Անգլիական հեղափոխություն, 1642-1651 թվականներին, քաղաքացիական պատերազմների և քաղաքական մանիպուլյացիաների հաջորդականություն պառլամենտականների («Կլոր գլուխներ») և միապետականների («կավալերներ») միջև, հիմնականում Անգլիայի կառավարման ձևի և կրոնական ազատության հարցերի շուրջ։

Չարլզ I Ստյուարտ

Հանգեցրեց ավատատիրության տապալմանը և կապիտալիստական կարգերի հաստատմանն Անգլիայում։ XVII դարի կեսին Անգլիայի տնտեսական առաջադիմության հիմքը կազմում էր կապիտալիստական մանուֆակտուրայի զարգացումը։

Կապիտալիստական վարձակալության զարգացում խմբագրել

Գյուղում դրամաապրանքային հարաբերությունների վաղ ներթափանցման շնորհիվ զարգացավ կապիտալիստական վարձակալությունը։ Անգլիական ազնվականությունը տրոհվեց։ Մի մասը՝ «նոր ազնվականությունը», հարմարվելով կապիտալիստական արտադրության պայմաններին, դաշինքի մեջ մտավ բուրժուազիայի հետ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացմանը նպաստեց երկրի առաջադեմ ուժերի ընդվզումը ֆեոդալական աբսոլյուտիզմի և տիրապետող անգլիկան եկեղեցու դեմ։ Անգլիական բուրժուական հեղափոխության հասունացման ազդակը հանդիսացավ նաև գյուղացիության և աշխատավոր այլ զանգվածների հակաֆեոդալական դասակարգային պայքարը։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը արտահայտվեց գաղափարական և կրոնական հոսանքների պայքարի ձևով։

Անգլիական բողոքականություն խմբագրել

Անգլիական բողոքականությունը՝ պուրիտանությունը, որպես բուրժուական գաղափարախոսություն և կրոնական-քաղաքական շարժում, բաղկացած էր երկու գլխավոր հոսանքներից, չափավոր՝ պրեսբիտերական, և ավելի արմատական՝ ինդեպենդենտական։ Թյուդորների հարստության թագավորներին հաջողվում էր աբսոլյուտիզմը քողարկել կառավարման պառլամենտական ձևերով, սակայն Ստյուարտները՝ Հակոբ I (1603-1625) և Կառլոս I (1625-1649), ընդհարման մեջ մտան պառլամենտի հետ։ Կառլոս I գահակալության սկզբում սկսեց հասունանալ հեղափոխական իրադրությունը։ Ինքնավստահ թագավորը 1629 թվականին արձակեց պառլամենտը և մինչև 1640 թվականը կառավարեց միանձնյա։ Անգլիայում սկսվեց տնտեսական և քաղաքական ճգնաժամ։

1637 թվականի շոտլանդական ազգային ապստամբությունը ճնշելու փորձը հանգեցրեց թագավորական թույլ բանակի պարտության, որն ավելի արագացրեց հեղափոխությունը։ Կառլոս 1-ինը 1640 թվականի վերջին ստիպված էր կրկին հրավիրել պառլամենտ, որը հետագայում կոչվեց Երկարատև (1640 նոյեմբեր 3-1653 ապրիլի 20) և կատարեց ղեկավար բուրժուական պետական կենտրոնի դեր։ ժողովրդական զանգվածների հեղափոխական շարժման վերելքի պայմաններում Երկարատև պառլամենտը 1640-1642 թվականներին իրականացրեց մի շարք բուրժուական վերափոխումներ, որոնք խարխըլեցին աբսոլյուտիզմի հիմքերը։ Չհաշտվելով փոխված իրավիճակի հետ՝ թագավորը և ֆեոդալական ուժերը նախապատրաստեցին հակահեղափոխական հեղաշրջում, որը, սակայն, ձախողվեց։

Հեղինակազրկված թագավորի փախուստ խմբագրել

Հեղինակազրկված թագավորը 1642 թվականի հունվարին մայրաքաղաքից փախավ Անգլիայի հյուսիսային մասը և սկսեց զորք հավաքել։ Դրանով ավարտվեց Անգլիական բուրժուական հեղափոխության «սահմանադրական շրջանը» (1640-16421642 թվականի օգոստոսի 22-ին թագավորը Նոթինգհեմ քաղաքից պատերազմ հայտարարեց պառլամենտին։

Առաջին քաղաքացիական պատերազմ խմբագրել

Սկսվեց առաջին քաղաքացիական պատերազմը (1642-1646) թագավորի կողմնակիցների (ռոյալիստների), «կավալերների» և պառլամենտի կողմնակիցների՝ «կլորագլուխների» միջև։ Պառլամենտական բանակը կրեց անհաջողություններ, որովհետև պառլամենտում մեծամասնություն կազմող պրեսբիտերները հրաժարվում էին պատերազմին հաղորդել հեղափոխական, ժող. բնույթ։ Նրանց դեմ դուրս եկան ավելի հեղափոխական բուրժուական գործիչները՝ ինդեպենդենտները, որոնց ղեկավարում էր Համայնքների պալատի անդամ, ինդեպենդենտական սպա Օլիվեր Կրոմվելը։ Դեմոկրատական զանգվածների ճնշման տակ ստեղծվեց գյուղացիներից և այլ աշխատավոր տարրերից կազմված բանակ (1644 թվականի դեկտեմբեր 1645 թվականի հունվար)։Պատերազմի ընթացքի մեջ առաջացավ արմատական բեկում։ 1645 թվականի հունիսի 14-ին Նեյզբիի մոտ Կառլոս 1-ինի բանակը գլխովին ջախջախվեց։ Առաջին քաղաքացիական[պատերազմը 1646 թվականի վերջին ավարտվեց պառլամենտի հաղթանակով։ Թագավորը գերի հանձնվեց շոտլանդացիներին, որոնք 1647 թվականի փետրվարի 1-ին նրան հանձնեցին պառլամենտին։ 1647-1649 թվականը եղան Անգլիական բուրժուական հեղափոխության բուրժուա-դեմոկրատական շրջանը։

Ժող. զանգվածների պայքար խմբագրել

Ուժեղացավ ժող. զանգվածների պայքարը հեղափոխության հրատապ խնդիրների, մասնավորապես՝ ագրարային հարցի լուծման համար։ Սակայն, բռնագրավված թագավորական, եպիսկոպոսական հողերը վաճառքի դրվեցին հարուստների համար շահավետ պայմաններով։ 1646 թվականին պառլամենտի վճռով ֆեոդալական հողային սեփականությունը վերածվեց բուրժուական ազատ սեփականության, աշխատավոր գյուղացիության հողազրկումը ստացավ նոր ընթացք։

Արգելքներ հարուցվեցին բանվորների աշխատավարձի բարձրացմանը, սահմանվեցին նոր անուղղակի հարկեր։ Այս ամենն առաջացրեց ժող. զանգվածների լուրջ դժգոհությունը։ ժողովրդի շահերն էր արտահայտում 1647 թվականի գարնանը ինդեպենդենտներից անջատված լևելերների («հավասարարների») ձախ մանրբուրժուական դեմոկրատական հոսանքը, որի առաջնորդն էր ականավոր հեղափոխական գործիչ և հրապարակախոս Լիլբեռնը։ Լևելներները զինվորների շրջանում վարելով հեղափոխական ագիտացիա՝ պահանջում էին բոլոր «ազատ ծնված» մարդկանց իրավունքների հավասարեցում օրենքի առջև, լայն ընտրական իրավունքի սահմանում ևն։ Այսպես կոչված «ճշմարիտ լևելերները» (դիգերները), որոնց գլխավորում էր Զերալդ Ուինստենլին, ավելի հեռուն գնացին։ Նրանք 1649 թվականին առաջադրեցին գյուղացիական-պլեբեյական հեղափոխական ագրարային ծրագիր՝ մասնավոր սեփականության վերացման, մարդկանց լիակատար հավասարության, հողը գյուղացիներին հանձնելու պահանջով։ Ինդեպենդենտական ազնվական հրամանատարությունը ստիպված էր պաշտպանել զինվորներին, որոնք հանդես եկան բանակի զորացրման վերաբերյալ պառլամենտի որոշման դեմ։ Սակայն, 1647 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին Լոնդոնի արվարձան Պատնիում գումարված համաբանակային կոնֆերանսում Կրոմվելը, Այրտոնը և այլ ինդեպենդենտ գեներալներ ու սպաներ («գրանդներ») մերժեցին դեմոկրատական պառլամենտական հանրապետության ստեղծման լևելերական առաջարկը՝ պաշտպանելով սահմանափակ պառլամենտական միապետությունը։ Կոնֆերանսը ձախողվեց։ Բանակը դրվեց ինդեպենդենտների իրավասության տակ։

Կառլոս I անակնկալ փախուստ խմբագրել

Կառլոս I անակնկալ փախուստը գերությունից նորից փոխեց քաղ. կացությանը։ 1648 թվականի գարնանը թագավորը, դաշինքի մեջ մտնելով շոտլանդացիների հետ, վերսկսեց քաղաքացիական պատերազմը, որը ստիպեց «գրանդներին» ժամանակավոր համաձայնության գալ լևելերների հետ և ընդունել նրանց դեմոկրատական ծրագրի մի մասը։ Դա ապահովեց պառլամենտական բանակի միասնական գործողությունները Կրոմվելի ղեկավարությամբ և թագավորական զորքի ու շոտլանդացիների ջախջախումը 1648 թվականի օգոստոսին։ 2-րդ քաղաքացիական պատերազմն ավարտվեց թագավորի և նրա կողմնակիցների վերջնական պարտությամբ և թագավորի գերումով։ Զինվորների ճնշմամբ Կրոմվելի բանակը 1648 թվականի դեկտեմբերի 2-ին գրավեց Լոնդոնը։ Երկարատև պառլամենտից վտարվեցին 150 պրեսբիտերներ («Պրայդի զտում»)։ Իշխանությունն անցավ ինդեպենդենտներին։

Հատուկ Գերագույն դատարանի որոշմամբ Կառլոսn 1-ինը, որպես «դավաճան ու բռնակալ», 1649հունվարի 30-ին գլխատվեց։ Պառլամենտական ակտով վերացվեցին թագավորական իշխանությունը և Լորդերի պալատը։ 1649 թվականի մայիսի 19-ին Անգլիան հռչակվեց հանրապետություն։

Անգլիական հանրապետություն խմբագրել

Անգլիական հանրապետությունում (1649-1653) պետական իշխանությունը ինդեպենդենտների ձեռքումն էր, որոնք հետզհետե անցնելով բուրժուական ռեակցիայի դիրքերը, շարունակեցին իրենց նախորդների՝ պրեսբիտերների հակադեմոկրատական քաղաքականությունը։ Այս հողի վրա տեղի ունեցավ վերջնական խզում ինդեպենդենտների և ժող. զանգվածների միջև։ Հանրապետական կառավարությունը դաժանորեն ճնշեց լևելերների և դիգերների հեղափոխական ելույթները և ապստամբությունները (1649-1650)։ Հանրապետության համար կործանարար էր նաև կառավարության նվաճողական արտաքին քաղաքականությունը։

1649-1650 թվականներին անգլիական բանակը չտեսնված վայրագությամբ ճնշեց դեռ 1641 թվականին ծագած իռլանդական ազգային ապստամբությունը։ Իռլանդիան 1652 թվականին միացվեց Անգլիային։ 1650-1652 թվականներին Կրոմվելը հնազանդեցրեց և Անգլիային միացրեց Շոտլանդիան; Հանրապետական կառավարության վերասերումը մեկուսացրեց նրան ժողովրդից, կանխորոշեց նրա անկումը և հող նախապատրաստեց բացահայտ բուրժուական դիկտատուրայի հաստատման համար։

1653 թվականին Կրոմվելը ցրեց Երկարատև պառլամենտը և նրան հաջորդած անհնազանդ Փոքր կամ Բերբոնյան պառլամենտը։ 1653 թվականի դեկտեմբերի 16-ին Կրոմվելի և բանակի Խորհրդի ձեռնարկած պետական հեղաշրջումը փաստորեն վերացրեց հանրապետությունը և հաստատեց հակաժողովրդական ռազմական դիկտատուրա՝ Օլիվեր Կրոմվելի պրոտեկտորատի ձևով (1653-1659

Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականություն խմբագրել

Լորդ-պրոտեկտոր Կրոմվելի քաղաքականությունը բխում էր խոշոր բուրժուական սեփականատերերի շահերից։ Հատկապես գործուն էին նրա արտաքին գաղութային ձեռնարկումները։ Անգլիան վարեց մի շարք հաջող պատերազմներ իր մրցակիցների՝ Հոլանդիայի, Պորտուգալիայի (1651-1654), Իսպանիայի (1655-1657) դեմ՝ ձեռք բերելով արտաքին առևտրի արտոնություններ և առաջին գաղութները Վեստ-Ինդիայում (Ջամայկա կղզին)։ Երկրի ներսում շարունակվում էր կատաղի պայքարը դեմոկրատական ելույթների դեմ։ 1657 թվականին վերականգնվեց Լորդերի պալատը։ Կրոմվելի մահից (1658) կարճ ժամանակ անց պրոտեկտորատի վարչակարգը վերացվեց։ Երկրում ստեղծվեց քաղ. խառնակ իրավիճակ, ուժեղացան ժող. շարժումները։ Այս պայմաններում բուրժուա-ազնվականական շրջանները անհրաժեշտ գտան վերականգնել միապետությունը և Ստյուարտների գահը։

Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտ խմբագրել

1660 թվականի ապրիլին Լոնդոնում գումարված Սահմանադիր պառլամենտը Կառլոս I որդուն հռչակեց թագավոր՝ Կառլոս 2-րդի անունով (1660-1685)։ Նա պարտավորվեց հարգել նոր բուրժուական կարգերը և պառլամենտի գերիշխանությունը։ Վերականգնվեց նաև անգլիական եկեղեցին՝ որպես պետական եկեղեցի։ 1660-1688 թվականները Ստյուարտների վերահաստատման շրջանն է։ Խախտելով իրենց խոստումները՝ Ստյուարտները, հատկապես Հակոբ II (1685-1688), փորձում էին վերականգնել հին վարչակարգը։ Դա հանգեցրեց 1688-1689 թվական֊ների պետ. հեղաշրջմանը («Պանծալի հեղափոխություն»), որի հետևանքով պետ. իշխանությունը վերջնականապես անցավ խոշոր բուրժուազիային։ Հաստատվեց սահմանադրական միապետություն։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը իր բնույթով ժողովրդական էր։ Սակայն, հեղափոխության հիմնական պտուղներից օգտվեց բուրժուազիան։ Անգլիական բուրժուական հեղափոխությունը նախադրյալներ ստեղծեց արտադրողական ուժերի բուռն աճի համար և մեծ ներգործություն ունեցավ կապիտալիզմի զարգացման վրա։ Աանգլիայի հեղափոխությամբ սկսվում է նոր պատմության դարաշրջանը։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլիական հեղափոխություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 380