Ղաջարիների պետություն (պարս.՝ دولت قاجاریان` դոուլաթե ղաջարիան) կամ Իրանի տերություն (պարս.՝ دولت علیّه ایران` դոուլաթե ալիե իրան) պետություն Իրանում և նրան հարող տարածքներում 1795-1925 թվականներին[5]։ Հիմնադրել է թյուրքալեզու[6] ղաջար ցեղի առաջնորդ Աղա Մոհամմադ խան Ղաջարը 1795 թվականին[7]։ Երկիրը կառավարել է Ղաջարիների թագավորական տոհմը, որն ունեցել է թուրքմենական ծագում[8]։ Տարածքի առավելագույն չափը եղել է հիմնադիր շահի օրոք (1789-1797)[9]։

Ղաջարական Պարսկաստան

دولت قاجاریان
 Աֆշարիներ
 Զանդեր
 Քարթլի-Կախեթի թագավորություն
1795 - 1925 Փահլավիներ 
Ռուսական կայսրություն 
Քարտեզ


(Ղաջարական Պարսկաստանը 18-րդ դարի վերջին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Թեհրան
Մակերես 3,00000 կմ² (1796)
Բնակչություն 4,00000 (1857)[4]
Մակերես 1,648,195 կմ² (1857)
Բնակչություն 11,78000 (1925)[4]
Լեզու պարսկերեն[1][2], ադրբեջաներեն[3]
Ազգություն պարսիկներ, ազարիներ, քրդեր, հայեր
Կրոն Շիա իսլամ
Հիմն «Խաղաղություն շահին»

Արժույթ թուման (1789-1825), ղիրան (1825-1925)
Իշխանություն
Պետական կարգ Բացարձակ միապետություն
1906 թվականից՝
սահմանադրական միապետություն
Դինաստիա Ղաջարիներ
Պետության գլուխ Շահ
Պատմություն
- Պարսկական արշավանք 1796
- Ռուս-պարսկական պատերազմ 1804-1813
- Թուրք-պարսկական պատերազմ 1821-1823
- Թուրք-պարսկական պատերազմ 1826-1828
- Իրանական հեղափոխություն 1905-1911

Ի սկզբանե այս պետության մայրաքաղաքը եղել է Թեհրանը[10], որը 19-րդ դարի ընթացքում դառնում է իրանական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն[11]։ Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում Սեֆյան Իրանի տարածքում զուգահեռ իշխող երկու տոհմերը՝ Աֆշարիները և Զանդերը, ներառել է հարևան և հեռավոր երկրներ։ Ոսկեդարի շրջանում այն ներառում էր Իրանական լեռնաշխարհն ու Միջին Ասիայի հարավը, Կովկասյան լեռները և Հայկական լեռնաշխարհի արևելքը՝ տարածվելով Միջագետքի և Ինդոս-Գանգեսյան դաշտավայրերի միջև[12]։ 1857 թվականին վերջնականապես ձևավորվում է Իրանի ժամանակակից տարածքը՝ ամրագրված Փարիզի հաշտության պայմանագրով։ Այն կնքվել էր Իրանի և Անգլիայի միջև՝ ժամանակակից Աֆղանստանի և Պակիստանի սահմանամերձ տարածքների համար մղված հնգամսյա պատերազմից հետո։

19-րդ դարի ընթացքում Իրանը սկսում է թուլանալ. Ռուսական և Բրիտանական կայսրությունները, նվաճելով Իրանի հարակից երկրները, այն դարձրել էին չեզոք գոտի։ Երկիր է մտնում օտարերկրյա կապիտալ։ Ղաջարիների պետությունը խիստ թուլանում է գոյության անմիջապես սկզբում ռուս-պարսկական պատերազմների հետևանքով[13][14]։ Ի վերջո, 20-րդ դարի սկզբին Իրանում տեղի է ունենում սահմանադրական հեղափոխություն, որը խարխլում է հարյուրավոր տարիներ տևած բացարձակ միապետությունը սահմանափակում է իր իրավունքները, իսկ որոշ ժամանակ անց՝ տեղը զիջում Փահլավիներին[15]։

Ղաջարիների պետությունը իսլամական Արևելքի շիադավան թագավորությունն էր, որը հանդիսանում էր պարսիկների՝ դարեր առաջ կորսված պետականության իրավահաջորդը։ Թեև փաստացի ղեկավարվում էր թյուրքալեզու ղաջարիների կողմից, սակայն մշակութային, տնտեսական և քաղաքական վերնախավի տեսանկյունից իրանական պետություն էր[16]։ Իշխող արքայատոհմը, ընդունելով նախորդների՝ Սասանյանների և Սեֆյանների «շահնշահ» տիտղոսը, աստիճանաբար կորցնում է թուրքմենական արմատները՝ դառնալով պարսիկ ժողովրդի մի մասը[17]։

Անվանում և ծագում

խմբագրել

Ծագում

խմբագրել

Երկրի պաշտոնական անվանումը եղել է «Իրանի տերություն» (պարս.՝ دولت علیّه ایران` դոուլաթե ալիե իրան)։ Եթե մինչ այդ միջնադարյան արևելքում տարածված էր պետությունը կոչել կառավարող ընտանիքի կամ հարստության անունից, այդ թվում՝ Սեֆյանների, Աֆշարիների կամ Զանդերի, ապա 18-րդ դարում առավել հաճախ գործածական է դառնում հենց Պարսկաստանի անունը։ Պատմական, ռազմաքաղաքական և այլ աղբյուրներում երբեմն հանդիպում են նաև այլ անվանումներ, որոնցից առավել հայտնի է «ղաջարիների պետություն» անվանումը։ Ղաջարիները թյուրքալեզու ռազմատենչ ցեղեր էին, որոնք ապրում էին Կասպից ծովին հարող շրջանում։ Նրանք «Սև աչքեր» (ղարագյոզ) աղանդի անդամներ էին, որոնք էլ իրենց հերթին անդամակցում էին օղուզ թյուրքերի «սևագլուխներին»[12]։ Ղաջարների ցեղը (այսօր՝ մոտ 35000 մարդ) թափանցել է Հայկական լեռնաշխարհի տարածք մոնղոլական տիրապետության շրջանում։

Ղաջարիները ղզլբաշների հետ միասին սատարում էին Սեֆյանների իշխանությանը։ Վերջիններս նրանց իշխանություն տվեցին Առանում (Շիրվան)[18], և ղաջարիները հասան խանի աստիճանի. 1554 թվականին Ղարաբաղի կուսակալության ղեկավար էր դարձել Շահվերդի Սոլթան Զիադօղլու Ղաջարը, ում նստավայրն էր Գանձակ քաղաքը[19]։

Վաղ շրջան

խմբագրել
 
Աղա Մոհամմադ խան Ղաջար

16-17-րդ դարերում ղաջարիներին վստահվեցին դիվանագիտական առաքելություններ և ներքին կառավարում։ Շահ Աբբաս I-ը տեղահանում է նրանց և վերաբնակեցնում Կասպից ծովի հարավարևելյան մասում՝ Աստարաբադում (Գորգան)[15]։ Վերաբնակ և տեղացի ղաջարիների սերունդ Ֆաթհ Ալին (1686-1726), Սեֆյան սուլթան Հուսեյնի և Թահմասպ II շահի իշխանության ընթացքում դարձել էր զորահրամանատար, սակայն 1726 թվականին նա սպանվել աֆշարի Նադիր շահի հրամանով։ Նրա որդի Մոհամմադ Հասան խան Ղաջարը (1722-1758) սպանվել է Զանդերի Քարիմ խանի հրամանով։ Աղա Մոհամմադ խանը, ով նախորդի որդին էր, իր պապի և հոր վրեժը պատրաստվում է լուծել՝ կործանելով Աֆշարիներին և Զանդերին[17]։

1722 թվականին աֆղանների զորահրամանատար Միր Մահմուդը գրավում է Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանը, որով սկիզբ է դրվում քրդական ծագում ունեցող Սեֆյանների պետության անկմանը։ Ժամանակավորապես միավորելով հողերը՝ թյուրքալեզու Աֆշարիների ղեկավար Նադիր խանը շահ է հռչակվում։ Նրա մահից հետո առաջանում են խանություններ, որոնք ինքնավարության կամ Օսմանյան կայսրության հետ մերձեցման փորձեր են կատարում։ Աֆշարիներին զուգահեռ երկրի շահեր են դառնում նաև քուրդ Զանդերը։

Զարգացած միջնադարից՝ 11-րդ դարից սկսած, Պարսկաստանը կառավարող գրեթե բոլոր տոհմերը, այդ թվում և Ղաջարիները, իշխանության են եկել թյուրքալեզու ցեղերի աջակցությամբ, իրենց շուրջ հավաքելով պարսկական արիստոկրատիային[20]։ 1779 թվականին Զանդերի Քարիմ խանի մահից հետո, Աղա Մոհամմադ խանը ձեռնամուխ եղավ միանալու Իրանին։ Մի քանի տարի անց նա իր ձեռքը վերցրեց Կասպից ծովի հարակից շրջանների իշխանությունը, ապա անցավ Իրանի մյուս նահանգներին։ Գահին տիրանալու համար նա քանդեց քաղաքները, կոտորեց բնակչությանը։ Նա հայտնի է իր դաժանություններով, որոնցից հայտնի էր, օրինակ, Քերման քաղաքում նրան համառ դիմադրություն ցույց տված բնակիչների կուրացումը[15]։

Աղա Մոհամմադ խանի զորքերը հիմնականում կազմված էին թյուրք վարձկաններից և վրացի ստրուկներից[21]։ Ղաջարիների դինաստիայի հիմնադիր Աղա Մոհամմադը գրավում է Զանդերի մայրաքաղաք Շիրազը և Աֆշարիների մայրաքաղաք Մաշհադը։ Նա վերականգնեց Պարսկաստանի գերիշխանությունը ողջ Կովկասում։ Շահն իր մայրաքաղաքը դարձրեց Թեհրանը, որը պատմական Ռեյ քաղաքի ավերակների մոտակայքում գտնվող մի գյուղ էր։ 1796 թվականին նա պաշտոնապես թագադրվեց որպես շահ։ Նորաստեղծ պետությունը ստացավ «իրանական կայսրություն» կամ «շահնշահություն» անվանումը[Ն 1]:

Պատմություն

խմբագրել

Հիմնադրում

խմբագրել

Թուրք-պարսկական պատերազմից (1730-1736) և հետո վերականգնելով Սեֆյան Իրանի սահմանները որպես արդեն ինքնուրույն շահ և Աֆշարիների դինաստիայի հիմնադիր՝ Նադիրը մշակել է նոր քաղաքականություն տարբեր ազգությունների նկատմամբ։ Դրական գնահատելով ազատագրական շարժումները Սյունիքում (1722-1730) և Արցախում (1724-1731), Երևանի (1724) և այլ քաղաքների ու բերդերի ինքնապաշտպանությունը՝ շահը մեծ արտոնություններ է տվել հայերին[22]։ Ի նշան Կովկասում և Ատրպատականում իրանական իշխանության ամրապնդման՝ Նադիրը շահ է թագադրվել Մուղանում (ներկայիս Ադրբեջանի հարավային հատված), և իր մեջքին թուր է կապել ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացին։ Արցախի տարածքում վերացրել է Ղարաբաղի կուսակալությունը, ինքնիշխանություն տվել հինգ մեիլքներին (Խամսայի մելիքություններ)։ Կուսակալի իշխանությունը սահմանափակվում էր միայն Գանձակ քաղաքով և դրա շրջակայքով[23]։ Լոռի-Փամբակում, Ղազախ-Շամշադինում, ինչպես նաև Կախեթի թագավորությունում հաստատվել է Քարթլիի թագավոր Թեյմուրազ II-ի գերիշխանությունը՝ նրա որդի Հերակլ II-ին ժառանգելու իրավունքով[24]։ Խիստ կրճատվեցին թյուրքալեզու ցեղերի և նրանց ցեղապետերի իրավունքները, որոնք սատարում էին Օսմանյան կայսրությանը 1723-1727 թվականների թուրք-պարսկական պատերազմի ընթացքում։ Դժգոհ մնալով դրանից՝ Նադիր շահի մահից (1747) հետո, նրանք իրենց ինքնիշխան հռչակեցին. այդպես առաջացան Հյուսիսային Իրանի խանությունները։

 
Թբիլիսիի Նարիղալա ամրոցի գրավումը պարսիկների կողմից

1751 թվականին քուրդ առաջնորդ Քարիմ խան Զանդը, չճանաչելով Շահրոխ շահ Աֆշարիի իշխանությունը (1748–1796)՝ իրեն հռչակեց Իրանի շահ, և վրաց թագավոր Հերակլ II-ը ներկայացրեց իր դե յուրե հնազանդությունը նրան, սակայն դե ֆակտո նա ինքնավար էր մնացել[25][26]։ Նրա հետ կապված մեծ հույսեր ունեին հնդկահայ ազատագրական շարժման ռահվիրաները՝ Հովսեփ Էմինը, Շահամիր Շահամիրյանը և ուրիշներ, ովքեր նպատակ ունեին թոթափել թուրք-պարսկական լուծը և շարունակել Իսրայել Օրու կիսատ թողած ծրագիրը։ 1783 թվականին Հերակլ II-ը կնքում է Գեորգիևյան դաշնագիրը, որով ճանաչել է Ռուսական կայսրության հովանավորությունը և հրաժարվել ինքնուրույն արտաքին քաղաքականությունից[27]։ 18-րդ դարի վերջին տասնամյակներին Վրաստանն ավելի կարևոր տարր էր դարձել ռուս-իրանական հարաբերություններում, քան Պարսկաստանի հյուսիսային նահանգներից Մազանդարանը կամ նույնիսկ Գիլանը։ Ի տարբերություն Պետրոս Մեծի, Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ը դիտարկել է Վրաստանը որպես կովկասյան քաղաքականության առանցք՝ որպես Իրանի և Օսմանյան կայսրության դեմ գործողությունների հիմք[28]։ Օգտվելով Իրանում սկսած քաոսից և երկիշխանությունից՝ ռուսական մի զորամաս 1784 թվականին հաստատվում է Թբիլիսիում, որին ի պատասխան սկսում է ռուս-թուրքական պատերազմ (1787-1791)։ Ինչպես և նախորդը (1768-1774), այս մեկը ևս ավարտվեց ռուսների հաղթանակով։

Իրանի քաղաքական խառնաշփոթն ավարտվեց Ղաջարիների՝ գահին հաստատվելով։ Աղա Մոհամմադ խան Ղաջարը միավորեց ամբողջ Իրանը և արշավեց Կովկաս՝ սահմանները ռուսական թափանցումից պաշտպանելու նպատակով։ Հերակլ II-ին վերջնագիր է ներկայացվում հրաժարվել Ռուսաստանի հետ պայմանագրից և վերահաստատել միությունը Պարսկաստանի հետ, խաղաղության և նրա թագավորության անվտանգության համար[28]։ Օսմանյան կայսրությունը, ի հակասություն Իրանի, չորս հարյուրամյակի մեջ առաջին անգամ ճանաչել է Հերակլ II-ի իրավունքները Քարթլիում և Կախեթիում՝ իր սահմաններում գտնվող վրացական այլ հողերը (Իմերեթի թագավորություն՝ Իմերեթ, Գուրիա, Մեգրելիա) և Սև ծովի ափերը վրացիներից հեռու պահելու նպատալով[29]։ Վրաց արքան խնդրանքով դիմում է Ռուսաստանի կայսրուհուն՝ իրեն տրամադրելու 3000-ամոց զորք՝ պարսիկներից պաշտպանվելու համար։ Եկատերինա II-ն անպատասխան է թողնում նամակը, որի արդյունքում Վրաստանը մնում է պարսկական սպառնալիքի դեմ միայնակ[30]. այդուհանդերձ, Հերակլ II-ը մերժեց Աղա Մոհամմադ խան Ղաջարի վերջնագիրը։ 1795 թվականի օգոստոսին Իրանի շահն անցավ Արաքս գետը, գրավեց Ղարաբաղի, Գանձակի խանությունները և հասավ մինչև Դերբենդ[31]։ Այս արշավանքում առանձին տեղ է գրավում դեռ 1765 թվականին կառուցված Շուշիի բերդի պաշտպանությունը[32]։ Ռուսական զորքերի հրամանատար գեներալ Իվան Գուդովիչը կոչ արեց վրաց արքային խուսափել «ծախսերից և աղմուկից», և հնազանդվել պարսիկներին, սակայն Հերակլը, դաշնակցելով Իմերեթի արքա Սողոմոն II-ի հետ, Թբիլիսիի հարավում իր 3000-անոց և Սողոմոնի 2000-անոց զորքով սպասում էր շահի 40000-անոց բանակին։ Աղա Մոհամմադ խանը մի քանի ժամում նվաճեց Թբիլիսին, հարուստ ռազմավարով ու հազարավոր գերիներով վերադառնում նորահռչակ մայրաքաղաք Թեհրան[33][34][Ն 2]:

Նադիր շահից 60 տարի անց, լուծելով հոր և պապի վրեժը, նույն Մուղանի դաշտավայրում Աղա Մոհամմադ խան Ղաջարը թագադրվեց որպես Իրանի շահ (1796)։ Ռուսները պատասխան հակահարված տվեցին Ղաջարիներին. 1796 թվականի պարսկական արշավանքի ժամանակ իրանական զորքերը պարտություն կրեցին։ Իր շահական իշխանության երկրորդ տարում՝ 1797 թվականին, Աղա Մոհամմադը սպանվեց Ղարաբաղի խանության կենտրոն Շուշիում, և նրա եղբորորդին` Ֆաթհ-Ալին, դարձավ Իրանի նոր շահ[35]։ 1799 թվականին ռուսները վերադարձան Թբիլիսի[36], իսկ 1801 թվականին Ռուսաստանը պաշտոնապես միացրեց Քարթլի-Կախեթի թագավորությունը։ Ռուսներն այդ նվաճումը ամրապնդեցին հաղթանակներով. 1804-1813 և 1826-1828 թվականների պատերազմների արդյունքում Իրանի հյուսիսային սահմանը դարձավ Արաքս գետը[37]։

Զարգացում

խմբագրել

Ղաջարական Պարսկաստանի զարգացումը գերազանցապես կապված էր Ֆրանսիական և Բրիտանական կայսրությունների ազդեցությամբ։ 18-րդ դարի վերջին Եվրոպայում տեղի է ունենում Ֆրանսիական հեղափոխությունը, որը նոր ընթացք է տալիս եվրոպական պատմությանը։ Դեռ Աշխարհագրական մեծ հայտնագործությունների դարաշրջանում (15-17-րդ դարեր) Իսպանիան, Պորտուգալիան, ապա նաև՝ Նիդերլանդները, Ֆրանսիան և Անգլիան գաղութացրել էին բազմաթիվ երկրներ՝ Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ողջ լայնքով ու երկայնքով, ինչպես նաև կղզիներ ու կղզեխմբեր Խաղաղ օվկիանոսում։ Նվաճված տարածքներից առանցքային էր Հնդկաստան-Եվրոպա ցամաքային և ծովային ճանապարհը, որն անցնում էր Իրանի կողքով։ 19-րդ դարից սկսած ցամաքային ուղին աստիճանաբար անցնում է Բրիտանական կայսրության հսկողության տակ, որից դժգոհ Նապոլեոն Բոնապարտը արշավում է Եգիպտոս և Սիրիա[38]։ Այսպիսի պայմաններում Ռուսական կայսրության ձգտումները՝ Իրանի և Թուրքիայի հաշվին դեպի հարավ ընդլայնվելու ուղղությամբ, նոր իրավիճակ են ստեղծում տարածաշրջանում։ Միաժամանակ զինելով թուրքական բանակը՝ ռուսներին պարտադրվում են պատերազմներ՝ Օսմանյան կայսրության դեմ[39]։

 
Գոլեսթանի պալատը մայրաքաղաք Թեհրանում

19-րդ դարի սկզբին շահական Իրանը շարունակում էր մնալ հետամնաց, ավատատիրական կարգերով մի երկիր, որտեղ իշխում էր միջնադարյան մթնոլորտը։ Երևանում, Նախիջևանում, Ղարաբաղում, Գանձակում, Մակվում, Ուրմիայում, Խոյում և Ղարադաղում խանությունների գլուխ էր կան գնած շահի կողմից նշանակված պարսիկ խաներ, որոնց իշխանությունն անսահմանափակ էր. բոլոր գործերը նա վարում էր ինքնիշխան կերպով, նշանակելով իր տեղակալներին՝ մահալների կառավարիչ միրբոլուքներին։ Քաղաքների կառավարիչները՝ քալանթարները և ոստիկանապետ ֆառաշները, գերազանցապես ընտրվում էին մուսուլմանների միջից։ Խիստ սահմանափակվել էին Արցախի և Սյունիքի մելիքների իրավունքները, որոշակի իշխանություն էր տրված գյուղապետերին, որոնց պարսիկները քյոխվա կամ քեթխուդա էին կոչում[40]։

1603-1604 թվականների շահ Աբբասի կասմակերպած հայերի, ինչպես նաև վրացիների բռնագաղթով խիստ փոխվել էր ժողովրդական կազմը. Կովկասում, Հայկական լեռնաշխարհի տարածքներում հաստատվելու էին եկել հազարավոր մուսուլմաններ՝ տեղահանված քրիստոնյաների փոխարեն։ Գյուլիստանի (1813) և Թուրքմենչայի (1828) պայմանագրերից հետո հսկայական տարածքների կորստի արդյունքում այրումները, ղարափափաղները, չերքեզները, շիադավան լեզգինները և այլ ազգությունների ներկայացուցիչներ հեռանում են Իրանի հյուսիս[41]։ Դրա փոխարեն տասնյակ հազարավոր հայեր վերադառնում են հայրենիք[42]՝ իրենց հետ բերելով նաև ասորիների, հույների ու վրացիների[Ն 3]: 1864 թվականին տեղի է ունենում չերքեզների ցեղասպանությունը, որից հետո Իրան է տեղափոխվում մուսուլման գաղթականների մեկ այլ հզոր ալիք[43]։ Հետագայում նրանցից էր կազմվելու Պարսկական կազակական դիվիզիան։

Ֆաթհ Ալի շահի թագավորության ընթացքում Արևմուտքի հետ սկսած դիվանագիտական շփումները հանգեցրին նրան, որ Իրանում սկսեցին ռազմական ու տնտեսական լուրջ տեղաշարժեր։ Բանակի զարգացման համար առանձնապես մեծ դերակատարում ունեցավ գահաժառանգ Աբբաս-Միրզան։ Աշխուժացավ առևտուրը, իրանական արտադրանքը սկսեց պահանջարկ ունենալ Եվրոպայում։ Պարսիկները կարողացան հաղթանակ տանել թուրքերի դեմ մղված վերջին պատերազմում (1821-1823): Նասր ալ-Դին շահի կեսդարյա կառավարման օրոք (1848-1896) արևմտյան գիտությունը, տեխնոլոգիաները և կրթական մեթոդները բերվեցին Պարսկաստան, և սկսվեց երկրի արդիականացումը։ Շահը փորձել է օգտագործել Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև փոխադարձ անվստահությունը Պարսկաստանի անկախությունը պահպանելու համար, սակայն նրա իշխանության տակ աճել է օտարերկրյա միջամտությունը և տարածքային ոտնձգությունները։ Այդուհանդերձ, Իրանն ունեցավ տարածքային որոշ կորուստներ՝ ի դեմս ժամանակակից Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աֆղանստանի և Պակիստանի որոշ մարզերի։ Մեծագույն նվաճումներից էր 1851 թվականին «Դար ալ-Ֆունունի» (պարս.՝ دار الفنون) հիմնադրումը, որը Պարսկաստանի և Մերձավոր Արևելքի առաջին ժամանակակից համալսարանը։ Այն նշանավորեց Պարսկաստանում ժամանակակից կրթության սկիզբը[44]։

Անկում

խմբագրել

Նասր ալ-Դին շահի սպանությունից հետո (1896) գահն անցավ իր որդի Մոզաֆֆար ալ-Դինին[45]։ Նրա կառավարման ժամանակ Իրանը տնտեսական ճգնաժամ է ապրում. օտարերկրյա կապիտալի մուտքը իրանական շուկա, բնակչության եռակի բազմապատկումը, ռուս-անգլիական ճնշումը հանգեցնում են նրան, որ երկրում աճում են դժգոհությունները հազարամյա շահական համակարգի դեմ։ Վաճառականների և կրոնական առաջնորդների բողոքներն ավարտվեցին նրանով, որ 1906 թվականի հունվարին նրանք բանտարկվեցին Թեհրանի և այլ քաղաքների մզկիթներում։

 
Իրանի առաջին խորհրդարանի անդամները

Եվրոպայում ուսանած իրանցի երիտասարդների լուսավորական գաղափարները բողոքի նոր ալիք են բարձրացնում Իրանում։ Այն ժամանակ, երբ շահը հրաժարվեց թույլ տալ «արդարադատության տուն» կամ խորհրդատվական ժողով կառույցի ստեղծումը, առևտրականների գլխավորությամբ 10.000 ցուցարար փողոց դուրս եկան։ Օգոստոսին շահի հրամանով ու թույլատրութամբ կազմվեց սահմանադրական հանձնաժողով, որը հոկտեմբերին ընդունեց Իրանի առաջին սահմանադրությունը, ուստիև այս հեղափոխությունը հայտնի է դառնում որպես «սահմանադրական» (1905-1911)։ Շահը 1906 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրել է սահմանադրությունը, որով սահմանափակվում էին իր իրավունքները՝ ի հաշիվ ժողովրդի կողմից կազմված խորհրդարանի՝ երկպալատ մեջլիսի։ 1907 թվականին հաստատված լրացուցիչ հիմնարար օրենքները սահմանում էին մամուլի ազատության, խոսքի, կյանքի և գույքի անվտանգության համար։ Նույն ժամանակահատվածում՝ 1905-1907 թվականներին, հեղափոխություն բռնկվեց նաև Ռուսական կայսրությունում։

Մոզաֆֆար էդ-Դին Շահի որդին, Մոհամմադ Ալի Շահը (1907-1909), Ռուսաստանի օգնությամբ փորձեց հրաժարվել Սահմանադրությունից եւ վերացնել խորհրդարանական կառավարությունը։ 1908 թվականի հունիսի 23-ին նա հեղաշրջում կատարեց և ցրեց մեջլիսը։ 1907 հունիսից 1909 հուլիսը Թավրիզում տեղի ունեցավ հակաշահական ապստամբություն, որը ղեկավարում էին ազարի Սաթթար Խանը և հայ Արշակ Գավաֆյանը։ Ընդվզումն ավարտվեց ռուսների կողմից Թավրիզի գրավումով։ Միևնույն ժամանակ Գիլանի ֆիդայիները, հայ կամավորները և սահմանադրականները՝ Եփրեմ խանի և Ռաշթի նահանգապետ Սիփահդարի ղեկավարությամբ, բախտիարները՝ Սարդար Ասսադի գլխավորությամբ արշավեցին Թեհրան, գրավեցին այն և գահընկեց արեցին շահին։ Ստեղծվեց ժամանակավոր կառավարություն։ Զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակվեց Եփրեմ խանը, վերականգնվեց սահմանադրությունը, բացվեց երկրորդ գումարման մեջլիսը։ 1911 թվականին անգլո-ռուսական ճնշման տակ հեղափոխությունը մարեց։

Առաջին համաշխարհային պատերազմի ամենասկզբից Իրանը չեզոքություն հայտարարեց, սակայն հարևան Օսմանյան կայսրությունը կարճ ժամանակ անց ներխուժեց Իրանի հյուսիսային շրջաններ, որոնք գտնվում էին ռուսական ազդեցության և հսկողության ներքո[46]։ Վերջինիս պատճառով, ինչպես պրոֆեսոր դոկտոր Տուաժ Աթաբակին ասում է, չեզոքություն հայտարարելը անիմաստ էր, հատկապես, երբ Իրանը ուժ չուներ այդ քաղաքականությունը իրականացնելու համար։ Ռուսներին օժանդակություն են ցույց տվել ասորիներն ու հայերը։ Սակայն, ռուսական հեղափոխության (1917) և հետագայում զորքերի մեծամասնության դուրս բերումը Օսմանյան կայսրությանը հնարավորություն ստեղծեց նորից ներխուժել տարածք և կազմակերպել հայերի ու ասորիների ցեղասպանություն։ 1918 թվականի նոյեմբերի 30-ի Մուդրոսի զինադարարից հետո թուրքերը հետ քաշվեցին Իրանից և Կովկասից։ Երիտասարդ Ահմադ շահը չկարողացավ կազմակերպել Իրանի պաշտպանությունը, որի պատճառով անգլիական ազդեցությունը երկրում էլ ավելի մեծացավ։ 1921 թվականի փետրվարին Պարսկական կազակական դիվիզիայի հրամանատար Ռեզա խան Փահլավին հեղաշրջում էր կազմակերպել, դառնալով Իրանի կառավարիչ։ Մի քանի տարվա ընթացքում նա դարձավ Իրանի շահ։ Ահմադ Ղաջարին արտաքսվեց Եվրոպա, որտեղ և մահացավ։

Պետական կարգ

խմբագրել

Վարչական բաժանում

խմբագրել

18-րդ դարի կեսերին Աֆշարիներն ու Զանդերը հիմնականում պահպանել էին Սեֆյան Իրանի վարչական բաժանումը. երկիրը բաժանված էր էյալեթների (կուսակալությունների)։ 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի պայմանագրով ձևավորվում ու գրեթե անփոփոխ է դառնում Իրանի արևմտյան սահմանը։ Պետությունը բաժանված էր 13 կուսակալությունների, որոնց գլուխ կանգնած էին բեկլարբեկները (պարս.՝ بگلاربگ)։ Հյուսիսային Իրանում կային 4 կուսակալություններ՝ Երևանի, Ղարաբաղի կամ Գանձակի, Շիրվանի կամ Շամախու, Թավրիզի կամ Ատրպատականի, հարավում Ֆարսի կուսակալությունն էր։ Արևելյան հատվածը բաժանված էր 6 Աստարաբադի (Գորգան), Մաշհադի (Խորասան), Հերաթի (Աֆղանստան), Մերվի (Թուրքմենստան), Քերմանի (Բելուջիստան) և Քանդահարի (Պակիստան), իսկ արևմտյանը՝ 2 բեկլարբեկության՝ Ղազվինի, Համադանի։

 
Իրանի բաժանումը անգլիական և ռուսական ազդեցության գոտիների

Նադիր շահի մահից հետո ձևավորվում են տասնյակ մանրումիջին խանություններ, որոնց գլուխ կանգնում էին նշանակովի, երբեմն՝ ժառանգական իշխանություն ունեցող խաները։ Այս կարգավիճակը շարունակվեց նաև Ղաջարիների օրոք։ Երևանի խանությունը, օրինակ, բաժանված էր 15 մահալների (շրջանների), որոնց թվում՝ Աբովյանի (Կըրխբուլաղ), Ապարանի (Բաշ-Ապարան), Արագածի (Սաադլի), Արարատի (Վեդիբասար), Արմավիրի (Սարդարապատ), Արտաշատի (Գառնիբասար), Բաղրամյանի (Սեիդլի), Գեղարքունիքի (Գյոկչա), Էջմիածնի (Կարբիբասար), Թալինի, Իգդիրի (Սուրմալու), Ծաղկաձորի (Դարաչիչակ), Կողբի (Դարաքանդ), Մասիսի (Զանգիբասար), Շարուրի։ Վարչական միավորի գլուխ կանգնած շահի կողմից նշանակված խանը։ Բոլոր գործերը նա վարում էր ինքնիշխան կերպով, մահալների համար նշանակում էր կառավարիչների՝ «միրբոլուքներ»։ Քաղաքների կառավարիչները կոչվում էին «քալանթարներ», ոստիկանները՝ «ֆարրաշներ», իսկ զինվորները՝ «սարբազներ»։ Խանության գործերը վարելու համար պահվում էին բազմաթիվ պաշտոնյաներ՝ «խազնադար» (ֆինանսական գործերի ղեկավար), «սանդուղդարաղասի» (ծախսարար), «ամբարդար-աղասի» (շտեմարանապետ), «սերաֆյուլ-բեկ» (ռազմական գործերի ղեկավար), «մուհասիլ-բեկ» (հարկահան), «ղալա-բեկ» (բերդերի պետ) և այլն[40]։

Խանությունների այսպիսի բաժանումը հաճախ փոփոխության է ենթարկվել։ Ֆաթհ Ալի շահի իշխանության ժամանակ երկիրը բաժանված էր հինգ խոշոր երկրամասերի և բազմաթիվ փոքր մարզերի, 1847 թվականին՝ մոտ 20 նահանգների, 1886 թվականին՝ 39, 1906 թվականին՝ 18[47]: Իրանի սահմանադրական ընդունումից հետո երկիրը բաժանվեց 12 նահանգ-օսթանների[48]։ Դրանք էին՝

 
Ղաջարի զինվորը 1808 և 1810 թվականներին՝ ֆրանսիական զինումից առաջ

Անմիջական շահին էին ենթարկվում Թեհրանը և նրա շուրջ ընկած տարածքները (Թեհրան, Ալբորզ, Ղազվին, Համադան, Կենտրոնական, Սեմնան)։ Նահանգների ղեկավարները կոչվում էին «օսթանդար», և ամենևին պարտադիր չէ, որ նշանակվեին իշխող վերնախավից։

Հասարակություն

խմբագրել

Իրանի բնակչությունը, հիմնականում երկար դարերով մնալով անփոփոխ, 19-րդ դարի կեսերից կտրուկ աճ է արձանագրում։ Դա կապված էր երկրում տիրող խաղաղության և տնտեսական որոշակի տեղաշարժերի հետ։ Մեծամասնությունը շարունակում են կազմել շիա մուսուլմանները՝ պարսիկները, ազարիները, քրդերը։ Որոշակի թիվ էին կազմում նաև այլադավան և այլալեզու ազգային փոքրամասնությունները, որոնք հիմնականում կենտրոնացած էին խոշոր քաղաքներում, մասամբ նաև՝ գյուղերում։ Այդպիսի խառը բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերը մասնավորապես Սպահանի և Ատրպատականի նահանգներում էին։ Իրանի բնակչությունը՝ հազարներով[4]։

Տարի 1857 1867 1875 1882 1890 1896 1901 1906 1913 1918 1925
Բնակիչ 4000 4400 5000 7654 6727 8124 9920 10290 10810 11290 11780

Ղաջարիների բանակի ֆինանսավորման խնդիրը լուծվել է Զանդերին և Աֆշարիներին թալանելով։ Աղա Մահմադ խանը կազմել էր 60 հազարանոց հեծելազոր, որով արշավել էր Կովկաս։ Նրա եղբորորդին և իրավահաջորդ Ֆաթհ Ալի Շահը, Աֆշարների դեմ մի քանի հաջող արշավանքներից հետո, ռազմական նախարար Միրզա Ասադոլա Խանի և վեզիրի օգնությամբ ստեղծեց նոր ուժեղ բանակ՝ վերջին եվրոպական մոդելների հիման վրա։ Այն ղեկավարում էր թագաժառանգ Աբբաս-Միրզան։ Պարսկական բանակը կարողացել էր հաղթանակ տանել օսմանցիների նկատմամբ թուրք-պարսկական վերջին պատերազմի (1821-1823) ժամանակ։ Այդուհանդերձ, Իրանը չկարողացավ բավականաչափ զորեղ գտնվել՝ հաղթելու բրիտանական և ռուսական բանակներին։ Այդպես նրանք կորցրին ազդեցությունը Միջին Ասիայում և Կովկասում։

Տես նաև

խմբագրել

Նշումներ

խմբագրել
  1. Իրանում «շահնշահ» (Արքայից արքա) տիտղոսը հասնում է մինչև մ.թ.ա. 6-րդ դար, երբ հիմնադրվել էր նախադեպը չունեցող խոշորագույն կայսրությունը՝ Աքեմենյան պետությունը (մ.թ.ա. 6-4-րդ դարեր)։ Դրա կործանումից երկար տասնամյակներ անց թուրքմենական տարածքներում առաջացած պարթևական պետության ղեկավարները նույնպես վերցնում են այդ կոչումը, որը փոխանցվում է Սասանյաններին (226-642)։ Մոտ մեկ հազարամյակ չունենալով սեփական պետությունը՝ իրանցի ղեկավարները, սկսած Սեֆյաններից, դարձյալ վերականգնում են «շահնշահ» տիտղոսը։ Ղաջարիների պարագայում դա ուներ նաև հավելյալ նշանակություն. նրանք կարողացել էին հաղթել երկու շահական դինաստիաներին՝ Զանդերին (նստավայր՝ Շիրազ) և Աֆշարիներին (նստավայր՝ Մաշհադ
  2. Նորակառույց մայրաքաղաք Թեհրանը 18-րդ դարի վերջում ընդամենը խոշոր գյուղ էր։ Իրանի շահը այստեղ է վերաբնակեցնում պարսիկների, ինչպես նաև այլակրոն ու այլալեզու ազգերի՝ հրեաներ, ասորիներ, հայեր և վրացիներ։ Հայերը Թեհրան են բերվել գլխավորապես Թբիլիսիից և Արցախից, ինչպես նաև Նոր Ջուղայից ու Թավրիզից։ Նրանք կառուցում են քաղաքի առաջին՝ սուրբ Գևորգ մատուռը, որը մեկ դար անց եկեղեցի է դառնում։
  3. 19-րդ դարի սկզբին Երևանի խանությունում բնակվում էր 33000 հայ և 64000 մուսուլման՝ քրդեր, թուրքեր և պարսիկներ։ Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո Երևանի և Նախիջևանի խանությունները ևս միացվում են Ռուսաստանին, որոնցից ձևավորվում է Հայկական մարզը։ Այստեղ վերադառնում են բնակվելու 42000 հայեր և 2000 ասորիներ։ Ռուս-թուրքական պատերազմից (1828-1829) հետո ևս 75000 հայեր և 5000 հույներ բնակություն են հաստատում Հայկական մարզում ու Ջավախքում։ Այդուհանդերձ, բուն Երևան քաղաքում և Երևանի նահանգում մուսուլմանները շարունակում են կազմել բնակչության մեկ երրորդից ավելին՝ մինչև 20-րդ դարի սկիզբը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Homa Katouzian, State and Society in Iran: The Eclipse of the Qajars and the Emergence of the Pahlavis, published by I. B. Tauris, 2006. pg 327: "In post-Islamic times, the mother-tongue of Iran's rulers was often Turkic, but Persian was almost invariably the cultural and administrative language."
  2. Homa Katouzian, Iranian history and politics, published by Routledge, 2003. pg 128: "Indeed, since the formation of the Ghaznavids state in the tenth century until the fall of Qajars at the beginning of the twentieth century, most parts of the Iranian cultural regions were ruled by Turkic-speaking dynasties most of the time. At the same time, the official language was Persian, the court literature was in Persian, and most of the chancellors, ministers, and mandarins were Persian speakers of the highest learning and ability."
  3. "Ardabil Becomes a Province: Center-Periphery Relations in Iran", H. E. Chehabi, International Journal of Middle East Studies, Vol. 29, No. 2 (May, 1997), 235; "Azeri Turkish was widely spoken at the two courts in addition to Persian, and Mozaffareddin Shah (r. 1896-1907) spoke Persian with an Azeri Turkish accent."
  4. 4,0 4,1 4,2 POPULATION STATISTICS: historical demography of all countries, their divisions and towns; IRAN historical demographical data of the whole country
  5. Encyclopædia Iranica: Iran II. Iranian History. Islamic Period (651—1979). The Qajar dynasty (1779—1924) Արխիվացված 2012-01-21 Wayback Machine.
    The Qajar were a Turkmen tribe who first settled during the Mongol period in the vicinity of Armenia and were among the seven Qezelbāš tribes that supported the Safavids.
  6. Persia: Webster’s Quotations, Facts and Phrases. Icon Group International, Inc. — ICON Group International, Inc., 2008 — ISBN 0-546-66019-3. «Agha Muhammad Khan (1742 — June 17, 1797) was the chief of a Turkic tribe, the Qajars. He became shah of Persia in 1794 and established the Qajar dynasty».
  7. Edmund Wright. A dictionary of world history. Oxford University Press, 2006. ISBN 0-19-920247-8, 9780199202478. P.526 «Qajar — A Turkic tribe in north-east Iran that produced the Qajar dynasty»
  8. Cyril Glassé, Huston Smith. The new encyclopedia of Islam. Rowman Altamira, 2003. ISBN 0-7591-0190-6, 9780759101906. P.367 «A dynasty in Persia from 1209—1343/ 1794—1924, they were the leaders of a Turkmen tribe»
  9. Michael Axworthy. Iran: Empire of the Mind: A History from Zoroaster to the Present Day, Penguin UK, 6 Nov. 2008. ISBN 0141903414
  10. Britannica: Qajar-dynasty"In 1779, following the death of Moḥammad Karīm Khān Zand, the Zand dynasty ruler of southern Iran, Āghā Moḥammad Khān (reigned 1779-97), a leader of the Turkmen Qājār tribe, set out to reunify Iran."
  11. Dr Parviz Kambin, A History of the Iranian Plateau: Rise and Fall of an Empire, Universe, 2011, p.36, online edition.
  12. 12,0 12,1 William Bayne Fisher. Cambridge History of Iran, Cambridge University Press, 1993, p. 344, ISBN 0-521-20094-6
  13. Timothy C. Dowling. Russia at War: From the Mongol Conquest to Afghanistan, Chechnya, and Beyond, pp 728-730 ABC-CLIO, 2 dec. 2014 ISBN 1598849484
  14. Choueiri, Youssef M., A companion to the history of the Middle East, (Blackwell Ltd., 2005), 231,516.
  15. 15,0 15,1 15,2 Cyrus Ghani. Iran and the Rise of the Reza Shah: From Qajar Collapse to Pahlavi Power, I. B. Tauris, 2000, ISBN 1-86064-629-8, p. 1
  16. Jamie Stokes and Anthony Gorman, Encyclopedia of the Peoples of Africa and the Middle East, 2010, p.707, Online Edition: "The Safavid and Qajar dynasties, rulers in Iran from 1501 to 1722 and from 1795 to 1925 respectively, were Turkic in origin."
  17. 17,0 17,1 Abbas Amanat, The Pivot of the Universe: Nasir Al-Din Shah Qajar and the Iranian Monarchy, 1831–1896, I. B. Tauris, pp 2–3
  18. K. M. Röhrborn, Provinzen und Zentralgewalt Persiens im 16. und 17. Jahrhundert, Berlin, 1966, p. 4
  19. Encyclopedia Iranica. Ganja. Online Edition
  20. Keddie, Nikki R. (1971). "The Iranian Power Structure and Social Change 1800–1969: An Overview". International Journal of Middle East Studies. 2 (1): 3–20 [p. 4]. doi:10.1017/S0020743800000842.
  21. Lapidus, Ira Marvin (2002). A History of Islamic Societies. Cambridge University Press. p. 469. ISBN 978-0-521-77933-3.
  22. Վահան Բայբուրդյան, Իրանի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ Արխիվացված 2019-04-15 Wayback Machine
  23. Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը 18-րդ դարի 30-40-ական թվականներին։ Նադիր շահը և հայերը։ Խամսայի մելիքությունների ստեղծումը
  24. Suny, Ronald Grigor (1994). The Making of the Georgian Nation. Indiana University Press. ISBN 978-0253209153.
  25. Fisher, William Bayne; Avery, P.; Hambly, G. R. G; Melville, C. (1991). The Cambridge History of Iran. 7. Cambridge: Cambridge University Press. ISBN 978-0521200950.
  26. Perry, John (1991). "The Zand dynasty". The Cambridge History of Iran, Vol. 7: From Nadir Shah to the Islamic Republic. Cambridge: Cambridge University Press. pp. 63–104. ISBN 9780521200950.
  27. Ռուզան Տիտանյան, Վարդան Օձնեցին պարսիկների 1795-1797 թվականների՝ Անդրկովկաս կատարած արշավանքի մասին(չաշխատող հղում)
  28. 28,0 28,1 Mikaberidze, Alexander (2011). Conflict and Conquest in the Islamic World: A Historical Encyclopedia. 1. ABC-CLIO. ISBN 978-1598843361.
  29. Donald Rayfield. Edge of Empires: A History of Georgia Reaktion Books, 15 feb. 2013 ISBN 1780230702 p 255
  30. Lang, David Marshall (1962), A Modern History of Georgia, p. 38. London: Weidenfeld and Nicolson.
  31. Ռուզան Տիտանյան,Նորահայտ նյութեր 1793-95 թվականների Շուշիբերդի պաշտպանության մասին(չաշխատող հղում)
  32. Միրզա Յուսուֆ Ներսեսով, Շուշի բերդի հիմնադրման, Մուհամմադ Հասան խան Ղաջարի հարձակման ու ձեռնունայն վերադարձի մասին, Հայաստանի ամերիկյան համալսարան
  33. P.Sykes, A history of Persia, 3rd edition, Barnes and Noble 1969, Vol. 2, p. 293
  34. Malcolm, Sir John (1829), The History of Persia from the Most Early Period to the Present Time, pp. 189-191. London: John Murray.
  35. William Benton (1968). Banquet at Guildhall in the City of London, Tuesday, 15 October 1968, Celebrating the 200th Anniversary of the Encyclopædia Britannica and the 25th Anniversary of the Hon. William Benton as Its Chairman and Publisher. Encyclopædia Britannica. Retrieved 27 July 2013.
  36. Alekseĭ I. Miller. Imperial Rule Central European University Press, 2004 ISBN 9639241989 p 204
  37. Արևմտահայաստանի և Արևմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն, Ռուս-պարսկական 1826-1828 թթ. պատերազմը և Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին
  38. Watson, William E. (2003). Tricolor and Crescent: France and the Islamic World. Greenwood. pp. 13–14. ISBN 0-275-97470-7.
  39. Alexander Mikhailovskii-Danilevskii, Russo-Turkish War of 1806-1812, translated and edited by Alexander Mikaberidze, vol. 1-2. West Chester, OH ։ Nafziger Collection, 2002.
  40. 40,0 40,1 Մկրտիչ Ներսիսյան, Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին Արխիվացված 2020-01-11 Wayback Machine
  41. Mansoori, Firooz (2008). "17". Studies in History, Language and Culture of Azerbaijan (in Persian). Tehran: Hazar-e Kerman. p. 245. ISBN 978-600-90271-1-8.
  42. Bournoutian, George A. (1980). "The Population of Persian Armenia Prior to and Immediately Following its Annexation to the Russian Empire: 1826-1832". The Wilson Center, Kennan Institute for Advanced Russian Studies.
  43. "The Iranian Armed Forces in Politics, Revolution and War: Part One Արխիվացված 2019-05-02 Wayback Machine". Retrieved 23 May 2014.
  44. "DĀR AL-FONŪN". Encyclopaedia Iranica. Retrieved 6 January 2016.
  45. Amanat, Abbas (1997), Pivot of the Universe: Nasir Al-Din Shah Qajar and the Iranian Monarchy, 1831-1896, Comparative studies on Muslim societies, I.B.Tauris, p. 10, ISBN 9781860640971
  46. Atabaki, Touraj (2006). Iran and the First World War: Battleground of the Great Powers. I.B.Tauris. ISBN 978-1860649646.
  47. Willem M. Floor, A Fiscal History of Iran in the Safavid and Qajar Periods, 1500-1925.
  48. Gwillim Law, Statoids website. "Provinces of Iran". Retrieved 30 April 2006.