Նիկողայոս Ադոնց
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադոնց (այլ կիրառումներ)
Նիկողայոս Գևորգի Ադոնց (Տեր-Ավետիքյան, հունվարի 10 (22), 1871[1][2], Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հունվարի 27, 1942[3][4][5], Բրյուսել, Բելգիա), հայ պատմաբան, բյուզանդագետ և բանասեր։
Նիկողայոս Ադոնց ռուս.՝ Николай Георгиевич Адонц | |
---|---|
Ծնվել է | հունվարի 10 (22), 1871[1][2] Բռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հունվարի 27, 1942[3][4][5] (71 տարեկան) Բրյուսել, Բելգիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Բելգիա |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ, բյուզանդագետ և բանասեր |
Հաստատություն(ներ) | Գևորգյան հոգևոր ճեմարան, Սանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան և Byzantion? |
Գործունեության ոլորտ | հայագիտություն և Բյուզանդագիտություն |
Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան[2] և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելյան ֆակուլտետ (1899) |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4], ռուսերեն[4], հայերեն[4], հին հունարեն, լատիներեն և վրացերեն |
Հայտնի աշակերտներ | Կիրիլ Թումանով և Պիտեր Խարանիս |
Ազդվել է | Նիկողայոս Մառ |
Nikoghayos Adonts Վիքիպահեստում |
Կեղծանուն
խմբագրելԳիտնականն իր «Դավիթ Բեկ և Տեր Ավետիքի սերունդը» հոդվածում, որը գրվել է 1937 թվականին Բրյուսելում և առաջին անգամ տպագրվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրում՝ նույն թվականին, հաղորդում է իր Ադոնց ազգանվան հետ կապված հետաքրքիր մի փաստ։ Նա հավաստում է, որ իր նախապապը եղել է Դավիթ Բեկի զինակիցներից Տեր Ավետիք քահանան, որի քաջության շնորհիվ առնվեց Զևու բերդը՝ Դավիթ Բեկի ամենանշանավոր հաղթանակը։
Ադոնց տան պաշտոնական ազգանունն է Տեր-Ավետիքյան։ Այդպես էի կոչվում նաև ես Ս. Էջմիածնի ճեմարանում աշակերտելիս։ Երբ հետո ռուսական գիմնազիոն մտա՝ Թիֆլիսի Երկրորդ գիմնազիոնը, դպրոցի դիվանը, ռուսական սովորությամբ, փոխեց անունս՝ Տեր-Ավետիքով։ Տեսուչը չեխ մարդ էր՝ Դրբոգլավ, հեռու ռուսամոլությունից։ Վստահելով նրա բարյացակամ վերաբերումին՝ նկատեցի, որ անունս աղավաղել են և չեն ուզում ուղղել։ Շատ սառը պատասխանեց, որ տրտունջի տեղը չէ և պետք է հնազանդվել դպրոցական կարգերին։ Գիմնազիոն ավարտելիս չուզեցի բնավ, որ վկայականի մեջ Ավետիքով գրեն, որով ընդմիշտ պաշտոնական ձև պիտի առներ և համալսարանում և հետո, ուստի գրեցի Երևան կոնսիստորիա և ստացա վկայաթուղթ, թե Տեր-Ավետիքյան է նույն Ադոնց։ Ավարտական քննությունների ժամանակ ես արդեն Ադոնց էի և ոչ Ավետիքով[6]։ |
Նա բացատրում է նաև, որ Ադոնց տունը Բռնակոթում բնիկ չէ, այլ եկվոր. զանազան փաստերով հիմնավորում է, որ Ադոնց տունն ունի իշխանական ծագում։
Կենսագրություն
խմբագրելՆիկողայոս Ադոնցը ծնվել է պատմական Սյունիքի Բռնակոթ գյուղում 1871 թվականի հունվարի 10-ին[7]։ Ավարտել է Տաթևի վանքի դպրոցը, միջնակարգ կրթություն է ստացել Գևորգյան ճեմարանում։ Ադոնցը չի ավարտել ճեմարանի լրիվ դասընթացը. 1891 թվականին տեղափոխվել է Թիֆլիս և մեկ տարի անց ընդունվել տեղի ռուսական գիմնազիան, որն ավարտել է յուրացնելով անտիկ դասական լեզուները՝ հունարեն ու լատիներեն։ 1899 թվականին ոսկե պարգևանշանով ավարտել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների և պատմա-բանասիրական ֆակուլտետները։ Աշակերտել է Նիկողայոս Մառին[8]։ Նիկողայոս Ադոնցի ազգանունը սկզբում եղել է Տեր-Ավետիքյան։ Ադոնց է դարձել, երբ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում Տեր-Ավետիքով ազգանունը փոխել է տվել Ադոնցի՝ իր հայկականությունը շեշտելու համար։ Ադոնցի մայրը՝ Դանա Ռոստոմբեկյանը, նույնպես ազնվական էր, նա ծագում էր Օրբելյան իշխանական տոհմից ու Դավիթ Բեկի ազգականն էր։ Այս ուշագրավ հոդվածից իմանում ենք, որ Տաթևի վանքի եպիսկոպոս Հովակիմի ժամանակ Բռնակոթ գյուղի մի քանի անձեր իրենց ծախսով 1787 թվականին Տաթևի վանքի մոտ թաղված հայ միջնադարի նշանավոր աստվածաբան, փիլիսոփա, րաբունապետ, մանրանկարիչ, եկեղեցական գործիչ Գրիգոր Տաթևացու (1346-1409) գերեզմանի վրա կառուցել են տվել շքեղ դամբարան՝ երկար արձանագրությամբ[9]։
Գիտական գործունեություն
խմբագրելՀեղինակ է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (ռուս., 1908, անգլ., 1969, հայ., 1987) կոթողային մենագրության, որտեղ մանրամասն տալիս է Հայաստանի պատմաաշխարհագրական նկարագիրը, լուսաբանում է վաղ միջնադարյան Հայաստանի նախարարական կարգն ու հողատիրության ինստիտուտները, Հայաստանի քաղաքական կացությանը վերաբերող հարցեր։
1899-1901 թվականներին Եվրոպայում (Մյունխեն, Փարիզ, Լոնդոն, Վենետիկ) խորացել է բյուզանդագիտության մեջ[10]։ 1903 թվականին եկել է Կովկաս, Թիֆլիսում ուսումնասիրել վրացերեն, աշխատել է Էջմիածնի մատենադարանում։ Այդ տարիներին Ադոնցը գրել է «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» (1908 թվականին՝ ռուսերեն) մագիստրոսական դիսերտացիան, որը պաշտպանել է 1909 թվականին և դարձել Պետերբուրգի համալսարանի պրիվատ-դոցենտ։ 1916 թվականին «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» (1915 թվական, ռուսերեն) աշխատության համար նույն համալսարանում արժանացել է բանասիրության դոկտորի աստիճանի և ստացել պրոֆեսորի կոչում։ 1916 թվականին եղել է Էջմիածնում, Մուշում, Էրզրումում, 1917 թվականին հնագետ Աշխարհբեկ Քալանթարի հետ մասնակցել Վանի երկրորդ հնագիտական արշավախմբին։ 1917 թվականին ընտրվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատվավոր հոգաբարձու և պրոֆեսոր։ 1920 թվականին մեկնել է Լոնդոն, ապա՝ Փարիզ։ 1930 թվականին հրավիրվել է դասախոսելու Բրյուսելի համալսարանում և ղեկավարել նոր կազմակերպված հայագիտական ամբիոնը։ «Բյուզանդիոն» հանդեսում և այլուր լույս են տեսել նրա արտասահմանյան տարիների լավագույն աշխատությունները։ Ադոնցը մահացել է 1942 թվականի հունվարի 27-ին, Բրյուսելում։ Նրա ձեռագրերը հանձնվել են Փարիզի Նուպարյան մատենադարանին, իսկ գրքերը՝ Բրյուսելի հայ գաղութին։
Ադոնցը թողել է շուրջ 80 հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով գրված արժեքավոր գիտական աշխատություններ՝ նվիրված գլխավորապես հայ ժողովրդի միջնադարյան պատմությանն ու գրականությանը, հայ-բյուզանդական հարաբերություններին, հայ-հունական բանասիրությանը, առասպելաբանությանը, կրոնին, լեզվաբանությանը։ Դրանք մեծ մասամբ կարճ, մենագրական բնույթի ուսումնասիրություններ են։ «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» աշխատությունը 20-րդ դարի հայագիտության խոշոր նվաճումներից է։ Այնտեղ մանրամասնորեն ուսումնասիրված են Հայաստանի պատմա-աշխարհագրական և հասարակական-քաղաքական կառուցվածքի, հայ-բյուզանդական հարաբերությունների, նախարարական տոհմերի հետ կապված խնդիրները, առաջին անգամ գիտական վերլուծության է ենթարկված հայ ֆեոդալիզմի և հայ գյուղացիության մի շարք հարցեր[11]։
Հետագայում Ադոնցը գյուղացիության պատմության խնդիրներն ավելի հանգամանորեն քննել է «Հայ հին շինականությունը» (1927 թվական) ուսումնասիրության մեջ։ Մյուս ծավալուն աշխատությունը՝ «Արուեստ Դիոնիսեայ Քերականի և հայ մեկնութիւնք նորին», հայ-հունական բանասիրության մասին առաջին խոշոր գործն է։ Գիտական բարձր մակարդակով Ադոնցը վերլուծել է Թրակացու քերականության հայերեն թարգմանությունը և նրա վեց հայ մեկնիչների բնագրերը, կատարել բանասիրական կարևոր շտկումներ։ Մի շարք հոդվածներում վեր է հանել հայ-բյուզանդական անվանի ընտանիքների և Բագրատունիների տոհմաբանությունը։ Ի մի բերելով հույն հեղինակների կցկտուր տեղեկությունները՝ բացահայտել է բյուզանդական զորավար Արտավան Արշակունու, նրա եղբայր Վարդ Մամիկոնյանի, Վասիլի I-ին և Մորիկ կայսրերի ու այլ հայազգի գործիչների կերպարները («Պատմական ուսումնասիրություններ», 1948 թվական)։ Մեծ արժեք ունեն նաև Ադոնցի աղբյուրագիտական ու բանասիրական ուսումնասիրությունները՝ նվիրված Փավստոս Բուզանդին, Կորյունին, Եզնիկ Կողբացուն։
«Մաշտոց և նրա աշակերտները ըստ օտար աղբյուրների» (1925 թվական) աշխատության մեջ Ադոնցը ցույց է տվել հայ գրերի ստեղծման պատմական իրադրությունը՝ մաշտոցյան գրերի ստեղծումը դնելով 382-392 թվականների միջև։ Ադոնցը ձեռնարկել է գրել հայ ժողովրդի ամբողջական պատմությունը, որի առաջին հատորը (հնագույն շրջան) լույս է տեսել ֆրանսերեն և հայերեն (1946, 1972)։ Ուշագրավ են Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանում Հայաստանի մասին Ադոնցի հոդվածները։ Նա նաև հմուտ գրականագետ էր, գրել է մի շարք հոդվածներ, 1903-1904 թվականներին Պետերբուրգում խմբագրել է «Բանբեր գրականության և արվեստի» պարբերականը[12]։
Ինչպես վկայում է Ադոնցը, ինքը Տեր Ավետիքի թոռ Գևորգի որդին է։ Գևորգը Բռնակոթ գյուղի քահանան էր։ Անշուշտ, Գևորգ քահանան ջանացել էր իր որդուն տալ օրինակելի կրթություն, ուղարկել է Տաթևի վանքում սովորելու, իսկ այնուհետև նրան տեղափոխել է Գևորգյան ճեմարան։ Բրյուսելի համալսարանում Ադոնցի մոտ ուսանած Մուշեղ Իշխանը գրում է, թե պրոֆեսորը մի առանձին սիրով էր հիշում Գևորգյան ճեմարանում իր ուսանած տարիները և այդ տարիների մասին պատմում էր զվարճալի դեպքեր։ Ալեքսանդր Մանթաշյանի կրթաթոշակով Ադոնցը սովորել է Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների ու պատմաբանասիրական ֆակուլտետներում՝ դրանք ավարտելով ոսկե պարգևով։ Արդեն համալսարանում ուսանելու տարիներին եղել է Եվրոպայի հռչակավոր կենտրոններում ու պարապել տեղի նշանավոր գրադարաններում՝ Փարիզի, Լոնդոնի, Մյունխենի, Վենետիկի, Վիեննայի։ Նպատակն է եղել հատկապես խորանալ բյուզանդագիտության մեջ։ Ադոնցն ազատորեն գրել է հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն լեզուներով։ Տիրապետում էր նաև հին դասական լեզուներին ու տարբեր ազգերի սեպագրերին։ Նա հավասարապես գրում էր թե արևելահայերեն և թե արևմտահայերեն։
Ադոնցի երկերի Է հատորը պարունակում է նրա նամականին։ Հարկ է երախտագիտության տուրք մատուցել պատմաբան Պետրոս Հովհաննիսյանին, որը երկար տարիներ ուսումնասիրել է Ն.Ադոնցի գիտական ժառանգությունը և կազմել, ծանոթագրել նրա երկերի հատորները։ Ադոնցի նամակներից իմանում ենք, որ Վենետիկի միաբաններից նա առանձնացնում է հատկապես երկուսին՝ Ղևոնդ Ալիշանին և Գարեգին Զարբհանալյանին։ Նաև իմանում ենք, որ Եվրոպայի գրադարաններում գիտական հետազոտություններ կատարելու տարիներին նյութական դժվարություններ է ունեցել, որովհետև Մանթաշյանի նշանակած թոշակը չի բավարարել նրա առաջնահերթ կարիքներին։ 1901 թվականի մարտի 18-ին Ն.Մառին գրած ռուսերեն նամակում նա գրում է.«Չափազանց ուրախ եմ Ձեզ հայտնել, որ իմ դիպվածն ավարտվեց բոլորովին բարեհաջող։ Ես հնարավորություն ունեցա այստեղ՝ Փարիզում, խոսել Մանթաշևի հետ։ Նա ինձ ընդունեց շատ սիրալիր։ Հարցուփորձ արեց որոշ բաներից, և ի վերջո համաձայնվեց շարունակել ինձ աջակցել ևս մեկ տարի»։
Մուշեղ Իշխանի «Երեք մեծ հայեր» բացառիկ արժեքավոր հուշագրությունից իմանում ենք, որ Ադոնցը երբեք չի հանդուրժել, որ հայերն արտասահմանում օտարներին երևան խղճալի տեսքով։ Նա միշտ հագնվել է՝ հետևելով մոդային ու հարուստ մարդու տպավորություն է թողել։ Բրյուսելում ապրել է շքեղ թաղամասում, հաճախել է թանկ սրճարան, ուր ամեն օր թերթ էր կարդում, խմում էր սուրճ և ծխում Հավանայի սիգար։ Նրա սենյակը, որը լի էր ամենատարբեր լեզուներով գրքերի լեցուն գրապահարաններով, փայլում էր մաքրությամբ ու կարգ ու կանոնով։ Նա մեծահարուստ ազնվականի տեսք ուներ, ու թեև 70 տարեկանն անց էր, սակայն տեսքով երիտասարդ էր երևում։
Ադոնցն ամուսնանացած էր տաղանդավոր օպերային երգչուհի Հուրի Հովնաթանյանի հետ, որն իրենից շատ երիտասարդ է եղել, երկու տարի ծանր հիվանդ է եղել, ու գիտնականն անձամբ է խնամել նրան։ Հուրին բազմակողմանի զարգացած էր, նա նաև հիանալի նկարում էր, ու նկարներ էր անում ամուսնու գրքերի ու հոդվածների համար։ Ադոնցի կինը վախճանվել է 1935 թվականին և թաղված է Փարիզում։ Ամեն տարի Զատկի տոներին պատմաբանն այցելում էր Փարիզ ու ծաղիկներ դնում կնոջ գերեզմանին։
Նիկողայոս Ադոնցը մեծ հայրենասեր էր։ Ճակատագրի բերումով նա 1920 թվականին հեռացավ Ռուսաստանից՝ այլևս չվերադառնալու որոշմամբ։ Նա, որ այնքան պաշտում էր Հայաստանը, այլևս չտեսավ իր հայրենիքը։ Վախճանվեց 1942 թվականի հունվարի 27-ին Բրյուսելում և թաղվեց այնտեղ։ Երախտագետ սիսիանցիները Սիսիան քաղաքում կանգնեցրել են նրա հուշարձանը։ Քանդակագործը տաղանդավոր Արտաշես Հովսեփյանն է։ Ադոնցի գիտական վաստակը բազմաճյուղ է։ Նա առաջին հերթին բյուզանդագետ է և համաշխարհային բյուզանդագիտության մեջ հայտնի անուն է։ Գիտնականը բյուզանդագիտությունը հարստացրեց նոր փաստերով՝ օգտագործելով հայ պատմիչների ընձեռած տվյալները։ Բյուզանդագիտական ուսումնասիրությունների գագաթը «Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում» գիրքն է, որը եղել է նրա մագիստրոսական թեզը։ Այդ գիրքը, որը սկզբնապես գրվել է ռուսերեն, հետո թարգմանվել է ֆրանսերեն և ապա հայերեն։
387 թվականին Հայաստանի արևմտյան հատվածն ընկավ Բյուզանդիայի տիրապետության ներքո։ Ահա այդ ժամանակահատվածից մինչև Հուստինիանոս Առաջինի (483-565) ժամանակահատվածի դեպքերը կազմում են գրքի բովանդակությունը՝ ըստ հունահռոմեական, հայկական և XIX դարի եվրոպական բյուզանդագետների աշխատությունների։ Ադոնցը ներկայացնում է Հայաստանի ներքին և արտաքին կացությունը մինչև Հուստինիանոսը և, իհարկե, իր գրքի հիմնական նյութը կազմում են Հուստինիանոսի գահակալության թվականներին Արևմտահայաստանում տեղի ունեցած քաղաքական, տնտեսական, օրենսդրական փոփոխությունները։ Գրքում տեսանելի ձևով ներկայացվում են 536 թվականին Հուստինիանոսի կատարած բարեփոխումները, որի անվան տակ Բյուզանդիայի կայսրը ոչնչացրեց հայկական քաղաքական ու հասարակական կարգերը՝ նպատակ ունենալով Արևմտահայաստանի հռոմեականացումը։ Հայերը ամեն բանում պետք է ենթարկվեին հռոմեական օրենքներին և Բյուզանդական կայսրության համար հուսալի պատնեշ դառնային Արևելքից եկող թշնամական հարձակումներին։ Հուստինիանոսը Բյուզանդիայի համար եղել է հզոր կայսր, ընդարձակել է պետության սահմանները, կատարել է բազում շինարարական աշխատանքներ, որոնցից նշանավորագույնը Սուրբ Սոֆիայի տաճարի կառուցումն էր Կոստանդնուպոլսում։ 535 թվականի ապրիլի 15-ին լույս է տեսնում Հուստինիանոսի եզակի ու նշանավոր նովելլան, որում կայսրն անկեղծորեն մերկացնում էր պետական ծառայողների այլանդակ բարքերը, արծաթասիրությունն ու կաշառակերությունը։ Գրքում Ադոնցը ներկայացնում է, թե Հուստինիանոսի օրենսդրությամբ հիմնվում են չորս Հայքերը՝ I, II, III, IV, որոնք կրում են Հայք անվանումը, որովհետև երկրի բնակիչները հայեր էին։ Հուստինիանոսի օրենսգրքում սահմանվում են ժառանգական ու կանանց իրավունքները։ Հետաքրքիր է, որ կրթական հարցերում Հուստինիանոսը խտրություն չէր դնում Բյուզանդական կայսրության մեջ ապրող ազգությունների միջև։
1915 թվականին է լույս տեսել Նիկողայոս Ադոնցի «Դիոնիսիոս Թրակացին և հայ մեկնիչները» դարձյալ կոթողային աշխատությունը, որով նա պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Դիոնիսիոս Թրակացու (ապրել է Մ․թ․ա․ II դարում) «Քերականական արվեստ» գիրքը անտիկ աշխարհի նշանավոր լեզվագրական հուշարձաններից է։ Այն միջնադարի հայ քերականների սիրելի գործերից էր և ենթարկվել է տարբեր մեկնությունների՝ սկսած VI դարից։ Առաջին մեկնիչների՝ Դավթի, Մովսեսի և Ստեփանոսի բուն հեղինակային երկերը, ըստ Ադոնցի, մեզ չեն հասել։ Հետագայում, սակայն ակադեմիկոս Գևորգ Ջահուկյանը Մաշտոցի ավան Մատենադարանում գտավ V-VI դդ. քերական Դավթի մեկնությունն ու այն հրատարակեց։ Միաժամանակ հաստատվեց Նիկողայոս Ադոնցի այն ճշգրիտ կռահումը, թե Դավիթ Քերականը չի եղել փիլիսոփա Դավիթ Անհաղթը։ Դավիթ Քերականի, Մովսես Քերթողի, Անանունի, Ստեփանոս Սյունեցու քերականական մեկնությունները զետեղված են գրքի սկզբում։ Ըստ որում, Դավիթ Քերականի մեկնության խորագրի տակ գրված է, որ այն քաղածո է։ Այնուհետև զետեղված են Գրիգոր Մագիստրոսի, Համամ Արևելցու մեկնությունները։ Դիոնիսիոս Թրակացու քերականության մեկնություններում ձևաբանությունն ու շարահյուսությունը միասնական են։ Բացի լեզվաբանական գիտելիքներից, Թրակացու քերականության մեջ առկա են նաև գրականագիտական ու գրաքննադատական գիտելիքներ։ Գրքի շատ ծավալուն տեսական բաժնում Ադոնցը տվել է իր օգտագործած ձեռագրերի նկարագրությունները՝ ներառելով դրանց հիշատակարանները։ Դիոնիսիոս Թրակացու հայ մեկնիչների գործերում հանդիպում ենք հետաքրքիր պատմությունների, որոնք ներկայացնում են Հունաստանի պատմական դեպքերը, նշանավոր դեմքերին և ծանոթացնում հին աշխարհի գրականությանն ու արվեստին։
Գրիգոր Մագիստրոսի մեկնության մեջ պատմվում է, թե ինչպես պատանի Հոմերոսը կուրացել է չար ախտի պատճառով և կոչվել Հոմերոս (Հոմերոսը թարգմանվում է կույր)։ Ադոնցի երրորդ կոթողային աշխատանքը «Քննական պատմություն Հայոց» երկն է, որը ֆրանսերեն է ու լույս է տեսել հեղինակի մահվանից հետո՝ 1946 թվականին։ Սա Ադոնցի կարապի երգն է, որը ծրագրված էր չորս հատորով լույս աշխարհ գալու, սակայն իրականացավ միայն առաջին հատորը, որը սկսվում է հայերի ծագումնաբանումից և հասնում է մինչև Քրիստոսից առաջ VI դար։ Սակայն գիտնականի գործին կցված են նաև երկրորդ և երրորդ հատորներից որոշ նյութեր։ Ադոնցն այս աշխատության վրա, որը գրել է ֆրանսերեն, աշխատել է 1939-1941 թվականներին։ Նա համոզված է եղել, որ հետագայում իր պատմությունը կթարգմանվի հայերեն։ Անշուշտ, Ադոնցը գիտեր, որ Խորհրդային Միության համար ինքն անցանկալի գիտնական է, որովհետև չէր ընդունել խորհրդային կարգերը, ընդհանրապես չէր սիրում հեղափոխությունները, բայց նորի ու առաջադեմի խիստ կողմնակիցն էր։ Այդ բեղուն ու հարատև գիտական հետաքրքրությունների համար էլ նա Բրյուսելում համարվում էր շատ սիրված ու գնահատված պրոֆեսոր, Բրյուսելի հայության պարծանքը։
Հայաստանն իր Արևելյան ու Արևմտյան հատվածներով գիտնականն անձամբ տեսել էր երիտասարդ տարիներին՝ շրջելով ոտքով կամ ձիով։ Մասնակցել էր ակադեմիկոս Մառի՝ իր ուսուցչի ղեկավարությամբ ընթացող Հայաստանի Անի մայրաքաղաքի պեղումներին։ Նա հայերենով ու օտար լեզուներով մեղվաջան քննել էր հայ և օտար պատմիչների հաղորդածը Հայաստանի մասին ու այդ հսկայական գիտելիքների պաշարով էր շարադրել Հայաստանի քննական պատմությունը։
Ադոնցի «Քննական պատմություն Հայոց» աշխատության լույս աշխարհ գալուն մեծապես նպաստել է հայ ժողովրդի երախտավոր զավակներից մեկը՝ Արշակ Չոպանյանը։ Նրա խնդրանքով Ֆրանսիայի ակադեմիայի անդամ Ռընե Գրուսեն գրել է առաջաբան, որում ասում է. «Բյուզանդիան, որ սելջուկյան ներխուժման դեմ Մեծ Հայքի պաշտպանությունը անձամբ իր ձեռքն առնելու պատրվակով XI դարում վերջ տվեց Բագրատունյաց և Արծրունյաց ծաղկուն պետություններին, կարճ ասած, վերջ տվեց հայկական անկախությանը, որպեսզի դրանից անմիջապես հետո թուրքերին հանձնի այս երկիրը»։
Գրուսեն փայլուն գնահատական է տվել Տիգրան Մեծին ասելով՝ «Տիգրանը իր ժողովրդի ապրելու իրավունքն ապահովեց հավիտենականության համար»։ Ֆրանսիացի նշանավոր պատմաբանի այս մարգարեական բանաձևումը պետք է իմանա ու հասկանա ամեն հայ, հատկապես հայ ժողովրդին առաջնորդելու դժվարին գործը ստանձնած պետական պաշտոնյաները։ 1904 թվականին Ադոնցը հրատարակել է մի ոչ ծավալուն հետազոտություն՝ «Մարզպան Վասակը պատմաբանների դատաստանի առաջ»։ Հենվելով հիմնականում Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» երկրորդ մասի փաստերի վրա՝ նա փորձում է Վասակ Սյունեցու անվան վրայից հանել դավաճանի խարանը։ Պատմաբանի կարծիքով հայերն այնքան քաղաքակիրթ ու հայրենասեր են, որ նրանց շարքերում չպետք է լինեն դավաճաններ։ Նա նույնիսկ արդարացնում է Տիգրան Մեծի որդուն, որ Պոմպեոսի մոտ գնաց հորից ավելի շուտ՝ ասելով, թե գնացել էր հոր համար բարեխոսելու, և որ այդ դեպքը նկարագրող օտար պատմիչները պարզապես զրպարտում են Տիգրանի որդուն՝ մոռանալով, որ նա դոֆին էր՝ գահի ժառանգորդը։
1936 թվականին Փարիզում նշվել է Աստվածաշնչի հայերեն թարգմանվելու 1500-ամյա հոբելյանը, որին մասնակցել է նաև Ադոնցը՝ ի թիվս օտարազգի գիտնականների։ Նրա զեկուցման թեման էր «Հայացած Աստվածաշունչը և նրա պատմական տարողությունը»։ Այդ զեկուցումը ֆրանսերենով լույս է տեսել Փարիզում 1938 թվականին։ Զեկուցման մեջ կարդում ենք. «Ազգային եկեղեցի ունենալ նշանակում է ունենալ սեփական մշակույթ, ինքնահատուկ լեզու, գրականություն, արվեստ, մեկ խոսքով՝ այն ամենը, ինչը որ բնորոշում է ազգի հոգեկան կերտվածքը»։
Նա ներկայացնում է, թե ինչ մեծ դեր են կատարել հայազգի կայսրերը Բյուզանդիան հզորացնելու համար։ Փաստերը քաղում է ոչ թե հայկական, այլ բյուզանդական աղբյուրներից։ Հայտնի է, որ Հերակլիոսը (610-641) Բյուզանդիայի ամենանշանավոր կայսրերից մեկն էր և հայ էր։ Առանց հայազգի Վասիլի, ինչպես վկայում է օտար մի բյուզանդագետ, իսլամությունը կմտներ Եվրոպա ու ամեն ինչ քարուքանդ կաներ։ Առանց հայ զորավարների Բյուզանդիան կկործանվեր բարբարոսների ոտքերի տակ։ Բյուզանդական պատմագիրը գրում է. «Ծանր րոպեներին հանկարծ երևան էր գալիս մի Հերակլիոս, մի Վասիլ, մի Փոկաս, որ այդ հոգնած քաղաքակրթությանը տալիս էր նոր թարմություն, և այդժամ կայսրությունը՝ այդ ծեր կինը, դառնում էր ոսկով ու թանկագին քարերով զարդարված մանկամարդ աղջիկ»։
Որպես հմուտ ձեռագրագետ Ադոնցը ճշգրտել է տարբեր հայկական ձեռագրերի հիշատակարանների միջոցով գրչագիր մատյանի իսկական տարիքը։ Այդպես նա ճշտել է մեր օրերը հասած հնագույն ձեռագրի՝ Մլքեի Ավետարանի գրության տարին։ Մլքեի Ավետարանը գրվել է 862 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 26-ը։ Ադոնցը Հայաստանի, հայ գրականության, հայոց լեզվի վերաբերյալ ծավալուն հոդվածներ է գրել ռուսական Բրոքհաուզ և Էֆրոն միջազգային հեղինակություն ունեցող հանրագիտարանի համար։
Շատ լայն են մեծ պատմաբանի հետաքրքրությունները։ Նրան հետաքրքրում էին գեղանկարչությունը, երաժշտությունը, տարբեր ազգերի գրականությունները, արվեստի ու գրականության մեջ հանդես եկած մոդեռնիստական հոսանքները։ Նա տեսել է Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Ռուսաստանի շքեղաշուք թանգարանները։ Ուշագրավ է նրա «Գրական նշմարներ. դեկադանս և սիմբոլիզմ» հոդվածը՝ գրված 1903 թվականին, Պետերբուրգում։ Գերիրապաշտության սկզբնավորման արշալույսին Ադոնցը գրում է. «Նոր գրական շարժման ավետավորը համարվում է Շառլ Բոդլերը։ Նրա հռչակավոր «Չարի ծաղիկները» (1857 թվական) սփռեցին գրական մթնոլորտում մի ինքնօրինակ բույր, որ հետզհետե խտացավ։ Ութսունական թվականներին «ծաղիկները» վերընձյուղվեցին և սկիզբ դրին նշանավոր և այնքա՜ն աղմկալի հոսանքի»։
Եզակի է այն բնորոշումը, որ Ադոնցը տվել է Խաչատուր Աբովյանին. «Աբովյան այն անձերից էր, որ աշխարհ են գալիս խորհուրդը ճակատին և երազները հոգում»։ Ն.Ադոնցը առանձին հոդվածներ է նվիրել արևմտահայ գրողներ Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Ավետիս Ահարոնյանի և այլոց ստեղծագործություններին։ Հիացած էր Սիամանթոյով, որի առողջական խնդիրները խիստ մտահոգել են նրան։ Իր հասարակական գործունեությամբ, գիտական հոդվածներով Ադոնցը խիստ կարևորել է Հայ առաքելական եկեղեցու դերը հայապահպանման, ազգային պետականությունն ամրապնդելու խնդրում։ «Հայոց եկեղեցու հազար վեց հարյուր ամյակի նախօրեին» հոդվածի համար նա բնաբան է ընտրել գերմանացի հանճարեղ գրող Շիլլերի հետևյալ տողերը.
Ազնիվ հոգի, պոկվի՛ր մոլորությունից, Եվ պահպանի՛ր երկնային հավատը։ |
Նա հայության հարատևության 16-դարյա ընթացքը տեսնում է հայ եկեղեցու ազգապահպան ու անսասան դերի մեջ։ Ի վերջո՝ Ն.Ադոնցի մեծագույն առաքելություններից մեկը եղել է հայ դատի պաշտպան լինելու անմնացորդ նվիրումը։ Պատմաբանին ճանաչողներն ասում են, որ նա ինքը հենց Հայաստանն էր, իր փառահեղ անցյալով, դժվար ներկայով ու սպասվելիք լուսավոր ապագայով։
Ազդեցիկ է «Լոնդոնի «Թայմս» թերթի խմբագրին» ուղղված նամակը, որը գրվել է 1920 թվականի նոյեմբերի 7-ին։ Մեծ հայրենասերը փաստերով մերկացնում է, թե ինչպես Իտալիան, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան չեն տեսնում, թե ինչ բարբարոսություններ են անում թուրքերը հայերի նկատմամբ. «Հայերը վտարված են իրենց բնակավայրերից, թափառում են և մի հանգիստ անկյուն չեն գտնում այս ստոր աշխարհում»։ Կարծես թե հենց այսօրվա համար է գրված. չէ որ բոլշևիկները հայկական հողերը հանձնեցին Թուրքիային ու Ադրբեջանին, և այսօր թուրքերը հայտարարում են, թե Հայաստան չկա, ամեն ինչ իրենցն է։ Սրա պատճառը բացատրել է Ադոնցը. «Այժմ, երբ կատարվել է գրեթե անհնարինը, և նրանց մեջքին է իջել ռուսական կոմունիզմը՝ այս անգամ արդեն թուրքական բարբարոսության հետ»։ Գիտնականը համոզված է, որ հայերը մեկընդմիշտ «կշրջվեն Եվրոպայից տառապալից համոզմամբ, որ մարդկային արժանիքներից լավագույնը՝ խիղճը, այնտեղ անհույս խլացել է»։
Բազմաթիվ են հայոց հարցին վերաբերող Ադոնցի հրապարակախոսական ելույթներն ու հոդվածները։ Նրա նախագահությամբ 1929 թվականի ապրիլի 24-ին Փարիզի «Փըթի ժուռնալ» ընդարձակ սրահում տեղի է ունեցել սգահանդես՝ նվիրված Հայոց Մեծ ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սգո հանդեսը նախագահել է Ադոնցը, որի խիստ ներգործուն և ազդու խոսքում ասվում է. «Մեր զոհերը ջարդվեցին նրա համար, որ գերադասեցին ապրել իբրև Հայ և ոչ թե՝ իբրև ստրուկ։ Հերոսը նա է, որ արհամարհում է մահը հանուն որևիցե բարձր գաղափարի։ Մեր ապրիլյան նահատակները կգնան միանալու Հայոց պատմության մյուս անհամար զոհերին, որոնք իրենց արյունը տվին պահպանելու համար հայությունը և նրա քաղաքակրթությունը։... Չկա հաղթանակ առանց պարտության։ Երբ ծառի ճյուղերը կտրում են, նա թարմ ընձյուղներ է արձակում։ Ձեզնից յուրաքանչյուրը պետք է կատարի իր պարտականությունը՝ հանուն ազատության»։ Այս խոսքերը՝ ուղղված հայերին, ասվել են բոլոր ժամանակների համար։ Ու թեև մեծ հայը հիմա հանգչում է Բրյուսելի[13], իր տեղը չի գտել հայ մեծերի պանթեոնում, փոխարենը թող նրա անմահ գիտական ժառանգությունն ու կերպարը հավերժորեն ապրեն ամեն մի եկող սերնդի սրտի պանթեոնում[9]։
Ադոնցի արտաբերած խոսքերից
խմբագրել«Զբաղվել թաղված աստվածներով այնպիսի ժամանակ, երբ կենդանի աստվածներն են նաև ոչինչ համարվում, գուցե և ունայն աշխատանք է։ Սակայն աստվածուրացությունը ոչ թե միայն բարոյական լքումի նշան է, այլև ինքնակոծության վատթար տեսակը»[11]։
«Ոչ ոք չգիտե՝ անցքերի թավալգլոր անիվը ուր է տանում։ Պատրաստ և զգաստ լինենք, որպեսզի չկորչենք անփառունակ, կռվողների ոտքերի տակ կոխան»[9]։
Ադոնցը Հայաստանի պատմությունը դիտարկում էր միջազգային նշանակության առումով. «Չկարծեք,–ասում էր նա,–թե գյուտերը միայն քիմիական կամ մեքենագիտական աշխարհի մեջ են տեղի ունենում։ Մեծագույն գյուտն է, հանճարեղ մտքի գյուտը, երբ մի բանասեր հաջողեցնում է մի բառի վրա հիմնված ժողովրդի քաղաքակրթության անցյալ մեկ շրջան վերականգնել կամ ցեղաբանական կազմությունը ճշտել և կամ մի դեպք իր ժամանակաշրջանի մեջ տեղավորել»[9]։
Տեսանյութեր
խմբագրել- https://www.youtube.com/watch?v=WrUDF0sWGys Հայորդի-Նիկողայոս Ադոնց
Աշխատություններ
խմբագրել- Адонц Н. Г. Армения в эпоху Юстиниана. СПб, 1908 (2 изд. Ереван։ Изд-во Ереванского Университета, 1971, 526 с.) (անգլ., 1969, հայ., 1987)
- Адонц Н. Дионисий Фракийский и армянские толкователи. Петроград. Тип-я Императорской Акдемии Наук. 1915.г. CXCIII, 307 стр. (Bibliotheca Armeno-Georgica. IV.)
- Nicolas Adontz, Histoire d'Arménie ։ les origines, du Xe siècle au VIe siècle av. J.C., préface de René Grousset, 1946, XV-441 p.
- Nikoghayos Adonts. Samuel l'Arménien, roi des bulgares (in French). Bruxelles։ Palais des Académies, 1938, 63 p. [reprinted in։ Etudes Armeno-Byzantines. Calouste Gulbenkian Foundation. Lisbon, 1965, p. 347 – 407. Distributor։ Livraria Bertrand].
- Nicolas Adontz, Etudes arméno-byzantines, Portugal։Imprimerie IMPRESSA, 1965, 440 p. (Coll. Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian).
- Nicolas Adontz, Denys de Thrace et les commentateurs arméniens, 1970 (Bibliothèque arménienne de la Fondation Calouste Gulbenkian)
- Adontz Nicolas, Armenia in the period of Justinian: The Political Conditions Based on the Naxarar System, Lisbon: Calouste Gulbenkian Foundation 1970.
- Նիկողայոս Ադոնց, Մաշթոց եւ նրա աշակերտները ըստ օտար աղբիւրների, Վիեննա։ Մխիթարեան տպարան, 1925 (Ազգային մատենադարան, ՃԺԱ)։
- Նիկողայոս Ադոնց, Հայաստանի պատմություն։ Ակունքները X-VI դդ. մ.թ.ա.։ Հայերի ծագումը։ Հոդվածներ, Երևան, 1972։
- Նիկողայոս Ադոնց, Պատկերների խնդիրը։ Երևան, 2003, 90 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Քննություն Մովսես Կաղանկատվացու, Ս. Էջմիածին, 2005, 176 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Հայաստանի ոսկեհանքը։ Փոքր ուսումնասիրություններ, Երևան, 2006։
- Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Ա. Պատմագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2006, 652 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ Բ. Պատմա-բանասիրական ուսումնասիրություններ, Երևան, 2006, 680 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ Գ. Հայերենագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2008, 688 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Դ. Քննական պատմություն Հայոց, Երևան, 2009, 720 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Ե. Հայ-բյուզանդական ուսումնասիրություններ, Երեւան, 2012, 664 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Երկեր հինգ հատորով, հատ. Զ (լրացուցիչ). Հրապարակախոսություն, Երեւան, 2012, 540 էջ։
- Նիկողայոս Ադոնց, Հայկական հարցի լուծման շուրջ, «Երևանի համալսարանի հրատարակչություն», Երևան, 1989։
- Նիկողայոս Ադոնց, Դավիթ Կյուրոպաղատ († 31-ը մարտի 1000).- «Պատմա-բանասիրական հանդես», 2002, № 3, էջ 3-37։
- Նիկողայոս Ադոնց, Հայացած Աստվածաշունչը և անոր պատմական տարողությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 2001, № 3, էջ 3-11։
- Հովհաննիսյան Պ. Հ., Ն. Ադոնցի «Թուրքական նոտան և թուրքական Հայաստանը» քիչ հայտնի հոդվածը - «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1990, № 4, էջեր 72-77.
- Ավետիսյան Հ. Ա., Հովհաննիսյան Պ. Հ., Նիկողայոս Ադոնցի՝ Հայկական հարցի մասին ևս մեկ քիչ հայտնի հոդվածը - «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1993, № 1, էջեր 137-148.
- Հովհաննիսյան Պ. Հ., Նիկողայոս Ադոնցը և Հայկական հարցը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1999, № 1, էջ 130-138։
- Հովհաննիսյան Պ., Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգության նորահայտ էջերից.- «Պատմա-բանասիրական հանդես», № 2, էջ 277-290։
- Հովհաննիսյան Պ., Ն . Ադոնցի «Հայոց քննական պատմության» ստեղծագործական ճակատագիրը (ծննդյան 130-ամյակի առթիվ).- «Պատմա-բանասիրական հանդես», № 1, էջ 63-78։
- Պ. Հովհաննիսյան, Օ. Վարդազարյան, Նիկողայոս Ադոնցի «Կիբելա աստվածուհին» անհայտ աշխատությունը,- «Բանբեր մատենադարանի», 18, Երևան, 2008, էջ 181-215։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 3,0 3,1 3,2 Адонц Николай Георгиевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Նիկողայոս Ադոնց․ Երկեր, հ. Ա, Պատմագիտական ուսումնասիրություններ, Երևան, 2006, էջ 552։
- ↑ Ն. Ադոնցի մասին կենսագրական փաստեր են հաղորդում Մ. Իշխանը (Ն. Ադոնց. Երկեր, հ. Դ, էջ 13), Ա. Չոպանյանը («Անահիտ», Փարիզ, 1949, թիվ 1, էջ 32-34), Պ. Հովհաննիսյանը («Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 17-18) և շատ ուրիշներ։ Ն. Ադոնցի «Հայոց պատմության» I հատորի ֆրանսերեն նախաբանում գիտնականի ծննդյան թվականը նշվում է հետևյալ ձևով. «Պրոֆեսոր Նիկողայոս Ադոնցը ծնվել է 1875-ի հունվարի 23-ին Զանգեզուրի գավառի Բռնակոթ գյուղում (Անդրկովկասի Հայաստան), (Le Proffesseur Nicolas Adontz est né le 23 janvier 1875 dans la village de Bernagoth du district de Zanguezour (Arménie transcaucasienne) p. IX.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 https://www.sci.am/gratefulsview.php?id=2&langid=1
- ↑ Նիկողայոս Ադոնց
- ↑ 11,0 11,1 http://nla.am/%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%B2%D5%A1%D5%B5%D5%B8%D5%BD-%D5%A1%D5%A4%D5%B8%D5%B6%D6%81%D5%AB-150/ Հայաստանի ազգային գրադարան
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
խմբագրել- Յուզբաշյան Կ. Ն., Նիկողայոս Ադոնցի գիտական ժառանգությունը.- «Պատմա-բանասիրական հանդես», 1962, № 4, էջ 115-128։
- Mushegh Ishkhan, Professor Nicholas Adontz։ Remembrance and Impressions, - "Armenian Review" 39 (1986), pp. 55–80.
- Հովհաննիսյան Պ. Հ., Սիմոն Վրացյանի անտիպ հուշերը Նիկողայոս Ադոնցի մասին.- «Լրաբեր Հասարակական Գիտությունների», 1998, № 1, էջ 202-210
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ադոնց» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկողայոս Ադոնց» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 76)։ |