Երասխի ինքնապաշտպանություն

Երասխի ինքնապաշտպանություն, , ինքնապաշտպանական մարտերը մղվել են 1990 թվականի հունվարի 17-19-ին։ Երասխը գյուղ է ՀՀ Արարատի մարզում՝ Երևանից 80 կմ հարավ, սահմանակից է Նախիջևանին։ Բնակչության քանակը կազմում է 800 մարդ (2003 թ.)։

Սումգայիթի ցեղասպանությունից, Բաքվի և Կիրովաբադի ջարդերից հետո ադրբեջանցի ազգայնամոլները զինված հարձակումներ են գործել ՀՀ սահմանամերձ գյուղերի վրա։ Հակառակորդը, օգտագործելով իր հարմարավետ դիրքը, Նախիջևանի Հանրապետության Սադարակի բարձունքից հրետակոծել է Արարատի շրջանի սահմանամերձ գյուղերը։ Հրետակոծումից վնասվել են Արարատի գինու կոմբինատը, թռչնաբուծական ֆաբրիկան, առանձնատները՝ պատճառելով մարդկային և նյութական զգալի կորուստներ։ Հակառակորդը հաշված օրերի ընթացքում Երասխի սահմանի երկարությամբ զինված ուժեր և զինտեխնիկա է կուտակել։

Երևանի Անկախության հրապարակում տեղի ունեցած հերթական հանրահավաքի ժամանակ հայտարարվել է Երասխին սպառնացող վտանգի մասին։ Անմիջապես հրապարակից Երասխ եմ մեկնել կամավորականներ։ Արարատում, Արտաշատում, Մասիսում, Նոր Հաճնում, Վաղարշապատում, Արմավիրում կազմավորվել են ինքնապաշտպանական ջոկատներ և, զինվելով ինքնաշեն զենքերով, հասել են Երասխ։ Ջոկատներից և առանձին կամավորականներից կագմավորվել է աշխարհազորային գումարտակ (ընդհանուր հրամանատար՝ Վազգեն Սարգսյան)։ Առաջին զինված ընդհարումը տեղի է ունեցել 1990 թվականի հունվարի 17-ին։ Հայկական ինքնապաշտպանական ուժերը դիրքավորվել են Արաքսի հովտում, հակառակորդը՝ բնական ամրություններով պաշտպանված բարձունքներին։ Չկարողանալով շոշափելի հաջողությունների հասնել՝ հայկական ինքնապաշտպանական ուժերի հրամանատարները հունվարի 17-ի գիշերը ռազմական խորհրդի նիստ են գումարել, որոշել գրոհի արդյունավետ ուղղությունները։ Հունվարի 18-ի ուշ երեկոյան վճռական հարձակման անցնելով՝ հայկական ուժերը դուրս են մղել հակառակորդին և գրավել գրեթե բոլոր ռազմավարական բարձունքները։ Հունվարի 19-ին հակառակորդը հետ է մղվել դեպի Նախիջևան, ոչնչացվել են բոլոր կրակակետերը։ Երասխի մարտերում զոհվել են ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանը և ազատամարտիկ Երվանդ Սաղումյանը։

Գրականություն խմբագրել

  • Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 190-191։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։