Ժելեզնովոդսկյան կոմյունիկե, համատեղ կոմյունիկե Ռուսաստանի Դաշնության նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդական առաքելության մասին։ Ստորագրվել է 1991 թվականի սեպտեմբերի 23-ին, Ռուսաստանի Դաշնության Ժելեզնովոդսկ քաղաքում՝ Ռուսաստանի, Ղազախստանի, ԱՀ և ՀՀ ղեկավարաների կողմից, դիտորդի կարգավիճակով ԼՂՀ ներկայացուցիչների մասնակցությամբ՝ 1991 թվականի սերպտեմբերի 21-23-ին Բորիս Ելցինի և Նուրսուլթան Նազարբաևի գլխավորած պատվիրակությունների տարածաշրջան կատարած միջնորդական առաքելության արդյունքում։ Ժելեզնովոդսկյան կոմյունիկեի նպատակն էր տարածաշրջանում կայունացնել իրավիճակը և տեղահանված բնակչությանը վերադարձնել իրենց բնակության վայրերը, ազատ արձակել պատանդներին, հակամարտության գոտում տեդակայել Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչների տեղեկատվական խմբեր և իրավիճակի մասին ապահովել օբյեկտիվ տեղեկատվություն։

Փաստաթղթի կետերը խմբագրել

Տասը կետից բաղկացած փաստաթղթի առաջին կետով նախատեսվում Էր. «Կողմերը գտնում են, որ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը հակամարտության կարգավորման համար կարևոր ու պարտադիր պայմաններ են կրակի դադարեցումը, ԱՀ և ՀՀ կողմից ընդունված ԼՂԻՄ-ին վերաբերող ոչ սահմանադրական որոշումներն անվավեր ճանաչելը, օրինական իշխանությունների իրավասությունների ընդունումը, հակամարտության գոտուց բոլոր զինված կազմավորումների դուրսբերումը՝ բացառությամբ ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի և Զինված Ուժերի ստորաբաժանումների։ Նշված ժամկետը լրնալուց հետո բոլոր զինված կազմավորումների ներկայությունը և գործունեությունը հակամարտության գոտում կդիտվեն անօրինական և կկանխվեն ԽՍՀՄ ՆԳՆ զորքերի կողմից, իսկ զինված կազմավորումների մասնակիցները կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության»։ Ժելեզնովոդսկյան կոմյունիկեում նշված էր նաև, որ նրա դրույթները չեն կարող դիտվել որպես անկախ երկրների՝ ԱՀ-ի և ՀՀ-ի ներքին գործերին միջամտելու փորձ։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարները և Հեյդար Ալիևը անմիջապես (սեպտեմբերի 26-ին) բացասաբար են արձագանքել Ժելեզնովոդսկյան կոմյունիկեին, հայտարարելով, որ դրանով Ա. Մաթալիբովև ընդունել է ՀՀ-ի միջամտությունը երկրի ներքին գործերին, ԼՂԻՄ ճանաչել որպես անկախ սուբյեկտ, որոնք ԱՀ-ի ինքնիշխանության ոտնահարումներ են։ Բանակցությունների ընթացքում շոշափելի ձեռքբերում չի արձանագրվել, բացի զուտ բանակցությունների շարունակման փաստից և տեղեկատվության տարածման բնագավառում որոշակի դրական տեղաշարժերից։ Կողմերի միջև առկա հակասությունների և 1991 թվականի նոյեմբերի 20-ին ԼՂ Մարտունիի շրջանում ուղղաթիռի (տեղափոխում էր Ադրբեջանի պաշտոնատար անձանց, Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի ներկայացուցիչներին) աղետը ընդհատել է բանակցությունների գործընթացը, և չունենալով իրավիճակային հիմնավորում՝ գործնական որևէ կիրառում չի ունեցել։ Բայց որպես հակամարտության կարգավորման փորձ՝ հետագայում օգտագործվել է այլ միջնորդների կողմից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։