Իրանական լեզուներ, հնդեվրոպական լեզվաընտանիքի հնդիրանական ճյուղի լեզվախումբ։ Իրանական լեզուները տարածված են Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում, առավելապես` Իրանական բարձրավանդակում։ Ներկայումս իրանական լեզուներից առավել տարածված են ժամանակակից պարսկերենը (կամ ֆարսին), քրդերենը, փուշթուն, բելուջերենը։

Տարբերում են հին (մինչև մ.թ.ա. IV-III դարեր), միջին (մ.թ.ա. III-ից մինչև մ.թ. VIII-IX դարեր) և նոր (սկսած մ.թ. VIII-IX դարերից) իրանական լեզուներ։ Հին իրանական լեզուներից են հին պարսկերենը` Աքեմենյան կայսրության լեզուն, մարերենը և Ավեստայի լեզուն, որը երբեմն կոչում են ավեստերեն։ Միջին իրանական լեզուներից են պարթևերենը, պահլավերենը կամ միջին պարսկերենը, սկյութերենը, սողդերենը, բակտրերենը և խորեզմերենը։ Նոր իրանական լեզուներից են բոլոր ժամանակակից իրանական լեզուները և մի շարք մեռած լեզուներ, որպես օրինակ` ազերին կամ ազարերենը և ալաներենը։

Տարածվածություն

խմբագրել
 
իրանական լեզուների գենետիկական բաժանում

2008 թվականի տվյալներով որպես մայրենի լեզու իրանական լեզուներով խոսողների քանակը գնահատվում էր 150-200 միլիոն մարդ[1]։

Ներկայումս իրանական լեզուներն առավելապես խոսվում են հետևյալ երկրներում.

  • Իրանում, որտեղ իրանական լեզուներով խոսում է բնակչության մոտ 79%-ը[2]։ Պաշտոնական լեզու պարսկերենն է (կամ ֆարսին), որը բնակչության մոտ 53%-ի մայրենի լեզուն է, նաև հանդես է գալիս որպես լինգվա ֆրանկա երկրի ողջ տարածքում։ Այլ իրանական լեզուներից խոսվում են նաև Քուրդիստան, Քերմանշահ նահանգներում և հարակից շրջաններում` քրդերենը (Իրանի բնակչության մոտ 10%-ը[2]), Գիլան նահանգում` գիլաներենը (կամ գիլակին) և թալիշերենը, Մազանդարան նահանգում` մազանդարաներենը, Լոռեսթան նահանգում և հարակից շրջաններում` լոռերենը (բնակչության մոտ 6%-ը[2]), Սիստան և Բելուջիստան նահանգում` բելուջերենը (բնակչության մոտ 2%-ը[2]
  • Աֆղանստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը խոսում է փուշթու կամ դարի (որը հանդիսանում է պարսկերենի տեղական տարբերակը) լեզուներով, որոնք երկուսն էլ Աֆղանստանի պաշտոնական լեզուներն են։ Փուշթուով են խոսում փուշթունները, դարիով` աֆղանական տաջիկները (բնակչության մոտ 27%) և հազարացիները (բնակչության մոտ 9%)[3]։ 2023 թվականի դրությամբ դարիով խոսում է բնակչության մոտ 77%-ը (մոտ 30 միլիոն մարդ), փուշթուով` 48%-ը (մոտ 19 միլիոն մարդ), ընդ որում շատ մարդիկ բազմալեզու են[4]։
  • Թուրքիայում, որտեղ քրդերենը գերակշռում է երկրի ողջ հարավ-արևմտյան մասում` կազմելով երկրի ընդհանուր բնակչության մոտ 19%-ը (մոտ 15 միլիոն մարդ)[5]
  • Պակիստանում, որտեղ Աֆղանստանի հետ սահմանակից արևմտյան շրջաններում տարածված է փուշթուն (2017 թ. դրությամբ այն մայրենի լեզու է համարում Պակիստանի բնակչության 18.24 %-ը` մոտ 38.89 միլիոն մարդ[6]), իսկ հարավ-արևմտյան Բելուջիստան նահանգում տարածված է բելուջերենը (այն մայրենի լեզու է համարում Պակիստանի բնակչության 3.02 %-ը` մոտ 6.44 միլիոն մարդ[6])
  • Տաջիկստանում, որտեղ բնակչության մեծամասնությունը խոսում է տաջիկերեն (որը շատ հետազոտողների կողմից համարվում է ոչ թե առանձին լեզու, այլ պարսկերենի բարբառ). տաջիկերեն խոսողների թիվն այստեղ կազմում է 84.3% կամ մոտ 7.8 միլիոն մարդ[7]։ Տաջիկստանի արևելքում` Պամիրում խոսվում են նաև այլ իրանական լեզուներ, որոնք կազմում են լեզուների պամիրյան ենթախումբը։
  • Իրաքում, որտեղ հյուսիս-արևելյան և հյուսիսային շրջաններում գերակշռում է քրդերենը. ըստ տարբեր գնահատականների քրդերը կազմում են երկրի բնակչության 15-20%-ը կամ 6-8 միլիոն մարդ[8]
  • Ռուսաստանի դաշնության տարածքում` Հյուսիսային Օսեթիայում և չճանաչված Հարավային Օսեթիայում, որտեղ խոսում են օսերեն. 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռուսաստանում օսերեն խոսողների քանակը կազմում էր 451 431 մարդ[9]
  • Սիրիայում, որտեղ քրդերենը տարածված է երկրի հյուսիսային և հյուսիս-արևեմտյան շրջաններում` գերակշռելով Հասաքայի մարզում. ըստ գնահատականների քրդերեն խոսողների քանակը Սիրիայում կազմում է մոտ 9-10%[10][11] կամ 1.7-2 միլիոն մարդ
  • Ուզբեկստանում, որտեղ տաջիկերենը տարածված է Սամարղանդ և Բուխարա քաղաքներում, Ֆերգանայի հովտում և երկրի այլ արևելյան շրջաններում։ Պաշտոնական տվյալներով տաջիկերեն խոսողների թիվը կազմում է բնակչության 4.8%-ը` մոտ 1.5 միլիոն մարդ[12], ոչ պաշտոնական տվյալներով այդ թիվն ավելի մեծ է։
  • Ադրբեջանում, որտեղ հարավ-արևելյան շրջաններում (Լենքորանում և հարակից տարածքներում) բնակվում են թալիշներ (2009 թվականի դրությամբ` 111 996 մարդ[13]), իսկ հյուսիսային շրջաններում` թաթեր (25 218 մարդ[13])
  • Հայաստանում, որտեղ բնակվում են քրդերենի բարբառով խոսող եզդիներ (2011 թվականի դրությամբ` 35 308 մարդ[14]), նաև սակավաթիվ քրդեր (2 162 մարդ[14]) և պարսիկներ (476 մարդ[14])

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Windfuhr, Gernot. The Iranian languages. Routledge Taylor and Francis Group.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Իրանի բնակչությունը (անգլ.)».
  3. «Աֆղանստանի բնակչությունը (անգլ.)».
  4. «CIA The World Factbook, Afghanistan (անգլ.)». 2023 թ․ հոկտեմբերի 1.
  5. «CIA The World Factbook, Turkie (անգլ.)». 2023 թ․ հոկտեմբերի 1.
  6. 6,0 6,1 «2017 թ. Պակիստանի մարդահամարի վերջնական արդյունքները». Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.
  7. «CIA The World Factbook, Tajikistan (անգլ.)». 2023 թ․ հոկտեմբերի 1.
  8. «CIA The World Factbook, Iraq (անգլ.)». 2021 թ․ սեպտեմբերի 27.
  9. «Всероссийская перепись населения 2002 года. Том 4 — "Национальный состав и владение языками, гражданство". Таблица 4: Распространённость владения языками (кроме русского)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  10. «Քրդերը Սիրիայում (անգլ.)». Library of Congress Country Studies.
  11. «CIA The World Factbook, Syria (անգլ.)». 2023 թ․ հոկտեմբերի 1.
  12. «CIA The World Factbook, Uzbekistan (անգլ.)». 2023 թ․ հոկտեմբերի 1.
  13. 13,0 13,1 «Ազգություններն Ադրբեջանում ըստ 1979, 1989, 1999, 2009 թվականների մարդահամարների». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 30-ին.
  14. 14,0 14,1 14,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները

արտաքին կապեր

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 452