Մանկական գրականություն, գեղարվեստական գրականության ժանր։ Ընդհանուր առմամբ ընդգրկում է հանրամատչելի այն գրական ստեղծագործությունները, որոնք հատկապես գրված են նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների համար։ Մանկական գրականության արմատները գալիս են պատմություններից, երգերից, որոնք մի մասն են ավելի մեծ բանավոր ավանդույթի, որ մեծահասակները կիսում էին երեխաների հետ դեռևս այն ժամանակ, երբ տպագրությունը գոյություն  չուներ։ Դժվար է հասկանալ մանկական գրականության զարգացումը միչև տպագրության ի հայտ գալը։ Նույնիսկ տպագրության լայն տարածումից հետո, շատ դասական «մանկական» պատմվածքներ սկզբնապես ստեղծվում էին մեծահասակաների համար և հետագայում նոր ադապտացվում և, որոշակի փոփոխությունների ենթարկվելով, հարմարեցվում փոքրահասակ լսարանի համար։ 15-րդ դարից սկսած՝ ավելի շատ գրականություն կար՝ հատուկ ուղղված երեխաներին, և հաճախ այդ գրականությունն ընդգրկում էր բարոյական և կրոնական ուղերձ։ 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը հայտնի է որպես «Մանկական գրականության ոսկե դարաշրջան»։ Դարաշրջանն այդպես է կոչվում, որովհետև հենց այդ ժամանակ են լույս տեսել բազում դասական մանկական գրքեր։

Ներածություն խմբագրել

 
Ջ․ Ք․ Ռոուլինգ, 2010

Չկա մեկ լայնորեն օգտագործվող սահմանում մանկական գրականության համար[1]։ Այն կարող է սահմանվել որպես այն ամենը, ինչ կարդում են երեխաները[2]։ Ավելի կոնկրետ՝ այն կարող է սահմանվել որպես գեղարվեստական գրականություն, ոչ գեղարվեստական գրականություն, պոեզիա կամ դրամա, որը նախատեսված է և օգտագործվում է երեխաների և պատանիների կողմից[3][4]։ Մանկական Գրականության Միջազգային Համացանցային Հանրագիտարանը նշում է, որ «ժանրի սահմանները ... ֆիքսված չեն, այլ լղոզված»։ Երբեմն հնարավոր չէ գալ համաձայնության, թե տվյալ գործը ավելի լավ կարելի է դասակարգել որպես մանկական, թե՞ մեծահասակների գրականություն։ Որոշ գործեր շատ բարդ է դասակարգել։ Օրինակ՝ Ջ․ Ք․ Ռոուլինգի «Հարրի Փոթերը» գրվել էր պատանիների համար և հիմնականում վաճառվել նրանց, սակայն գիրքը տարածվեց նաև մեծահասակների շրջանում։ Գրքի մեծ հռչակը հանգեցրեց նրան, որ Նյու Յորք Թայմսը ստեղծեց մանկական բեսթսելլեր գրքերի մի առանձին ցուցակ[5]։

Պատմություն խմբագրել

Վաղ մանկական գրականությունը բաղկացած էր բանավոր պատմություններից, երգերից ու բանաստեղծություններից, որոնք օգտագործվում էին երեխաներին կրթելու, դաստիարակելու և զվարճացնելու նպատակով։ Միայն 18-րդ դարում, երբ «մանկություն» հասկացությունը սկսեց ձևավորվել որպես առանձին գաղափար, սկսվեց մանկական գրականության՝ որպես առանձին գրականության ճյուղ ձևավորումը, իր ուրույն բաժիններով, ակնկալիքներով և կանոններով։ Առաջին այդպիսի գրքերը ուսուցողական, խրատական և հասարակ այբբենարաններ էին, հաճախ զարդարված կենդանիների և բույսերի նկարազարդումներով, ինչպես նաև մարդակերպ տառերով։

1962 թվականին ֆրանսիացի պատմաբան Ֆիլիպ Արիեսը իր «Մանկության դարեր» գրքում փաստում էր, որ մանկության մասին ժամանակակից պատկերացումները ի հայտ են եկել միայն վերջերս։ Նա բացատրում էր, որ անցյալում երեխաներին չէին զատում մեծահասակներից, հետևաբար չէին ցուցաբերում յուրահատուկ մոտեցում նրանց։ Որպես ապացույց նա նշում էր, որ հոգևորականների կողմից գրված ուսուցողական և դիդակտիկ տեքստերից բացի, ինչպիսիսք էին «Բեդա Պատվելի»-ն և «Էլֆրիկ Քերականը»-ը, 18-րդ դարից առաջ չկար որևէ գրականություն՝ գրված հատուկ երեխաների համար։

Վաղ ժամանակակից Եվրոպա խմբագրել

17-րդ դարում Եվրոպայում սկսեց ձևավորվել «մանկություն» հասկացությունը։ Մեծահասակները երեխաներին սկսեցին ընդունել որպես առանձին, անմեղ և պաշտպանության կարիք ունեցող էակներ[6][7]։ 1690 թվականին անգլիացի փիլիսոփա Ջոն Լոքը իր «Էսսե մարդկային ընկալումների մասին» աշխատությունում ներկայացրեց իր «տաբուլա ռասա» տեսությունը, համաձայն որի, մարդու միտքը լույս աշխարհ գալու պահին նման է դատարկ թղթի էջի, որտեղ չկան գրված աշխարհն ընկալելու կանոններ։ Աշխարհընկալման համար անհրաժեշտ կանոններն ու տվյալները ավելացվում են մարդու մտքում միայն մարդու զգայական փորձառության շնորհիվ։ Համաձայն Լոքի առաջադրած տեսության՝ երեխան ծնվում է առանց իր ուղեղում անհրաժեշտ ինֆորմացիա ունենալու, և ծնողի պարտականությունն է երեխային մատուցել ճիշտ ինֆորմացիա։

Լոքը նաև առաջարկեց, որ երեխաների համար ստեղծվեն նկարազարդված գրքեր։

19-րդ դարում որոշ մանկական գրքեր դարձան դպրոցական ծրագրային ընթերցանության նյութեր։ Այդ գրքերի շարքում էին Եզոպոսի և Ժան դե լա Ֆոնտենի առակները և Շառլ Պերոյի  «Մայր սագի հեքիաթներ»-ը (1697)[8]։ Այս տեքստերի հայտնիությունը հանգեցրեց նրան, որ 19-րդ դարում ստեղծվեցին մի շարք մանկական հեքիաթներ  և ֆանտաստիկ ժանրի պատմություններ։ Նորաստեղծ գրքերում արդեն ի հայտ էին գալիս կախարդական օբյեկտներ և խոսող կենդանիներ[8]։ 17-րդ դարում, Ջոն Լոքից բացի, մարդկանց մտածելակերպի և աշխարհընկալման ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեցավ նաև պուրիտանիզմը, որը կարևորում էր անհատի փրկությունը։ Պուրիտանները մտահոգված էին իրենց երեխաների հոգևոր բարեկեցությամբ, ուստի հատուկ երեխաներին ուղղված «Լավ աստվածահաճո գրքեր»-ի հրատարակման մեծ աճ գրանցվեց[9]։ Ամենատարածված և հայտնի գրքերի հեղինակն էր Ջեյմս Ջեյնվեյը, իսկ ամենադիմացկուն գիրքը, որը մինչ օրս պահպանվել և կարդացվում է, Ջոն Բանյանի «Ուխտավորի ճամփորդությունը» (1678) գիրքն է[10]։  

Բրիտանիայում հրատարակվել էին գրպանի բուկլետներ, որոնց էջերը ոչ թե միացված էին թելերով[11], այլ ծալված էին։ Այդ ոչ թանկ բուկլետները, որոնք ստեղծվում էին փայտյա տպագրության միջոցով, հայտնի բալլադներ, պատմական վերապատումներ և ժողովրդական հեքիաթներ վերահրատարակելու միջոց էին[7]։ Չնայած նրան, որ բուկլետները այդ ժամանակ հատուկ հրատարակված չէին երեխաների համար, երեխաները նույնպես հաճույքով և սիրով օգտվում էին այդ փոքրիկ գրքանման բուկլետներից։Անգլիայում այդ ժամանակ հայտնվեցին գրքեր, որոնք երեխաներին տալիս էին հիմնային գիտելիքներ, ինչպիսիք էին այբուբենը և աղոթքները։ 17-րդ դարի կեսերից նույնը սկսեցին անել Ամերիկյան գաղութներում։ Առաջին այդպիսի գիրքը, որը հանգերով է, գրել է պուրիտան Ջոն Քոթոնը, ում «Հոգևոր կաթ Բոստոնի երեխաների համար» գիրքը տպագրվել է 1646 թվականին և տարածվել Անգլիայում և Բոստոնում։ «Նոր Անգլիայի Այբբենարան»-ը առաջին այդպիսի գրքերից է, որ տպագրվել է 1691 թվականին և շուրջ 100 տարի օգտագործվել դպրոցներում երեխաներին կրթելու համար։ Այդ Այբբենարանը սկսվում է հետևյալ կերպ․«Ադամի մեղք գործելուց հետո մենք մեղք գործեցինք» և շարունակվում այբուբենով։ Գիրքը պարունակում էր նաև կրոնական առածներ, հապավումներ, ուղղագրության համար նախատեսված օգնության բաժին և այլ կրթական նյութեր, բոլորը զարդարված փայտյա տպագրության միջոցով։

Իտալիայում «Պենտամերոն» կոչվող ժողովածուն դարձավ առաջին խոշորագույն եվրոպական ժողովրդական հեքիաթների հրատարակված ժողովածուն։ Ֆրանսիայում հեքիաթներ սկսեց գրել Շարլ Պերոն։ Նա հրատարակեց իր առաջին ժողովածուն 1697 թվականին, որը այնքան էլ լավ չընդունվեց ժամանակակից ֆրանսիական կրթված և զարգացած հասարակության կողմից։

Առաջին դանիական մանկական գիրքը գրել է Նիլս Բրեյդեյլը։ Գիրքը կոչվում է «Երեխայի Հայելին»։

Ռուսական առաջին մանկական գրքերը հայտնվել են 16-րդ դարի վերջին[1]։

Արդիական (մոդեռն) ժանրի ծագում խմբագրել

Արդի մանկական գրքերը հայտնվել են 18-րդ դարի կեսին Անգլիայում[12]։ «Փոքր գեղեցիկ գրպանի գրքույկ» -ը, որը գրվել և հրատարակվել է Ջոն Նյուբերիի կողմից, համարվում է առաջին ժամանակակից մանկական գիրքը։ 1744 թվականին հրատարակվելուց հետո այն դարձավ շրջադարձային, քանի որ առաջին մանկական հրատարակությունն էր՝ միտված երեխաներին զվարճացնելու։ Այն պարունակում էր տարբեր բանաստեղծություններ, նկարներով պատմություններ և զվարճալի խաղեր[13][14]։ Նյուբերին հավատում էր, որ խաղն ավելի լավ միջոց է երեխային ճիշտ պահվածք բացատրելու և դաստիարակելու համար, քան մարմնական պատիժը[15]։ Նա նաև կարծում էր, որ երեխայի դաստիարակության համար անհրաժեշտ է, որ երեխան ամեն օր գրի առնի իր վարքագիծը։ Գիրքը փոքր էր և ուներ վառ գունազարդված կազմ, որը գրավում էր երեխաներին և նորություն էր համարվում հրատարակության պատմության մեջ։ Նյուբերիի գաղափարների հիման վրա գրված «նվեր գրքեր»-ը նախատիպը դարձան «խաղալիք գրքեր»-ի, որոնք հայտնի էին 19-րդ դարում։

Մանկական գրքերի որակի լավացման և բազմազան թեմաներով տպագրություններ կատարելու համար Նյուբերին դարձավ իր ժամանակաշրջանի մանկական գրքեր հրատարակող առաջատար մարդկանցից մեկը։ Նյուբերին հրատարակում էր ոչ միայն իր գրքերը, այլ նաև ուրիշներինը, օրինակ, Սամուել Ջոնսոնինը և Օլիվեր Գոլդսմիթինը։

Ժան-Ժակ Ռուսոն մեկ ուրիշ փիլիսոփա էր, որն ազդեցություն է ունեցել մանկական գրականության զարգացման վրա։ Նա փաստում էր, որ երեխային պետք է թույլ տալ, որ նա զարգանա ուրախ և բնական ճանապարհով։ Նրա՝ երեխաների հետաքրքրություններին ուշադրություն դարձնելու առաջարկությունը ազդեց ժամանակակից գրողների վրա։

Ռուսոյի գաղափարները մեծ ազդեցություն ունեցան նաև Գերմանիայում, հատկապես գերմանացի ֆիլանտրոպիստների վրա, որոնք ցանկանում էին փոխել երեխաների կրթությունն ու մանկական գրականությունը։

Ազգային ավանդույթներ խմբագրել

Չինաստան խմբագրել

1911 թվականին Չինաստանի հեղափոխությունը և Երկրորդ համաշխարհային պատերազմը բերեցին քաղաքական և սոցիալական փոփոխությունների, որոնք փոխեցին մանկական գրականությունը Չինաստանում։ Չինաստանի առաջին ժամանակակից հրատարակչական ընկերությունը` «Առևտրային մամուլ»-ը, հիմնադրեց մի քանի մանկական ամսագրեր, որոնցից էին «Երիտասարդական ամսագիր»-ը և «Երեխաներին ուսուցանող նկարներ»[1]։ Առաջին չինացի մանկագիրը Սան Յիշոն էր, ով «Առևտրային մամուլ»-ում խմբագիր էր։ Սան Յիշոնի «Թագավորություն առանց կատվի» պատմվածքը գրվել է ժամանակակից լեզվով, այլ ոչ թե նախկինում կիրառվող դասական ոճով։ Յիշոն նաև խրախուսել է գրող Շեն Դեհոնին գրել երեխաների համար, ով հատուկ երեխաների համար սկսել է վերաշարադրել 28 պատմվածք՝ դասական չինական գրականության հիման վրա։ 1932 թվականին Ժանգ Տիանյին հրատարակեց «Մեծ Լին և փոքր Լին» վեպը, որը առաջին լիարժեք չինական վեպն է՝ գրված երեխաների համար[1]։

Միացյալ թագավորություն խմբագրել

Մանկական գրականությունը զարգացավ, որպես գրականության առանձին կատեգորիա, հատկապես Վիկտորիա թագուհու դարաշրջանում։ Որոշ գործեր դարձան միջազգայնորեն հայտնի, որոնց թվում են Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» և դրա շարունակությունը՝ «Ալիսը հայելու աշխարհում»։ Դարի վերջում կենդանիների կերպարներով հերոսներ ունեցող մանկական գրքերի շնորհիվ հայտնի դարձավ գրող և նկարիչ Բեթրիքս Փոթերը։ 1902 թվականին, երբ Բեաթրիս Փոթերը տասնութ տարեկան էր, նա հրատարակեց «Փիթեր նապաստակի պատմությունը» պատմվածքը։ Այնուհետև նա հրատարակեց 23 գիրք և դարձավ հարուստ կին։

Թղթե կազմերով մանկական գրքերը առաջին անգամ հրատարակվել են Անգլիայում 1940 թվականին[16]։ Այդ գրքերը հրատարակվել են «Փաֆֆին Բուքս»-ի կնիքով և ցածր գների շնորհիվ հասանելի են դարձել մարդկանց Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։Սկսած 1930-ական թվականներից, Էնիդ Բլայթոնի գրքերը եղել են աշխարհի բեսթսելլերների շարքում։ Նա վաճառել է ավելի քան վեց հարյուր միլիոն օրինակ։ Բլայթոնի գրքերը մինչ օրս շատ հայտնի են։ Նա գրել է տարբեր թեմաների վերաբերյալ, օրինակ  կրթություն, պատմություն, ֆանտաստիկա և առեղծված։ Նրա գրքերը թարգմանվել են մոտավորապես 90 լեզուներով։ Բլայթոնը առավել հայտնի է իր մանկական պատմվածքներով, որոնցից ամենահայտնին՝ «Հինգը գանձերի կղզում» գիրքը, հրատարակվել է 1942 թվականին։

Մանկական արկածային գրականություն խմբագրել

Առաջին Համաշխարհային պատերազմից հետո գրող Արթուր Ռենսոմը զարգացրեց արկածային գրականությունը։ Նրա ստեղծագործություններում կերպարների արկածները տեղի էին ունենում ոչ թե հեռավոր երկրներում, այլ Բրիտանիայում։ Ռենսոմը 1390 թվականին սկսեց հրատարակել իր՝ դպրոցական արձակուրդների ժամանակ երեխաների արկածների մասին մանկական գրականության շարքը, որը կոչվում էր «Ծիծեռնակները և Ամազոնը»։

Ամսագրեր և կոմիքսներ խմբագրել

Մանկական ամսագրերն ու կոմիքսները բրիտանական մանկական գրականության կարևոր մասերից մեկն են կազմել։ Ամենահայտնի կոմիքսների շարքում են եղել «Դենդի»[17] և «Բինո»[18]։ Ավելի մեծ երեխաների համար կարևոր ամսագրեր էին «Տղաների սեփական թերթ»-ը, որը հրատարակվում էր 1879-1967 թվականներին և «Աղջիկների սեփական թերթ»-ը, որը հրատարակվում էր 1880-1956 թվականներին։ Շատ նշանավոր հեղինակներ, ինչպիսիք էին Արթուր Քոնան Դոյլը, Ժյուլ Վեռնը և այլք, աջակցեցին «Տղաների սեփական թերթ»-ի զարգացմանը։

«Աղջիկների սեփական թերթ»-ը ամսագրին նույնպես աջակցում էին շատ գրողներ, սակայն նրանք այդքան էլ հայտնի չէին։ Գրողների ցանկում էին Էլեոնոր Հոյտ Բրեյները, Ռոզա Նուշե Քերին, Սառա Դուդնին, Ֆենի Ֆեռնը և այլք։

«Արծիվը» հայտնի բրիտանական կոմիքս է, որը մեկնարկել է Մարկոս Մորիսը 1950 թվականին։ Իր ներկայացման ոճով և բովանդակությամբ այս կոմիքսը շատ ստացված և հաջողակ էր։ Առաջին թողարկումից վաճառվել է մոտ 900.000 օրինակ[19][20]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ խմբագրել

Մանկական գրականությունը ամերիկյան գրականության մասն է կազմել՝ սկսած այն ժամանակվանից, երբ եվրոպացիները հաստատվեցին Ամերիկայում։ Ամենավաղ գրքերը օգտագործվում էին, որպես երեխաների ինքնակառավարումը զարգացնող միջոց և, որպես պուրիտանական հասարակությունում բարոյական կյանք վարելու քարոզ։ 18-րդ դարից սկսած՝ ամերիկացի երիտասարդությունը սկսեց հեռանալ եվրոպացիների սոցիալական դաստիարակության մեթոդներից և բերել նոր փոփոխություններ մանկական գրականության մեջ։ Այդ ժամանակ գրվեց «Փոքր գիրք փոքրերի համար» ։

Ամերիկյան մանկական գրականության ամենահայտնի օրինակը Լ․ Ֆրանկ Բաումի «Օզ քաղաքի հրաշալի կախարդը» ֆանտաստիկ վեպն է, որը հրատարակվել է 1900 թվականին։

Հյուսիսային Ամերիկայում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մանկական գրականության պահանջարկը շարունակում էր մեծանալ։ Շնորհիվ մեծ պահանջարկի, Կանադայում և Ամերիկայում սկսեցին շատանալ գրադարանները։ Գրադարաններում մանուկների համար նախատեսված ընթերցանության սենյակները և հատուկ վերապատրաստված գրադարանավարները նպաստեցին մանկական գրքերի պահանջարկի մեծացմանը։

1960-ականներին Ամերիկայում տեղի ունեցած սոցիալական հեղափոխությունից հետո գրողները սկսեցին հակառակվել և դեմ գնալ մանկական գրականության բոլոր կանոններին։ Նրանք սկսեցին իրենց գործերում ներկայացնել հակասական գաղափարներ և թեմաներ, ինչպիսիք էին ալկոհոլիզմը, մահը և ամուսնալուծությունը։

Ռուսաստան և Խորհրդային Միություն խմբագրել

Ռուսական ժողովրդական հեքիաթները հավաքել է Ալեքսանդր Աֆանասևը և հրատարակել 1871 թվականին։ 1860-ականներին մանկական գրականության մեջ գերակշռում էին գրական ռեալիզմը և ոչ գեղարվեստական գրականությունը։ Նոր դպրոցներ էին հիմնադրվում, որոնք օգտագործում էին Կոնստանտին Ուշինսկու և Լև Տոլստոյի գրքերը։ 1870-ական և 1880-ական թվականներին մեծանում էր միայն աղջիկների համար գրված գրքերի քանակը։

Դարասկզբին Ռուսաստանում, մանկական ոչ գեղարվեստական գրականությունը մեծապես կարևորվում էր։ 1913 կամ 1914 թվականին մանկական 10 հատորից բաղկացած հանրագիտարան է հրատարակվել։ Մանկական ամսագրերը շատացան, և արդեն դարավերջին կային 61 մանկական ամսագիր։  

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կառավարությունը վերահսկողության տակ վերցրեց մանկական գրականությունը։ 1932 թվականին Խորհրդային Միության պրոֆեսիոնալ գրողները միավորվեցին և ստեղծեցին ԽՍՀՄ Գրողների միությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Hunt, Peter (editor) (1996). International Companion Encyclopedia Of Children's Literature. Taylor & Francis. ISBN 978-0-203-16812-7. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  2. Nodelman, Perry (2008). The Hidden Adult: Defining Children's Literature. JHU. էջ 4. ISBN 978-0-8018-8980-6.
  3. Library of Congress. «Children's Literature» (PDF). LIbrary of Congress Collections Policy Statement. Library of Congress. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  4. Chevalier, Tracy (1989). Twentieth-Century Children's Writers. Chicago: St. James Press. ISBN 978-0-912289-95-3.
  5. Smith, Dinitia (2000 թ․ հունիսի 24). «The Times Plans a Children's Best-Seller List». The New York Times. Վերցված է 2012 թ․ հուլիսի 24-ին.
  6. Shavit, Zohar (2009). Poetics of Children's Literature. University of Georgia Press. ISBN 978-0-8203-3481-3.
  7. 7,0 7,1 Reynolds, Kimberley (2011). Children's Literature: A Very Short Introduction. Oxford University Press.
  8. 8,0 8,1 Lyons, Martyn. 2011. Books: a living history. Los Angeles: J. Paul Getty Museum.
  9. «To Instruct and Delight A History of Children's Literature». Randon History. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  10. e.g. The New Amplified Pilgrim's Progress (both book and dramatized audio) – as retold by James Pappas. Published by Orion's Gate (1999) and The Evergreen Wood: An Adaptation of the "Pilgrim's Progress" for Children written by Linda Perry, illustrated by Alan Perry. Published by Hunt & Thorpe, 1997. The Pilgrim's Progress#Retellings.
  11. Arbuthnot, May Hill (1964). Children and Books. United States: Scott, Foresman.
  12. «How the Newbery Award Got Its Name».
  13. «Early Children's Literature: From moralistic stories to narratives of everyday life».
  14. Marks, Diana F. (2006). Children's Book Award Handbook. Westport, Conn: Libraries Unlimited. էջ 201.
  15. Townsend, John Rowe. Written for Children. (1990). New York: HarperCollins. 0-06-446125-4, pp. 15–16.
  16. Hunt, Peter (editor) (1996). International Companion Encyclopedia Of Children's Literature, pp. 475-6.
  17. BBC News, 16 August 2012
  18. The Telegraph, 27 July 2015
  19. Roger Sabin, Adult comics: an introduction (illustrated ed.), London: Taylor & Francis, 1993, p. 25.
  20. Dan Dare and the Birth of Hi-Tech Britain, sciencemuseum.org.uk, Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 21-ին, Վերցված է 2010 թ․ հունիսի 19-ին

Լրացուցիչ ընթերցում խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Թվային գրադարաններ խմբագրել