Ադրբեջանի ժողովրդական ճակատ

Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ (Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası) կուսակցությունը հիմնադրվել է 1992 թ. Աբուլֆազ Էլչիբեյի կողմից[1]։ Ներկայումս Ժողճակատը համարվում է Ադրբեջանի գլխավոր ընդդիմադիր կուսակցություններից մեկը։ Այն ղեկավարում է Ալի Քերեմլին։

Ադրբեջանի ժողովրդական ճակատ
ադրբ.՝ Azərbaycan Xalq Cəbhəsi Partiyası
Изображение логотипа
Տեսակկուսակցություն
Երկիր Ադրբեջան
ԱռաջնորդԱլի Քերիմլի
ՀիմնադիրԱբուլֆազ Էլչիբեյ
Հիմնադրված1995
Գաղափարախոսությունազատականություն, Ադրբեջանական ազգայնականություն, լիբերալ պահպանողականություն, Ազգային ժողովրդավարություն, հակակոմունիզմ և համաթյուրքականություն
ՇտաբԲաքու, Ադրբեջան
Միջազգային պատկանելությունFreedom? և National Council of Democratic Forces?
Ադրբեջանի ազգային ժողով
0 / 125
Կայքweb.archive.org/web/http://www.axcp.az/
 Azerbaijani Popular Front Party Վիքիպահեստում

2000 թ. նոյեմբերի 5-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը հավաքել է 11 տոկոս ձայն և Միլլի մեջլիսում զբաղեցրել 125 տեղերից 6-ը։ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում Ժողճակատից առաջադրված թեկնածու Գուդրաթ Հասանգուլիևը հավաքել է 0.4 տոկոս ձայն։ 2005 թվականի նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ժողճակատը միանում է «Ազատություն» դաշինքին, որը միայն մի տեղ է զբաղեցնում խորհրդարանում։

Արդեն 1988 թ.-ի ամռանը Բաքվում ձևավորվում է ադրբեջանցի մտավորականների ներկայացուցիչներից բաղկացած «Բաքու քաղաքի գիտնականների ակումբը», որը միավորում էր մարդկանց, «ովքեր զբաղվում են գիտական հետազոտություններով եւ իրենց առաջ դնում են գիտական ու լուսավորական խնդիրներ»[2]։ Ակումբի հիման վրա էլ ձևավորվեց Ժողովրդական ճակատի նախաձեռնողական խումբը։

Սեպտեմբերի սկզբին Ժողովրդական ճակատի նախաձեռնողական խումբն արդեն շարադրել էր «Վերակառուցման աջակցության Ադրբեջանի ժողովրդական ճակատի ծրագրի ստեղծման» նախագիծը։ Ինչպես հուշում է անվանումը, դա գորբաչովամետ բարեփոխական կազմակերպություն էր։ Դրա քաղաքականության հիմքում ընկած գաղափարներից շատերը պարզապես արտագրված էին Էստոնիայի ժողովրդական ճակատի ծրագրից։ Սակայն կարևոր էր այն հանգամանքը, որ Ադրբեջանում ստեղծվում էր այլընտրանքային քաղաքական կազմակերպություն, որի շուրջ կարող էին համախմբվել ակտիվիստներ[3]։

1988 թ.-ի հոկտեմբերին Ադրբեջանի Ժողճակատի նախաձեռնողական խումբը առաջարկ է ստանում հանդիպել ազգայնական մտավորականության խմբավորման հետ, որը կոչվում էր «Վարլըգ» («Գոյություն»)[4]։ «Վարլըգ»-ի գլխավոր նպատակներից էր «ապահովել ժողովրդական զանգվածների լայն մասնակցությունը հանրապետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային հարցերի լուծման գործում»[5]։ «Վարլըգ»-ի և Ադրբեջանի Ժողճակատի նախաձեռնողական խմբի միավորման հիման վրա էլ ձևավորվում է «Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ» կուսակցությունը (հետայսու՝ ԱԺՃ)[6]։

1989 թ.-ի հուլիսի 16-ին տեղի ունենավ ԱԺՃ-ի կոնֆերանսը, որի ժամանակ ընտրվեց նաև կուսակցության նախագահը՝ Աբուլֆազ Էլչիբեյը։ Վերոնշյալ կոնֆերանսի շրջանակներում վերջնականապես սահմանվեց կազմակերպության անվանումը՝ «Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ»։

Աբուլֆազ Էլչիբեյի՝ ԱԺՃ-ի նախագահ ընտրվելուց օրեր անց՝ հուլիսի 21-ից, Լենինի հրապարակում ցույցերը վերսկսվում են։ Սկզբում դրանց ներկա էին մի քանի հարյուր մարդ, բայց մեկ շաբաթ անց ցուցարարների թիվն արդեն հասնում էր մի քանի հազարի։ ԱԺՃ-ի անունից ելույթ էին ունենում Նեմեթ Փանահովը և Էթիբար Մամեդովը։ Նրանց ելույթները մեծ արձագանք էին գտնում հավաքվածների շրջանում, նրանք դառնում էին «Մեյդանի գլխավոր հերոսները», ովքեր աչքի ընկան իրենց «հերոսություններով» 1990-ի հունվարի հայկական կոտորածի ժամանակ, ինչը ամիսներ շարունակ քարոզվող էթնիկ ատելության հերթական դրսևորումն էր։ ԱԺՃ-ն պահանջում էր, որ Ադրբեջանի Գերագույն խորհուրդը չեղյալ հայտարարի ԼՂԻՄ Հատուկ Կառավարման Կոմիտեի[7] ստեղծման մասին միութենական ղեկավարության որոշումը՝ որպես հանրապետության ինքնիշխանության խախտում, վերադարձնի ԼՂԻՄ-ը հանրապետության վերահսկողության ներքո։ Հոկտեմբերի 4-ին ԱԺՃ-ի առաջնորդները հանդիպում են Կոմկուսի ներկայացուցիչների հետ, իսկ հաջորդ օրը ԱԺՃ-ն գրանցվում է որպես օրինական կազմակերպություն[8]։ 1989-ի նոյեմբերի 17-ին Լենինի հրապարակում կրկին խոշոր ցույց է կազմակերպվում[9], որի ժամանակ էլ առաջին անգամ հնչեցվում է ԱԴՀ-ի հիմնը[4]։ 1990 թ. հունվարի 6-ից 7-ը տեղի ունեցավ ԱԺՃ-ի երկրորդ կոնֆերանսը, որի ժամանակ էլ վերջնականապես ակնհայտ դարձավ կազմակերպության պառակտվածությունը։ Առավել չափավոր հայացքներ ունեցող մտավորականների խումբը լքեց ԱԺՃ-ն՝ հետագայում ձևավորելով Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը։

Հունվարի 11-ին ԱԺՃ-ի ակտիվիստները Բաքվում տեղի ունեցած ցույցի ժամանակ վերջնագիր են ներկայացնում Ադրբեջանական ԽՍՀ պետական և կուսակցական ղեկավարությանը՝ պահանջելով շտապ հրավիրել Ադր. ԽՍՀ Գերագույն խորհրդի նիստ և պաշտոնից հեռացնել ադրբեջանական Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վեզիրովին։ Հենց այդ իրադրության պայմաններում էլ սկսվում են Բաքվի հայկական կոտորածները։

Այսպիսով, Ադրբեջանում հակակոմունիստական առաջին ազդեցիկ ուժի` ԱԺՃ-ի ձեւավորման եւ գործունեության հիմնական պատճառներին ու հետեւանքներին անդրադառնալով, կարելի է նշել, որ այն, ի սկզբանե, որդեգրեց քաղաքական պայքարի ագրեսիվ եւ բռնի մեթոդներ։ Հակահայկական ակտիվ քարոզչությունը դարձավ զանգվածների վրա ազդելու գլխավոր զենքը, որի հետեւանքով էլ կազմակերպվեցին եւ իրագործվեցին Սումգայիթի, Կիրովաբադի, Բաքվի հայության կոտորածները։ Անկախացման ուղի բռնած Ադրբեջանում ԱԺՃ-ի եւ կոմունիստական կուսակցության քաղաքական ծրագրերում եւ իշխանության համար մղվող պայքարում Ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայերի հանդեպ ազգային անհանդուրժողականության քարոզչությունը դարձան գլխավոր քաղաքական լծակները, ինչի արդյունքում էլ ձեւավորվում էր ատելությամբ լի եւ ագրեսիվ տրամադրություններ ունեցող ադրբեջանական հասարակություն։ Լեռնային Ղարաբաղում դեպքերի հետագա զարգացումը անմիջական ազդեցություն ունեցավ Ադրբեջանի ներքաղաքական կյանքի վրա։ Անկախության ուղին բռնած Ադրբեջանի ներքին քաղաքականության մեջ հստակորեն նկատվում էր ղարաբաղյան հարցի շահարկման միտումը, հարց, որը դարձավ յուրօրինակ զենք ընդդիմության ձեռքում`իշխանության համար մղվող պայքարում։

Խոջալուի արյունահեղություն

խմբագրել

1992 թ.-ի փետրվարի 22-ին՝ Արցախի Իվանյան գյուղի (Խոջալու) ազատագրումից հետո Ադրբեջանի Ժողովրդական ճակատը երկրի նախագահին վարկաբեկելու և իշխնությունը վերցնելու նպատակով կազմակերպում է ադրբեջանցիների կոտորած՝ մեղադրելով հայերին և մատնանշելով Ադրբեջանի նախագահին անգործության մեջ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1992 թ.-ի հունիսի 7-ին տեղի ունեցած Ադրբեջանի նախագահական ընտրություններում Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության ղեկավար Աբուլֆազ Էլչիբեյը դառնում է նախագահ` հավաքելով ձայների ավելի քան 60 տոկոսը։ 1993 թ.-ի հունիսին Էլչիբեյի դեմ ապստամբություն է սկսվում Գանձակում։ Ստեղծված բարդ ներքաղաքական իրադրության պայմաններում հունիսի 9-ին և 13-ին իրար ետևից հրաժարական են տալիս վարչապետ Փանահ Հուսեյնովը և Միլլի Մեջլիսի խոսնակ Իսա Ղամբարը։ Տեսնելով, որ սեփական միջոցներով այլևս հնարավոր չէ իրադրությունը փրկել, քանի որ Սուրաթ Հուսեյնովի ապստամբության հետևանքով իրական սպառնալիք է ստեղծվել իշխանության պահպանման համար՝ Էլչիբեյը դիմում է Նախիջևանի ԳԽ-ի ղեկավար Հեյդար Ալիևին` խնդրելով գալ և զբաղեցնել վարչապետի պաշտոնը, սակայն Ալիևը հրաժարվում է։ Միաժամանակ Սուրաթ Հուսեյնովի առաջխաղացումը շարունակվում էր, նա պահանջում էր Էլչիբեյի հրաժարականը։ Հունիսի 16-ի լույս 17-ի գիշերը Էլչիբեյը իր անձնական պահակախմբի ուղեկցությամբ հեռանում է Նախիջևան` հաստատվելով Օրդուբադի շրջանի Քելեքի գյուղում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա հեռացել էր Նախիջևան "իր անվտանգությունն ապահովելու և Բաքվում արյունալի դեպքերը կանխելու նպատակով", մինչդեռ նրա քաղաքական հակառակորդները պնդում էին, որ նա ուղղակի փախել է։ Տե՛ս` Stavte Cornell, Nagorno Karabakh conflict, Report no. 46, Department of East European Studies, Uppsala university, 1999, p. 37.
  2. Նույն տեղում։
  3. Thomas de Waal, Black Garden, pg. 82
  4. 4,0 4,1 Ализаде З., Конец второй республики; http://azeribooks.narod.ru/politika/zardusht_alizade/konets_vtoroy_respubliki.htm
  5. Балаев А., Народный фронт Азербайджана. Историческая хроника: 1988-1991, журнал “Страна и мир”, № 2, 1991, Мюнхен
  6. Նշենք, որ այդ ժամանակաշրջանում Ադրբեջանի քաղաքական կյանքում գործունեություն են ծավալել նաեւ Kızıbaş (Կարմարագլուխ), Birlik (Միություն), Dirçəliş (Վերածնունդ) եւ մի շարք այլ կազմակերպություններ։ Սակայն առավել կենսունակ գտնվեց ԱԺՃ-ն, որը իր գործունեության շնորհիվ Ադրբեջանում վերածվում է ամենաազդեցիկ հակակոմունիստական քաղաքական ուժի։ Մանրամասն տես` Hunter S., The Transcaucasus in Transition: National Building and Conflict, Significant Issues Studies, Volume XVI, Number 7, The Center for Strategic and International Studies, Washington D.C., 1994, p. 67:
  7. Միխայիլ Գորբոչովի` 1989 թ.-ի հունվարի 12-ի որոշումով ԽՍՀՄ-ում առաջին անգամ ԼՂԻՄ-ում մտցվում է կառավարման հատուկ ձեւ` ուղղակի կառավարում Մոսկվայից։ Իրավական առումով, պահպանելով Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակը, ձեւավորվում է Հատուկ կառավարման կոմիտե (ՀԿԿ), որը ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության եւ կառավարման բարձրագույն մարմիններին, օժտված էր ինքնավար մարզի ժողպատգամավորների խորհրդի եւ նրա գործադիր կոմիտեի լիազորություններով, իսկ կոմիտեի նախագահը` մարզխորհրդի գործկոմի նախագահի իրավունքներով։ ՀԿԿ նախագահ է նշանակվում Արկադի Վոլսկին, ով մինչ այդ Կրեմլի հատուկ ներկայացուցիչն էր Լեռնային Ղարաբաղում։ Տես` Հակոբյան Թ., Կանաչ ու սեւ. Արցախյան օրագիր, Երեւան-Ստեփանակերտ, 2008, էջ 83։
  8. Altstadt A., Azerbaijani Turks, pg. 206
  9. Այն նվիրված էր 1988 թ.-ի նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը տեւած լայնամասշտաբ ցույցի մեկամյակի նշմանը։