Բացել գլխավոր ցանկը

Հայկական լեռնաշխարհի ցեղային միություններ ու պետական կազմավորումներ

Հայկական լեռնաշխարհի ցեղային կազմավորումներ, ցեղային կազմավորումներ, որոնք բնակվել են Հայկական լեռնաշխարհում և հարակից տարածքներում։

Դայաեն թագավորությունԽմբագրել

Եփրատի վերին հոսանքի շրջանից հյուսիս (Ճորոխի հովտում) մ.թ.ա. 12-րդ դարից մինչև 7-րդ դարը վկայված է Դայաենի[փա՞ստ] (Վանի թագավորության ժամանակ՝ Դիաուխի, հետագայում՝ Տայք) երկիրը, որն իր կազմի մեջ էր առնում մի շարք առանձին ցեղերի բնակեցման տարածքներ։ Այստեղի բնակչությունը թերևս հուրրիական էր։[փա՞ստ] Թիգլաթպալասար Ա-ի տարեգրությունների համաձայն՝ մ.թ.ա. 12-րդ դարում արդեն Դայաենիի թագավոր Սենին առաջատար տեղ էր գրավում լեռնաշխարհի իշխողների շարքում։ Մ. թ. ա. 8-րդ դարի մոտերքը Դայաենին լեռնաշխարհի ամենահարուստ թագավորություններից մեկն էր։ Վերին Եփրատի հովտով ու Բռնակապան լեռնանցքով (որը տանում է դեպի Ճորոխի հովիտը ներկայիս Բաբերդի շրջանում ու Գայլ-գետի (Լիկոս) հովիտը) անցնում էր Միջագետքից և Միջերկրականի ծովեզերքից Հայկական լեռնաշխարհի վրայով դեպի մերձսևծովյան մարզը տանող հիմնական առևտրական ճանապարհը։ Այս ճանապարհն առանձնահատուկ նշանակություն է ստանում, հավանաբար, մ.թ.ա. 8-րդ դարից սկսած, Պոնտոսի ծովեզերքում հունական գաղութների՝ Սինոպի և Տրապիզոնի ասպարեզ գալու հետևանքով, որոնք արծաթ և երկաթ էին արտահանում։ Ուշագրավ է, որ ուրարտական աղբյուրները միայն այս ճանապարհի վրա ընկած երկրներից (Կումմուխ, Մելիտեա, Դիաուխի) ստացված տուրքի մեջ են ոսկի հիշատակում։

Դայաենիից արևմուտք գտնվում էր այստեղ հաստատված կասկերի բավականին հզոր միությունը (Կասկու)։

Կուլխա «թագավորություն»Խմբագրել

Դայաենիից հյուսիս-արևելք, ուր դեռևս Թիգլաթպալասար Ա-ն էր նշում «Նաիրիի 60 թագավորների» դաշնակցության գոյությունը, մ.թ.ա. 8-րդ դարում, գուցե և ավելի վաղ, գոյություն է ունեցել Կուլխա «թագավորությունը» (ավելի ճիշտ՝ Կոլխա, հունական Կողքիսը)։ Երբ ուրարտացիները տապալում են Դայաենիի «թագավորությունը», Ճորոխ գետի ստորին հոսանքի շրջանը, ըստ երևույթին, բաժին է ընկնում Կողքիսին (Կուխային)։

Ալզի «թագավորություն»Խմբագրել

Վերին Եփրատի հովտում մասամբ պահպանվել էին նախկին երկրները, մասամբ էլ ստեղծվել նորերը։ Արածանիի ստորին հոսանքի հովտում հիշատակվում է Ալզի «թագավորությունը»։ Ալզին բավական մեծ երկիր էր և գրավում էր ոչ միայն բուն Ալզիի տերիտորիան, այլև Իսուվայի նախկին տերիտորիան (ասսուրական աղբյուրները երկիրն անվանում են «Իշուայ», հավանորեն որպես Ալզիի հոմանիշ), երբեմն հավանաբար նաև հարավկողմյան կից մարզերը՝ Անձիտը (Անզիտենե, միջնադարյան Անձիտ), Տիգրիսի ակունքների շրջանը (միջնադարյան Անգեղտունը)։ Սեպագիր աղբյուրները հիշատակում են նաև Սուխմու (Ծուխմա, միջնադարյան Բալահովիտը) և Ծուփա (Ծոփք) երկրները։ Հիշատակվում են նաև մի քանի ավելի մանր երկրներ Վերին Եփրատի հովտի հարավային մասում (Դիրյու, Մալլաու, Նիրբու, Նիրգուն և այլն)։

Ամեդու «թագավորությունը»Խմբագրել

Տիգրիսի վերին հոսանքի շրջանում գտնվում էր Ամեդու արամեական «թագավորությունը» (Ամիդա, այժմ՝ Դիարբեքիր)՝ Ջամանի դինաստիայով («տուն»)։ Սասանի լեռներում ընկած էր Շուպրիա (կամ Շուբրիա) «թագավորությունը»։ Նրա կողքին՝ Սասնա լեոների հյուսիսային լանջերին, դեպի Մշո կողմը, ասսուրական և ուրարտական աղբյուրներր հիշատակում են Ուրումու կամ Ուրմե երկիրը։ Այս երկիրը նույնական է Արմեի հետ, որը հիշատակում են ուրարտական աղբյուրները հենց այս նույն՝ վայրում։

Ուրմեն և Շուպրիան հավանորեն միասնական թագավորություն են կազմել, որը և դարձել է հայկական առաջին պետական կազմավորումներից մեկը։

Այլ կազմավորումներԽմբագրել

Այս շրջանից դեպի արևելք, նախկին Ուրուատրիի, Խաբխիի, կումանեցիների տեղում 9-8-րդ դարերի ընթացքում ձևավորվում են նոր կազմավորումներ։ Կենտրիտես-Բոհտան գետի հովտում, երբեմն տարածվելով դեպի արևելք, ընդհուպ մինչև Ուրմիա լճի ջրաբաժանը, փռված էր Խուբուշկիա «թագավորությունը», կամ ինչպես պաշտոնական կոչվել է՝ «Նաիրի թագավորությունը»։

Արդինի թագավորությունԽմբագրել

Մեծ Զաբի հովտում, մ.թ. ա. 8-րդ դարի մոտերքը արդեն գոյություն ուներ Մուսասիր (Մուծածիր, Արդինի) թագավորությունը։ Այս հովտում կային հարուստ տաճարներ, Կումենուում (Կումմե) գտնվում Էր Թեյշեբա աստծո տաճարը, իսկ Արդինիում՝ Խալդի աստծունը։ Հետագայում Խալդիի տաճարում էին թագադրվում ուրարտական թագավորները և այնտեղ էին պահվում ուրարտական գանձերը, թեև ձևականորեն Մուսասիրը Ուրարտուի կազմի մեջ չէր մտնում[1]։ Խուբուշկիան և Մուսասիրը շրջապատող լեռներում բնակվում էին խուրրի-ուրարտական ավազակային ցեղեր՝ ուկկիացիներ և այլք։

Ուրարտուում իշխող դինաստիան, դատելով մուսասիրյան Խալդիի աստծու պաշտամունքի հետ նրա ունեցած կապից, պետք է որ մուսասիրյան-կումանական ծագում ունենար[2]։

Մանա թագավորությունԽմբագրել

Ուրմիա լճից հարավ ընկած հարթավայրում գտնվող Մանա թագավորությունը (ասորեստանցիների մոտ՝ մանաեցիների երկիրը) կազմավորվել է մ. թ. ա. 9-րդ դարի վերջին, «Ներքին Զամուա» երկրի լուլլուբեական տերիտորիայի վրա, բազմաթիվ մանր երկրների միաձուլման հետևանքով[3]։

Ունենալով արխաիկ հասարակական-պետական կարգ (հեղհեղուկ պետական կառուցվածքը, ծերակույտի մասնակցությունը կառավարման գործին),[4] Մանան, այնուամենայնիվ, դառնում է քաղաքական մեծ ուժ, հաջողությամբ մրցակցում Ուրարտուի ու Ասորեստանի հետ և նվաճվում Մեդիայի կողմից մ.թ.ա. 7-րդ դարի վերջին 6-րդ դարի սկզբին միայն, այս երկու տերությունների հետ գրեթե միաժամանակ։

Ցեղային միություններԽմբագրել

արարատյան թագավորության կազմավորման կենտրոնից դեպի հյուսիս, արարատյան արձանագրությունները հիշատակում են բազմաթիվ երկրներ ու ցեղեր՝ էթիունցիներին, էրիկուացիներին, աբիլիանցիներին, էրիախցիներին և այլոց, որոնք ստեղծել էին ընդարձակ, բայց անկայուն ցեղային միություն։

Սրանք զբաղեցնում էին ներկայիս Հայաստանի տերիտորիան և կից շրջանները Արաքսի հովտում։ Սրանցից հարավ և հյուսիս բնակվում էին Վիտերու, Լուշա, Կատարզա, Իյա (Իգանի), Հարախա, Խուշա և այլն ցեղերը (Արաքս և Կուր գետերի վերին հոսանքների շրջանում և Չըլդըր լճի մոտ)։

Թվարկված երկրների էթնիկական պատկանելության մասին կարելի է ասել, որ դրանց մի մասը, թերևս, հուրրիական էր (Դայաենի, մասամբ՝ Շուպրիա, գուցե նաև Գիլզանու և Խուբուշկիա, ավելի քիչ հավանական՝ Մանա), մյուս մասը՝ արարատյան (արարատյան , ՄուսասիրՎերին Եփրատի և ստորին Արածանիի հովտի բնակչությունը հավանաբար խառնված էր նոր հնդեվրոպական եկվորների՝ մուշկերի և ուրումեացիների հետ։ Այստեղ ստեղծվում էր ապագա հայ ժողովրդի կորիզը։

Հայկական լեռնաշխարհի պետական կազմավորումներԽմբագրել

Մ.թ.ա. 15-րդ դարում ավարտվում է Խեթական Թագավորության թուլացման ժամանակաշրջանը և նա վերստին համախմբվում է Փոքր Ասիայի կենտրոնական ողջ տարածքում։ Այս ժամանակից սկսած գրավոր տվյալներ են պահպանվել Հայկական լեռնաշխարհի այն մի քանի շրջանների վերաբերյալ, որոնք, հարելով մեծ տերություններին, ներգրավվում էին պատմական իրադարձությունների մեջ։

Խեթական պետությանը հարող այդ շրջաններն էին՝ Հայասա, Պախխուվա, Զուխմա, Ալշե, Իսուվա, Թեգարամա, Մալդիա, Կումմախա, Տումաննա, Պալա և այլն։

ԱլզինիԽմբագրել

Alzi-Alše շրջանը նույնական է ասսուրական Enzitu-Anzitu-ին, և հին հայկական Անձիտին հարևան գավառների ընդգրկմամբ։ Ավելի ուշ այս անունը «Alzini» ձևով տարածվում է ասսուրական սեպագրերում հիշատակվող Շուպրիա երկրի ողջ տարածքի վրա և համապատասխանում է հին հայկական Աղձնիք նահանգին։ Վերջինից դեպի արևելք, Արևելյան Տիգրիսի ակունքների շրջանում գտնվում էր հին հայկական Անձևացիք գավառը, որի անունը ծագում է նույն Alzi-Anzi-Anzawa-ից։ Հետաքրքրական է, որ միջին դարերում այդ գավառը կոչվում էր նաև «Աղզի»։

Իսուվա երկիրը համապատասխանում է Արածանիի ձախ ափին գտնվող հին հայկական Ծոփք Շահունյաց գավառին։

ԹեգարամաԽմբագրել

Փոքր Ասիայի արևելյան մասի քաղաք-պետությունները, որ հիմնվել էին Միջագետքից Փոքր Ասիա տանող ճանապարհի վրա, առնչվում են Հայասա-Ազգի ցեղային միությունը և Կիցվատնա(Կիզզվատնա մ. թ. ա. XVI — XIV դար) երկրի գլխավորած խմբավորման հետ միասին մտան խեթական տերության կազմի մեջ։ Նրանց մեջ առաջինը Թեգարամա քաղաք-պետությունն էր։ Խեթական արձանագրությունների Թեգարամա քաղաքը, որը համապատասխանում է ասսուրա-բաբելական աղբյուրների Թիլ-Գարիմմուին, այդ պետության մայրաքաղաքն էր։ Թեգարամա երկիրը նույնացվում է բիբլիական Թոգարմայի հետ, որը հիշատակվում է մ.թ.ա. 593 թվականի տակ։ Հայ պատմական ավանդության մեջ «Թորգոմայ տունը» համարվում է Հայաստանի հոմանիշը, իսկ հայերը անվանվում են «Թորգոմեան»։ Արևելքում Թեգարաման իր մեջ էր առնում Պախխուվա երկիրը (Այժմ Արաբկիր քաղաքի շրջանը) և հավանաբար Թեբուրցիա կամ Թեբուրզիա (Ւստ խեթական և ասսուրական աղբյուրների) երկիրը։ Այն տեղորոշվում է Եփրատի աջ ափին՝ այժմ «Յաղջի-չայ» կոչվող վտակի հովտում։ Պախխուվայի և Թեբուրզիայի միջոցով Թեգարաման Եփրատով սահմանակից էր Իշուվային, որը գտնվում էր հետագա Ծոփքի տարածքում։ Իշուվայի և Միտաննիի վրա արշավելիս խեթերը անցնում էին Թեգարամայի և Մելիդուի վրայով, որ Եփրատի գլխավոր գետանցն էր։ Հաճախ նույն Թեգարամայի վրայով խեթերը ներխուժում էին Հասա-Ազզի երկրների համադաշնակցության թիկունքը։

ՄելիդուԽմբագրել

Կանեշ-Աշշուր առևտրական մայրուղու վրա գտնվող մյուս քաղաք-պետությունը Մելիդուն էր կամ Մալդիան։ Նրա մայրաքաղաքը՝ Մալդիան, գտնվում էր Եփրատի գլխավոր գետանցի Ուրշա կամ Ուրուսա քաղաքի մոտ։ Եփրատի դիմացի ափին գտնվում էր գետանցի մյուս ծայրը՝ Տումեիշկի քաղաքը, որը հետագայում հայտնի էր ուրարտական աղբյուրներից։

ԿումմուխԽմբագրել

Երրորդ քաղաք-պետությունը՝ Կումմուխը առաջացավ Մալդիայից հարավ՝ Եփրատի աջ ափին։ Նրա մայրաքաղաքը՝ Կումմախան գտնվում է Եփրատի այն գետանցի մոտ, որի նշանակությունը հետագայում շատ մեծացավ։

Ցեղային միություններԽմբագրել

Բոլոր այս երկրները գտնվում էին «Ռազմական դեմոկրատիայի» փուլում։ Այսպես, թվարկված երկրներում խեթերը բանակցություններ էին վարում ոչ թե թագավորների, այլ անմիջականորեն ցեղապետնորի կամ որոշ դեպքերում՝ համացեղական ժողովների հետ։ Այս երկրների առաջնորդները առաջին անգամ «Թագավորներ» են անվանված ասսուրական տարեգրություններում՝ մ.թ.ա. 13-րդ դարի վերջում։

Հայասա-Ազզին ևս, անշուշտ, պետք է դիտել որպես ցեղային միություն, թեև խեթական աղբյուրները նրա կառավարչին կոչում են «Թագավոր»։ Համենայն դեպս, խեթական թագավորի հետ կնքված պայմանագրերում Հայասայի հավանականությամբ՝ ժողովրդական հավաքը կամ ցեղային (միջցեղային) ռազմական ավագանու ժողովը։

Այսուհանդերձ, չպետք է թերագնահատել Հայկական Լեռնաշխարհի և Անդրկովկասի հասարակության կատարած առաջընթացը դեպի դասակարգային քաղաքակրթության աստիճանը։ Միանգամայն վաղաժամ կլիներ պնդել, թե 14-12-րդ դարերում Հայկական Լեռնաշխարհի տարածքի ոչ մի շրջան չէր թևակոխում դասակարգային քաղաքակրթության փուլը։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Լուվրի աղյուսակ», տողեր 330-331
  2. Г. А. Меликишвили, Нанри-Урарту,Էջ 368
  3. И. М. Дьяконов,История Мидии, М.-Л., 1956, էջ 157,162-173
  4. Г. А. Меликишвили, Нанри-Урарту,Էջ 298-303