Վիկտորյական դարաշրջան (1837-1901), Բրիտանական կայսրության, Իռլանդիայի և Հնդկաստանի թագուհի Վիկտորյայի կառավարման ժամանակաշրջան[1][2]։ Այս դարաշրջանին նախորդել է Ջորջական ժամանակաշրջանը (1714-1830) և հաջորդել է Էդուարդյան ժամանակաշրջանը (1901-1914), իսկ ավելի հին շրջանը համընկել է մայրցամաքային Եվրոպայի Հիասքանչ դարաշրջանի (ֆր.՝ Belle Époque era) սկզբի հետ։ Երբեմն այս ժամանակաշրջանի սկիզբը համարվում է 1832 թվականի ընտրական բարեփոխումների ակտի ընդունումը։

Անգլիայի պատմություն

Հին դարեր
Նախնադարյան Բրիտանիա
Հռոմեական Բրիտանիա
Միջին դարեր
Միջնադարյան Անգլիա
Անգլոսաքսոնյան շրջան
Բարձրմիջնադարյան շրջան
Անգլիայի նվաճումը նորմանների կողմից
Ուշմիջնադարյան շրջան
Սև մահը Անգլիայում
Թյուդորյան շրջան
Թյուդորներ
Եղիսաբեթյան շրջան
Անգլիական վերածնունդ
Նոր դարեր
Ստյուարտյան շրջան
Ստյուարտներ
Անգլիական բուրժուական հեղափոխություն
Անգլիական հանրապետություն
Պրոտեկտորատ
Վերականգնում
Պանծալի հեղափոխություն
Գեորգյան շրջան
Ռեգենտյան շրջան
Վիկտորյական շրջան
Էդվարդյան շրջան
Առաջին համաշխարհային պատերազմ
Նորագույն դարեր
Միջպատերազմյան շրջան
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Սոցիալական պատմություն (1945–ներկա)
Քաղաքական պատմություն (1945–ներկա)

Անգլիայի պորտալ
Վիկտորյական դարաշրջանի ճարտարապետական գլուխգործոց Վեստմինստերյան նոր պալատ, ճարտարապետներ` Չարլզ Բերրի և Ավգուստուս Պյուջին, նեոգոթիկ ոճ, ավարտին է հասցվել 1870 թվականին, աջ կողմում Բիգ Բենն է (1859)

Վիկտորյական դարաշրջանը կարելի է համարել Անգլիայի պատմության ամենանշանավոր և կարևոր ժամանակաշրջաններից մեկը։ Այս դարաշրջանը հնարավոր չէ պատկերացնել որպես ինչ-որ միատարր շրջան, քանի որ դրան բնորոշ են մարդկային կյանքի բազմաթիվ ոլորտների արագ փոփոխությունները։ Դրանք եղել են ժողովրդագրական տեղաշարժեր, մարդկանց աշխարհընկալման փոփոխություններ, տեխնոլոգիական, հոգևոր, քաղաքական և սոցիալական համակարգերում փոփոխություններ։ Անգլիական պատմաբաններից մեկը նշել է, որ «նման արագ և մշտական փոփոխությունները կյանքի տնտեսական և հոգևոր ոլորտներում» հնարավոր էր «Բրիտանական խաղաղության» (Pax Britannica) պատճառով, որ այդ շրջանում «ո՛չ մեծ պատերազմներ են եղել, ո՛չ էլ արտաքին աղետներից վախեր, ողջ ժամանակահատվածում կրոնական հարցերի շուրջ հետաքրքրություն եղել, և տեղի է ունեցել գիտական մտքի արագ զարգացում և մարդկային անհատների ինքնակարգապահականացում»[2][3]։

Թագուհի Վիկտորիա, որի անվամբ է պայմանավորված դարաշրջանի անվանումը
նկարիչ Ալեքսանդր Բասանո, (1887)

Այս դարաշրջանի տարբերակիչ առանձնահատկությունը միջազգային հարաբերություններում Միացյալ Թագավորության ռազմածովային նավատորմի գերակայությունն էր և դրանից բխող մեծ տերությունների հարաբերական խաղաղությունը (որը սահմանվել է ըստ Վիեննայի վեհաժողովի), որի շնորհիվ էլ այդ ընթացքում լայնածավալ պատերազմներ չեն եղել (բացառությամբ 1853-1856 թվականների Ղրիմի պատերազմը) և երկիրը ինտենսիվորեն զարգացել է, մասնավորապես ենթակառուցվածքների զարգացման, երկաթուղիների շինարարության ոլորտներում։ Այս ժամանակահատվածում տնտեսության բնագավառում շարունակվում էր արդյունաբերական հեղափոխությունը և կապիտալիզմի զարգացումը։

Դարաշրջանի սոցիալական նկարագրին բնորոշ է խիստ բարոյական կոդեքսը (ջենթլմենությունը), որով ամրագրվել են պահպանողական արժեքներն ու դասակարգային տարբերությունները։ Մեծ Բրիտանիայի համար եղել է «նրբազգացության» և ազգային ինքնավստահության բարձրացման ժամանակաշրջան[4]։

Գաղափարական առումով վիկտորյական դարաշրջանը ականատես է եղել ջորջական ժամանակաշրջանին բնորոշ ռացիոնալիզմին դիմակայելուն և կրոնի, սոցիալական արժեքների և արվեստի նկատմամբ ռոմանտիզմի և միստիցիզմի աճող շրջադարձին[5]։

Արտաքին քաղաքականության բնագավառում շարունակվել է Բրիտանիայի գաղութային էքսպանսիան Ասիայում (Մեծ խաղ)[6] և Աֆրիկայում («Պայքարը Աֆրիկայի համար»), որով Բրիտանական կայսրությունը դարձրել է պատմության մեջ ամենախոշոր կայսրությունը[7][8]։

Դարաշրջանի պատմական ակնարկ

խմբագրել
 
Վիկտորյայի և Ալբերտի ամուսնությունը, 1840 թվական

Վիկտորյա թագուհին Անգլիայի և Մեծ Բրիտանիայի գահը ժառանգել էր իր հորեղբոր` անժառանգ Վիլհելմ IV-ի մահից (1837 թվականի հունիսի 20) անմիջապես հետո[9]։ Մելբուրնի լորդի վիգական կաբինետը, որին բախվեց թագուհին իր թագավորելու սկզբում, հենվում էր ստորին պալատի խառը մեծամասնության վրա, որը միայն մասամբ էր բաղկացած հին վիգերից[10]։ Նրա կազմի մեջ, բացի այդ, մտնում էին ծայրահեղականները, որոնք ձգտում էին ընտրական իրավունքը ընդլայնելուն և կարճաժամկետ խորհրդաժողովներ ունենալուն, ինչպես նաև իռլանդական կուսակցությունը, որը ղեկավարում էր Օ՛Կոննելը[11]։ Նախարարության հակառակորդները` հանձին թորի քաղաքական կուսակցության, ժողովրդավարական սկզբունքների ցանկացած հետագա հաղթարշավին հակազդելու ամուր վճռականությամբ էին տոգորված։ Նոր ընտրությունները, որոնք նշանակվել էին միապետի փոխվելու հետևանքով, ուժեղացրել էին պահպանողական կուսակցությանը։ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի մեծ քաղաքները հիմնականում քվեարկել էին ազատական և արմատական խմբակցությունների օգտին, բայց անգլիական կոմսությունների մեծ մասը ընտրել էր նախարարության հակառակորդներին[12]։

 
Կոմս Դարհեմ (1792-1840)

Միաժամանակ, նախորդ տարիների քաղաքականությունը կառավարության համար զգալի դժվարություններ էր ստեղծել։ Մասնավորապես, Կանադայում աճել էր մետրոպոլիաների և տեղական խորհրդարանի միջև հակամարտությունը։ Նախարարությունը թույլտվություն էր ստացել կասեցնել կանադական սահմանադրությունը և 1838 թվականին Կանադայի գլխավոր կառավարիչ նշանակվեց վիգ կոմս Դարհեմը (1792-1840)։ Նա գործուղվեց Կանադա 1837-1838 թվականների ապստամբությունների պատճառները ուսումնասիրելու և իրավիճակի մասին զեկուցելու համար։ Կոմս Դարհեմը ակտիվորեն և հմտորեն էր կառավարում, սակայն, երբ առաջարկեց, որ Կանադան անցնի ինքնակառավարման, նա կորցրեց վարչապետ Մելբուրնի աջակցությունը, ընդդիմությունը նրան մեղադրեց իր պաշտոնական պարտականությունների չարաշահման մեջ, ինչի հետևանքով նա ստիպված էր հրաժարական տալ (1839)[13][14][15]։ Բայց ի վերջո, 10 տարի անց Կանադայի համար հայտարարված քաղաքականությունը, որը հայտնի է որպես Դարհեմի զեկույց[16], գաղութների ինքնորոշման օրինակ դարձավ[17]։

Լոնդոնի հեղինակությունը թույլ էր նաև Իռլանդիայում։ Իռլանդիայի տասանորդի բիլի հաստատմանը նախարարությունը կարող էր հասնել ոչ այլ կերպ, քան յուրացման (ապրոպրիացիայի) պարագրաֆը բացարձակապես վերացնելով։ 1830-1836 թվականներին Իռլանդիայում քաղաքացիական անհնազանդության դրսևորումը պատմության մեջ հայտնի է տասանորդի պատերազմ անվամբ[18][19]։ 1836 թվականին ընդունվեց «Իռլանդական եկեղեցու անջատման ակտ 1836»[20], Հռոմի Կաթոլիկ եկեղեցու սահմանած տասանորդը կրճատվեց, որը մինչ այդ վճարում էին բոլոր հավատացյալներն` անկախ դավանանքից։ Ի վերջո, 1869 թվականին, քանի որ Իռլանդական եկեղեցու աջակիցները բնակչության փոքրամասնությունն էին կազմում, Գլադսթոնի լիբերալ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն 1871 թվականին այն դադարեց պետական կարգավիճակ ունենալ` կորցնելով պետության աջակցությունը և ունեցվածքի մի մասը ի օգուտ պետության և Լորդերի պալատի ներկայացուցչության, որի դիմաց Իռլանդական եկեղեցին Սինոդը ղեկավարելու ինքնավարության իրավունք ստացավ։ Այդպիսով, Իռլանդական եկեղեցին դարձավ այդպիսի կառավարման անցած երկրորդ եկեղեցին` Նոր Զելանդիայի եկեղեցուց հետո[21]։

Չարտիզմ

խմբագրել
 
Չարտիստական խռովություն. Կոռնելիոս Բրաունի «Վիկտորիա թագուհու թագավորության ճշմարիտ պատմություններ» գրքույկի նկարազարդում, 1886[22]

Արմատականները կազմել էին ծայրահեղ խմբակցություն, որը մշակել էր «Ժողովրդական խարտիա». խնդրագիր խորհրդարանին, որտեղ պահանջում էր համընդհանուր ընտրական իրավունքներ, ձայների գաղտնիություն, ամեն տարի վերականգնվող խորհրդարաններ և այլն[23]։ 1838 թվականի աշնանից չարտիստները հավաքների ժամանակ ուժեղ քարոզչություն սկսեցին։ Նրանք ստորագրահավաք կազմակերպեցին խնդրագրի համար և 1839 թվականի փետրվարի 4-ին Լոնդոնում հավաքեցին, այսպես կոչված, ազգային կոնվենտ, գործարանային քաղաքների բանվորական բնակչության շրջանում կողմնակիցներ գտնելու նպատակով։ Ապստամբությունը, որը 1839 թվականի ամռանն էր բռնկվել, ճնշվեց[24]։ Չարթիստների գլխավոր առաջնորդները դատապարտվեցին և աքսորվեցին։ Արդյունքում, չարտիստները հասան աշխատանքային օրվա տևողության նվազեցման[25][26]։

Արտաքին և ներքին քաղաքականություն

խմբագրել

1839 թվականի գարնանն անգլիացիները հաջողություններ ունեցան Աֆղանստանի հետ պատերազմում, ինչն այդ ժամանակից սկսած Անգլիայի համար դարձավ օստ-հնդկական տարածքները պաշտպանելու լավագույն քող, ինչպես նաև` խանդոտ խնամակալության առարկա նրանց համար[27]։

Կառավարության ճգնաժամ

խմբագրել

1839 թվականի մայիսին բռնկվեց նախարարական ճգնաժամ, որի անմիջական առիթ էր հանդիսացել Ճամայկա կղզում տիրող իրավիճակը։ 1834 թվականին նեգրերի ստրկությունը վերացրած մետրոպոլիաների և պլանտատորների շահերի միջև անհամաձայնությունը կղզում սպառնում էր հանգեցնել համանման խզման, ինչպես Կանադայում։ Նախարարությունն առաջարկեց մի քանի տարի դադարեցնել տեղի սահմանադրության գործողությունը։ Դրան ընդդիմացան ինչպես թորիականները, այնպես էլ արմատականները և նախարարության առաջարկին կողմ եղան ընդամենը 5 ձայնի մեծամասնությամբ։ Կառավարությունը հրաժարական տվեց, բայց կրկին գործերին ձեռնամուխ եղավ, երբ Վելինգթոնի և Պիլի նոր կառավարություն կազմելու փորձերն անհաջողություն ունեցան, ի դեպ, այն պատճառով, որ Պիլը պահանջել էր վիգերի ընտանիքներին պատկանող թագուհու պալատական տիկնանց փոխարինել այլ` թորի ճամբարի կանանցով, իսկ թագուհին չէր ցանկացել համաձայնել դրան (անգլիական սահմանադրական պատմության մեջ այս խնդիրը հայտնի է «Ննջարանային ճգնաժամ» անվամբ - անգլ.՝ Bedchamber Crisis )[28]։

1840 թվականի խորհրդարանական նստաշրջանը բացվեց Վիկտորիա թագուհու և արքայազն Ալբերտի կայանալիք ամուսնության հանդիսավոր ազդարարմամբ. պսակադրությունը տեղի ունեցավ 1840 թվականի փետրվարի 10-ին։

Արտաքին քաղաքականության հաջողություններ

խմբագրել

1834 թվականին խոշոր ապստամբություն էր բռնկվել Մեհմեդ Ալիի նշանակած պետական մոնոպոլիաների, մեծ հարկերի դեմ։ Համարելով, որ Մեհհմեդ Ալիի դիրքերը թուլացել են, թուրքական սուլթանը ներխուժեց Սիրիա, բայց պարտություն կրեց Նեզիբի մոտակայքում[29]։

1840 թվականի հուլիսի 15-ին Անգլիայի, Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի ներկայացուցիչները Լոնդոնում պայմանագիր կնքեցին, որի նպատակն էր վերջ դնել Բարձր դռան և եգիպտական փաշայի միջև անհամաձայնությունը. Մեհմեդ Ալին մերժեց կոնֆերանսի որոշումը` ակնկալելով Ֆրանսիայի օգնությունը, իսկ վերջինս վիրավորված էր նման կարևոր խնդրին մասնակցելուց հեռացված լինելու համար, բայց այս հաշվարկը սխալ էր։ Անգլիական էսկադրան` թուրքական և ավստրիական ռազմական ուժերի աջակցությամբ, սեպտեմբերին տեղակայվեց Սիրիայում և 1840 թվականի նոյեմբերին գրավեց Աքքան, այդտեղ վերջ դրեց եգիպտական տիրապետությանը[30]։ Մեհմեդ Ալին ստիպված էր հանձնել իր բոլոր գրաված տարածքները, բացի Սուդանից, որի նահանգապետը դարձավ և, ընդունելով Եգիպտոսի նկատմամբ Օսմանյան կայսրության գերիշխանությունը, կրկին սկսեց հարկ վճարել Բարձր դռանը[31]։

 
Ափիոնային առաջին պատերազմ. բրիտանական նավերը մոտենում են Կանտոնին, 1841 թվականի մայիս

Հյուսիս-Ամերիկյան Նահանգների հետ սահմանների հարցում անհամաձայնությունը հարթվեց 1842 թվականի օգոստոսի 9-ի կոնվենցիայով։ Ֆրանսիայի հետ լարված հարաբերությունները, որոնք պայմանավորված էին 1840 թվականի պայմանագրով, դեռևս շարունակվում էին. դրա վկայությունը եղավ, երբ Ֆրանսիայի կառավարությունը մերժեց ստորագրել մեծ տերությունների կնքած անազատների առևտրի ոչնչացման և կասկածելի նավերի խուզարկության մասին իրավունքի կոնվենցիան (ֆր.՝ droit de visite

Չինաստանի հետ ափիոնային առևտրի մասին նախկին անհամաձայնությունները դեռևս 1840 թվականին հանգեցրել էին առերես պատերազմի։ 1842 թվականին այդ պատերազմն անգլիացիների համար բարենպաստ շրջադարձ ունեցավ։ Նրանք Յանսենկյանգուով հասել էին մինչև Նանկին` չինացիներին ստիպելով խաղաղություն կնքել։ Չինացիներն անգլիացիներին զիջեցին Հոնկոնգ կղզին, առևտրային հարաբերությունների համար բացվեցին 4 նոր նավահանգիստներ (Սյամին, Ֆուչժոու, Նինբո, Շանհայ

1839 թվականին Աֆղանստանում ունեցած արագ հաջողությունները անգլիացիներին շլացրել էին. նրանք իրենց համարում էին երկրի տերը և հանկարծակիի եկան 1841 թվականի նոյեմբերին անսպասելիորեն բռնկված աֆղանական ապստամբությամբ։ Վստահելով նենգ թշնամուն, անգլիացիներն ազատորեն դուրս եկան երկրից, բայց դեպի Հնդկաստան հակառակ արշավի ժամանակ սարսափելի կորուստներ կրեցին կլիմայից, զրկանքներից և բնակիչների մոլեռանդությունից։ Փոխարքա լորդ Էլենբորոն որոշեց վրեժխնդիր լինել աֆղանցիներին և 1842 թվականի ամռանը նրանց դեմ նոր զորքեր ուղարկեց։ Աֆղանցիներին կոտորեցին, նրանց քաղաքները ավերեցին, ողջ մնացած անգլիացի գերիներին ազատագրեցին։ Արշավի ավերիչ բնույթը կտրուկ պարսավանքի արժանացավ Համայնքների պալատի ընդդիմության կողմից։ 1843 թվականը անհանգիստ տարի էր։

Բարեփոխումներ

խմբագրել

Արտաքին քաղաքականության հաջողություններն ամենևին էլ չամրապնդեցին նախարարության դրությունը։ Դա արտահայտվեց խորհրդարանական նստաշրջանի բացման ժամանակ, որը տեղի ունեցավ 1841 թվականի հունվարին։ Կառավարությունը կրում էր պարտություն պարտության հետևից։

Հացի օրենքներ

խմբագրել
 
Ռոբերտ Պիլ[32]

Դեռևս 1838 թվականին Մանչեսթերում Ռիչարդ Կոբդենի առաջնորդությամբ առաջացել էր այսպես կոչված հացի օրենքների դեմ լիգա, որն իր առջև խնդիր էր դրել վերացնել գոյություն ունեցող հովանավորչական համակարգը և, գլխավորապես, ներմուծվող հացի տուրքերը։ Ազնվականությունը և հողատերերը զայրացած էին, քանի որ հսկայական օգուտներ էին ստանում բարձր սակագներից։ Լիգան պահանջում էր պարենային բոլոր ապրանքների ազատ ներմուծում` որպես ընկած պետական եկամուտները բարձրացնելու միակ միջոց, աշխատավոր դասի դրությունը բարելավելու և այլ պետությունների հետ մրցակցությունը թեթևացնելու միջոց։ Մասամբ ֆինանսական դժվարությունների ճնշման ազդեցությամբ, մասամբ էլ հացի տուրքի հակառակորդներից աջակցություն գտնելու հույսով նախարարությունը ազդարարեց հացի օրենքների վերանայման իր մտադրության մասին։ Դրան հաջորդող շաքարի տուրքերի մասին խնդրից հետո կառավարությունը տապալվեց ձայների մեծամասնությամբ` 317-ը ընդդեմ 281-ի։ Նախարարությունը լուծարեց խորհրդարանը (1841 հունիսի 23)։

 
Արթուր Ուելսլի` Վելինգթոնի 1-ին դուքս
 
Վիկոնտ Մելբուրն

Պիլի ղեկավարությամբ գերազանց կազմակերպած Պահպանողական կուսակցությունը հաղթանակեց, և երբ նոր խորհրդարանում նախարարական նախագիծը ուժեղ մեծամասնությամբ մերժվեց, նախարարները հրաժարական ներկայացրեցին։ 1841 թվականի սեպտեմբերի 1-ին ձևավորվեց նոր կաբինետ[10]։ Այն գլխավորում էր Պիլը, իսկ գլխավոր անդամներն էին Վելինգթոն և Բուքինգամ դուքսերը, Լինդհերստ, Սթենլի, Աբերդին լորդերը և սըր Ջեյմս Գրեգանը։ Ինչպես նախկինում՝ կաթոլիկների էմանսիպացիայի հարցում (1829)[33][34], որը ցույց էր տվել ժամանակաշրջանի պահանջների որոշակի նրբանկատությունը, Պիլը 1842 թվականի փետրվարին երկրի խորհրդարանի ստորին պալատում հանդես եկավ ներմուծվող հացի տուրքը (35 շիլինգից 20) նվազեցնելու և աստիճանաբար իջեցվող սակագնային նորմերի սկզբունք ընդունելու առաջարկներով։ Ազատ առևտրի և պրոտեկցիոնիզմի անվերապահ կողմնակիցների բոլոր այլընտրանքային առաջարկները մերժվեցին, և Պիլի առաջարկն ընդունվեց, ինչպես և այլ ֆինանսական միջոցառումները, որոնք ուղղվելու էին դեֆիցիտի մարմանը (եկամտային հարկի ներմուծում, անուղղակի հարկերի նվազեցում և այլն)։ Այդ ժամանակ կրկին իրենց մասին հիշել տվեցին չարտիստները, երբ խորհրդարան ներկայացրեցին մեծ թվով ստորագրություններով խնդրագիրը, որտեղ ներկայացված էին իրենց պահանջները։ Նրանք հզոր հենարան էին գտել ի դեմս գործարանային աշխատավորության, որոնց դժգոհությունն ավելացել էր առևտրի ճգնաժամով, արդյունաբերական արտադրության մարմամբ և կենսականորեն անհրաժեշտ ապրանքների բարձր գներով[25]։

Անգլիկան եկեղեցու կաթոլիկ ուղղվածության հոգևորականների որոշ մասն (տես` պյուզեիզմ) ավելի ու ավելի ավելանում էր։ Շոտլանդիայում պետական եկեղեցու և նոնիտրուզիոնիստների Պրեսբիտերականական ուղղության միջև խզումն աճում էր։ Գլխավոր դժվարություններ էին սպասվում Իռլանդիայի կառավարությանը։ Տորի նախարարությունում պաշտոն ստանձնելու հետ միասին Դանիել Օ'Կոննելն (Daniel O'Connell) անմիջապես վերսկսեց իր քարոզչությունը Իռլանդիայի և Անգլիայի միջև ունիան չեղարկելու (անգլ.՝ Repeal) օգտին։ Նա 100 000 մարդուց կազմված հավաքներ էր անցկացնում. սպասելի էր, որ զինված բախումներ կլինեին։ Օ'Կոննելի և նրա կողմնակիցներից շատերի դեմ քրեական հետապնդում հարուցեցին։ Դատական նիստը մի քանի անգամ հետաձգվելուց հետո, ի վերջո, ագիտատորը մեղավոր ճանաչվեց։ Լորդերի պալատը կասեցրեց դատավճիռը օրենքի ձևական խախտումների հետևանքով, իսկ կառավարությունը հրաժարվեց հետագա հետապնդումներից, բայց քարոզչությունն այլևս կոտրվեց իր նախկին թափը։

1844 թվականի առաջին նստաշրջանին կրկին առաջին պլան մղվեց հացի օրենքների մասին հարցը։ Հացի տուրքի ամբողջական վերացման մասին Կոբդենի առաջարկը մերժվեց խորհրդարանի ստորին պալատի մեծամասնության կողմից. 234 ձայն ընդդեմ 133։ Բայց արդեն ֆաբրիկայի օրինագծի քննարկման ժամանակ, երբ հայտնի բարերար լորդ Էշլիին (հետագայում կոմս Շաֆտսբերի - Anthony Ashley-Cooper, 7th Earl of Shaftesbury) հաջողվել էր անցկացնել աշխատանքային օրը մինչև 10 ժամ կրճատելու առաջարկը[35], պարզ դարձավ, որ կառավարությունն այլևս չունի նախկին ամուր մեծամասնությունը։

1844 թվականի Բանկային ակտ

խմբագրել
 
1844 թվականի Բանկային ակտի տպագրված օրինակի առաջին էջը

1844 թվականին ֆինանսական հիմնական միջոցառումը Պիլի բանկային օրինագիծն էր, որն անգլիական բանկը նորովի կազմակերպեց[36]։

1844 թվականին կարևոր փոփոխություն տեղի ունեցավ նախկին Բրիտանական արևելահնդկական ընկերության Արևելահնդկական վարչակազմում։ 1843 թվականի դեկտեմբերին լորդ Էլլենբորոն հաղթական արշավանք էր ձեռնարկել ՝ ընդդեմ Հյուսիսային Հինդուստանի Գվալիոր շրջանի (ավելի վաղ` 1843 թվականին նվաճվել էր Սինդհը)։ Բայց անկարգությունների և քաղաքացիական կառավարման կաշառակերության նկատմամբ փոխարքայի հենց այդ ռազմատենչ քաղաքականությունն էլ հանգեցրեց Օստ-արևելյան հնդկաստանի ընկերության տնօրինության միջամտությանը։ Օգտվելով օրենքով սահմանված իր իրավունքից` նա լորդ Էլլենբորին փոխարինեց` նրա փոխարեն նշանակելով լորդ Հարդինգին։ 1845 թվականին ավարտվեց նախկին կուռ կուսակցությունների ներքին փլուզումը։

Նստաշրջանին Պիլի բոլոր կատարածը ձեռք էր բերվել իր նախկին քաղաքական հակառակորդների օգնությամբ։ Նա առաջարկեց ավելացնել Մայնուտում կաթոլիկ սեմինարիան պահելու համար նախատեսված միջոցները, որը, լինելով այս տեսակի միակ պետական հաստատությունը Իռլանդիայում, անգլիկան եկեղեցու դպրոցների շքեղ իրավիճակի ցավալի հակապատկերն էր։ Այս առաջարկը ուժեղագույն դիմադրության հանդիպեց նախարարական աթոռների շրջանում` ընդհանուր գծերով ցույց տալով հին թորիական և անգլիկան հավատի ամբողջ անբարյացակամությունը։ Երբ ապրիլի 18-ին օրինագիծը անցավ երկրորդ ընթերցման, նախկին նախարարական մեծամասնությունն արդեն գոյություն չուներ։ Պիլը ձեռք բերեց 163 վիգերի և ռադիկալների աջակցությունը։ Եկեղեցական քարոզչությունը նոր սնունդ ստացավ, երբ նախարարները հանդես եկան կաթոլիկներին երեք բարձրագույն աշխարհիկ կոլեգիա սահմանելու առաջարկությամբ` կրոնական ուսուցման գործընթացում առանց պետության կամ եկեղեցու միջամտության իրավունքի։

Այս միջոցառումների հետևանքով Գլադսթոնը` այն ժամանակ դեռ խստաբարո հոգևորական, հրաժարվեց նախարարական կաբինետից։ Երբ օրենքը մտավ խորհրդարան, անգլիկան բարձր հոգևորականությունը, կաթոլիկության ֆանատիկոսները և Օ'Կոննելը հավասարապես բռնկվեցին անեծքներով` ընդդեմ անաստված նախագծի։ Այնուամենայնիվ, օրինագիծն ընդունվեց հսկայական մեծամասնությամբ։ Կուսակցության այս փոփոխված իրավիճակն ավելի կտրուկ արտահայտվեց տնտեսական հարցերում։ Վերջին ֆինանսական տարվա արդյունքները բարենպաստ էին և ցույց տվեցին եկամտային հարկի զգալի աճ։ Պիլը միջնորդեց, որ այդ հարկը շարունակվի ևս երեք տարի, ենթադրելով, որ դրա հետ մեկտեղ, հնարավոր կլինի մաքսային վճարներն ավելի նվազեցնել և ներկրման տուրքերն ամբողջովին վերացնել։ Նրա առաջարկները թորի և սեփականատերերի դժգոհությունն առաջացրեցին, բայց թեժ աջակցության արժանացան նախկին ընդդիմության կողմից և ինչի օգնությամբ էլ ընդունվեցին։

1845-1849 թվականների սով

խմբագրել

Այդ ընթացքում Իռլանդիայում սարսափելի սով սկսվեց, որն առաջացել էր 1845 թվականին կարտոֆիլի բերքի ֆիտոֆտորազով վարակվելու պատճառով, ինչը ամենաաղքատ դասերի բնակչության գրեթե միակ սնունդն էր և կազմում էր ցանքատարածքների ¹/³-ը։ Հաջորդ տարի ավելի սաստկացավ ժողովրդի վիճակը վարակված պալարների պատճառով։ Բացի այդ 1846-1847 թվականների ձմեռը խստաշունչ էր։ Մարդիկ մահանում էին և տասնյակ հազարավորները փրկության ճանապարհը համարում էին արտագաղթելը։ Դրա հետևանով հացի օրենքների դեմ քարոզարշավը հասել էր ծայրաստիճան լարվածության[37]։ Հին վիգերի առաջնորդները բացահայտ և անդառնալիորեն միացան շարժմանը, որը մինչ այդ Կոբդենի և նրա կուսակցության ձեռքերում էր։ Դեկտեմբերի 10-ին նախարարությունը հրաժարական տվեց, բայց լորդ Ջոն Ռոսելը, որին հանձնարարվել էր նոր կառավարություն կազմել, Պիլից ոչ պակաս դժվարությունների հանդիպեց և իր լիազորությունները վերադարձրեց թագուհուն։

Պիլը ձևավորեց նախարարական կաբինետ, որի մեջ կրկին մտավ Գլադսթոնը։ Դրանից հետո Պիլն առաջարկեց հացի օրենքներն աստիճանաբար չեղարկել։ Հին տորիների կոսակցության մի մասը հետևեց ազատ առևտրի կողմնակից Պիլին ճամբարին, բայց թորիների հիմնական զանգվածը հուժկու քարոզչություն բարձրացրեց իր նախկին առաջնորդի դեմ։ 1846 թվականի մարտի 28-ին հացի օրինագծի երկրորդ ընթերցումն ընդունվեց ձայների մեծամասնությամբ` 88 ձայն։ Բոլոր փոփոխությունները, որոնք առաջարկվել էին մասամբ պրոտեկցիոնիստների (լորդ Սթենլիի ղեկավարությամբ), մասամբ էլ բոլոր հացի տուրքերի անհապաղ չեղյալ հայտարարելուն հակվածների կողմից, մերժվեցին։ Օրինագիծն անցավ նաև վերին պալատում` շնորհիվ Վելինգթոնի ազդեցության։

Այնուամենայնիվ, չնայած այս հաջողությանը և հսկայական ժողովրդականությանը, որը ձեռք էր բերել Պիլն իր մեծ տնտեսական բարեփոխումներն անցկացնելու շնորհիվ, նրա անձնական դիրքը գնալով ավելի ու ավելի բարդանում էր։ Պրոտեկցիոնիստների թունավոր հարձակումների դեմ պայքարում, հատկապես Դիզրայելիի, որը Բենտինկներ ազնվական տան հետ միասին իր վրա էր վերցրել հին թորիների ղեկավարությունը, Պիլը, բնականաբար, չէր կարող պաշտպանություն ակնկալել իրենց վաղեմի ընդդիմախոսներից։ Նրա վերջնական անկման համար առիթ հանդիսացավ Իռլանդիայի նկատմամբ արտակարգ միջոցների կիրառման մասին հարցը, որը բացասական լուծում ստացավ վիգերի կոալիցիայի, ծայրահեղականների և իռլանդական պատգամավորների կողմից։ Թորիական նախարարության հեռացման պահին արտաքին գործերը գտնվում էին բավականին բարվոք վիճակում։ Ֆրանսիայի հետ նախկին լարված հարաբերությունները քիչ-քիչ զիջեցին բարեկամական մերձեցմանը։ Հյուսիսային Ամերիկայի հետ տարաձայնություններ կային  Օրեգոն մարզի նկատմամբ փոխադարձ հավակնությունների հետևանքով, բայց նրանք խաղաղ լուծում ստացան։

1846 թվական

խմբագրել

1846 թվականի հունիսին սիկհերն ասպատակեցին Հնդկաստանում բրիտանական տարածքների վրա, բայց ջախջախվեցին[38]։

1846 թվականի հուլիսի 3-ին գոյացավ վիգերի նոր նախարարություն` լորդ Ջոն Ռոսսելի գլխավորությամբ։ Կաբինետի առավել ազդեցիկ անդամը արտգործնախարար լորդ Պալմերսթոնն էր։ Նախարարությունը կարող էր մեծամասնություն ակնկալել միայն Պիլի աջակցության պայմանով։ 1847 թվականի հունվարին բացված խորհրդարանը հավանություն տվեց Իռլանդիայի աղետներին օգնելու նպատակով ձեռնարկած մի շարք միջոցներին։ Մոտավորապես այդ ժամանակ էր, որ Հռոմ ուղևորվելու ճանապարհին մահացավ է Օ'Կոննելը, և հանձին որի Իռլանդիայի ազգային կուսակցությունը կորցրեց իր գլխավոր հենարանը։

Իսպանական ամուսնությունների հարցի պատճառով լոնդոնյան և փարիզյան կաբինետների միջև հարաբերությունները սառել էին[39]։ Օգտվելով դրանից, արևելյան տերությունները որոշեցին Կրակովը միացնել Ավստրիային, անուշադրության մատնելով անգլիական արտաքին գործերի նախարարի ուշացած բողոքները։

1847 ընտրություններ

խմբագրել

1847 թվականի ընդհանուր ընտրություններում պրոտեկցիոնիստները մնացին փոքրամասնության մեջ, պիլականները կազմեցին ազդեցիկ միջին կուսակցությունը, վիգերը, լիբերալները և արմատականները միանալով կազմեցին մեծամասնություն 30 ձայնով[10]։ Չարթիստները իրենց ներկայացուցիչ գտան հանձին տաղանդավոր իրավաբան Օ'Կոննորի։ Երկրի ներսում գործերի իրավիճակը ուրախալի չէր։ Իռլանդիայի հանցագործության բազմապատկումը հատուկ ռեպրեսիվ օրենք էր պահանջում։ Անգլիական գործարանային շրջաններում կարիքը և գործազրկությունը նույնպես հասել էր ահագնացող չափերի։ Սնանկացումներն իրար էին հաջորդում։ Պետական եկամուտների պակասը` գործերի ընդհանուր լճացման և ծախսերի կրճատման անհնարինության հետևանքով, նախարարությանը ստիպել էր եկամտահարկը ևս 2 տոկոսով բարձրացնելու մասին օրենք առաջադրել։ Բայց այդ հեղինակություն չվայելող հարկի բարձրացումն այնպիսի փոթորիկ էր առաջացրել խորհրդարանում և դրանից դուրս, որ 1848 թվականի փետրվարի վերջում առաջարկած միջոցը հետ վերցվեց։

Հեղափոխություն Եվրոպայում

խմբագրել

Այդ ժամանակ բռնկվեց 1848-1849 թվականների փետրվարյան հեղափոխությունը։ Նյութական կարիքներից ելնելով սպասելի էր, որ ամբողջ մայրցամաքը ցնցած հեղափոխությունն առանց հապաղելու կհասներ նաև Իռլանդիա։ Անվտանգ չէր, ըստ երևույթին, նաև վիճակը բուն Անգլիայում։

Մարտի առաջին օրերին Գլազգոյում, Մանչեսթերում և այլ քաղաքներում անկարգություններ էին սկսվել, որոնք արագորեն կասեցվեցին։ Միևնույն ժամանակ սկսվեց չարթիստների շարժումը, իսկ Իռլանդիայում գլուխ բարձրացրեց ուժեղ քարոզչությունը հօգուտ Անգլիայից անհապաղ բաժանվելու։ Լոնդոնում, Բիրմինգհեմում, Շեֆիլդում և այլ վայրերում չարթիստները բազմամարդ հավաքներ էին կազմակերպում։ Նրանք չէին թաքցնում իրենց հանրապետական միտումները և հարաբերություններ հաստատեցին իռլանդական ագիտատորների հետ։ Ապրիլի 10-ին Չարթիստների խնդրագիրը` հսկայական ամբոխի ուղեկցությամբ, խորհրդարան մտավ։ Գահի և կառավարության պահպանության մասին նոր օրենքը նախարարներին հնարավորություն էր տալիս վճռական քայլերի դիմել ընդդեմ իռլանդական շարժման։ Դուբլինում հայտարարվել էր պաշարման դրություն. երկու պալատներն էլ գրեթե միաձայն ընդունեցին Իռլանդիայում հաբեաս կորպուս (Habeas Corpus) օրենքի դադարեցման մասին նախարարության առաջարկը։ Երբ Սմիթ Օ ՛Բրիենը բացահայտ ապստամբության փորձ արեց, որը զինված բախման վերաճեց, գործը շահեց կառավարությունը։ Գլխավոր առաջնորդները դատապարտվեցին մահապատժի, որը փոխարինվեց աքսորով։ Դրա հետ միաժամանակ հարթվեց նաև չարթիստական շարժումը։

Բարեփոխումներ

խմբագրել

Այդ ընթացքում շարունակվում էին բարեփոխումներ կատարվել։ Կառավարության առաջարկով չեղարկվեցին այն բոլոր որոշումները, ըստ որոնց ասիական, աֆրիկյան և ամերիկյան ապրանքների ներմուծումը եվրոպական նավահանգիստներից Անգլիա միայն անգլիական նավերին էր թույլատրվում։

Ռոտշիլդի՝ համայնքների պալատի անդամ ընտրվելու կապակցությամբ նախարարությունը բիլլի մեջ փոփոխություն մտցրեց, որով հրեաներին թույլատրվեց խորհրդարան մտնել։ Ստորին պալատն այն ընդունեց, սակայն վերինը մերժեց։ Հանդիպելով թորիների համառությանը նախարարությունը քիչ էր բավարարում նաև ռադիկալներին, որոնք Կոբդենի առաջնորդությամբ կազմել էին բարեփոխիչ միությունը, որով ավելի ու ավելի տարանջատվում էին վիգերից։ Այդ տարանջատումը սկսեց ավելի կտրուկ դառնալ այն բանից հետո, երբ Ռոսելը ստորին պալատում դեմ արտահայտվեց Յումի առաջարկին, որը պահանջում էր ընտրական իրավունքի ընդլայնում, գաղտնի քվեարկութուն, եռամյա խորհրդարաններ և պատգամավորական տեղերի նոր բաշխում։ Այդ բոլոր պահանջները մերժվեցին։

Անգլիայի վերաբերմունքը Ֆրանսիային փետրվարյան հեղաշրջման ժամանակներից հետո շատ ավելի բարեկամական բնույթ էր կրում, քան Լյուդովիկոս Ֆիլիպի կառավարման վերջին տարիներին։ Պալմերսթոնը ցավակցում էր Իտալական շարժմանը և Միլանի ավստրիացիների ելույթից հետո բացահայտ ընդունեց Սարդինիայի կողմը։

Գերմանիայի նկատամաբ և Շլեզվիգ Հոլշտայնի հարցում կառավարությունը սպասողական դիրք էր գրավել։

Մեծ դժվարություններով նա պետք է պայքարեր գաղթօջախներում, հատկապես Կանադայում, որտեղ 1849 թվականի ապրիլին բացահայտ խռովություն բռնկվեց։

Արևելյան Հնդկաստանում անգլիացիները մի շարք անհաջողություններ կրեցին, որոնք հարթվեցին Գուջարաթում սիկհերի վերջնական պարտությամբ։

1850 թվականը սկսվեց ավելի բարենպաստ պայմաններով։ Իռլանդիայում վերականգնվեց Հաբես կարպուսը (Habeas corpus), ազատ առևտրի շնորհիվ եկամուտներն ավելացան 2 մլն ֆունտով, այն դեպքում, երբ աղքատների հարկերը նվազել էին 400 000 ֆունտով նախորդ տարվա համեմատ։

Պաչիֆիկոյին փոխհատուցելու պահանջ

խմբագրել

Ռուսաստանի և Ավստրիայի միջև տարաձայնության հարցում, մի կողմից, նաև Թուրքիայի, մյուս կողմից, հունգարական փախստականների գործով պայմանավորված, Անգլիան ընդունեց Բարձր դռան կողմը։ 1850 թվականի հունվարին անգլիական էսկադրան Աթենքից անսպասելիորեն պահանջեց վճարել հին հաշիվները, որոնցից առաջին պլանում էր անգլիական հպատակ պորտուգալացի հրեա Պաչիֆիկոյի վարձատրությունը, ժողովրդական անկարգությունների ժամանակ նրա տունը վնասելու համար։ Ի պատասխան հունական կառավարության մերժման բոլոր հունական նավահանգիստները շրջափակվեցին։ Հունաստանը կարող է միայն բողոքել ուժի միջոցով նման չարաշահումների համար։ Այլ պետությունների բանագնացներն ավելի կամ պակաս ուժգնությամբ արտահայտում էին իրենց պարսավանքը Անգլիայի գործելաոճի վերաբերյալ։ Մեկ ամիս անց շրջափակումը հանվեց։ Հետևանքը եղավ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ հարաբերությունների սառելը։ Լորդ Սթենլին վերին պալատին առաջարկեց արտահայտվել Հունաստանում կառավարության գործելաոճի պարսավանքով։

Այդ առաջարկն ընդունվեց, բայց ստորին պալատը Ռոբուկի առաջարկությամբ իր պաշտոնական հավանությունն արտահայտեց պալմերսթոնյան քաղաքականության մասին։ Այնուամենայնիվ, վերին պալատի քվեարկությունը անհետևանք չմնաց։ Պալմերսթոնը հասկացավ, որ անհրաժեշտ է դուրս գալ մեկուսացված դրությունից, որում հայտնվել էր Անգլիան իր պատճառով, և ավելի նախանձախնդրորեն փորձեց մերձենալ մեծ տերությունների հետ շլեզվիգ-հոլշտայնյան հարցի կապակցությամբ, որը լիազորվեց 1850 թվականի հուլիսի 4-ի և օգոստոսի 12-ին  լոնդոնյան արձանագրություններով։

Մեծ հարված էր նախարարության համար Ռոբերտ Պիլի հանկարծակի մահը։ Այդ իսկ ժամանակ Լոնդոն եկած ավստրիական գեներալ Հայնաուն անձնական վիրավորանք ստացավ Բարկլայի գարեջրի գործարանի աշխատողների կողմից, և քանի որ Պալմերսթոնը չէր շտապում մեղմել լարվածությունը, ապա դա ավելի սրեց Ավստրիայի հետ փոխադարձ հարաբերությունները, որի Գերմանիայում վարած քաղաքականությունը, հատկապես բոլոր ավստրիական հողերը Գերմանական միության մեջ ընդգրկելու ձգտումը, վճռական հակադրություն էր առաջացրել Անգլիայում։

 
1851 թվականի Առաջին համաշխարհային արդյունաբերկան ցուցահանդեսի համար կառուցված Բյուրեղապակյա պալատ

Ժամանակավորապես քաղաքականությունը հետին պլան մղվեց, շնորհիվ առաջին համաշխարհային ցուցահանդեսի, որը բացվել էր Լոնդոնում 1851 թվականի մայիսի 1-ին։ Նախարարության թուլացման նոր աղբյուր եղավ լորդ Պալմերսթոնի գործելաոճը։ Ճիշտ է, նա հասավ նրան, որ Թուրքիայում փակված հունգարական փախստականները, այդ թվում Կոշութը, ազատ արձակվեցին, բայց փոխարենը պայքարի ելքը (Պաչիֆիկոյի համար) նրա համար ծանր պարտություն էր։ Այդ հարցով ընտրված միջնորդական հանձնաժողովը ընդունեց, որ Պաչիֆիկոն իրավունք ունի ստանալ 150 ֆունտից ոչ ավելի փոխհատուցում, և այս գումարի համար նախարարը քիչ էր մնում եվրոպական պատերազմ առաջացրեր։

Այնուհետև տեղի ունեցավ դիվանագիտական խզում Նեապոլի հետ, որի պատճառը մայրցամաքում Մեծ Բրիտանիայի դեսպաններին ուղարկած Գլադսթոնի նամակներն էին նեապոլիտանական կառավարության դաժանությունների մասին։

Կրոնական բարեփոխումներ

խմբագրել

Մեծ դժվարություններ էր պատրաստել վիգերի նախարարությանը Հռոմեական կուրիան։ Պապի սեպտեմբերի 30-ի որոշմամբ անմիջապես նշանակվեցին իննը կաթոլիկ եպիսկոպոսներ Մեծ Բրիտանիայի համար։ Կարդինալ Վիզեմանը ստացավ Վեսմինստերի արքեպիսկոպոս տիտղոսը. Դա վերականգնեց անգլիական հոգևորականության և ժողովրդի արմատավորված ատելությունն ու զզվանքը Հռոմի նկատմամբ։ Կրկին հնչեց հնագույն բացականչությունը` «No Poper»։ 1851 թվականի սկզբին Ռոսելը մտցրեց հոգևոր տիտղոսների բիլլը, որն արգելում էր եպիսկոպոսաց տիտղոս ընդունել բոլոր այն հոգևոր անձանց, ովքեր չէին պատկանում պետական եկեղեցուն, և անվավեր հայտարարեց բոլոր այն նվիրատվությունները, որոնք կատարվել էին հօգուտ նման անձանց։ Լիբերալներին և նույնիսկ որոշ պիլականների այս օրինագիծը չափազանց դաժան թվաց, իսկ խանդոտ բողոքականների աչքերում այն դեռ չափազանց համեստ էր։

Նախարարական ճգնաժամի խորացում

խմբագրել

Մինչդեռ, ստորին պալատը, հակառակ նախարարության բողոքին, ընդունեց Լոկ-Քինգի առաջարկը. անգլիական և վալիական կոմսություններին քաղաքների հետ նույն ընտրական իրավունքները տրամադրել։ Սկսվեց նախարարական ճգնաժամը, որն ավարտվեց նախկին կաբինետի վերականգնմամբ, քանի որ լորդ Սթենլիին, որը պրոտեկցիոնիստների առաջնորդն էր, չհաջողվեց ձևավորել ամուր կառավարություն և ներգրավել այնպիսի մարդկանց, ինչպիսին Գլադսթոնն էր։

Պետական հեղաշրջումը, որը տեղի ունեցավ Ֆրանսիայում դեկտեմբերի 2-ին, ուրախությամբ ողջունեց Պալմերսթոնը, առանց նախարարության և թագի իմացության։ Ռոսելը օգտվեց դրանից, որպեսզի ազատվի անհարմար ընկերոջից։ Պալմերսթոնը նրան վճարեց փոփոխություն մտցնելով կառավարական առաջարկություններից մեկի մեջ, որի ընդունումը հանգեցրեց նախարարության հրաժարականին։ Այս անգամ լորդ Սթենլիին (որը հոր մահից հետո ստացել էր Դերբիի կոմս տիտղոսը) հաջողվեց նախարարություն կազմել (1852 թվականի փետրվարին)։ Նոր կաբինետում, որը խիստ թորիական ուղղվածություն ուներ, նա անձամբ զբաղեցրեց գանձապետարանի առաջին լորդի տեղը, Դիզրայելին ստացավ ֆինանսների նախարարի պորտֆելը, իսկ արտաքին գործերի նախարարությունն անցավ կոմս Մալտբերիին։

Նախարարության հովանավորչական համակրանքը հանգեցրեց ազատ առևտի գոտու քարոզչության վերսկսմանը։ Կոբդենի լիգան կրկին սկսել էր իր գործունեությունը. ամբողջ երկրում հանրահավաքներ էին անցնում և նախապատրաստվում էին նոր ընտրություններին։ Կառավարությունը ստորին պալատում անհամեմատ փոքրամասնություն էր կազմում և իր գոյության համար պարտական էր լիբերալ կուսակցությունների միջև առկա անհամաձայնություններին։ Նկատի առնելով այս ամենը Դիզրայելին խոսեց իր նախորդների մաքսային քաղաքականության շարունակության օգտին։ 

Բիրմայի հետ պատերազմն ավարտվեց Պեգու նահանգը գրավելով։

Հուլիսին հաջորդեց վաղուց սպասելի խորհրդարանի ցրումը, և անմիջապես նոր ընտրություններ նշանակվեցին։ Նախարարությունը ձեռք բերեց մի քանի լրացուցիչ ձայներ, բայց ոչ այնքան շատ, որպեսզի խորհրդարանում մեծամասնություն կազմեր։ Զգալի կորուստ էր նաև Վելինգսթոնի մահը (սեպտեմբերի 14), որը խաղարար ազդեցություն ուներ կուսակցությունների վրա։ Դիզրայելիի ֆինանսական առաջարկները մերժվեցին մեծամասնության 19 ձայն ով, և տորիների նախարարությունը ստիպված էր հրաժարական տալ (1852 թվականի դեկտեմբեր)։

Նրան փոխարինած կաբինետը կազմվեց տարբեր կուսակցություններից, որոնք միմյանց հետ համաձայնության էին եկել Դերբին տապալելու համար։ Պիլականներն այնտեղ ունեին իրենց ներկայացուցիչները, ի դեմս լորդ Աբերդինի (առաջին նախարար) և Գլադսթոնի, որը ստացել էր ֆինանսների պորտֆելը, վիգերը ՝ ի դեմս լորդ Ջոն Ռոսսելի, իսկ արմատականները ՝ ի դեմս Մոլսվորտի և Բեյնսի։ Պալմերսթոնը ստացաց ներքին գործերի նախարարությունը։

Ղրիմի պատերազմ

խմբագրել
 
Լորդ Պալմերսթոն Միացյալ Թագավորության վարչապետ 1855-1858

Այդ ժամանակ իշխան Մենշիկովի առաքելությունը հուզումների պատճառ դարձավ ողջ Եվրոպայում։

Նապոլեոն III -ն օգտվեց առիթից, որ մերձենա անգլիական կաբինետի հետ և նրան համոզի համատեղ գործել։ Դեռևս ապրիլի 25-ին լորդ Կլարենդոնը վերին պալատում հայտարարեց, որ եվրոպական աշխարհին ոչ մի վտանգ չի սպառնում, բայց Կոստանդնուպոլսի անգլիական դեսպան լորդ Ստրադֆորդի պնդմամբ, Միջերկրական ծովի բրիտանական էսկադրան շուտով հրահանգ ստացավ մոտենալ Բեզիկի խորշին (Էգեյան ծով

Նախարարության շրջանում տարաձայնություններ էին իշխում։ Մեծ մասը, պիլականների գլխավորությամբ, ամեն գնով խաղաղություն էր ցանկանում, այն դեպքում, երբ փոքրամասնությունը հույս ուներ կանխել պատերազմը ջանքեր չխնայելով կամ էլ պատերազմի անխուսափելիության դեպքում օգտվել դրանից ռուսաց գերակայությունը Եվրոպայում ոչնչացնելու և Հնդկաստանը Ռուսաստանի նվաճողական մտադրություններից պաշտպանելու համար։

Այդ ընթացքում իրադարձությունները անվերապահորեն առաջ էին ընթանում։ Դարդանելիում անգլո-ֆրանսիական նավատորմի հայտնվելու պատասխանը եղավ սինոպյան ավերածությունները։ Այդ մասին լուրը  Անգլիայում վրդովմունք էր առաջացրել։ Հանրային կարծիքի ճնշման տակ անգլո-ֆրանսիական նավատորմը Սև ծով մտնելու և ռուսական նավերն իրենց նավահանգիստներում փակելու հրաման ստացավ։ 1854 թվականը սկսվեց այնպիսի չափերի հասած ռազմական նախապատրաստությամբ, որոնք Անգլիան չէր տեսել արդեն ամբողջ 40 տարի։

Մարտի 12-ին Ֆրանսիայի և Բարձր դռան միջև միություն կնքվեց, որով արևմտյան տերությունները պարտավորվում էին Թուրքիայի բոլոր քրիստոնյա հպատակներին հավասարություն շնորհելու պայմանով օժանդակ զորքեր տալ վերջինիս ամբողջականությանը աջակցելու համար և պատերազմի ավարտից հետո մաքրել բոլոր այն տարածքները, որոնք հնարավոր է, որ գրավված լինեին դաշնակիցների կողմից։ Մարտի 28-ին Ռուսաստանին պատերազմ հայտարարվեց։

Առաջին քայլերը ժողովրդական ակնկալիքներից շատ հեռու էին մնացել։ Անգլիան տագնապի և չբավարարված վիճակում էր։ Արդեն Գալսթոնի ֆինանսական միջոցառումները, որոնք  պատերազմի կարիքներից ելնելով էին կատարվել, ուժեղ գրգռվածության պատճառ էին դարձել։ Որպեսզի նոր փոխառությամբ չաճեր պետական պարտքը, նա կրկնապատկեց եկամտային հարկը, տարածելով այն փոքր արդյունաբերողների և, ընդհանրապես, բոլոր այն անձանց վրա, որոնք 100 ֆունտ ստեռլինգից ավել եկամուտ էին ստանում։ Դժգոհությունն ավելացել էր, որը պայմանավորված էր Ռոսելի բարեփոխումների մասին օրինագծի չեղարկմամբ։ Հասարակական կարծիքի գոհունակությունը ստանալու համար, որոշվեց արշավել դեպի Ղրիմ։  Ալմայի ճակատամարտը համընդհանուր հիացմունք հարուցեց, բայց քիչ-քիչ սկսեցին բանակի վիճակի մասին տխուր լուրեր ստացվել։ Հիմնական հարձակումները տեղում էին անընդունակ ռազմական նախարար դուքս Նյուքասլի գլխին։

Ռոբումը, հավանաբար, Պալմերսթոնի կողմից խթանվելով, ռազմական կառավարման վերստուգման հատուկ հանձնաժողով նշանակելու առաջարկ ներկայացրեց, որի հետևանքը եղավ նախարարության քայքայումը։ Քանի որ լորդ Դերբին հայտարարեց, որ անկարող է նոր նախարարություն ձևավորել, ապա թագուհին այդ գործը հանձնարարեց Պալմերսթոնին, որն իր վրա էր վերցրել երկրի արտաքին գործերի պորտֆելը։ Խորհրդարանի կողմից նշանակված ռազմական նախարարության վերստուգումը անհետևանք մնաց։

Պատերազմի  թատերաբեմում գործերը դեռ վատ էին ընթանում, և երբ Սևաստոպոլը վերջնականապես ընկավ, անգլիացիներն ստիպված էին ողջ փառքը ֆրանսիացիներին զիջել, որոնք գրոհով վերցրել էին Մալախով դամբարանաբլուրը, այն դեպքում, երբ Ռեդանի վրա իրենց սեփական հարձակումը հետ էր մղվել։ Անգլիական զորքը լիովին վերականգնվել էր նախորդ ձմռան գրոհների աղետներից, իսկ պատերազմի թատերաբեմ դուրս բերվեցին օտարերկրյա լեգիոնները, որոնք հավաքվում էին Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և նույնիսկ Ամերիկայում։ Ճիշտ է, այս հավաքագրումները վեճերի պատճառ եղան Հյուսիս-Ամերիկյան Նահանգների հետ, որը նոտաների կտրուկ փոփոխությունից հետո հեռացրեց բրիտանական բանագնաց Կրամպտոնին։ Տվյալ պահին Անգլիայի համար անցանկալի էր հզոր պետության հետ հարաբերությունների խզումը, որի հետ նա դեռևս 1854 թվականին կնքել էր Ամերիկայի համար բարենպաստ առևտրային պայմանագիր։ Պատերազմը շարունակելու նախապատրաստական ջանալից աշխատանքների արանքում անսպասելիորեն լուր տարածվեց, որ Ֆրանսիան Ռուսաստանին Վիեննայի արքունիքի միջոցով խաղաղության առաջարկություններ էր արել, որոնք էլ հիմք հանդիսացան հետագա բանակցությունների համար։ Պալմերսթոնը ստիպված էր ենթարկվել, քանի որ առանց Ֆրանսիայի, նա ոչինչ անել չէր կարող, և իր կողմից անհամաձայնությունը կառաջացներ միայն Անգլիայի մեկուսացում։ Մարտի 30-ին ստորագրվեց Փարիզի հաշտության պայմանագիրը։

Ասիական ուղղություն

խմբագրել

Ղրիմի պատերազմի անսպասելի դադարեցումը Անգլիայում ծանր շփոթություն էր առաջացրել։ Բոլոր պատերազմող տերություններից նա ամենաքիչ պատճառներն ուներ խաղաղություն ցանկանալու. նրա առևտուրը գրեթե բոլորովին չէր տուժել, վարկը ամուր էր, և նա հիմքեր ուներ նոր արշավի միջոցով վերականգնել իր որոշ չափով վարկաբեկված ռազմական պատիվը։ Ընդ որում Անգլիան չէր կարող չգիտակցել, որ պատերազմի իրական նպատակը ձեռք չէր բերվել, և որ արևելյան հարցը մնացել էր չլուծված։ Ճիշտ է, Եվրոպայում Ռուսաստանի հզորությունը տատանվել էր, բայց Ֆրանսիայի գերակայությունն իրենից ավելի մեծ վտանգ էր ներկայացնում այնպիսի մոտ հարևանուհու կողքին, ինչպիսին Անգլիան էր։

Խորհրդարանում հաշտության պայմանագիրը բուռն բանավեճերի առիթ հանդիսացավ, որոնցից, սակայն, Պալմերսթոնը հաղթող դուրս եկավ շնորհիվ մանչեսթերյան կուսակցության աջակցության։ Ընտրական բարեփոխումները հետաձգվում էին մեկ նստաշրջանից մեկ այլ նստաշրջան։ Միայն ազատ առևտրի հարցում էր կառավարությունն անշեղորեն առաջ գնում, ու քիչ-քիչ թոթափեց այնպիսի ուղիները, որոնք Անգլիայում առևտրային կյանքը խոչընդոտում էին։ Ընդհանրապես, խաղաղությունն անսովոր աշխուժություն մտցրեց Անգլիայի առևտրային և արդյունաբերական կյանքում։ Ավստրալիայի ոսկեբեր հանքերից մետրոպոլիա արտահոսեցին նոր հարստություններ։ Ճապոնիայի հետ միջազգային առևտրային պայմանագրերը (1854 և 1855 թվականներ) նոր շուկաներ բացեցին անգլիական իրացման համար։ Բայց այդ նույն ժամանակ Ասիայում նախապատրաստվում էին նոր լուրջ իրադարձություններ։

Պարսկաստանը օգտվեց Եվրոպայում Անգլիայի դժվարություններից Հերաթի իր վաղեմի հավակնությունները իրականացնելու համար։ Քաղաքի բնակիչները ոչ երկարատև պաշարունից հետո հնազանդություն հայտնեցին։ Անգլո-հնդկական ունեցվածքի անվտանգությանը անհրաժեշտ Աֆղանստանի անկախությանն աջակցելու համար Պարսից ծոց ուղարկվեց արշավախումբ, որը գրավեց Բուշեհրը։

 
Ափիոնային երկրորդ պատերազմ, Ցին կայսրություն Պալիկիաո կամուրջը երեկոյան 1860 թվականի սեպտեմբերի 21-ի Պալիկիաոյի ճակատամարտից հետո

Էլ ավելի լուրջ բնույթ ընդունեցին այն թյուրիմացությունները, որոնք առաջացել էին չինացիների կողմից գրաված բրիտանական դրոշով նավարկող նավի գրավման հետևանքով։ Քանի որ չինական փոխարքա Իէն մերժեց պահանջը բավարարել, ապա անգլական ծովակալ Սեյմուրը երկրների միջև լիակատար խաղաղության պայմաններում ռմբակոծություն բացեց Կանտոն քաղաքի վրա, ավերեց նրա քաղաքային կառույցները և ոչնչացրեց չինական նավատորմը։

Նման չլսված բռնությունը նման դատարկ գործի համար, որում բրիտանական իշխանությունները ամենևին էլ միանշանակ ճիշտ չէին, համընդհանուր դժգոհություն առաջացրեց. 1857 թվականի խորհրդարանական նստաշրջանում կառավարության գործելաոճը խիստ քննադատության ենթարկվեց։ Չնայած Պարսկաստանի հետ պատերազմի բարենպաստ ավարտին, թորիականների, ծայրահեղականների և պիլականների կոալիցիան հասավ իր նպատակին։ Կառավարությանը պարսավանք արտահայտելու Կոբդենի առաջարկը ընդունվեց 19 ձայների մեծամասնությամբ։

Պալմերսթոնը, իր արտաքին քաղաքականության ժողովրդականության վրա հույսը դնելով, ցրեց խորհրդարանը և դիմեց ժողովրդին։ Ընդդիմությունը անօրինակ պարտություն կրեց. 175 անդամներն ամենևին էլ խորհրդարանում չհայտնվեցին, այդ թվում մանչեսթերյան կուսակցության առավել հանրաճանաչ առաջատար անդամները` Կոբդենը, Բրայթը և Միլներ Զիբսոնը, որոնք հետագայում այլ ընտրատարածքներում ընտրվեցին։ Պահպանողականները կորցրեցին 91 տեղ, պիլլականները` 12 տեղ։ Նոր պալատի մեծամասնությունը Պալմերսթոնի հետևորդներից էր բաղկացած։

Հնդկաստանի ապստամբություն. 1857

խմբագրել

Այս ժամանակ սարսափելի ապստամբություն բռնկվեց Հնդկաստանում։ 1857 թվականի մայիսի 10-ին Միրաթ (Meerut) քաղաքում գտնվող սիպայների գունդը վրդովմունքի օրինակ մատուցեց` հրկիզեց եվրոպական թաղամասը, սպանեց կանանց և երեխաներին և գնդակահարեց իր սպաներին։ Նույն տեսարանները, սակայն ավելի մեծ չափերով, կրկնվեցին Դելիում, որտեղ ապրուն էր Թեմուրիդների դինաստիայի հետնորդը։ Բոլոր եվրոպացիները ջախջախվեցին և Մեծ Մողոլի ժառանգորդը թագավոր հռչակվեց։ Ապստամբությունն ընդգրկեց նաև Բենգալիան, այնպես որ շատ տեղերում ստիպված զինաթափեցին և ցրեցին տեղաբնիկներից կազմված գնդերը։ Արդեն հունիսի վերջին բենգալական բանակը դադարեց գոյություն ունենալ։ Երբ այդ իրադարձությունների մասին լուրերը Անգլիա հասան, կառավարությունը սըր Քոլին Քեմփբելին անհապաղ նշանակեց գլխավոր հրամանատար Հնդկաստանում  և այնտեղ ուղարկեց բոլոր զորքերը, որոնք կային իր տնօրինության ներքո։ Դեռևս մարտին Կանտոն ուղարկված լորդ Էլջինի արշավախումբը նույնպես ուղարկվեց Հնդկաստան։

Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորում

խմբագրել

Հնդկաստանի ապստամբությունը ազդեց Անգլիայի դրության վրա Եվրոպայում։ Ֆրանսիայի հետ բարի հարաբերությունները պահպանելու համար Անգլիան ստիպված էր մատների արանքով նայել Դանուբյան իշխանությունների միավորմանը, որին անգլիական կառավարությունն ի սկզբանե դեմ էր, ի շահ Բարձր դռան։ Արտակարգ դրամական և առևտրային ճգնաժամը, որը Ամերիկայից Եվրոպա էր անցել, արտացոլվեց նաև Անգլիայում։ Սակայն, ամուր կազմակերպված տնտեսության շնորհիվ, Անգլիան, ընդհանուր առմամբ, առանց լուրջ հետևանքների դիմացավ ճգնաժամին։

Բոլորովին անսպասելի իրադարձությունը` Օրսինիի (Felice Orsini) Նապոլեոն III-ի վրա կատարած մահափորձը (1858 թվականի հունվար), Պալմերսթոնի վրա ստվեր նետեց։ Քանի որ Օրսինին և նրա համախոհներն իրենց հարմարանքներն արտադրել էին Անգլիայում, ապա ֆրանսիական կառավարությունը դիմեց անգլիական կառավարությանը պահանջելով ուժեղացնել քաղաքական աքսորյալների հսկողությունը կամ էլ երկրից հեռացնել նրանց։ Սկզբում անգլիացիներն այս պահանջին բավականին հանգիստ վերաբերվեցին։ Պալմերսթոնը խորհրդարանում նույնիսկ քննարկման ներկայացրեց, այսպես կոչված, քաղաքական սպանությունների օրինագիծը, որին աջակցեցին թորիականները և ընդունվեց առաջին ընթերցմամբ` ձայների հսկայական մեծամասնությամբ։ Բայց ամեն նոր միջոցի հետ, որ ձեռնարկում էր ֆրանսիական կառավարությունը Փարիզում, հանրային վրդովմունքը Անգլիայում ավելանում էր. ժողովրդական հավաքներ էին կազմակերպվում քաղաքական ապաստանի իրավունքը պաշտպանելու համար։ Վերոհիշյալ օրինագծի հետագա քննարկման համար Միլներ Զիբսոնն առաջարկեց, որ պալատն իր ափսոսանքն արտահայտի, որ կառավարությունը անպատասխան է թողել ֆրանսիայի կառավարության հղած խիստ նոտան։ Լորդ Ռոսելը կողմ արտահայտվեց այդ առաջարկին, և քանի որ պահպանողականներն այս անգամ չաջակցեցին Պալմերսթոնին, ապա այն ընդունվեց 234 կողմ ձայներով ընդդեմ 215 ձայնի։ Դրանից հետո Պալմերսթոնը հրաժարական տվեց, իսկ կոմս Դերբին գործերը ստանձնելու անհապաղ պատրաստակամություն հայտնեց։ Նոր նախարարությունում ընդգրկվեցին թորիական կառավարության 1852 թվականի գրեթե բոլոր անդամները։

Ֆրանսիայի հետ դիվանագիտական հակասությունները կարճ ժամանակում հարթվեցին։ Թագուհու ավագ դստեր` Վիկտորյայի հետ արքայազն Ֆրեդերիկ Վիլհելմ Պրուսիացու ամուսնությունը Բեռլինյան արքունիքի հետ ավելի սրտամոտ հարաբերությունների և Ռուսաստանի հետ մերձեցման սկիզբ դրեց։

Չինաստան և Հնդկաստան

խմբագրել

Չինական պատերազմը բարենպաստ եղավ դեռևս նախորդ նախարարության օրոք։ Լորդ Էլջինի արշավախումբը վերջապես ճանապարհ ընկավ, իսկ Ֆրանսիան իր կողմից նավատորմ և զորք ուղարկեց Կանտոն։ Քանի որ ԻԷն արևմտյան տերությունների վերջնագիրն անուշադրության էր մատնել, ապա 1857 թվականի դեկտեմբերի 28-ին Կանտոնի նշանակետում մի քանի հազար անգլիացիներ և ֆրանսիացիներ իջան, քաղաքը ռմբակոծեցին և հաջորդ օրը գրոհով վերցրին այն։ Մայիսի 26-ին դաշնակից զորքերը հայտնվեցին Տիենիցնի նշանակետում։ Դրանից սարսափած չինական կայսրը զիջեց և 1858 թվականի հունիսի 26-ին հաշտություն կնքեց, որով եվրոպական առևտրի համար 6 նոր նավահանգիստ բացեց։ Օտարերկրյա դեսպանները Պեկին մուտք գործելու հնարավորություն ստացան։

 
1858 թվականի նոյեմբերի 1-ին Վիկտորիա թագուհու կողմից հրատարակված «Հնդկաստանի իշխանները, ղեկավարները և ժողովուրդները» հռչակագիրը: Մինչ այդ՝ 1857 թվականին սիպայների ապստամբությունից հետո Հնդկաստանում կառավարման համակարգը փոխելու անհրաժեշտությունից ելնելով Լորդ Պալմերսթոնը պառլամենտի քննարկմանը ներկայացրեց Հնդկաստանի կառավարումը Բրիտանական թագին փոխանցելու օրինագիծ[40]

Բավական բարենպաստ դասավորվեցին իրադարձությունները նաև Հնդկաստանում։ Անգլիացիների կողմից Դելին գրավելու ժամանակներից սկսած ապստամբության ծանրության կենտրոնը տեղափոխվեց Աուդ և նրա մայրաքաղաք Լաքհնաու։ 1858 թվականի մարտին Լաքհնաուի գլխավոր թաղամասերը գրոհով վերցվեցին։ Ապստամբների առաջնորդներն ապարդյուն օգնություն էին փնտրում Նեպալում, միակ հնդկական պետությունում, որում դեռևս պահպանվել էին ինքնուրույնության որոշ նշաններ. Նեպալի տիրակալը միություն էր կնքել անգլիացիների հետ։

Լորդ Սթենլին` կոմս Դերբիի տաղանդավոր որդին, բարեհաջող կերպով անցկացրեց Հնդկաստանի վերակազմավորման ծրագիրը։ Օստ-արևելյան Հնդկաստանի ընկերության գերիշխանությունը դադարեց, տնօրենների խորհուրդը վերացվեց, և նրա փոխարեն սահմանվեց 15 անդամներից կազմված խորհրդով հատուկ նախարարի պաշտոնը, որը պատասխանատու է խորհրդարանի առաջ։ 

Բարեփոխումներ

խմբագրել

Խորհրդարանում հրեաների մասնակցության խնդիր

խմբագրել

Մինչ այդ նախարարությունը խիստ պարտություն էր կրել հրեաների մասին հարցով։ Երբ հրեաների մուտքը խորհրդարան թույլատրելու օրինագիծը երրորդ անգամ մերժվել էր պերերի կողմից լորդ Դերբիի պնդմամբ, ընդդիմությունը, վրդովված ստորին պալատի որոշումների նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքից, առաջարկեց, որ պալատը պարզ որոշմամբ բարոն Ռոթշիլդին Լոնդոնյան Սիթիի ներկայացուցիչ ճանաչի։ Լորդ Դերբին պետք է զիջեր։ Նա վերին պալատում երդում տալու նոր օրինագիծ մտցրեց, որը հնարավոր դարձրեց հրեաների մուտքը։ Այդ օրինագիծն ընդունեցին լորդերը, որից հետո Ռոթշիլդն իր տեղը զբաղեցրեց համայնքների պալատում։

Նույն` 1858 թվականին, լորդ Էլդջինը պայմանագիր կնքեց Ճապոնիայի հետ, որով Անգլիան հսկայական առևտրային առավելություններ ստացավ։

1859 թվականին բարեփոխիչ քարոզչությունը նշանակալից չափերի հասավ հենց Անգլիայում։ Մինչև Խորհրդարանի բացումը Բրայթը հանդես էր եկել զուտ դեմոկրատական բնույթի բարեփոխումների նախագծով։ Նախարարությունը որոշել էր իր սեփական օրինագիծը ներկայացնել, որ որոշ զիջումներով հանգստացնի հասարակական կարծիքը։ Վիգերը հավանություն չէին գտել նաև թորիների միջավայրում, համաձայնության էին եկել ռադիկալների հետ։ Մարտի 21-ին լորդ Ջոն Ռոսելը պալատին առաջարկեց հայտարարել, որ բարեփոխումների մասին օրինագիծը չի համապատասխանում երկրի պահանջներին. այդ առաջարկն ընդունվեց 39 ձայն մեծամասնությամբ։ Դրանից հետո հայտարարվեց խորհրդարանի լուծարման մասին։

Այս քայլը խիստ բորբոքվածություն առաջացրեց երկրում, առավել ևս, որ նախարարության արտաքին քաղաքականությունը սպառնում է նոր, վտանգավոր բարդություններ։ Ավստրիայի և Ֆրանսիայի միջև իտալական գործում բախումների առաջին նշաններից  կառավարությունը թեև ամբողջական անաչառության դիմակ ընդունեց, բայց նրա հայտարարություններից կարելի էր հասկանալ, որ այն ավելի շատ հակվում է Ավստրիայի կողմը, այն դեպքում, երբ ժողովրդի մեջ իշխում էր անկեղծ ցավակցությունը իտալական ազատության նկատմամբ։ Միջնորդությունը, որը առաջարկվել էր լորդ Մալմսբերիի կողմից, Նապոլեոն III-ը մերժեց։

Լայնածավալ ծովային սպառազինությունը, որը հայտարարվել էր կառավարության կողմից, միջերկրական նավատորմի ուժեղացումը, լորդ Դերբիի հայտարարությունը, որ Անգլիան կարող է կանգնել Տրիեստը գրավելու անհրաժեշտության առջև, կամավորական ջոկատներ կազմելու կոչը, նույնիսկ չեզոքության հռչակումը, որը մեկնաբանվել էր Ավստրիայի համար բարենպաստ իմաստով — այս ամենը նպաստում էր հասարակության մեջ նախարարների և ղեկավարության մտադրությունների նկատմամբ անվստահության պահպանմանը և ազդեցություն ունեցավ նոր ընտրությունների վրա։ Եվրոպական բացարձակությանը աջակից լինելու համար պատերազմում ներգրավված լինելու վախը ռադիկալներին ստիպեց մոռանալ լորդ Պալմերսթոնի նկատմամբ ունեցած իրենց անհարգալից վերաբերմունքը։

Լորդ Ռոսելը հաշտվելով իր երկարամյա հակառակորդի հետ` կոալիցիա կազմեց բոլոր ազատական խմբակցությունների հետ` նպատակ ունենալով տապալել կոնսերվատիվ նախարարությունը, որին էլ համայնքների նոր պալատը արտահայտեց իր անվստահությունը (հունիս 1859)։ Թորի կուսակցությունը տապալվեց։ Պալմերսթոնը զբաղեցրեց առաջին նախարարի պաշտոնը, Ռոսելը դարձավ արտաքին գործերի նախարար, իսկ մնացած նախարարական պորտֆելները բաժանվեցին վիգերին, պիլականներին և ռադիկալներին։ Նախարարների թվում էին Գլադսթոնը և Միլներ Զիբսոնը Ադրիատիկ ծովում Տրիեստի պաշտպանության համար դիվերսիայի մասին այլևս խոսք չկար. Ռուսաստանի հետ միությունում փորձ էր կատարվել հետ պահել Պրուսական արքունիքին ի օգուտ Ավստրիայի միջամտելուց։

Վիլաֆրանկայի հաշտությամբ բացահայտվեց նապոլեոնյան քաղաքականության իմաստը` Անգլիայի վրա ծանր տպավորություն թողնելով։ Ֆրանսիայի նկատմամբ անվստահությունը նոր սնունդ ստացավ մարոկոյան հարցում Նապոլեոնի գործողությունների տեսքով, որում նա պաշտպանում էր Իսպանիային ընդդեմ Անգլիայի։ Դրան միացան լուրերն այն մասին, որ սպառազինություններն ավելանում էին ֆրանսիական ծովային նավահանգիստներում։ Անգլիայում տարածվեց գրեթե խուճապահար վախ։ Ամենուր կազմավորվում էին հրաձիգների կամավորական ջոկատներ սպասվող գրոհները ետ մղելու համար, և այդ ընդհանուր գրգռվածությունը չհանդարտվեց Նապոլեոն III-ի առաջարկած առևտրային պայմանագրով անգամ։ Սավոյայի և Նիսի միավորումը, որը հայտնի էր դարձել 1860 թվականի մարտի 15-ին, բավական կտրուկ հայտարարությունների  առիթ հանդիսացավ բրիտանիայի կառավարության կողմից։

Ընտրական նոր օրինագիծը, որը վերջապես մտցրեց Ռոսսելը, հավանության չհանդիպեց ո ՛չ խորհրդարանում, ո ՛չ հանրության շրջանում։ Բարեփոխման նախագիծը բավարարվեց ընտրական ցենզի մի փոքր նվազմամբ և խոշոր երկրների և քաղաքների ներկայացուցչության ավելացմամբ ի հաշիվ փոքր քաղաքների և բնակավայրերի։ Նույնիսկ այս տեսքով օրինագիծը պահպանողական էր թվում, որոշ վիգերի համար էլ շատ վտանգավոր զիջում էր ժողովրդավարության ոգուն. այն շուտով դադարեցվեց հենց կառավարության կողմից։ 

Բարեփոխումների գործի նմանատիպ ելքը արմատականներն առավելապես վերագրեցին Պալմերսթոնի երկերեսանի վարքին։ Նրանց համար որոշ մխիթարանք  հանդիսացավ Ֆրանսիայի հետ առևտրային պայմանագրի բարեհաջող կնքումը, որտեղ նրանք արդարացիորեն տեսան խաղաղության սկզբունքների և ազատ առևտրի հաղթանակը։ Այդ պայմանագրով Ֆրանսիան հօգուտ Անգլիայի նվազեցրեց երկաթի, քարածխի, բամբակյա արտադրանքի և այլ ապրանքների սակագները, որի դիմաց Անգլիան նվազեցրեց ֆրանսիական գինու և մետաքսե ապրանքների տուրքերը։

Թղթի հարկը հանելու Գլադսթոնի առաջարկը նույնպես նպաստեց վճռական լիբերալ կուսակցության կառավարության հետ հաշտեցմանը։ Հարկի վերացումը մերժվեց վերին պալատի կողմից։ Այս գործում լորդերի վարքագիծը, որը կրում էր հարկերի հաստատման հարցում բացառապես համայնքներին պատկանող իրավունքի մեջ միջամտողական բնույթ, փոթորիկ առաջացրեց համայնքների պալատում։

Արևելյան հարց

խմբագրել

Արտաքին քաղաքականության մեջ բարոյական աջակցությունը, որը ցուցաբերել էր ազատական կառավարությունը Իտալիայի միավորման գործում, կատարյալ ներդաշնակ էր ազգի զգացումների հետ։ Սիրիայի քրիստոնյա բնակչության նկատմամբ դրուզների բռնությունը կրկին թատերաբեմ հանեց արևելյան հարցը։ Քրիստոնյաներին պաշտպանելու համար Բեյրութ ուղարկվեց անգլիական, ֆրանսիական և ռուսական միացյալ նավատորմ, և չնայած Անգլիան Սիրիայի խաղաղության գործը ցանկանում էր հանձնարարել թուրքական իշխանություններին, բայց ստիպված էր միանալ ներկայացուցիչների մեծ տերությունների մշակած համաձայնությանը, ըստ որի ֆրանսիական զորքերին տրամադրվել էր այդ երկրի ժամանակավոր օկուպացիան։

Չինաստանի հետ կրկին բռնկված պատերազմի արդյուքում անգլո-ֆրանսիական զորքերը Պեկինը գրավեցին և 1859 թվականի հոկտեմբերին հաշտություն կնքվեց, որը կրկնեց 1858 թվականի պայմանագրի բոլոր պայմանները։ Բացի այդ, չինացիները Անգլիային զիջեցին Կոուլուն թերակղզին։

Մյուս բոլոր շահերը հետին պլան մղվեցին նկատի առնելով հյուսիսամերիկյան ճգնաժամը, որը բռնկվել էր 1861 թվականի սկզբին։ Եթե հպարտ հանրապետության անխուսափելի թվացող կործանումն առաջացրել էր բրիտանական ազնվականության մեջ հայտնի չարախնդության զգացում, ապա երկպառակտչական պատերազմի ազդեցությունը բամբակի արտադրության վրա, որով սնվում էր Անգլիայի աշխատանքային բնակչության զգալի մասը, լուրջ մտահոգությունների տեղիք հանդիսացավ։ Գլադսթոնի առաջադրած բյուջեն մատնանշում էր ֆինանսների շարունակական բարելավումը։ Եկամուտները շուրջ 2 մլն ավելցուկ էին խոստանում, ինչը նկատի ունենալով՝ գանձապետարանի կանցլերն առաջարկեց ոչ միայն վերացնել թղթի հարկը, այլև նվազեցնել եկամտային հարկը։ Որպեսզի բացառվեր այդ միջոցառումներից առաջինը կրկին մերժելու լորդերի հնարավորությունը, նախարարության ֆինանսական առաջարկությունները առաջադրվեցին վերին պալատում ոչ թե առանձին-առանձին, այլ բյուջեի հետ միասին, և չնայած լորդերը դրա դեմ բողոքեցին, բայց լորդ Դերբիի խորհրդով գործը չհասցրեցին մինչև համայնքների պալատի հետ բախման։

ԱՄՆ-ի հետ պատերազմի վտանգ

խմբագրել

Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի միջև պայմանագիրը, ըստ որի մեքսիկական կառավարությանը այդ երեք տերությունների ներկայացրած պահանջները հարկ եղած դեպքում պետք է պաշտպանվեին իրավական ուժով, մատնանշում էր Ամերիկայի գործերին միջամտելու համար միության կրիտիկական վիճակից օգտվելու դաշնակիցների մտադրությունը։

1861 թվականի նոյեմբերի 8 -ին տեղի ունեցած անսպասելի միջադեպի պատճառով գործերն այնպիսի սուր բնույթ ընդունեցին (Թրենթի գործը - Trent Affair[41]), որ երկրների միջև պատերազմի վտանգ առաջացավ։ Անգլիական փոստային «RMS Trent» շոգենավը, որում հարավային նահանգների էմիսարներ Մեյսոնը և Սլայդելն էին, զավթվեց ամերիկյան ռազմական կորվետ նավի (USS San Jacinto (1850)) կողմից, որը ղեկավարում էր կապիտան Չարլզ Ուիլկսը։ Վերջինս կալանավորեց էմիսարներին և նրանց տեղափոխեց Նյու Յորք։ Այդ լուրը Անգլիայում խիստ վրդովմունք առաջացրեց։ Վաշինգտոն մեկնած անգլիական պատվիրակ լորդ Լայոնսը անմիջապես հրաման ստացավ. գերիներին հետ վերադարձնել և պահանջել, որ բավարարվի բրիտանական դրոշին հասցրած վիրավորանքը։ Նախագահ Լինքոլնի կառավարությունը հասկանում էր, որ տվյալ պայմաններում Անգլիայի հետ խզումը կարող բազմաթիվ ճակատագրական հետևանքներ ունենալ Միության համար։ ԱՄՆ կառավարությունն իր պարսավանքն արտահայտեց իրենց սպայի արարքի վերաբերյալ և ազատեց գերիներին[42]։ Խնդրի խաղաղ լուծումը մասամբ արքայազն Ալբերտի նախաձեռնությունն էր[43]։ Դա նրա վերջին ծառայությունն էր, որը նա մատուցեց իր երկրորդ հայրենիքին` Անգլիային (նա մահացավ 1861 թվականի դեկտեմբերի 14-ին, որի համար անկեղծորեն սգաում էր բրիտանական ազգը)։

Մեքսիկական գործերում Անգլիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի նախաձեռնած համատեղ միջամտությունը բոլորովին անսպասելի ելք ունեցավ։ Իսպանիան ու Անգլիան արագորեն համոզվեցին, որ ֆրանսիական կայսրի մտահղացումներն ավելի հեռու են գնում արշավի բուն նպատակից։ Մեքսիկայից սկզբում հեռացան անգլիական, ապա իսպանական զորքերը։ Այս քայլը չէր կարող դուր գալ ֆրանսիական կայսրին, բայց նա թաքցրեց իր դժգոհությունը, քանի որ Անգլիայի հետագա աջակցության կարիքն ուներ անդրատլանտյան իր ծրագրերում։

1862 թվականի հոկտեմբերի 30-ին նախարար Դրուեն դե Լյուիսը լոնդոնյան և պետերբուրգյան արքունիքներին առաջարկեց միջոցներ ձեռնարկել Ամերիկայում երկպառակտչական պատերազմը դադարեցնելու համար, հպանցիկ ակնարկելով զինված միջամտության հնարավորության մասին։ Բայց պետերբուրգյան արքունիքը վճռականորեն մերժեց ֆրանսիական առաջարկը, և նրա օրինակին հետևեց լորդ Ռոսելը։

Հունական ուղղություն

խմբագրել

Հունաստանի հեղափոխությունը, որը Օտտո թագավորին գահընկեց արեց (հոկտեմբեր 1862), նոր շրջադարձ բերեց Անգլիայի արևելյան քաղաքականությանը։ Լեյխտենբերգի արքայազնին թագավոր ընտրելու կանխման նպատակով, որը ռուսական կայսրի զարմիկն էր, որոշվեց Հունաստանին տարածք զիջել։ Հույներին ակնարկվեց, որ եթե իրենք բրիտանական կաբինետի ընտրությանը համապատասխան վարվեն, ապա վերջինս մտադիր է համաձայնվել, որ Հոնիական կղզիները միացվեն Հունական թագավորությանը։

Հույները չդանդաղեցրեցին թագն առաջարկել արքայազն Ալֆրեդին՝ թագուհի Վիկտորիայի երկրորդ որդուն։ Այս առաջարկը չէր կարող ընդունվել, քանի որ հակասում էր այն տրակտատներին, որով հովանավոր տերությունները պարտավորվել են իրենց արքայազններին չառաջադրել հունական գահին։ Սակայն Անգլիայի համար դժվար չէր գտնել մեկ այլ՝ իրեն համար հաճելի թեկնածու։ Ուելսի արքայազն Էդուարդը 1863 թվականի սկզբին ամուսնացավ արքայադուստր Ալեքսանդրայի՝ Քրիսիան Գլյուքսբուգցու դստեր հետ, որը 1852 թվականի Լոնդոնի տրակտատով հայտարարվել էր դանիական գահի ժառանգորդը։ Անգլիայի ընտրությունը կանգ առավ արքայադստեր 2-րդ եղբոր՝ Գեորգիոսի վրա, որին (մարտ 1863) հունական ազգային ժողովը միաձայն ընտրվեց թագավոր։ Անգլիան, իր հերթին, հրաժարվեց Հոնիական կղզիների պրոտեկտորատից և այն զիջեց Հունաստանին։

Արտաքին քաղաքական պարտություններ

խմբագրել

Ընդհանուր ուշադրությունը հունական գործերից շուտով տեղափոխվեց լեհական ապստամբություն, որը ցավակցություն առաջացրեց Անգլիայում։ Արդեն 1863 թվականի մարտի 2-ին բրիտանական բանագնաց  լորդ Ռոսելը Պետերբուրգ՝ լորդ Նէպիրի անունով շտապ հաղորդագրություն ուղարկեց, որում ներկայացված էր 1815 թվականին լեհական սահմանադրության համաներման և վերականգնման անհրաժեշտությունը։ Հունիսի 17-ին Անգլիան Ֆրանսիայի և Ավստրիայի համաձայնությամբ ռուսաց կառավարությանն առաջարկեց Լեհաստանի հանդարտեցման նախագիծ։

Անգլիական մամուլն ընդունել էր սպառնալից տոն. բազմամարդ հանրահավաքներ էին կազմակերպվում հօգուտ Լեհաստանի։ Ստորին պալատում Գեննեսին թագուհու անունով հասցեագրված նախագիծ առաջարկեց, որում հայտարարվում էր, որ Ռուսաստանը կորցրել է բոլոր իրավունքները Լեհաստանի նկատմամբ։ Ռուսաստանի կողմից Անգլիայի առաջարկներն անտեսելը անգլիական կառավարությանն այլ ելք չէր թողել, քան կամ նահանջել, կամ պատերազմ սկսել։

Անգլիան ընտրեց առաջինը։ Օգոստոսի 11-ի նոտայում լորդ Ռոսսելը ափսոսանք հայտնեց, որ մերժվել են իր բարի խորհուրդները և հետևանքների պատասխանատվությունը դրեց Ռուսաստանի վրա։ Ռուսական արտգործնախարարը պատասխանեց հեգնական տոնով, թե ինքը կստանձնի այդ պատասխանատվությունը. դիվանագիտական բանավեճը դադարեց, և Անգլիա պետք է խոստովաներ, որ ծանր պարտություն էր կրել։

Ի դեպ, այս պարտությունը Անգլիայի հետ կիսեց նաև Ֆրանսիան։ Որ ինչ-որ չափով իրավիճակը շտկի և վերականգնի կայունությունը կորցրած իր հեղինակությունը, Նապոլեոնը հանդես եկավ եվրոպական համագումար հրավիրելու գաղափարով, որը պետք է տեղի ունենար Փարիզում և ստանձներ առաջացած բոլոր հարցերի լուծման, այդ թվում և լեհական խնդրի լուծման գործը։

Տերությունները բացասաբար վերաբերվեցին այդ առաջարկին, իսկ անգլիական կառավարությունը կտրականապես մերժեց այն, ինչը հանգեցրեց երկու կաբինետների միջև հարաբերությունների նոր սառեցման։ Ճապոնիայում բրիտանական մի ճամփորդի սպանությունը հանգեցրեց հակասության, որի հետևանքը եղավ այն, որ անգլիական էսկադրան ռմբակոծեց ճապոնական Ռագոզիմա քաղաքը։

Նոր Զելանդիայում տեղի ունեցավ բնիկների ապստամբություն, և չնայած անգլիական զորքերը հաղթեցին, բայց նրանց չհաջողվեց ամբողջությամբ կոտրել մաորիների դիմադրությունը։

Աշանտիների հետ էլ պատերազմ բռնկվեց, որում անգլիացիները զգալի կորուստներ կրեցին` կլիմայական պայմանների պատճառով ոչ մի անգամ նույնիսկ չտեսնելով թշնամուն։

Երկրի ներքին դրությունը ընդհանուր առմամբ բարենպաստ էր. Չնայած գործարանային շրջանների թշվառ վիճակին, որը որոշ տեղերում անկարգությունների առիթ էր տվել, առևտուրը բարգավաճում էր։ 1863 թվականի տարվա ընթացքում բացվել էին ոչ պակաս, քան 263 նոր բաժնետիրական ընկերություններ, 144 միլիոն ֆունտ ստեռլինգ հիմնական կապիտալով։ Պետական եկամուտները զգալիորեն ավելանում էին։

Երբ 1864 թվականին Շլեզվիգ-Հոլշտայնի հարցը հանգեցրել էր ընդդեմ Դանիայի Ավստրիայի և Պրուսիայի պատերազմի, Անգլիան նախ մտածում էր Դանիայի օգտին միջամտության մասին, սակայն քանի որ չհաջողացրեց համոզել ոչ Ֆրանսիային, ոչ էլ Ռուսաստանին, ապա բրիտանական նախարարը ստիպված եղավ սահմանափակվել անպտուղ դիվանագիտական ջանքերով։ Լոնդոնի կոնֆերանսն ավարտվեց ապարդյուն։ Անգլիան Դանիայի վերջնական պարտության նկատմամբ մնաց չեզոք։

Դա բացահայտ անհաջողություն էր, որը լրջորեն վիրավորել էր Անգլիայի ազգային հպարտությունը։ Նախորդ տարվա սպեկուլյատիվ տենդը նոր դրամական ճգնաժամ էր առաջացրել, բայց հավասարակշռությունն աստիճանաբար սկսեց վերականգնվել։

1865 թվականը սկսվեց քաղաքական անդորրով։ Եկամտահարկը իջեցվել էր ամբողջ մեկ երրորդով, թեյի տուրքը՝ մի ամբողջ կեսով։ Ընդհանրապես, 1861 թվականին չեղյալ էին հայտարարվել 14 մլն ֆունտ ստեռլինգի չափով հարկեր, չնայած, որ զրահային նավատորմի շինարարությունը, հրետանու կազմի բարելավումը և ափերի պաշտպանության և զինանոցների ամրապնդման համար կանգնեցված ամրակները հսկայական գումարներ պահանջեցին։

Ֆրանսիայի և Իտալիայի տրակտատները Չինաստանի, Ճապոնիայի և Սիամի հետ անգլիական ապրանքների համար նոր շուկաներ բացեցին, և նույնիսկ անգլիական մանուֆակտուրաների անհրաժեշտ հումքի պակասությունը, որը պայմանավորված էր ամերիկյան խռովություններով, միայն ժամանակավորապես խոչընդոտեց արդյունաբերության աճը։ Բայց շատ քիչ կամ գրեթե ոչինչ չարվեց քաղաքական վիճակի բարելավման համար և ազգի բարոյական մակարդակը բարձրացնելու համար։ Երկրում նեպոտիզմը բարձրագույն դատական անձի՝ լորդ կանցլեր Վեստբերիի կողմից հասցվել էր այնպիսի չափերի, որ ի հայտ եկած բացահայտումների արդյունքում նա պետք է վայր դներ իր պաշտոնը։

Ռիչարդ Կոբդենի մահը (1865 թվականի ապրիլի 2-ին) անկեղծ վիշտ առաջացրեց ամբողջ երկրում։

Նոր Զելանդիայի ապստամբությունը սկսել էր հանդարտվել շնորհիվ "մաորիական թագավոր" անվամբ հայտնի գլխավոր ղեկավարներից մեկի հնազանդության ցուցաբերման։

Աբիսսինիում հյուպատոս Կամերոնի շտապողականությունն անհամաձայնություններ էր առաջացրել, որոնց հետևանքով հյուպատոսը և անգլիական միսիոներները բանտարկվեցին։

Խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի ունեցան 1865 թվականի հուլիսին, կուսակցությունների բուռն պայքարի պայմաններում, ընդհանուր առմամբ բարենպաստ եղան լիբերալների համար։

1865 թվականի հոկտեմբերին մահացավ լորդ Պալմերթոնը։ Նախարարությունը ենթարկվեց ավելի ազատական ոգով որոշ փոփոխությունների, որի ղեկավարը դարձավ լորդ Ռոսելը։

Կառավարությունը դեռևս չէր հասցրել միանգամայն կազմակերպվել, երբ տեղի ունեցավ սևամորթների ապստամբությունը Ջամայկա կղզում։ Խռովությունն արագորեն ընկճվեց, բայց այնպիսի դաժանությամբ, որ վրդովմունքի պոռթկում առաջացրեց Եվրոպայում։ Նախարարությունը հայտնեց իր դժգոհությունը մարզպետ Էյրի գործելակերպի մասին և նրա նկատմամբ խիստ հետաքննություն նշանակեց։

Տարեվերջին տեղի է ունեցել ֆենիացիների դատը, որոնք մեղադրվում էին դավադրության մեջ։ Դատից առաջ գլխավոր մեղադրյալ Ջեմս Ստեֆենսը փախել էր բանտից, ինչն առանց պահապանների իմացության չէր եղել, և դա, ըստ երևույթին, հաստատվում էր կառավարական պաշտոնյաների շրջանում ֆենիականության տարածման մասին լուրերով։ Մնացած մեղադրյալների նկատմամբ կայացվել էր խիստ դատավճիռ։

Սակայն Իռլանդիայում հուզումները շարունակվում էին. 1866 թվականի հունվարին Դուբլինում հայտարարվեց պաշարման դրություն։

Մարտի 12-ին Գլադսթոնը ստորին պալատին ներկայացրեց վաղուց սպասված խորհրդարանական բարեփոխման մասին օրինագիծը։ Դրանում սահմանված ընտրական ցենզն ավելի բարձր էր, քան պալմերսթոնյան 1860 թվականի նախագծում։ Բայց ամենամեծ հաշվարկներով ընտրողների ընդհանուր թիվը կարող էր ավելանալ ընդամենը 400 000-ով, որոնցից միայն կեսը աշխատավորներն էին լինելու։ Բարձր դասի կշիռը գրեթե անփոփոխ կմնար։ Գլադսթոնը խնդիրը բաժանեց երկու մասի՝ խորհրդարանին առաջարկելով առայժմ միայն ցենզի փոփոխություն կատարել, և հետաձգել խորհրդարանական տեղերի համար նոր բաշխման քննարկումները։ Բարեփոխումների պահպանողական ընդդիմությունը աջակցություն ստացավ որոշ վիգերի կողմից, որոնք համախմբվել էին Էդուարդ Հորսմանի և Լոուի շուրջ։ Բարեփոխման այդ վտարանդիների թշնամական խոսքին պատասխանել է Բրայթը, որը նրանց գործելակերպը համեմատել է դեպի «Ադուլամայի քաղաքական քարանձավ» փախուստի հետ։ Այստեղից էլ ադուլամայիտներ անվանումը, որը տրվել է նոր խմբակցությանը, որի թվաքանակն աստիճանաբար ավելացավ մինչև 40 անդամ։

Չնայած դժգոհությանը, որով ընդունեց հասարակական կարծիքը օրինագծի հին և նոր հակառակորդներին, նրա երկրորդ ընթերցումը թույլատրվեց ընդամենը 5 ձայն մեծամասնությամբ։ Այդ ժամանակ Գլադսթոնը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց խորհրդարանական տեղերի նոր բաշխման օրինագիծ, որը նույն չափավորությամբ էր առանձնանում, ինչպիսին ընտրական օրենքն էր։ Վերաբաշխման ենթակա էին ընդամենը 49 տեղ, որոնք պատկանում էին մանր-մունր տեղերին, ընդ որում, վերջիններս սպառել էին իրենց ընտրական իրավունքը ոչ լրիվ, այլ միայն մասամբ։ Ենթադրվում էր միացնել մի քանի այդպիսի տեղեր, իրենց բնակեցման համապատասխան, իսկ ազատված տեղերը հավասարաչափ բաշխել գյուղական և քաղաքային շրջանների միջև։ Այս օրինագծի երկրորդ ընթերցումն անցավ գրեթե առանց մտքերի փոխանակության։ Բայց երբ անցան ընտրական օրենքի կոնկրետ քննարկմանը, ադուլամիտներից մեկը՝ լորդ Դունկելինը, առաջարկեվ փոփոխություն, որի ընդունումը հավասարազոր էր ընտրական բարձր ցենզի պահպանման։ Գլադսթոնն ընդդիմացավ այդ առաջարկին, և քանի որ այն ընդունվեց 315 ձայնով ընդդեմ 304-ի, ապա նախարարությունը հրաժարական տվեց։

Նոր նախարարության ձևավորումը հանձնարարվեց ընդդիմության առաջնորդ լորդ Դերբիին։ Նրանում ընդգրկվել էր նաև Դիզրայելին։ Քննչական հանձնաժողովի արդյունքների մասին թեժ քննարկումներից հետո, որն ուղարկվեց Ճամայկա, կառավարությունը որոշեց սահմանափակվել նախկին մարզպետին հեռացնելով և գործին հետագա ընթացք չտալով։

Մինչդեռ, քարոզչությունը հօգուտ բարեփոխումների մշտապես ուժեղանում էր, որոնց հետևանքով հսկայական հանրահավաքներ եղան Անգլիայի և Շոտլանդիայի կարևորագույն քաղաքներում։ Պահպանողական կառավարությունը համոզվեց, որ բարեփոխման հարցը չի կարող երկար հետաձգվել։ 1867 թվականի փետրվարի 25-ին Դիզրայելին ներկայացրեց բարեփոխումների մասին նոր օրինագծի հիմունքները, սակայն այն ոչ մեկին չբավարարեց և հաջորդ օրը նա հետ վերցրեց այն։ Բարեփոխումների նոր նախագիծը պալատին ներկայացվեց մարտի 18-ին։ Այն ավելի արմատական էր բոլոր նախորդներից՝ ընտրական իրավունք ապահովելով բոլոր տնատերերին առանց բացառության։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ շարժվելով, ամրացնելով իր կուսակցության շարքերը և, միևնույն ժամանակ, լիբերալներին անխուսափելի զիջումներ անելով, Դիզրայելին հաջողությամբ անցկացրեց իր նախագիծը ստորին պալատում, իսկ պերերի կողմից ընդունմանը նպաստել էր կոմս Դերբիի ազդեցությունը։

Օգոստոսի 15-ին նոր օրենքը թագավորական սանկցիա ստացավ։ Անկախ այս բարեփոխման ներքին նշանակությունից, այն կարևոր էր նաև կուսակցությունների կազմի վրա իր ազդեցությամբ։ Ճեղքվածքը, որն առաջացել էր լիբերալների շարքերում ադուլամիտների առանձնացման հետևանքով, էլ ավելի մեծացել էր 1867 թվականի քննարկման ժամանակ, և, ընդհանրապես, պարզվեց, որ լիբերալ կուսակցության ամբողջ նախկին կազմակերպությունը անկայուն էր։ Մյուս կողմից, պահպանողական կուսակցությունն էլ էր կորցրել էր իր հին բարքերը, շնորհիվ նոր ընտրական օրենքի, որը կոմս Դերբին անվանել է «ցատկ խավարի մեջ»։ 

1867 թվականի ընթացքում ֆեմինիզմը վերապրեց իր զարգացման առավել սուր փուլը։ Չեսթերի ամրոցին տիրանալու փորձերիցն հաջորդեցին Արևմտյան Իռլանդիայի ապստամբությունները։ Հաբեաս կորպուս-ի գործողությունը կասեցնելու մասին օրինագիծը ժամանակավորապես վերականգնվել է մինչ 1868 թվականի մարտ ամիսը։

Հյուսիսային Ամերիկայում բրիտանական տարածքների համադաշնային կառուցվածքը ստացել է պառլամենտի սանկցիա։ Նոր համադաշնության մեջ չեն մտել միայն Էդուարդ արքայազնի կղզին, Նյուֆաունդլենդը, Բրիտանական Կոլումբիան և Վանկուվեր կղզին։

Լոնդոնյան բանտի պայթյունը կալանավորված ֆենիաններին ազատելու նպատակով կրկին առաջնահերթ է դարձրել իռլանդական հարցը։ Գիտակցելով միայն հետապնդումներով այն լուծելու անհնարինությունը, Գլադսոնը 1868 թվականի նստաշրջանի հենց սկզբին խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել երեք հայտնի բանաձևերը, որոնցում մատնանշվել է իռլանդիայի պետական եկեղեցին ոչնչանելու անհրաժեշտությունը։ Դրանք ընդունվել են 65 ձայն մեծամասնությամբ։ Նախարարությունը, որը Դերբիի հիվանդության պատճառով ղեկավարում էր Դիզրայելին, որոշել է մնալ իր պաշտոնում և դիմել ժողովրդին։ Հուլիսի 31-ին ցրվել է վերջին խորհրդարանը, որը ընտրվել է 1832 թվականի օրենքի հիման վրա։

Այդ նույն ժամանակ բարեհաջող ավարտ ունեցավ Անգլո-եթովպիական պատերազմը, որն առաջացել էր անգլիացի գերիներին ազատ արձակելու մերժման արդյունքում[44]։

Նոր ընտրությունները տվել են 118 ձայնով լիբերալ մեծամասնություն։ Դիզրայելին հրաժարական է տվել։ Կառավարություն կազմելու գործը հանձնարարվել է Գլադսոնին (դեկտեմբեր 1868 թ.): Նախկին ազատական կառավարության անդամներից բացի, կառավարության կազմի մեջ մտան Ջոն Բրայթը և ադուլամիտական Լոուն, որը հասցրել էր հաշտվել լիբերալների հետ։

1869 թվականի նստաշրջանը բացվել է զգալի թվով ֆենիացիներին ազատ արձակելով և Իռլանդիայում կայանալիք Habeas corpus օրենքի վերականգնման մասին հայտարարությամբ։ Մարտի 1-ին Գլադսոնն ստորին պալատում առաջարկել է իր իռլանդերեն եկեղեցական օրինագիծը։ Նա առաջարկել է անհապաղ դադարեցնել իռլանդական քահանաներին նպաստ տալը և ամբողջ եկեղեցական գույքը փոխանցել թագավորական հանձնաժողովի ձեռքը, որը կստանձնի հոգևոր վայրերի սեփականատերերի ցմահ եկամուտների վճարումը։ Իռլանդական եպիսկոպոսները պետք է զրկվեին վերին պալատում իրենց տեղերից, իռլանդական եկեղեցական դատարանները՝ դադարեցնեին իրենց գործունեությունը։ 16,5 միլիոն արժողությամբ իռլանդական եկեղեցու սեփականությունից նրա համար պահպանվելու էր միայն է 6.5 մլն-ի նկատմամբ իրավունքը, այն դեպքում, երբ մյուս 10 մլն-ը պետք է մասամբ օգտագործվեր հանրօգուտ նպատակների համար, մի մասն էլ կաթոլիկներին և պրեսբիտերականներին նպաստ տալու համար։ Ստորին պալատը ընդունել է այս օրինագիծը 361 ձայն մեծամասնությամբ ընդդեմ 247-ի։ Լորդերի պալատը թեև հավանություն էր տվել իր երրորդ ընթերցմամբ, բայց շատ փոփոխություններով։ Քանի որ այս փոփոխությունները մերժվել էին խորհրդարանի ստորին պալատի կողմից, իսկ լորդեր չէին զիջում, ապա մի պահ մտավախություններ էին առաջացել, որ բարեփոխումը տեղի չի ունենա, բայց բախումը վերացվեց կոմս Գրենվիլի ու ընդդիմության առաջնորդ լորդ Կերսոնի միջև փոխզիջման միջոցով։

Իռլանդական եկեղեցական հարցի լուծումից հետո հերթի մեջ պետք է լիներ մեկ այլ բարեփոխում, որը կապված էր իռլանդական խռովությունների հետ, հատկապես Իռլանդիայում հողային հարաբերությունների փոփոխության հետ։  Սա 1870 թվականի նստաշրջանի գլխավոր խնդիրն էր։ Արդեն փետրվարի 15-ին Գլադսթոնը ստորին պալատի քննարկմանն է ներկայացրել իր իռլանդական օրինագիծը։ Ենթադրվում էր վարձակալության ժամկետի ավարտից հետո ֆերմերներին իրենց կատարած բոլոր բարելավումների և շինությունների դիմաց վարձատրման իրավունք սահմանել. պետական գանձարանից հատկացվող նպաստների միջոցով թեթևացնել ֆերմերների հողային սեփականություն գնելը, իսկ հողօգտագործողների` ոչ բերրի հողերի մշակությունը։ Եվ վերջապես, հիմնել արբիտրաժային դատարաններ, որոնք կլուծեն ֆերմերների և կալվածատերերի միջև ծագած բոլոր վեճերը և թյուրիմացությունները։ Օրինագիծն անցել է երկու պալատներում և օգոստոսի 1-ին օրինական ուժ է ստացել։ Բացի այդ, երկու պալատները հավանության են արժանացրել Ֆորսթերի առաջարկած ժողովրդական կրթության մասին նոր օրենքը (ի սկզբանե Անգլիայի և Ուելսի համար)։ Ամբողջ երկիրը ենթադրվում էր բաժանել դպրոցական շրջանների և ապա պարզել, թե ինչքանով են յուրաքանչյուր ընտրատարածքում առկա դպրոցները համապատասխանում բնակչության իրական կարիքներին։ Այն շրջանները, որտեղ դպրոցների վիճակը բավարար կլիներ, պետք է մնային նույն վիճակում, այն դեպքում, երբ մնացածում ենթադրվում էր բացել համապատասխան թվով նոր դպրոցներ։ Այդ նոր դպրոցների համար հաստատվել են հետևյալ երեք հիմնական կանոնները.

  1. դասավանդման համապատասխանությունը խորհրդարանի կողմից օրինականացված ծրագրին
  2. կառավարական տեսուչների հսկողություն անկախ կրոնական տարբերություններ
  3. խղճի լրիվ ազատություն, որով աշակերտներից ոչ մեկը կրոնական դասավանդմանը մասնակցելու ստիպողականության չի ենթարկվի, ծնողների կամքից բացի։

Այս կանոնների ընդունելը կամ չընդունելը տրամադրվել է դպրոցական իշխանությունների բարի կամքին, սակայն խորհրդարանի կողմից նպաստի իրավունք դպրոցը ձեռք բերել միայն այս կանոններն ընդունելու դեպքում։

1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմում Գլադսթոնի կառավարության դերը պասիվ էր։ Խաղաղությունը խախտելու մի քանի նախազգուշացման փորձերից հետո նա հայտարարել է Անգլիայի չեզոքության մասին և երկու պատերազմող տերությունների հետ կնքել է Բելգիայի անկախության պահպանման և չեզոքության պայմանագրեր։ Պատերազմի սկզբում բնակչությունը տրամադրված էր Գերմանիայի օգտին, բայց Ֆրանսիայի հանրապետության ստեղծումից հետո անցել է վերջինիս կողմը։

1871 թվականին խորհրդարանի բացման ժամանակ գտնվեցին ռազմատենչ քաղաքականության կողմնակիցներ, որոնք կառավարությունը մեղադրում էին սևծովյան խնդրի հարցում Ռուսաստանի նկատմամբ չափազանց մեծ զիջողականության համար, բայց հանրային կարծիքն արտահայտվում էր կայացած փաստի օգտին։ Մարտի 13-ին Սև ծովի մասին պայմանագիրը ստորագրվել է լիազորված տերությունների կողմից, որոնք մասնակցել էին 1856 թվականին Փարիզի տրակտատին։

Այդ նույն ժամանակին են վերաբերում Անգլիայի և Հյուսիս-Ամերիկայան Նահանգների միջև երկար ժամանակ վեճի առարկա հանդիսացող, այսպես կոչված, Ալաբամայի խնդիրը արբիտրաժային դատարանի քննարկմանը հանձնելը, որն իր որոշումը կայացրել է 1872 թվականին[45][46]։ 

1871 թվականի հոկտեմբերի 1-ի Թագավորական հրովարտակի համաձայն չեղյալ է հայտարարվել սպայական դիպլոմների գնումը։ 1872 թվականի նստաշրջանի ժամանակ օրինագիծը, որը նախատեսում էր ձայների գաղտնի քվեարկություն, ընդունվել է համայնքների պալատի կողմից, բայց լորդերի պալատում ենթարկվել է փոփոխությունների, ինչի հետ համաձայնվելը անհնարին է համարել կառավարությունը։ Այդ ժամանակ փոփոխությունների մեծ մասը հետ է վերցվել, բացի մեկից, ըստ որի օրինագծի օրինականությունը 8 տարուց ավել չպետք է լիներ։ Ստորին պալատը ընդունել այդ ուղղումը, որից հետո նոր օրինագիծը օրենքի ուժ է ստացել։ Կանանց ընտրական իրավունք տրամադրելու մասին Յակով Բրայթի առաջարկը մերժվել է ստորին պալատում 222 ձայների մեծամասնությամբ ընդդեմ 143-ի։

1873 թվականի փետրվարի 13-ին Գլադսթոնը համայնքների պալատում առաջարկեց օրինագիծ, որով առաջարկվում էր Դուբլինի համալսարանին միանգամայն ինքնուրույն կազմակերպության կարգավիճակ տալ և հնարավորություն ընձեռնել մրցակցել այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ։ Այս օրինագիծը հանդիպել է ուժեղ հակազդեցության, ինչպես կաթոլիկ հիերարխիայի կողմից, որը հավակնում էր բացառիկ գերակայություն բարձրագույն կրթության մեջ, այնպես էլ պահպանողականների և նույնիսկ ռադիկալների կողմից, որոնք Գլադսթոնին մեղադրում էին հենց այդ հիերարխիայի նկատմամբ չափազանց մեծ զիջողականության համար։ Պալատը մերժել է օրինագիծը 287 ձայների մեծամասնությամբ ընդդեմ 284-ի։ կառավարությունն անհապաղ հրաժարական է տվել, և թագուհին հանձնարարեց Դիզրայելիին նոր կառավարություն ձևավորել։ Չակնկալելով մեծամասնություն ստանալ ստորին պալատում, նա խորհրդարանը ազատ արձակելու պայման է դրել։ Այս պայմանը չի ընդունվել, և թագուհու ցանկությամբ Գլադսթոնը մնացել է իր պաշտոնում։

Դեռևս 1872 թվականին, իռլանդական ֆենիաներից առանձնացավ հատուկ, այսպես կոչված, հոմրուլների կուսակցություն` Բատտի և Սելիվանի առաջնորդությամբ, որոնք իրենց գործունեության գլխավոր նպատակն էին համարում ինքնավար կառավարության ձեռքբերումը (Home-rule) Իռլանդիայի ներքին գործերի ինքնուրույն խորհրդարանով։ Այս կուսակցության հետևորդներն աճում էր, և այն արժանացել էր Անգլիայի բոլոր կաթոլիկ եպիսկոպոսների աջակցությանը։ Ընդհանրապես կաթոլիկությունը նվաճումներ է ունեցել անգլերեն հասարակության ընդերքում։ Արքեպիսկոպոս Մաննինգը հրապարակավ քարոզում էր հօգուտ Լոնդոնում կաթոլիկ համալսարանի ստեղծման, որի ռեկտորը անմիջական կախվածության մեջ կլիներ Պապից։

Արտախորհրդարանական իրադարձությունների միջև ուշադրության արժանի է սըր Բարթլ Ֆրերի (Henry Bartle Frere) առաքելությունը Զանզիբարում և աշանտիացիների հետ պատերազմը։ Ֆրերի ուղերձը հանգեցրել է անազատների առևտուրը չեղյալ հայտարարելուն, որով առավել անբռնազբոս ձևով զբաղվում էին զանզիբարյան սուլթան Սեիդ Բուրգաշը և իր հպատակները։ Աշանտիացիներ հետ պատերազմը ավարտվել է 1874 թվականի փետրվարին, երբ գրավվեց և ոչնչացվեց Կումասին` Կարիկարի (Kofi Karikari) թագավորի մայրաքաղաքը, որն անհապաղ ստորագրել է խաղաղության պայմանագիրը։ Անգլիական կառավարությունը միացրել էր Ոսկե ափը, Ստրուկի ափը (Slave Coast) և Լագոսի տարածքը մեկ ընդհանուր գաղութի մեջ, որը կոչվել է "Ոսկեբեր գաղութներ"։

Ստորին պալատում այլևս կայուն մեծամասնություն չունենալով Գլադսթոնը որոշել է դիմել բնակչությանը (հունվար 1874 թ.): Ստորին պալատի 653 կրկին ընտրված անդամներից 351-ը պատկանում էին պահպանողական կուսակցությանը, 302-ը ազատական կուսակցությանը։ Դիզրայելին իր վրա վերցրեց նոր կառավարության ձևավորումը։ Ընտրական իրավունքը տանուտերերից գյուղական բնակչության վրա տարածման Տրեվիլյանի առաջարկը մերժվեց 287 ձայնով ընդդեմ 173-ի։ Իռլանդական խորհրդարանի հիմնադրման մասին Բետտի և հոմռուլերների առաջարկը նույնպես մերժվեց 458 ձայնով ընդդեմ 61-ի։ Վերին պալատը ընդունեց նպաստել Քենթերբերի արքեպիսկոպոսի առաջարկած եկեղեցական կարգապահության օրինագիծը, որի նպատակն էր անգլիական եկեղեցու ընդերքում, այսպես կոչված, կաթոլիկացնող ծիսականական ոտնձգությունները խոչընդոտել։ Ստորին պալատը միացել է այդ որոշմանը։

Անգլիայի գաղութային տիրույթները ավելացան Ֆիջի կղզիների միացումից հետո (սեպտեմբեր 1874)։

Կաթոլիկության աննախադեպ տարածումը Անգլիայում, որն արտահայտվում էր թեմեր, եկեղեցիներ, վանքեր ստեղծելով, ինչպես նաև բազմաթիվ հոգևոր և բարձրագույն արիստոկրատիայի անդամների անդամակցությամբ, որոշակի տագնապ էր առաջացրել։

1874-1875 թվականների ընթացքում Գլադսոնը մի շարք գրքույկներում պաշտպանել է կրոնական ազատության սկզբունքը ընդդեմ Վատիկանի դեկրետների։ 1875 թվականի խորհրդարանական նստաշրջանը օրենսդրական առումով ամենաանպտուղներից մեկն էր։ Գլադսոնը հրաժարվեց ղեկավարել լիբերալ կուսակցությունը և նրա տեղը զբաղեցրեց մարկիզ Հարթինգթոնը (Spencer Compton Cavendish, 8th Duke of Devonshire)։ Բացառապես Իռլանդիայի համար նախատեսված օրենքները մեղմելու Կառավարության առաջարկն ընդունվեց երկու պալատների կողմից։ Ընդունվեց նաև աշխատավորների և տերերի միջև փոխադարձ հարաբերությունների համակարգման օրենքը։ «Ի պաշտպանություն նավաստիների» հսկայական ցույցերը կառավարությանը ստիպեցին ժամանակավոր օրենք ընդունել, որը լիազորում էր թույլ չտալ, որ կասկածելի ամրության նավերը ծով դուրս գան։ Երրորդ անգամ մերժվեցին խորհրդարանական ընտրություններին կանանց մասնակցել թույլ տալու առաջարկը և ընտրական իրավունքը տանուտերերից գյուղական բնակչության վրա տարածելու մասին առաջարկը։

Թուրքիայի իրադարձություններին (Հերցեգովինայի ապստամբություն) կառավարությունը մեծ զսպվածությամբ վերաբերվեց։ Թուրքական կառավարության հայտարարությունը, որ նա ստիպված է կիսով չափ կրճատել իր պետական պարտքի տոկոսները, և դրան միացած իր ֆինանսական անվճարունակության այլ նշանները, նկատելիորեն սառեցրեցին Թուրքիայի նկատմամբ Անգլիայի հակվածությունը։ Ժողովրդի զգալի մասը աստիճանաբար հետ վարժվեց այն մտքից, որ Անգլիան պարտավոր է ամենատարբեր պայմաններում պաշտպանել Թուրքիայի ամբողջականությունը. մամուլում սկսեցին ձայներ հնչել հօգուտ Բոսնիա և Հերցեգովինայի ինքնավարության։

Եվրոպայում թուրքական գերիշխանությանը վերջ դնելու դեպքում, իր համար պարգև փնտրելով կառավարությունը այն գտել էր Սուեզի ջրանցքին տիրանալու մեջ, որով ապահովվում էր Հնդկաստանի հետ հաղորդակցությունը։ Այդ նպատակով նա գնեց ֆինանսական կարիք ունեցող եգիպտական խեդիվին պատկանող Սուեզի ջրանցքի բաժնետոմսերը, ինչը դուր չեկավ ո ՛չ Ռուսաստանին, ո ՛չ էլ Ֆրանսիային, որոնք ջրանցքը կառուցել էին մեծ մասամբ իրենց միջոցներով։ Եգիպտական ֆինանսները կանոնակարգելու համար խեդիվի խնդրանքով Եգիպտոս ուղարկվեցին մի ամբողջ նահանգ անգլիական պաշտոնյաներ։ Կազմվել է անգլիական բանակի զորահավաքին նախագիծ, որի հիմքում դրվել էր բոլորովին նոր կազմակերպություն, ըստ պրուսական համակարգի օրինակի։

1876 թվականի նստաշրջանում անցկացվեց օրենք, որը սահմանափակում էր գործարաններում երեխաների աշխատանքը։

Դիզրայելին մեծ ջանքերի գնով անցկացրեց այն օրինագիծը, որը թագուհուն լիազորում էր ընդունել «Հնդկաստանի կայսրուհի» տիտղոսը։ Դիզրայելին այս մասին իր առաջարկը հիմնավորել է նրանով, որ նոր տիտղոսը Հնդկաստանում կընդունվի որպես Անգլիայի և Հնդկաստանի միասնության խորհրդանիշ, իսկ արտասահմանում` որպես անգլիական ազգի իր իրավունքները Հնդկաստանի նկատմամբ ամեն գնով պաշտպանելու անսասան վճռականության նշան։ Տիտղոսի պաշտոնական ընդունումը եղել է 1876 թվականի ապրիլի 26-ին, և ապա 1877 թվականի հունվարի 1-ին Դելի քաղաքում հնդկական իշխանների ներկայությամբ արևելյան հանդիսավորությամբ հայտարարվել է Հնդկաստանի փոխարքա։ Խորհրդարանի փակման ժամանակ Դիզրայելին տեղափոխվել է վերին պալատ` ստանալով Բիկոնսֆիլդի կոմս տիտղոսը։

Բալկանյան ճգնաժամ

խմբագրել

Արևելյան հարցի վերաբերյալ կառավարության քաղաքականությունն արտահայտվել է իշխան Գորչակովի հուշագրի մերժումով, որը մշակվել էր Բեռլինի համաժողովում Բիսմարկի, իշխան Գորչակովի և Անդրաշի կողմից և որն իրենից ներկայացնում էր այսպես կոչված «երեք կայսրերի միության» ծրագիրը։

Սերբական պատերազմը, որը ճանաչում էր վայելում լիբերալների շրջանում, իսկ առավել ևս Բուլղարիայում թուրքական դաժանությունների մասին լուրը, կառավարությանը կանգնեցրել էին շատ նուրբ իրավիճակի առաջ։ Կոմս Դերբին ստիպված էր Թուրքիային հայտարարել, որ նկատի առնելով վերջինիս կատարած գազանություններով հարուցված համընդհանուր վրդովմունքը, նա չի կարող աջակցության հույս ունենալ նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանը բացեիբաց պատերազմ հայտարարի։ Ավելի քան 200 հանրահավաքներ արտահայտել են թուրք դահիճների հետ Անգլիայի համերաշխության դեմ բողոքը. պետական մարդիկ, ինչպիսիք էին Գլադսթոնը և Ստրատֆորդ Ռեդկլիֆը, գրքույկներում և բաց նամակներում բուռն կերպով ապացուցել են Թուրքիայի քրիստոնեական նահանգների ինքնավարության անհրաժեշտության մասին։ Երբ բռնկվեց ռուս-թուրքական պատերազմը, լիբերալները պնդում էին, որ բալկանյան ժողովուրդներն Թուրքիայի նման կառավարության դեմ ապստամբելու իրավունք ունեն։ Պահպանողական նախարարները պատասխանեցին ընդգծելով այն փաստը, որ Թուրքիային խոստացվել էր միայն բարոյական աջակցություն։ Երբ վտանգ սպառնա Կոնստանդնուպոլիսին, բացատրում էր արտգործնախարար կոմս Դերբին, միայն այդ ժամանակ կառավարությունն իրեն իրավունք կվերապահի ետ կանգնել տրակտատներով լուսաբանված այդ քաղաքականությունից։

 
Չարլզ Ստյուարտ Պառնել

Նստաշրջանի վերջում, այսպես կոչված, «Երիտասարդ Իռլանդիայի» արմատականները, որոնց միջև հատկապես աչքի էին ըննում Պառնելը, Սելիվանը, Օ' Դոննելը, կազմեցին ծայրահեղ ձախ հոմռուլերյան կուսակցություն, որը որոշեց խորհրդարանին ամեն գնով ստիպել, որ վերջապես ուշադրություն դարձնի Իռլանդիայի աղետային վիճակի վրա։ Նրանք իրենց համար պայքարի գործիք էին ընտրել հենց խորհրդարանի կանոնադրությունը և բացառիկ վարպետությամբ օգտվել են դրանից` պարբերաբար արգելակելով պալատի գործունեությունը, դանդաղեցնելով մտքերի փոխանակության ընթացքը և որոշումները անվավեր ճանաչել տալով։ Խորհրդարանն այլ ելք չուներ, քան փոխել վաղուց ի վեր ընդունված գործավարության կարգը։ Այս իմաստով ընդունվել են ստորին պալատի առաջնորդ Ստաֆորդ Նորթկոտի առաջարկները։

Այդ միջոցների ոչ բավարար լինելը պարզվել է շատ շուտով, երբ քննարկումներ էին ընթանում հարավ-աֆրիկյան կոնֆեդերացիայի մասին։ Չնայած պալատի աճող անհամբերությանը, պառնելականներին հաջողվել է խորհրդարանին պարտադրել 18 քվեարկություններ անցկացնել, որոնց մեծ մասը զուտ ձևական հարցերի շուրջ էին, և, փոխադարձաբար մեկը մյուսին հաջորդելով որոշակի նախապես սահմանված ժամկետներում նիստը երկարաձգել ամբողջ 26 ժամ, մինչև հաջորդ օրվա կեսօրի ժամը երկուսը։ Միայն Նորտկոտի սպառնալիքն է դրդել ժողովին, որ հատուկ միջոցներներ ձեռնարկվեն ընդդեմ հանդուգն փոքրամասնության, որն էլ հանգեցնել է քննարկումների ավարտին։

 
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագրի ստորագրումը 1878 թվականին

Կարսի գրավումից և Պլևենի անկումից հետո սուլթանը դիմել է անգլիական կառավարությանը միջնորդության խնդրանքով։ Ընդհանուր լարվածությունը, որը պայմանավորված էր պատերազմական իրադարձություններով, այդ ժամանակ հասել էրգագաթնակետին։

Ամբողջ Անգլիայով մեկ տեղի էին ունենում պատերազմող կուսակցություններ հանրահավաքներ։ Պահպանողականները արտահայտում էին իրենց համակրանքը թուրքերի և ատելությունը Ռուսաստանի նկատմամբ, իսկ ազատականները բողոքում էին ընդդեմ Անգլիայի կողմից որևէ միջամտության, որը կարող էր հանգեցնել Ռուսաստանի հետ կապերի խզման և կաթվածահար կաներ ռուս-թուրքական պատերազմի ազատագրական արդյունքները։ Հենց նախարարության միջավայրում տարաձայնություններ կային։ Ծայրահեղ միջոցների հակառակորդներն էին կոմս Դերբիին և Կեռնարվոն։ Վերջինս արդեն 1878 թվականի հունվարին հրաժարական տվեց, առաջինի հրաժարականը կանխարգելվեց չեղյալ հայտարարելով, այն հրամանը, որի համաձայն անգլիական նավատորմը պետք է մտներ Դարդանել։ Սակայն մի փոքր ավելի ուշ, երբ ռուսական զորքերը կանգնած էին Կոստանդնուպոլիսի մոտ, անգլիական նավատորմը մտավ Մարմարա ծով և խորհրդարանը ռազմական նպատակների համար թույլատրեց 6 մլն ֆունտ ստեռլինգ վարկ տալ։ Գալիպոլին չգրավելու Ռուսաստանի խոստումը, ինչպես նաև Անգլիայի իր նավատորմը Պոլսի շրջակայքից հեռացնելու համաձայնությունը ավելի հանգստացնող շրջադարձ հանդիսացան այս գործում։ Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագրի կնքումից հետո նախարարությունը Ավստրիայի հետ համաձայնության գալով որոշեց պահանջել, որ եվրոպական կոնգրեսի քննարկմանը ներկայացվեն ոչ թե ռուս-թուրքական խաղաղության տրակտատի առանձին մասերը, այլ ամբողջ տրակտատը, քանի որ միայն այդ պայմանով երաշխավորված կլինի 1856 թվականի տրակտատների փոփոխություններին առնչվող հարցերի շուրջ իրենց ձայնը տալու տերությունների իրավունքը։

Այդ պահանջի նկատմամբ Ռուսաստանի անհամաձայնությունն հանգեցրել է անգլիական կառավարության ռազմատենչ որոշումներ կայացնելուն, որի հետևանքը եղավ կոմս Դերբիի հրաժարականը։ Ապրիլի 1-ին երկու պալատներում կարդացվեց թագավորական պահուստայինների հավաքագրման մասին ուղերձը։ Նույն օրը արտաքին գործերի նորանշանակ նախարար լորդ Սալիսբերին եվրոպական կառավարություններին ուղարկեց շրջաբերական դեպեշ (շտապ նամակ), որն անմիջապես հրապարակվեց թերթերում և Սան-Ստեֆանոյի պայմանագրի իր խիստ քննադատությամբ արժանացավ անգլիական շովինիստների ջերմեռանդ հավանությանը։ Հնդկական զորքերի 7000 մարդ ուղարկվեց Մալթա։ Սակայն պատերազմի մասին մտքից սարսափով նահանջում էին անգլիական ժողովրդի շատ ազդեցիկ շրջանակներ։ Լոնդոնում կայացած կոնֆերանսը, որին մասնակցում էին տարբեր հակառակորդ համայնքների 400 հոգևոր անձինք, Գլադսթոնին փոխանցեցին հասցե, թշնամական ռազմատենչ քաղաքականության մասին։ Մանչեսթերում Բրայթի և Չեմբեռլենի նախագահությամբ տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին 1800 պատգամավորներ Անգլիայի լիբերալ ասոցիացիաներից, որտեղ միաձայն ընդունվեց Ռուսաստանի հետ պատերազմի դեմ բողոքը։ Մի քանի նոր ընտրությունները հօգուտ կառավարության չեղել։ Համայնքների պալատում լորդ Հարթինգթոնն առաջարկեց կառավարությանը մեղադրել խաղաղ ժամանակ զորքերը պետության մի մասից մեկ այլ մաս տեղափոխելու համար։ Այս առաջարկը մերժվեց։

Այդ ընթացքում տեղի ունեցավ Բեռլինի կոնգրեսը, որում Անգլիայի ներկայացուցիչներն էին լորդեր Բիկոնսֆիլդի լորդեր Դիզրայելին և Սալիսբերին։ Կոնգրեսի որոշումը  դիվանագիտական հաղթանակ էր Անգլիայի համար, մանավանդ որ նա ձեռք էր բերել Կիպրոս կղզին։

Անգլիացի լիազորվածներին Լոնդոնում դիմավորել են աղմկոտ ցնծությամբ, որպես «պատվավոր խաղաղության» բամբերներ (անգլ.՝ peace with honour)։ Լորդ Հաթինգթոնի կառավարության արևելյան քաղաքականությունը կշտամբելու առաջարկը մերժվեց 388 կողմ և 195 դեմ ձայնով։ 1878 թվականի նստաշրջանի ընթացքում կարևոր օրենսդրական միջոցների մասին խոսք անգամ չէր կարող լինել` նկատի առնելով արտաքին քաղաքականության գերակշիռ նշանակությունը։ Հոմռուլեռների կուսակցությունը տարբեր առիթներով վերսկսել էր իր խանգարող մարտավարությունը, բայց ձեռնպահ էր մնում անցյալ տարվա տեսարանների նման կրկնությունից։ Պատմական կարևոր իրադարձություն էր նրա մեղմ և հեղափոխական տարրերի միջև խզումը, երբ քննարկվում էին խոշոր հողատեր կոմս Լոյտրիմի սպանությունը։

Ուշ վիկտորիական ժամանակաշրջան

խմբագրել

Շուտով, խորհրդարանի փակումից հետո լուր ստացվեց , որ ռուսները շարժվում են Ամուդարյա և ռուսական դեսպանությունը ժամանել է Քաբուլ։ Դա հնդկական զորքերը Մալթա ուղարկելու Ռուսաստանի պատասխանն էր։ Իր հերթին, լորդ Բիկոնսֆիլդը համարձակվել էր հրաժարվել Աֆղանստանում չմիջամտելու քաղաքականությունից, որին հավատարիմ էին մնում նրա նախորդները։ Երբ աֆղանական էմիր Շիր Ալին չհամաձայնեց, որ անգլիական ռեզիդենտները մնան Քանդահարում և Գերատում, անգլո-հնդկական բանակը մտավ Աֆղանստան և արագորեն գրավեց Պեյվարյան անցնումը, այդպիսով վերացնելով դեպի Քաբուլ գլխավոր խոչընդոտներից մեկը (Մեծ խաղ)։1879 թվականի սկզբին Շիր-Ալին փախավ Քաբուլից և շուտով մահացավ։ Նրա իրավահաջորդը` Յակուբ խանը, հաշտություն կնքել Անգլիայի հետ։

Ավարտվեց զուլուսների հետ պատերազմը, որը սկսվել էր դեռևս 1878 թվականին հարավ-աֆրիկյան գաղութների գեներալ-նահանգապետ սըր Բարտլ Ֆրերի մեղքով։ Պատերազմի դանդաղ ընթացքը Բիկոնսֆիլդի հզորությանը այնպիսի հարված հասցրեց, որից նա արդեն այլևս չհաջողվեց վերականգնվել։

Կառավարության ռազմատենչ քաղաքականության ֆինանսական արդյունքները բավական զգայուն ազդեցություն ունեցան 1879 թվականի բյուջեի վրա։ Դրա արդյունքում եղավ 5 միլիոն ֆունտ ստերլինգի դեֆիցիտ, թեև կառավարությունը դրանում չէր ներառել այն ծախսերը, որոնք պահանջվել էին զուլուսյան պատերազմի համար և առաջարկել էր ծածկել աֆղանական պատերազմի վրա կատարված բոլոր ծախսերը անտոկոս վարկով Հնդկաստանի կոնսոլիդացված ֆոնդի հաշվին։ Այդ ֆինանսական մանևրումի դեմ բարձրաձայն ապստամբեցին լիբերալ կուսակցության առավել ակնառու հեղինակությունները։ Նրանք նշեցին նաև Բիկոնսֆիլդի քառամյա կառավարման նախարարության (1874-1878) ընդհանուր պետական ծախսերի ավելացումը տարեկան մինչև 10 մլն ֆունտ ստեռլինգով նախորդ քառամյա կառավարման տարիների համեմատ (1870-1874)։ Ու թեև նախարարության մեծամասնությունը դեռևս այնքան ուժեղ էր, որ կարող էր խլացնել այդ քննադատությունները, բայց ֆինանսական անկման անվիճելի փաստը, այնուամենայնիվ իր ազդեցությունն ունեցավ ազգի քաղաքական տրամադրության վրա։

Բարդ էր իրավիճակը նաև Եգիպտոսում, որտեղից հեռացվել էին անգլո-ֆրանսիական վերահսկողության ներկայացուցիչները։ Այս գործին միջամտեցին ոչ միայն Ֆրանսիան ու Անգլիան, այլև մյուս մեծ տերությունները։ Հունիսի 26-ին որոշվեց տապալել Խեդիվին հօգուտ իր որդու Տաուֆիկի, վերջինիս պարտավորեցնելով վերականգնել նախկին կարգը։

Ներքին գործերում կառավարության հիմնական միջոցառումը բանակի մասին օրինագիծն էր, որը բորբոքել էր աշխույժ քննարկումներ, հատկապես ռազմական բանտերի կարգապահության հարցում և մարմնական պատիժները պահպանելու կամ վերացնելու մասին։

Երկրորդ կարևոր միջոցառումը իռլանդական համալսարանի մասին օրենքն էր, որը Դուբլինում հիմնադրել էր գիտական կորպորացիա, որի պարտականությունների հիմքում, Լոնդոնի համալսարանի օրինակով, ընկած էին ոչ թե ուսուցումը, այլ քննություններ անցկացնելը և գիտական աստիճանների, մրցանակների և կրթաթոշակների բաշխումը։ Մեկ այլ օրինագծով իռլանդական եկեղեցական ունեցվածքի եկամուտներից հատկացվեց 1 300 000 ֆունտ ստեռլինգ գումար` որպես կենսաթոշակային ֆոնդ իռլանդական տարրական դպրոցներ ուսուցիչների համար։ Չեղյալ հայտարարվեց 1793 թվականի օրենքը, որն արգելում էր իռլանդական կոմսությունների պատվիրակների հավաքը։

Պարնելն օգտվելով այդ զիջումից Դուբլինում ստեղծեց իռլանդիայի ազգային կոնվենտ (անգլ.՝ National Irish Convention), որը դարձավ հոմրուլերների ձգտումների կենտրոնական մարմինը։ Հացի և մսի մշտապես աճող ներմուծումը, հատկապես Ամերիկայից, դրան ավելացրած մի քանի անգամվա վատ բերքը մտավախություն առաջացրեցին և պաշտպանական համակարգը գոնե մասնակի վերականգնելու անհրաժեշտ զգացվեց։ Առաջացավ կուսակցություն, որը պահանջում էր առևտրի ազատության գերիշխանությունը (անգլ.՝ free trade) փոխարինել, այսպես կոչված, արդար առևտրով (անգլ.՝ fair trade), այսինքն այնպիսի առևտրային համակարգով, որը հիմնված է միջազգային փոխադարձ զիջումների վրա։Այդ «ֆեյրիթրեյդերների» պահանջները Բիկոնսֆիլդի կողմից ճանաչվեցին անիրագործելի։ Ամռան ընթացքում կազմակերպվեց կալվածատերերի միություն (անգլ.՝ Farmers alliance), որը ձգտում էր հողատիրապետման վերաբերյալ օրենքների բարեփոխումների և հողատերերի դասի լավագույնս ներկայացուցչությանը խորհրդարանում։ Համայնքների պալատը որոշեց ստեղծել հատուկ հանձնաժողով իշխող չարիքի պատճառները հետաքննելու և դրանց վերացնելուն ուղղված հանգանակություն կազմակերպելու համար։ Հողագործ բնակչության կարիքները, հատկապես Իռլանդիայում, այդ ընթացքում հասել էին, ցնցող չափերի։

Պարնելլի և Օ'Կոննորի ղեկավարությամբ քարոզչություն սկսվեց ընդդեմ ռենտայի` «Իռլանդական երկիրը իռլանդացի ժողովրդին» կարգախոսով։ Պարնելլը խորհուրդ տվեց գյուղացիական միություն ստեղծել, իջեցնել վարձավճարները և հողատերերի անհամաձայնության դեպքում դադարեցնել բոլոր տեսակի վարձավճարները։ Իռլանդական ազգային կոնվենտը ասես դարձել էր դժգոհ իռլանդացիների խորհրդարան։ Միևնույն ժամանակ Պարնելլը ներում ստացած Դևիտի հետ միասին, կրկին կյանքի կոչեց Իռլանդական հողային լիգան, որի առաջիկա նպատակն էր գումար հավաքել իռլանդական հողերի գնման համար հօգուտ իռլանդացի ժողովրդի։ 

Նախարարության համար ծանր հարված էր անգլիական դեսպանությանը Քաբուլում ծեծի ենթարկելու լուրը։ Աֆղանստանի հետ պատերազմն անխուսափելի էր դարձել։ Հոկտեմբերին գեներալ Ռոբերտսը մտավ Քաբուլ և գրավեց այն, չնայած ամբողջ երկիրը մնաց ապստամբ ժողովրդի ձեռքում։

Խորհրդարանը 1880 թվականի սկզբին լուծարվեց։ Իր նախընտրական մանիֆեստում Բիկոնսֆիլդը ինքնավարություն ուզողներին խարազանում էր անվանելով խաղաղության հանցավոր խախտողներ, ազատական կուսակցությանը մեղադրում էր վարած քաղաքականության համար, որը Անգլիայի համաշխարհային տիրապետությունը ոչնչացնելու նկրտումներ ուներ, և Անգլիայի հզորության ու վեհության պահպանումը, ինչպես նաև համընդհանուր խաղաղությունը կապում էր պահպանողական կառավարության հաղթանակի հետ։ Նոր խորհրդարանը բաղկացած էր 349 լիբերալներից, 243 պահպանողականներից և 60 ինքնավարականներից։

Բիկոնսֆիլդը հրաժարական է տվել։ Ապրիլի 28-ին  Գլադսթոնը կազմեց մի նոր նախարարություն։ Խորհրդարանի բացման ժամանակ մեծ աղմուկ հանեց Չարլզ Բրեդլոուի երդման հետ կապված միջադեպը։

Սկզբնական շրջանում հոմրուլերների շրջանում իշխում էր նոր նախարարության նկատմամբ համակերպման տրամադրվածություն, որն էլ, իր հերթին, որոշել էր չվերականգնել բացառիկ օրենքների մասին օրինագիծը։ Մի քանի վատ բերքերի հետևանքով գյուղական բնակչության վիճակը, հատկապես Իռլանդիայի արևմտյան մասում, ծայրահեղ ծանրացավ։ Շատ դեպքերում վարձակալության գումարի վճարումը բացարձակապես անհնար էր դարձել։ Չնայած դրան, վտարումների քանակը աճում էր սարսափելի չափերով, և քանի որ հուզված ժողովուրդը դիմադրություն էր ցույց տալիս, ապա հաճախ ստիպված էին լինում դիմել ոստիկանական իշխանություններին։

Հոմրուլերները պահանջում էին գոնե ինչ-որ ժամանակավոր միջոցներ ձեռնարկել աղքատացած գյուղական բնակչությանը հողի սեփականատերերի անարդար հավակնություններից պաշտպանելու համար։ Իռլանդիայի գործերով նախարար Ֆորսթերը, զիջելով այդ պահանջին, մտցրեց օրինագիծ, որը ըստ էության վերականգնում էր 1870 թվականի հողային օրենքի մոռացության մատնված միայն որոշ որոշումներ։ Այդ օրինագծին հակադարձելով թորիների խմբակցությունը, որն իր կարգախոսն էր դարձրել Գլադսթոնի նախարարության նկատմամբ անհաշտ թշնամանքը, և գլխավոր պահպանողական խմբից անջատվել էր լորդ Ռանդոլֆ Չերչիլի առաջնորդությամբ, օբստրուկցիոնիզմի համակարգը նույնիսկ էլ ավելի առաջ տարավ, քան նախկինում հոմրուլերներն էին վարվել (երբ ընդդիմությունն ամեն հնարավոր միջոցներով կիրառում էր մեծամասնության գործունեությունը խոչընդոտելու համար)։

Աֆղանստանում անգլիացիները հաջող էին գործում. էմիր հռչակվեց նրանց դրածոն՝ Աբդուր Ռախմանը։

Հարավային Աֆրիկայում Տրանսվաալի բուրերի միջև խռովության ոգի առաջացավ. ապստամբություն բռնկվեց բազուտոսների երկրում։ Կոնֆեդերացիոն կառուցվածքի նախագիծը ջախջախվեց` հանդիպելով Կապի գաղութի դիմադրությանը։

Իռլանդիայում ընդհանուր բորբոքվածությունը ընթանում էր մեծածավալ հանրահավաքների աջակցությամբ։ Պարնելլն առաջարկեց հանրային օստրոակիզմի համակարգ կիրառել ընդդեմ յուրաքանչյուրի, ով կհամարձակվի վարձակալել այն հողերը, որտեղից արտաքսվել էին նախկին վարձակալները, կամ ովքեր որևէ կերպ կհակառակվեն հողային լիգային։ Մի շարք բռնություններ եղան ընդդեմ դատական պաշտոնյաների, հողային գործակալների, որոնք հավատարիմ էին մնացել ֆերմերների պայմանագրերին և առհասարակ ընդդեմ բոլոր այն անձանց, ովքեր ինչ-որ բանով տհաճ էին լիգայի համար։ Այս ամենը մեծ մտավախություն էր առաջացնոմ, քանի որ մեղավորներին չէին գտնում և ոստիկանությունը անզոր էր։

Կառավարությունն ավելացրեց զորքերի թվաքանակը և դատի տվեց հողային լիգայի 14 հիմնական անդամների, այդ թվում Պարնելլին՝ մեղադրանքով ապստամբական քարոզչության մեջ։ Թե իռլանդացի ժողովուրդն ինչ աստիճան էր սրտին մոտ ընդունել Պարնելլի առաջարկած հանրային օստրակիզմի միջոցը, ցույց է տվել Կապիտան Բոյկոտի հետ կապված պատմությունը։ Վերջինս հողագործ և հողային գործակալ էր Մայոյում, որի անունով էլ ամբողջ այս համակարգը, որը իսկական ահաբեկչության բնույթ է կրել, կոչվում է բոյկոտում։ Շուտով Իռլանդիայում, Օլսթերից բացի չէր մնացել ոչ մի միասնական անկյուն, որտեղ լիգան չունենար իր առանձին բաժանմունքները և գաղտնի դատարանները, որոնց անդամները օժտված էին բոյկոտելու զենքով։ Հողային լիգայի անդամների գործով ատենակալները չէին կարողանում համաձայնության գալ, և դատական վարույթը մնաց առանց արդյունքի։ 1881 թվականի սկզբին խորհրդարանին առաջարկվեց օրինագիծ՝ Իռլանդիայի անարխիան և հողային օրինագիծը ճնշելու համար, որը տանում էր դեպի ագրարային հարաբերությունների ձևավորմանը։ Հոմրուլերները հայտարարեցին այդ բիլլերից առաջինն ամեն գնով արգելակելու իրենց մտադրության մասին։ Քննարկումներն ընթանում էին 42 ժամ անընդմեջ։ Վերջապես օրինագիծն առաջին ընթերցմամբ անցավ, բայց արդեն նույն օրը հոմրուլերները վերսկսեցին իրենց օբստրուկցիոնիստական մարտավարությունը երկրորդ ընթերցման առաջարկության վերաբերյալ։

Լիովին պարզ էր, որ պալատի կանոնադրության մեջ անհրաժեշտ էր փոփոխություն մտցնել։ Գլադսթոնի այս առումով կատարված առաջարկը նոր բուռն տեսարաններ առաջացրեց։ Այն ընդունվեց, սակայն իռլանդական պատգամավորներին, այնուամենայնիվ, հաջողվեց օրինագծի հաստատումը ձգձգել ամբողջ 12 նիստ։ Այնուհետև եկավ հողային օրինագծի հերթը։ Այն իրենում ներառում էր հետևյալ հիմնական որոշումները. վարձակալությունը շարունակելու հարցում գյուղացուն մերժելու կալվածատիրոջ իրավունքի սահմանափակում, ապահովել վարձակալած տարածքում ֆերմերների բոլոր կատարված բարելավումների արժեքը, վերանայել չափազանց բարձր վարձավճարները գնահատման հատուկ պայմաններով, որոնք պետք է հավասարապես պարտադիր լինեն ինչպես տանտերերի, այնպես էլ ֆերմերների համար, բարձրացնել վարձակալության ժամկետները, և վերջապես, վարձակալված տարածքների բարելավման կամ գնելու, դատարկ հողերը մշակելու, ինչպես նաև անհույս աղքատացածներին վերաբնակեցնելու համար փոխատվությունների տրամադրում։ Իր էական կետերում օրինագիծը մնաց անփոփոխ, չնայած կատարված բազմաթիվ փոփոխություններին։ Բայց լորդերի պալատում քննության անցնելուց հետո այն ստորին պալատ վերադարձավ անճանաչելիորեն փոփոխված։ Նախարարությունը զիջումներ անելու պատրաստակամություն հայտնեց, բայց մերժեց բոլոր այն փոփոխությունները, որոնցով խախտվում էր օրինագծի գլխավոր նպատակը։ Լորդերը շարունակեցին իրենցը պնդել։ Գլադսթոնը մի քանի զիջումներ նույնպես արեց, և ի վերջո օրինագիծը ստացավ թագավորական սանկցիա (օգոստոս 1881)։

Նույն տարվա ապրիլին լորդ Բիկոնսֆիլդը մահացավ, որին, որպես վերին պալատի պահպանողական կուսակցության առաջնորդ, հաջորդեց լորդ Սալիսբերին։ Տրանսվաալում բռնկվեց բոէրների ապստամբությունը։ Նարնջագույն ազատ հանրապետության միջոցով բանակցություններ սկսվեցին, որոնք ավարտվեցին խաղաղության կնքմամբ, որի հիմքում ընկավ թագուհու գերագույն իրավունքի և բուրերի ինքնակառավարման ճանաչումը։

Կառավարությունը հանգիստ նայում էր Ֆրանսիայի կողմից Թունիսի գրավմանը, սակայն, նախօրոք հայտարարել էր  Տրիպոլիում ֆրանսիական ազդեցության ընդլայնման դեմ իր բողոքը։

1860 թվականին Կոբդենի կնքած անգլո-ֆրանսիական առևտրային պայմանագրի որոշումները վերսկսելու ջանքերը, որում լավագույն մասնակցություն էր ունեցել անգլիական կողմից Չարլզ Դիլքը, խափանվեցին բախվելով ֆրանսիական պրոտեկցիոնիստների դիմադրությանը։

Կառավարությունը փակեց իռլանդական հողային լիգան։ Սկսվեց վարձակալական վճարների վերանայման գործունեությունը գնահատողների ներկայությամբ, որոնք լավագույն ապագայի հույս էին ներշնչում։ Բայց արդեն 1882 թվականի առաջին օրերին սկսվեցին թշնամական տարրերի նոր խմորումներ Ֆենիների (անգլ.՝ Fenians) գաղտնի միությունները (Fenian Brotherhood) փորձում էին գրավել հողային լիգայի ոչնչացունից հետո առաջացած բացակը։ Նրանց սատարում էին Ամերիկայի էմիսարները և դրամական նպաստները։

1882 թվականի նստաշրջանի սկզբին Գլասթոնի և վերին պալատի միջև բախում տեղի ունեցավ։ Վերջինս որոշեց հատուկ հանձնաժողով ընտրել իռլանդական հողային օրինագծի արդյունքների հետազոտության համար։ Ըստ Գլասթոնի՝ հողատերերի կողմից նշանակված և ի շահ նրանց, նման հանձնաժողովը կարող էր միայն վնասակար նշանակություն ունենալ Իռլանդիայում սկսած խաղաղության գործընթացի վրա։ Նա առաջարկեց այդ կապակցությամբ վերին պալատի բողոքը քվեարկել (вотировать порицание), որն ընդունվեց մեծամասնությամբ՝ 303 ձայն ընդդեմ 235-ի։

Լորդերն, այնուամենայնիվ, հանձնաժողով ընտրեցին, բայց, չստանալով կառավարության աջակցությունը, այն կյաքի չկոչվեց։ Թորի կուսակցությունը հենց ինքն անհրաժեշտ համարեց հողային լիգայի պահանջներին ընդառաջ գնալը և առաջարկեցին աջակցել այն ֆերմերներին, ովքեր իրենց վարձակալված տարածքները կգնեն գանձարանի նպաստի դեպքում, միևնույն ժամանակ ավելի խիստ միջոցներ պահանջելով ընդդեմ գաղտնի ընկերությունների։ Հաշտվողական տրամադրությունը խախտվեց Դուբլինի Փյունիկ պարկում Իռլանդիայի գործերի նոր նախարար լորդ Ֆրեդերիկ Կավենդիշի և նրա ընկեր Բորկի սպանության մասին լուրով (6 մայիսի)։ Դա եղել էր գաղտնի ընկերությունների ձեռքով, որոնք լսել անգամ չէին ուզում համաձայնագրի մասին։ Արդեն մայիսի 11-ին Հարկորտը ստորին պալատի քննարկմանը ներկայացրեց հանցագործությունների կանխման օրինագիծը, որը, հասարակական անվտանգության պաշտպանության այլ միջոցառումներից բացի, ներառում էր գիշեր ու զօր առանձնատների խուզարկություններ անցկացնելու մասին թույլտվություն, արտակարգ դատարանների նշանակում, թերթերը և հասարակական ժողովներն արգելելու իրավունք։ Օրինագիծը ընդունվեց երկու պալատների կողմից։ Դրանից հետո Գլադստոնն անցկացրեց մեկ այլ օրենք, որի նպատակն էր աջակցել իռլանդական աղքատ վարձակալներին։

Արտաքին քաղաքականության ոլորտում գլխավոր հետաքրքրություն է ներկայացրել եգիպտոսական գործերը։ Դեռ 1881 թվականի աշնանը Եգիպտոսում ձևավորվել էր զինվորական կուսակցություն Արաբի-Փաշայի առաջնորդությամբ, որով բացահայտ թշնամական հարաբերություններ էր ցույց տալիս օտարերկրացիների նկատմամբ։ Այս կապակցությամբ ՝ 1882 թվականի հունիսի 11-ին Ալեքսանդրիայում տեղի ունեցավ ամբոխի խռովություն, ընդ որում, վիրավորվե բրիտանական հյուպատոսը։ Հունիսի 15-ին Գլադստոնը խորհրդարանում 3 հիմնական դրույթներով ներկայացրեց Եգիպտոսի նկատմամբ իր քաղաքականությունը.

  1. գործել Ֆրանսիայի հետ համատեղ
  2. հարգել Բարձր դռան գերագույն իրավունքները
  3. տևական կարգ ու կանոն հաստատել Եգիպտոսում ի շահ Եվրոպայի և մեծ տերությունների հավանության։

Նույն ոգով գործել է Կոստանդնուպոլսում հավաքված եվրոպական կոնֆերանսը (հունիսի 23)։ Բայց Բարձր Դռան դանդաղկոտությունը, Ֆրանսիայի զինված միջամտության անտրամադրվածությունը և Արաբիի ավելի ու ավելի համարձակ գործելաոճը շուտով Անգլիային ստիպեցին ավելի ակտիվ գործելակերպի անցնել։ Հուլիսի 6-ին անգլիական կառավարությունը Արաբիի-փաշային պահանջ ուղարկեց՝ դադարեցնել ամրոցաշինական աշխատանքները, որոնք նա սկսել էր Ալեքսանդրիայում, և քանի որ Արաբին այդ պահանջն անուշադրության մատնեց, ապա հուլիսի 11-ին բրիտանական նավատորմը ծովակալ Սեյմուրի ղեկավարությամբ կրակ բացեց ալեքսանդրիական ամրոցների վրա։

Հուլիսի 13-ին Արաբին լքեց քաղաքը, որն ամբոխը հրդեհել էր։ Ալեքսանդրիան գրավելով, անգլիացիներն իրենց ուժերն ուղղեցին Արաբիի դեմ։ Եգիպտոս ուղարկվեց ամենանշանավոր անգլիացի զորավար Գարնետ Ուելսլին (Garnet Joseph Wolseley), որն արդեն օգոստոսի 13-ին Թել էլ Կեբիրում փայլուն հաղթանակ տարավ Արաբին փաշայի նկատմամբ։ Վերջինս գերի հանձնվեց և տեղափոխվեց Ցեյլոն կղզի։

Նստաշրջանի վերջում խորհրդարանական կանոնադրության մեջ ընդունվեցին Գլասթոնի առաջարկված փոփոխությունները։ Նրանցից կարևորագույններն էին այսպես կոչված փակման մասին կանոնները (անգլ.՝ closure), որոնցով նախագահն իրավունք ուներ մեծամասնության համաձայությամբ քննարկումները ավարտված ճանաչել և այսպես կոչված, հատուկ հարցերը, որոնք մինչ այդ քննարկվել էին պալատի ամբողջական նիստում, մեծ կոմիտեների (անգլ.՝ grand committees) նախնական մշակմանը փոխանցել։ Այդ երկու որոշումներով մեծապես սահմանափակվում էին խոսքի ազատության չարաշահման հնարավորությունները։ Նախարարության կազմում տեղի ունեցան կարևոր փոփոխություններ։ Բրայթը անհապաղ հրաժարական տվեց Ալեքսանդրիայի ռմբակոծությունից անմիջապես հետո։ Գլադսթոնն իր ֆինանսների պորտֆելը զիջեց Չայլդերսին, մնալով միայն առաջին նախարարի պաշտոնում, և կաբինետը համալրվեց նոր անդամներով. լորդ Դերբին, որը բացահայտ անցել էր լիբերալների ճամբարը, և Չարլզ Դիլքը, որը պատկանում էր կուսակցության ռադիկալ թևին։

1883 թվականի նստաշրջանին նախարարությունը դեռևս մեծամասնություն էր կազմում համայնքների պալատում։ Պայթուցիկ նյութերի արտադրության և վաճառքի դեմ օրենքը երկու պալատներում անցավ միևնույն օրը։ Շնորհիվ նոր խորհրդարանական կանոնադրության հիման վրա ընտրված մեծ հանձնաժողովների, պալատն անսովոր արագությամբ ընդունեց նախարարության առաջարկած օրենքները՝ անվճարունակության մասին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ կատարվող չարաշահումների մասին և գյուտարարների իրավունքների խոչընդոտումների մասին օրենքները։ Ճիշտ նույն կերպ էլ ընդունվեց, թեև ոչ առանց դիմադրության, անգլիացի և շոտլանդացի ֆերմերների կենցաղի բարելավման մասին օրենքը։ 

Իռլանդիայի գործերը նախկինի նման էին ընթանում։ Թե որքան հեռու էր ձգվել ֆենիների դավադրությունների ցանցը, ապացուցել է Քերիի սպանությունը, որը գլխավոր վկաներից մեկն էր Փյունիկ այգում կատարված մարդասպանների դեմ վարույթում. նա սպանվել է բրիտանական շոգենավում հենց այն պահին, երբ պատրաստվում էր իջնել աֆրիկյան ափ։

 
Գեներալ Գորդոնի մահը Խարթումի անկման ժամանակ (1893 թ.)

Եգիպտոսում գործերը բարդացել էին Սուդանում բռնկված անկարգությունների հետևանքով։ Դեռևս 1882 թվականին այնտեղ առաջացել էր ազգային-կրոնական շարժում, որը գլխավորում էր մահդի (մարգարե) Մոհամմեդ-Ահմեդը։ 1883 թվականի նոյեմբերի 1-ին նա ամբողջությամբ ջախջախեց եգիպտական բանակը, որը ղեկավարում էին անգլիացի սպաները, իսկ մի քանի օր անց Սուակիմի մոտ դաժան պարտություն կրեց մեկ այլ ջոկատ։ Զայրույթի պայթյունը, որով բռնկվել էր ամբողջ ազգը, Գլադսթոնին պարտադրել էր համաձայնվել, որ որպես գեներալ-նահանգապետ Սուդան ուղարկեր գեներալ Գորդոնին։ Գորդոնն անմիջապես շտապեց իր նշանակման վայրը, բայց զորքով ու փողով ապահովված չէր։ Անգլիացի Բեքերի գլխավորած եգիպտական բանակը գլխովին կոտորվեց (1884 թվականի փետրվարի 11-ին) Օսման Դիգմայի կողմից Էլ Թեբեի մոտակայքում, իսկ ինքը՝ Գորդոնը ստիպված էր փակվել Խարթումում, առանց պրովիանտի և դավաճաններով լցված կայազորով։ Ամբողջ ժողովուրդը պահանջում էր, որ քաջ գեներալը բախտի քմահաճույքին լքված չմնա, և նախարարությունը որոշեց նրան օգնության ուղարկել գեներալ Վոլսլեյին։ Բայց նախքան նոր բանակի առաջավոր ջոկատը կհասներ Խարթում, քաղաքը սովի մատնվելով հանձնվեց, Գորդոնը սպանվեց (1885 թվականի հունվարի 26-ին)։ Վոլսլեյը նահանջի հրաման ստացավ։ Մայիսի վերջին բոլոր անգլիացի ռազմական ուժերը հետ վերադարձան Վերին Եգիպտոս։

Եթե, չնայած եգիպտական գործերի քիչ հուսադրող ելքին, պալատը մերժել էր նախարարությանը պարսավելու թորիների առաջարկը, ապա դա բացատրվում է նրանով, որ ներքին քաղաքականության մի շարք բարեփոխումներով Գլադսթոնը կարողացել էր վստահելի կողմնակիցներ ձեռք բերել ռադիկալների շրջանում։ Այդ բարեփոխումների թվում առաջին տեղը զբաղեցրել էր նոր ընտրական օրենքը, որը վերացնում էր գյուղական և քաղաքային ընտրողների միջև եղած տարբերությունը և ընտրական իրավունք էր տրամադրում կոմսության յուրաքանչյուր բնակարան վարձակալողին։ Դեռ ավելին, ընտրական իրավունք շնորհվեց սպասավորներին, որոնք տիրապետում էին 10 ֆունտ ցենզի։ Այսպիսով, առաջացան 2 մլն նոր ընտրողներ։ Ստորին պալատն այդ օրինագիծն ընդունել էր 1884 թվականի հունիսի 26-ին, բայց վերին պալատը որոշեց չանցնել երկրորդ ընթերցմանն այնքան ժամանակ, մինչև նախարարությունը չմտցնի ընտրատարածքների բաշխման մասին իր օրինագիծը։ Գլադսթոնը չհամաձայնվեց այդ պահանջի հետ։

Լրատվության հարձակումների ազդեցությամբ լորդերը զիջեցին. նրանք ընդունեցին ընտրական օրինագիծը։ Դրանից հետո իրականացավ նաև բարեփոխումների մյուս կեսը. բազմաթիվ փոքր քաղաքներ զրկված էին իրենց հատուկ պատգամավորն ունենալու իրավունքից, մեծ քաղաքների ներկայացուցիչների թիվն ավելացվել էր, կոմսությունները բաժանվել էին մոտավորապես հավասար բնակչության քանակով ընտրատարածքների։ Գլադսթոնի նվազ հաջողություններն օտարերկրյա քաղաքականության ասպարեզում, իսկ մյուս կողմից, նրա կանխատեսողականությունը ռադիկալների և իռլանդական ինքնավարականների նկատմամբ արդեն վաղուց նրան օտարել էին չափավոր վիգերից։ Դա հանգեցրեց նրան, որ երբ 1885 թվականի հունիսի 3-ին բյուջեի հետ կապված, Գիկս Բիչը կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձև ներկայացրեց, կառավարությունը պարտություն կրեց և հրաժարական տվեց։

Թորիների ղեկավար մարքիզ Սեսիլ Սոլսբերիին հանձնարարվեց նոր կառավարության կազմել։ Սոլսբերին ընդունեց արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նորթկոտը, որն այդ ժամանակ Իդդեսլիի լորդ տիտղոսով անցել էր վերին պալատ, դարձավ գաղտնի խորհրդի նախագահ, Գիկս Բիչը ստացավ ֆինանսների ղեկավարի պաշտոնը, իսկ լորդ Չերչիլը (1849-1895)՝ Հնդկաստանի հարցերով նախարարի պաշտոնը։

Նոր կառավարությունը բավականին հաջող արտաքին քաղաքականություն է վարել. Գերմանիայի նկատմամբ հարաբերությունները, որոքն խախտվել էին վերջինիս Աֆրիկայում ունեցած հաջողություններով, բարելավվեցին, աֆղանական սահմանի վերաբերյալ Ռուսաստանի հետ անհամաձայնությունը հարթվեց, գեներալ Պրենդերգաստը գրավեց Բիրման, և արդեն, 1886 թվականի հունվարի 1-ին Հնդկաստանի փոխարքան հռչակեց Բրիտանական կայսրությանը Բիրմայի միացման մասին։

Մինչդեռ, 1885 թվականի դեկտեմբերի սկզբին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, ընտրական նոր օրենքի հիման վրա, որով լիբերալները զգալի թվով ձայներ ստացան շնորհիվ գյուղաբնակ ընտրողների աջակցության, որոնք այդպիսով արտահայտեցին իրենց երախտագիտությունը Գլադսթոնին և նրա ընկերներին՝ քաղաքական իրավունքներ շնորհելու համար։ Ընդհանուր առմամբ ընտրվել էր 333 լիբերալ, 251-թորի և 86 իռլանդական ինքնավարականներ։ Խորհրդարանում իռլանդացիները միացան Գլադսթոնի ընկերների հետ, և արդեն 1886 թվականի հունվարի 26-ին Սալիսբերիի կաբինետը պարտություն կրեց հասցեների վերաբերյալ։ Թորին հրաժարական տվեց։

Քանի որ չափավոր վիգերը, ինչպես լորդ Հարթինգթոնը և Գոշեն, մի կողմ քաշված էին մնում, ապա կաբինետը կազմվեց առավելապես Գլադսթոնի ընկերներից և ռադիկալներից. լորդ Ռոսբերի, Չայլդերս, Մորլեյ, Չեմբեռլեն։ Գլադսթոնը Իռլանդիային հանգստացնելու համար ստորին պալատի քննարկմանն երկու օրինագիծ ներկայացրեց անհապաղ։ Դրանցից մեկը նախատեսում էր ետգնման կամ փոխհատուցման գործողությամն օգնությամբ խոշոր հողատիրական սեփականությունը, որը բացառապես անգլիացիների ձեռքում էր, գյուղացիական ազատ տիրապետման հանձնել, իսկ մյուսը նախատեսում էր հիմնել Իռլանդիայի ազգային կառավարություն և հատուկ ժողովրդական խորհրդարան։ Նոր իռլանդական խորհրդարանը պետք է բաղկացած լիներ 2/3 ընտրովի անդամներից և 1/3 -ը անգլիական կառավարության կողմից նշանակվող անդամներից։ Այն պետք է վարեր բոլոր գործերը, որոնք վերաբերում են Իռլանդիային, բացառությամբ օտարերկրյա քաղաքականության, մաքսային և ռազմական հարցերի։ Դրա դիմաց իռլանդական անդամները զրկվում էին Միացյալ թագավորության խորհրդարանում իրենց տեղերից։

Այս վերջին օրինագիծը կատաղի ընդդիմության հանդիպեց երկրում. նրա դեմ ապստամբեցին ոչ միայն պահպանողականները, այլև չափավոր վիգերը լորդ Հարթինգթոնի գլխավորությամբ։ Նույնիսկ շատ ծայրահեղականներ ընդդեմ օրենքի արտահայտվեցին, որի հետևանքը կլիներ Իռլանդիայի և Անգլիայի միջև այդքան հեռուն գնացող տարանջատումը։ Չեմբերլենը դուրս եկավ կաբինետից իր ընկերոջ՝ Տրեվելյանի հետ միասին։ Իռլանդիայի ինքնավարության մասին օրենքը մերվժեց ստորին պալատի կողմից (հունիսի 7) մեծամասնությամբ՝ 341 ձայնը ընդդեմ 311 ձայնի։ Գլադսթոնը հույսը երկրի վրա էր դրել, բայց չափազանց բորբոքված ընտրական պայքարից հետո, 1886 թվականի հուլիսին ժողովուրդը արտահայտվել է նախարարության դեմ։ Նոր խորհրդարանում, 86 իռլանդական ինքնավարականներից բացի, ընդգրկվեցին Գլադսթոնի ընդամենը 191 կողմնակից, այն դեպքում, երբ թորին ստացավ 317 տեղ, իսկ լիբերալ յունիոնիստները (British unionism)՝ 76 տեղ։

Քանի որ Հարթինթոնը հրաժարվել էր դառնալ կաբինետի անդամ, ապա Սալիսբերին կազմեց զուտ թորիական նախարարություն, ի դեպ, որի անդամներն էին լորդ Իդդեսլին, Գիկս Բիչը, լորդ Չերչիլը և Կրենբրուկը։ Իռլանդիան Գլադսթոնի նախարարության գահավիժմանը պատասխանել է ագրարային նոր հանցագործություններով և փողոցային անկարգություններով։ Դիլլոնը և Օ'Բրիենը, որոնք առաջնորդում էին ազգային լիգան, որն առաջացել էր նախկին հողային լիգայի փոխարեն, ամենուր հավաքագրում էին իրենց "նոր արշավանքի ծրագրի" կողմնակիցների։ Այդ պլանով նախատեսվում էր լիգայի կողմից նշանակել վստահված անձանց՝ Իռլանդիայի յուրաքանչյուր մասնավոր կալվածքում վարձավճարի հաստատման համար։ Եթե կալվածատերերը չհամաձայնվեին այդ վստահված անձանց գնահատականներին, ապա վարձակալողները պետք է ընդհանրապես դադարեցնեին վարձավճարի վճարումը։ Իռլանդական պատգամավորները փորձում էին կառավարության համար դժվարություններ ստեղծել ստորին պալատում, սակայն Պարնելլի ուղղումը մերժվեց իր հողային օրինագծի հետ միասին, որով ենթադրվում էր նվազեցնել վարձավճարը 50% - ով։

1886 թվականի վերջում և 1887 թվականի սկզբին նախարարությունում տեղի են ունեցել որոշ փոփոխություններ։ Նախ, անսպասելիորեն հրաժարական է տվել լորդ Չերչիլը։ Նրա տեղը առաջարկվել է լիբերալ յունիոնիստների առաջնորդ լորդ Հարնինգթոնին, որն ինքը հրաժարվել է ընդունել պաշտոնը, բայց համոզել է իր ընկերոջը՝ Գոշենին, մտնել նախարարություն՝ որպես գանձապետարանի կանցլեր։ Դրանով էլ սկսվել է չափավոր վիգերի հետ մերձեցումը։ Այնուհետև նախարարությունից դուրս են եկել լորդ Իդդեսլին և Գիկս Բիչը։ Վերջինիս տեղը զբաղեցրել է Բալֆուրը՝  Սոլսբերիի ազգականը։ 

Իռլանդիայի անկարգությունները կառավարությանը ստիպել են 1887 թվականի մարտի վերջին նոր զսպող օրենքի նախագիծ առաջադրել։ Չնայած Գլադսթոնի կողմնակիցների և իռլանդական պառլամենտի անդամների ուժեղ ընդդիմությանը, նախարարության առաջարկությունը ստացել է մեծամասնություն և ուժի մեջ է մտել 1887 թվականի հունիսից։

1887 թվականի օգոստոսին իռլանդական ազգային լիգան փակվել է՝ որպես վտանգավոր միություն, իսկ նրա բաժինները լուծարվել են։ Դրա հետևանքով նոր վրդովմունքներ են առաջացել։

Ապրիլին Լոնդոնում բացվել է բոլոր բրիտանական գաղութների կայսերական կոնֆերանսը (անգլ.՝ Imperial conference)  գաղութների և մետրոպոլիաների միջև սերտ կապել հաստատելու նպատակով։

Արտաքին քաղաքականության ոլորտում Ֆրանսիայի հետ առաջացել է անհամաձայնություն Նոր Հեբրիդներ (англ. New Hebrides) կղզիների համար, որը շուտով հարթվել է։ Ռուսաստանի հետ տեղի է ունեցել թյուրիմացություն աֆղանական սահմանների հարցերով և բուլղարական գործերով։ Երբ բուլղարացիները իրենց երկարատև միջթագավորություններից հետո բուլղարաց իշխան ընտրեցին Ֆերդինանդ Կոբուրգցուն, պետերբուրգյան կաբինետը դիմել է Բարձր Դռանը՝ պահանջելով ընդունել այդ ընտրության անօրինականությունը։ Բայց Անգլիան, որին աջակցում էր Ավստրիան և Իտալիան, հրաժարվել են միանալ այդ պահանջին, և 1888 թվականի ապրիլին թագուհի Վիկտորիայի հանդիպումը Ֆրանց Իոսիֆ կայսեր հետ, ըստ երևույթին, ազդել է այն բանի վրա, որ Ավստրիան և Անգլիան ընդդեմ Ռուսաստանի դիրք են ընդունել բուլղարական հարցում։

Իռլանդիայում, չնայած հատուկ օրենքներին և արտակարգ դատարաններին, ագրարային անկարգությունները չեն դադարել։ Ուժեղ գրգռում է առաջացրել երկրում Հռոմեական կուրիայի  (лат. Curia Romana) հայտարարությունը (1888), որը կտրուկ արտահայտություններով դատապարտել է բոյկոտելու համակարգը։ Իռլանդացիները պատասխանել են, որ իրենք մտադիր չեն փոխառել իրենց քաղաքականությունը ոչ Իտալիայից, ոչ էլ Անգլիայից, և կտրականապես հրաժարվել են դադարեցնել Հռոմի պապի կողմից պախարակվող բռնության միջոցները։ Օգոստոսին խորհրդարանը քննարկել է Պարնելի նկատմամբ դատ նշանակելու մասին առաջարկը, որին  "Times" թերթը մեղադրում էր Կևենդիշի և Բորկի սպանողների հետ համագործակցելու մեջ։ Պարնելլը, խորհրդարանի կողմից նշանակված հանձնաժողովի որոշմանը չսպասելով, "Թայմսի" դեմ զրպարտության դատական հայց ներկայացրեց։ Պիգոտը, որը "Թայմսին" տրամադրել էր Պարմելլին  վարկաբեկող նամակներ, խոստովանել է կեղծիքը և կյանքին վերջ է տվել ինքնասպանությամբ (1889 թվականի փետրվարին)։

Պարնելլի վարույթը "Թայմսի" հետ խորը տպավորություն է գործել երկրում։ Դրան հաջորդած մի շարք մասնավոր ընտրությունները ցույց են տվել, որ թորիների կաբինետն ավելի ու ավելի է կորցնում հողը ոտքերի տակ։ Պարնելլի գործի նոր վարույթը, որը բացահայտել է դատապարտելի ապօրինի կենակցությունը ամուսնացած կնոջ հետ (որի հետ, ի դեպ, նա հետո ամուսնացել է), նրանից հեռացրեց Գլադսթոնի կողմնակիցներին և պառակտում առաջացրեց հենց իռլանդական ինքնավարականների ներսում, որոնք պահանջեցին, որպեսզի Պարնելլը ժամանակավորապես հրաժարվի կուսակցության ղեկավար լինելուց և, ընդհանրապես, խորհրդարանական գործունեությունից։ Կարևորագույն ներքին միջոցառումը, որով նշանավորվել է պահպանողական նախարարության վերջին տարիների ղեկավարությունը, եղել է ավելի ժողովրդավարական հիմունքներով տեղական ինքնակառավարման ձևավորումը։

 
Մեծ Բրիտանիայի քարտեզը 1900 թվականին

Այս նոր օրենքը ուժի մեջ մտավ 1889 թվականի ապրիլի 1-ին։ Նույն թվականին հիմնադրվեց երկրագործության հատուկ նախարարություն։ 1890 թվականին իռլանդական վարձակալներին հատկացվեց 33 մլն ֆունտ ստեռլինգ իրենց վարձակալված տարածքները գնելուն աջակցելու համար։ 1891 անցկացվեց նոր օրինագիծ, որը նույն նպատակին էր ուղղված և որը տրամադրվում էր այն վարձակալներին, որոնք հարկադրաբար հեռացվել էին ռենտան վճարելու միջոցներ չունենալու պատճառով, որ հնգամյա ժամկետի ընթացքում վաճառեն իրենց վարձակալության իրավունքը այլ անձանց։ Պահպանողական մեծամասնությունը համայնքների պալատում թեև նվազեց (ի նպաստ լիբերալների առանձին ընտրություններով), բայց դեռ այնքան ուժեղ էր, որ խոչընդոտում էր արմատական բարեփոխումներ ընդունելուն, ինչպես, օրինակ, անվճար տարրական ուսուցումը, որը մերժվեց (1890 թվականի փետրվար) մեծամասնությամբ՝ 223 ձայն ընդդեմ 163-ի։ Բյուջետային մնացորդներն ուղղվեցին, սակայն, ժողովրդական կրթության զրգացմանը և ժողովրդական ուսուցիչների դրության բարելավմանը։ Թագուհու խնդրանքը՝ իր թոռների ապրուստի համար հատուկ գումարներ նշանակել (Ուելսի արքայազնի որդին և դուստրը), հակազդեցության հանդիպեց արմատական կուսակցության առաջնորդներ Լաբուշերի և Մորլեյի կողմից։ Համայնքների պալատը համաձայնվեց միայն որոշ չափով ավելացնել այն միջոցները, որոնք հատկացվում էին անձամբ թագուհուն (1889 թվականի օգոստոս)։

Ինչպես 1889 թվականին, այնպես էլ 1890 թվականին Լոնդոնում ու Անգլիայի մյուս խոշոր քաղաքներում տեղի ունեցան աշխատավորների խոշոր գործադուլներ։ 

Անգլիական զորքերը մասնակցեցին դերվիշների պարտությանը, որոնք հարավից ներխուժել Եգիպտոսի սահմաններ։

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև անհամաձայնություններ ծագեցին Բերինգի ծովում ազատ նավարկելու պատճառով, Ֆրանսիայի և Անգլիայի միջև՝ Նյուֆաունդլենդի մոտ ձկնորսության համար (1890)։ Անգլիան ճանաչեց Ֆրանսիայի իրավունքը Մադագասկարի նկատմամբ, Ֆրանսիան՝ Անգլիայի իրավունքը Զանզիբարիր նկատմամբ (համաձայն 1890 թվականին Գերմանիայի հետ Զանզիբարի պայմանագրի

1899 թվականին սկսվեց անգլո-բուրական պատերազմը։

Պայքար Աֆրիկայի համար

խմբագրել

Անգլիայի և Գերմանիայի միջև երկու տերությունների հարավ-աֆրիկյան տարածքների հարցով վաղեմի թյուրիմացություններին վերջ դրվեց 1890 թվականի հուլիսի 1-ի պայմանագրով, ըստ որի՝ Գերմանիան Անգլիային մեծ զիջումներ արեց Աֆրիկայում, բայց փոխարենը Անգլիայից ստացավ Հելգոլանդ կղզին։

Աֆրիկայում էլ Պորտուգալիայի և Անգլիայի միջև հակասությունների առիթներ եղան, որը մի ժամանակ սպառնում էր պատերազմի վերաճել։

Այս հոդվածում օգտագործված են Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանի (1890—1907) նյութերը:

Վիկտորյանական բարոյականություն

խմբագրել
 
Բրիտանական թագավորական ընտանիք
ձախից աջ` Արքայազն Ալֆրեդ և Ուելսի Արքայազն Էդուարդ,Թագուհի ու արքայադուստրեր Ալիսա, Ելենա և Վիկտորյա
Դիմանկար` Ֆրանց Քսավեր, 1846

Վիկտորյական դարաշրջանում հասարակության մեջ գերակշռում էին միջին դասի արժեքները, որոնց դավանում էր ինչպես անգլիկան եկեղեցին, այնպես էլ հասարակության բուրժուական վերնախավը։ Միջին դասի արժեքները և էներգիան վիկտորյական դարաշրջանի բոլոր ձեռքբերումների հիմքն են հանդիսացել։

Զգաստությունը, ճշտապահությունը, աշխատասիրությունը, տնտեսումն ու տնտեսվարությունը գնահատվել են մինչև Վիկտորյայի իշխանությունը նույնպես, սակայն, հենց այս դարաշրջանում այդ որակները դարձան գերիշխող նորմ։ Որպես օրինակ հենց ինքը՝ թագուհին էր. նրա կյանքը, մինչև վերջ ենթարկվեց պարտքին և իր ընտանիքին՝ էապես տարբերվելով իր երկու նախորդներից։ Ազնվականության մեծ մասը հետևում էր նրա օրինակին, հրաժարվելով նախորդ աչք զարնող ապրելակերպից։ Այդպես էին վարվում նաև որակավորում ունեցող աշխատավոր դասակարգի մի մասը։

Միջին խավի ներկայացուցիչները վստահ էին, որ բարգավաճումը առաքինության դիմաց պարգևատրություն է, և հետևաբար, անհաջողակները արժանի չեն ավելի լավ ճակատագրի։ Սակայն ընտանեկան կյանքի ծայրահեղության հասնող պուրիտանությունը վիկտորյական դարաշրջանում ծնեց մեղքի զգացում և կեղծավորություն[47]։

Վիկտորիական արվեստ և գրականություն

խմբագրել
 
Արթնացած ամոթխածություն
նկարիչ` Ուիլյամ Հոլման Հանտ (1853)

Վիկտորիական դարաշրջանի բնորոշող գրողներից են Չարլզ Դիքենսը, Ուիլյամ Թեքերեյը, Էնթոնի Թրոլոփ, Բրոնտե քույրերը, Կոնան Դոյլը, Ռեդյարդ Կիպլինգը և Օսկար Ուայլդը, բանաստեղծներից են՝ Ալֆրեդ Թեննիսոն, Ռոբերտ Բրաունինգը և Մեթյու Առնոլդը, նկարիչներից էին պրեռաֆայելիտները։

Վիկտորյական դարաշրջանում ձևավորվեց և ծաղկում ապրեց բրիտանական մանկական գրականությունը, որին բնորոշ էր պարզ դիդակտիկայից մինչև անիմաստության և «վնասակար խորհուրդների» հասնելը. Լուիս Քերոլ, Էդվարդ Լիր, Ուիլյամ Ռենդս։ Այս դարաշրջանի ուղղություններից մեկն էլ այն նկարչությունն էր, որն արտացոլում էր այդ դարաշրջանի անգլիական գրական հեքիաթների զարգացումը` Վիկտորյական հեքիաթային գեղանկարչություն (ներկայացուցիչները՝ Ռիչարդ Դադ, Ջոն Անստեր Ֆիցջերալդ, Մարկ Լանցելոտ Սիմոնս

Վիկտորյական ճարտարապետություն

խմբագրել

Ճարտարապետության բնագավառում վիկտորյական դարաշրջանը նշանավորվել է հետադիմական էկլեկտիկայի համընդհանուր տարածմամբ (էկլեկտիզմ), հատկապես նեոգոթիկայի։ Անգլախոս երկրներում էկլեկտիկայի ժամանակահատվածը նշելու համար օգտագործվում է վիկտորյական ճարտարապետություն տերմինը։

Տես նաև

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Plunkett, John; et al., eds. (2012). Victorian Literature: A Sourcebook. Houndmills, Basingstoke: Palgrave Macmillan. p. 2.
  2. 2,0 2,1 Martin Hewitt (bio). «Why the Notion of Victorian Britain Does Make Sense».
  3. Тревельян Дж. М. История Англии от Чосера до королевы Виктории. — Смоленск: Русич, 2001. — С. 536.
  4. John Wolffe (1997). Religion in Victorian Britain: Culture and empire. Volume V. Manchester University Press. էջեր 129–30.
  5. Dixon, Nicholas (2010). «From Georgian to Victorian». History Review. 2010 (68): 34–38.
  6. Ewans, Martin (2004). «The Great Game: Britain and Russia in Central Asia, Volume 1, Documents». RoutledgeCurzon, Oxon. UK, ISBN 0415316391.
  7. L. James. Rise & Fall of the British Empire. - 1995. - էջ 165.
  8. Rein Taagepera (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia". International Studies Quarterly41 (3): 492–502. JSTOR 2600793. doi:10.1111/0020-8833.00053.
  9. William IV Պաշտոնական կայք (անգլ.)
  10. 10,0 10,1 10,2 Political Parties and Election Results
  11. E. L. Woodward. The Age of Reform, 1815–1870 (1938), էջեր 120-145, 325-330, 354-357
  12. Boyd Hilton A Mad, Bad, and Dangerous People?: England 1783-1846 (2006), էջ 500.(անգլ.)
  13. Fernand Ouellet LAMBTON, JOHN GEORGE, 1st Earl of Durham Dictionary of Canadian Biography, vol. 7 University of Toronto/Université Laval, 1988
  14. Reid, John (1835). Sketch of the Political Career of the Earl of Durham. Glasgow: John Reid & Co. էջեր 400 p.
  15. Lord Durham
  16. Durham, 1839: "Report on the Affairs of British North America", bound with several appendices that do not appear on this particular link
  17. R. Douglas Francis, Richard Jones, Donald B. Smith (1996). Origins: Canadian History To Confederation. Toronto: Harcourt Brace Canada
  18. The Carrickshock Incident, 1831: Social Memory and an Irish cause ce´le`bre1 Tracey Family, an Irish Family History. The Journal of the Social History Society.
  19. Church and state - Ireland/Tithes - Ireland
  20. The Tithe Commutation Act 1836
  21. Church of Ireland
  22. Cornelius Brown True Stories of the Reign of Queen Victoria, 1837-1897
  23. Gammage, R. G. History of the Chartist Movement : 1837-1854 / Robert George Gammage. — Newcastle-on-Tyne : Browne & Browne, 1894. — 496 p.
  24. Charlton, John, The Chartists: The First National Workers' Movement (1997)
  25. 25,0 25,1 «Колпаков А. Д. Чартистский социализм конца 30-х — начала 40-х годов XIX в. / История социалистических учений: сб.статей памяти акад. В. П. Волгина (М.Наука. 1964. С.285-307)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  26. ЧАРТИЗМ (из книги Ч.Поулсена "Английские бунтари"
  27. «АНГЛО-АФГАНСКИЯ ВОЙНЫ». Военная энциклопедия Сытина.
  28. Rappaport, Helen (2003). «Queen Victoria: A Biographical Companion. Santa Barbara, California:». ABC-CLIO. pp. 62–64. ISBN 1851093559. Retrieved 18 December 2015.
  29. Paton, Andrew Archibald (1870). A History of the Egyptian Revolution, from the Period of the Mamelukes to the Death of Mohammed Ali (PDF). Vol. II (2nd ed.). Trübner & Co. էջ 133. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  30. «Blackwood's Edinburgh Magazine January–June 1841».
  31. МУХАММЕД АЛИ Энциклопедия Кругосвет
  32. Richard A. Gaunt. «Sir Robert Peel: The Life and Legacy».
  33. Marjie Bloy. Catholic Emancipation
  34. [1] (օրինագծի տեքստը) (անգլ.)
  35. «Official Report of debates in Parliament». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  36. Ակտի բնօրինակ տեքստը իր ընդունման պահի տեսքով
  37. Irish Famine Curriculum Committee (1998) The Great Irish Famine
  38. «First Anglo-Sikh War». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 9-ին.
  39. Affair of the Spanish Marriages Encyclopædia Britannica (անգլ.)
  40. «Հնդկաստանի կառավարության 1858 թվականի օրենքը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 20-ին.
  41. Adams, Ephraim Douglass (1924), «"VII: The Trent"», Great Britain and the American Civil War, vol. 1, Longmans Green, Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին
  42. «The Trent Affair».
  43. Ferris, Norman B. The Trent Affair: A Diplomatic Crisis (1977) standard history
  44. [2] Արխիվացված 2015-09-25 Wayback Machine ABYSSINIAN ADVENTURE 1868
  45. «ARBITRATION». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  46. Guide to the Edwin H. Abbott papers MSS.0001
  47. «Introduction into Victorian Morality - What exactly was the Victorian Era?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյական դարաշրջան» հոդվածին։