Գանձակի ինքնապաշտպանություն (1988)
Գանձակի ինքնապաշտպանություն, (նաև՝ Կիրովաբադի ինքնապաշտպանություն), 1988 թ․-ի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 10-ը Գանձակի հայ բնակչության ինքնապաշտպանական զինված գործողություններ ադրբեջանական ջարդարարների դեմ։
Իրադարձությունների ընթացքը
խմբագրելԴեռևս 1905-1907 թթ․–ի և 1918–1920 թթ․-ի հայ-թաթարական ընդհարումներից հետո հայկական հինավուրց Գանձակ քաղաքը բաժանվել էր հայկական և ադրբեջանական թաղամասերի։ 1988 թ․-ին հայաթափված քաղաքում բնակվում էր 230000 ադրբեջանցի և 45000 հայ, որից 13000–ը՝ ադրբեջանական թաղամասում։ 1988 թ․-ի փետրվարի 28-ին երկաթե ձողերով զինված ադրբեջանական ամբոխը հակահայկական կոչերով ներխուժեց քաղաքի հայկական մասը, սակայն, հանդիպելով հայերի դիմադրությանը, նահանջեց։
Պետական մակարդակով մանրազնին նախապատրաստությունից հետո՝ 1988 թ․-ի նոյեմբերի 21-ից Ադրբեջանի բոլոր հայաբնակ շրջաններում, այդ թվում՝ Գանձակում, գործի է դրվում զանգվածային հայաթափման ծրագիրը։ Սկսվում են հայերի էթնիկական զտումները, թալանն ու ջարդերը։ Այդ ընթացքում գրանցվել են բազմաթիվ աղետալի դեպքեր։ Ադրբեջանական ջարդարարները, ներխուժելով Գանձակի տարեցների տուն, պատանդ են վերցնում և դաժանորեն սպանում այնտեղ ապաստանած հայազգի 12 ծերերի, որոնց մասնատված դիակները հայտնաբերվել են 1990 թ․-ի ամռանը՝ Գանձակի մատույցներում։ Սումգայիթյան դեպքերի կրկնությունը Գանձակում բացառելու նպատակով նոյեմբերի 21-ի գիշերը հայերը ստեղծում են «Գանձակ» կոմիտեն՝ որպես ինքնապաշտպանության ղեկավար մարմին։ Կոմիտեի ղեկավար կազմում ընդգրկվում են Տեր Սահակ Սահակյանը, Գրիշա Օգանեզովը, Խ.Սարգսյանը, Ս. Հակոբյանը, Ն. Մինասյանը, Ջյուլետա Վերդյանը, Կ. Խաչատրյանը, Ալ. Բալասանյանը, Վ. Ասրյանը, Մ. Եսայանը, Վ. Բայտալովը և ուրիշներ։ «Գանձակ» կոմիտեն կարճ ժամանակահատվածում հայկական թաղամասերում ստեղծում է պահակակետեր, կազմակերպում ադրբեջանական թաղամասերում և քաղաքի հարակից գյուղերում բնակվող հայերի տարհանումն ու փոխադրումը հայերի վերահսկողության գոտի, վերջիններիս ապահովում առաջին անհրաժեշտության միջոցներով։ Սկսում է բանակցություններ վարել քաղաքային իշխանությունների, ոստիկանության և զինված ուժերի պաշտոնատար անձանց հետ, կազմակերպել շուրջօրյա հանրահավաքներ։
Պլանավորվում և կազմակերպվում են ինքնապաշտպանական շրջաններ, որոնք ղեկավարում էին Ա. Շահնազարյանը, Ջ. Զաքարյանը, Վ. Մաթևոսյանը, Յու. Դաշյանը, Տ. Բայանդուրյանը, Զ. Շահինյանը և ուրիշներ։ Ամենօրյա ընդհարումների ժամանակ հայկական ինքնապաշտպանական ուժերը տվել են 3 զոհ, իսկ ադրբեջանական ջարդարարները՝ 27։ Երկու կողմից վիրավորների թվաքանակը անցնում է մի քանի հարյուրը։
Գանձակի ինքնապաշտպանությունը դադարեցվել է դեկտեմբերի 10-ից՝ խորհրդային զինվորների կողմից հայկական թաղամասը շրջափակելու պատճառով։ 1988 թ․-ի դեկտեմբերի 14-ից մինչև 1989 թ․-ի փետրվար ամիսը «Գանձակ» կոմիտեն գործել է ընդհատակում։ Կիրովաբադի ինքնապաշպանության շնորհիվ Գանձակի հայ բնակչության գերակշիռ մասը փրկվել է ֆիզիկական բնաջնջումից, իսկ հարակից հայկական գյուղերի բնակիչները հնարավորություն են ստացել անվտանգ տեղափոխվել Հայաստան և Արցախ[1][2][3]։