Բուդապեշտի գագաթնաժողով

Բուդապեշտի գագաթնաժողով Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԽ) անդամ պետությունների բարձրագույն հավաք։ Տեղի է ունեցել 1994 թ.-ի դեկտեմբերի 5-6-ը՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։ Որոշվել է ԵԱՀԽ վերակազմավորել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ)՝ եզրափակիչ փաստաթղթում հատուկ ընդգծելով, որ կազմակերպության նպատակները չեն փոխվում։

Ամերիկայի նահանգի քարտուղար Ջոն Քերրին զրուցում է Բրիտանացի քարտուղար Վիլիամ Հագի և Ուկրաինացի նախարար Անդրի Դեշչիցիայի հետ

Գործունեությունը

խմբագրել

Գագաթնաժողովում ընդունվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ գործունեության ակտիվացման» մասին փաստաթուղթ, որում գնահատվել է Ռուսաստանի դերը զինադադարի հաստատման (1994 թ.-ի մայիս) և պահպանման գործում։ Հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահների ինստիտուտը, իսկ ԵԱՀԿ գործող նախագահին հանձնարարվել է նշանակել Մինսկի խմբի համանախագահներ՝ բանակցությունների միասնական և համաձայնեցված հիմք ստեղծելու համար։ Ձեռք է բերվել Մինսկի խմբի անդամ պետությունների համաձայնությունը խաղաղապահ առաքելության զորքեր տրամադրելու հարցում։ Գագաթնաժողովն օրակարգից հանել է Ռուսաստանի առաջարկած ղարաբաղյան հակամարտության գոտում ԱՊՀ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը։ Ըստ փաստաթղթի՝ Վիեննայում պետք է ստեղծվել «բարձր մակարդակի ծրագրավորման խումբ», որի վրա էր դրվելու խաղաղապահ ուժերի կազմավորման և ղեկավարման պարտականությունները։ Գագաթնաժողովի որոշմամբ նախատեսվել է նաև ստեղծել ԵԱՀԿ հավաքական միջազգային ուժեր, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից և հակամարտող կողմերի համաձայնությունից հետո պետք է տեղակայվեին հակամարտության գոտում։

Ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վրա

խմբագրել

Ի կատարումն Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումների՝ 1995 թ.-ի մարտի 31-ին ԵԱՀԿ Ավագ պաշտոնատար անձանց ընդունած փաստաթղթում Լեռնային Ղարաբաղն առաջին անգամ հիշատակվել է որպես հակամարտության առանձին կողմ, իսկ 1995 թ.-ի օգոստոսին նշանակվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, որը պետք է աջակցեր հիմնախնղւի քաղաքական կարգավորմանը և զինադադարի պահպանմանը։ Ընդհանուր առմամբ Բոպապեշտի գագաթնաժողովը դրական ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում, սակայն նույնիսկ այնտեղ ընդունված որոշումները և հիմնադրված մարմիններն ի վիճակի չեղան կարճ ժամկետում հասնելու հակամարտության վերջնական կարգավորման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։