Բարոյականություն

բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը,

Բարոյականություն կամ մորալ (լատին․՝ moralitas, լատին․՝ mores բարքեր), բարոյագիտության ուսումնասիրության օբյեկտ, հասարակական գիտակցության ձևերից մեկը, սոցիալական հասկացություն, որ կատարում է մարդկանց վարքի կարգավորման ֆունկցիա հասարակական կյանքի առանց բացառության բոլոր բնագավառներում։

Ստուգաբանություն խմբագրել

Մորալ կամ բարոյականություն բառը ներմուծվել է Ցիցերոնի կողմից։ Լատիներեն mores նշանակում է հասարակական բարքեր, չգրված կանոններ[1]։

Տարբերությունն այլ մասսայական գործունեության մեթոդներից խմբագրել

Իր պահանջների հիմնավորման և իրագործման եղանակով բարոյականությունը տարբերվում է մասսայական գործունեության ձևավորման մյուս մեթոդներից (իրավունքից, արտադրական–վարչական կարգապահությունից, պետական դեկրետներից, ժողովրդական ավանդույթներից և այլն)։ Բարոյականության մեջ հասարակական անհրաժեշտությունը հասարակության կամ հասարակարգերի պահանջմունքները, շահերը արտահայտվում են տարերայնորեն ձևավորված և ընդհանուր ճանաչում գտած պատվիրանների ու գնահատականների ձևով, որոնք ամրապնդվում են մասսսայական օրինակի, սովորույթի, ավանդույթի, հասարակական կարծիքի ուժով։ Ուստի բարոյականության պահանջներն ընդունվում են անդեմ պիտոյականության ձև, հավասարապես բոլորին ուղղված, բայց ոչ մեկից չելնող հրամանի, պատվիրանի ձև։ Այդ պահանջները հարաբերականորեն կայուն բնույթ են կրում։

Ընդունված կարգի ուժով պահպանվող հասարակ սովորույթից կամ ավանդույթից դրանք տարբերվում են նրանով, որ ստանում են գաղափարական հիմնավորում այն պատկերացման ձևով, թե ինչպես է պատշաճ մարդուն ապրել ու վարվել։

Ի տարբերությունիրավունքի՝

  • ամեն մեկի կողմից բարոյական պահանջների կատարումը վերահսկվում է բոլորի կողմից, ընդ որում այս կամ այն անհատի բարոյական հեղինակությունը կապված չէ որևէ պաշտոնական լիազորության հետ
  • բարոյականության պահանջները սանկցիա են ստանում միայն հոգևոր ներգործության ձևերով (հասարակական գնահատական, կատարված արարքների հավանում կամ դատապարտում)։

Դրանով պայմանավորված է բարոյականության մեջ հասարակական գիտակցության մեծ դերը, քան սոցիալական հսկողության մյուս ձևերի դեպքում, ընդ որում այդ գիտակցությունը կարող է արտահայտվել ինչպես հասկացությունների ու դատողությունների ռացիոնալ ձևերով, այնպես էլ զգացմունքների, մղումների, հակումների էմոցիոնալ ձևերով։

Անհատի բարոյական գիտակցություն խմբագրել

Հասարակական գիտակցությունից բացի բարոյականության մեջ պակաս դեր չի խաղում անհատական գիտակցությունը։ Հիմնվելով հասարակության կողմից մշակված բարոյական պատկերացումների վրա, յուրացնելով դրանք դաստիարակության պրոցեսում՝ անհատը կարող է զգալիորեն ինքնուրույն կերպով կարգավորել իր վարքը և դատել իր շուրջը տեղի ունեցող ամեն ինչի բարոյականության մասին։ Դրա շնորհիվ բարոյականության մեջ նա հանդես է գալիս ոչ միայն որպես սոցիալական վերահսկողության օբյեկտ, այլև որպես նրա գիտակից սուբյեկտ, այսինք՝ որպես բարոյական անհատ, անձնավորություն։ Լինելով հասարակական բարդ գոյացություն, բարոյականությունը ներառում է բարոյական գործունեությունը նրա բովանդակության և պատճառաբանման տեսանկյունից (այն, թե ինչպես է ընդունված վարվել այս կամ այն հասարակության մեջ, շատ մարդկանց վարքը, բարքերը), այդ գործունեությունը կարգավորող բարոյական հարաբերությունները, որ դրսևորվում են պիտոյականության, մարդուն ներկայացնող պահանջների զանազան ձևերով (բարոյական նորմա, պարտք, պատասխանատվություն, արժանապատվություն, խիղճ), այն բարոյական գիտակցությունը, որ արտացոլում է այդ հարաբերությունները համապատասխան պատկերացումների ձևով (նորմաներ, սկզբունքներ, հասարակական և բարոյական իդեալներ, բարի և չար, արդարություն և անարդարություն հասկացություններ)։

Բարոյական գիտակցության այս բոլոր ձևերը միանում, կազմում են տրամաբանորեն կարգավորված մի համակարգ, որը թույլ է տալիս ոչ միայն հանձնարարել, այլև որոշակի ձևով հիմնավորել ու գնահատել բարոյական գործողությունները։ Հասարակական կյանքի տարբեր բնագավառների նկատմամբ բարոյականության մեջ ձևավորվում են հատուկ կանոններ (աշխատանքային բարոյականություն, պրոֆեսիոնալ, կուսակցական էթիկա, կենցաղային, ընտանեկան բարոյականություն)։ Դրանք կազմում են բարոյականության միայն հարաբերականորեն ինքնուրույն բնագավառները, որոնք ունեն մի միասնական հիմնավորում։

Բարոյականություն և էթիկա խմբագրել

Բարոյականության փիլիսոփայությունը հայտնի է որպես էթիկա, որը փիլիսոփայության ճյուղերից մեկն է և ուսումնասիրում է բարոյականության հարցերը։ Սովորաբար էթիկան հանդես է գալիս բարոյականության, մորալի հոմանիշ և երբեմն ավելի նեղ իմաստով նշանակում է որոշակի խմբերի կամ առանձին մարդկանց բարոյական սկզբունքներ և ավանդույթներ[2]։ Սակայն բարոյականություն հասկացությունը առավելապես վերաբերվում է փորձով ձևավորված հայացքների ոլորտին կամ ուսուցանում է անձնական վարքագծի կանոններ (Իմանուիլ Կանտ), իսկ էթիկան առավելապես սկզբունքների համակարգին է վերաբերվում կամ փիլիսոփայությանը և նրա տեսական հիմնավորմանը (Արիստոտել

Ձևավորման պատմական տեսանկյուն խմբագրել

Բարոյականությունը պատմական երևույթ է։ Ծագելով մարդկային հասարակության ձևավորման վաղ աստիճաններում՝ այն զարգանում է տնտեսական և այլ հարաբերությունների փոփոխման, մարդկության նյութական ու հոգևորն կուլտուրայի առաջադիմության ընթացքում։ Համամարդկային տարրերի հետ միասին բարոյականության մեջ մտնում են նաև պատմականորեն անցողիկ և դասակարգային նորմաներ, սկզբունքներ, իդեալներ և այլն։

Դասակարգային բնույթ խմբագրել

Դասակարգերի պառակտված հասարակության մեջ բարոյականությունը անխուսափելիորեն ունենում է դասակարգային բնույթ՝ արտացոլելով դասակարգային պայքարը։ Ամեն մի անտագոնիստական դասակարգային հասարակության մեջ, գոյություն ունեցող հասարակական հարաբերությունները հավաստող, տիրող շահագործողական դասակարգի շահերը հաստատող բարոյականության համակարգի հետ միասին, ձևավորվում է և այնպիսի բարոյականություն, որը ժխտում է առաջինը։ Այն մշակում է ճնշվող դասակարգը, որը պայքարի ելնելով հանուն հասարակության վերափոխման, ազատագրվում է տիրապետող բարոյականության հոգևոր իշխանությունից, ստեղծում է իր բարոյականությունը, որպես հիմք ապագա հասարակության բարոյականության ձևավորման համար։

Այդ տեսակետից սկզբունքային յուրահատկությամբ է օժտված կոմունիստական բարոյականությունը, որը ծագելով որպես պրոլետարիատի դասակարգային բարոյականություն, այնուհետև դառնում է ամբողջության մեջ վերցրած սոցիալիստական հասարակության համաժողովրդական բարոյականություն՝ հետագայում համամարդկային բարոյականություն դառնալու ակնկալիքով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Online etymology dictionary — Առցանց ստուգաբանական բառարան
  2. John Deigh in Robert Audi (ed), The Cambridge Dictionary of Philosophy, 1995.

Աղբյուրներ խմբագրել

Փիլիսոփայական բառարան, Երևան, 1975 թ․

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 334  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարոյականություն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարոյականություն» հոդվածին։