Ավատատիրության հաստատումը Հայաստանում
Ավատատիրության հաստատումը Հայաստանում, հասարակական գործընթաց Մեծ Հայքի թագավորությունում (4-5-րդ դարեր)։ Այդ անցումային դարաշրջանում նման գործընթաց տեղի էր ունենում նաև հարևան երկու աշխարհակալ տերություններում՝ Հռոմեական կայսրությունում և Սասանյան Պարսկաստանում։ Մի քանի հազարամյակ Մերձավոր Արևելքում իշխող ստրկատիրական հասարակարգը քայքայվում էր՝ իր տեղը զիջելով ավատատիրական հարաբերություններին։
Հայոց պատմություն | |
---|---|
Նախապատմություն Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590 | |
Արատտա Մ.թ.ա. 2800~16-րդ | |
Հայասա Մ.թ.ա. 16-13-րդ | |
Վանի թագավորություն Մ.թ.ա. 9-6-րդ | |
Հին շրջան Մ.թ.ա. 590 - մ.թ. 428 | |
Երվանդունիների թագավորություն | |
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե | |
Արտաշեսյանների թագավորություն | |
Արշակունիների թագավորություն | |
Քրիստոնեության ընդունում | |
Ավատատիրության հաստատում | |
Գրերի գյուտ | |
Միջնադար 428 - 1375 | |
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն | |
Արաբական տիրապետություն | |
Բագրատունիների թագավորություն | |
Վասպուրական | |
Վանանդ, Լոռի և Սյունիք | |
Կիլիկիայի հայկական թագավորություն | |
Զաքարյան իշխանապետություն | |
Օտար տիրապետություն 1375 - 1918 | |
Խաչենի իշխանություն | |
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ | |
Թուրք-պարսկական տիրապետություն | |
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում | |
Հայոց ցեղասպանություն | |
Հայկական սփյուռք | |
Ժամանակակից պատմություն 1918 - ներկա | |
Հայաստանի առաջին հանրապետություն | |
Լեռնահայաստան | |
Խորհրդային Հայաստան | |
Արցախյան ազատամարտ | |
Հայաստան | |
Արցախի Հանրապետություն | |
Հայաստանի պորտալ |
Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմությամբ (ծառայել)» իմաստն է։
Ավատատիրություն
խմբագրելՄերձավոր Արևելքի պատմության մեջ 3-5-րդ դարերը հեղաշրջիչ փոփոխությունների ժամանակաշրջան էին. այդ ժամանակ անկում էր ապրում հելլենիստական մշակույթը, որը փոխարինվում էր քրիստոնեական մշակույթով։ Դեռ առաջին պետությունների՝ Հին Եգիպտոս (մ.թ.ա. 3100-525), Շումեր (մ.թ.ա. 5300-1940), Աքքադ (մ.թ.ա. 2334-2154), կազմավորման փուլում առաջացած ստրկատիրական հարաբերությունները, որոնք իրենց գագաթնակետին էին հասել հելլենիզմի դարաշրջանում (մ.թ.ա. 4- մ.թ. 3-րդ դարեր), քայքայվում էին՝ իրենց տեղը զիջելով նոր ավատատիրական (ֆեոդալական) հարաբերություններին։ Այդ է պատճառը, որ 5-րդ դարը համարվում է նոր դարաշրջանի՝ միջնադարի (5-17-րդ դարեր) սկիզբը։ Մեծ Հայքում ստրկատիրությունը խոր արմատներ չէր ձգել, ուստի անցումը ավատատիրության կատարվում էր առավել արագ։
Դեռ ստրկատիրական հասարակարգի ժամանակաշրջանում Հայաստանի հիմնական արտադրող տնտեսությունները գյուղական համայնքներն էին, որոնք պետության գլխավոր հարկատուն էին։ Արտաշես Բարեպաշտն իր հողային բարեփոխությամբ (մ.թ.ա. 180) ցանկացել էր սահմանազատել մասնավոր համայնքային հողատիրությունը։ Սակայն ծառայող ազնվականության մասնատիրական տնտեսությունների՝ ագարակների և դաստակերտների ընդլայնումն ի հաշիվ գյուղական համայնքների գնալով խորանում էր՝ սկիզբ դնելով պետական հողատիրության մասնատմանը սեփականատիրական կալվածքների, այսինքն՝ ավատական տնտեսությունների առաջացմանը[1]։
4-րդ դարի սկզբներից, երբ Մեծ Հայքում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, կարևոր վերափոխություններ կատարվեցին ոչ միայն կրոնի ու պետական կառուցվածքի մեջ, այլև տնտեսության ու մշակույթի ոլորտներում։ Ավատականացման փուլ թևակոխող Հայաստանի բնակչությունը հանդես եկավ ազատների և անազատների դասերով։
Ստրկատիրության ժամանակ կար ռազմական ու հոգևոր ավագանի, իսկ երկրի հիմնական աշխատուժը ու աշխահազարը գյուղացիներն էին։ Գյուղական համայնքների պարտականությունն էր հարկեր տալ պետությանը և պարհակներ կատարել, և գյուղացիներն ըստ էության ազատ էին։ Նրանցից բացի կային ավագանու ագարակներում աշխատող մշակ-ստրուկներ, ովքեր որևէ իրավունք չունեին ու անազատ էին։ Աստիճանաբար գյուղացիների իրավունքները հավասարվում են մշակների պարտականութուններին, և նրանք կազմում են անազատների դասը։ Նրանք պարտավոր էին բերքի մի մասը վճարել իրենց հողերին տիրացող կամ տիրացած ավատատեր-հողատերերին և նրանց համար կատարել հարկադիր աշխատանք (պարհակ)։ Ագարակ-դաստակերտները դրա հետևանքով վերածվեցին սովորական գյուղական բնակավայրերի՝ հաճախ պահպանելով ագարակ կամ դաստակերտ անվանումը։
Ազատների դասը ձևավորվում է ավագանուց և արքունի նախկին պաշտոնյաներից։ Ստրկատիրության դարաշրջանում ավագանին ռազմական ծառայություն դիմաց հող էր ստանում, որը, սակայն, չէր կարող ժառանգաբար փոխանցել։ Այժմ նրանք ստանում են ժառանգական իրավունքներ և իրենց տիրույթներում ինքնուրույն էին։ Հսկայական կալվածքներ է ստանում նաև հայոց եկեղեցին։ Այսպիսով՝ աշխարհակալ և աշխարհատեր իշխանները, գավառակալ և գավառատեր նախարարները, արքունիքից հողակտորներ ստացած զինվորականները, աստիճանավորները և հոգևորականները համալրում են ազատների դասը։ Նրանց հաջողվում է ժառանգական դարձնել նաև զբաղեցրած պաշտոնները։ Խոշոր ավատատերը կոչվում էր իշխան կամ նախարար, իսկ նրա տիրույթը՝ իշխանություն կամ նախարարություն։ Նախարարությունները ինքնուրույն իշխանություններ չէին, սակայն դրանց կախումը թագավորից ու արքունիքից թույլ էր։ Արքունական իշխանությանը ենթակա պահելու համար հայոց թագավորները սաստում էին նրանց, սպառնում պատերազմներով, երբեմն նույնիսկ՝ հարձակվում տիրույթների վրա ու ոչնչացնում ընտանիքները, կամ՝ սիրաշահում էին նրանց՝ տալով նոր կալվածքներ ու պաշտոններ։ Ազատների դասը թագավորին հարկ չէր վճարում[2]։
Պատմիչ Եղիշեն հայտնել է, որ թագավորությունն անցավ հայոց նախարարներին, ինչը վկայում է նախարարական համակարգի՝ պետականության կրողը լինելու մասին։ Հայկական պետականությունը նախարարական համակարգի միջոցով պահպանվեց միջնադարում։ Դրա վառ օրինակներն են Մեծ Հայքի Հայոց «Արևելից» կողմերում՝ Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ, Բագրատունիների գլխավորած հայկական թագավորությունների համադաշնության, Զաքարյանների իշխանապետության և Սասունի, Արցախի, Սյունիքի իշխանությունների, Կիլիկիայում՝ Ռուբինյանների, Հեթումյանների, Լուսինյանների պետությունների ձևով։
Հողատիրության ձևերը
խմբագրելՄեծ Հայքի գերագույն տերը թագավորն էր։ Ավատատիրության խորացմամբ թագավորական կամ պետական հողերը մասնատվում էին, ծառայող ազնվականության հողատարածքներն աճում էին, հողի խոշոր սեփականատեր էին դառնում նախարարական ընտանիքները։ Տրդատ Գ Մեծը հողեր շնորհեց նաև եկեղեցուն։ Դրանով իսկ եկեղեցին նույնպես դառնում էր հողի սեփականատեր։ Եկեղեցուն վճարվում էր բերքի մեկ տասներորդ մասը (տասնորդ)։
Վաղ միջնադարում Մեծ Հայքում գոյություն է ունեցել հողատիրության երեք ձև՝ հայրենիք, պարգևականք և գանձագին։
- «Հայրենիք» կամ «հայրենական» - ժառանգաբար հորից ավագ որդուն անցնող հողեր
- «Պարգևականք» - պետական պաշտոնյաներին կամ զինվորականներին ծառայության դիմաց հանձնվող հողեր։ Եթե ստացողը մահանում էր, ապա կարիք կար նվիրատվությունը վերականգնելու, իսկ եթե նա դադարեցնում էր ծառայությունը, ապա արքունիքը հետ էր վերցնում այդ կալվածքները։
- «Գանձագին» - աշխարհիկ իշխանների կամ մեծահարուստ եկեղեցականների կողմից գնված հողեր։ Սրանք ըստ էության չէին տարբերվում հայրենիքից։ Կուսակրոնություն մտցնելուց հետո բարձրաստիճան հոգևորականներին պատկանող հողերը դարձան եկեղեցու սեփականություն։
Հայոց թագավորի, ով երկրի գլխավոր ավատատերն էր, տիրույթները հայրենիք էին։ Դրանք միաժամանակ պետական հողեր էին և համարվում էին անօտարելի սեփականություն[3]։
Թագավորական հողերը չէին բաժանվում սեպուհներին։ Նրանց որպես բնակության վայր հանձնվում էին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերանի գավառները։ Այրարատում, որտեղ գտնվում էր արքունի տիրույթների նշանակալից մասը, կարող էին ապրել միայն թագավորն ու թագաժառանգը։ Արքունի հողային տիրույթների կենտրոնը Ոստան Հայոց գավառն էր՝ Արտաշատ մայրաքաղաքով։
Հայկական ավատատիրության առանձնահատկությունը
խմբագրելՀայկական ավատատիրության առանձնահատկությունն այն էր, որ, ի տարբերություն արևմտաեվրոպական ավատատիրության՝ Հայաստանում հողային ավատը պատկանում էր ընտանիքին և ոչ թե անհատին։ Ավատի սեփականատեր Հայաստանում դառնում էր ԸՆՏԱՆԻՔԻ, գերդաստանի կամ ավելի ճիշտ՝ ՏՈՀՄԻ ավագը, որը կարող էր լինել ոչ թե տվյալ վախճանված ավատատիրոջ որդին, այլ ՏՈՀՄԻ կողմնային ճյուղի ավագը, որը տվյալ պահին ավագն էր ամբողջ ՏՈՀՄՈՒՄ[4]։ Մեծ Հայքի թագավորությունում Արշակունիների ժամանակվանից մինչև Բագրատունիները իշխող այս կարգը փոխվեց Կիլիկյան Հայաստանում, որտեղ ավատատիրությունը նման էր Արևմտյան Եվրոպայի ավատատիրական կարգերին[5]։
Ավատատիրական աստիճանակարգ
խմբագրելԱվատատիրական պետություններում, ինչպես նաև Մեծ Հայքի թագավորությունում, ավատատերերը աստիճանակարգվում էին՝ ավագից կրտսեր։ Սա նման էր մի բուրգի, որի գագաթին արքան էր։ Իշխանական համակարգում գործում էր ենթակայության ավատատիրական հետևյալ սկզբունքը՝ «իմ վասալի վասալը իմ վասալը չէ»։
Արքային հաջորդող օղակն արքունիքն էր, որը սատարում էր թագավորին երկիրը կառավարելու հարցում։ Միապետն ուներ անսահմանափակ իրավունքներ իր հպատակների կյանքի ու գույքի նկատմամբ (այստեղից էլ գալիս է «բացարձակ միապետություն» արտահայտությունը)։ Թագավորական հրովարտակներն ու հրամաններն օրենքի ուժ ունեին։ Թագավորն իրավունք ուներ պատերազմ հայտարարելու և հաշտություն կնքելու, դեսպանություններ ընդունելու ու բանակցելու այլ երկրների հետ։ Արքունիքը՝ նախարարները, եղել են թագավորին ստորակա և նրան տրամադրել իրենց զորաջոկատները։ Պետական կարևորություն ունեցող հարցերում թագավորը խորհրդակցել է երկրի մեծամեծ իշխանների ու կաթողիկոսի հետ, իսկ անհրաժեշտության դեպքերում՝ երկրի առաջ ծառացած կարևոր խնդիրների լուծման նպատակով, հրավիրել է աշխարհաժողովներ, որոնց մասնակցել են ոչ միայն նախարարներն ու հոգևորականությունը, այլև քաղաքային դասի և շինականների ներկայացուցիչները։
Թագավորից ու արքունիքից հաջորդ աստիճանին աշխարհակալ նախարարներն էին՝ ծայրագավառների կալվածատերեր բդեշխներն ու արքունի գործակալները։ Բդեշխներն իրավունք ունեին մի ոտքին կարմիր, իսկ մյուսին կանաչ կոշիկ հագնել. միայն արքան կարող էր հագնել կարմիր կոշիկներ։ Նախարարներն ունեին իրենց զինանշաններն ու դրոշները, իրենց տիրույթներում օժտված էին վարչական և դատական լայն իրավունքներով։ Նախարարական ընտանիքի կրտսեր անդամ սեպուհները տիրույթների նկատմամբ իրավունքներ չունեին։ Ավատատիրական իշխանությունները կամ նախարարությունները ժամանակի ընթացքում ձեռք էին բերել մեծ իրավունքներ, որոնք թագավորը, եթե նրանք պետական դավաճանություն չէին գործել, խախտել չէր կարող։ Նախարարի զորաջոկատը պատերազմի էր դուրս գալիս արքունի բանակի կազմում՝ իր առաջնորդությամբ և դրոշի ներքո։
Ավատատիրական աստիճանասանդուղքի վերջին աստիճանն ազատներն էին կամ մանր ազնվականները։ Խոշոր ավատատերերն ունեին իրենց ենթակա մանր ազատների խավը, որը նրանցից հող էր ստանում զինվորական ծառայության դիմաց. այդպիսով նրանք ներկայացնում էին պետություն պետության ներսում։ Թագավորից անմիջական կախման մեջ գտնվողները կոչվում էին ոստանիկ, իսկ նախարարներից կախյալները՝ ազատ։ Ոստանիկներից էին կազմվում արքունի հեծելազորը, ազատներից՝ նախարարական այրուձին։ Արքունիքի պաշտպանությունը, ռազմական ու վարչական բազմաթիվ պաշտոններ վստահում էին իրենց։ Ծառայության դիմաց նրանք ստանում էին «պարգևականք» կալվածքներ։ Բուրգի ստորոտում անազատներն էին՝ քաղաքացիները, շինականները, ռամիկները[6]։
Մեծ Հայքի թագավորությունն ավատատիրության դարաշրջան թևակոխեց՝ ունենալով բազմաթիվ մարդաշատ ու վաճառաշահ քաղաքներ։ Երկրի խոշոր քաղաքներից էին Վաղարշապատը, Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Վանը, Զարիշատը և այլն։ Առևտրական կապերի թուլացումը մահացու էր քաղաքների համար, որոնք թագավորական իշխանության հենարանն էին։ Խոշոր ավատատերերը հաճախ չեն ցանկացել ենթարկվել կենտրոնաձիգ իշխանությանը։ Կենտրոնախույս ուժերը հաճախ դիմում էին հարևան Հռոմեական կայսրությանը կամ Պարսկաստանին[7]։ Արդյունքում տեղի էին ունենում պատերազմներ, որոնցից մեկի ժամանակ Հայաստանի քաղաքային բնակչության նշանակալից մասը բռնագաղթեցվեց Պարսկաստան, իսկ շատ քաղաքներ վերածվեցին գյուղերի։
Պետական կառավարման համակարգ
խմբագրելԱրշակունիների թագավորության ընթացքում հայոց արքունիքը իրենից ներկայացնում էր մի շարք գործակալությունների ցանց՝ վարչական, ռազմական, տնտեսական, դիվանագիտական և այլ գործառույթներով։ Հայոց արքունիքում իշխանների կամ նախարարների ունեցած տեղերի, գահերի ցուցակը կոչվում էր «գահնամակ»։ Նախարարի կամ իշխանի գահը որոշվել է նրա տնտեսական ու ռազմական հզորությամբ։ Գահնամակը վավերացրել է թագավորը։ Արքունի գործառույթների մի մասը ոչ ժառանգական էր։ Օրինակ՝ արքունի սենեկապետը, ով ղեկավարում էր արքունի դիվանը կամ գրասենյակը։ Նա թագավորի անձնական քարտուղարն էր, արքունի գրագրության կազմակերպողը, արխիվի պահապանը[8]։ Հետևյալ պաշտոնները եղել են ժառանգական՝
Գործառույթ | Գործակալություն | Ենթականեր | Տոհմ |
---|---|---|---|
Հազարապետություն | պետական հարկերի սահմանում և հավաքումը, պետական նշանակություն ունեցող աշխատանքների ղեկավարում | Հարկահավաքներ, արքունիք | Գնունիներ, ապա Ամատունիներ |
Սպարապետություն | արքունի և նախարարական հեծյալ ու հետևակ ուժերի հրամանատարություն՝ զորքերի գլխավոր հրամանատար թագավորի անմիջական հսկողության ներքո | բդեշխներ, նախարարական զորաջոկատների չորս սպարապետներ | Մամիկոնյաններ |
Մարդպետություն | արքունի տիրույթների վերահսկում, արքունի գանձերի պահպանում, կանանոցի հսկողություն, թագաժառանգի խնամակալություն | սենեկապետեր | Մարդպետունիներ |
Մաղխազություն | արքունական պահակազորի պարտականություն | 10 հազարանոց թիկնապահ գունդ | Խորխոռունիներ |
Թագադիր ասպետություն | արքունիքում պալատական արարողակարգի կատարման և նախարարների զբաղեցրած գահերի հերթականության հետևում, | - | Բագրատունիներ |
Մեծ դատավարություն | եկեղեցական ժողովների միջոցով կանոնների և օրենքների սահմանում, միջնախարարական վեճերի լուծում | հոգևորական դաս | Գրիգոր Լուսավորչի տոհմ |
Մեծ Հայքի ռազմական ուժերի քանակի և դասակարգման մասին պետական վավերագիրը կոչվում էր զորանամակ։ Գործադրվել է հայ Արշակունի արքայատան անկումը (4-րդ դարի վերջ - 5-րդ դարի սկիզբ)։ Կազմվել է քառաբաժին բոլորակ աղյուսակի ձևով՝ ըստ Մեծ Հայքի չորս կուսակալ զորավարությունների (Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան դռների)։
Հայկական բանակը Արշակունիների օրոք բաղկացած էր 120 000 մարտիկներից։ Այն ուներ հետևյալ կազմը.
- 4 հազար արքունական զորքեր՝ բդեշխների հրամանատարությամբ։ Պաշտպանում էին երկրի սահմանները բոլոր չորս ուղղություններով։
- 15 հազարանոց մարդպետական զորքեր
- 10 հազարանոց մաղխազական գունդ
- 36 հազար այլ զորքեր՝ արքունի հրամանատարության ներքո
- 55 հազար մարտիկներ՝ նախարարական տարբեր զորաջոկատներից
Բանակն ուներ հետախուզական և սակրավորական զորամասեր, որոնցից վերջինը զբաղվում էր կռվի ժամանակ ճանապարհների անցկացումով, գետանցների ապահովումով և քաղաքների ու ամրոցների պարիսպների խորտակումով[9]։
Բանակի հիմնական հարվածային ուժն այրուձին էր։ Մեծ ուժ էին ազատներից կազմված հետևակային զորամասերը, ինչպես նաև պատերազմի ժամանակ հավաքագրվող ժողովրդական աշխարհազորը։ Բանակը զինված էր ժամանակի բոլոր տեսակի զենքերով՝ նետ ու աղեղ, նիզակ, պարսատիկ, տեգ, սուր, վահան, սակր և այլն։
Տես նաև
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Հայոց պատմության դասագիրք, 10-րդ դասարան, Երևան, 2009 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ։ Ավատատիրական կարգերի հաստատումը Հայաստանում
- ↑ «Ավատատիրության ձևավորումը և հաստատումը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Հողատիրության ձևերը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ Այսինքն՝ Մեծ Հայքի կամ Հայկական ֆեոդալիզմը ոչ թե անհատական, այլ տոհմական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։
- ↑ Այսինքն՝ Հայկական Կիլիկիայի կամ Սիսուանի ֆեոդալիզմը ոչ թե տոհմական, այլ անհատական ֆեոդալիզմ էր։ – Գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեան։
- ↑ «Ավատատիրական աստիճանակարգությունը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Թագավորը և ավատատիրական իշխանությունները». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Պետական կարգը։ Բանակը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ «Բանակը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |