Ջևանշիրի գավառ
Ջևանշիրի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1869 թվականին՝ Շուշիի գավառի բաժանմամբ՝ նորաստեղծ Ելիզավետպոլի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Թարթառ երկաթուղային կայարանն էր։
| |||
Երկիր | Ռուսական կայսրություն | ||
Կարգավիճակ | գավառ | ||
Մտնում է | Ելիզավետպոլի նահանգ | ||
Ներառում է | 35 համայնք | ||
Վարչկենտրոն | Թարթառ | ||
Հիմնական լեզու | Հայերեն, թաթարերեն, ռուսերեն | ||
Բնակչություն (1897) | 72 719 | ||
Ազգային կազմ | հայեր (27 %), կովկասյան թաթարներ, թուրքեր և քրդեր (73 %)[1] | ||
Կրոնական կազմ | |||
Տարածք | 5,483 | ||
Հիմնադրված է | 1869 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Ջրաբերդ (Մարտակերտ և Շահումյան) Ուտի Առանձնակ (Բարդա և Թարթառ) | ||
Ջևանշիրի գավառը հյուսիսից սահմանակցում էր Ելիզավետպոլի, հարավից՝ Շուշիի, հյուսիս-արևելքից՝ Արեշի գավառներին։ Արևմուտքում գավառը սահմանակցում էր Երևանի նահանգին։
Ներառել է հիմնականում Արցախի հանրապետության Մարտակերտի և Շահումյանի, ինչպես նաև՝ Ադրբեջանի Բարդայի և Թարթառի շրջանները։
Անվանում
խմբագրել«Ջիվանշիր» անվանումը հասնում է մինչև վաղ միջնադարյան շրջան, երբ Գարդմանը, Արցախն ու Առանը կառավարվում էին աղվանից միապետերի կողմից։ Արքաներից մեկի անունը եղել է Ջիվանշիր (637/642-683): Միջին պարսկերենից թարգմանվում է իբրև «երիտասարդ առյուծ»։ Իրականում «Ջևանշիր» անունը երևէ կապ չունի միջնադարյան Աղվանքի արքայի հետ, այլ այդպես է կոչվել թյուրքալեզու ցեղը, որի ներկայացուցիչներից երկուսը՝ Փանահ-Ալին (1747-1763) և Իբրահիմը (1763-1806), եղել են Ղարաբաղի խաները։ Ավելի ուշ այդպես կոչվել է Թարթառ գետի դաշտավայրային հատվածը։ Նույն գետի լեռնային հովիտը հայտնի էր «Ջրաբերդ» անվամբ, որտեղ ուշ միջնադարում ձևավորվել էր համանուն մելիքություն։
Պատմություն
խմբագրելԳավառը կազմվել է 1867 թվականին՝ անջատվելով Շուշիի գավառից (1840-1918)։ Նախկինում, այն մտել է Պարսկաստանի Ղարաբաղի խանության (1747-1806), ապա Ղարաբաղի (Շուշիի) գավառի մեջ։ Այդպիսով, Արցախը Ռուսական կայսրությանը միացել էր ավելի քան 20 տարի Թուրքմենչայի պայմանագրից առաջ, և մնացել դրա կազմում ավելի քան հարյուր տասը տարի։
Ռուսական տիրապետության առաջին հինգ տասնամյակների ընթացքում տեղի են ունենում վարչատարածքային մի քանի փոփոխություններ։ 1840 թվականին լուծարվում է Ղարաբաղի (Շուշիի) գավառը՝ որպես ինքնուրույն միավոր. Կովկասում ստեղծվում են վարչաքաղաքական երկու միավորներ՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ Վերջինիս կազմում ընդգրկվում է Ղարաբաղը՝ Զանգեզուրի հետ միասին։ 1846 թվականից վերոհիշյալ երկու միավորները կիսվում են երկուական մասի. Կասպիական մարզում ձևավորվում են Շամախու (1846-1859) և Դերբենդի (1846-1860) նահանգները։ 1859-1860 թվականներին դրանց տեղում ձևավորվում են երկու նոր միավոր՝ Բաքվի նահանգը (1859-1918) և Դաղստանի մարզը (1860-1918)։ Որոշ ժամանակ անց ձևավորվում է նոր՝ Ելիզավետպոլի նահանգը (1868-1918), որի մեջ են միավորվում Ղազախի և Ելիզավետպոլի գավառները Թիֆլիսի, իսկ Զանգեզուր-Ղարաբաղը՝ Բաքվի նահանգից։ 1873 թվականին Շուշիի գավառից անջատվում է նաև Ջաբրայիլի գավառը։
1918-1920 թվականներին Ջևանշիրի գավառը համարվել է վիճելի տարածք Հայաստանի առաջին հանրապետության և Մուսավաթական Ադրբեջանի մեջ, իսկ 1921 թվականի հուլիսին այն ամբողջությամբ մտել է Խորհրդային Ադրբեջանի կազմ, մեջտեղի հատվածով՝ ԼՂԻՄ կազմում։
Բնակչություն
խմբագրել1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 72,719 մարդ էր, որի ավելի քան 27 տոկոսը հայեր էին (19,551 մարդ), իսկ 73 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (52,041 մարդ)[2]։ Նրանք բնակվում էին հիմնականում դաշտավայրային հատվածում։ Թարթառ քաղաքի բնակչությունը 1897 թվականին 752 մարդ էր[3]։
1921 թվականից Ջևանշիրի գավառից անջատվում և Ադրբեջանին են կցվում ժամանակակից Բարդայի և Թարթառի շրջանները, իսկ մնացած տարածքները կիսվում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Կարմիր Քրդստանի միջև։
Վարչական բաժանում
խմբագրել1913 թվականին գավառը բաժանված էր 35 գյուղական համայնքների միջև[4]՝
- Աբրայանի
- Ալփաութի
- Աղալուի
- Այրիջայի
- Այրումի
- Բարդայի
- Բարսունլուի
- Գերավենդի (Չափար)
- Գերանայի
- Դովշանլուի (Առաջաձոր)
- Դորբաթլուի
- Թալիշի
- Լաքի
- Խան-Արաբի
- Խորուզլուի
- Կարակոյունլու-Խանի
- Կուսապատի
- Հասանռիզոյի (Հաթերք)
- Շիհավենդի (Նոր Ղազանչի)
- Շիրվանլուի
- Ղանթաղի (Ֆարահղանլու)
- Ղարաբարթայի
- Ղարադաղլուի
- Ղարամանլուի
- Մարաղայի
- Մոմիրլուի (Էվ-Օղլի)
- Նալիգրուի (Ղազիան)
- Նամիրլուի (Իլխիչիլար-Խանա)
- Չիրախլուի (Ճրագ)
- Ջան-Յաթաղի (Ճանկաթաղ)
- Սահլաբադի
- Սարովի (Մարալյան Սարով)
- Քոթուռլուի
- Քոչարլուի
- Քուչեք-Ղարաբեյի (Մոխրաթաղ)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г., Распределение населения по родному языку и уездам Российской Империи кроме губерний Европейской России, Джеванширский уезд
- ↑ Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г.
- ↑ Первая Всеобщая перепись населения Российской империи 1897 года. Елисаветпольская губерния
- ↑ , Волостныя, станичныя, сельскія, гминныя правленія и управленія, а также полицейскіе станы всей Россіи съ обозначеніем мѣста ихъ нахожденія, Кіевъ, «Изд-во Т-ва Л. М. Фишъ», 113։