Իլ-76-ի վթարը Լենինականի մոտ (1988)

Իլ-76 ինքնաթիռի վթարը Լենինականի մոտ, ավիավթար, որ տեղի է ունեցել 1988 թվականի դեկտեմբերի 11-ին` Լենինականից (Գյումրի) 15 կմ հեռավորության վրա և որի արդյունքում զոհվել էր 77 մարդ[1]։

Իլ-76-ի վթարը Լենինականի մոտ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականդեկտեմբերի 11, 1988
ՎայրԳյումրի, ,
Թռիչքի վայրՀեյդար Ալիևի անվան Բաքվի միջազգային օդանավակայան և Բաքու
Վերջնական կետՇիրակ օդակայան և Գյումրի
Զոհվածներ77 մարդ
Վիրավորներ1
Օդանավ
Կենդանի մնացած1

Ինքնաթիռը խմբագրել

  • Մակնիշը - Իլ-76Մ
  • Կողային համարանիշը - СССР-86732
  • Գործարանային համարը - 083413388
  • Սերիական համարը - 10-07
  • Արտադրությունը - 1978 թ.[2]

Վթարը խմբագրել

Իլ-76 ինքնաթիռը պատկանում էր ԽՍՀՄ Պաշտպանության նախարարության ռազմա-օդային ուժերին և հաշվառված էր Լիտվայի Պանևեժիս քաղաքում տեղակայված ավիաբազայում։ 1988 թվականի դեկտեմբերի 11-ին, Սպիտակի երկրաշարժի հետևանքները վերացնելու և փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով, նշված ինքնաթիռը Բաքվից պետք է Լենինական տեղափոխեր պահեստային զինծառայողների, որոնց մեջ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ։ Անձնակազմը բաղկացած էր 9 հոգուց, ովքեր ազգությամբ ռուսներ էին։ Ուղևորները` թվով 69 հոգի էին[3], որոնց մեջ կային ռուսներ, թաթարներ, ադրբեջանցիներ, լեզգիներ, հրեա և հայ։

Լենինականի օդանավակայանին ինքնաթիռը մոտեցել էր գիշերը, եղանակային բարդ և հորիզոնական 5 կմ տեսանելիության պայմաններում։ Վայրէջքի պատրաստվելիս, մինչև պտույտի բարձրություն (1100 մ) ցածրանալը, ինքնաթիռը բախվել է սարին և կործանվել։ Վթարի պատճառով զոհվել էր 77 մարդ։ Փրկվել էր միայն մեկ մարդ` ազգությամբ ադրբեջանցի, ով քնած էր եղել ինքնաթիռում գտնվող ԿամԱԶ ավտոմեքենայի խցիկում։

Ավիավթարի պատճառը անձնակազմի կողմից բարձրաչափի սխալ կարգավորումն է եղել։ Չնայած կարգավարը անձնակազմին փոխանցել է օդակայանի ճնշումը` 634 մմ սնդիկի սյուն և երկրորդ օդաչուն այն գրի էր առել, այնուամենայնիվ հետագայում բարձրաչափերի վրա դրվել է 734 մմ սնդիկի սյուն, այսինքն 100 մմ-ով ավելի, ինչն էլ հանգեցրել է 1100 մետրով ցուցմունքի բարձրացման։ Անմիջականորեն, սարին բախվելու ժամանակ, բարձրաչափը ցույց է տվել` 1425 մետր։ Հիմնականում այդպիսի խախտման պատճառ կարող էր հանդիսանալ անձնակազմի գերհոգնածությունը, որը չէր հասցրել ինչպես հարկն է հանգստանալ, քանի որ նախորդ օրերին իրականացրել էր մեծ թվով չվերթներ։

Ուշացած արձագանք խմբագրել

Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում սկսել են ակտիվորեն հիշել վթարի մասին, որտեղ շրջանառվում են անհիմն մեկնաբանություններ, թե իբր կարգավարը դիտավորյալ սխալ ցուցումներ է տվել անձնակազմին, թե իբր փրկված ադրբեջանցուն Հայաստանում հրաժարվել են բուժօգնություն տրամադրել, թե իբր Հայաստանում մոռացության են մատնել Բաքվից օգնության մեկնածների մարդասիրական քայլը։ Իհարկե, այս բոլոր մեկնաբանությունները հերյուրանք են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն։ Հայ ժողովրդի համար այդ ծանր ու դժվար օրերին, երբ ամբողջ աշխարհն էր իր օգնության ձեռքը մեկնել Հայաստանին, Ադրբեջանից ստացված օգնությունը խիստ սահմանափակ էր և իրեն քաղաքակիրթ համարող ժողովրդի ներկայացուցիչներին վայել չէ` այսպես ասած «մատի փաթաթան սարքել» խիստ կասկածելի «մարդասիրական քայլը»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Aircraft accident Ilyushin 76M CCCP-86732 Leninakan Airport (LWN)» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  2. «Ильюшин Ил-76М Бортовой №: CCCP-86732». Russianplanes.net. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  3. «Катастрофа Ил-76М близ Ленинакана». war.airdisaster.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել