձել Ասորեստանին հարկատու։
  • Հովսիայի օրոք (մ.թ.ա. 639-609 թթ.) Թագավորությունն ազատվել է Ասորեստանի լծից, իրեն ենթարկել նախկին Իսրայելի թագավորության տարածքի մի մասը։ Նա թեթևացրել է ստրուկ-պարտապանների վիճակը, Երուսաղեմում կենտրոնացրել Եհովայի պաշտամունքը։

Թագավորության վերջին թագավորները, հրաժարվելով բաբելոնյան կողմնորոշումից, փորձել են հենվել Եգիպտոսի վրա։ Մ.թ.ա. 587 կամ 586 թվականին այն գրավել է Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսոր II։ Երուսաղեմը և Սողոմոնի կառուցած տաճարը հրկիզվել են, բնակչության զգալի մասը գերեվարվել Բաբելոն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 635